ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՏՈՀՄԱԾԱՌԸ  


Հայաստան, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղի օրրան,
Դու` եւ բնիկ մեր հայրենիք
Հայաստան….
                                              Մ.Վանանդեցի
 
     Ազգային գաղափարախոսության անհրաժեշտության մասին վերջին տարիներին մեզանում պարբերաբար ծագող եւ շրջանառվող քննարկումները ցույց են տալիս կարեւորագույն խնդրի գոյությունը: Այլ բան է, որ նման քննարկումները չեն բերում էական, գործնական եզրահանգումների: Արդյունքում հայտնվում ենք մի հակասական իրավիճակում, երբ համարյա բոլորը իրավացիորեն զգում են ազգային-պետական կեցության գաղափարական հենքի պակասը, բայց մյուս կողմից ոչ մի կերպ չի հաջողվում լուրջ խոսակցություն բացել այդ խնդրի շուրջ: Նման պարագայում բնական հարց է ծագում` թե ինչու՞: Առանց այս հարցին պատասխանելու, մեր խարխափումները կարող են երկար շարունակվել:
     Մեր համոզմամբ նման անորոշության գլխավոր պատճառներից մեկն այն է, որ ճշգրտված չէ, թե ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր երեւույթը նկատի ունեն, երբ խոսում են ազգային գաղափարախոսության մասին: Մի դեպքում դա դիտարկվում է որպես հազարամյակների ընթացքում ձեւավորված մի արտանյութական, տեսական դրույթների համակարգ, մյուսում էլ` որպես առօրյա խնդիրների լուծմանն ուղղված գործնական հրահանգների յուրահատուկ տեղեկատու: Սա ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա առանձնահատուկ ուշադրություն դարձնել քննության առարկա երեւույթի ճշգրիտ սահմանումներին ու ձեւակերպումներին:
     Ստորեւ ներկայացնում ենք տվյալ երեւույթը բնութագրող հասկացությունների բովանդակության եւ նրանց փոխադարձ կապի մեր ընկալումները: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող հասկացություններն ու դատողությունները կիրառելի են ցանկացած քիչ թե շատ կայացած ազգի համար: Դա բխում է այն ընդհանրություններից, որոնք բոլոր ազգերին` ողջ բազմազանությամբ հանդերձ, միավորում են մի համամարդկային ընտանիքի մեջ:
     Մենք համարում ենք, որ ազգային առանձնահատկությունները ընդհանրապես ասած չեն կարող գնահատականների կամ ենթադրյալ առավելությունների թվարկման հիմք հանդիսանալ: Եվ եթե ինչ-որ պարագաներում համեմատությունների անհրաժեշտություն է առաջանում, ապա դա պետք է անել առանձնահատկությունների, այլ ոչ թե ընդհանրությունների մեջ: Որեւէ ազգային հատկանիշ ենթակա չէ «լավ է»-«վատ է» տիպի գնահատականների, որովհետեւ ազգերը հետաքրքիր են ոչ թե նմանություններով, այլ` տարբերություններով:
     Այսպիսով, վերադառնալով «ազգային գաղափարախոսություն» եզրին, նշենք, որ դրան զուգահեռ, հաճախ որպես հոմանիշ, օգտագործվում են «ազգային գաղափար», «ազգային ծրագիր», «ազգային առաքելություն» եզրերը: Այժմ անդրադառնանք այս հասկացություններին` ճշտելով յուրաքանչյուրի բովանդակությունն ու նրանց փոխադարձ կապը: Անկասկած է, որ դրանք մի տարողունակ երեւույթի տարբեր բաղադրիչների արտացոլումն են, որոնք ի հայտ բերելու միջոցով միայն կմոտենանք բուն խնդրի էությանը:
 
     ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐ
 
     Յուրաքանչյուր ազգի համար սա աստվածային նախախնամությամբ սահմանված կոչում եւ գոյական ուղի է, ներդրված նրա ծագման եւ գոյության իմաստի մեջ: Ազգային գաղափարը վերժամանակային առաջադրություն է, որը ձեւակեպում է ազգի ամենահիմնարար առանձնահատկությունները, որոնք ինվարիանտ են պատմական ժամանակաշրջանների նկատմամբ: Այն բացահայտում է գոյության նախաստեղծ իմաստը եւ չի կարող փոխվել մարդկանց խմբերի եւ, նույնիսկ, ողջ ազգի կամայական որոշումով: Այս հասկացությունը մյուսների հիմքն է եւ պատկանում է այն հասկացությունների թվին, որոնք արտահայտելով նախնական, հաճախ նաեւ ներզգայական իմաստներ, դժվարությամբ են սահմանվում: Այն անպայման հզոր բարոյական լիցք է կրում եւ կոչված է կողմնորոշիչ հանդիսանալ ազգի ողջ պատմության ընթացքում:
     Եթե ազգը կարողանում է ճշտորեն ընկալել ազգային գաղափարի ողջ էությունն ու խորհուրդը եւ իր պատմական ընթացքի մեջ հավատարիմ մնալ դրան, ապա գործ ունենք իր մեջ ներդրված ողջ կենսական ներուժը հետեւողականորեն եւ արդյունավետ դրսեւորման ձգտող հավաքականության հետ: Հակառակ պարագայում անխուսափելի են պատմական զանազան վայրիվերումներն ու կորուստները: Կարելի է ասել, որ ազգային գաղափարը առավել հակիրճ պատասխանում է հայտնի բանաձեւի առաջին`«ովքե՞ր ենք մենք» հարցին, ձեւակերպելով ամենագլխավոր եւ առանձնահատուկ հատկանիշը: Այս համատեքստով բավականին դիպուկ եւ տարողունակ է ռուս մտածող Վ.Սոլովյովի հետեւյալ ձեւակերպումը. «Ազգային գաղափարը ոչ թե այն է, թե ինչ է մտածում ազգը իր մասին ժամանակի մեջ, այլ` թե ինչ է մտածում նրա մասին Աստված` հավերժության մեջ»: Եվ եթե ազգն իր ընթացքի մեջ հավատարիմ եւ նախանձախնդիր է իր ծագման եւ գոյության խորհրդին, նա պետք է ստանձնի եւ կրի այդ խորհրդից բխող որոշակի պարտավորություններ, որոնց ձեւակերպումը մեզ բերում է «ազգային առաքելություն» հասկացությանը:
  
     ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
 
     Ազգի ծագման խորհուրդը` նախաստեղծ նպատակային առաջադրությունը բացահայտելիս ի հայտ է գալիս այն համամարդկային ֆունկցիան, որը բխում է ազգային գաղափարի անխաթար ընկալումից: Այլ խոսքով, եթե հասկանալի է ազգի ստեղծման, առաջացման խորհուրդը, ապա այդտեղից բխում է, թե ինչի՞ համար է ստեղծված: Այն տվյալ ազգին առանձնահատուկ, նրա ծագումից բխող, նրա մեջ ներդրված հիմնական կենսական ֆունկցիան է: Եվ եթե ազգը համակված է այդ ֆունկցիան առավելագույնս անխաթար, աներեր եւ հետեւողականորեն իրագործելու գիտակցությամբ եւ կամքով, ապա գործ ունենք մի երեւույթի հետ, որը մենք կանվանենք ազգային առաքելություն: Ինչպես ցանկացած առաքելություն, այն նույնպես իր էությամբ նշանակում է իրագործման հանձնառություն եւ պարտականություն:
     Ազգային առաքելություն հասկացությունը նույնպես պատասխանում է «ովքե՞ր ենք մենք…», նաեւ` «որտեղի՞ց ենք գալիս» հարցին` «ինչու՞» ենթատեքստով: Այն նույնպես անփոփոխ է վերջնական միտվածության առումով, բայց կախված է համամարդկային պատմական ընթացքի ճշգրիտ ընկալումից եւ այդ ընթացքի մեջ ազգի պարտավորություններից ու պարտականություններից: Քանի որ մարդկային գոյության պատմական ընթացքն իր մարտահրավերներն է նետում բոլորին, այդ համաշխարհային պրոցեսների մեջ ազգին առաջադրվող խնդիրները առավելագույնս արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է, որ ազգային հավաքականության բոլոր բաղադրիչները` ընդհուպ մինչեւ յուրաքնաչյուր անձ, գիտակցեն լուծման համար անհրաժեշտ, նախնական պարտավորություններից բխող հատկանիշների համակարգի էությունը: Այդ բանն ապահովում է «ազգային գաղափարախոսություն» հասկացությունը:
 
     ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
 
     Այս հասկացությունը պատասխանում է «...ու՞ր ենք գնում» հարցին` նկատի ունենալով հարափոփոխ աշխարհում ազգի պատմական ընթացքի միտվածությունը, ինչպես նաեւ այդ ընթացքի հավատարմությունը «ազգային գաղափար» եւ «ազգային առաքելություն» հասակցություններին:
     Ակնհայտ է, որ պարտականությունների լիարժեք կատարումը, բացի նպատակային միտվածությունից, պահանջում է նաեւ տվյալ պատմական պահի առանձնահատկություններին համապատասխան գերակա հատկանիշների համախումբ: 
     Ազգային գաղափարախոսությունը ընդգրկում է հենց այդ գերադասելի հիմնական հատկանիշներն ու պահվածքը` որպես նպատակային համալիր կենսակերպ: Այսպիսով, ազգային գաղափարախոսությունը տվյալ ազգի եւ նրան պատկանող անհատների բարոյական եւ ֆիզիկական կենսակերպի վարքականոնների մի գաղափարական, արժեքային համակարգ է` ուղղված արտաքին եւ ներքին հարափոփոխ պայմաններում ազգային գաղափարից եւ առաքելությունից բխող սեփական իդեալներն ու առանձնահատկությունները պահպանելուն, զարգացնելուն եւ ազգային տեսակի պահպանմանը: Իհարկե, այսպիսի ձեւակերպումը ենթադրում է, որ տվյալ ազգը եւ նրա անհատները տեղյակ են եւ ձգտում են հավատարիմ մնալ «ազգային գաղափար» եւ «ազգային առաքելություն» հասկացություններին եւ լրջորեն տոգորված են ազգի` որպես հոգեւոր ու կենսաբանական տեսակի, պահպանման եւ զարգացման` այսինքն ճշմարիտ սերնդափոխության կամքով, հիմնված նախնյաց ժառանգության եւ համամարդկային կենսափորձի վրա: Ազգային գաղափարախոսությունը տվյալ պատմական շրջանի համար ուղենիշային արժեքային համակարգ է` ռազմավարական ուղղվածությունը պահպանելու, մարտավարական խնդիրները վերլուծելու եւ, դրան հանգույն, ընթացիկ գործունեությունը իրականացնելու համար:
     Երբ այս հարցերում պարզություն է մտցված, տրված են «ու՞ր ենք գնում» հարցի պատասխանները, առաջ է գալիս մի այլ հարց` ինչպե՞ս: Դրա պատասխանն է, որ մեզ բերում է հաջորդ` «ազգային ծրագիր» հասկացությանը:

     ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
 
     Ընթացիկ կյանքի առաջադրած բոլոր տեսակի խնդիրները, ինչպես յուրաքանչյուր անհատին, այնպես էլ բոլոր ազգերին դնում են դրան համարժեք եւ արդյունավետ արձագանքելու պարտադրանքի առջեւ: Ինչպես որեւէ անձ առօրյա կյանքում, ելնելով իր կենսագրությունից, ձգտումներից, նախասիրություններից, ապագայի սեփական պատկերացումներից պլանավորում է իր գործունեությունը իր իդեալներին եւ շահերին համապատասխան, այնպես էլ ազգերն են որոշում իրենց անելքիները մարդկության համաշխարհային ընթացքի մեջ եւ ջանում են կենսագործել դրանք: Ուղղակի այս պարագայում պլանավորման, որոշումներ կայացնելու եւ դրանք իրագործելու մեխանիզմները անհամեմատ բարդ են եւ ենթադրում են կազմակերպվածության շատ բարձր մակարդակ: Նման կազմակերպվածության առայժմ հայտնի ամենագործուն ձեւը ազգային պետականությունն է: Պետականությունը եւ ազգային ծրագիրը սերտորեն փոխկապակցված են եւ իդեալում ենթադրում են պետական կառույցի եւ հասարակության առավելագույն փոխըմբռնում եւ փոխադարձ վստահության մեծ պաշար: Միայն այսպիսի պայմաններում է հնարավոր լուրջ ազգային ծրագրի մշակումը եւ կենսագործումը: Ակնհայտ է նաեւ, որ պետականությունն ինքը պետք է ամբողջովին ներծծված լինի ազգային գաղափարի, առաքելության եւ գաղափարախոսության սկզբունքներով:
     Նույնիսկ պետականության առկայության դեպքում, ազգային ծրագրի իրագործումը անհնարին է առանց հոգեւոր եւ բարոյական համապատասխան միջավայրի: Այն անհրաժեշտ , բայց ոչ բավարար պայման է մեծ խնդիրներ առաջադրելու եւ լուծելու համար: Այսպիսով, ազգային ծրագիր իրագործելու համար անփոխարինելի գործոններ են անհրաժեշտ միջավայրը եւ առավելագույն կազմակերպվածությունը:
Այժմ, նախքան վերը ներկայացված հասկացությունների որոշակիացումը հայկական իրականության պայմաններում, փորձենք դրանք ներկայացնել հնարավորինս հակիրճ ձեւակերպումներով:
Այսպիսով.
ազգային գաղափարը   -  աստվածային, ազգային տեսակը տարբերակող
                                                  առանձնահատուկ շնորհ է (կամ շնորհների համակարգ),
                                                  աստվածային ծրագիր;
ազգային առաքելությունը  -  այդ շնորհից եւ ծրագրից բխող պարտավորություն և
                                                  պարտականություն է, ստանձված Աստծո, մարդկության եւ
                                                  սեփական ապագայի առջեւ;
ազգային գաղափարախոսությունը - ազգային տեսակի հարատեւման ձգտումից եւ
                                                  առաքելության պարտականույթուններից բխող
                                                  հատկանիշների ու կենսակերպի արժեքային եւ 
                                                  գաղափարական համակարգ է;
ազգային ծրագիրը  -  ազգային գաղափարի, առաքելության եւ գաղափարախոսության
                                                  կենսագործման գիտակցված եւ հետեւողական   
                                                  գորոծղությունների համակարգ է, տրված ներկա եւ հաջորդ 
                                                  սերունդներին` որպես շարունակական եւ նպատակամղված 
                                                  ուղենիշ:
 
 
     ՀԱՅԿԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
     Այժմ տեսնենք, թե ինչ որոշակիություն կստանան վերը բերված ընդհանուր դատողություններն ու ձեւակերպումները հայոց պատմական իրողությունների պարագայում: Այստեղ մեր ջանքերի արդյունավետությունը էապես կախված է մեր դատողությունների հիմքում դրված պատմագիտական հայեցակարգից, ավելի ստույգ` հայ ժողովրդի պատմության ներկայացման մի շատ վճռորոշ հարցից` հայերը բնի՞կ են, թե՞ եկվոր: Մինչեւ XIX դարի կեսերը այսպիսի հարցադրում ընդհանրապես չկար, քանի որ եւ´ հայերի, եւ´ եվրոպական հասարակական գիտակցության մեջ ամրագրված էր դարերից եւ հազարամյակներից եկող մի անառարկելի համոզմունք. հայերն արարչական օրերից են ապրում հայկական լեռնաշհարհում եւ նրանց երկիրը մարդկության ծննդի եւ փրկության վայրն է:
     Սակայն, XIX դարի 2-րդ կեսին մինչ այդ անտարակուսելի համարվող այս հայեցակարգը սկսեց կտրուկ վերաքննության ենթարկվել, եւ դա իր համառ ու հետեւողական շարունակությունն ունեցավ ողջ XX դարի ընթացքում: Այս երեւույթի հիմնական պատճառները մի քանիսն էին, եւ դրանց մի մասը դեռ շարունակում են վճռորոշ ազդեցություն ունենալ արդի համաշխարհային պատմագիտության վրա:
     Ինչպես կտեսնենք, դրանք մեծ անդրադարձ ունեցան, եւ ունեն, հայկականության երեւույթի եւ հայ ազգի ճակատագրի համար:
     Այսպես կոչված եվրոպական լուսավորչական շարժման «հաղթական» ալիքի վրա եւ լիբերալ-աթեիստական մտայնության հետեւանքով, XIX դարում գիտությունից, մասնավորապես պատմագիտությունից արդեն արտաքսվել էր գոյակարգի աստվածային մոդելը: Դա բերեց պատմագիտության ծայրահեղ աշխարհիկացման, այն վերածելով հիմնականում քաղաքական եւ, որոշ չափով սոցիալական պատմության: Հնագույն ժամանակներից հասած դիցաբանական, բանահյուսական, էպիկական, ավանդույթային եւ դավանական նյութերը լավագույն դեպքում սկսեցին դիտարկվել որպես զուտ մշակութային շերտ եւ կասկածելի աղբյուր` հավաստիության առումով: Այսպես անտեսվում էր այն վիթխարի եւ բազմաշերտ ինֆորմացիան, որ պարունակվում է նման նյութի մեջ, եւ ինչպես գնալով պարզվում է, իր հավաստիությամբ առնվազն չի զիջում նյութական, հնագիտական աղբյուրներին:
     XIX դարում հնագիտական հայտնագործությունների կտրուկ աճը, նորահայտ հնագիտական նյութերի առատությունը եւ դրանց կամայական մշակումը նպաստում էին հապճեպ կառուցվող մակերեսային պատմական մոդելների արագ տարածմանը` ի հաշիվ հասարակական մեծ հետաքրքրության: Հնագիտական նոր նյութի ավելացող ծավալի և եվրոպական պատմաբաններին միակ հասանելի եւ ընկալելի հունահռոմեական եւ, որոշ չափով, աստվածաշնչյան աղբյուրների ընդգրկման ակնհայտ անհամաչափելիությունը բնավ չէին նպաստում օբյեկտիվ պատմական մոդելի ձեւավորմանը: Եվրոսնապարծության եւ շտապողականության մթնոլորտում ստեղծված նորաթուխ վարկածները հետեւողականորեն ներդրվեցին եվրոպական կրթական եւ գիտական համակարգի հիմքում, այդպիսով վերածվելով պատմագիտական դոգմատիկ մոդելների: Եվ այսօր առկա է արդեն կարծրացած գիտակրթական մի համակարգ, որը թշնամաբար եւ արհամարհանքով է վերաբերվում ինչպես ավանդական պատմագիտական մոդելի վրա խարսխված ցանկացած մտածողության, այնպես էլ գիտական այլախոհության որեւէ դրսեւորմանը: Դրությունը չեն փոխում նաեւ հետագա բազմաթիվ արժեքավոր հնագիտական եւ այլ հայտնագործությունները, որոնք կասկածելի համառությամբ փորձ է արվում տեղավորել արդեն իսկ քարացած շրջանակներում, անտեսելով դրանից բազմացող հակասությունները:
     Այստեղ էական դեր են խաղում նաեւ որոշակի քաղաքական շահագրգռություններ, ինչն ավելի է խճճում այդ մոդելով ներկայացվող հնագույն աշխարհի` առանց այդ էլ խիստ աղճատված պատկերը: Կարծես թե ամեն ինչ արվում է, որ մարդկային քաղաքակրթության օրրանը չունենա կենդանի ժառանգորդ: Հին աշխարհի խառնաշփոթի մատնված այդ պատկերի մեջ բացակայում են հայերն ու հայկական պետականությունը, եւ, ըստ այդ վարկածի, նրանք պատմական թատերաբեմում հանկարծակի հայտնվում են Ք.ա. VI դարում` անհայտ տեղից եւ անհասկանալի ձեւով: Այս վարկածը ոչ միայն ամբողջովին հակասում է ողջ հայ պատմագրությանը, ավանդությանը եւ օտար բազմաթիվ աղբյուրների տվյալներին, այլեւ անլուծելի հակասությունների գիրկն է նետում ողջ հայեցակարգը` մեծ խառնաշփոթ առաջացնելով նաեւ համեմատական լեզվաբանության, լեզվի պատմության, հնագիտության, պատմական աշխարհագրության, դիցաբանական եւ մշակութաբանական ուսումնասիրությունների եւ այլ ոլորտներում: Արդյունքում, այդ մոդելով հայությունը արտաքսվեց իր բնօրրանից եւ սեփական պատմությունից: Դա, ըստ էության, քաղաքակրթական եղեռն էր հայության եւ հայկականության հանդեպ, եւ հետագայում իրագործված ֆիզիկական եղեռնի գաղափարական նախապատրաստումը:
     Ցավոք, հետագայում այդ արատավոր նորամուծության ներդրումը ավանդական պատմագրությամբ ձեւավորված հայ ազգային գիտակցության մեջ կատարվեց նաեւ եվրոպական եւ սովետական կրթություն ստացած որոշ հայ գիտնականների ջանքերով, կայուն տեղ գրավեց նաեւ հայ կրթական եւ գիտական համակարգում, ստեղծվեց «պաշտոնական» կարգավիճակով պատմագրական մի դպրոց, որի հետեւորդների համար այժմ հոգեբանական, մտածողական, բյուրոկրատական եւ գիտական առաջախաղացման հետ կապված ահռելի դժվարություններ կան` վերադառնալու ազգային գիտական ավանդույթի շրջանակները: Այդ է պատճառը, որ այդ շերտը, ունենալով զգալի վարչական ներուժ, բավականին ագրեսիվ է հակազդում նույնիսկ օտար գիտնականների այն աշխատանքներին, որոնք բացահայտում են «պաշտոնական» տեսության աղաղակող հակասությունները, հաստատելով ավանդական պատմագիտության անբասիր հավաստիությունը: Այստեղ ոչ երկրորդական դեր են խաղում նաեւ որոշակի օտար, նաեւ քաղաքական շրջանակների կողմից ցուցաբերվող աջակցության այլազան մեթոդները` ուղղված «պաշտոնական» դիրքորոշում ունեցող գիտնականների նյութական եւ վարչական դիրքերի ամրապնդմանը ժամանակակից հայագիտության մեջ:
     Այս խիստ անհրաժեշտ միջարկումից հետո անցնենք բուն նյութին. այն է, ի՞նչ են նշանակում հայ ժողովրդի համար ազգային գաղափար, առաքելություն, գաղափարախոսություն եւ ծրագիր հասկացությունները: Մեր հետագա դատողությունների հիմքում դրված են գոյակարգի աստվածային մոդելին համապատասխանող ավանդական պատմագիտությունը և մարդկության պատմության հնագույն շրջանին վերաբերող նորահայտ նյութերի և հետազոտությունների արդյունքները:
 
     ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԸ
 
     ազգային գաղափարը  - աստվածային առանձնահատուկ, ազգային
                                             տեսակը տարբերակող շնորհ (կամ շնորհների
                                             համակարգ) է, աստվածային ծրագիր:
 
     Երբ ծանոթանում ենք մեզ հասած պատմական աղբյուրներում առկա հայկական ներկայության ծավալներին, ակնհայտ է դառնում այն մեծ դերակատարությունը, որ հնագույն ժամանակներից ունեցել են հայերն ու Հայքը: Ասելով հայեր եւ Հայաստան մենք հաշվի ենք առնում նաեւ այն, հաճախ արհեստածին, բարդությունները, որոնք կապված են այդ հեռավոր ժամանակների դերակատար ազգերի ու պետությունների նույնադրման (իդենտիֆիկացիա) հետ: Դիտարկելով նույնիսկ միայն այն հիշատակումները, որոնք ընդունվում են անգամ «պաշտոնական» պատմագիտության կողմից, ակնհայտ է դառնում հայկականության վիթխարի դերը հնագույն աշխարհում, մանավանդ նոր հայտնագործությունների եւ հետազոտությունների լույսի ներքո: Ինչ արժեն թեկուզ այն նշանակությունն ու որակումները, որ տրված են հայերին եւ հայկական լեռնաշխարհին հարեւանների կողմից. դրախտի երկիր, արեւելքի ազգ, արարչության վայր, սուրբ օրենքների եւ սուրբ ծեսերի պահապան երկիր ու ժողովուրդ, աստվածների ժողովի վայր, մարդկության փրկության երկիր, անմահության երկիր եւ այլն: Համաձայնենք, որ միայն համատարած եւ անառարկելի իրողությունը կարող էր ստիպել այդ հարեւաններին` մարդկության համար այդ կարեւորագույն եւ պատվաբեր արժեքներն ու հատկությունները վերագրել ոչ թե իրենց, այլ մի ուրիշ ժողովրդի ու երկրի, այն էլ այդպես միաձայն եւ անվերապահ: Ի տարբերություն հայտնի մի քանի ազգերի, որոնք իրենք են իրենց համարում ընտրյալ ազգ, իսկ իրենց երկիրը` սրբազան հող, մեր դեպքում դա պնդում են հաճախ ոչ բարեկամաբար տրամադրված օտարները: Եվ սա շատ կարեւոր առանձնահատկություն է:
     Հատկանշական է, որ համաշխարհային քրիստոնեությունը եւս նույնությամբ պահպանեց մեր երկրի աստվածային եւ համամարդկային նշանակության ընդգծումը` մարդկության գոյության երկու սկզբնավորումն էլ (դրախտ եւ նոյան տապան) կապելով հայկական տարածքի հետ:Իսկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` սկսած սբ. Եղիշեից մինչեւ սբ. Գրիգոր Տաթեւացի, եւ մինչեւ օրս, հպարտությամբ եւ արժանապատվությամբ է մատնանշում մեզ բաժին հասած այդ աստվածային շնորհը: Եվ ընդհանրապես, հայ նախաքրիստոնեական եւ քրիստոնեական մշակույթն ու քաղաքակրթությունը ծայրից ծայր ներծծված է հայկականության արարչական եւ համամարդկային դերի սթափ, պատասխանատու, արժանապատիվ զգացողությամբ, գիտակցությամբ եւ ոգով:
     Այսպիսով, ազգային գաղափարի մեր սահմանման համաձայն, որպես պատասխան «ովքե՞ր ենք մենք…» հարցի, կարող ենք ասել հետեւյալը. հայերը` որպես բնիկներ, վաղնջական ժամանակներից, հազարամյակներ շարունակ ապրել են հայկական լեռնաշխարհ կոչվող տարածքում, որտեղ, ըստ հնագույն աղբյուրների եւ ավանդությունների, Աստված արարել եւ բնակեցրել է մարդուն` որպես նրա բնօրրան, որտեղից էլ սկիզբ է առել մարդկության պատմությունը: Այդ տարածքը Աստված տվել է հայերին ի պահպանություն` որպես Հայրենիք: Այստեղ են պահ տրվել նաեւ սուրբ օրենքներն ու սուրբ ծեսերը, այստեղից է ծագել աստվածային Լույսը (Արեւելք), այստեղ է պահվել իմաստության եւ անմահության գաղտնիքը, այստեղ է իր փրկությունը գտել մարդկությունը` ի դեմս Նոյի, այստեղ է Աստծո եւ մարդու միջեւ հաստատվել հավերժական Ուխտը:
     Ահա սա է, որ աստավածային նախախնամությամբ տրվել է հայությանը ի պահպանություն, եւ սա է այն գլխավոր հատկանիշը, որ տարբերում է հայերին ու Հայքը` մյուս հին ու նոր ազգերից ու պետություններից: Սա հայության գոյության հիմքում դրված, առավելագույնս պարտավորեցնող գլխավոր առանձնահատկությունն է: Ինչպես տեսնում ենք, այս իրողությունները կախված չեն մեր կամքից ու ժամանակից եւ որեւէ կերպ հնարավոր չէ դրանց ձեւափոխումը կամ հրաժարումը դրանցից: Սա մեր ազգային գաղափարն է:
     Հետեւաբար, երբ XIX դարում շրջանառության մեջ դրվեց հայերի եկվորության վարկածը, ապա փաստորեն փորձ արվեց հայությանը զրկել ազգային գաղափարից: Եվ այժմ ցանկացած ջանք, գործադրված որեւէ հայ կամ օտար անձի կամ խմբի կողմից` տարածելու այդ արատավոր վարկածը, պետք է դիտարկել որպես հայությանը իր գոյության նախահիմքից` ազգային գաղափարից զրկելու փորձ:
      Ցանկացած արժեքավոր, մանավանդ հոգեւոր լիցք կրող գաղափար, ժամանակի ընթացքում ձեռք է բերում իր խորհրդանիշը: Համարյա բոլոր ժողովուրդներն էլ ունեն իրենց ինքնության խորհրդանիշները: Մեր պարագայում առկա են կարեւոր առանձնահատկություններ: Հետեւաբար, անդրադարձ կատարենք մեր ազգային գաղափարի երեք մեծագույն խորհրդանիշներին` Մասիս լեռանը, խաչին, լեզվին ու այբուբենին եւ նրանց առանձնահատուկ բնույթին:
 
     ՄԱՍԻՍ ԿԱՄ ԱՐԱՐԱՏ ԼԵՌԸ
 
     Հայոց պարագայում այս խորհրդանիշը այնքան անառարկելի է, այնքան հզոր ոգեղեն ու անվրեպ ազդեցություն ունի յուրաքանչյուր հայորդու եւ, նույնիսկ, ոչ հայի վրա, այնքան հնուց է կրում այդ ֆունկցիան, որ դժվար է նման երկրորդ երեւույթ գտնել: Մասիսը աստվածային, հավերժական ու շարունակական ուղերձ է հայերին ու ողջ մարդկությանը` փրկության ու հավերժական ճշմարտությունների մասին: Սա այն աննախադեպ իրողությունն է, երբ ազգային սրբազան խորհրդանիշը այդպիսին է նաեւ համայն մարդկության համար: Այսպիսի համամարդկային մի ուրիշ խորհրդանիշ իրոք չկա: Այն կարծես իր տեսքով ու դիրքով կոչված է անընդհատ հիշեցնել հայերին ու մարդկությանը, թե ովքեր ենք մենք եւ որն է մեր ազգային գաղափարը: Նաեւ խորհրդանշական է, որ մեր ճշմարիտ պատմության առեւանգման փորձի հետ միաժամանակ կատարվեց մեր ազգային գաղափարի այդ խորհրդանիշի ֆիզիկական գերեվարումը: Եվ մենք կվերադարձնենք մեր սրբազան լեռը, երբ լիովին տեր կկանգնենք մեր սկզբնական պատմությանը եւ աստվածատուր ազգային գաղափարին:
 
     ԽԱՉԸ
 
     Մեր առանձնահատկությունն այն է, որ ունենք ազգային գաղափարի եւս մեկ համարժեք խորհրդանիշ` Աստծո եւ աստվածային լույսի նշան խաչը:
     Խաչի համաքրիստոնեական խորհրդանշան դառնալու փաստը չպետք է մեզ խանգարի նշելու այն կարեւոր իրողությունը, որ Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը ծայրից ծայր լեցուն է վաղնջական սրբազան նշանի` խաչի պատկերներով` դեռ քրիստոնեական դարձից շատ ավելի առաջ: Եվ եթե մյուս քրիստոնյաների համար խաչը Հիսուս Քրիստոսի երկրային մահվան գործիքի սրբագործված նշանն է միայն, ապա խաչապաշտ հայոց համար այն ի սկզբանե եղել է Աստծո եւ նրա ճշմարտույթան լույսի խորհրդանիշը: Սա երկրորդ ազգային խորհրդանիշն է, որ լինելով մեր ազգային գաղափարի խորհրդանիշը, դարձել է նաեւ համամարդկային: Նկատի ունենալով ամենահնագույն ժայռապատկերներից մինչեւ մեր օրերը ստեղծված խաչի պատկերների առկայության ծավալները մեր պատմական տարածքում, հարկ է փաստել, որ աշխարհի մնացած ողջ տարածքում չկա խաչի այնքան պատկեր, որքան միայն Հայկական լեռնշխարհում:
     Ազգային գաղափարի երրորդ խորհրդանիշը հայոց լեզուն եւ աստվածապարգեւ, մաշտոցյան կատարյալ այբուբենն է:
     Եվ հայը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ տոգորված է ազգային գաղափարով եւ իր սրտում կրում է խաչը, մտքում` Մասիսը եւ շուրթերին մեսրոպատառ խոսքը:
     Այսքանը հայոց ազգային գաղափարի մասին:
     Այժմ պարզենք, թե ինչ է նշանակում մեզ տրված աստվածային առանձնահատուկ շնորհը: Ամենից առաջ դա պարտականություն է եւ պարտավորություն: Հետեւաբար, առանձնաշնորհի արժանանալը ենթադրում է որոշակի նպատակների, ուղղվածության եւ կենսակերպի հետեւողական, աննահանջ իրագործում: Ուրեմն պարզենք, թե ի՞նչ համամարդկային ֆունկցիա կատարելու, ի՞նչ առաքելության է կոչված մեր ազգն ու երկիրը, արժանանալով նման շնորհը կրելու պատվին:
  
     ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
 
     ազգային առաքելությունը  -     աստվածային շնորհից եւ ծրագրից բխող 
                                                           պարտականություն եւ պարտավորություն
                                                           է, ստանձնված Աստծո, մարդկության եւ 
                                                           սեփական ապագայի առջեւ:
 
     Նախ, ի՞նչ է նշանակում, որ մեզ տրվել է որպես Հայրենիք այս սրբազան տարածքը եւ այնտեղ պահ են տրվել սրբազան օրենքներն ու ծեսերը: Դա մեզ համար պետք է նշանակի անձնվիրաբար պաշտպանել հայրենի տարածքը ամեն տեսակ հոգեւոր ու ֆիզիկական ոտնձգություններից, հետեւել աստվածային օրենքներին ու խրատներին` որպես կենսական ճշմարտություններ, եւ տանել հասցնել դրանք մյուսներին:
     Բազմաթիվ փաստեր վկայում են, որ հազարամյակներ շարունակ հայությունը պատվով եւ նախանձախնդրությամբ կատարել է իր այդ առաքելությունը` վաստակելով քաղաքակրթված աշխարհի անկեղծ հարգանքն ու համակրանքը: Վերցրեք մարդկային քաղաքակրթության շրջանակներում տեղավորվող որեւէ հին կամ նոր ազգի, պետության պատմությունը եւ այնտեղ անպայման կգտնեք հայերի եւ հայկականության որոշակի հիշատակում, մեծ մասամբ ակնածանքով եւ համակրանքով` իրենց երկրին հայերի բերած նպաստի եւ վաստակի համար:
     Աղբյուրները վկայում են, որ հազարամյակներ շարունակ հայկական լեռնաշխարհից բոլոր ուղղություններով մարդկային, հոգեւոր եւ մշակութային հզոր ալիքներ են պարբերաբար տարածվել, հասնելով երկրագնդի ամենահեռավոր անկյունները: Աստվածաշնչյան Ադամի, ապա Նոյի սերունդների տարածման պատմությունը, արդի գիտության կողմից առաջադրվող հնդեվրոպական քաղաքակրթության ձեւավորման մոդելը այդ իրողությունների ամենաակնառու հաստատագրումն են: Այդ մասին անչափ կարեւոր տեղեկություններ են պարունակվում զանազան ժողովուրդների պատմական հիշողության մեջ` բանահյուսական, առասպելաբանական, պատմամշակութային եւ այլազան դրսեւորումների տեսքով: Ցավոք, մեզանում անչափ քիչ ուշադրություն է դարձված այդ հսկայական նյութի հավաքման, համադրման, համակարգման եւ միասնական պատկերի մեջ ներկայացնելու խնդրին:
     Երբ ամենայն ուշադրությամբ, անկեղծությամբ եւ առանց արհեստածին նախապաշարումների ծանոթանում ենք հայ եւ օտար բազմատեսակ աղբյուրների տվյալներին, ձեւավորվում է մի պատմական համապատկեր, որտեղ բավականին պարզորոշ ուրվագծվում է հայության եւ Հայքի դերակատարությունը հնագույն աշխարհում եւ դրա համապատասխանությունը առաքելական նպատակին: Այս պրոցեսների ժամանակագրական պատկերը, երբ համադրում ենք մեր սեփական պատմական իրողությունների հետ, նկատվում են բավականին հետաքրքրական եւ ուսանելի օրինաչափություններ: Հնարավորինս համառոտ անդրադառնանք դրանցից մի քանիսին:
     Նախ փաստենք, որ հնագիտական նորագույն հետազոտությունները աներկբա ապացուցում են, որ Հայկական լեռնաշխարհում` սկսած առնվազն Ք.ա. XI հազարամյակից, առկա է եւ անընդհատ շարունակվել է տվյալ ժամանակաշրջանի համար ամենաբարձր եւ զարգացած քաղաքակրթություն: Նշենք միայն Պորտասարի, Մոխրաբլուրի, Մեծամորի, Շենգավիթի, Ագարակի, Սյունիքի հնավայրերում վերջին տարիներին կատարված պեղումների դեռ նախնական արդյունքները, Քարահունջի աստղագիտական համալիրի հետազոտման տպավորիչ արդյունքները: Անկասկած է, որ հնում հայերը միշտ էլ տիրապետել են տվյալ ժամանակաշրջանի ամենախորը գիտելիքներին եւ ամենաբարձր տեխնոլոգիաներին: Որ դրանց հետագա տարածման կենտրոնը հիմնականում Հայքն է, երեւում է, ի թիվս այլ փաստարկների, թեկուզ այն բանից, որ այլ տեղերում նման երեւույթների ի հայտ գալու ժամանակային եւ տարածական համադրումը ուրվագծում է մի որոշակի կենտրոնից հետզհետե տարածվելու պատկերը: Արդյունքում պարզորոշ ուրվագծվում է կեցության որոշակի մոդելի տարածում բոլոր ուղղություններով, եւ այդ կենտրոնը ներառելով ողջ հայկական լեռնաշխարհը, հաստատում է միակենտրոն քաղաքակրթության տեսության իրավացիությունը:
     Սկզբնական ժամանակներում, երբ մեր ժողովուրդը անվերապահորեն նվիրված եւ հավատարիմ էր իր առաքելությանն ու պարտականություններին, լեռնաշխարհից կատարվող արտահոսքերը գիտակցված եւ նպատակամղված բնույթի էին: 
Բայց հենց որ ազգային գաղափարի ընկալման ինչ-ինչ աղավաղումների հետեւանքով առաքելական գիտակցությունը թուլանում էր, նվազում էր նաեւ պարտականության զգացումը: Իսկ այդ պարտականություններն են. անձնվիրաբար պաշտպանել հայրենի աստվածատուր տարածքը հոգեւոր եւ ֆիզիկական ոտնձգություններից, հետեւել աստվածային օրենքներին` որպես կենսակերպ եւ, ապա, այդ գիտակցությունն ու հմտությունները տարածել մյուսների մեջ: Ազգային առաքելության գիտակցման թուլանալը նշանակում է թերանալ այս երեք հիմնական պարտավորություններից մեկի կամ մի քանիսի մեջ: Քննարկենք այդ դեպքերը:
     Աստվածային նախախնամությամբ եւ ծրագրով մեզ տրված սրբազան տարածքի հոգեւոր եւ ֆիզիկական պաշտպանության հարցում հայերի նախանձախնդրությունը գործնականում անթերի կարելի է համարել համարյա ողջ պատմության ընթացքում: Եվ եթե ինչ-ինչ ժամանակներում, արտաքին բիրտ ուժերի չդադարող հարձակումների արդյունքում տարածքային ժամանակավոր ընկրկումներ են եղել, ինչի հետեւանքով սրբազան տարածք են թափանցել ու հաստատվել օտար ցեղեր, միեւնույնն է, մինեչւ XIX դարի վերջերը հայերը շարունակում էին բնակվել ողջ հայկական լեռնաշխարհում:
     Ինչ մնում է հոգեւոր տարածքի պաշտպանությանը, ապա այստեղ մեր ժողովրդի պայքարը իր հոգեւոր նախահիմքերի եւ արժեքային համակարգի համար գործնականում անընդմեջ է եղել ողջ պատմության ընթացքում: Այլ բան է, որ չդադարող արտաքին էքսպանսիայի պատճառով ստեղծվող անբնական կացությանն ինչ-որ կերպ հարմարվելու ձգտումն այնուամենայնիվ իր հետ բերում էր զգալի խաթարումներ ներքին կյանքի կազմակերպման սկզբունքների մեջ` առաջ բերելով կեցության աստվածային օրենքներից հեռանալու վտանգավոր միտվածություն:
     Չնայած պատմության այսպիսի ընթացքը բերում էր առաքելական ներուժի զգալի նվազման, առաքելական երրորդ, ինչ-որ իմաստով մեխանիկական բաղադրիչը` արտահոսքը պահապնվել է մի զարմանալի, հիրավի միստիկական հետեւողականությամբ:
     Կարծես թե անկախ այն բանից, թե հայությունը տվյալ պահին որքանով է ներքնապես պատրաստ հոգեւոր-իմացական արժեքներ տարածողի իր դերակատարմանը, լեռնաշխարհից պարբերաբար տարածվում են զանգվածային արտագնա ալիքներ: Եթե ներքին կացությունը գտնվում է հոգեւոր բարվոք վիճակում, այդ կամավոր կատարվող արտահոսքերն առաքելական տրամաբանության մեջ են , եւ տեղի են ունենում թշնամական կամ տարերային ուժերի պարտադրանքով, երբ թույլ է, անգամ բացակայում է տանելիքի գիտակցված պոտենցիալը: Նման դեպքերում երկրից տեղի է ունենում ոչ թե գիտակցված, ներքին հզորությունը չթուլացնող արտահոսք, այլ` պարզագույն արտագաղթ, ինչն անընդհատ նվազեցնում է ազգի ընդհանուր ներուժը: Նախանձախնդիր ընթերցողն ինքը կարող է նշել մեր պատմության մեջ արձանագրված նման բազմաթիվ փաստեր` ընդհուպ մինչեւ մեր օրերում, մեր աչքի առջեւ կատարված մեծ արտագաղթը:
     Որոշակի պահերի այսպիսի ընթացքն իր հետ բերում էր հայրենիքում մնացող հայության շարունակական թուլացման, ընդհուպ մինչեւ պետականության կորուստ: Բայց ամենամեծ եւ դաժան հարվածը հայությունը ստացավ XIX դարի վերջերից սկսված եւ մինչեւ XX դարի 20-ական թվականներն շարունակվող Եղեռնի հետեւանքով, երբ Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասում հետեւողականորեն բնաջնջվեց հազարամյակների ընթացքում ձեւավորված ինքնատիպ հոգեւոր-էթնիկական միջավայրը եւ հայությունն արտաքսվեց իր սրբազան տարածքի մեծագույն մասից: Չնայած այս հրեշավոր իրողությունն արդեն ոչ մի կապ չուներ ազգային առաքելության գիտակցված դրսեւորման հազարամյակների ավանդույթի հետ, այնուամենայնիվ աշխարհով մեկ ցրված հայության բեկորները հնարավորինս շարունակում են կատարել քաղաքակրթական իրենց դերակատարությունը, զգալի ավանդ բերելով իրենց ապաստան տված երկրների ընդհանուր զարգացմանը` կենսագործունեության բոլոր ոլորտներում:
     Ինչ մնում է արդի Հայաստանի Հանրապետությանը, ապա չնայած ազգային բնականոն գոյության համար անհրաժեշտ կենսատարածքի եւ հոգեւոր-էթնիկական միջավայրի ամբողջականության կտրուկ նվազմանը , միեւնույն է, նրա առաքելական պարտականությունը ամբողջովին պահպանվում է, եւ պարտազանցությունն ու հրաժարումը ազգային առաքելությունից կբերի հայության եւ հայկականության սկզբունքային հեռացմանը պատմական թատերաբեմից: Ավելին, այժմ քան երբեւէ անհրաժեշտ է գիտակցված կամքի եւ կազմակերպվածության արտակարգ բարձր մակարդակ, աշխարհով մեկ ցրված հայության ներուժի համախմբում եւ առաքելական խնդրի արդյունավետ լուծման ընդունակ հայկական ընդհանրական կերպարի եւ կենսակերպի ձեւավորմանն ու դաստիարարակությանն ուղղված համազգային ջանքեր: Ահա այս, կենսականորեն երկընտրանք չունեցող, նպատակի իրագործման ճանապարհն անցնում է ազգային գաղափարախոսության միջով:
 
     ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
 
     ազգային գաղափարախոսությունը - ազգային տեսակի հարատեւման ձգտումից եւ
                                                                    առաքելական պարտականություններից բխող
                                                                    հատկանիշների ու կենսակերպի արժեքային,
                                                                    գաղափարական համակարգ է:
 
     Այժմ տեսնենք, թե մեր ազգային առաքելությունը ինչ պահանջներ է դնում մեր կենսակերպի սկզբունքների եւ մարդկային հատկանիշների վրա, եւ ինչպիսի՞ն են պատմական իրողություններն այդ առումով:
     Որեւէ երկարաժամկետ առաքելություն` կապված սերունդների շարունակական գործունեության հետ, ենթադրում է այդ առաքելության գիտակցման պահպանում եւ անաղարտ փոխանցում: Հակառակ պարագայում առաքելությունն ընդհատվում է եւ խափանվում: Իսկ պահպանել եւ փոխանցել` նշանակում է սերնդեսերունդ համակողմանի իրազեկել նախորդ ճշմարիտ պատմությանը, դաստիարակել եւ ուսուցանել այնպես, որ յուրաքանչյուր սերունդ օրգանապես զգա մի ընդհանուր պատմական շղթայի մեջ իր` որպես հերթական օղակի, անելիքն ու պատասխանատվությունը: Որովհետեւ միայն մեկ մարդկային կյանքի տեւողությամբ առաջնորդվող անհատը կամ հավաքականությունը լիովին անպիտան է ոչ միայն որեւէ առաքելություն կրելու, այլեւ պարզ մարդկային սերնդափոխություն բնական, բարոյական եւ արդյունավետ ձեւով իրագործելու համար:
     Ակնհայտ է, որ ճշմարիտ սերնդափոխության հիմքում պետք է ընկած լինեն ոչ թե մարդու հարափոփոխ անձնական նախասիրություններ, այլ նախնիներից ժառանգած կենսափորձն ու համամարդկային անանց արժեքները: Մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր ժամանակներում, ներառյալ վերջին մոտ 200 տարիների աթեիստական որոշակի մտայնություններով հագեցած պատմությունը, որեւէ ազգի կամ ժողովրդի գոյությունը անպայմանորեն խարսխված է այս կամ այն դավանական համակարգի` այն է հավատքի վրա:
     Ինչ վերաբերում է մեզ, ապա արդեն իսկ մեր ազգային գաղափարի եւ առաքելության հիմքում ներդրված են աստվածային, համամարդկային եւ ազգային այնպիսի հզոր եւ վերժամանակային ազդակներ, որ աշխարհընկալման հոգեւոր-դավանական համակարգը արդեն հայկականության գոյության անհրաժեշտ անօտարելի բաղադրիչն է:
     Ուշադիր եւ համակողմանի քննությունը ցույց է տալիս, որ հազարամյակների ընթացքում հայկական լեռնաշխարհի   հավատքային համակարգը անխափան գործել է, պահպանելով արարչական եւ աշխարհընկալման միեւնույն մոդելը: Թերեւս որոշ աղճատումներ եղել են Արարատյան թագավորության անկումից հետո միասնական պետականության ամրապնդման ժամանակ` հելլենիզմի բուռն ներխուժման եւ արմատավորման ժամանակներում: Այդ ժամանակներն ավարտվեցին հայոց քրիստոնեական դարձով, ինչը նշանակում էր վերադարձ սկզբնական հավատքին, նրա պարունակած արժեքային համակարգին եւ սեփական ինքնությանը: Իսկ այդ հավատքը, որն ըստ էության կարելի է կոչել խաչապաշտություն կամ լուսապաշտություն, հազարամյակների ընթացքում ձեւավորել էր առաքինությունների վրա հիմնված մի հզոր կենսակարգ, որը հնարավորություն էր տվել հայությանը եւ Հայքին ակնառու եւ կարեւորագույն դերակատարություն ունենալ աշխարհում:
     Հայկական կենսական համակարգը աչքի է ընկնում ուշագրավ հատկություններով: Գիտակցված առաքելական արտահոսքերի պարագայում դրսից ներթափանցումները կապված էին հիմնականում առանձին փոքրիկ խմբերի վերադարձի հետ, որն անխուսափելիորեն ուղեկցվում էր օտար, լեռնաշխարհի համար նոր գաղափարների ու արժեքների ներբերմամբ: Դրանց մի մասը ձեւափոխվում եւ հարմարեցվում էին` օրգանապես ներառվելով սեփական արժեքային, ավանդական համակարգի մեջ, կամ մերժվում էին` որպես սեփական համակարգի հետ անհամատեղելի երեւույթներ: Հետագայում երբ օտար եւ անծանոթ գաղափարներն ու բարքերը լեռնաշխարհ էին մտնում արդեն հարեւանների ռազմական ներթափանցումների հետ եւ, հաճախ, ունենում էին ուժային աջակցություն, հայկական կենսական համակարգը շարունակում էր գործնականում անխաթար պահել հոգեւոր-բարոյական միջավայրը շնորհիվ ներքին ամրության եւ կայունության, քայքայիչ ներթափանցումների դեմ ցուցաբերելով առողջ օրգանիզմին հատուկ պաշտպանական մեծ ներուժ: Հայության բնատուր հակումը նոր գաղափարների ու երեւույթների հանդեպ առաջին հերթին խարսխված է այն բանի վրա, որ ազգային գիտակցության մեջ խորը արմատներ նետած արժեքային համակարգը` իր հզոր ֆիլտրող կարողությամբ, զերծ է պահում ազգային ինքնությունը խեղումների վտանգից: Բայց եթե խաթարված է այդ պաշտպանիչ համակարգը, նման հակումը հղի է ծանր հետեւանքներով: Երբ ազգային գիտակցության մեջ արժեքային ամբողջական համակարգը փշրված եւ լղոզված է, արտաքին ներթափանցումների դեմ շարունակվող բացությունը շատ արագ բերում է ազգային նկարագրի եւ ինքնագիտակցության կտրուկ էրոզիայի, ազգային հանրույթը վերածելով տարամետ անհատների մի հավաքականության, որն ընդունակ չէ մեծ խնդիրներ առաջադրել եւ լուծել: Նման փոշիացած վիճակում խիստ դժվարանում է ազգային մարմնի ներսում կայուն կմախք-կառույցների կայացումը: Միայն նպատակասլաց եւ հետեւողական ջանքերի շնորհիվ է հնարավոր կայուն եւ արժեքակիր խտացման կետերի շուրջ ազգային-հասարակական ամբողջական եւ արդյունավետ միջավայրի վերականգնումը:
     Ազգային գաղափարի եւ առաքելության գերակայությանն ենթակա կենսական համակարգի հիմքում ընկած են կեցության կազմակերպման սկզբունքները եւ առաքինությունների որոշակի համախումբ, որոնց ամրագրումն է հենց ազգային գաղափարախոսության բուն էությունը:
     Եթե կարողանանք առանձնացնել այն արժեքային համակարգի կորիզը եւ մարդկային հիմնական հատկանիշները, որոնց շնորհիվ, հազարամյակներ շարունակ, հնարավոր է եղել պահպանել հավատարմությունը ազգային գաղափարին եւ առաքելությանը, ապա դրանով, ըստ էության, ազգային գաղափարախոսության էվոլյուցիոն պատկերի ուրվագիծը կունենանք:
     Ազգային կեցության արմատավորված սկզբունքներից կարող ենք առանձնացնել հետեւյալները. սրբազան տարածքի բնիկ զավակի եւ պահապանի գիտակցություն., անմնացորդ եւ գիտակցված նվիրվածություն սեփական հավատքին; զգայուն եւ նախանձախնդիր վերաբերմունք ճշմարտության, բարոյականության եւ արդարության նկատմամբ; անձնվեր պայքարի պատրաստակամություն արտաքին հոգեւոր եւ քաղաքական պարտադրանքների դեմ; երկյուղած, ակնածալի վերաբերմունք ավանդույթի, նախնիների և նրանց ժառանգության հանդեպ; հոգեւոր, մշակութային եւ իմացական արժեքների ընդգծված կարեւորում; հոգեւոր եւ բարոյական հեղինակությունների ինստիտուտի բարձր կարգավիճակ; պատասխանատու եւ շահագրգիռ վերաբերմունք մատաղ սերնդի ապագայի նկատմամբ; հասարակական բոլոր շերտերի ներկայացուցչական ներգրավվածություն երկրի եւ համայնքների կառավարման մեջ; պետական, հասարակական եւ սոցիալական շերտերի միջեւ փոխհարաբերությունների արդյունավետ եւ արդարացի կարգ; հավատքի, արդարության եւ ներքին պատասխանատվության վրա խարսխված ռեաբիլիտիվ (ոչ ռեպրեսիվ) իրավական համակարգ; հասարակական, դասային, սոցիալական շերտերի հարգալից վերաբերմունք չգրված օրենքների ու վարքականոնների հանդեպ; հասարակական կառուցվածքի հիմքում ընտանիքի սրբության, անհատական կամքի ազատության եւ ազգային առաջնահերթությունների արդյունավետ համադրում` ուղղված ազգի հարատեւմանը եւ այլն, եւ այլն….
     Այժմ փորձենք նկարագրել պատմականորեն ձեւավորված առաքինի հայի կերպարը` առաձնացնելով որոշ առաքինություններ, որոնց բազում օրինակները նախանձախնդիր ընթերցողը ինքնուրույն կգտնի հայոց պատմության յուրաքանչյուր էջում: Ինչպիսի՞ բնորոշ հատկություններ են ընկած այդ առաքինությունների հիմքում: Անսահման նվիրվածություն հավատքին, հայրենիքին, պարտքին, ընտանիքին; բարեպաշտություն; մտքի ազատություն` հիմնված սեփական արժեքային համակարգի խորը գիտակցության վրա; արիության, ազնվության, վեհանձնության, կարեկցանքի, աշխատասիրության, հավատարմության բարձր գնահատանք;արժանապատվության և ամոթի զգացման խիստ չափանիշներ; բնատուր հակում մշակույթի, կրթության, իմացության նկատմամբ; ստեղծագործական ջիղ; ընտանիքում տղամարդու եւ կնոջ հարաբերությունների ներդաշնակ մոդել; ընտանիքի սրբություն, դրա ներսում տարբեր սերունդների (առնվազն երեք սերունդ) փոխհարաբերությունների ուսանելի ավանդույթ; կնամեծար վարք; բնատուր նախաձեռնող խառնվածք; բնության հետ ներդաշնակ կյանք; ժուժկալ եւ համեստ կենցաղ; ուղղամտություն; խոնարհ խառնվածքի և ըմբոստության զարմանալի համատեղում; ակնածանք գիտելիքների եւ գիտուն մարդկանց նկատմամբ; հարգանք աշխատանքի եւ մշակույթի մարդու եւ նրա գործի հանդեպ; հարգանք օտարների ավանդական արժեքների հանդեպ; օտար քաղաքակրթությունների, մշակույթների եւ մարդկանց հետ հարաբերվելու բնատուր ընդունակություն; հարգանք պետական կարգուկանոնի հանդեպ; հանդուրժողականություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ այլն, եւ այլն…
     Պարզ է, որ վերը նշված սկզբունքային արժեքներն ու հատկանիշները, եւ ոչ միայն նշվածները, ժամանակի ընթացքում որոշակի փոփոխություններ են կրել, կատարվել են առաջնահերթությունների վերադասավորումներ: Մանավանդ վերջին մի քանի դարերում` պետականության կորստի եւ օտար գերիշխանության պայմաններում: Բայց հույժ կարեւոր է այն հանգամանքը, որ ազգային եւ հասարակական կյանքը միշտ էլ ընթացել է այնպիսի բարոյա-հոգեբանական մթնոլորտում, որ անպայմանորեն խրախուսվել են ավանդական արժեքները եւ մերժվել ու պախարակվել են հակառակ հատկանիշների ու մոտեցումների ցանկացած դրսեւորումներ: Դա պետք է վերագրել այն բանին, որ ազգային գաղափարը եւ առաքելությունը հազարամյակների ընթացքում այնքան խորն են արմատավորվել ազգային հոգեմտակերպի մեջ, այնպես են հղկել ազգային գաղափարախոսությունը որպես կեցության համակարգ, որ նույնիսկ XIX դարից սկսված պատմական նենգափոխումները, Մեծ Եղեռնի բերած մարդկային, նյութական եւ տարածքային հրեշավոր կորուստները, 70 տարիների պետական աթեիզմի եւ ազգերի համահարթեցման ագրեսիվ նկրտումները ի զորու չեղան հայությանը անվերադարձ զրկել իր պատմության ճշմարիտ տրամաբանությունից: Ինչ խոսք, սթափ հայացք նետելով մեր օրերի իրողություններին, դժվար չէ փաստել, որ վերը նշված առաքինությունների զգալի մասը ոչ միայն դուրս են մղված անհատական եւ հասարակական կյանքից, այլեւ դրանց մի մասը սկսել է միամիտ, ծիծաղելի եւ հնացած համարվել հասարակական որոշ շերտերի գիտակցության մեջ:
     Ավելին, հասարակական փոխհարաբերություններում գերիշխող են դառնում այնպիսի հատկանիշներ, վարքի այնպիսի դրսեւորումներ, որոնք սկզբունքորեն հակասում են ավանդական ազգային արժեհամակարգին և միշտ էլ դատապարտելի են համարվել: Գուցե որոշ ընթերցողներ, ովքեր հուսահատված են այս տխուր իրողություններից, հակված կլինեն մեր առաջադրությունները միամիտ եւ ժամանակվրեպ համարել:
Բայց տրվել նման տրամադրությունների նշանակում է, որ մենք համաձայն ենք ինքնության գրավականի կորստին: Ազգային գաղափարախոսությունը ազգային գոյակերպի պահպանիչ համակարգն է, որը կոչված է ինչպես առողջ եւ ներդաշնակ պայմաններ ազգին ապահովելու, այնպես էլ, առանց սեփական ինքնությունը վտանգելու` այլոց հետ հարաբերվելու համար: Առաջնորդվել այսրոպեական, թվացյալ պրագմատիկ մոտիվներով, առանց անդրադառնալու, թե ի՞նչ արժեհամակարգի հիման վրա ենք վճիռներ կայացնում և ինչ կորուստների գնով, կնշանակեր կամովին օտարվել ազգային գաղափարախոսությունից, հետեւաբար նաեւ ազգային գաղափարից ու առաքելությունից: Դա, իր հերթին, կշանակեր, որ այսօր մեր առջեւ ծառացած բոլոր ներքին ու արտաքին մարտահրավերներին արձագանքելու մեր մեխանիզմները զրկում ենք ճշմարիտ կողմոնորշիչներից, այդպիսով վտանգելով մեր միակ օրինական եւ անգնահատելի իրավունքը` հարատեւելու իրավունքը:
     Բավական է ազգային առաքելության գիտակցության դիրքերից դիտարկել այսօրվա բոլոր մեծ ու փոքր խնդիրներն ու դժվարությունները, որպեսզի պարզ դառնա, որ դրանք այնքան էլ ծանր ու անհաղթահարելի չեն, որ մենք դատապարտված չենք միայն գոյատեւման ստորացնող հարցեորվ զբաղվելու, այլ ընդունակ ենք շատ ավելի մեծ կենսագործումների:
     Եվ, որքան էլ պարզամիտ թվա, բոլոր իրական հիմնախնդիրների լուծման բանալին աստվածային նախախնամությամբ մեզ տրված առաքելությանն է պահ տրված: Կվերականգնենք մեր գիտակցված հավատարմությունը մեր առաքելությանը, շատ հարցեր կգնտնեն իրենց բնական լուծումները: Հակառակ պարագայում մենք անպաշտպան ենք մնալու եղած ու գալիք մարտահրավերների հանդեպ:
     Սթափվելու, բարդույթներից ազատվելու, լրջորեն մտորելու եւ համապատասխան հետեւությունների անհրաժեշտությունը այժմ ծառացած է յուաքանչյուր, հայի, հասարակական կառույցների, պետական մեքենայի եւ ողջ ազգի առջեւ: Եվ եթե յուրաքանչյուրս իր տեղում, եւ բոլորս համատեղ, կամք ցուցաբերենք շտկելու այս տխուր իրավիճակը, դուրս գալու անէացնող թմբիրից, տեր կանգնելու մեր պատմությանը եւ ապագային, ապա «ինչպե՞ս» հարցին կպատասխանի ազգային ծրագիրը: Եվ այս հարցում է առաջին հերթին անհրաժեշտ այնքան տարփողվող ազգային միասնությունը:
     Հարկ ենք համարում նշել, որ մեր կողմից արված պնդումներն ու եզրակացությունները լիովին հիմնավորված են: Ուղղակի այս գրության նպատակին, ոճին եւ ձեւաչափին հարմար չէր լինի բազմաթիվ աղբյուրների եւ համոզիչ պատմական փաստերի թվարկումը: Դա կարելի է անել, երբ անհրաժեշտություն ծագի մանրամասն քննել ողջ առաջադրված կոնցեպցիան: 
 
     ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ
    
     ազգային ծրագիրը       ազգային գաղափարի, առաքելության եւ 
                                             գաղափարախոսության կենսագործման
                                             գիտակցված եւ հետեւողական գործողություն-
                                             համակարգ է, տրված ներկա եւ հաջորդ
                                             սերունդներին` որպես շարունակական եւ
                                             նպատակամղված ուղենիշ:
 
     Վերն արդեն նշել ենք, որ ազգային ծրագիրը եւ պետականությունը սերտորեն փոխկապակցված են եւ իդեալում ենթադրում են պետական կառույցի եւ հասարակության առավելագույն փոխըմբռնում եւ փոխադարձ վստահության մեծ պաշար: Տվյալ պարագայում փոխըմբռնումը նշանակում է, որ հասարակության մեջ գերիշխող են ազգային ինքնությունն ապահովող հոգեւոր-կենսական արժեքային համակարգի վերականգնման ձգտումներն ու կամքը, իսկ պետական կառույցը պատրաստակամ է իր ողջ կազմակերպական կարողությունները ուղղել այդ գլխավոր խնդրի իրագործմանը: Սա է ազգային պետականության գլխավոր հատկանիշը: Ակնհայտ է, որ ազգային ծրագիրը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է պետական եւ հասարակական ջանքերի համակողմանի եւ նպատակամղված համադրում: Այն (ծրագիրը) պետք է դառնա խորը եւ համակողմանի քննարկումների առարկա եւ դրա գլխավոր ձեւակերպողներն ու նախաձեռնողը պետք է դառնան բոլոր շահագրգիռ անհատներն ու, անպայման, պետությունը: Ակնհայտ է, որ այս աշխատանքի շրջանակները թույլ չեն տալիս ազգային ծրագրի մեր տարբերակը ներկայացնել անհրաժեշտ լրջությամբ: Դա առանձին եւ ծավալուն գործ է, որը հստակ գծագրություն կստանա միայն ընդհանուր եւ համակողմանի քննարկումների արդյունքում: Սակայն վստահաբար կարող ենք պնդել, որ ցանկացած ազգային ծրագրի ակունքում եւ հիմքում պետք է լինի ազգային գաղափարի, առաքելության եւ գաղափարախաոսության բացահայտման եւ ներդրման խնդիրը մեր ազգային, պետական, հասարակական կյանքի բոլոր, եւ, առաջին հերթին, կրթական, մշակութային եւ քարոզչական ոլորտներում: Առանց այդ հասկացությունների բովանդակության մեջ խորամուխ լինելու եւ ընկալելու, մենք կմնանք ռեֆլեկտիվ ընթացքի պատանդը, ինչը լրջորեն վտանգում է մեր` որպես ազգ եւ քաղաքակրթություն պահպանվելու եւ աստվածային ծրագրում մեր առաքելությունը մինչեւ վերջ իրագործելու հազարամյակների պատգամը: Ակնհայտ է, որ պարտականությունը կարող է կատարվել կամ չկատարվել: Բարոյական արարածը չի կարող ազատվել աստվածային ծրագրի իշխանությունից: Մենք այն կարող ենք կրել մեր ճակատագրում կամ որպես օրհնություն, կամ որպես անեծք: Եվ մենք ենք կատարելու այդ ընտրությունը:
 
Լյուդվիգ Խաչատրյան
11.06-02.07  ք. Երեւան

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482497
478829