ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»05.02.2008  


«Ջավախքում վրացական բանտի կառուցումը  մահացու վտանգ է տեղի հայ բնակչության համար»,-  «Իրավունքի» հետ զրույցում նշեց  Վազգեն Մանուկյանը
 
     ՀՀ նախագահի ընտրարշավը մտել է եզրափակիչ փուլ: Նախագահության թեկնածուները տեղեկատվական հեղեղ են կազմակերպում` հիմնականում շեշտը դնելով նաեւ իրենց ծրագրային դրույթների վրա: Զուտ տեխնոլոգիական տեսակետից նախագահները ծրագրային հիմնական շեշտը դրել են ներքին խնդիրների վրա, բայց հայությանը հուզող բազում այլ հարցեր էլ կան: Ուշագրավ է, որ միայն Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրում է խոսվել այնպիսի կարևորագույն խնդրի մասին, ինչպիսին է ջավախահայությանը հուզող հարցը: Մեր զրույցը Վազգեն Մանուկյանի հետ նվիրված է Ջավախքում տիրող իրավիճակին եւ այնտեղի մեր հայրենակիցներին վերաբերող խնդիրներին ու դրանց լուծման մեխանիզմներին:
 
    հարց 1
     -          Պրն Մանուկյան, Վրաստանի հետ հարաբերություններում Դուք արծարծում եք Ջավախքի խնդիրը: Ի՞նչ եք կարծում, արժե՞ այսօր խոսել ևս մի նոր լարված օջախի ստեղծման մասին:
 
     -          Եթե Դուք նկատեցիք, մեր ծրագրի մեջ չկա ոչ պահանջատիրական, ոչ էլ նույնիսկ ավտոնոմիայի մասին հարց: Մենք ուղղակի անհրաժեշտ ենք համարում ուշադրություն դարձնել հետևյալ խնդիրներին:
     Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով, մասնավորապես ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում, միջպետական հարաբերությունների շրջանակում մենք պետք է հասնենք նրան, որ Ջավախքում հայոց լեզուն ստանա տարածաշրջանային կարգավիճակ:
     Ինչու՞ է դա կարևոր: Դա ոչ այնքան մշակութային, որքան քաղաքական խնդիր է: Դուք գիտեք, որ Ջավախքում, ըստ Վրաստանի Սահմանադրության, տեղական իշխանական օջախներում աշխատելու համար վրացերեն իմանալը պարտադիր պայման է, և բոլոր թղթաբանական գործերը պետք է իրականացվեն վրացերեն լեզվով:
     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վրացերենին չի տիրապետում ջավախահայության գերակշիռ մասը, դա լուրջ բարդություններ է առաջացնում հայերի համար` տեղական իշխանական օղակներում աշխատելիս: Այսօր Վրաստանի իշխանությունները ստիպված հանդուրժում են վրացերեն չիմացող հայերին` իշխանության օղակներում, քանի որ այլընտրանք չունեն:
     Այս իրավիճակը անորոշության մեջ է պահում ողջ ջավախահայությանը:

      հարց 2
     -          Պրն Մանուկյան, իսկ ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք, որ Վրաստանում ապրող ջավախահայերը վրացերենին չեն տիրապետում: Միգուցե մենք էլ պետք է խոստովանենք մեր սխալները:
 
     -          Պատմականորեն այնպես է ստացվել, որ Ջավախքում վրացերեն լեզուն մեծ տարածում չի ստացել, և ինչքան գիտեմ, մեր իշխանությունների կողմից այս խնդրի լուծման համար առաջարկվել էր Ախալքալաքում ստեղծել հայ – վրացական համալսարան, ինչը, փաստորեն, մերժվեց վրացիների կողմից: Եթե վրացիները շահագրգռված էին Ջավախքում վրացերենի տարածմամբ, ապա ինչու՞ են մերժում այդ համալսարանի ստեղծման գաղափարը:
     Իրականում, ինձ համար ամեն ինչ ակնհայտ է:
     Եթե ջավախահայերը իրենց պաշտպանված չեն զգում, եթե Հայաստանը նրանց թիկունքին չի կանգնում, ապա ինչու՞ պիտի վրացիները լուծեն այդ խնդիրները: Եթե ջավախահայերը Երևանից պաշտպանություն չունենան, ապա վրացիները ոչ թե վրացերենի տարածումով կզբաղվեն Ջավախքում, այլ կփորձեն փոխել այնտեղ դեմոգրաֆիական իրավիճակը, որի վառ ապացույցը Ջավախքի տարածքում բանտի կառուցման գաղափարն է:
 
     հարց 3
     -          Պրն Մանուկյան, իսկ ի՞նչ պետք է անեին մեր իշխանությունները, որ չեն անում, ասեին, թե բանտ մի սարքեք Ջավախքում, սակայն, չէ՞ որ դա ներքին գործերի միջամտություն կնշանակեր:
 
     -          Նախ սկսենք նրանից, որ Ջավախքում լեզվի խնդրի շուրջ իրենց որոշումներն են կայացրել եվրոպական կառույցներն ու ՄԱԿ-ը – նշեմ հստակ Ջավախքի և Քվեմո – Քարթլիի շրջանների համար: Երևանը Թբիլիսիի հետ հարաբերություններում համոզված եմ, քաղաքական կամքի դրսևորման դեպքում կարող է հասնել մեր հայրենակիցների համար դրական լուծման: Ավելին, ինչու՞ դա ներքին գործերի միջամտություն չէ` բացեք կարդացեք ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի շրջանակներում, ընդունված Ստրասբուրգում 1995 թ, սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունները պետք է հարգեն իր տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքները, իսկ կոմպակտ ապրող էթնիկ բնակչությունը իր տարածքում իրավունք ունի առնվազն լեզվական և մշակութային ինքնուրունության, գումարած հատուկ կապեր հարևան` իրենց մայր պետության հետ:
     Եթե մեր իշխանությունները ջանք չեն թափում այդ խնդիրները լուծելու համար, ապա ինչու՞ պետք է վրացիները լուծեն այդ խնդիրները:
     Ավելին ասեմ, այդ խնդիրների չլուծման պատճառը հղի է նոր լարվածության օջախի ստեղծմամբ:
     Եթե լեզվի խնդիրը չլուծվի, ապա ջավախահայը վստահ չի լինի իր ապագայի հանդեպ, իսկ վրացիները, տեսնելով Հայաստանի անտարբերությունը, կփորձեն փոխել դեմոգրաֆիկ վիճակը Ջավախքում:
 
     հարց 4
     -          Պրն Մանուկյան, ավելորդ ձևով չե՞ք սրում իրավիճակը: Ինչպե՞ս պետք է վրացիները կարողանան փոխել Ջավախքում դեմոգրաֆիկ իրավիճակը, ո՞վ կգա այդ ցուրտ տարածք` ապրելու:
 
     -          Այստեղ դուք չարաչար սխալվում եք:
     Բանտի կառուցումը Ջավախքում Վրացական իշխանությունների համար դարձել է ռազմավարական խնդիր: Տեսեք, ողջ Ջավախքում ապրում է մոտ 110 – 120 հազար մարդ, որից 90 – 95 տոկոսը հայեր են: Ես չեմ խոսում Սամցխե Ջավախեթիի մարզի մասին, ես խոսում եմ բուն Ջավախքի մասին: Վերջինս կազմված է երկու շրջաններից` Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններից. Նինոծմինդայում ապրում է մոտ 25 հազար, իսկ Ախալքալաքում մոտ 80-85 հազար բնակիչ: Ջավախքը Հայաստանին է հարում Նինոծմինդայի շրջանով: Բանտը ուզում են կառուցել Նինոծմինդայի շրջանում: Ես մաթեմատիկոս եմ, սակայն այստեղ բարդ մաթեմատիկա չկա հասկանալու համար, թե ինչ կնշանակի բանտի կառուցումը ջավախքցիների համար:
     3 – 4 հազարանոց կալանավայրերով բանտը, գումարած նրանց անընդհատ գնացող-եկող ընտանիքները, կլինի մոտ 15 – 16 հազար, գումարած բանտի սպասարկման կազմը` ընտանիքներով, ևս մոտ 5 – 6 հազար, այս բոլորի ընդհանուր գումարը կկազմի 20 – 25 հազար մարդ: Այսինքն այնքան, որքան որ ապրում է այսօր Նինոծմինդայի շրջանում:
     Բանտի կառուցումից հետո լեզվի խնդիրը ինքնըստինքյան կվերանա, Նինոծմինդայի հայերը, Ախալցխայի հայերի նման, կամաց-կամաց կդառնան փոքրամասնություն և կհեռանան այդ տարածաշրջանից: Արդյունքում Ախալքալակը կդառնա անկլավ, և տեղի հայերի վիճակը էլ ավելի կվատթարանա, որի արդյունքում, մոտ ապագայում մենք կկորցնենք նաև Ախալքալաքի հայությանը, և արդյունքում Ջավախքը խաղաղ ձևով կհայաթափվի:
 
     հարց 5
     -          Պրն Մանուկյան, իսկ մի՞թե դա չեն հասկանում մեր իշխանությունները:
 
     -          Ես ցավով կարող եմ նշել, որ այսօր Հայաստանի իշխանությունները այս խնդրին չափազանց անտարբեր են: Դեռ ավելին, վրացիները Ջավախքում բանտ ուզում են կառուցել այն ջավախահայ գործարար եղբայրներ Սանոսյանների միջոցով, որոնցից Հայկը այսօրվա մեր պառլամենտի անդամ է, ով դարձել է ԱԺ պատգամավոր` Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով:
     Նժդեհի գաղափարների անունից խոսող կուսակցությունը այսօր ոչ միայն     անտարբեր է ջավախահայության խնդիրների լուծմանը, այլ, փաստորեն, իր համամասնական ցուցակով Աժ պատգամավոր է դարձրել Ջավախքում վրացական բանտ կառուցողին: Դժվար է ասել, թե այստեղ ի՞նչն է շատ` կարճատեսությունը՞, թե՞ փարիսեցիությունը:
 
     հարց 6
     -          Պրն Մանուկյան, փորձենք ամփոփել Ձեր ծրագրում առաջարկված թեզերը: Դուք ի՞նչ եք առաջարկում Ջավախքի հարցում, ինչպե՞ս եք տեսնում հայ – վրացական հարաբերությունների հեռանկարը:
 
     -          Ես դեմ եմ հայ – վրացական հարաբերություններում նոր լարվածության խնդրի առաջացմանը և դրա համար էլ մենք ինչքան շատ քննարկենք ջավախահայության հետ կապված խնդիրները, այնքան լավ թե Հայաստանի, թե Վրաստանի համար:
     1. Ես դեմ եմ Ջավախքի հանդեպ պահանջատիրական նկրտումներին,
     2. Ես դեմ եմ նաև ինքնավարության պահանջներին, որովհետև դա իսկապես Վրաստանի ներքին գործն է,
     3. Ես կողմ եմ, որ հայ – վրացական միջպետական հարաբերություններում կոնկրետ նշվի Ջավախքում Հայաստանի կողմից կրթական, գիտական և մշակութային աջակցության իրավունքը` մասնավորապես նաև Հայ – վրացական համալսարանի կառուցումը, որը կնպաստի տեղի բնակչության ինտեգրացիային` Վրաստանի հետ:
     4. Ես հետամուտ եմ լինելու, որպեսզի Վրաստանը կատարի Եվրոպական կառույցների և ՄԱԿ-ի որոշումները` Ջավախքում հայոց լեզվին տալով տարածաշրջանային կարգավիճակ, քանզի դա մինիմալ երաշխիքն է` այդ տարածաշրջանում հայ բնակչության ապրելու համար:
     5. Քանի որ այդ բանտի կառուցման հարցը դարձել է իրական, ապա պետք է ամեն ինչ անել` այն կասեցնելու համար, քանզի կառուցումն ուղղակի դեմոգրաֆիկ վտանգ է ներկայացնում հայ բնակչության համար:

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492099
488177