ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՇԱՐԺՈՒՄ` ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ09.02.2008  


/ Լուսանկարներ / 

Եվ այսպես` ազգային ժողովրդավարական արժեքներ ու սկզբունքներ որդեգրած վեց կուսակցություններ` «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային ժողովրդավարական կուսակցությունը», «Ազգային ժողովրդավարների դաշինքը», «Ազգային պետությունը», «Ազգային համաձայնության ուխտը» եւ «Սահմանադրական իրավունք միությունը» սույն թվականի փետրվարի 6-ին «Անի» հյուրանոցում հայտարարեցին այն մասին, որ սկսում են մի գործընթաց, որն առաջիկայում միավորելու է այս ուժերին մեկ ընդհանուր կուսակցության շրջանակներում:
     ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանն այդ առիթով հայտարարեց.

Ավարտվում է 20-ամյա պատմության շրջանը, որի սկիզբը դրվեց 1988 թվականին, եւ պատմության այդ էջը պետք է թերթել ու սկսել կերտել պատմության նոր էջը: Այս 20 տարիների ընթացքում մենք ճաշակեցինք և հաղթանակներ և պարտություններ: Ձեռքբերումները մեծ էին` անկախ պետություն, հաղթանակ պատերազմում, Արցախի ազատագրում և անկախացում և այլն: Կային, իհարկե, և կորուստներ` միլիոնից ավել մեր հայրենակիցներ Հայաստանից հեռացան, չի աշխատում ընտրության մեխանիզմը, չկա իրական ժողովրդավարություն, մարդկանց մի խումբ, ձեռքը վերցնելով ամբողջ քաղաքական իշխանությունը և ամբողջ վերահսկողությունը տնտեսության վրա, մրցակցությունից դուրս որոշում է մեր երկրի ապագան, մեր ապագան, մեր հաջորդ սերունդների ապագան: Բայց այս 20 տարին ավարտվեց, այս էջը պետք է փակել, և սկսել նորը` հաջորդ 20 տարին:


Մենք մեր ծրագրի մեջ առաջարկում ենք քաղաքական և տնտեսական համակարգային փոփոխություններ: Ես համոզված եմ, որ դա անխուսափելի է, ինչպես էլ ավարտվեն ընտրությունները, այս ճանապարհով առաջ գնալը մեզ կպարտադրվի ուղղակի դրսից, որովհետև մենք կունենանք մարտահրավերներ, որոնց պատասխանել չենք կարողանա այլ պայմաններում, այսինքն` դա է մեզանից պահանջում ապագան:

Կա մեկ ուրիշ գործընթաց ևս, և մենք ուզում ենք գնալ առաջ նաև այդ ուղղությամբ: 1988թվին ձևավորվեց շարժումը, որի գաղափարախոսությունն ուներ երկու կարևոր սյուն` ազգայինը և ժողովրդավարութունը: Անշուշտ, շարժման մեջ կային տարբեր դիրքորոշումներ ունեցող մարդիկ, որոնք կողմնակից էին մաքուր լիբերալիզմի, մաքուր սոցիալիզմի, կար նաև Կոմունիստական կուսակցությունը, երեք ավանդական կուսակցությունները, որոնցից հիմնական դերակատարը Դաշնակցությունն էր, բայց միասնական ազգային պայքարը մեզ միավորեց: Բնական էր, որ իշխանություն գալուց հետո տեղի ունեցան որոշ տրոհումներ շարժման մեջ, ձևավորվեցին նոր կուսակցություններ: Թվում էր` Հայաստանը մտավ մի նոր փուլ, որտեղ  ձևավորվում էր լուրջ քաղաքական դաշտ, գաղափարական պայքար, բայց դա չստացվեց: Մենք երկու մեծ հարված ստացանք: Առաջին հարվածը 1996թիվն էր, որն ապացուցեց, որ եթե միայն քաղաքական պայքարով գնաս առաջ, միշտ կհանդիպես բիրտ ուժի: Եվ դա մեծ հիասթափություն առաջացրեց քաղաքական դաշտում: Հետո եկավ 1998թիվը: Այս ժամանակ արդեն այն հիասթափությունը, որ քաղաքական կուսակցություններով կարելի է ազդել քաղաքականության վրա, վերանում էր կամաց-կամաց: Եվ այն, որ երկու թեկնածուներն էլ` Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը, նախագահության թեկնածու դարձան առանց կուսակցությունների, նոր միտում էր Հայաստանում: Այսինքն` դա մի քայլ հետ էր:

 Ինչ  եղավ դրանից հետո: Տարեց տարի սկսեցին առաջանալ տարբեր կուսակցություններ, որոշ կուսակցություններ արհեստականորեն խոշորանում էին, որոշ լուրջ քաղաքական կուսակցություններ սկսեցին տրոհվել, առաջացան անձ-կուսակցություններ, և քաղաքական դաշտը մտավ քաոսի մեջ: Եվ ես կարծում եմ` այդ քաոսի հետևանանքներն ենք մենք այսօր ճաշակում: Տարիների ընթացքում դուրս էր մղվել գաղափարական պայքարը, դուրս էին մղվել հզոր, զարգացած կուսակցություններ, և մնացել էր քաղաքական դաշտում, այսպես ասված, ֆիդայական ջոկատներով իրար դեմ պայքարելը, որը ոչ մի բանի չբերեց:

Ուզում ենք մենք, թե ոչ, բայց մենք մտնում ենք մի նոր փուլի մեջ: Եվ այդ փուլը կանխագուշակելով` մենք` 6 կուսակցություններով, որոշեցինք, որ մենք միավորված ստեղծելու ենք մի նոր կուսակցություն, որը հիմնված է ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա, գաղափարախոսության վրա, փիլիսոփայության վրա: Մենք սկսում ենք գործընթաց, որը լինելու է երկարատև և միտված է ապագայի: Այս միավորումը, իհարկե, չի նշանակում, որ մենք սահմանափակվելու ենք 6 կուսակցություններով, քաղաքական դաշտում կան բազմաթիվ կուսակցություններ, որոնք ունեն նույն սկզբունքները, որոշ կուսակցությունների հետ մենք սկսել ենք բանակցություններ, և, անկախ նախագահական  ընտրությունների արդյունքից, այդ պրոցեսը շարունակվելու է: Բացի այդ, այս մի քանի ամիսների ընթացքում երևաց, որ Հայաստանում, այնուամենայնիվ, սկսվեց որոշակի փոփոխություն դեպի գաղափարական ուղղվածություն, հասարակության խորքից պահանջ կա տեսնել լուրջ քաղաքական կուսակցություններ, որոնք առաջարկում ենք ծրագիր, որը բխում է իրենց սկզբունքներից, և որի հետևում կանգնած են կազմակերպված ուժեր:

Հայաստանում արդեն ձևավորված կուսակցություններ կան: Հանրապետական կուսակցությունը, բոլոր իր թերություններով, ժամանակի ընթացքում հնարավորություն ունի մաքրվել և դառնալ նորմալ, իսկակական հայկական ավանդական կուսակցություն: Դաշնակցությունը ձևավորված է որպես ազգային սոցիալիստական կուսակցություն: Մյուս կուսակցությունների մասին մանրամասն չխոսեմ, քանի որ որոշ համաշխարհային ընդունված ուղղություններ մեզ մոտ զարգացում չստացան: Քրիստոնյա-դեմոկրատիան լուրջ քաղաքական ուղղվածություն է, մեզ մոտ կա այդպիսի կուսակցություն, և ես կուզենայի, որ այն զարգանար և մեծ դեր գրավեր մեր քաղաքական դաշտում: Դրանից բացի, ես կուզենայի, որ այն կուսակցությունները, այն քաղաքական գործիչները, որոնք դավանում են լիբերալիզմը, համախմբվեն և ստեղծեն լիբերալ լուրջ  կուսակցություն:

Ինչ վերաբերում է մեր միավորմանը, մենք պետք է ունենանք կուսակցություն, որտեղ մարդիկ ոչ միայն կապված են կուսակցական կարգապահությամբ, այլև գաղափարներով, մենք չենք ուզենա, որ այն դառնա մեկ անձի կուսակցություն, այլ հորիզոնական, ցանցային կուսակցություն, որտեղ կլինեն ազատ մարդիկ` ազատ գաղափարներով:

Հայաստանում այս ընտրությունների ժամանակ առաջ է քաշվում է երկու մոտեցում, որը մեզ հարիր չէ: Մեկն այն է, որ մենք միայն ազգային խնդիրներ ունենք, և, բոլորս, մի թագավորի շուրջ համախմբված, պիտի պահենք ինչ որ ազգային մի բան: Սա աշխատող չէ: Աովորաբար, ով այդ ճանապարհով գնում է, ունի անձնական շահ: Մյուսը, որը ես նույնպես շատ վտանգավոր եմ համարում, մարդկանց թուլության վրա կառուցված գաղափարներն ու քարոզչությունն է: Մարդիկ ուզում են պատերազմ չլինի, լավ ապրեն իրենց երկրում, սա բոլորս ենք գիտակցում, բայց խաբե՞լ մարդկանց` ասելով, որ այս տարածաշրջանում մենք կապրենք հանգիստ, խաղաղ` չասելով, թե ինչը կորցնելու հաշվին. Ղարաբա՞ղ, ցեղասպանության ճանաչման հա՞րց... 

Մեր առաջ քաշած ծրագրերը` պահել Ղարաբաղը, Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատել` ցեղասպանության հարցը մի կողմ չդնելով, այս գլոբալ աշխարհում երկրագնդի ամեն կետում գնալ համագործակցության ու մրցակցության` ուրիշ ժողովուրդների հետ համախմբված... այս ամեն երազանք չէ, դա միակ ճանապարհն է դիմանալու: Այո, այսօր մեծ արագությամբ պետք է վազես, որ գոնե կանգնած մնաս քո տեղում:
Այդ տեսակետից մենք ժողովրդի հետ միշտ ազնիվ ենք, մենք չենք ուզում հենվել մարդկանց թուլությունների վրա, բայց մենք նաև դեմ ենք զոհաբերել մեր անձնական կյանքը, ազատությունները` հանուն այն նպատակների, որը մեզ համար կցուցադրի մի որևիցե մեկը կամ ինչ որ մարդկանց խումբ:

Երբ մենք 90թվին եկանք իշխանության, խնդիր կար: Անկեղծ ասած, սկզբում որոշ հիասթափություն ունեցա, որովհետև ես գտնում էի, որ մենք շատ առաջ կարող էինք գնալ, բայց ես տեսնում էի, որ մեր ժողովրդի մեջ այդ պայքարի հետ միասին այնուամենայնիվ ինչ որ մնացորդային բաներ կան: Ես շարժման տղաներին էլ էի ասում, որ եթե դուք հիմա շատ բարձր չափանիշներ հաստատեք, ժողովրդին կկորցնեք, պետք է ժողովրդից գոնե կես քայլ առաջ, բայց ժողովրդի հետ միասին առաջ գնալ: Ամբողջ դժբախտությունն այն է, որ այս իշխանությունը նստեց ժողովրդի թուլությունների վրա ու ամրապնդեց դրանք: Այս անգամ մենք այդպիսի բան մեզ թույլ տալ չենք կարող: Մենք անընդհատ ականատես ենք լինում այն բանին, որ ժամանակի հետ իրականությունն ու իրավիճակները չեն փոխվում...

Ես կոչ եմ անում այս քսան տարվա էջը պատվով փակել, և հպարտությամբ բացել հաջորդ քսան ամյակի էջը:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481245
477578