ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ15.02.2008  


«ԻՐԱՎՈՒՆՔ», 15 փետրվարի 2008թ.
 
     Ինչպես և սպասելի էր, նախընտրական իրադրությունը Հայաստանում մոտենում է հանգուցալուծման, և այն սպառնալիորեն մոտ է։ Ինչպիսի՞ն կլինեն դրանք. իրադարձությունները կզարգանան ընտրական տեխնոլոգիաների նախանշված ակոսո՞վ, թ՞ե կլինեն անսպասելի շրջադարձեր, հետաքրքրում է բոլորին:
 
     Տվյալ պարագայում ուշադիր աչքի համար աննկատ չեն մնում փորձված առաջնորդների անկեղծ «վրիպումները»: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի բավականին հաջող քարոզարշավի ֆոնի վրա նման վրիպումների շարքին կարելի էր դասել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի առաջարկությունը թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին. «Թող հանի թեկնածությունը, պաշտպանի Վազգեն Մանուկյանին« ամենքս համախմբվենք Վազգեն Մանուկյանի շուրջ և փոխենք վիճակը»: Որքան էլ որ այդպիսի հայտարարությունը մեկնաբանվի որպես քարոզարշավի տեխնոլոգիական հնարք, անհնար է դրա մեջ չտեսնել ընդդիմադիր դաշինքներում երկարատև համագործակցության և Վազգեն Մանուկյանի նկատմամբ ունեցած և մինչ օրս պահպանվող ՀՅԴ-ի վստահության այսօրվա արձագանքները: Հատկապես, երբ խոսքն ասվում է ահագնացող բևեռացման արդյունքում սպասվող անցանկալի լուծումների մտահոգությամբ:

     Արդեն հայտնի են բոլոր թեկնածուների հռչակած և իրենց կողմից չգաղտնազերծվող մարտավարությունները: Նախագահական ընտրությունների նույնիսկ միջազգային ստանդարտները թելադրում են գնահատականներ տալ քաղաքական վերնախավի վարքագծով պայմանավորված կանխատեսումներին: Մամուլը նույնպես ենթակա է բևեռացման և հիմնականում մեկնաբանում է զարգացումների կարծրատիպային տարբերակները: Կամա թե ակամա երկրորդ պլան է մղվում ընտրողների՝ դրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը, գրեթե անտեսվում է այն հանգամանքը, որ Հայաստանում ձևավորված և դասակարգված չեն ավանդական կողմնորոշում ունեցող ընտրախավերը: Այդպիսի շղթայական ռեակցիայով հստակ կողմնորոշված իշխանական ռեսուրսի և ընդամենը մի քանի տասնյակ հազարանոց քաղաքականացված ընտրազանգվածի առերևույթ մենամարտը հերթական անգամ սպառնում է ժողովրդի փոխարեն որոշել կարևորագույն և վճռական համապետական գործընթացների՝ նախագահական ընտրությունների ճակատագիրը:
 
     Իհարկե, պետք է հարգանքով և հանդուրժողականությամբ վերաբերվել յուրաքանչյուր թեկնածուի մարտավարությանն ու քարոզչությանը, եթե դրանցում չկան ստի, կեղծիքի և բռնության տարրեր: Անառարկելի է նաև, որ ժողովուրդն իրավունք ունի ապստամբել և քաղաքական զինանոցի բոլոր միջոցներով ընդվզել ընտրակեղծիքների դեմ: Բայց հավասարապես անընդունելի և վտանգավոր է, երբ մարդկանց մոլորեցնում են մի կողմից իշխանության թեկնածուի «անսահման հնարավորությունների», իսկ մյուս կողմից միասնական թեկնածուի բացակայության պայմաններում՝ մեկ փուլով ընդդիմության հաղթանակի մասին կեղծ հասարակական կարծիքի ձևավորումը: Վնասակար են նաև առաջին փուլի քվեարկությունից առաջ մյուս թեկնածուներին ներկայացվող ընդդիմադիր ձայների փոշիացման մեղադրանքները, քանի որ իրականում որևէ թեկնածուի տրված ոչ մի ձայն չի կորչում, ինչպես դա տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարելու դեպքում:
 
     Նախագահական ընտրությունների այսօրինակ ծայրահեղ բևեռացման սխեմաները արդյունավետ և ընդունելի են ավանդական ժողովրդավարության երկրներում, որտեղ երաշխավորված են ձայների հաշվարկման մեխանիզմները: Իսկ երբ արդեն գրեթե իսպառ սպառված են ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ միավորվելու բոլոր հնարավորությունները, ընտրական գործընթացների ծայրահեղ բևեռացումը և դրա արդյունքում ժողովրդի թեկնածուների իրական վարկանիշի աղավաղումը հավասարապես ձեռնտու են դրանք ճնշելու ընդունակ իշխանություններին և արդյունքի փոխարեն միայն դիվիդենտներ ակնկալող ընդդիմադիրներին: Դրա անունը կդնենք իշխանությունների իրագործած բռնություններ, թե գունավոր հեղափոխություն, երկուսն էլ պառակտում են հասարակությունը և կարող են հավասարապես ընդունելի համարվել միայն չարյաց փոքրագույնի տեսանկյունից: Իրականում, ընդդիմության ճամբարում իմաստավորված է միայն երկրորդ փուլ դուրս գալու համար անզիջում պայքարը: Որոշ թեկնածուներ, մյուսների հետ համագործակցելով, երկրորդ փուլի երաշխիքներ ապահովելու փոխարեն լուծում են երկրորդ տեղը գրավելու գերխնդիրը՝ մեկ փուլով հաղթած իշխանության թեկնածուի հետ իշխանությունը կիսելու նկրտումներով: Թեկնածուներից ոմանք մտահոգ են երկրորդ փուլով, սակայն անտեսում են այն կարևոր հանգամանքը, թե արդյոք կարո՞ղ են իրականում համախմբել ողջ ընդդիմադիր և դժգոհ ընտրազանգվածներն ու միասին հասնել հաղթանակի երկրորդ փուլում: Չէ՞ որ թեկնածուների միանալն ու հակադրվելը միանշանակ չէ նրանց ընտրազանգվածների թեկուզև թվաբանական համապատասխան գործողությանը:
 
     2003-ից հետո կայացած ընտրությունները ցույց են տալիս, որ իշխանություն-ընդդիմություն «մաքուր» դաշտ ժողովուրդն այլևս չի ճանաչում: Իսկ ավելի վաղ դժգոհ զանգվածը հակվում է դեպի իշխանություններին լավագույն «խոյահարողը»՝ ընտրություններից հետո արագ հիասթափվելով նրանից: Բավարար կենսամակարդակով ապրող ընտրազանգվածը, որն իրականում ձգտում է առավել օրինական և ժողովրդավարական համակարգի ձևավորման« «մենակ» մնալով մտածում է ցանկացած իշխանությունների հարմարվելու մասին: Ինչպես առաջինները, այնպես էլ երկրորդները, ունենալով միևնույն շահերը, հակադրվում են՝ քվեարկությունից առաջ հայտնվելով տարբեր բևեռներում, և երկուսը միասին ձեռնպահ են մնում հետընտրական բողոքի զանգվածային ցույցերին մասնակցելուց, իհարկե« յուրաքանչյուրը դրա համար ունենալով սեփական պատճառաբանություն:
 
     Պետականամետ կառուցողական տրամադրությունները հակադիր պատճառաբանությամբ փոխարինվում են «սրանցից ամեն գնով ազատվելու» և «փորձած թանն անփորձ մածունով չփոխելու» պարզունակ «նպատակներով»: Պետական մտածողությամբ և կայուն վարքագծով թեկնածուները մղվում են հետին պլան՝ «փող չունի», «անցողիկ չէ», «համեստ է» և նույնիսկ «չափից ավել խելոք է» պիտակավորմամբ: Մինչդեռ դասական լուծումը ընտրողի ազատ կամքի դրսևորումն է:
 
     Արդյո՞ք ուշացած չեն այս մտորումները. Արդյո՞ք անունների բացակայությունը չի արժեզրկում դրանց նշանակությունը:
     Յուրաքանչյուրս, ով կողմնորոշված է և վստահորեն ունի իր նախընտրած թեկնածուին« վաղուց ունի նաև այդ հարցերի իր պատասխանը կամ ապավինում է թեկնածուի խոհեմությանը: Առանց երկմտելու պաշտպանելով Վազգեն Մանուկյանի թեկնածությունը և նրան սատարող ուժերի հետ միասին նախընտրելով մյուսների նկատմամբ հակաքարոզչության փոխարեն մեր թեկնածուի օգտին դրական քարոզչության մարտավարությունը՝ մենք սպասում էինք հենց այս պահին: Քվեարկությունից չորս օր առաջ անցողիկ համարվող և նրանց արբանյակ թեկնածուների փոխադարձ վարկաբեկման աննախադեպ գործընթացը լուրջ մտորելու առիթ է տալիս ոչ միայն ընտրողին, այլև նույն նրանց, ովքեր այս ընթացքով շարունակելու դեպքում երկու կողմից դառնալու են անցանկալի և անորոշ զարգացումների մեղավորը:
 
     Իր պետական մտածողությամբ և կայուն կենսագրությամբ ընդդիմադիր ընտրազանգվածի ձայները ստանալու դեպքում Վազգեն Մանուկյանն այլընտրանք չունեցող այն թեկնածուն է, ով երկրորդ փուլում կարող է առանց դժվարության համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը: Երկրորդ փուլ նրա դուրս գալու դեպքում նվազագույնի կհասնի իշխանությունների ուժային միջամտության հնարավորությունը, քանի որ այդ ժամանակ միայն ոչ հեռավոր պատմական փորձը իշխանություններին կհուշի լինել առավել հանդուրժողական, չվախենալ հաշվեհարդարից և ժողովրդին չմղել անկեղծ ընդվզման:
     Իսկ Վազգեն Մանուկյանի նախագահ դառնալու դեպքում անհապաղ կսկսվեն ազգային ներուժի մասնակցությամբ կառուցողական գործընթացները:
 
ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՍԻՄ նախագահ

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492098
488176