ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ26.02.2008  


     2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո հասարակության համբերության բաժակը լցված էր:
     Կար հնարավորություն համախմբել մեր հասարակությունը, ընդիմադիր դաշտը, համերաշխության մթնոլորտում և ազգային, ժողովրդավարական, օրինականության, արդարության գաղափարների վրա հիմնվելով ձևավորել նոր որակի իշխանություն, նոր որակի Հայաստան:
     Երկիրը պատրաստ էր դրան:
     Բայց այդպես չեղավ:
     Օգտվելով համընդհանուր դժգոհությունից, որը կուտակվել էր հասարակությունում նախորդ 13 տարիների ընթացքում` ատելության ալիքի վրա առաջ մղվեց նախկին նախագահը, ստանալով իր ստեղծած համակարգում մնացած և այդ համակարգից օգտվող մարդկանց որոշակի հատվածի օժանդակությունը: Հրապարակ եկավ նոր բանաձև «ընտրեք չարյաց փոքրագույնին», որից, իրենց կարծիքով, վարպետորեն սկսեցին օգտվել նաեւ իշխանությունները: Այժմ երկու կողմերն էլ ծուղակի մեջ են, ծուղակը գցելով նաև ողջ հասարակությանը:
      Արհեստականորեն առաջ քաշված բանաձևը, որ ոչ թե ընտրվում է երկրի նախագահ, ոչ թե ընտրվում է երկրի ապագան, այլ ընտրվում է «չարյաց փոքրագույնը», «հիմնավորելով», որ միայն չարիքը կարող է կուտակել ուժ` շփոթության մեջ գցեց մեր հասարակությանը: Ժողովրդին հոգեբանորեն պարտադրվեց որոշել, թե ում միջոցով ում չեզոքացնել:
     Այդպիսի մտածողությունը ոչ մի դեպքում չի կարող նպաստել երկրի զարգացմանը, օրինականության և արդարության հաստատմանը: Դա էապես ազդեց այս ընտրությունների արդյունքների վրա: Այդ շփոթվածությունը շարունակվում է մինչ այժմ` բորբոքելով բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք ուզում են տեսնել արդարություն մեր երկրում:
     Այս մթնոլորտում տեղի ունեցան 2008 թ. նախագահական ընտրությունները, և ինչպես մինչ այժմ եղած ընտրությունները, անցան մեզ արդեն ծանոթ բազմաբնույթ, անընդունելի խախտումներով, որոնց երկիրը կործանող շղթան սկսվել է 1995 թվականից և ձգվում է մինչև այսօր:
     Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը):
     Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
     Այժմ հետընտրական պայքարը շարունակվում է:
     Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը: Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում:
                                                                                              Վազգեն Մանուկյան


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
501664
495148