ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Ղարաբաղի ճանաչումն ընդամենը հարցի մի մասն է». Վ. Մանուկյանը` ղարաբաղյան հակամարտության և Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածի մասին11.05.2016  


-Պարոն Մանուկյան, Դուք՝ որպես Ղարաբաղ կոմիտեի համակարգող և 1997 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակին կտրուկ դեմ արտահայտված գործիչ, ի՞նչ կարծիք ունեք Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղի անկախության ճանաչման հարցի շուրջ վերջին հոդվածում տեղ գտած տեսակետների վերաբերյալ: - Նախ՝ ես որևիցե նոր բան այդ հոդվածում չեմ տեսնում: Առաջին միտքը, որն արտահայտված է հոդվածում, այն է, որ աշխարհը` ի դեմս Մինսկի խմբի, արդեն իսկ հակված է ճանաչելու Ղարաբաղի ժողովրդի՝ հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու իրավունքը: Ե՛վ ես, և՛ շատերը բազմիցս նշել ենք այդ իրողությունը, ինչը չկար 90-ականների վերջին: Ի՞նչն է գաղտնիքը, ի՞նչ է փոխվել: Նախ այն, որ տասնյակ տարիներ հնարավոր դարձավ պաշտպանել Ղարաբաղի փաստացի անկախությունը, հետևողականորեն զարգացնել Լեռնային Ղարաբաղի պետականությունը աշխարհին հարիր միջոցներով` կառուցելով ժողովրդավարական պետություն: Դրա հետ միասին Ղարաբաղի ներկա սերունդն իր գիտակից կյանքն ապրել է անկախ պետությունում, և որևէ փաստաթղթով այդ կարգավիճակը չի կարող փոխվել, ինչը նաև աստիճանաբար ընկալվում է միջազգային հանրության կողմից: Ղարաբաղի անկախությունը հնարավոր եղավ պաշտպանել ռազմական հաղթանակի միջոցով, անվտանգության գոտի հանդիսացող տարածքների պահպանմամբ (որի ցանկացած մասի զիջումը ողբերգական հետևանքներ կունենար) և բանակի հզորացմամբ: Մադրիդյան սկզբունքները մի քայլ առաջ էին` նախկինում առաջարկվող փուլային տարբերակի համեմատ: Եվ ընդհանրապես ամեն մի հաջորդ առաջարկը մեզ մի քայլ ավելի առաջ է տարել` անկախ նրանից, թե դրանք մեր կողմից որքանով են ընդունելի: Հարցի կարգավորման առաջարկվող բոլոր տարբերակներում այս կամ այն ձևով անուղղակիորեն սկսել է շոշափվել Ղարաբաղի անկախության հնարավորությունը: Բայց Ադրբեջանը չի ընդունել որևէ առաջարկություն` իր առջև խնդիր դնելով ստանալ այն ամենը, ինչ կորցրել է իր իսկ կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով: Այժմ առավել, քան երբևէ, Ադրբեջանը ձգտում է այդ նպատակի իրագործմանը, քանի որ իրեն ավելի ուժեղ է զգում իր սպառազինության ծավալների շնորհիվ: Բացի այդ, Ադրբեջանն ունի Թուրքիայի մշտական աջակցությունը, որը վերջին շրջանում նաև աննախադեպ աճել է, քանի որ Թուրքիան նոր դերակատարություն է ստանձնել այս տարածաշրջանում, և Ադրբեջանին թվում է, որ կարող է այդ քաղաքականության մեջ տեղավորել նաև իր նկրտումները: Ո՞ր դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը կարող է փոխվել. երբ աշխարհը պատրաստ լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը և դա պարտադրի նաև Ադրբեջանին, կամ երբ Ադրբեջանի բոլոր ռազմական փորձերը ձախողվեն, ու հասկանա, որ ժամանակը գործում է ոչ թե իր օգտնին, այլ` մեր:
-Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացում իսկապե՞ս օգտակար կարող է լինել այն քաղաքականությունը, որի մասին հիշատակում է Լևոն Տեր-Պետրոսյանը, «անջատում հանուն փրկության» դոկտրինը: - Ի սկզբանե Ղարաբաղ կոմիտեն հարցն առաջ էր տանում` հիմնվելով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, բայց դրան զուգահեռ մարդկանց մի խումբ, որտեղ առանցքային դեմքը Զորի Բալայանն էր, առաջ էր տանում նաև այն գաղափարը, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ դա սպառնալիք է Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությանը: Այն ժամանակ այդ ուղղությունը քաղաքական շատ մեծ նշանակություն չուներ, քանի որ ավելի շատ հիմնված էր պատմական իրողությունների վրա, ոչ թե արդիական փաստերի, բացի այդ, այն ժամանակ աշխարհը դեռևս հակված չէր նմանատիպ խնդիրների լուծման գործում լրջորեն հաշվի նստել այդ հիմնավորման հետ: Հիմա և՛ աշխարհն է փոխվել, և՛ իրավիճակը: Աշխարհում կա Կոսովոյի նախադեպը, որի անկախության ճանաչման գործում որոշակի դեր է խաղացել նաև այդ գործոնը: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների վայրագություններն ու խոշտանգումները մեր զինվորների և խաղաղ բնակչության նկատմամբ, գումարվելով Սումգայիթի և Բաքվի ողբերգական դեպքերին, ևս մեկ անգամ վկայեցին, որ Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը Ադրբեջանի կազմում երաշխավորված չէ: Մենք այդ փաստերով իսկապես կարող ենք ավելի ակտիվ հանդես գալ միջազգային հարթակներում: Այո, ես կարծում եմ, որ մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է օգտագործվի այդ հնարավորությունը: -Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն այսօր ի՞նչ կտա մեզ: - Ճանաչումը բնական ձևով կարելի էր անել 1994 թվականին` զինադադարի կնքմանը զուգահեռ, և այն ընկալելի կլիներ նաև միջազգային հանրության կողմից, մանավանդ որ զինադադարի փաստաթղթի տակ կար նաև ԼՂՀ-ի ստորագրությունը: Մեր քաղաքականությունը գնաց ուրիշ ճանապարհով: Այժմ, եթե շարունակվի այն ընթացքը, երբ միջազգային հանրությունն ավելի ու ավելի հակված է ճանաչելու Ղարաբաղի անկախությունը, մեր շատ առաջ ընկնելն այդ հարցում երևի չարժե, կարելի է դեռ սպասել: Բայց հարց է առաջանում` եթե այդ ընթացքը չբերի ցանկալի արդյունք, արդյոք պետք չէ՞ առաջ անցնել և ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ՝ այո, իսկապես կարող է նման իրավիճակ ստեղծվել: Բայց նաև կարծում եմ, որ այդ իրավիճակում Ղարաբաղի ճանաչումն ընդամենը հարցի մի մասն է: Դա պետք է լինի ընդհանուր համալիրի մեջ. պետք է լրիվ նոր քաղաքականություն որդեգրել թե՛ Ղարաբաղի, թե՛ տարածքների վերաբերյալ, նոր քաղաքականություն` երկրի ներքին և արտաքին զարգացման ուղղությամբ, պետք է կրկնապատկել, եռապատկել երկրի տնտեսական և ռազմական հզորությունը, արագ կազմակերպել համաշխարհային հայկական կառույցների ստեղծման գործընթացը (այս ամենը, իհարկե, պետք է անել բոլոր դեպքերում): Այո, Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը կարող է տեղի ունենալ` կախված որոշակի հանգամանքներից և զարգացումներից, և դա կարող է մեզ համար օգտակար լինել, երբ այդ ամենի հետ մեկտեղ այս արագ փոփոխվող աշխարհում ստեղծվեն նաև որոշակի բարենպաստ պայմաններ: Զրույցը վարեց Անի Գասպարյանը
vazgen-manukyan-364x600.jpg         
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511556
502473