ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

​«Սա միայն ճանաչում չէ, սա նաև վկայություն է». Վազգեն Մանուկյան05.06.2016  


ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Անկախի խնդրանքով մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, նշեց. «Գերմանիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը սովորական երևույթ չէ: Դա Գերմանիան է` Եվրոպայի հզորագույն պետությունը, մյուս կողմից, սա պարզապես ճանաչում չէ, սա նաև վկայություն է: Եթե Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչում են, նրանք երկրներ են, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մի կողմում էին, իսկ Գերմանիան Թուրքիայի հետ միասին` մյուս կողմում: Եվ Գերմանիան, փաստորեն, վկայում է իր աչքով տեսած ցեղասպանությունը` ընդունելով դրա մեջ մեղքի իր բաժինը»:
Վազգեն Մանուկյանն ասում է, որ առհասարակ գերմանացի ժողովուրդն այդ տեսանկյունից հիացմունքի է արժանի, որովհետև պատմության ընթացքում, եթե ինչ որ մեղքի միջով անցել է, միշտ աշխատել է այդ մեղքից ազատվել` ընդունելով իր պատասխանատվությունը. «Իրենք ամենախիստը դատապարտեցին ֆաշիզմը և դրանից մաքրվեցին: Նույնիսկ, երբ սովետական համակարգը քանդվեց ամբողջ սոցիալիստական ճամբարում, գերմանացիները դատապարտեցին իրենց կոմունիստական անցյալում տեղ գտած բռնությունները, չարաշահումներն ու անարդարությունները: Եվ հենց դրանից է, որ գերմանացիներն այդքան ուժեղ են: Իրենք կարողանում են իրենց սխալներն ընդունել, մաքրվել և առաջ գնալ: Դա կարող է մյուս ժողովուրդների համար օրինակ ծառայել»: Վազգեն Մանուկյանը կարևորում է նաև այդ բանաձևի ընդունման ընտրության պահը` բարդ քաղաքական իրավիճակ` կապված փախստականների հետ, երբ Թուրքիան Գերմանիայի համար այդքան կարևոր է, մյուս կողմից` Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Եվրոպա բարդ հարաբերություններ և այլն. «Այս քաղաքական իրավիճակում սա իսկապես մեծ նշանակություն ուներ»: Մանուկյանը կարևորում է նաև բանաձևում ամրագրված հետևյալ միտքը, որ «Գերմանիայի Բունդեսթագն արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ»: «Պետք է նշել, որ նախկինում նման ձևակերպումներ` քրիստոնյա ժողովուրդ և այլն, չէին տրվում: Սա մի նոր ազդակ է` պայմանավորված աշխարհաքաղաքական ներկա իրավիճակով, Եվրոպայի ապագայի նկատմամբ նոր մտորումներով, և այդ արտահայտությունը` «հնագույն քրիստոնյա ժողովուրդ», դերակատարում ունենալու հնարավորություն է տալիս հայերին»: Մանուկյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թվում էր, թե պետք է ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացը թուլանա, սակայն 100-ամյակից հետո նման կարևոր պետության կողմից արված քայլը ապացուցում է հակառակը: «Ընդհանրապես, կարելի է զարմանալ և հիանալ նաև մեր ժողովրդով, ինչը աշխարհի շատ երկրներում են արտահայտում. անցել է այսքան տարի, սակայն ժողովուրդն այնպես է ցեղասպանության ցավը տանում, կարծես դա երեկ է եղել: Այն ոգեկոչման միջոցառումները, այն հետևողական աշխատանքը, որ տարվում է աշխարհի տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ցույց են տալիս հայ ժողովրդի յուրահատկությունը, որը պետք է հիմք ծառայի պետություն կառուցելու և համաշխարհային հայկական կառույցներ ձևավորելու դժվարին ճանապարհին»:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511554
502471