ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

​Ո՞ր դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի, Կարեն Կարապետյանը հաջողության կհասնի15.09.2016  


«Կարեն Կարապետյանը խելոք, պատրաստված մարդ է և որպես քաղաքապետ էլ իրեն դրսևորեց որպես լավ աշխատող, բայց եթե նրան չհաջողվի ձևավորել որպես միասնական նպատակներ ունեցող և որպես մի թիմ հանդիսացող կառավարություն, փոխարենը տարբեր տեղերից նախարարներ գան` աստված գիտի, թե ինչ նպատակներով, ապա այդ դեպքում դժվար թե նա կարողանա կատարել այն փոփոխությունները, որ այժմ անհրաժեշտ են Հայաստանին»,-այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդրի նախագահ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով նոր վարչապետի նշանակմանն ու նոր կառավարության ձևավորման հարցին: Համենայնդեպս, Մանուկյանը հույս հայտնեց, որ և՛ երկրի նախագահի կողմից, և՛ իշխանության տարբեր թևերում այժմ ձգտում կա մեծ փոփոխություններ իրականացնելու:
«Կապրենք` կտեսնենք,-ասաց նա,-եթե տեսնենք, որ իսկապես այդ փոփոխությունների ճանապարհին ենք կանգնել, կարծում եմ ամբողջ հասարակությունն էլ կօգնի կառավարությանը»: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչ գնահատական կտա նախորդ վարչապետների գործունեությանը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ վարչապետների գնահատականը միայն համախառն ներքին արդյունքի տոկոսի բարձրացումով կամ իջեցումով չպիտի տալ. «Վարչապետները պետք է ստրատեգիական ուղղություններ փոխեն, իսկ արդյունքները կարող են զգացվեն հաջորդ վարչապետների ժամանակ: Տնտեսությունը բավականին իներցիոն համակարգ է, և գնահատական տալն էլ` բավականին բարդ»: Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ կան տնտեսության առջև ծառացած, որոնք, ըստ Մանուկյանի, նոր կառավարությունը պետք է լուծի. «առաջին խնդիրը ներդրումներն են: Եթե ներդրումներ չկան, տնտեսության մեջ փող չի դրվում, ոչ մի արդյունք էլ չես կարող ստանալ: իսկ ներդրումները պետք է լինեն ներքին և արտաքին»: Մանուկյանի խոսքով` Հայաստանում կան մարդիկ, որոնք միլիոնավոր դոլարներ են աշխատում, բայց երկրի ներսում շատ չնչին ներդրումներ են կատարում: Ինչ վերաբերում է արտաքին ներդրումներին, դա նույնպես չկա, քանի որ Հայաստանը համարվում է ոչ հուսալի երկիր, և եթե այդ հարցը չլուծվի, ապա երկիրն առաջ գնալ չի կարող: «Այսինքն, վարչապետը պետք է ապահովի ներքին ներդրումները, ինչը կխրախուսի նաև արտաքին ներդրումները»: Երկրորդ հարցը, ըստ Մանուկյանի, ազատ մրցակցային տնտեսության ապահովելն է, որտեղ կարևոր դերակատարում ունեն նաև հարկային-մաքսային ոլորտի բարեփոխումները. «Այդ ոլորտում պետք է աշխատեն ազնվագույն, երկրին նվիրված մարդիկ և ամեն մի հանցագործության համար պատժվեն, իսկ հիմա էդ ոլորտը դարձել է հարստանալու տեղ: Այսպիսի հարկային-մաքսային համակարգով մենք առաջ գնալ չենք կարող»: Տնտեսության առաջընթացի ապահովման երրորդ կարևորագույն պայմանը, ըստ նրա, դատական համակարգն է, և եթե մարդը չկարողանա իր իրավունքները դատարանով պաշտպանել, ապա որևէ զարգացում երկրում տեղի ունենալ չի կարող: Տնտեսության ամենալուրջ խնդիրներից մեկն էլ փոքր շուկան է, որը մեծացնելը նույնպես պետք է դառնա նոր կառավարության առաջնահերթ անելիքներից մեկը: Այդ առումով ԵԱՏՄ շուկան նույնպես մշուշոտ հեռանկարներ է տալիս: «Եվ այդ ամենի հետ զուգահեռ կառավարությունը պետք է հստակ ծրագրեր իրականացնի բոլոր ոլորտներում, իսկ այդ ամենը իրականացնելու համար, ինչպես արդեն նշեցի, Կարեն Կարապետյանը պետք է կարողանա միասնական նպատակների շուրջ թիմ ձևավորել: Կկարողանա՞ նոր վարչապետը ստեղծել այդպիսի թիմ, դժվարանում եմ ասել»: Հարցին, թե արդյոք արժե՞ր, որպեսզի Հայաստանը միանար Եվրասիական տնտեսական միությանը, Վազգեն Մանուկյանը նշեց, որ եթե հնարավոր լիներ, ապա շատ ավելի լավ կլիներ խուսափել որևէ կառույցի մեջ ներգրավվելուց: Առհասարակ, նա գտնում է, որ ցանկացած միության մեջ մտնելով` պետությունը իր անկախությունից մի մասնիկ կորցնում է, և այսօր 20-րդ դարի սուվերենությունն ու անկախությունը այլևս աշխարհում գոյություն չունեն: «Բոլորն էլ իրենց անկախության մի մասնիկը զոհաբերում են` անկախ նրանից` Եվրամիություն է, թե Ավրասիական միություն: Այո, մտնելով ԵԱՏՄ, մենք ոչ միայն ենթարկվում ենք միության անդամ երկրներին պարտադրվող օրենքներին, այլ երբեմն էլ մեր ապաշնորհության պատճառով ավելին ենք տալիս, քան պահանջվում է» Ըստ Մանուկյանի, այս տարիներին Հայաստանն ասես փորձել է միշտ դուր գալ Ռուսաստանին կամ Եվրոպային. «Քեզ էլ եմ սիրում, նրան էլ եմ սիրում, քո ասածն էլ կանեմ, նրա ասածն էլ կանեմ: Տնտեսության բավականին մեծ ոլորտներ տվեցինք Ռուսաստանին, բա ի՞նչ ենք կարծում, Ռուսաստանը չպիտի՞ փորձի իր կամքը թելադրել»: Բայց մյուս կողմից, Մանուկյանը գտնում է, որ մամուլում չափազանցված են ներկայացվում անկախության մասնիկի կորստի մասին պատկերացումները:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481217
477550