ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

​«Եթե պատերազմ լինի, պատրաստ եմ բանակը ղեկավարել».Վազգեն Մանուկյան15.09.2016  


Ին՞չ կաներ, եթե առաջարկ ստանար կրկին ստանձնել Պաշտպանության նախարարի պաշտոնը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին լրագրողներից մեկն այսօր այս հարցով անակնկալի բերեց: Մանուկյանն էլ հիշեց, որ նման խոսակցություն ժամանակին ունեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Ազգային ժողովի նախագահի մասին խոսք գնաց, հետո պաշտպանության նախարարի և այն: Ես ասացի, որ կարող եմ պաշտպանության նախարար լինել միայն պատերազմի ժամանակ, և եթե պատերազմ լինի, ապա պատրաստ եմ բանակը ղեկավարել, բայց եթե պատերազմ չկա, դա իմ գործը չէ, ես քաղաքական գործիչ եմ»: Հետո Մանուկյանը վերհիշեց ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ ունեցած մի զրույց. «Խոսում էինք, ես ասացի, որ ինձ համար իշխանությունը սարսափելի բան է, դա նախևառաջ անձնազոհություն է: Ասացի` 2 անգամ եմ եղել իշխանության մեջ. մի անգամ վարչապետ` հեղափոխության ժամանակ, մի անգամ էլ պաշտպանության նախարար` պատերազմի ժամանակ, ու երկու անգամ էլ սարսափով եմ հիշում իշխանության մասին: Զրուցակից ասաց` ա՛յ որ երկար մնայիր, քաղցրությունն էլ կզգայիր...»:
Որպես պաշտպանության նախկին նախարար անդրադառնալով Ղարաբաղյան հիմնահարցին և ապրիլյան քառօրյա պատերազմին` Վազգեն Մանուկյանը նախ հիշեց, որ 1994 թվականի զինադադարից հետո միջազգային հանրության կողմից դրվեց կոնկրետ հարց` Ղարաբաղը պետք է դուրս գա այն տարածքներից, որոնք իր ենթակայության տակ չեն, և պետք է որոշվի ԼՂՀ կարգավիճակը. «Բնականաբար, այն ժամանակ Հայաստանը չէր կարողանա հայտարարել, որ ոչ մի թիզ հող չի տա և այլն: Հայաստանն ասաց, որ մենք կգնանք փոխզիջման, եթե փոխարենը ընդունվի Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանը չընդունեց` ասելով, որ ոչ մի զիջման չի գնա: Դրանից հետո Հայաստանը պետք է կանգ առներ, պետք է ասեր` մինչև Ադրբեջանը չընդունի ԼՂՀ անկախության իրավունքը, զիջումների մասին խոսք գնալ չի կարող լինել»: Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմին, ապա Մանուկյանի խոսքով` այս պատերազմը ցույց տվեց, որ մեր բանակը սպառազինության տեսանկյունից այնպիսին չէ, ինչպիսին կուզենայինք, որ լիներ. «Այո, ժողովուրդը, զինվորը, երիտասարդությունը նույն ոգևորությամբ կպաշտպանեն հողը, բայց ժամանակակից տեխնիկայի առումով մենք բավականին հետ ենք: Հիմա, կարծես, որոշակի փոփոխություններ տեղի են ունենում: Ռազմարդյունաբերական համալիրի նոր ղեկավարի նշանակումը ևս հույս է ներշնչում, ասում են` պատրաստված մարդ է: Այսինքն, որոշակի դասեր իշխանությունները, կարծես թե քաղեցին»: Լրագրողներից մեկն էլ Մանուկյանից հետաքրքրվեց, թե չի՞ ցանկանում, արդյոք, վերադառնալ դասախոսական աշխատանքին, քանի որ նրա դասախոսություններն իր ուսանողները մինչ օրս մեծ երանությամբ են հիշում: Մանուկյանը վերհիշեց դպրոցական տարիները, երբ 8-րդ դասարանում առաջին անգամ մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում առաջին տեղը գրավեց, թերթերն անդրադարձան դրան, և բոլորը մտածում էին, որ ինքը մաթեմատիկայի ճանապարհով է գնալու, բայց երբ 60-ականներին Ցեղասպանության հարցը սկսեց բարձրանալ, ինքն ու ընկերները, շարունակելով մնալ մաթեմատիկոս և աշխատել այդ ոլորտում, սկսեցին զբաղվել քաղաքականությամբ` երազելով անկախ Հայաստանի մասին: Ինչ վերաբերում է դասախոսական գործունեությանը, ապա նա անկեղծացավ, որ եթե հիմա իրեն հարցնեն, թե աշխարհում ամենակարևոր բանը որն է, նա կպատասխանի` գիտությունը: «Միակ բանը, որ մարդկությունն անընդհատ կուտակում է, դա գիտությունն ու տեխնոլոգիաներն են, և դրանից ավելի կարևոր բան չկա: Շատ անգամ եմ երազում նորից գիտությամբ զբաղվել, բայց ոնց որ թե գնացքն արդեն գնացել է»-ծիծաղելով ասաց Վազգեն Մանուկյանը:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491459
487548