ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը». Վ. Մանուկյան28.09.2016  


Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ էջերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ճակատագրական ջրբաժան գծեցին Հայաստանի պատմության մեջ` նորանկախ երկիրը տանելով բոլորովին այլ ուղիով: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը` դառնալով չարիք, պետության զարգացման ու առաջընթացի խոչընդոտ: Շատերը գուցե խորությամբ չեն էլ գիտակցում 1996-ին իշխանությունը կեղծիքների գնով պահելու հետևանքները պետության հետագա ընթացքի վրա, սակայն դա մի հարված էր, որից Հայաստանը ուշքի չի գալիս մինչ օրս: Իհարկե, 1996-ի իրական գնահատականը կտա ժամանակը, իսկ այսօր մենք կփորձենք այդ օրերի մեկնաբանությունը ստանալ մի մարդուց, որն այդ ամենի կիզակետում ու թիրախում է եղել: 1996 թվականին ընդդիմությունը միավորվեց լուրջ հակակշիռ դառնալու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու դարձավ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերհիշելով 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները` Մանուկյանը մեծ ցավ է ապրում, քանի որ այն ժամանակվա իշխանությունները, փաստորեն, տեր չկանգնեցին 88-ի շարժման՝ ազատ, արդար ու առաջադեմ երկիր ստեղծելու գաղափարներին: «Սա ամենևին էլ անձնական խնդիր չէ,- ասում է նա,- 1996 թվականին ժողովուրդը հասկացավ, որ խաբված է, և այդ կարծիքը մինչ օրս չի փոխվել: Ոչ թե ինձնից խլեցին նախագահ դառնալու իրավունքը, այլ ժողովրդից խլեցին իր ձայնի իրավունքը: Ժողովուրդը կոտրվեց, հասկացավ, որ այդ երկիրն իրենը չի: Կոտրվեց այն գաղափարը, որ մենք 88 թվից ժողովրդի մեջ մտցրել էինք, որ էս հողը ձերն է, էս պետությունը ձերն է, ամեն ինչ ձերն է: Եվ դրանից հետո արտագաղթի մեծ ալիք բարձրացավ, ժողովրդի մի հսկա հատված, որը պայքարող էր ու առաջադեմ, հիասթափված թողեց-գնաց: Ու դրանից հետո հիասթափությունը գնալով խորացավ: Այն, ինչ արեցին իշխանությունները 1996 թվականին, պատմական հանցագործություն էր մեր պետության դեմ»:
Երբ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ տվյալները կեղծվել են, ընդդիմությունը պահանջեց վերահաշվարկ կատարել: Պետք է ընդգծել, որ Վազգեն Մանուկյանը չհայտարարեց, թե ինքն է հաղթել ու ինքն է նախագահ: Հարցն ուրիշ ձևով դրվեց` յուրաքանչյուր ընտրատարածքից պատահականության սկզբունքով քվեատուփերից մի քանիսը բացել և վերահաշվարկ անել, ու եթե վերահաշվարկի արդյունքները չհամապատասխանեն հայտարարված արդյունքներին, ապա պետք է նոր ընտրություններ կազմակերպել կամ գնալ երկրորդ փուլի: Սեպտեմբերի 25-ին բազմահազարանոց հանրահավաք էր` ընդդեմ կեղծված ընտրությունների: Ցուցարարները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց, քանի որ այնտեղ էր գտնվում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վազգեն Մանուկյանը ներս մտավ Ազգային ժողովի շենք, որպեսզի բանակցի ԿԸՀ-ի նախագահի հետ մի քանի քվեատուփ բացելու ու վերահաշվարկ կատարելու հարցի շուրջ: Բանակցության գնալուց առաջ Վազգեն Մանուկյանը դիմեց իր թիմակիցներին. «Եթե 20-30 րոպեից չվերադառնամ, կգաք իմ հետևից»: Հետագայում դա դարձավ թևավոր խոսք: Արդեն հումորով հիշում է, որ դեպքերից մի ամիս անց երևանյան խանութներից մեկի սեփականատիրոջը կանչել են հարկային, և նա աշխատակիցներին ասել է. «Եթե կես ժամից չվերադառնամ՝ եկեք իմ հետևից»: Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Մանուկյանն այդ կոչն արեց, ի՞նչ էր դա իրականում նշանակում: «Այդ ժամանակվա իրավիճակը պահանջում էր նման բան: Ես ուզում էի, որ իշխանությունները հասկանան՝ կա ժողովրդի ճնշում, սպառնալիք, և իրենք պետք է ժողովրդի պահանջը կատարեն ու բացեն քվեատուփերը: Բայց ինչ-որ ժամանակ անց պրոցեսը վերահսկողությունից դուրս եկավ: Անկեղծ ասած, ես մտածում էի, որ ժողովուրդը կգա, բայց կարծում էի` կգա դարպասների վրայով, ոչ թե դարպասները կոտրելով: Դա անհնարին էր թվում»: Թվում էր անհնար, սակայն ժողովրդի ցասումն այլևս անկառավարելի էր: Երբ Մանուկյանը ներսում բանակցում էր, իսկ ցուցարարները կոտրում էին ԱԺ դարպասներն ու մտնում շենքի տարածք, Աժ նախագահ Բաբկեն Արարքցյանը զանգում է Մանուկյանին` հայտնելով, թե դրսում ինչ է կատարվում: Արարքցյանն ուզում է դուրս գալ շենքից և հանգստացնել ցուցարարներին, բայց Մանուկյանը հորդորում է չգնալ այդ քայլին, քանի որ լավ էր պատկերացնում հետևանքները: Նա խորհուրդ է տալիս Արարքցյանին շենքից հեռանալ, սակայն վերջինս որոշում է դուրս գալ, իսկ հետևանքները հայտնի են բոլորին... Իհարկե, պաշտոնյաներին ծեծի ենթարկելը Վազգեն Մանուկյանը ցավալի իրողություն է համարում: Ասում է, որ դեպքերից հետո երկար մտորել է, թե ինչ կարող էր անել այդ ամենը կանխելու համար. «Մտածում էի` միգուցե ճիշտ կլիներ, եթե ընտրություններից առաջ հանդիպեի Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Սարգսյանի, Բաբկեն Արարքցյանի հետ և բացատրեի, որ եթե ես հաղթեմ, ապա տեղի կունենա սահուն իշխանափոխություն, իսկ եթե իրենք, ապա ես կշնորհավորեմ նորընտիր նախագահին, և երկիրը կգնա իր հունով: Բայց ամիսներ անց մի առիթով հանդիպեցի Դավիթ Շահնազարյանին, ու երբ նրան ասացի այդ ամենի մասին, ասաց, որ դա ոչ մի օգուտ չէր տա, քանի որ ես լավ չեմ պատկերացնում ներքին մթնոլորտը, թե որքան մեծ է նրանց՝ իշխանությունը պահելու ձգտումը»: 1996 թվականին ժողովրդի ցասումը Վազգեն Մանուկյանը համարում է բնական և ճիշտ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի դարպասները կոտրելուն, շենքի տարածք մուտք գործելուն և մյուս իրադարձություններին, ապա նա նշում է, որ ցույցի մասնակիցներից շատերն անգամ կոչ էին անում գնալ, գրավել նախագահական նստավայրը և այդ ձևով իշխանություն փոխել, ինչին ինքը կտրականապես դեմ էր. «Ես դեմ էի, քանի որ այդ ամենը հանգեցնելու էր արյան, եթե անգամ դրանից հետո իշխանությունները ստիպված հեռանային և արյան վրա կառուցվեր նոր իշխանությունը, ապա դա չարիք կդառնար մեր ժողովրդի համար: Դա լինելու էր հարամ իշխանություն, մանավանդ որ պատերազմը նոր էր ավարտվել, և ես` որպես պաշտպանության նախկին նախարար, լավ գիտեի, թե ինչ է կատարվում սահմաններում»: Մանուկյանն այսօր կարծում է, որ վերահաշվարկ պահանջելու իր քայլը ճիշտ էր` անկախ բոլոր հետևանքներից, և եթե ինքը չգնար այդ քայլին, ապա պատմությունն էլ իրեն չէր ների. ժողովուրդն իրեն ձայն էր տվել, իր հետ հույսեր կապել, և ինքը չէր կարող քայլեր չձեռնարկել ժողովրդի ձանը պաշտպանելու համար: «Ես ի՛նձ չէի պաշտպանում, ես ժողովրդի ձայնն էի պաշտպանում»: Այնուամենայնիվ, և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը 1996 թվականի սեպտեմբերի 25-ի իրադարձությունների ժամանակ բավականաչափ խոհեմություն դրսևորեցին` կանխելու արյունահեղությունը: «Ես ինքս կազմակերպեցի, որ Ազգային ժողովի տարածքից ժողովուրդը դուրս գա, չնայած այդ ժամանակ արդեն կրակում էին: Ժողովրդին տարանք Ազատության հրապարակ, որ բախում տեղի չունենա: Մենք արդեն ավելի շատ ժողովրդին հանգստացնողի դերում էինք: Ես, իմ ամբողջ ընտանիքը` կինս, երեխաներս, անընդհատ այնտեղ էինք: Այնտեղ էին նաև ընդդիմադիր գործիչներն իրենց ընտանիքներով: Մենք փորձում էինք իրավիճակը վերահսկել, մարդկանց հանգստացնել, և փառք Աստծո` զոհեր չեղան»: Համեմատություններ անցկացնելով 1996-ի և 2008-ի դեպքերի միջև` Մանուկյանը կարծում է, որ եթե մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ ցուցարարների կողքին, ոչ թե տանը, և փորձեր վերահսկել իրավիճակը, հնարավոր է` զոհեր չլինեին: «2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը պարտավոր էր լինել ժողովրդի հետ և զսպվածություն մտցնել, ոչ թե թողներ, որ որոշ անհավասարակշիռ մարդիկ անեին գործողություններ, որոնք նման արյունալի դեպքերի հանգեցրին: Հիմա ես չեմ կարող ասել, թե ով առաջինը կրակեց, ոնց ամեն ինչ սկսվեց, բայց փաստն այն է, որ չխուսափեցինք զոհերից»: Մանուկյանի խոսքով՝ հեղափոխական շարժումների մեջ, ինչպես թիթեռներն են գնում լույսի ուղղությամբ, միշտ էլ հայտնվում են մարդիկ, որոնք հաջողության չեն հասել տվյալ հասարակարգում, վիրավորված են ներկա իշխանություններից և գալիս են ոչ թե նորը կառուցելու, այլ վրեժ լուծելու հնից: «1988 թվին, երբ հեղափոխական շարժումը սկսվեց ու ես որոշ ժամանակ անց ղեկավարում էի «Ղարաբաղ» կոմիտեն, պետք էր նոր մարդկանց ներգրավել, և ես իմ առջև մի խնդիր դրեցի. «Ղարաբաղ» կոմիտեում պետք է ներգրավվեն մարդիկ, որոնք ոչ միայն հայրենասեր են, խելացի և այլն, այլև տվյալ հասարակարգում իրենց տեղն ու դերն են ունեցել, ոչ թե վիրավորված են, նեղացած: Օրինակ՝ ես աջակցեցի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ներգրավվի «Ղարաբաղ» կոմիտեում: Նա աշխատում էր Մատենադարանում, գիտքարտուղար էր, դոկտոր և այլն, նույնն էլ Բաբկեն Արարքցյանը, որ ամբիոնի վարիչ էր, շատ հարգված մաթեմատիկոս, Դավիթ Վարդանյանը լավ ֆիզիկոս էր, և այլն: Այսինքն՝ մարդիկ, որոնք հաջողակ էին և պետք է ավելի շատ մտածեին ապագա կառուցելու մասին, քան վրեժ լուծելու»: Զուգահեռներ անցկացնելով 2003 թվականի նախագահական ընտրությունների հետ, երբ հայտարարվեց, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթել է, ու ժողովուրդը հավաքվեց ԿԸՀ շենքի մոտ` չընդունելով ընտրությունների արդյունքները, Վազգեն Մանուկյանն ընդգծում է, որ Ռոբերտ Քոչարյանը գոնե 2-րդ փուլի գնալու բավականաչափ տղամարդկություն ունեցավ: Իսկ 1996 թվականի դեպքերի մեջ Մանուկյանի համար ամենազարմանալին ոչ թե այն էր, որ դարպասները կոտրեցին և այլն, այլ որ իշխանությունը փորձեց ամեն գնով պահել իշխանությունը, այն իշխանությունը, որն իբրև ժառանգություն ստացել էր շարժումից: Ի՞նչ եղավ սեպտեմբերի 25-ի իրադարձություններից հետո: Բանակն առաջին անգամ մտավ Երևան: Դա Մանուկյանի համար ծանր հարված էր, քանի որ կանգնած լինելով բանակի ստեղծման ակունքներում, տարած լինելով բանակը հաղթանակների՝ նա համոզված էր, որ բանակը չպետք է խառնվի ներքաղաքական կյանքին, ու հանկարծ տեսավ, թե ինչպես իշխանությունները բանակը հանեցին ժողովրդի դեմ: Մանուկյանի խոսքով` դա նույնպես հանցագործություն էր, քանի որ բանակը քաղաք մտնելու և քաղաքականությանը խառնվելու իրավունք չուներ: Այնուհետև տեղի ունեցան խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ: Այնուամենայնիվ, ընդդիմությունը փորձեց պայքարել մինչև վերջ: Վազգեն Մանուկյանը մեր ժողովրդի պատմության կարևոր էջ է համարում նաև այն, որ առաջին անգամ ընդդիմությունն ընտրություններից հետո դիմեց Սահմանադրական դատարան, որ վեճը լուծվի ոչ թե փողոցում, այլ Սահմանադրական դատարանում: Ընդդիմությունը Սահմանադրական դատարան մտավ ոչ թե մի քանի էջանոց գրությամբ, ինչպես դրանից հետո է արվում, այլ հատորներով, մանրամասն վկայություններով ամեն տեղամասից: Լևոն Տեր-Պետրոսյանը չզիջեց աթոռը, սակայն ընդդիմությունը լավ էր գիտակցում, որ իշխանությունը ստացավ մի հարված, որին երկար դիմանալ չի կարող: Եվ, փաստորեն, 1 տարի 5 ամիս անց Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: Այսինքն՝ ընտրողների ցանկությունը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հեռանա և գա նոր իշխանություն, մասամբ կատարվեց` անկախ նրա հրաժարականի պատճառաբանություններից: Վազգեն Մանուկյանը ընդգծում է` Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց իր իսկ թիմակիցների պահանջով: «Մինչ այդ նրա շրջապատն ամեն ինչով պարտական էր զգում Լևոն Տեր-Պետրոսյանին. նա օրինական ընտրությամբ էր եկել իշխանության, նրան ընդունում էր նաև արտաքին աշխարհը` որպես լեգիտիմ նախագահի և այլն: Բայց 1996 թվականից հետո իրավիճակ փոխվեց. փաստորեն արդեն ոչ թե իր շրջապատն էր պարտական, այլ ինքն էր պարտական շրջապատին, քանի որ նրանք էին իրեն դարձրել նախագահ: Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն չէր ընդունվում նաև ժողովրդի կողմից, և նրա լեգիտիմությունը խախտված էր միջազգային ասպարեզում: Հասկանալի էր, որ նա ուշ թե շուտ հեռանալու է»: 1996 թվականին ժողովուրդը, որն անցել էր հեղափոխության միջով, ավելի գաղափարական էր, հանկարծ հասկացավ, որ օրինական ճանապարհով հնարավոր չէ իշխանություն փոխել, բայց միևնույն է, համոզված էր, որ գոնե հաջորդ ընտրությունների միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան փոխել: Սակայն այդ հավատն ամեն ընտրությունից հետո ավելի ու ավելի նվազեց: «1990 թվականին իշխանություն ձևավորեց շարժումը, և իշխանությունն այդ շարժումից ստացավ նաև ժառանգություն` ընտրություններ կազմակերպելու, նոր գաղափարախոսություն և այլն: 1995-96 թվականներին դա կոտրվեց: Եթե 1996 թ. իշխանությունը քվեատուփերը բացելու կամք ունենար, համոզվեր, որ ընդդիմությունը հաղթել է, և գնար երկրորդ փուլի կամ նոր ընտրություններ կազմակերպեր կամ էլ ընդհակառակը` եթե ապացուցեր, որ իրենք են հաղթել (ինչն, իհարկե, անհնարին կլիներ), ապա ընդդիմությունը կընդուներ այդ հաղթանակը, և մեր երկիրը կգնար դեմոկրատական ճանապարհով, ու չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը»: Ամեն ինչի հիմքերը դրվեցին 1996-ին»,-համոզված է Վազգեն Մանուկյանը: Նա վերհիշում է Չինգիզ Այթմատովի վեպերից մեկի վերնագիրը` «И дольше века длится день» («Եվ դարից երկար է ձգվում օրը»)` ասելով. «1996 թվականի այդ օրը մինչև հիմա շարունակվում է»: 1996 թվականի՞ն էր հանրային դժգոհությունն ավելի մեծ, 1999-ի՞ն, 2008-ի՞ն, թե՞ 2016-ին: Վազգեն Մանուկյանը չի կարող որոշել, բայց մի բան հստակ է` 1996 թվականից հետո ժողովրդի մեջ երևան եկավ մի սխալ գաղափար, որ եթե ընտրության միջոցով իշխանությունը չի փոխվում, ապա այլ ճանապարհներով պետք է փոխել: «Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, միակ ճանապարհը համառորեն գաղափարական, ազնիվ, նվիրյալ մարդկանցով քաղաքական մեծ ուժեր ձևավորելն է և ընտրությունների միջոցով իշխանություն փոխելը: Երբ կարդում ես Միացյալ Նահանգների 30-ականների պատմությունը, Նյու Յորքում ընդհանրապես բոլոր ընտրություններն են կեղծվել: Բայց, վերջիվերջո, 50-ականներից հետո ԱՄՆ-ի ընտրական համակարգն այնքան կայացավ, որ եթե անգամ չնչին կեղծիքներ էլ լինեն՝ դեր չեն խաղա: Կարելի է բերել տասնյակ այլ երկրների օրինակներ, որոնք երկար ժամանակ փորձել են արդար ընտրություններ կազմակերպել, մինչև որ դա իրենց հաջողվել է: Ա՛յ, եթե 1996 թվականին ընտրությունները չկեղծվեին, անկախ նրանից` ես կլինեի նախագահ, թե մեկ ուրիշը, այդ մեխանիզմը կսկսեր գործել: Իսկ եթե մենք այդ մեխանիզմը չվերականգնենք՝ խնդիրը երբևէ չի լուծվի: Ասենք թե մարդկանց մի խումբ եկավ և իշխանությունը զենքով փոխեց: Իսկ ո՞վ ասաց, որ նրանք ավելի խելոք, պատրաստված ու ազնիվ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանն ու Վազգեն Սարգսյանը: Հիմա այդ մակարդակով գործիչներ նույնիսկ ընդդիմադիր դաշտում չկան: Բայց եթե նրանք չդիմացան իշխանությունը պահելու գայթակղությանը, մյուսները կդիմանա՞ն: Այսինքն՝ պետք է արդար ընտրությունների մեխանիզմն աշխատացնել, հակառակ դեպքում միշտ կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու»,- ասում է Վազգեն Մանուկյանը: Հ.Գ. Տարիներ անց ՀՀՇ-ի 2 կարկառուն ներկայացուցիչներ խոստովանեցին, որ 96-ի ընտրությունները կեղծվել են: Նրանցից մեկն այն ժամանակվա գլխավոր դերակատարներից էր` Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, մյուսը` ԱԺ փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: «Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրա՞ստ է երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որպատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգել: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասկածներչունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ…»,-1998թ. Հ1հեռուստատեսությամբ ,Մարդու ժամանակըե հաղորդաշարի ժամանակ պատմում է Վանո Սիրադեղյանը: Իսկ 2011 թվականին, Անկախության 20-ամյակի առթիվ խորհելով, Կարապետ Ռուբինյանը գրում է. «Եթե ես և մյուսները ժամանակին սկզբունքայնություն ու համարձակություն ցուցաբերած լինեինք ու կարողանայինք «հիմնադիր» նախագահին ու նրա հետնասենյակում երկրորդ փուլ լինել-չլինելու հարց որոշող «հզորներին» ասել պարզ մի միտք` «պարտվել ենք` գործենք ըստ օրենքի», ապա հաստատ ա՛յլ Հայաստանում էինք այսօր ապրելու...»:
32447_large.jpg         
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
501669
495153