ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Ի՞նչ էին նշում ու ի՞նչ էին հիշում ԱԺՄ-ականները` 20 տարի անց հավաքվելով մի սեղանի շուրջ. լուսանկարներ 25.09.2016  


Օրեր առաջ ԱԺՄ կուսակցության անդամները կուսակցական ընկերներից մեկի` Վահան Հակոբյանի ամառանոցում մեծ հավաքույթ էին կազմակերպել՝ նշելու Անկախության 25-ամյակը և հիշելու 1996 թվականի սեպտեմբերի նախագահական ընտրություններն ու դրան հետևող դեպքերը 20 տարվա հեռավորությունից:Հավաքույթին մասնակցում էին ոչ միայն նախկին ու ներկա ԱԺՄ-ականներ, այլև 1996-ի միասնական ընդդիմության ներկայացուցիչներ:
Ներկա էին ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, նախկին ԱԺՄ-ական, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատգամավար Ռուբեն Հակոբյանը, որ 96-ին ՀՅԴ անդամ էր, նախկին ԱԺՄ-ական, այժմ հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը, ԱԺՄ նախկին անդամներ Դավիթ Վարդանյանը, Լյուդվիգ Խաչատրյանը և ուրիշներ:Հավաքույթը ոչ միայն իրար հանդիպելու, անցյալը կարոտով հիշելու և բաժակ բարձրացնելու առիթ էր, այլև 20 տարի առաջ տեղի ունեցած դեպքերին և Հայաստանի ներկա իրավիճակին գնահատական տալու հնարավորություն: ԱԺՄ նախկին կարկառուն ներկայացուցիչ Արշակ Սադոյանը, որ այս 20-25 տարիների ընթացքում թե քաղաքական ամբիոնում և թե սեղանի շուրջ այդպես էլ չկորցրեց իր ելույթի ոճն ու բարձր ձայնը, խմեց սեղանի շուրջ հավաքվածների կենացը` ասելով, որ իրենք կարող են հպարտանալ այն ամենով, ինչ արել են մեր երկրի համար: «Բայց եթե այսօր էս եռանդով, էս հավեսով, էս էներգիայով էստեղ ենք, ուրեմն դեռ էլի կարող ենք ինչ-որ բան անել: Ես ձեզ առաջարկում եմ վերականգնել ԱԺՄ-ի ավանդույթները, հիմա մենք մի մեծագույն գործ ունենք կատարելու, ավելի մեծ, քան 96 թվին էր: Մենք հնարավորություն ունենք աշխարհով մեկ ստեղծելու ազգ-պետություն: Որևիցե խնդիր չկա, ի՞նչն է մեզ խանգարում, որ բոլորս մեր էներգիայի գոնե մի մասը ներդնենք այս գործի մեջ»,- իրեն բնորոշ տոնայնությամբ հայտարարեց Սադոյանը:Հավաքվածները Սադոյանի բուռն կենացին արձագանքեցին ծափերով ու ծիծաղով, բայց Վազգեն Մանուկյանը, շարունակելով ընկերոջ միտքը, պարզաբանեց, որ նրա առաջարկած համաշխարհային-ազգ կազմակերպության գաղափարը ոչ թե պարզապես կենաց-բարեմաղթանք է, այլ ողջ հայությանը մեկ միասնական կառույցի շուրջ համախմբելու իրական հնարավորություն: «Այդ գաղափարը մենք առաջ էինք տանում դեռ այն տարիներին,- հիշեցրեց ԱԺՄ ղեկավարը,- հիմա ներկա իշխանությունները Ցեղասպանության 100-ամյակի շրջանակներում այդ մասին խոսեցին: Կհաջողվի՞ նման կառույց ստեղծել ու համախմբել ողջ հայությանը, տեսնենք, բայց ես ուզում եմ խմել համաշխարհային հայկական կառույցների կենացը, որովհետև հիմա աշխարհում մրցակցությունն ամենուր է, ու ոչ միայն պետություններն են մրցում, այլև աշխարհով մեկ սփռված ազգերը: Մեր պետությունը, մեր ժողովուրդը պետք է իր առջև դնի մեծ երազանքներ ու մեծ նպատակներ, բայց այդ ամենը իրագործելու համար պետք են նաև հզոր համահայկական կառույցներ: Հայ ազգը մեծ ներդրում է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, և հիմա մենք պետք է կարողանանք շարունակել այդ դերակատարությունը: Ո´ղջ լինեք»,- խոսքը կենացով ամփոփեց Վազգեն Մանուկյանը:Երբեմնի ամենաակտիվ ԱԺՄ-ական Շավարշ Քոչարյանը, բաժակ բարձրացնելով հին ընկերների համար, ասաց. «Իսկապես, այն, ինչի վրա խարսխված էր մեր պայքարը, դրա տակ շատ խոր ու շատ ճիշտ իմաստ կար: Ու էն, ինչ որ հիմա մեր երկրում իրականացվում է շատ անգամ դանդաղ, շատ անգամ ոչ ճիշտ, իրականանում է, որովհետև մենք ի սկզբանե ճիշտ էինք: Ես ուզում եմ խմել մեր երկրի ապագայի հիմքը դնողների կենացը»:Հավաքույթին նաև երիտասարդներ կային, որոնց համար 1996 թվականը հեռավոր պատմություն էր, և նրանք մի քիչ զարմանքով էին լսում 20 տարվա վաղեմության դեպքերը, որոնք ներկաների համար ասես երեկ լինեին: Երիտասարդության հանդեպ հատուկ վերաբերմունք ունեցող Մանուկյանը, խմելով երիտասարդների կենացը, հույս հայտնեց, որ այն, ինչ չհաջողվեց կամ մասամբ հաջողվեց իրենց, կկարողանան լիարժեք իրականացնել նրանք. «Մենք իրենց թողնում ենք մշտական «բնակարան»՝ անկախ Հայաստան, թողնում ենք մեր ձեռքբերումները, թողնում ենք նաև մեր սխալները, որոնց վրա սովորելով՝ կարող են գնալ առաջ: Ու ես հավատում են, որ նրանք կգնան առաջ: Ապրիլյան պատերազմը ևս դա ապացուցեց»:Դեպքեր, իրադարձություններ, դեմքեր ու գործողություններ: ԱԺՄ-ականներն ամեն ինչ հիշեցին ու բոլորին հիշեցին, անգամ նրանց, որոնց կուզենային երբևէ չհիշել: Հիշեցին՝ 20 տարվա հեռավորությունից գնահատականներ տալով, երբեմն՝ բանավիճելով, երբեմն՝ կարոտով ու ժպիտով, երբեմն էլ՝ լիաթոք ծիծաղով: Իսկ Ռուբեն Հակոբյանը, որ այդ օրերի որոշ դրվագների մասին ֆելիետոնային պատմություն հյուսեց ու բոլորին մի լավ ծիծաղեցրեց, խոստացավ մի օր այդ ամենը գրի առնել. «Հենց ծերանամ, գրելու եմ, հաստատ գրելու եմ»:Հիշողությունը՝ հիշողություն, հումորը՝ հումոր, բանավեճը՝ բանավեճ: Բայց կար մի բան, որի մասին բոլորը հպարտությամբ ու գլուխները բարձր խոսեցին. դա միասնությունն էր, որի նմանը, ցավոք, այլևս երբեք ընդդիմադիր դաշտում ստեղծել չհաջողվեց: Ու խմեցին միասնության կենացը՝ մաղթելով, որ այսօրվա ընդդիմությունը լինի նույնքան գաղափարական ու միասնական, որքան 1996 թվականին էր: «Վազգեն Մանուկյանն այն անհատներից էր, որ ծնվեց ժամանակին, ու իր շուրջը համախմբվեցին շատերը: Իսկապես այդ թիմը պետք է ծներ լիդեր: Սուտ է, որ ասում են՝ լիդերությունը սխալ գաղափար է: Ու էդ թիմը հաղթեց»,-ասաց Ռուբեն Հակոբյանն ու խմեց 1996 թվականի ընդդիմության դե ֆակտո հաղթանակի կենացը:Մարդիկ, որ 20 տարի առաջ համառորեն, առանց վախի ու ընկրկելու պայքարում էին օրինական երկիր կառուցելու համար, հանուն որի կերտել էին անկախ Հայաստանը, ցանկացան, որ ներկա սերունդը կարողանա պայքարել այնպես, ինչպես իրենք, լինի նույնքան նվիրված, ինչպես իրենք: Խմելով միասնության կենացը՝ նրանք մաղթեցին, որ այն հիմնված լինի ոչ թե ատելության, այլ ընդհանուր երազանքի վրա: Երբեմնի հզոր ընդդիմադիր ուժի՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր էլ հավատում է, որ երկրում էական փոփոխությունների հասնելու և իշխանության դեմ պայքարի համար պետք է լուրջ ընդդիմադիր ուժ ձևավորել, իսկ զենքի ուժով, հանրահավաքներ կազմակերպելով և աննպատակ քննադատելով` ոչինչ փոխել հնարավոր չէ: «Հայաստանում պետք է ստեղծվի հզոր գաղափարական կուսակցություն՝ հզոր մարդկանցով, բայց դա պահանջում է մեծ աշխատանք: Դու ոչ թե պիտի դիլետանտի պես նստես ու հանրահավաքում ասես, որ բոլորը սրիկաներ են, այլ պիտի կարողանաս, առավոտից իրիկուն աշխատելով, դառնալ հակադիր ուժ:Հիմա, երբ Հայաստանում ընդդիմությունը բողոքում է իշխանություններից, բայց չի կարողանում կազմակերպվել ու դառնալ հակադիր ուժ, դա իր պրոբլեմն է: Կուսակցություն ստեղծելն ու իշխանության դեմ պայքարելը հսկայական աշխատանք է, որտեղ պետք են պրոֆեսիոնալիզմ ու 24-ժամյա աշխատանք: Ճիշտ է, Հայաստանում երբեմն ավելի շատ գնահատվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ խոսքը, բայց մեկ է, փոփոխությունների հասնելու միակ ճանապարհն աշխատանքն ու պրոֆեսիոնալիզմն է: Այն, ինչ մենք անում էինք 1996-ին, դժվար էր, բայց հիմա տասնապատիկ ավելի դժվար է: Մենք չենք կարողանա՝ ուրիշները կկարողանան, բայց առանց այդ աշխատանքի Հայաստանը ոտքի չի կանգնի»,- համոզված է Վազգեն Մանուկյանը:Գեղեցիկ ամառանոց` Արարատի անզուգական տեսարանով, մաքուր օդ և իհարկե` իրենց ձեռքով պատրաստած խորոված ու խաշլամա: ԱԺՄ-ականներն իսկապես այդ օրը վայելեցին, անգամ բլոտ ու նարդի խաղացին` երիտասարդական ավյունով ու ոգևորությամբ:
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492081
488159