ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՙՂԱՐԱԲԱՂԸ ԱՊԱԳԱՅԻ ԲԱՆԱԼԻ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ՚23.09.2016  


Հայոց մեծ Եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկյանների ընտանիքում 1946թ. ծնվել է Վազգեն Մանուկյանը: Հայրը՝ Միքայել Մանուկյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր:Մայրը՝ Աստղիկ Հակոբյանը, ծնվել է Գյումրիում, ավարտել Երեւանի պետական համալսարանը: Վազգեն Մանուկյանը նույնպես ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտությունների թեկնածու է: 1972թ. վերադառնալով Նովոսիբիրսկից, որտեղ սովորում էր ասպիրանտուրայում, սկսում է դասավանդել Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: 1967թ. ապրիլի 24-ին Մոսկվայում՝ Թուրքիայի դեսպանատան առջեւ ցույց կազմակերպելու համար ստիպված է եղել թողնել Մոսկվայի համալսարանը եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ եւ կազմակերպիչ: 1988թ. փետրվարից ՙՂարաբաղ՚ կոմիտեի անդամ էր, 1988թ. հունիսից՝ ՙՂարաբաղ՚ կոմիտեի կոորդինատորը: 1988թ. դեկտեմբերի 10-ին կոմիտեի մյուս անդամների հետ ձերբակալվել է եւ 6 ամիս անցկացրել Մոսկվայի ՙՄատրոսսկայա տիշինա՚ բանտում: Եղել է ՀՀՇ վարչության առաջին նախագահը: 1990թ. մայիսին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990թ. օգոստոսի 13-ին ԳԽ-ի կողմից նշանակվել է ՀՀ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ): Այդ ծանր ժամանակաշրջանում, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով սկսվել էր Հայաստանի շրջափակումը հյուսիսից:Մի կողմից անհրաժեշտ էր ջանքեր գործադրել՝ դանդաղեցնելու փլուզումը, մյուս կողմից՝ արագ անցնել նոր տնտեսական համակարգի: Կառավարությունը, որի ձեռքում էր գտնվում ողջ գործադիր իշխանությունը (ՀՀ Սահմանադրությամբ չկար նախագահի պաշտոն. ԳԽ-ի կողմից ողջ գործադիր իշխանությունը տրված էր կառավարությանը), հաջողությամբ էր իրականացնում այդ բարդ ծրագիրը՝ քաղաքական վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենալով ինչպես խորհրդային հանրապետությունների, այնպես էլ մյուս երկրների հետ:1991թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից:Հաջորդ տարվա սեպտեմբերին նշանակվում է ՀՀ պետնախարարի, այնուհետեւ՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Այդ ժամանակաշրջանում վերջնականորեն ձեւավորվեց ՀՀ բանակը, բազմաթիվ պարտություններից հետո սկսվեց Ղարաբաղի բանակի փայլուն հաղթանակների շրջանը, ռազմական գործողությունները փոխարինվեցին քաղաքական բանակցություններով: 1993թ. օգոստոսին Վ. Մանուկյանն ազատվում է պաշտպանության նախարարի պաշտոնից: 1995թ. ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1999-2003 թթ. ԱԺ պատգամավոր էր (ԱԺՄ համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, ԱԺՄ խմբակցության ղեկավար, ապա անդամ: Այսօր նա ԱԺՄ նախագահն է, ղեկավարում է Ստրատեգիական հետազոտությունների կենտրոնը:2009-ից՝ ՀՀ Հանրային խորհրդի նախագահ։
Մեր թղթակիցն օրերս Երևանում հանդիպում է ունեցել Վազգեն ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ։ Ընթերցողին ենք ներկայացնում հարցազրույցը։ - Որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, նրանցից մեկը, ով եղել է իրադարձությունների կիզակետում, առաջիններից մեկը, ով ծածանել է Անկախության դրոշը, քառորդ դար անց ինչպե՞ս կարժևորեիք այդ հիրավի համաժողովրդական, համազգային ձեռքբերումը։ - Ընդհանրապես շատ հետաքրքիր է, որ Անկախության հարցն առաջացավ որպես հետևանք Ղարաբաղյան հարցի։ Հայաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, կար հասարակության մի հատված, որ ձգտում էր անկատարության՝ դրանում գտնելով ոչ միայն խնդիրների լուծումներ, այլև աբստրակտ ազատության գաղափար։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ժողովրդի մի հատվածի հույսն այն էր, որ քանզի Գորբաչովը հայտարարել է ժողովուրդների ազատ կամարտահայտության, մարդու, ազգերի իրավունքներ, ապա այդ քաղաքականության շրջանակներում հնարավոր կլինի հարցը լուծել քաղաքական ճանապարհով։ Եվ եթե դուք հիշում եք, առաջին հանրահավաքներին ժողովուրդը վանկարկում էր ՙԼենին-պարտիա-Գորբաչով՚ կարգախոսը։ Հասուն մարդիկ հասկանում էին, որ հարցն այդկերպ չի լուծվի, բայց չէր էլ կարելի որևիցե հնարավորություն բաց թողնել։ Այդ հնարավորությունն էլ օգտագործվեց։ Հետո եղավ Սումգայիթը։ Սումգայիթը ցույց տվեց, որ նույնիսկ Խորհրդային Միությունում կարծեցյալ է մեր պաշտպանությունը, այսինքն՝ խորհրդային բանակը կարող է ինչ-որ մի ժամանակ մեզ չպաշտպանել։ Սկսվեց կամավորական ջոկատների ստեղծման գործընթացը։ Աստիճանաբար Շարժումն իր վրա վերցրեց նաև կառավարման որոշակի ֆունկցիաներ։ Եկավ մի պահ, երբ մարդիկ հասկացան, որ Ղարաբաղյան հարցի լուծման համար անհրաժեշտ է ունենալ անկախություն։ Եվ այն հոծ բազմությանը, որն արդեն պատրաստ էր անկախություն հռչակելու, միացավ ամբողջ ժողովուրդը, նրանք հասկացան, որ անկախությունը բանալի է Ղարաբաղյան հարցի լուծման համար։ Ինչպե՞ս արժևորել անկախության մեր ուղին... Մենք ունեցանք որոշակի արդյունքներ, ունենք անկախություն, ըստ որում, այդ անկախությունը պատահական մեր ձեռքը չընկավ, քանի որ, հանգամանքներից օգտվելով, մեր Շարժումը, Ղարաբաղի, Հայաստանի ժողովրդական շարժումը բերեց որոշակի շրջադարձեր Խորհրդային Միությունում, որից օգտվեցին մերձբալթյան ժողովուրդները, հետո մենք, և կամա՛ց-կամաց Խորհրդային Միությունը հասավ այն վիճակին, որ ստիպված եղավ ակախություն տալ բոլոր իր հանրապետություններին։ Անձամբ ես անկախությունը շատ ավելի պայծառ էի պատկերացնում։ Մտածում էի, որ մի քանի տարում մեծ բարձունքների կհասնենք տնտեսության մեջ և այլ բնագավառներում։ Կյանքը, իրականությունը շատ ավելի դառը եղան։ Շատ հարցեր ի հայտ եկան, որոնք օբյեկտիվորեն հնարավոր չէր արագ լուծել, շատ հարցեր էլ չլուծվեցին իշխանավորների ոչ ճիշտ քաղաքականության պատճառով, երբեմն նաև ընդհանուր նպատակները զոհաբերվեցին իշխանություն պահելուն ու փող ունենալուն։ Եվ մենք հայտնվեցինք մի վիճակում, երբ մարդկանց մի մասը, նամանավանդ մեծահասակները, սկսեցին կասկածել՝ արդյո՞ք անկախությունը արժեք է։ Ես համոզված եմ, որ արժեք է, կարծում եմ, որ հետագա մեր կյանքը կապացուցի բոլորիս, որ դա այն մեծագույն արժեքն է, որ մեզ մեծ հնարավորություններ կտա։ - Դուք ազգային պետական խնդիրներով ապրող անհատականություն եք, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի նախագահ։ Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որ հայոց պետականության նավը երազած ու երանելի հանգրվանը գտնի առանց լուրջ փորձությունների։ - Անկեղծ ասած, ոչինչ առանց փորձությունների չի լինում, չի տրվում։ Դրանց մի զգալի մասը մեզանից չի կախված։ Աշխարհն ինքը փորձություններով լի է, և այդպես եղել է հազարամյակներ շարունակ։ Ուրիշ բան, թե ինչքանով ես պատրաստ դիմակայելու դրանց։ Ռազմական տեսանկյունից մեր ժողովրդին հաջողվեց ստեղծել հզոր բանակ, որը հաղթեց պատերազմի ժամանակ։ Իմ խորին համոզմամբ՝ մեր բանակը մարտունակ է, թեև կան որոշակի թերություններ, որոնք հաղթահարելի են։ Եվ այս քառօրյա պատերազմն՝ իր բոլոր դժբախտություններով, մարդկային զոհերով հանդերձ, նաև հնարավորություն ստեղծեց սթափվել, դուրս գալ նիրհից և կանոնավոր զբաղվել թերությունների վերացմամբ։ Տնտեսության հարցում մենք մեծ խնդիրներ ունենք։ Դրանց մի մասը պայմանավորված է նրանով, որ շրջափակված փոքր երկիր ենք, որը շատ փոքր շուկա ունի, և ունեցած արտադրանքով միջազգային շուկա մտնել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է լուրջ տնտեսական կառույցներ ստեղծել։ Ես կարծում եմ, որ այս առումով շատ բան կա անելու, և որ իշխանությունները թերանում են։ Տնտեսության զարգացմանը խանգարում են նաև մոնոպոլիաները և օլիգարխիական համակարգը։ Ինչո՞ւ Խորհրդային Միությունը փլուզվեց... Կյանքն ապացուցեց, որ արագ զարգանում է այն տնտեսությունը, որտեղ կա ազատ մրցակցություն։ Եվ Արևմուտքը դա ապացուցեց։ Իսկ մոնոպոլիաները մեզ զրկում են ազատ մրցակցության հնարավորությունից։ Մյուս խնդիրը դատական համակարգն է։ Երկիրը չի կարող զարգանալ, եթե մարդիկ արդարությունը դատարանի միջոցով չգտնեն։ Ես կասեի, որ երկրի զարգացման համար ամենակարևորը անկախ, կոմպետենտ, մաքուր դատական համակարգն է, որն առայժմ մենք չունենք։ Ես թվարկեցի՝ ինչը չի հաջողվել անել, այնուամենայնիվ, նորի ծիլերը դուրս են գալիս։ Մեր գինեգործությունը նոր թափ է առնում։ Մարդիկ աշխարհի հետ շփվելով՝ ներմուծում են նոր չափանիշներ, նոր տեխնոլոգիաներ, դրանք բերվում են Հայաստան, ցավոք՝ շատ դանդաղ և հանդիրպելով դիմադրության այն մարդկանց կողմից, ովքեր արդեն հարստացել են և չեն ուզում մրցակցություն լինի ու նորին ասպարեզ տրվի։- Ազգային խնդիրներով ապրող անձինք այնքան էլ քիչ չեն։ Ինչո՞ւ չհամախմբվել և երկիրն առաջընթացի, կայուն ուղու ռելսերի վրա չդնել. վերջերս ՀՀ նախագահը հայտարարեց, որ անհրաժեշտ է երկիրը դնել ռազմական ռելսերի վրա...երի վրա...- Գիտեք ինչ, ազգի խնդիրներով ապրող, հայրենասեր մարդիկ շատ կան, ես նրանց առավել շատ հանդիպում եմ Ղարաբաղում։ Քանի որ Ղարաբաղի ժողովուրդն առաջին գծի վրա է և իր մաշկի վրա է զգում դժվարությունները, նա ամենօրյա մտահոգությունների մեջ է ու շատ ավելի զգոն , շատ ավելի սթափ և շատ ավելի նվիրված ազգային գաղափարներին։ Հայաստանում էլ մի շատ մեծ բազմություն ապրում է դրանով, բայց եթե կան տասնյակ, հարյուր-հազարավոր մարդիկ, սա բավական չէ, որ ձևավորվի նոր մտածողություն։ Իսկ դրա համար նախ պիտի կարողանանք ինքնակազմակերպվել, ստեղծել կուսակցություն, ընտրությունների ժամանակ, ինչքան էլ որ դա անհնարին լինի, հաղթել և իշխանության միջոցով իրականացնել նորը, անհրաժեշտը, հեռանկարայինը։ - Մենք չափազանց շատ ենք խոսում ազգային ծրագրերի մասին, բայց այդպես էլ դրանք ամբողջական-բովանդակային առումով չտեսանք։ - Գիտեք, բոլորիս սրտում էլ բաբախում է նույն երազանքը։ Մենք ուզում ենք ունենալ ազատ ու ապահով մի երկիր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա հպարտ ապրել ու աշխատել, մյուս կողմից էլ ուզում ենք մարտահրավեր նետել նաև աշխարհին՝ ցույց տալով նրան և մեր տարածաշրջանին, որ մենք ամենաարագ զարգացող, ամենաառաջ նայող ժողովուրդն ենք, և ոչ թե նրա համար, որ մյուսներին նսեմացնենք, այլ հակառակը, լինենք այնքան հզոր, որ օգնենք նաև մեր հարևաններին։ Պահպանենք մեր տեսակը, պահպանենք մեր մշակույթը, վերցնելով նորը, չտրվենք որոշ նոր գաղափարների, որոնք կործանարար են և խորթ մեր ազգային մտածելակերպին ու մշակույթին։ Շատ կարճ ժամանակամիջոցում կարելի է ձևափոխել այդ ծրագիրը։ Այլ բան է, որ լինի մարդկանց խումբ, որը շահագրգռված կլինի այդ ծրագիրն իրականացնել։ Նրանց պետք է իշխանություն, և որ՝ չգայթակղվեն իշխանությամբ։ Իսկ դրա թիկունքում էլ պիտի կանգնած լինեն քաղաքացիական հասարակությունը, դատարանը և այլն։ Բարդ լուծումներ այստեղ չկան, պարզ լուծումներ են, և դրանք կարելի է գտնել։ Ինչ վերաբերում է ռազմական ռելսերի վրա դնելուն, ապա երբ ես պաշտպանության նախարար էի և պիտի հեռանայի, Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մենք պատերազմում արդեն հաղթել ենք։ Հիմա ռազմաճակատը տնտեսության մեջ է, քաղաքականության մեջ։ Այդ ռազմաճակատում ենք տանուլ տալիս։ Ես մի բան ասեմ. այդ ռազմական ռելսերը որ ասում ենք, հասկանալի է, որ մեզ նման երկիրը, որ մշտական պատերազմի մեջ է, պետք է զբաղվի ռազմարդյունաբերական համալիր ստեղծելով։ Երբ մենք եկանք իշխանության, իմ՝ որպես վարչապետի, առաջին հրամաններից մեկը ռազմարդյունաբերական հատուկ հանձնաժողով ստեղծելն էր։ Այն ժամանակ փորձում էինք փոքր տրամաչափի զենք-զինամթերք արտադրել, փամփուշտի արտադրություն էինք դնում։ Աստիճանաբար հեշտ եղավ դրսից որոշ քանակությամբ զենք ստանալը ու դրանով բավարարվելը։ Հաշվի չառնվեց, որ երբ ռազմարդյունաբերական համալիրը չես զարգացնում, վերջում կկանգնես այն պրոբլեմի առջև, որն ի հայտ եկավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Կարծում եմ, հիմա արդեն դա հասկացել ենք։ Նոր ռազմարդյունաբերական համակարգ ստեղծելով, նոր նախագահ ընտրելով, ես կարծում եմ, մենք առաջ գնալու փորձ ենք անում։ Ի՞նչ արագությամբ և արդյո՞ք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները. դարձյալ՝ ոչ, բայց գոնե լավ է, որ նորից կանգնեցինք այդ ճանապարհի վրա։ Հույսը դնել միայն զենք առնելու վրա՝ անիմաստ է, հույսը դնել զենք արտադրելու վրա՝ նույնպես անիմաստ է։ Երկուսը միասին պիտի լինի։ Դու պիտի առնես աշխարհի լավագույն արտադրանքն, ու պիտի քո ինժեներները կարողանան բացել, վերլուծել, որպեսզի տեսնեն՝ ոնց է կառուցված, փորձեն համատեղելով ուրիշ երկրների արտադրությունը, ստեղծել սեփականը։ Եվ նոր բան հնարել, որ աշխարհում դեռևս չկա։ Մեր իշխանական համակարգում, այսպես կոչված, տեխնարներ և տնօրեններ չկան։ Մեծ մասամբ փիլիսոփայության, բանասիրության, տնտեսագիտության մասնագետներ են։ Իշխանության մեջ մեզ պետք է մարդկանց մի մեծ հատված, որ հասկանում է ժամանակակից տեխնոլոգիաները։ Ցավոք, մենք այդ թերությունն ունենք նաև կառավարման կադրային համակարգում։ - Որպես թրծված ռազմական-քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի վաղվա օրը։ Երկրորդ կարծիք լինել չի կարող՝ այն պայմանավորված է նաև հզոր Հայաստանով։- Ղարաբաղը մի կողմից պրոբլեմ է, բայց մյուս կողմից էլ ապագայի բանալի է Հայաստանի համար։ Քանզի այն ժողովուրդներն են կարողացել ուժեղ զարգանալ և իրենցից ինչ-որ մի բան ներկայացնել, ովքեր ունեցել են բարդ խնդիր և փորձել այդ բարդ խնդիրը լուծել։ Ղարաբաղը մեզ համար այդպիսի խնդիր է։ Հիմա խոսել որևէ զիջման մասին անիմաստ է, մանավանդ քառօրյա պատերազմից հետո։ Առաջին գիծը պետք է պաշտպանել, դա պետք է համարել մեր պետական սահմանը, և ամեն մի թիզ հող այնտեղ կորցնելը հանցագործություն է։ Անհրաժեշտ է տնտեսապես հզորանալ, համախմբվել աշխարհի հայությունով, արդեն ոչ միայն ցեղասպանության, այլև Ղարաբաղի հարցի շորջ։ Եթե ցեղասպանությունը մեր անցյալն էր, որը կապված է նաև ապագայի հետ, ապա Ղարաբաղի հարցից է ամբողջապես կախված մեր ապագան։ Դրա համար պետք է գործեն համահայկական կառույցներ, որոնք զբաղվեն միայն ու միայն այդ խնդրով։ Ես կարծում եմ, որ արագ զարգացող և փոփոխվող այս աշխարհում մեզ հարկավոր է դիմանալ, պետք է, իհարկե, բանակցել։ Վաղ թե ուշ՝առաջ կգան հարցեր, երբ կարելի կլինի իրար հետ խոսել, վերաբաշխումներ կատարել, փոխադարձ զիջումներ անել։ Հիմա դրան պատրաստ չէ ոչ մեկը։ Նայեք՝ Հայաստանը և Ղարաբաղը երբեմն խոսում են որոշ զիջումների մասին, բայց Ադրբեջանը դեռ որևէ անգամ որևէ մի բառ զիջման մասին չի խոսել։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի, որ մերոնք խոսեն զիջումների մասին. ինձ դա հասկանալի չէ։ Ժամանակը կգա։ Արդեն քառորդ դար Ղարաբաղի հարցը համաշխարհային քաղաքականության մեջ կայուն իրավիճակ է ստեղծում։ Իսկ Ղարաբաղի անկախությունն այլևս հարցականի տակ չէ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Ղարաբաղի անկախությունն առաջինը ճանաչեն եռանախագահող պետությունները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը։ Ադրբեջանը չի ճանաչի, բայց եթե այդ երկրները ճանաչեն, կսկսվի ճանաչման հոսքը, Ղարաբաղը կդառնա անկախ պետություն, և մնացած բոլոր հարցերը հընթացս հնարավոր կլինի լուծել։ -Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն առավել կարևոր մարտահրավերները, որոնց պիտի դիմակայեն Արցախն ու Հայաստանը։-Շատ են։ Մի մարտահրավերը (ժամանակի առումով՝ երկար) տեսակի պահպանումն է։ Այսօր մենք որպես հայ ժողովուրդ մեր մտածողությամբ, մեր մշակույթով, զարգացող արժեքների համակարգով մեզ պահպանելով, պիտի կարողանանք դիմանալ։ Երկրորդ հարցն այն է, որ մարդ պիտի կարողանա իր երկրում ապահով ապրել, ոչ միայն վտանգների տեսակետից, այլ նաև տնտեսապես ապահով լինի, հպարտ լինի, որ ինքն այս երկրի քաղաքացին է։ Աշխատանք ունենա, երեկոյան վերադառնա տուն ու իր ընտանիքով ապրի երջանիկ։ Եվ, իհարկե, եթե մենք չունենանք հզոր բանակ, զարգացած տնտեսական համակարգ, չենք կարող պաշտպանել մեր քաղաքացիների անդորրը։ Այս ամենի հիմքում ընկած է նաև արդարությունը, առանց արդարության պետությունը զարգանալ չի կարող։ Բայց արդարությունն աբստրակտ գաղափար է, որն օրենքների միջոցով դառնում է օրենքների համակարգ։ Արդարություն ասելով՝ հասկանում ենք օրենքների կատարում։ Մեր ժողովուրդը երկար ժամանակ և հատկապես 60-ական թվականներին (երբ մենք մեծ հաջողություններ ունեցանք Խորհրդային Միությունում) մեծ երազանք էր իր առջև դրել։ Ես կցանկանամ, որ մեր ժողովուրդը կենցաղային նեղ վիճակներից չկորցնի իր երազանքը, պահի այն։ Ինձ համար այդ երազանքը ձևակերպված է Չարենցի ՙԵրկիր Նաիրի՚-ի նախաբանում. ...որ կա այդպիսի Երկիր Նաիրի, որ բոցկլտում է բոլորիս աչքերում։ Չկորցնե՜նք այդ երազանքն իրականացնելու գաղափարը։ Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆhttp://www.artsakhtert.com/,Ազատ Արցախ
        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481241
477574