ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ  


ԵԿԵՔ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ, ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ

       Անմիջապես ասեմ, որ խոսքը բարոյական հաղթանակների մասին չէ: Իհարկե, դրանք էլ իրենց դերն ունեն, բայց իրական հաղթանակներն են, որ առաջընթաց քայլ են ապահովում ու հզոր դրական էներգիա առաջացնում: Մենք միշտ, չգիտես ինչու, այդ իրական հաղթանակները փնտրում ենք հայոց պատմության հեռավոր անցյալում, այնինչ դրանք առկա են նաև մեր կողքին և մեր միջոցով են իրականացվել: Մնում է միայն տեր կանգնել այդ հաղթանակներին, և մեր երկիրը կունենա ապագա:


        Սպասվելիք նախագահական ընտրություններն այն մեխանիզմներից են, որոնց միջոցով ժողովուրդը կարող է իրականացնել իր տիրական իրավունքը: Սակայն, ցավոք սրտի, Հայաստանի անկախացումից շատ չանցած, ընտրական համակարգն այնպիսի խեղաթյուրման ենթարկվեց, որ այսօր մարդկանց դժվար է համոզել, թե ընտրությունների միջոցով հնարավոր է դրական տեղաշարժեր արձանագրել: Ու այս առումով է, որ պետք է համարձակություն ցուցաբերել` երկրի տերը դառնալու համարձակություն: Այլապես կրկին ստիպված կլինենք թերթել հայոց պատմության որոշ անփառունակ էջեր ու բավարարվել միայն բարոյական հաղթանակներով:

       1995 թվականից սկսած` ընտրությունները դարձել են լուրջ փորձություն:  Ընդ որում, դրանք փորձություն են ոչ միայն ժողովրդի, այլև նրա քաղաքական տեսակետները ներկայացնող իշխանության և ընդդիմության համար: Կենաց-մահու կռիվը, որ մղվում է ընտրատեղամասում և դրանից դուրս, ունի ինչպես իր մակերեսային, այնպես էլ խորքային պատճառները: 

       Ընտրակեղծիքների մակերեսային շերտը ներկայացնողներն  այն մարդիկ են, ովքեր ունեն այսրոպեական ֆինանսական շահեր և «մենթալիտետային» պարտավորվածություններ` ինչը մեզանում գործող «ախպերական» արժեքային համակարգի դրսևորումներից  է:

       Ընտրակեղծումների խորքային պատճառներն ավելի  լուրջ բնույթ  ունեն, և արժե դրանց ավելի հանգամանալից անդրադառնալ:

Հարստության և կապիտալի նախնական կուտակման հայկական արատները

ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած հասարակական հարաբերությունների համընդգրկուն փոփոխությունները հանգեցրին սեփականատիրական նոր տիպի հարաբերությունների: Շուկայական վերափոխումները հետխորհրդային երկրներում տարբեր կերպ ընթացան: Հայաստանում զարգացումներն ունեցան հետևյալ փուլերը.

Առաջին` կապիտալի նախնական կուտակման փուլ, որի ընթացքում ձևավորվեց նոր սեփականատերերի խավը: Այս փուլին բնորոշ էր տարերայնությունը: Սա նաև լուրջ փորձության շրջան էր 1988-ի շարժման արդյունքում ձևավորված քաղաքական վերնախավի համար: Պարզվեց, որ շարժման ղեկավարները պետության մոդելի մասին տարբեր պատկերացումներ ունեին: Պարզվեց նաև, որ իշխանական և մերձիշխանական շրջանակներում բավական լուրջ զանգված կա, որը «նուվորիշների» հոգեբանությամբ  ուզում էր անմասն չմնալ կապիտալի նախնական կուտակումից: Իմ պատկերացումներն ուրիշ էին, և դա այն էական հանգամանքներից էր, որոնց պատճառով հրաժարվեցի վարչապետի պաշտոնից:
Այն ժամանակ արդեն տեսանելի էին իշխանության և բիզնեսի սերտաճման ներկայիս համակարգի սաղմերը և սպասվող վտանգները: 1990-ականների սկզբին, ես ու իմ թիմակիցներն այսօրվա պատկերացումներով  «միամիտ» էինք: Մենք կարծում էինք, որ իշխանության և սեփականության գործառույթները պետք է տարանջատել: Մեր  ընդդիմախոսներն այլ պատկերացումներ ունեին իշխանության մասին: Արդյունքում, չգնալով արմատական բարեփոխումների ճանապարհով, պետության մեջ բովանդակային առումով պահպանվեցին կոմունիստական վարչահրամայական համակարգին բնորոշ բացասական հարաբերությունները:  Դա պատուհաս դարձավ մեր ժողովրդի գլխին, որովհետև նորերը, վարչահրամայական համակարգը  պահպանելով, չունեին կոմունիստական դպրոցին հատուկ վարչական հմտություններ, և պատահական չէ, որ կառավարչական  քաոսային երևույթները գրեթե համատարած բնույթ կրեցին:
Բնականաբար, մենք չէինք կարող ընդունել հասարակական հարաբերությունների նման մոդելը և որոշում կայացրինք պայքարել այդ համակարգի դեմ` հրաժարվելով իշխանության մաս կազմելուց:
Մենք կարծում էինք, որ հերթական ընտրություններում (1995թ. ԱԺ և 1996թ. նախագահական), ապացուցելով մեր ճշմարտացիությունը, կգանք իշխանության և երկիրը կզարգացնենք այլ մոդելով: Բայց պարզվեց, որ հիմնականում կապիտալի նախնական կուտակումը կիսաօրինական ու կիսաքրեական ճանապարհով իրականացնողներն ու նրանց քաղաքական վերնախավը պատրաստ չէին ազատ ընտրության: 1988-ի շարժման ժողովուրդն առաջին անգամ առարկայորեն տեսավ իր ու իշխանության օտարումը: Օտարված իշխանությունն արդեն սկսեց գործել 1995թ-ի հուլիսի 5-ին «ընդունված» Սահմանադրությամբ, որի պայմաններում ձևավորվեց գերկենտրոնացված իշխանական ուղղահայաց: Այսինքն` Հայաստանն իր ձևավորման սկզբնական փուլում կորցրեց պատմական այն շանսը, որը հնարավորություն կտար մեզ այսօր որակապես այլ երկրում ապրել: Արևելյան  Եվրոպայի երկրները, գնալով արագ բարեփոխումների ճանապարհով, կարողացան անցնցում (կամ կարճաժամկետ ցնցմամբ) անցնել ժողովրդավարական ու շուկայական  հարաբերությունների: Մենք էլ ունեինք այդ հնարավորությունը: 1990-1991թթ. ձևավորված իշխանությունն օժտված էր հասարակական գերբարձր լեգիտիմությամբ, ինչը ժամանակակից պետություն կառուցելու հնարավորություն էր: Ճիշտ է, ոմանք  խոսում են այդ տարիների օբյեկտիվ  դժվարությունների մասին (պատերազմ, երկրաշարժ, շրջափակում և այլն), որոնց դեպքում խնդրահարույց էին դառնում բարեփոխումները,  բայց,  իմ խորին համոզմամբ, ներկայացվող  դժվարություններն ընդամենը արդարացումներ փնտրելու փորձեր են: Ոչ ավելին:
1995թ. Սահմանադրության «ընդունմամբ» ՀՀ-ում կապիտալի նախնական կուտակման փուլն ավարտվեց: Սկիզբ դրվեց կլանային տնտեսական հարաբերություններին: Սա արդեն «զարգացումների» երկրորդ փուլն  էր:
  Սահմանադրության ընդունումից հետո ընկած շրջանում գործող կլանային հարաբերություններն արդեն կանոն դարձրին ընտրակեղծիքների համակարգը: Հասարակական կյանք թափանցեցին մեր ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող այնպիսի երևույթներ, ինչպիսիք են ընտրակաշառքը և քաղաքական կոռուպցիան: Ահա սա էր կլանային հարաբերությունների գինը: Հարաբերություններ, որոնք արդեն շատ են հեռացել ազատ շուկային հատուկ սկզբունքներից: Իշխանական նոմենկլատուրան թափանցել է հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտները: 
Նոմենկլատուրային կապիտալիզմը ՀՀ հետանկախական պատմության հասարակական հարաբերությունները  բնորոշող երրորդ  փուլն է, որի պայմաններում ենք ապրում այժմ, երբ իշխանության ճյուղերի միջև  տարանջատում չկա, երբ  դատական իշխանությունը կախվածության մեջ  է գործադիրից, երբ դժվար է տարբերել, թե որտեղ է ավարտվում իշխանությունը և որտեղ սկսվում` բիզնեսը, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը հեռավոր երազանք է, երբ  աշխատավորն իր իրավունքներով ու կյանքի որակով քիչ է տարբերվում ֆեոդալական  հարաբերությունների ժամանակաշրջանում ապրող մարդուց, երբ պետությունը քաղաքացուն  ամենակուլ  «Լևիաթան»  է թվում, երբ  բոլորը պայքարում են  բոլորի դեմ ու ենթարկվում  մեկին:
 Այս ամենի գլխավոր պատճառը սեփականության լեգիտիմության բացակայությունն է: Բոլորը բոլորի դեմ պայքարում են միայն այդ դեպքում: Այս ամենը նկատի ունենալով է, որ սկզբում ընտրությունները բնորոշեցի որպես փորձություն ժողովրդի (ընտրողի), իշխանության և ընդդիմության համար: Ներկա սոցիալական բևեռացվածության պայմաններում ընդդիմությունը, որպես կանոն, միջին վիճակագրական ընտրողին գայթակղում է սոցիալական հրաշքով, իսկ արմատական տրամադրված ընտրողին` «Ելի՛ր, ում կյանքն անիծել է» լյումպենական կոչով: Իշխանություններն, իրենց հերթին, դիմում են «փորձված» մեթոդին` ավելացրած  դեմագոգիան և քարոզչական տեռորը:
 Ամփոփելով  հետանկախական շրջանում  առկա հարաբերությունների փուլային համառոտ նկարագրությունը` եկեք «ինվենտարիզացիայի» ենթարկենք մեր կյանքը:


Ի՞նչ ունենք  և ի՞նչ չունենք

Նախընտրական շրջանը առանձնահատուկ ժամանակահատված է, երբ ժողովուրդը կարող է հաշվեկշռային գնահատական տալ իր «ակտիվներին» ու «պասիվներին»:
2008-ի փետրվարին  կլրանա ղարաբաղյան շարժման 20-ամյակը: Մեր դրական ձեռքբերումներից են`
- ՄԱԿ-ի անդամ դարձած  դե յուրե անկախ պետություն,
- դե  ֆակտո ազատագրված Արցախ,
- ՀՀ-ն, տարածաշրջանում ունենալով ամենաաղքատ բնական ռեսուրսները և գտնվելով շրջափակման մեջ, չունենալով ելք դեպի ծով, այնուամենայնիվ իր կենսամակարդակով չի զիջում հետխորհրդային հարևաններից Ադրբեջանին եւ գերազանցում է Վրաստանին,
- Հայաստանը, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում, ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի կամ Բելառուսի, կարողացել է հավասարակշռված հարաբերություններ պահպանել միջազգային ուժի  կենտրոնների` Եվրոպական Միության, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ,
- ՀՀ-ն կարողացավ նորմալ հարաբերություններ ունենալ նաև իր անմիջական հարևան Իրանի ու արաբական երկրների հետ,
- նորանկախ Հայաստանի պատմության մեջ քաղաքացիական պատերազմ տեղի չունեցավ, ինչից չկարողացան խուսափել մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը:

 Բացասական երևույթներն են`
- կորցրել ենք մեր ազատ պետության քաղաքացուն, նա իրեն օտարված է զգում եւ պետական մարմինների մեջ հիմնականում վտանգներ է տեսնում,
- քաղաքացին բազում պարտավորություններ ունի պետության (իշխանության) հանդեպ, իսկ պետությունն իր պարտավորությունները գրեթե չի կատարում,
- արցախյան խնդրի դեռևս չկարգավորված վիճակ. հասարակության մեծ մասն օտարվել է այս խնդրից, ու կոնֆլիկտի կարգավորման առումով  անորոշություն կա,
- երկրի կառավարման և քաղաքական համակարգը խորը ճգնաժամի մեջ է,
- չեն գործում ընտրական մեխանիզմները, և մարդկանց մեծ մասը չի հավատում արդար ընտրության գաղափարին,
- իշխանական մարմինները հասարակական լեգիտիմություն չունեն, որի չգոյության խորքային արմատներն, ինչպես նշեցի, տեսնում եմ սեփականատիրական հարաբերությունների լեգիտիմության բացակայության մեջ,
- տեղական ինքնակառավարման գաղափարն իսպառ  խեղաթյուրվել  է  և վերածվել ընտրակեղծիքների իրականացման «ինստիտուցիոնալ»  կառույցի,
- դատական համակարգը չի կատարում իր հիմնական գործառույթը` արդարադատության իրականացումը,
- իշխանության ճյուղերի տարանջատում չկա, և զսպումների ու հակակշիռների բացակայությունը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների միջև հանգեցրել է կառավարման գերկենտրոնացված բուրգի առկայության:

   Հայկական «քաղաքատնտեսություն»

Մեր երկրի տնտեսական համակարգն իր կառուցվածքով  կիսակապիտալիստական-կիսաֆեոդալական  բնույթ ունի: Բոլոր խոշոր ֆինանսական հոսքերը վերահսկվում են իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց կողմից: Հայաստանի տնտեսության ստվերի փականը նախեւառաջ կարգավորվում է երկրի սահմաններում` մաքսային կետերում: Իշխանությունը, այսպես կոչված մեկ պատուհանի սկզբունքով, մաքսային կետերի միջոցով, ստվերային ռենտա է հավաքում բոլոր գործարար շրջանակներից: Այստեղ է հենց թաքնված ստվերային տնտեսության սկզբնաղբյուրը: Այստեղից է սկիզբ առնում ապագա մենաշնորհների համակարգը` հիմնված ներմուծման վրա:
ՀՀ  տնտեսական համակարգը դե ֆակտո ունի հետևյալ կառուցվածքը: Շարքային քաղաքացուն թույլատրվում է աշխատել  բիզնեսի տիրույթում` մանավանդ փոքր: Առավել հաջողակները հնարավորություն ունեն մտնելու միջին բիզնեսի տիրույթ: Իսկ ահա միջինից դեպի խոշոր բիզնես տանող ճանապարհը փակ է: Այստեղ արդեն հայտնվում են իշխանական բուրգին մոտ գտնվող արտոնյալ կամ նոմենկլատուրային բիզնեսմենները: Իշխանության գործառույթն այս դեպքում ստանում է «արբիտրաժային»  տեսք, երբ պետք է միայն վերահսկել խոշոր բիզնեսի համար սահմանված չգրված օրենքները: Այս պարագայում պետությունն ամենուրեք է: Թվացյալ մրցակցությունը վերաբերում է միայն բիզնեսի ստորին շերտին, որտեղ իրոք լուրջ մրցակցություն կա, բայց այդ մրցակցությունից տնտեսությունը չի շահում, որովհետև բիզնեսի հիմնական հատվածում իշխանությունն ու ձեռներեցությունը կատարյալ համաձայնության մեջ են: Հետևաբար, եթե չկա տնտեսական ժողովրդավարություն, ապա չի կարող գործել նաև քաղաքական ժողովրդավարությունը: Բաժնետիրական ընկերությունները և արժեթղթերի շուկան այնքան հեռու են միջին քաղաքացուց, որ տնտեսական  մասնակցային գործընթաց հասկացությունն առայժմ անիմաստ է քննարկել: Մարդիկ, եթե նույնիսկ ունեն խնայողություններ, դրանք չեն ուղղում (կամ շատ չնչին մասն են ուղղում) ինստիտուցիոնալ ներդրումների ոլորտ: Այս ամենի քաղաքական հետևանքը  զուտ ձևական ու հռչակագրային ժողովրդավարությունն է: Իսկ այդ պայմաններում գործում են հետևյալ  խաղի կանոնները. ընտրություններ` նախապես հայտնի ելքով, բազմաթիվ լրատվամիջոցներ (խոսքը հիմնականում վերաբերում է հեռուստաընկերություններին)` միատեսակ լրատվությամբ, բազում տնտեսվարողներ` կենտրոնացված տնտեսական համակարգով, սեփականության ինստիտուտ` ֆեոդալական ունեցվածքային պատկերացումներով, և այլն:

ՀՀ տնտեսական «հրաշքի» իրական պատկերը կամ  «թոշակառու պետության» հայեցակարգը

Մեզանում շատ հաճախ շփոթում են տնտեսության  իրական և անվանական աճերը: Վերջին տարիներին, իրոք, արձանագրվում է ՀՆԱ անվանական աճ: Վիճակագրական ցուցանիշները տպավորիչ են` երկնիշ տնտեսական աճ, բյուջեի ծավալների աճ, շինարարության աշխուժացում և այլն: Բայց սրանց զուգահեռ, տարօրինակ կերպով, պահպանվում է բնակչության աղքատության բավական բարձր մակարդակը, խորանում է սոցիալական բևեռացումը. հարուստների նեղ շերտն էլ ավելի է հարստանում, իսկ աղքատների բանակում իրական տեղաշարժ գերթե չկա, եթե չասենք հակառակը: Տնտեսության իրական հատվածում տարեցտարի անկման միտումներ են նկատվում: Մտահոգիչ է տնտեսական աճի որակական կողմը: Եվ եթե փորձենք   բացել տնտեսական  աճի ներքին կառուցվածքը, ապա պարզ կդառնա, որ այն հիմնականում ապահովվել է շինարարության ու ծառայությունների ոլորտի միջոցով: Բայց նույնիսկ այս ոլորտներում,  2006թ. համեմատ, 2007թ. որոշակի անկում է գրանցվել: 
Վերջին 4 տարիների ընթացքում արդիական դարձավ այնպիսի մակրոտնտեսական խնդրի արծարծումը, ինչպիսին է հայկական դրամի  փոխարժեքը միջազգային տարադրամի` հատկապես ԱՄՆ դոլարի նկատմամբ: Շարունակաբար արժևորվելով` դրամը սկզբում հարվածեց ազգային արտահանողների շահերին, իսկ այժմ արդեն խնդիրներ է առաջացրել զուտ տեղական շուկայում աշխատող ձեռնարկությունների համար: Ներմուծելն արդեն  ավելի ձեռնտու է դարձել, քան որևէ բան տեղում արտադրելը:
2007թ. նախնական գնահատականներով, ներմուծման և արտահանման բացասական հաշվեկշիռը կազմել է շուրջ 1,6 միլիարդ դոլար: Այսինքն` այդ չափով ներմուծումը գերազանցում է արտահանմանը: Իսկ սա արդեն տնտեսական աղետի պես մի բան է: Որպեսզի ավելի պարզ դառնա, մեջբերեմ թվերի լեզուն: Նշված արտաքին առևտրի բացասական սալդոն համադրելի է այնպիսի թվերի հետ, ինչպիսիք են պետական բյուջեի ծախսային մասը  կամ էլ մեր հայրենակիցների կողմից արտերկրից ուղարկվող դոլարային միջոցների ծավալը` կազմելով ՀՆԱ-ի ավելի քան  20%-ը:
Ի դեպ, դրամի արժևորման խնդիրը մտահոգում է ոչ միայն գործարար շրջանակներին, այլև մեր այն քաղաքացիներին, որոնց եկամուտների հիմնական աղբյուրը դրսից ուղարկվող մասնավոր տրանսֆերտներն են:
Վերը նշված  տնտեսական երևույթների գոյությունը  հարց է առաջացնում, թե այդ դեպքում ինչի՞ հաշվին ենք զարգանում:
Իրականում մեր տնտեսության հիմնական շարժիչ ուժը դրսից ուղարկվող  գումարներն են` գումարած շինարարական ոլորտում «Լինսի» և մի քանի այլ ծրագրերով ներդրվող գումարները, որոնք տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ են ապահովում: Ահա  և հայկական տնտեսական «հրաշքի» գաղտնիքը: Այսինքն` մեր պետությունը դարձել է «թոշակառու»` այն առումով, որ քիչ արտադրելով` ավելացնում ենք համախառն սպառումը: Որքան շատ ենք «թոշակ» ստանում, այնքան շատ ենք սպառում, և  այնքան ավելի է արժևորվում դրամը: Որքան շատ է արժևորվում դրամը, այնքան շատ ենք դրսից գումարներ ստանում և այդպես շարունակ: Սա արդեն նմանվում է թմրամոլի վարքագծին: Իսկ թե թմրամոլի վերջն ինչ է, բոլորս էլ գիտենք:

Ի՞նչ է մեզ սպասվում և ինչո՞ւ են անհրաժեշտ համակարգային փոփոխություններ

 Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է այնպիսի մակարդակի, որ, օրինակ, եթե Ռուսաստանից միայն տրանսֆերտները կրճատվեն 2 անգամ, ապա հայկական տնտեսության «թղթե տնակը» միանգամից կփլուզվի: Իսկ մինչ այդ  մենք կշարունակենք «ուրախանալ» դրսից ուղարկվող գումարներով և հետևել,  թե ինչպես է մեռնում տեղական արտադրությունը:
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում նույնպես բարդություններ են սպասվում: Ադրբեջանի տնտեսական աճը (25 –30 տոկոսի սահմաններում) կայանում է նավթի հաշվին: Մեր հարեւանն  իր աշխարհաքաղաքական բարենպաստ դիրքը ակտիվորեն կապիտալիզացնում է` միաժամանակ պահպանելով նորմալ հարաբերություններ բոլոր «խոշոր»  խաղացողների հետ:
 Ներկա իշխանության վերարտադրության դեպքում երկրի պետական կառավարման համակարգում իշխանական բրգաձև կառուցվածքն  էլ ավելի կամրապնդվի և, չնայած սահմանադրական փոփոխություններին, վարչապետի պաշտոնը նորից տեխնիկական կդառնա:
 ՀՀ տնտեսական համակարգն էապես կփոխվի: Փոքր բիզնեսով զբաղվելը պարզեցված հարկման դաշտի էական փոքրացումից հետո կդառնա անհամեմատ դժվար: Միջին բիզնեսի վիճակը նույնպես կդժվարանա, քանի որ այս ոլորտ ակտիվորեն կմտնեն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, խոշոր բիզնեսից  գանձվող  իշխանության ռենտայի չափը անհամեմատ կավելանա: Դրամ - դոլար փոխարժեքի շարունակական արժեւորումից  ելնելով`  խոշոր բիզնեսը կծավալվի ոչ թե երկրից դուրս, այլ դեպի  ներս` «փոխհատուցելով» իշխանության ռենտայի մեծացումը` միջին բիզնեսի տիրույթ մտնելով: Փաստացի տնտեսական դաշտում խոշոր վերաբաշխում կլինի: Փոքր բիզնեսի  ոլորտ առավելապես կմտնի միջին բիզնեսը, և ներկայում «փոքրի» ոլորտում եղած մարդկանց մեծ մասը կմնա խաղից դուրս: Միջին բիզնեսի տեղը կմտնի խոշոր բիզնեսը: Հայաստանում խոշոր բիզնես հասկացությունը կդառնա խիստ հարաբերական: Իսկ ընդհանրապես, Հայաստանում բիզնեսով զբաղվող մարդկանց թիվը էապես կնվազի, մարդիկ իրենց կապիտալները կսկսեն դուրս բերել երկրից:
Այսպիսով, բիզնեսի բոլոր շրջանակները` մանր, միջին և խոշոր, կտուժեն: Բնականաբար, այս քաղաքականությունը լուրջ անկայունություն կմտցնի երկրի ներքաղաքական կյանքում: Հետեւաբար պետական կառավարման համակարգի այն մոդելը, որն արմատավորվել է մեր երկրում, մեզ տանում է մի ճանապարհով, որն  ավելի է հեռացնելու մեզ մեր ակնկալած Հայաստանից: Իշխանական համակարգի կոշտ բրգաձևությունը, տնտեսական դաշտի արատավոր կառուցվածքը, առողջ քաղաքական-տնտեսական մրցակցային գործոնի բացակայությունը, հասարակության տարբեր շերտերի եւ, ընդհանուր առմամբ, ողջ ժողովրդի օտարումը` որոշումներ ընդունելու եւ անհրաժեշտ հակազդեցություններ կատարելու գործում,  հանգեցրել են այն բանին, որ իշխող ռեժիմի` հիմնականում անձնական շահի վրա խարսխված ձգտումները խոր հակասության մեջ են երկրի հեռանկարային ու արդյունավետ զարգացման հետ: Ամենատագնապալին այն է, որ առկա միտումները սկզբունքորեն բացառում են էվոլյուցիոն անցումը որեւէ այլ մոդելի: Հետեւաբար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ`  երկիրը  հեռանկարային ուղի դուրս բերելու եւ նոր մոդելի անցնելու համար:
Որո՞նք են այդ նոր մոդելի գլխավոր նախապայմաններն ու բաղադրիչները: Ակնհայտ է, որ խորը համակարգային փոփոխությունների հիմքում պետք է դրված լինի նոր Սահմանադրությունը` ընդունված հասարակական ներքին համաձայնության հիման վրա`  համահունչ օրենսդրական փաթեթների ուղեկցությամբ: Նոր Սահմանադրությամբ առաջարկվելիք հիմնական դրույթներին դեռ կանդրադառնանք, իսկ առայժմ քննարկենք, իմ պատկերացմամբ, մի կարևոր հարց:


Ո՞վ պետք է կառավարի, և ի՞նչ  է պետք անել

Հայաստանի 3-րդ հանրապետության գոյության 17 տարիների ընթացքում ձևավորված հարաբերությունները մեզ տանում են թերզարգացած ավտորիտար երկրների ուղղությամբ:
1988-ին սկիզբ առած համաժողովրդական շարժումը ապացուցեց, որ մարդկային որակների, ռեսուրսների առումով մեր ժողովուրդը խնդիրներ չունի: Հետեւաբար ներկա անմխիթար վիճակի գլխավոր պատճառը պետք է փնտրել պետական կառավարման համակարգի հակաժողովրդավարական կառուցվածքի, դրա անբավարար լեգիտիմության ու կառավարիչների ապաշնորհ գործունեության մեջ: Հաստատված պետական եւ հասարակական համակարգը դարձել է մեր երկրի զարգացման, նրա առջեւ ծառացած խնդիրներն արդյունավետ լուծելու հնարավորության գլխավոր խոչընդոտը: Արմատացած համակարգի ծնած եւ կուտակած պրոբլեմները, գումարած` արտաքին մտահոգիչ ազդակների առկայությունը, բոլորիս կանգնեցրել են անհետաձգելի եւ խորը փոփոխություններ իրականացնելու ճակատագրական անհրաժեշտության առջեւ: Ովքե՞ր եւ ինչպե՞ս պետք է իրականացնեն այդ փոփոխությունները: Ակնհայտորեն դա չեն կարող անել այդ համակարգը ստեղծողներն ու  հետագայում դրանից օգտվողները: Նրանք չունեն փոփոխության  շահագրգռություն` ինչի ապացույցն են անցած 17 տարիները: Իշխանությունը ձեռքից ձեռք հաջորդաբար փոխանցել ձգտող քաղաքական ուժերը  երկիրը  մտցրել են  փակուղի տանող մի ակոսի մեջ, որտեղ նրանց գլխավոր խնդիրը դարձել է իշխանության` այս կամ այն ձեւով վերարտադրությունը: Բայց այսպես շարունակելն անթույլատրելի է: Մենք չունենք դրա իրավունքն ու ժամանակը: Մանավանդ որ կան արդյունավետ լուծումներ, դրանց իրագործման ձեւեր ու ռեսուրսներ:
Իսկ ինչպիսի՞ն կարող էր եւ պետք է լինի մեր երկիրը: Որո՞նք են այն գլխավոր նպատակները, որոնց մենք պետք է ձգտենք եւ իրագործենք առաջիկայում:
Նախ` հնարավոր չէ հասնել որեւէ դրական արդյունքի, եթե մարդիկ ազատ, պաշտպանված չեն: Ազատ մարդը առանց մտավախության ձգտում է մասնակից դառնալ ազգային, պետական եւ հասարակական կյանքին, զգալ իրեն ազգային եւ պետական ընդհանրության գործուն անդամ` հպարտություն ապրելով այդ իրողությամբ և վստահությամբ նայելով իր ապագային: 
Այդպիսի մարդկանցով է հնարավոր հասնել այն նպատակներին, որոնց իրագործումը լինելու է մեր գլխավոր խնդիրը:
Ինչ վերաբերում է երկրի ապագա նախագահի ով լինելուն, ապա, իմ կարծիքով, ներկա փուլում մեզ անհրաժեշտ է ազգային-ազատական-ժողովրդավարական արժեքների իրական կրող նախագահ: Տարբեր երկրների, մասնավորապես ասիական «վագրերի» տնտեսության զարգացման փորձը ցույց է տալիս, որ անցումային փուլում ժողովրդից պահանջվում է համապատասխան կոնսոլիդացիա, և որպեսզի այն չհանգեցնի ավտորիտարիզմի, առաջ են քաշվում ազգային բնույթի համախմբող խնդիրներ:
Այդ ազգային գաղափարները մղիչ ուժի գործառույթ են կատարում և հնարավորություն են տալիս տպավորիչ արդյունքներ արձանագրելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում:  Մեր դեպքում ազգային շատ որոշակի գաղափար է Արցախի խնդրի լուծումը: Այն  ՀՀ անվտանգության ու հետագա գոյության երաշխիքն է: Շատերը թյուրիմացաբար կարծում են, որ Արցախի խնդիրը արտաքին քաղաքական ոլորտից է, այնինչ դա անմիջականորեն մեր ազգային անվտանգությանն է առնչվում: Այլ հարց է, որ բանակցային գործընթացը կարելի է դիտարկել որպես արտաքին քաղաքական գործառույթ: Ուրեմն Արցախի խնդրում մեր գերբարձր ճիգերի գործադրումը հնարավորություն կտա որակապես նոր հասարակություն ունենալու և ազգային առաջընթաց ապահովելու: Այս ամենին զուգահեռ, ժողովրդավարական և ազատական հարաբերությունների արմատավորումն էլ իր հերթին անցնցում հասարակության կայացման լավագույն միջոցը կդառնա: Ազատ մարդու գոյությունը հնարավոր է միայն այդ պայմաններում:
ԱԺՄ-ն և այն քաղաքական ուժերը, որոնց կողմից ես առաջադրվել ու պաշտպանվում եմ որպես նախագահի թեկնածու, նշված արժեքների կրողն  ու առաջամարտիկն են: Մենք ցանկանում ենք ստեղծել պետություն, որը խարսխված է ազգային և համամարդկային արժեքների վրա: Իսկ որպեսզի հասնենք այդ նպատակին, պետք է վեր կանգնենք բոլոր երկրորդական խնդիրներից, կանխատրամադրվածությունից և սթափ դատողություններ անենք:
Համակարգային բարեփոխումները պետք է ընդգրկեն հետևյալ հիմնական ուղղությունները`

Ա/ Պետական կառավարման համակարգ

Ակնհայտ է, որ իշխանության բոլոր ճյուղերում առկա խնդիրները մեկ հարվածով լուծելն անհնար է: Սակայն լեգիտիմության մեծ պաշարի պայմաններում հնարավոր է իրագործել բարեփոխումների լայն ծրագիր: Սկզբնական փուլում անհրաժեշտ կլինի, օգտագործելով ներկա օրենսդրության բոլոր հնարավորությունները, կարգավորել տնտեսական հարաբերությունները, օրինականության ապահովման գործուն մեխանիզմներ կիրառել  և նախապատրաստել (2-3 տարվա ընթացքում) հանրային կյանքի հիմնական ոլորտներին առնչվող բարեփոխումների փաթեթը: Այդ փաթեթի հիմքում պետք է ընկած լինի նոր Սահմանադրությունը, որը կներառի իշխանության  ճյուղերի և տեղական ինքնակառավարման մարմինների ժողովրդավարացման, ինչպես նաեւ իշխանության ապակենտրոնացման մոդելը: Մասնավորապես նախատեսվում է.

1.Հանրապետության բոլոր մարզերը և Երևան քաղաքը պետք է ունենան քաղաքացիների կողմից ուղղակիորեն ընտրված օրենսդիր և գործադիր մարմիններ (խորհուրդ, մարզպետ, քաղաքապետ) և տեղական բյուջեներ: Քննարկել ՀՀ վարչատարածքային նոր բաժանման հարցը:

2.ժողովուրդը, որոշակի քանակի ստորագրություններ հավաքելու դեպքում, պետք է ստանա հասարակական կարևորություն ներկայացնող հարցերի հետ կապված հանրաքվեի անցկացման իրավունք: Ժողովրդական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնելու հարցերի շրջանակը, կարգը և այլ մանրամասները  կհստակեցվեն նոր սահմանադրությունից բխող «Հանրաքվեի մասին» ընդունվելիք օրենքում: Այդ օրենքում պետք է նախատեսել նաև իշխանություններին անվստահություն հայտնելու իրավունքը:

3.Դատական իրապես անկախ համակարգի ապահովում: Բնականաբար, անհրաժեշտություն կա վերանայելու դատական համակարգին վերաբերող օրենսդրությունը` նպատակ ունենալով պայքարել համակարգի ներսում առկա կոռուպցիայի դեմ:

Բ/ Տնտեսություն  և սոցիալական ոլորտ

Այս  երկուսը միմյանց փոխկապակցված են և պահանջում են համալիր լուծումներ: Մասնավորապես.

1.Բացառել մասնավոր սեփականության վերաբաշխումը` միևնույն ժամանակ վերացնելով ոչ ֆորմալ արտոնությունները բիզնեսի այս կամ այն ներկայացուցչի համար: Բոլորի համար պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ: Հարկային քաղաքականությունը հավասարապես  ընդունելի պետք է լինի փոքր, միջին և խոշոր բիզնեսի համար եւ պետք է զարգանալու հնարավորություն տա:  Սեփականության ինստիտուտը պետք է պաշտպանված լինի:
Միջազգային իրավունքի եւ պրակտիկայի շրջանակներում վերագնահատել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում կատարված գործարքների արդյունավետության եւ շահավետության հարցերը` դիտարկված պետական շահերի տեսանկյունից:

2.Օրենսդրորեն չեղյալ հայտարարել 2007թ. հուլիսի 3-ին ընդունված «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնց հետեւանքով զգալիորեն կրճատվեց  այդ հարկատեսակից օգտվողների քանակը: Փոխարենը առաջարկվում է մեծացնել պարզեցված հարկման ենթակա շրջանառության չափը` 50 մլն դրամից հասցնելով  100 մլն-ի:  Բացի այդ, 100 –ից մինչև 300 մլն  դրամի շրջանառության դեպքում շահութահարկը պետք է կազմի 10  տոկոս, իսկ 300 –ից մինչև 500 մլն շրջանառության դեպքում` 15 տոկոս: 500 միլիոնից բարձր շրջանառությունը պետք է հարկվի 20 տոկոսով:

3.Անհապաղ դադարեցնել սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը ներմուծող ընկերություններից: Այն պետք է գանձվի միայն երկրի ներսում ապրանքների իրացումից հետո: Իսկ ապրանքներ արտահանող ընկերություններին, որոնք աշխատում են ԱԱՀ-ի դաշտում, սահմանի վրա պետք է վերադարձվի իրենց ԱԱՀ-ն:

4. Բացառել այսպես կոչված կանխավճարների կամ գերավճարների հավաքման անօրինական պրակտիկան, քանզի դա վարկաբեկում է պետության գաղափարը գործարար շրջանակներում:

5.Պետականորեն խրախուսել և բարենպաստ պայմաններ ստեղծել ինովացիոն տնտեսության զարգացման համար: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությամբ է միայն հնարավոր տեղ գտնել արտաքին շուկայում: Գործուն աջակցություն ցուցաբերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:

6.Իրականացնել «էժան» և «երկար» փողի դրամավարկային քաղաքականություն` մատչելի և երկարաժամկետ դարձնելով  վարկային  միջոցները:  Դրամաշրջանառության թափանցիկության և արդյունավետության բարձրացման նպատակով ընդլայնել անկանխիկ քարտային համակարգը:

7.Կոռուպցիայի և պաշտոնյաների չարաշահումների դեմ պայքարի շրջանակներում կիրառել հետխորհրդային Էստոնիայի փորձը, երբ պետական մարմինների հետ շփումն իրականացվում է վիրտուալ` էլեկտրոնային հաղորդակցության միջոցով (բիզնեսի գրանցում, հարկային հաշվետվությունների ներկայացում, լիցենզիայի ձեռքբերում և այլն):

8.Օրենսդրորեն պետք է հստակեցվեն աշխատողի իրավունքներն ու պարտականությունները պետական և մասնավոր հիմնարկներում: Ընդ որում, 80 հոգուց ավելի աշխատողներ ունեցող հիմնարկներում (մասնավոր թե պետական) կարելի է առաջարկել` արհմիության պարտադիր ստեղծում, որը կոնկրետ տվյալ հիմնարկում պետք է գոնե ապահովի այն նվազագույն պահանջները, որոնք ամրագրված են օրենսդրությամբ, բոլոր հիմնարկների արհմիությունները պետք է միավորվեն` ստեղծելով հանրապետական արհմիության կոմիտե: Ճիշտ է, շատ հիմնարկներում արհմիությունները ֆորմալ բնույթ կունենան, սակայն միայն առաջին փուլում: Երկրորդ փուլում, երբ ստեղծվի որակապես նոր տիպի Արհմիությունների հանրապետական կոմիտե, կառաջանան ավելի համարձակ պահանջներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կներթափանցեն նաև այն հիմնարկները, որտեղ արհմիությունների գործունեությունը դեռևս թույլ կլինի: Այս քայլերի արդյունքում 5–10 տարի անց կունենանք որոշակի կազմակերպվածությամբ արհմիութենական շարժում:
 
9.Պահպանել կենսաթոշակների բարձրացման ներկա տեմպերը` յուրաքանչյուր եռամսյակ իրականացնելով կենսաթոշակների ինդեքսացիա, քանի որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը հնարավորություն չի տալու թոշակառուներին զգալու իրենց կողմից տնօրինվող միջոցների ավելացումը: Կենսաթոշակների եռամսյակային ինդեքսացիան պետք է իրականացվի` գնաճի մակարդակը հաշվի առնելով: ԿԲ-ն գնաճը պետք է պահի տարեկան 4+, -1.5 %-ի սահմաններում:

10.Աշխատավարձի և կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղին համարժեք գումարը:

Ի վերջո, ամեն կարգի բարեփոխումները պետք է նպաստեն տնտեսության մեջ արհեստական մենաշնորհների վերացմանը: Պետությունը, օրենսդրորեն ստեղծելով համապատասխան կառույց, պետք է վարի հակամենաշնորհային ակտիվ քաղաքականություն: Այս ամենը, մեր համոզմամբ, հնարավոր է միայն արմատական քաղաքական բարեփոխումների արդյունքում:


 Գ/ Արտաքին  հարաբերություններ

1.Անիմաստ է խոսել արցախյան հարցի լիարժեք եւ կայուն կարգավորման մասին, առանց բանակցություններին ԼՂՀ-ի անմիջական եւ իրավահավասար մասնակցության: Այդ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արցախահայության` ինքնորոշման իրավունքի հիման վրա արդեն իսկ իրականացրած դե ֆակտո անկախության միջազգայնորեն դե յուրե ճանաչումը` հստակեցնելով նրա սահմանները եւ ապահովելով նրա բնական սահմանի առկայությունը ՀՀ-ի հետ: Բանակցությունների արդյունքները պետք է ԼՂՀ-ի բնակչության անվտանգության հատուկ երաշխիքներ ստեղծեն, պայմաններ ապահովեն նրա սոցիալ-տնտեսական բնականոն զարգացման, փախստականների եւ բռնի տեղահանվածների վերաբնակեցման լիարժեք հնարավորություն ստեղծելու համար: Խնդրի լուծման կայունության երաշխիքը էապես կախված է նաեւ հակամարտող կողմերի ժողովրդավարության աստիճանից:

2.Եվրոպական միությանն անդամակցելը պետք է դիտվի ՀՀ-ի արտաքին (նաեւ ներքին) քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: Անհրաժեշտ է լիարժեք իրականացնել ինչպես ԵԽ-ի առջեւ ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները, այնպես էլ ԵՄ-ՀՀ Եվրոպական հարեւանության գործողությունների ծրագրով նախատեսված բարեփոխումները` հավատարիմ մնալով դրանց բովանդակությանը:

3.Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունները պետք է զարգացնել ռազմական, սոցիալ-տնտեսական, մշակութային,  գիտա-կրթական եւ այլ ոլորտներում: ՀՀ-ն եւ ՌԴ-ն մշտապես պետք է ունենան հատուկ հարաբերություններ` անկախ անվտանգության համակարգերից:

4.ՀՀ-ն պետք է ակտիվ արտաքին քաղաքականություն վարի` նպաստելով տարածաշրջանային ինտեգրացիային, նաեւ խորացնելով բազմաբնույթ հարաբերությունները Արեւելքի մեր հարեւանների` հատկապես Իրանի եւ Արաբական երկրների հետ:

5.ՀՀ-ն պետք է անշեղորեն իրականացնի միջազգայնորեն ստանձնած բոլոր պարտավորությունները, ակտիվ մասնակցություն ունենա միջազգային համընդհանուր  մարտահրավերների, մասնավորապես` ահաբեկչության դեմ պայքարում:

6. Անհրաժեշտ է խորացնել Վրաստանի հետ փոխշահավետ եւ գործընկերային հարաբերությունները: ՀՀ-ն մշտապես  պետք է ուշադրության կենտրոնում պահի վիրահայության խնդիրները: Միջազգային իրավական նորմերը հաշվի առնելով` պետք է Վրաստանի հետ բանակցությունների միջոցով փորձել լուծում տալ Ջավախքում հայոց լեզվի տարածաշրջանային կարգավիճակի հարցին: Վրաստանի հետ կնքվելիք մեծ միջպետական պայմանագրի շրջանակում խորացնել ՀՀ-Ջավախք կապերը գիտական, կրթական եւ մշակութային ոլորտներում:

7.Բարելավել հայ-թուրքական հարաբերությունները` նպատակ ունենալով նաև սահմանների բացումը: Այդ խնդրի լուծումը, սակայն, չպետք է իրականացվի ազգային խնդիրների  եւ արժանապատվության ոտնահարման գնով:

8.ՀՀ դեսպանությունների միջոցով ապահովել արտերկրում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների լիարժեք պաշտպանությունը:
Վերը նշված ուղղություններով համակարգային փոփոխությունների իրականացումը ենթադրում է խորը վերլուծությունների վրա հիմնված ճյուղային զարգացման կոնկրետ ծրագրեր: Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել գիտահետազոտական-ռազմավարական պետական կենտրոններ, որտեղ կմշակվեն միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր` արտաքին քաղաքական, ներքին կյանքի, սոցիալ-դեմոգրաֆիական, պաշտպանական, անվտանգության, տնտեսության եւ այլ ոլորտների համար: Այդ կենտրոններում պետք է համախմբել հանրապետության գիտական ողջ պոտենցիալը: Նշված համակարգային բարեփոխումները հնարավորություն կտան իրականացնելու տարատեսակ մասշտաբային ազգային ծրագրեր: Ըստ այդմ, պետության ուշադրության կենտրոնում, այլ կարեւոր հարցերից զատ, մշտապես կլինեն. 

Դեմոգրաֆիական խնդիրը

 Նպատակը  զանգվածային արտագաղթի եւ ծնելիության կտրուկ անկման պատճառով ստեղծված  իրավիճակի արմատական շտկումն է, զանգվածային ներգաղթի եւ երիտասարդ ընտանիքների ամրապնդմանն ուղղված պետական համալիր ռազմավարության հռչակումն ու գործադրումը: Օրինակելի է այդ խնդիրների լուծմանն ուղղված Ռուսաստանում մշակված ծրագիրը: Օրենսդրորեն կարելի է տեղայնացնել ՌԴ-ում գործող օրենքը: Անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել յուրաքանչյուր երեխայի ծննդի դիմաց տրվող պետական ֆինանսական միջոցները` հաշվի առնելով մեր բյուջեի հնարավորությունները:

Երկրի պաշտպանունակության բարձրացման խնդիրը

Նպատակը ծավալուն նախապատրաստական աշխատանքների իրագործմամբ, հնարավորինս սեղմ ժամկետներում, նվազեցնելով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մինչեւ 1-1,5 տարի, կազմավորել պրոֆեսիոնալ բանակ` զուգահեռաբար ստեղծելով  բնակչության  զինվորական պատրաստվածությունն ապահովող համակարգ: Լուրջ ուշադրության կարոտ են զորակոչիկների ռազմահայրենասիրական դաստիարակության, զինծառայության գրավչության, բանակում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի հաստատման խնդիրները:

Առողջապահական խնդիրը

Նպատակը մարդկանց մատչելի եւ որակյալ առողջապահական համակարգով ապահովելն է: Պետությունը  պետք է ներդնի  առողջապահության ապահովագրական համակարգ, զբաղվի առողջության պահպանման կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, պարտադիր ապահովագրական համակարգի ներդրմամբ հնարավորություն ստեղծի բարձրացնելու բուժհիմնարկների աշխատակիցների աշխատավարձը: Յուրաքանչյուր քաղաքացու առողջության պահպանման իրավունքը պետք է դիտվի որպես պետության հիմնական գործառույթներից մեկը:

Տնտեսության  զարգացման հեռանկարների խնդիրը

Եթե ընդհանուր տնտեսական կյանքում պետությունը պետք է առաջնորդվի «մի խանգարիր» կարգախոսով, ապա որոշ հեռանկարային ոլորտներում (օրինակ` ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, իննովացիա, …) պետք է նախաձեռնի դրանց ներդրմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերի ստեղծումը` շահավետ պայմաններ ապահովելով  անհրաժեշտ ներդրումների համար:

Գյուղատնտեսության աջակցման խնդիրը

Գյուղատնտեսական մասնավոր մանր հողատարածքների անհրաժեշտ խոշորացումը իրագործել մանր տնտեսությունների կոոպերացիայի միջոցով` շահագրգռելով երկարաժամկետ եւ ցածր տոկոսով  գյուղատնտեսական վարկերի ձեռքբերման հնարավորությամբ: Պետությունը պետք է մշակի գյուղատնտեսական ապրանքների ներքին շուկայի պաշտպանության մեխանիզմներ` միաժամանակ բարենպաստ պայմաններ ստեղծելով դրանց արտահանման համար: Գյուղատնտեսական բարեփոխումները եւ նոր ագրարային տեխնոլոգիաները գյուղական տնտեսությունները պետք է բնամթերային արտադրողից դարձնեն ապրանքային արտադրող:

Գիտության եւ կրթության խնդիրը

Նպատակն այնպիսի անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն է, որի արդյունքում մեր պետության բոլոր հիմնական համակարգերը կդառնան մրցունակ և արդյունավետ: Գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը չի կարող կայանալ առանց գիտակրթական նոր համակարգերի: Կարևոր նշանակություն պետք է տալ կրթության և գիտության ոլորտների աշխատողների սոցիալական կարգավիճակի բարձրացմանը:

Մշակույթի   զարգացման ազգային-պետական խնդիրը

Ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ մշակույթի որոշ ոլորտներում, ձեւավորել են մենաշնորհներ, որոնց պատճառով բազմաթիվ արվեստագետներ դուրս են մնում իրենց ստեղծագործական մտահղացումներն իրագործելու  հնարավորությունից:
Մշակութային անկումն արդեն վտագի տակ է դնում մեր ազգային նկարագրի եւ ինքնության ապագան:
Պետք է ընդունել պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:
Երկարաժամկետ ծրագիրը պետք է նախատեսի հոգեւոր-մշակութային, կրթության եւ դաստիարակության լայնածավալ համակարգի ստեղծումն ու գործունեությունը երկրի ողջ տարածքում:
- Մասնավորապես հարկային քաղաքականությամբ խրախուսել արվեստի եւ   մշակույթի զարգացման ֆոնդերի ստեղծումը, որոնց շնորհիվ կզարգանան գրականությունը, ոչ կոմերցիոն արվեստը, ժամանակակից արվեստը, թատրոնը եւ կինոն:
- Գրահրատարակչությունը եւ գրքավաճառությունը  զարգացնելու համար այդ ոլորտում վերացնել ավելացված արժեքի հարկը:
- Ֆինանսապես եւ տարածքներով խրախուսել անկախ թատրոնների ստեղծումը: Պետպատվերով ֆինանսավորել փոքրաբյուջե ֆիլմեր, ինչը  տասնյակ արվեստագետ ռեժիսորների ու դերասանների ստեղծագործական հնարավորություններ կընձեռնի:
- Մշակել  նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի թարգմանության ազգային ծրագիր մշակել, կարճ ժամկետում բոլոր անհրաժեշտ ծրագրերի հայերեն տարբերակներ ունենալու համար:
- Մշակել համաշխարհային գրականության հայացման ազգային ծրագիր, որի շրջանակներում պետպատվերով ավելացնել մասնագիտական թարգմանչական կրթական տեղերի քանակը ԲՈՒՀ-երում:
- Իրագործել մշակութային մասնագիտական կրտսեր ուսումնական հաստատությունների ցանցի ստեղծումը եւ այլն:
Պետության ուշադրության կենտրոնում պետք է լինեն նաև ՀՀ ազգային փոքրամասնություններին վերաբերող խնդիրները` հնարավորություն տալով նրանց զարգացնել իրենց հոգևոր-մշակութային և կրթական համակարգերը:

Կայուն զարգացման, ընդերքի օգտագործման և էկոմիջավայրի խնդիրները

Ապահովել կայուն զարգացման գործընթացը, ինչպես համապետական, այնպես էլ տեղական մակարդակներում, ներկա պայմաններում կարեւոր ուշադրություն դարձնել բնապահպանական աղետների կանխարգելմանն ու վերացմանը, կանաչ գոտիների պահպանմանն ու ընդլայնմանը:
Պետությունը պետք է հեռանկարային ծրագիր մշակի` իր ռեսուրսային պոտենցիալը փուլ առ փուլ արտադրության մեջ ներգրավելու համար, նկատի ունենալով սպառվող պաշարները, մետաղի պահանջարկը եւ շուկայական գները, ներդնելով հանքավայրերի շահագործման էկոլոգիապես անվտանգ ժամանակակից տեխնոլոգիաները: Այդ տեսակետից պետք է վերանայել Թեղուտի շահագործման մասին կառավարության որոշումը: 
Անհրաժեշտ է խորացնել բոլոր օգտակար տարրերի կորզման  տեխնոլոգիական արտադրանքը եւ հումքի արտահանման փոխարեն ձգտել վերջնական արտադրանքի    ստացմանը:

 


Վերջաբանի փոխարեն

Պետությունը եւ քաղաքացին գլխավոր արժեքն են: Բայց պետությունը  իրական արժեք է ստանում այն դեպքում, երբ գործում է ազատ քաղաքացիների կամքի արտահայտման հիման վրա: Ազատ քաղաքացին այն կարևոր գործոնն է, որը մեզ հնարավորություն կտա շարունակական զարգացում ապահովել և տեղ գրավել համաշխարհային առաջադեմ երկրների շարքում:
 Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհասփյուռ հայերի ուժերի համախմբմամբ է միայն հնարավոր մեր ազգային իղձերի իրականացումը: Մենք գտնվում ենք այնպիսի աշխարհաքաղաքական միջավայրում, եւ ընդհանրապես համաշխարհային այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ առանց համայն հայության ջանքերը համախմբելու` հնարավոր չի լինի լուծել մեր առջև ծառացած խնդիրները: Արցախի խնդիրն այն ազգային համախմբող գաղափարն է, որը պահանջում է բոլորիս ջանքերի գործադրումը:  Մենք կարող ենք տարբեր լինել մեր գաղափարական հայացքներով, բայց մեկ հարցում պետք է լինել միակարծիք. ՀՀ ազգային անվտանգության հարցը համայն հայության խնդիրն է: Արցախի խնդրի հայանպաստ լուծումը մեր անվտանգության երաշխիքն է: Արցախը նահանջելու տեղ չունի: Հետևում Սյունիքն ու Վարդենիսն են:
21-րդ դարի տեղեկատվական դարաշրջանի բնույթն այնպիսին է, որ ժամանակակից աշխարհն արդեն վաղուց  անցել է ազգային-ազատագրական պայքարի փուլը, կառուցել ազգային պետություն ու այժմ նախաձեռնել  գլոբալ ինտեգրացիոն գործընթացների իրականացումը:
 Մենք ուշացումով, բայց պետք է լուծենք մեր նորանկախ պետության առջև կանգնած խնդիրը: Մտահոգված ընթացիկ սոցիալական խնդիրներով` մենք, միգուցե,  բթացրել ենք մեր զգոնությունը, ինչին նպաստում է նաև պետական քարոզչամեքենան` էլեկտրոնային լրատվամիջոցներով ցածրաճաշակ և զոմբիացնող արտադրանք մատուցելով: Բայց ես համոզված եմ, որ ենթագիտակցական մակարդակով յուրաքանչյուր հայ  զգում է Արցախի կարևորության խնդիրը:
Հայաստանը հայության մարմնի գլուխն է, իսկ Արցախը` սիրտը: Առանց սրտի գլուխը չի գործում: Պետք է սթափվել: Պետք է հասկանալ, որ այժմյան «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը շատ փխրուն է: Մենք փաստացի սառը պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Ռազմական մրցակցությունը տեղափոխվել է տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտ: Արցախյան խնդրի հայանպաստ լուծման հարցը ոչ միայն բարի ցանկությունների ոլորտից  է, այլև անմիջականորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը: Ուրեմն պետք է աշխատի «Հզոր Հայաստանի Հանրապետություն -Հզոր Արցախ» մոդելը: Իսկ Հզոր Հայաստան ունենալու համար մեզ անհրաժեշտ են ժողովրդավարական հարաբերություններ, ազատ շուկա և   արդյունավետ պետական  կառավարում: Ներկայի  փտած համակարգը չունի մեր պետությունը որակապես նոր հարթության վրա տեղափոխելու հնարավորություն: Իսկ դա արդեն բոլորիս անվտանգությանն է սպառնում: Թույլ, կոռումպացված, կլանային տնտեսությամբ  Հայաստանը չի կարող իր դիրքերն ամրապնդել տարածաշրջանում: Խաղաղության պահպանման և մշտականության ապահովման համար անհրաժեշտ է միշտ էապես առաջ լինել Ադրբեջանից թե’ ժողովրդավարության մակարդակով, թե’ տնտեսության  կառուցվածքով, թե’ երկրի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով: Իմ համոզմամբ, միայն Հայաստանի ազատ քաղաքացին կարող է երաշխավորել մեր պետության հարատևությունը: Միայն ազատ քաղաքացիները կարող են համերաշխության մթնոլորտ ստեղծել ու համապետական  խնդիրներ լուծել` զերծ մնալով  ընթացիկ վայրիվերումներից:  Հետևաբար, զգոնություն և ուշիմություն   պետք է ցուցաբերել: Զերծ մնալ նախընտրական շրջաններին հատուկ պսիխոզի ազդեցությունից և կայացնել գիտակցված որոշում:
Պետք  է գիտակցել, որ անձնական ճղճիմ շահերը մշտապես ստորադասելի են ազգայինից: Իսկ, ինչպես արդեն նշեցի, ազգային շահն այսօր հզոր Հայաստան, հետևաբար, հզոր Արցախ իրողության ապահովումն է: Ազգային այս գաղափարը պետք է դառնա բոլորիս մեջ վառվող այն կրակը, որը մեզ հանրույթից որակապես նոր միավորի կվերածի: Միասնական ժողովուրդ` զերծ ազգակործան այնպիսի դիվերսիաներից, ինչպիսին է, օրինակ, «հայաստանցի-ղարաբաղցի» հակասությունների ստեղծումն ու տիրաժավորումը: Զուտ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված այդ «հակասությունն» արհեստածին է` չնայած արտաքուստ բնական թվացող հանգամանքին: Ես` որպես «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներից  մեկը և մեր պետության հիմքերում կանգնած մարդ, խորապես մտահոգված եմ այս ամենով: 1988-ին չէինք կարող պատկերացնել, որ մի օր խոսելու ենք «հայաստանցի, ղարաբաղցի, սփյուռքահայ» թեմաներով: Չէինք պատկերացնում, որովհետև միասնական էինք ու համազգային խնդիրներ էինք լուծում, որովհետև քաղաքացին իրեն ազատ էր զգում` չնայած տարատեսակ ճնշումներին: Ու դա էր պատճառը, որ անկախություն վերանվաճեցինք, դա էր պատճառը, որ հաղթեցինք ռազմի դաշտում: Անհավանական էր թվում, բայց հաղթեցինք: Ժողովուրդը  հաղթեց: Բայց հիմա մեզանից  ուզում են խլել այդ հաղթանակները: Չպետք է թույլ տանք: Պետք է ապացուցենք, որ ուզում ենք դուրս գալ «ուշացած» ազգերի շարքից, որոնք չեն կարողացել ժամանակակից պետություն կառուցել: Ազգային և ժամանակակից պետության առկայություն, ահա’ «համաշխարհային ազգ» հասկացության բանաձևն ու չափանիշը: Մենք էլ կարող ենք դասվել համաշխարհային ազգերի շարքը: Ուղղակի պետք է հավատալ ու տեր կանգնել սեփական ուժերին: Գնահատել հաղթանակներն ու քայլել առաջ: Ուրեմն «Եկեք տեր կանգնենք մեր երկրին, մեր հաղթանակներին»: Սա կլինի իմ նախընտրական հիմնական կարգախոսը: Կուզենայի, հարգելի ընտրող, որ այն նաև քոնը լիներ:


Վազգեն Մանուկյան


Vazgen_Manukyani_naxyntrakan_c...doc         
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491457
487546