ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  


27-ը սեպտեմբեր, 1996թ.

     Սիրելի հայրենակիցներ,
     Հայաստանում հաստատվում է ոչ օրինական իշխանություն, ընտրություններով ակնհայտորեն չանցած, չընտրված նախագահ` հենված բիրտ ուժի վրա: Սա կատարվում է բացահայտ` ողջ համաշխարհային հասարակության առջեւ: Եվ եթե այնուամենայնիվ որոշ պետությունների ղեկավարներ շնորհավորում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, դա դեռ չի նշանակում, թե ընդում են ոչ օրինական ճանապարհով ընտրված իշխանությանը: Շնորհավորում են ոչ թե այն պատճառով, որ չգիտեն, թե ինչ է կատարվել Հայաստանում, այլ որովհետեւ այսօր չշնորհավորելը քաղաքական հետեւանքներ կբերի, որոնցում այդ պետությունները շահագրգռված չեն:
     Այս ամենը, իշխանավորների հոգեկան հիվանդության հասնող ձգտումը` ցանկացած գնով մնալ իշխանության ղեկին, մեր ժողովրդին եւ մեր պետությունը դնում է շատ ծանր վիճակի մեջ` հղի վտանգավոր հետեւանքներով: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ` միջազգային ասպարեզում: Մենք կորցնում ենք ոչ միայն համաշխարհային հասարակության հարգանքը` դժվարին կացության մեջ դնելով պետության արտաքին հարաբերությունները, այլեւ կորցնում ենք զարգացման կարեւորագույն գործոնները. ազատություն, օրինականություն, ժողովրդավարություն:
     Գլուխ է բարձրացնում տականքը: Այս ամենը հանգեցնում է մեր տնտեսական ու պաշտպանողական ուժի ակնհայտ թուլացմանը, եւ մեր զարգացումով մենք ետ ենք ընկնելու տարածաշրջանի պետություններից:
     Այժմ կատարվում է անհեթեթ ջանք` սեպտեմբերի 25-ի դեպքերը ներկայցնել իբրեւ պետական հեղաշրջման փորձ:


 Իրականում նախորդող օրերին Երեւանում տեղի էին ունենում խաղաղ ցույցեր եւ երթեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր մարդիկ` երկու պարզ պահանջներով. հեռուստաժամի տրամադրում ընտրություններում ժողովրդի վստահությանն արժանացած նախագահի թեկնածուին իր թիմակիցների հետ, եւ ընտրությունների արդյունքների վերստուգում:
     Հարյուր հազարավոր մարդիկ` պարզ, օրինական պահանջներ: Իշխանությունների կողմից ոչ մի արձագանք, ոչ մի բանակցությունների փորձ, ոչ մի փոխզիջում:
     Սեպտեմբերի 25-ին կրկնվեց նույնը: Մի խումբ պատգամավորներ` իմ ղեկավարությամբ, բանակցություններ էինք վարում ԿԸՀ-ի նախագահ Խաչատուր Բեզիրջյանի հետ պարզ առաջարկության շուրջ: Դրսում այդ պահանջը պաշտպանող հարյուր հազար մարդ: Հանրապետության ղեկավարությունը, ակնհայտորեն տեսնելով ժողովրդի գրգռվածությունը, ոչ մի միջամտության փորձ չկատարեց` հույս ունենալով, որ տեղի կունենան դեպքեր, բիրտ ուժի կիրառումը կցրի ժողովրդին` կոտրելով նրա կամքը: Կսկսվեն ձերբակալություններ:
     Եղավ այն, ինչ կարելի էր սպասել: Ժողովուրդը ներխուժեց ԿԸՀ-ի տարածք, տեղի ունեցան որոշ անկառավարելի արարքներ, որոնք դատապարտելի են: Սակայն այդպիսի դեպքեր ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ոստիկանությունը օգտագործում է ջուր մղող մեքենաներ, գազ, մահակներ, վահաններ` հետագայում քրեական մեղադրանքներ ներկայացնելով կարգուկանոնը խախտած մասնակիցների մի մասին: Մեզանում տեղի ունեցածը, այնուամենայնիվ, տարբերվեց դրանից: Առաջինը. չմտածված եւ ոչ պատճառաբանված ժողովրդի առաջ դուրս գալու ԱԺ-ի ղեկավարության կողմից տղամարդկություն չէր` քաղաքական գրգռիչ անմտություն: Անկարգություն անողները, արարքի մեղավորները, իհարկե, կպատժվեն, բայց` երկրորդ` կատարվեց մյուս երկրները համար աննախադեպը` սկսվեց հրազենի օգտագործումը իշխանական բանդաների կողմից:
     Նույնիսկ կոմունիստական ռեժիմի դեմ պայքարելիս, միութենական զորքի առկայությամբ, մեր ժողովուրդը այդպիսի բան չէր տեսել նույնանման դեպքերում, որոնք եղել են, եւ որոնց մասնակցել են մեր պետության ներկա իշխանավորները: Կրակոցների տակ մենք դուրս հանեցինք ժողովրդին ԱԺ-ի տարածքից: Եթե իշխանությունները հրազեն օգտագործելով` փորձում էին կոտրել ժողովրդի կամքը, ապա նրանք սխալվեցին. ինչքան շատ էին կրակում նրանք, այնքան ավելի էին խտանում իրենց դեմ կանգնած ժողովրդի շարքերը: Կանգնած էին տասնյակ հազարավոր մարդիկ. կանայք, երեխաներ, ծերեր եւ երիտասարդներ, որոնք ամեն մի կրակոցին պատասխանում էին սուլոցներով, երգով, «Վազգեն` նախագահ» վանկարկումով: Իսկապես, հրաշալի ժողովուրդ է մեր ժողովուրդը, եւ այս դեպքերը վերականգնեցին մեր ժողովրդի հարգանքն իր նկատմամբ: Մեր դեմ հրազենով կանգնած էին մեր ժողովրդին ակնհայտորեն ատող, հավանաբար թմրադեղեր օգտագործած անձինք, եւ ընդդիմության ղեկավարներս, խուսափելու համար հնարավոր զոհերից, ժողովրդի հետ իջանք Ազատության հրապարակ: Այստեղ ժողովրդի հետ միասին ընդունվեց որոշում` հաջորդ օրը ժամը 12-ին շարունակել միայն եւ միայն խաղաղ ցույցեր` նույն պահանջներով:
     Հաջորդ օրն ամբողջ քաղաքը պաշարված էր, կատարվում էին զանգվածային ձերբակալություններ:
     Գնալով այդպիսի քայլի, իշխանություններն ընկան իրենց իսկ պատրաստած ծուղակի մեջ եւ այլեւս դատապարտված են: Զորքը քաղաքում միշտ պահել հնարավոր չէ, հնարավոր չէ բոլորին ձերբակալել: Այս ամենը մենք արդեն տեսել ենք 1988-89 թվականներին: Ներկա անօրինական իշխանությունները չեն կարողանալու ապահովել մեր պետության զարգացումը, տնտեսական վերականգնումը, աճը, սոցիալական հարցերի լուծումը: Նրանք ի վիճակի են միայն վայելել. ուրիշ ոչինչ: Դա երկար չի տեւի: Եթե ոչ ուրիշ երկրների քաղաքական ղեկավարները, ապա նրանց հասարակությունը կդառնա մեր բնական դաշնակիցը եւ իրենց ղեկավարության վրա ճնշում կկիրառի` նպաստելով մեր երկրում ժողովրդավարություն, օրինականություն, տնտեսական ու քաղաքական ազատություններ, մարդու իրավունքների պաշտպանվածություն հաստատելուն:
     Հաղթելու է մեր ժողովուրդը: Պետք է ժամանակ եւ խաղաղ միջոցների կիրառում: Մեզ պետք չէ քաղաքացիական պատերազմ, որին անընդհատ փորձում են դրդել  իշխանությունները` հաշվի չառնելով նույնիսկ Ղարաբաղի հարցը, այլ այն օգտագործելով իբրեւ քաղաքական դեմագոգիա:
     Համբերություն, արիություն, խելամտություն: Այս պետությունը մեր բոլորինն է եւ ո՛չ մի խումբ մարդկանց կալվածք:


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510270
501412