ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ  


2 հոկտեմբերի, 1996թ

     Հոկտեմբերի 2-ին Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսը տարօրինակ էր այնքանով, որ տեղի ունեցավ նրա տանը` Գրողների միության հարեւանությամբ գտնվող Մանուկյանների բնակարանում:
     Սկսելով ասուլիսը` Վազգեն Մանուկյանն անդրադարձավ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերին` դրանք դիտարկելով ոչ իբրեւ դրվագներ, այլ` առարկայացած երեւույթ, որի դրսեւորմամբ ժողովուրդը հավաքականորեն իր վերաբերմունքն արտահայտեց ոչ օրինական իշխանությունների նկատմամբ: Ժողովրդի կարծիքի հետ, ըստ էության, համերաշխում է նաեւ միջազգային հանրությունը, եւ «Մոլորակ» թերթում հրապարակված ԵԱՀԿ դիտորդների մշակած փաստաթուղթը դրա վկայաությունն է: Այն դիվանագիտական բավականին խիստ լեզվով է ձեւակերպված:
     Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ընտրությունների հրապարակված արդյունքներին, կարեւորեց, մի խիստ էական գործոն. ամենեւին էլ առաջնայինն այն հարցը չէ, թե ով է մի քանի քվե ավելի կամ պակաս ստացել: Ըստ իրենց մոտ եղած արձանագրությունների տվյալների, որոնք հանրապետության ընտրատարածքների մեծ մասից ԱԺՄ են հասցվել, Վազգեն Մանուկյանը ստացել է քվեների 60-65 տոկոսը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ցուցանիշը 35 տոկոսի չի հասել: Իսկ երբ այս տվյալներին ավելացնում են պաշտոնական ցուցանիշներն այն տարածքների, որոնցից ԱԺՄ-ն տեղեկություններ չի ստացել, թվերը միարժեքորեն հանգեցնում են երկրորդ փուլի:


Այս ամենի արձանագրումից հետո, Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 25-26-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ գործող իշխանությունների իրական հենարանը բիրտ ուժն է: Ամենեւին էլ պարտադիր չէ, որ դա բանակը կամ ոստիկանություը լինի: Մանուկյանի գնահատմամբ, ե՛ւ բանակում, ե՛ւ ոստիկանությունում կան բազմաթիվ օրինավոր մարդիկ, իսկ նրանց կողքին նաեւ հանցավոր տարրեր: Հանցավոր տարրեր եւ բանդաներ գոյություն ունեն նաեւ այդ կառույցներից դուրս: Եվ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը 1990-1991թթ. որոշակիորեն հենվում էր դրանց վրա` իշխանությունն ուժեղացնելու նպատակադրումով, ապա այժմ ինքն է վերածվել խամաճիկի հանցագործ խմբերի ձեռքին:
     Այսքանից հետո Վազգեն Մանուկյանը հանդես եկավ շատ պատասխանատու հայտարարությամբ` ինքը հանցագործներ է համարում Վանո Սիրադեղյանին ու  Վազգեն Սրգսյանին: Այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես անտեղյակ է, թե ինչ է տեղի ունենում հանրապետությունում, չի հասկանում, թե ինչով է ապրում ժողովուրդը, եւ եթե այս ամենին էլ գումարվում է ինքնասիրահարվածության գործոնը, ապա պարզորեն ուրվագծվում են իրավիճակի նկատմամբ նրա ոչ ճշգրիտ դիրքորոշումների հիմքերը:
     Սեպտեմբերի 25-ով, Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, այնուամենայնիվ, ծայր առան կարեւոր գործընթացներ: Ե՛վ Սփյուռքը, ե՛վ հայությունն ամբողջությամբ թոթափեցին ներկա իրավիճակի նկատմամբ իրենց մեջ եղած հիասթափությունը: Նախընտրական շրջանում տեղի էին ունենում այնպիսի հանրահավաքներ, որպիսիք տեղի չեն ունեցել նույնիսկ 88 թվականին, երբ ժողովրդի միասնության համար գոյություն ուներ առնվազն երկու կարեւոր խնդիր` Արցախ եւ Անկախություն: Այժմ իշխանությունները այն տեսակետն են փողհարում, թե ժողովուրդը առաջնային տեղ է տալիս իր սոցիալական խնդիրներին, եւ միավորումը տեղի է ունեցել այդ հողի վրա: Մինչդեռ հասարակության միասնականության հիմքը մեր ժողովրդի առողջ կենսուժից բխող այն ձգտումն է, որ մեր պետությունը արդար բովանդակություն ունենա:
     Անօրինական իշխանությունների գոյությունը Հայաստանի Հանրապետության համար շատ վտանգավոր հետեւանքներով է հղի ե՛ւ դրսում, ե՛ւ հատկապես ներսում,  որովհետեւ կայունության խախտման յուրաքանչյուր դեպք ուղեկցվելու է ուժի կիրառմամբ: Վազգեն Մանուկյանի համոզմամբ, անհնար ու անթույլատրելի է Հայաստանում անօրինական իշխանությունների գոյությունը: Օրինական իշխանության հարցի լուծումը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ եթե այդ խնդիրը չլուծվի մի քանի ամսում, Ապա Հայաստանին սպառնում է կործանում: Եթե վերջնականապես պարզվի, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել հնարավոր չէ, ապա դեպքերն այլ ընթացք կունենան: Ասենք` Չեխոսլովակիայում առարկայացավ թավշյա հեղափոխությունը, Ռումինիայում արյունոտ հեղափոխությունը, ուրիշ երկրներում իրադարձություններն այլ ընթացք ունեցան, եւ անգամ Լատինական Ամերիկայի երկրներում առկա միտումները ցույց են տալիս, որ ոչ օրինական իշխանությունները երկարատեւ կյանք չեն ունենում ու վերջիվերջո տապալվում են: Ժողովուրդը պետք է ճնշում գործադրի իշխանությունների վրա ու տեր կանգնի իր ձայներին:
     Այս շրջանում Վազգեն Մանւկյանն այնքան էլ կարեւոր չի համարում այն հարցը, թե իր հետ ինչպես կարող են վարվել. կգնդակահարեն, կարտաքսեն, թ՞ե կնստեցնեն: Միեւնույնն է, ինչպես հայտնի ասացվածքն է ասում` սուրբ տեղը թափուր չի մնա, եւ կգտնվեն մարդիկ, ովքեր կառաջնորդեն ժողովրդական նորօրյա շարժումը: Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, ընտրություններում տեղ գտած կեղծիքը այս անգամ ոչ թե ընդդիմությունը, այլ ժողովուրդը չընդունեց, ինչը եւ տեղի ունեցած իրադարձությունների պատճառ դարձավ: Այս նոր շարժումը, որն այլեւս շրջադարձ է հայ ժողովրդի ապրելակերպում, ի տարբերություն արցախյան շարժման, առաջնորդում են երիտասարդության ներկայացուցիչները, մինչդեռ ղարաբաղյան շարժման գլուխ էին կանգնած Վազգեն Մանուկյանի սերնդի մարդիկ: Այս առումով, Վազգեն Մանուկյանը հակված է կարծել, որ պայքարն իր դրսեւորումները կունենա նաեւ շատ մոտ ժամանակներում:
     Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաեւ սեպտեմբերի 25-ից հետո ծայր առած ձերբակալությունների գործընթացին: Հայտնելով, որ կալանված են ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ծեծված` Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, իսկ Ռուբեն Հակոբյանը ծեծի արդյունքում անճանաչելի է դարձել, նա արձանագրեց, որ այդպիսի դաժանություն 37 թվականից այս կողմ մեր ժողովուրդը չի տեսել:
     Ասուլիսում հարցուպատասխանի ժամանակ արծարծված հարցերի շրջանակը բավականին տարողունակ էր: Նախորդ օրը ռուսաստանյան հեռուստաընկերության «Վեստի» ծրագրով ցուցադրել են տեսագրված բավականին ծավալուն զրույցի մի փոքրիկ հատվածը` միայն, Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, այն, ինչ պետք է եղել իրենց: Իր` վարչապետ նշանակվելու հնարավորությունը Վազգեն Մանուկյանը բացառեց` հայտարարելով, որ ոչ օրինական իշխանությունների հետ ինքը համագործակցել չի կարող, սակայն սա չպետք է բացառի բանակցությունների գնալու հնարավորությունը, որոնց արդյունքում հնարավոր կլինի վերանայել ընտրությունների թվական տվյալները եւ պարզել` Լեւոն Տեր-Պետրոսյա՞նն է հաղթել, Վազգեն Մանուկյա՞նը, թե՞ ստացված թվերից երկրորդ փուլի անհրաժեշտություն է առաջանում:
     Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հայտնի հայտարարություններին` Վազգեն Մանուկյանն ասաց, որ խորհրդարանում, ըստ էության, ասվել է նույնը, ինչը` մոտ 100.000 մարդու առաջ: Մինչդեռ, Հայրիկյանը նախապես որեւէ խոսք չի ասել դաշինքից դուրս գալու իր մտադրությունների վերաբերյալ: Սեպտեմբերի 25-ի իրադարձություններում, Վ.Մանուկյանը վկայակոչելով իր ունեցած որոշ տեղեկություններ, հայտարարեց, որ իշխանությունների մատը խառն է, եւ ԱԺ ճաղաշարերը տապալող ցուցարարների առաջին շարքերում կանգնած են եղել իշխանության ուժային որոշ կառույցների ներկայացուցիչներ:  Սեպտեմբերի 25-ին իշխանություններն ունեին նպատակ, որին, Վ.Մանուկյանի գնահատմամբ, նրանք չհասան: Իշխանությունները մտածել են, թե ժողովուրդը կկոտրվի, մինչդեռ մարդիկ չէին փախչում անգամ կրակոցների ժամանակ: Այժմ էլ իշխանությունները ճիշտ չեն գնահատում տեղի ունեցածը եւ ճիշտ եզրակացություններ չեն անում: Վազգեն Մանուկյանի համոզմամբ, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի:
     Իր շրջապատի որոշ ներկայացուցիչների տրվող այն որակումները, թե նրանք ապակառուցողական մարդիկ են, Վ.Մանուկյանը գնահատեց այսպես. դա ծանոթ խոսակցություն է, որ իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Վազգեն Մանուկյանը լավն են, իսկ նրանց շրջապատը` վատը: Այդպես չի լինում եւ Վազգեն Մանուկյանը դրական վերաբերմունք ունի իր շրջապատի նկատմամբ:
     Անդրադառնալով կոնկրետ դեպքերին` Վ.Մանուկյանը նշեց, որ երբ ԿԸՀ նախագահ Խաչատուր Բեզիրջյանը վերջապես համաձայնել է ստուգումներ կատարել, այդ ժամանակ ժողովուրդը մտել է ԱԺ տարածք: Մարդկանց դուրս բերելու նպատակով նրանց ընդառաջ է դուրս եկել Վազգեն Մանուկյանն ինքը` Ռուբեն Հակոբյանին եւ Սեյրան Ավագյանին թողնելով, որպեսզի նրանք վերջնական համաձայնության գան, ըստ էության, պայմանավորվածության արդյունքում ստեղծվելիք փաստաթղթի շուրջ: Մինչդեռ մյուս օրը ոչ թե փաստաթուղթը ասպարեզ հանվեց, այլ «տանկերը գրավեցին քաղաքը»: Իրադարձությունների օրը Վազգեն Մանուկյանին է այցելել ԵԱՀԿ դիտորդական խմբերի ղեկավար Սայմոն Օսբորնը եւ առաջարկել իր միջնորդությունը իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար: Նույն առաջարկությամբ Վազգեն Մանուկյանին է մոտեցել նաեւ մի եկեղեցական եւ հարցրել նրա կարծիքը Ամենայն հայոց կաթողիկոսի` միջնորդի դեր ստանձնելու առումով: Վազգեն Մանուկյանը սիրով համաձայնել է:
     Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին` սեպտեմբերի 30-ի ուղերձին Վազգեն Մանուկյանն անդրադարձավ այլ տեսանկյունից: Դա ընդունելի կլիներ, եթե գործող նախագահը հաստատակամորեն ասեր` ես վստահաբար ստացել եմ քվեների 52 տոկոսը եւ պատրաստ եմ արդյունքների ստուգմանը: Մինչդեռ նա նպատակին ցանկացած միջոցով հասնելու գաղափարն է սերմանում, եւ այս շրջանակում զոռբայությունը շփոթվում է ուժի, խորամանկությունը` խելքի հետ:
Քաղաքական ապաստան ստանալու կապակցությամբ Վ. Մանուկյանն ասաց հետեւյալը` չնայած այս երկրում ապրելն օրեցօր ավելի դժվար է դառնում, բայց ճիշտը մնալն է եւ քաղաքական իրավունքների համար պայքարելը: Իսկ եթե իրեն, այնուամենայնիվ, արտաքսեն, ապա դա կարող է տեղի ունենալ, ասենք, Սոլժենիցինի կամ Պարույր Հայրիկյանի օրինակով:
     Ներհայաստանյան քաղաքական զարգացումների պատկերը Վազգեն Մանուկյանին ներկայանում է հետեւյալ կերպ. ժողովուրդը կպայքարի, եւ յուրաքանչյուր դեպքում իշխանությունները ուժ կկիրառեն: Ֆաշիզմի մեջ մեղադրվելու առումով Վ.Մանուկյանը նախեւառաջ տվեց երեւույթի սահմանումը: Ֆաշիզմը մերժում է պառլամենտարիզմը, մինչդեռ ԱԺՄ-ն իր ծրագրերում կողմ է պառլամենտական հանրապետության: Ֆաշիզմը մերժում է մասնավոր ձեռներեցությունը, իսկ ԱԺՄ-ի ծրագրում մեծ տեղ է տրված դրան: Ֆաշիզմը ազգայնամոլական այնպիսի ուսմունք է, որ տվյալ ազգին վեր է դասում մյուսներից եւ արհամարհանքով վերաբերում նրանց: Մինչդեռ Վ.Մանուկյանը կողմ է համամարդկային արժեքների կիրառմանը, իսկ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները պետք է օգտվեն նույն իրավունքներից, որոնցից օգտվում են հայերը: Բացի այդ, ֆաշիզմը իր գործելակերպում չի խորշում նաեւ բռնի ուժի կիրառման մեթոդից: Պառլամենտարիզմի մերժումը եւ ֆաշիզմի գործելակերպը Վազգեն Մանուկյանը բնորոշ համարեց ներկա իշխանություններին, իսկ ԱԺՄ-ն նման դիրքորոշումներ չի ունեցել:
     Անդրադառնալով Վլադիմիր Ժիրինովսկու` Վազգեն Մանուկյանին զորակցող հայտնի հայտարարությանը, ընդդիմության միացյալ թեկնածուն հետեւյալ մեկնաբանությունը տվեց: Ժիրինովսկին չի սիրում այս իշխանություններին եւ դրանով է պայմանավորված նրա դիրքորոշումը: Մինչդեռ, մյուս կողմից, նա ԱՄՆ-ը համարեց իրական եւ ոչ ձեւական ժողովրդավարության երկիր, որի հասարակական կարծիքը պետք է ազդի ամերիկյան կառավարության տեսակետի վրա` հայաստանյան ընտրությունների վերաբերյալ համապատասխան դիրքորոշում ունենալու համար:
     Սահմանադրական դատարանին ուղղված իր դիմումի առնչությամբ` Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ այնքան էլ վստահ չէ այդ ատյանի անաչառ գործունեությանը, սակայն օրենսդրական որեւէ հնարավորություն պետէք է օգտագործել:
     Կարեն Դեմիրճյանի վարչապետ նշանակվելու մասին պտտվող լուրերի հանդեպ Վազգեն Մանուկյանը շատ վերապահ էր. ոչ մի վարչապետ այս պայմաններում չի կարող շտկել դրությունը:
     Ասուլիսի ավարտին Վազգեն Մանուկյանը, լրագրողների շնորհակալություն հայտնելով, նրանց մեկ առ մեկ հրաժեշտ տվեց ձեռքսեղմումով` ասելով, որ անհայտ է, թե երբ կկայանա հաջորդ հանդիպումը:
     Իր ձերբակալված չլինելու վերաբերյալ հարցը Վ.Մանուկյանը խորհուրդ տվեց ուղղել իշխանություններին:
     Երեւանն այնպիսի քաղաք է, ուր եւ թաքնվելն է դժվար, եւ ձերբակալվելը հեշտ…

«Երեւան» տեղեկատվական կենտրոն 


        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
482480
478812