ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ  


ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՆՑՆԵԼՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷՐ
 
     Վարչապետության տարին
 
     Պետք է խոստովանեմ, որ ես ներքին մեծ տագնապով համաձայնեցի վա­րելու այդ պաշտոնը: Ճիշտ է, լինելով «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատոր, հետագայում ՀՀՇ վարչության առաջին նախագահ և փաս­­տացիորեն ղեկավարելով այն հզոր շարժումը, որ ծավալված էր Հայաս­տանում, ես արդեն ունեի ղեկավարման որոշակի փորձ, մյուս կողմից՝ մոտ 20 տարվա ընթացքում ուսումնասիրելով և դասավանդելով մաթեմատիկական մեթոդների կիրառումը այժմյան տնտեսագիտության մեջ՝ ես ունեի որոշակի տնտեսագիտական գիտելիքներ՝ ազատ տնտե­սու­թյանը վերաբերող, բայց կառավարական մեքենա ղեկավարելու համար դա քիչ էր, պակասում էին փորձը, գիտելիքները պետական կառավար­ման կառույցների վերաբերյալ: Պետք է խոստովանել, որ մասնագետ­ների կարծիքով ես բավականին շուտ տիրապետեցի այդ գործին: Բայց միևնույնն է, մինչև իմ վարչապետության վերջին օրն ան­ընդհատ նորը սովորելու անհրաժեշտություն էր զգացվում: Կյանքն այն ժամանակ շատ արագ էր փոխվում՝ պահանջելով նոր, մինչ այդ կառա­վարական համակարգին չհանդիպած, անծանոթ խնդիրների լուծում:

     Հիմնական դժվարությունները, որոնք առաջացան հենց առաջին օրից, հետևյալն էին. հարաբերություններ Մոսկվայի հետ: Մի կողմից, մեր շարժումը մի ուժ էր, որ հռչակել էր անկախությունը՝ որպես նպատակ և իր նախկին գործունեության ընթացքում անընդհատ առճակատումների մեջ էր կենտրոնի հետ Ղարաբաղի հարցի շուրջ: Մյուս կողմից, ես՝ որպես վարչապետ, պարտավոր էի ստեղծել բարեկամական հարաբերու­թյուն­ներ ԽՍՀՄ-ի իշխանությունների հետ ապահովելու համար մեր հանրա­պետության տնտեսական կյանքը: Պետք է ասել, որ դա շատ արագ իրա­կանացվեց, ես միշտ բարիդրացիական, գործնական հարաբե­րություն եմ ունեցել ԽՍՀՄ-ի տնտեսական ղեկավարության հետ: Դրական էր վերա­բեր­մունքը ոչ միայն մեր հանրապետության, այլ նաև իմ նկատ­մամբ: ԽՍՀՄ-ի տնտեսական կառույցների հետ լիարժեք հարա­բերություններ ստեղծելու գործում մեծ նշանակություն ունեին այն փորձ­ված նախա­րար­ները, որոնց ես պահեցի համակարգի մեջ: Ցավոք սրտի, նրանց մի մասին ես հրաժեշտ տվեցի իմ վարչապետ եղած ժամանակ՝ քաղաքական ճնշումներից ելնելով, մի մասին աշխատանքից ազատեցին իմ վարչա­պետությունից դուրս գալուց հետո: Այստեղ ես սկսեցի ակամայից շոշա­փել կադրային քաղաքականությունը, որը, պետք է ասել, ամենադժվարին հարցն է, երբ երկրի ներսում կտրուկ փոխվում է քա­ղաքական իշխա­նությունը, տնտեսական համակարգը:


Մի կողմից՝ ձգտում կար պահ­պանել այն մարդկանց, որոնք ունեին բարձր պրոֆե­սիոնալ մակարդակ, կապեր ինչպես կենտրոնական կառա­վարության, այնպես էլ մյուս հան­րապետությունների կառավարությունների հետ, և նաև լավ էին տի­րապետում այն կառույցներին, որոնք գտնվում էին իրենց հսկողության տակ: Մյուս կողմից՝ հասարակության մեջ ձգտում կար նոր Հայաստանը կառուցել նոր մարդկանցով, որոնք պետք է ունենային ոչ միայն պրոֆեսիոնալ հատկություններ, այլ նաև բարձր բարոյակա­նություն և տիրապետեին այն նոր տնտեսական հարաբերութուններին, դեպի ուր մենք ուզում էինք գնալ ողջ հասարակությամբ: Երրորդ կողմից՝ կադրային հարցերում ինձ վրա կար մեծ և արդարացի ճնշում այն թիմից, որի հետ պայքարելով՝ եկել էի իշխանության: Ես այդ ճնշումը արդարացի եմ համարում, որովհետև այն բնական է և կիրառվում է ցանկացած դեմոկրատական երկրում, որտեղ ընտրությունների միջոցով ասպարեզ է գալիս նոր ղեկավարություն: Ինչպես միշտ, երեք ձմերուկ մի ձեռքով բռնելը անհնարին էր, մանավանդ որ շատ դժվար էր կարճ ժամանակում ընտրել և պատրաստել նոր կադրեր: Եվ այդ պատճառով ցանկացած կադրային նշանակում դժգոհություն էր առաջացնում ճամբարներից գոնե մեկում, որոշ նշանակումներ՝ բոլոր ճամբարներում: Կադրային հարցում ես ունեցա սխալներ, ոչ լրիվ մտածված նշանակումներ: Բայց քանի որ նշանակումների ժամանակ ես չէի հետապնդում անձնական շահ, համոզ­ված էի, որ ժամանակի ընթացքում կստեղծվեն կադրային քաղաքա­կանության ճիշտ մեխանիզմներ և, անհաջող մարդկանցից ազատվելով, հնարավոր կլինի պատասխանատու պաշտոններում նշանակել ավելի գրագետ կադրեր: Ցավոք, իմ դուրս գալուց հետո ես չեմ տեսնում բարե­լավումներ այդ հարցում, ուղղակի առաջին օրերի սպասումները, երբ ամբողջ ժողովուրդը անհամբեր հետևում էր կադրային նշանակումներին, փոխվեցին անտարբերության: Հօգուտ ինձ պետք է ասեմ, որ իմ վարչապետության օրոք հաջողվեց պահպանել պրոֆեսիոնալների այն կարևորագույն շերտը՝ գործարանների տնօրեններնին: Այժմ այդ շերտը գրեթե լիովին ջախջախված է: Իմ վարչապետության ժամանակաշրջանը երևի ամենածանր ժամանակաշրջաններից էր ԽՍՀՄ-ի տնտեսական պատմության մեջ, երբ աչքիդ առաջ քանդվում էր ողջ հասարակական-տնտեսական համակարգը, և պետք էր մի ձեռքով պահել այն, ինչ հնա­րավոր էր փրկել, մյուս ձեռքով՝ փորձել կառուցել նորը: Նախորդ ժամա­նակաշրջանից ծանոթ ապրելակերպը պահպանել հաջողվում էր մեծ դժվարությամբ: Բայց« այնուամենայնիվ« իմ վարչապետության օրոք մեր բնակչությունը օրական 24 ժամ ապահովված էր հոսանքով, աշխատում էին գործարանները, ընդհատումներով շարունակվում էր կտրոնային համակարգի գործունեությունը, որի միջոցով բնակչությունը ստանում էր անհրաժեշտ սննդամթերքները, չկար գների կտրուկ աճ:
     Այն պայմաններում, երբ սկսվել էր ԽՍՀՄ-ի տնտեսական համա­կարգի փլուզումը՝ առաջ անցնելով քաղաքականից, դեռ հնարա­վո­րություն կար, ճիշտ է, արդեն դժվարությամբ, բայց նոր ինքնուրույն կապեր ստեղծելով հանրապետությունների հետ« այնուամենայնիվ« լուծել այդ խնդիրները: Մեծ ռիսկի գնալով՝ հնարավոր եղավ նաև փրկել մեր ժողովրդի դրամական խնայողությունները ԽՍՀՄ-ի վարչապետ Պավ­լո­վի այն անսպասելի քայլից հետո, երբ նա սկսեց փոխել 50 և 100 ռուբ­լիանոց դրամանիշները: ԽՍՀՄ-ի փլուզման պայմաններում հայտնվեց աղետի գոտին: Միության տարբեր հանրապետություններից եկած շի­նարար­ները սկսեցին թողնել-հեռանալ՝ շատ հաճախ ձգտելով տանել այն տեխ­նիկան, որը բերել էին իրենց հետ: Ջոկատները, տեղական իշ­խա­նությունները, շինարարության նախարարությունը փորձում էին եր­բեմն ուժի միջոցով, երբեմն համոզելով, փոխզիջումների գնալով, պահել աղետի գոտու տեխնիկական միջոցները: Որոշ բաներ հա­ջողվեցին, բայց եղան չարաշահումներ, թալան: Չնայած բոլոր դժվա­րություններին՝ իմ վարչապետության օրոք 1990թ. հանձնեցինք 500 հա­զար քմ բնակելի տարածք, 1991թ.՝ 750 հազար: Ո՛չ նախորդ տարիներին, ո՛չ էլ հետա­գա­յում այդ թվերը չեն գերազանցվել:
     Մեծ արագությամբ այդ դժվարին ժամանակ շարունակվում էր մեր կողմից Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի կառու­ցումը: Եվ այն իսկապես դարձավ Հայաստանի կյանքի ճանապարհը, երբ փակվեց Ադրբեջանի տարածքով եկող գազամուղը: Արագորեն շա­րունակվում էր նախկին տնտեսական համակարգի փլուզումը, արդեն սկսվել էր նոր տնտեսական հարաբերությունների առաջացում՝ մաս­նավոր առևտուր, հողի սեփականաշնորհում, մասնավոր փոքր ձեռ­նարկությունների ստեղծում, պետական փոքր ձեռնարկությունների փորձնական սեփականաշնորհում: Այս ամենը ապագայի տեսակետից կարևոր նշանակություն ունեցող քայլեր էին և համապատասխանում էին մեր ժողովրդի այն ժամանակվա ցանկություններին, բայց միևնույն ժա­մա­նակ առաջացնում էին որոշակի անցանկալի երևույթներ, որոնց դեմ կառավարությունը չէր կարողանում արդյունավետ պայքար մղել՝ չունենալով վերահսկողության կանոնավոր մեխանիզմներ: Խնդիրը դրված էր, փորձեր էին արվում այն լուծել, բայց ես չեմ կարող հպարտանալ, որ իմ ժամանակ այդ խնդիրը լուծվեց:
     Իմ հրաժարականից հետո խնդրի լուծումը, ըստ իս, սխալ ուղղու­թյամբ ընթացավ, վերահսկողության մեխանիզմները չէին աշխա­տում իշխանության վերին էշելոնում, իսկ ներքևում կաշառակերության պահպանման հետ առաջացել էր այնպիսի սարսափ «վերահսկող» կառույցների նկատմամբ, որ ուղղակի սպանում է ամեն մի տնտեսական նախաձեռնություն՝ գրեթե անհնար դարձնելով քիչ թե շատ լուրջ տնտեսական ձեռներեցությամբ զբաղվելը: Ունքը շտկելու փոխարեն աչքը հանեցին: Անհրաժեշտ է նշել նաև, որ մասնավոր սեփականությանը և շուկայական տնտեսությանը անցնելը ինքնանպատակ չէր: Դա ուղղակի, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, լավագույն մի­ջոցն է ապահովելու համար ժողովրդի բարեկեցությունը՝ հիմնված տնտեսական գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների առավել արդյունավետության վրա: Հայաստանը փոքր պետություն է, որը չնայած նախորդ ժամանակաշրջանում արդյունաբերական երկիր էր, բայց գրեթե չուներ համաշխարհային շուկա դուրս գալու մրցունակ արտադրանք: Այդպիսի պայմաններում դիմել շուկայական հարաբերություններին՝ որպես կախարդական փայտիկի, հույս ունենալով, թե այն ինքնուրույն կլուծի մեր տնտեսական խնդիրները, անհեթեթություն է: Շուկայական հարաբերությունները, ազատ մրցակցությունը (եթե նույնիսկ այն անկեղծորեն իրականացվի) շատ օգտակար գործիք պետք է դառնան կառավարության ձեռքում՝ իրականացնելու համար որոշակի նպա­տակներ: Մեր կառավարության օրոք մենք առևտրի, սպասարկման ոլորտի, միջնորդական ծառայությունների զարգացման հետ միասին կարևոր էինք համարում Հայաստանը պահպանել որպես զարգացած արդյունաբերական երկիր, որի հիմքի վրա պետք է շարունակեին զարգանալ մեր գիտական և կրթական համակարգերը: Այդ խնդիրը են­թադրում է բարեփոխումների ավելի բարդ ծրագիր, քան սոսկ միայն սեփականաշնորհումը: Նշեմ, որ այդ ուղղությամբ իմ վարչապետության օրոք կառավարությունը որոշակի ջանքեր էր թափում:
     Նորից շահագործման հանձնվեցին կարբիտի և կաուչուկի ար­տադրությունները, շահագործման հանձնվեց միջազգային կապի նոր համալիրը, որը մեզ այդ կարևորագույն հարցում միանգամից առաջ մղեց մյուս հանրապետություններից: Կապի միջոցները կառուցվեցին խոշորա­գույն ամերիկյան ֆիրմայի կողմից, որի հետ պայմանագիր կնքեցինք: Երկար բանակցություններից հետո պատրաստվում էինք Փարիզում գրանցել խոշոր բանկ, որի հիմնադիրները պետք է հանդիսանային Հա­յաստանի կառավա­րությունը և մեծահարուստ սփյուռքահայերը Ֆրան­սիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, Վենեսուելայից: ԱՄՆ-ում ԽՍՀՄ-ը ներկայացնող դեսպանի օգնությամբ Հայաստան եկան ամերիկյան խոշորագույն ֆիրմաների ներկա­յա­ցուցիչներ, որոնց միջոցով փորձում էինք իրականացնել մեր այն գործա­րանների կոնվերսիան, որոնք նա­խորդ ժամանակաշրջանում կատարում էին ԽՍՀՄ-ի ռազմաարդյու­նաբերական համալիրի պատվերները, իսկ այժմ արդեն հիմնականում զրկված էին այդ պատվեր­ներից: Շատ կարևոր էինք համարում Հայաս­տանում պղնձա­ձու­լական գործարանի կառուցումը, որի վերա­բերյալ լուրջ բանակցություններ էին տեղի ունենում Ֆրանսիայի կառավա­րության և ԱՄՆ-ի Յուտա նահանգի գործարար շրջանակների հետ: Ցավալի է, որ այդ կարևորագույն և շահավետ գործարանը մինչև այժմ կառուցված չէ Հայաստանում: Սփյուռքի կողմից մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տնտեսության նկատմամբ, գրանցվում էին բազմաթիվ համա­տեղ ձեռնարկություններ: Երևանում առաջին անգամ տեղի ունե­ցավ հայաստանցի և սփյուռքահայ գործարար մարդկանց համատեղ հա­մա­ժողովը: Բայց ոչ միայն այդ հարցերն ու ԽՍՀՄ-ի տնտեսական փլուզումն էին, որ խնդիրներ էին դնում կառավարության առջև, ծանր էր նաև Հայաստանի ներքին կացությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ նախորդող ժամանակաշրջանում շարժումը իր գործունեությամբ կամա թե ակամա քանդում էր Հայաստանի կառավարման մեխանիզմ­ները, վերացրել էր կարգ ու կանոնը, հարգանքը օրենքի, իշխանու­թյունների նկատմամբ: Ազգային նպատակներ հետապնդող բազմաթիվ զինված ջոկատների հետ միասին ասպարեզ էին եկել նաև զինված ջոկատներ, որոնք հայրենիքի պաշտ­պանության անվան տակ թալանում և տեռորի էին ենթարկում Հայաստանի բնակչությանը: Մենք այդ ժամանակ ստեղծեցինք նոր պետական կառույցներ՝ ներգրավելով նրանց մեջ հայրենիքի պաշտպա­նության գործին նվիրված ազատա­մար­տիկների մեծ մասին, որոնց հիմքի վրա հետագայում սկսեց ձևավորվել մեր բանակը: Նաև հայտարարվեց պայքար այն զինված կառույցների նկատմամբ, որոնք շարու­նակում էին զբաղվել ռազմական, տնտեսական անօրինական գործունեությամբ: Կառավարությունը շատ վճռական միջոցների դիմեց Հայաստանում նորից կարգ ու կանոն հասատատելու նպատակով: Այդ աշխատանքը շարու­նակվեց նաև իմ վարչապետու­թյունից դուրս գալուց հետո: Եվ այդ հարցում մենք էապես առաջ ընկանք մեր հարևաններից՝ Վրաստանից ու Ադրբե­ջանից՝ ապահովելով ներքին կյանքի կայունությունը: Միևնույն ժամանակ այդ տարիներին սկսվեց նոր հոգեբանության ձևավորումը մեր հասա­րակության մեջ. առաջին անգամ էր, որ ժողովուրդ իշխանություններ հարա­բերություններում իշխողը, պահանջողը, վերա­հսկողը դառնում էր ժողովուրդը: Դա յուրաքանչյուր անհատի ներքին արժանապատվության զգացումի կտրուկ աճ էր, որը բնորոշ է ազատ հասարակությանը, և որի վրա է հիմնված նրա զարգացումը: Այդ տարիներին իրական էր համարվում արդար հասա­րակության կառուցումը: Պատա­հական չէ, որ 1990-91թթ. ընդունելության քննությունները աննախա­դեպ արդար էին: «Ի՞նչը մնաց այն օրից...»: Ես կարծում եմ, որ իմ ղեկավարած կառավարությունը իր բոլոր թերություն­ներով ու սխալներով հանդերձ, ոգևորված իր վրա դրված առաքե­լությամբ, միասնական թիմ էր, որը մեծ քայլ արեց Հայաստանում նոր հասարա­կություն, նոր տնտեսական համակարգ ստեղծելու գործում՝ աշխատելով ԳԽ-ի հետ միասնական: Եվ այդ տեսակետից առաջինն էինք նախկին ԽՍՀՄ-ի տարածքում: Թե՛ դրանից, թե՛ մեր հստակ քայլերից դեպի ժողովրդավարություն ուրիշ պետությունների կողմից հարգանքի զգացում առաջացավ Հայաստանի նկատմամբ: Սպասում­ները մեծ էին. կյանքը չար­դարացրեց սպասումները:
 
 
ՍՈՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅՆ ՎԻՃԱԿԻՆ Է,
ՈՐՈՒՄ ՄԵՆՔ ԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ
 
     Հողի սեփականաշնորհումը
 
     Պետք է ասել, որ մեզ սննդով օգնող երկրներում չկան «կոլխոզներ» և «սովխոզներ»: Համայնավարական ժամանակաշրջանում նույնիսկ ԽՍՀՄ-ի պես ահռելի հարուստ հողատարածքներ ունեցող երկիրը չէր կարողանում կերակրել իր ժողովրդին և ստիպված էր սնունդի հսկա­յական գնումներ կատարել զարգացած երկրներից: Այդ սնունդի, ինչպես նաև անասնակերի մի մասը տրամադրվում էր Հայաստանին: Եվ նոր կարգավիճակի պայմաններում, որը սկսեց իշխել ԽՍՀՄ-ի նախկին տարածքում, այդպիսի անբնական վիճակը շարունակվել չէր կարող: Իր բոլոր թերություններով հանդերձ հողի սեփականաշնորհումը ճիշտ էր, և արդեն ակնհայտ է, որ եթե հողը մնար պետական, ապա մեր գյուղա­տնտեսությունից բացարձակապես ոչինչ չէր մնա, ինչպես որ եղավ ար­դյունաբերության բնագավառում, խոշոր գործարաններում: Ամեն ինչ ուղղակի թալանվելու էր, ուրիշ ոչինչ: Գյուղացուն գոնե հողը մնաց, մյուսներին ոչինչ չմնաց: Բայց համաձայն լինլեով հողի սեփականա­շնորհման հետ՝ ես անընդունելի եմ համարում այն վիճակը, որում հայտնվեց մեր գյուղատնտեսությունը, մեր գյուղացիությունը:
     Դեռևս հողի սեփականաշնորհման ընթացքում կառավարության շրջանակներում քննարկվում էին այն երեք կարևորագույն ծրագրերը, որոնք պետք է իրականացվեին գյուղատնտեսության մեջ, և մինչ այժմ այդ ծրագրերից գրեթե ոչինչ իրականացված չէ: Գյուղացուն դնելով այն անմխիթար վիճակում, որում նա գտնվում է այժմ, վտանգի տակ է դրվում նաև մեր ամբողջ գյուղատնտեսության ապագան, որը ստրատեգիական նշանակության ունի ցանկացած պետության համար:   Ներկայացնեմ այդ երեք ծրագրերը.
     1. Սեփականաշնորհումից առաջացած փոքր հողակտորների մշա­կումը արդյունավետ չէ։ Հողակտորների աստիճանական խոշորացման պետական ծրագիր էր անհրաժեշտ: Այս տեսակետից համաշխարհային փորձը բազմաթիվ ձևեր է հուշում: Ես ինքս կողմնակից էի հողակտորների խոշորացումն իրականացնել իտալական կոոպերացիայի ձևով, երբ գյուղացիները, կամավոր միացնելով իրենց հողակտորները և տեխնիկան, ստեղծում են կոլեկտիվ տնտեսություն: Սեփականաշնորհումը հենց այդպիսի կոոպերացիայից սկսելու փորձը Հայաստանում հաջողություն չունեցավ, չնայած գյուղացիների կամավոր համաձայնության դեպքում այն նախատեսված էր օրենքով: Հավանաբար հայ մարդու հոգեբա­նու­թյունից էր, որ նա ուզում էր նախ տեսնել, շոշափել այն հողը, որն արդեն իր սեփականությունն էր, հետո նոր որոշել, թե ինչ անել դրա հետ: Բայց հետագայում կառավարությունը վարկերի և հարկերի համապատասխան քաղաքականության միջոցով պետք է խրախուսեր կոոպերացիայի առաջացումը:
     2. Բոլոր երկրներում (բացառությամբ միգուցե Հայաստանի) պետու­թյունը սուբսիդիաների, խոշոր ֆինանսական միջոցների ներդրման միջոցով խրախուսում է իր գյուղատնտեսության գործունեությունը և զար­գացումը: Որոշ երկրներում, ինչպես Ճապոնիայում, Նորվեգիայում և այլուր, այդ սուբսիդիաները, մտնելով գյուղատնտեսական ապրանքի գնի մեջ, կազմում են դրա մոտ 70-80%-ը: Այդպիսի ծրագրավորված վերա­բերմունք գյուղատնտեսության նկատմամբ այժմ Հայաստանում չկա:
     3. Հայաստանը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, պետք է որոշի գյու­ղա­տնտեսության այն ճյուղերը, որոնց պահպանումն ու զարգացումը իր համար ստրատեգիական նշանակություն ունի և իր ներքին շուկան կպաշտպանի այդ արտադրատեսակների զարգացմանը՝ ստեղծելով նաև նպաստավոր պայմաններ մեր գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար:
 
     Հակասություններ ՀՀՇ-ի ներսում
 
     «Ղարաբաղ» կոմիտեն և հետագայում ՀՀՇ-ն առաջնորդվում էին այն գաղափարական սկզբունքներով ու քաղաքական մոտեցումներով, որոնք նշված էին ՀՀՇ-ի ծրագրերի մեջ և «Գնացքից թռչելու ժամանակն է» իմ հոդվածաշարում: Այդ պատճառով իշխանության գալուց հետո այն հարցերը, որոնց պատասխանները բխում էին մեր գաղափարական սկզբունքներից, մեծ հակասություններ չէին առաջացնում գոնե սկզբնա­կան շրջանում: Բայց պետք է հիշել, որ այդ գաղափարական սկզբունք­ները հիմնականում վերաբերում էին մեր արտաքին քաղաքակա­նությանը՝ պարունակելով իրենց մեջ իրատեսական մոտեցումներ աշխարհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Բացի պարզագույն լոզունգից, որ շուկան ավելի լավ տնտեսական արդյունքներ է բերում, քան պլանային տնտեսությունը, ոչ մի մշակված տեսակետ կամ հայացքների համակարգ տնտեսական բարեփոխումների վերաբերյալ ՀՀՇ-ում չկար ոչ մինչև իշխանության գալը, ոչ էլ իշխանության գալուց հետո: Եվ բոլորի համար ես հեղինակություն էի այդ հարցերում, ինձ հետ այդ հարցի շուրջը գրեթե չէին վիճում: Ի դեպ, այժմ իրավիճակը տարբեր է. ՀՀՇ-ի մեջ տեղի է ունեցել որոշակի զարգացում տնտեսական հայացնքերի առումով, և այժմ արդեն բավականին մեծ տարբե­րություններ կան ՀՀՇ-ի և ԱԺՄ-ի տնտեսական տեսակետների միջև:
     Վեճեր էին առաջացնում հիմնականում հետևյալ խնդիրները՝ կադրային նշանակումները, իշխանությունը իրականացնելու ոճը և նպատակները: Հակասությունների և վեճերի աղբյուր էր նաև ոչ կա­տարյալ պետական կառուցվածքը, որը Կենտկոմի իշխանության վերացման պայմաններում կրում էր երկիշխանության տարրեր: Գոր­ծադիր իշխանության բոլոր լծակները գտնվում էին վարչապետի ձեռքում, մյուս կողմից՝ ԳԽ-ի նախագահը ոչ թե պառլամենտի խոսնակ էր, այլ գրեթե զրկված լինելով գործադիր իշխանության լծակներից« այնու­ամենայնիվ« հանդիսանում էր պետության ղեկավար: Այդ ամենը, բացի այն բնական հակասություններից, որոնք գոյություն ունեն ցանկացած երկրում, գործադիր և օրենսդիր մարմինների միջև և օգտակար են պետության զարգացման համար, առաջացնում էր նաև հակա­սություններ, որոնք կարգավորված չէին օրենքով: Որպես իշխանության երրորդ ուժ՝ հանդես էր գալիս ՀՀՇ-ն՝ փորձելով կատարել նախկին Կենտ­կոմի դերը: Օրենքներով և ավանդույթներով չկարգավորված հարաբերու­թյունները օգտագործելու բոլորի ձգտումը՝ խառնվել միմյանց գործերի մեջ« խառնաշփոթ էր առաջացնում: Առաջին հերթին դա վերաբերում էր կադրային քաղաքականությանը, որպես բոլորի կողմից ամենահաս­կանալի և շահավետ հարց: Եվ եթե տնտեսական հարցերում ՀՀՇ-ն այն ժամանակ գրեթե փորձ չէր անում միջամտել կառավարության աշխա­տանք­ներին, ապա կադրային հարցերում ձգտում ուներ թելադրողի դիրքերից հանդես գալ: ՀՀՇ-ի այդ չբավարարված մղումից վարպետորեն օգտվում էին Լ. Տեր-Պետրոսյանը, Բ. Արարքցյանը և Վ. Սիրադեղյանը՝ ՀՀՇ-ն իրենց բուռը հավաքելու և« վերջին հաշվով« պետության ղեկը ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնելու նպատակով: Բնական է, որ դա հանգեցնում էր նաև անձնական հակասությունների, մանավանդ որ նրանց մեջ կասկածներ էին առաջանում, թե ես« իբր« ձգտում եմ, իրենց դուրս մղելով, ամեն ինչ իմ ձեռքը վերցնել:
     Առհասարակ դեմոկրատական երկրներում, երբ կուսակցությունը ընտրությունների միջոցով գալիս է իշխանության, տարբեր ձևերով է լուծվում կուսակցության մասնակցությունը կադրային քաղաքակա­նություն իրականացնելու հարցը: Մեզ մոտ չկային այդ հարցերը կարգավորող ոչ օրենքներ, ոչ ավանդույթներ, և վտանգ կար, որ երկիրը կարող էր մեծ արագությամբ ընթանալ դեպի քաոս և տնտեսական փլուզում, և ես, որպես վարչապետ, ուղղակի ֆիզիկապես հնարավորու­թյուն չունեի զբաղվելու այդ բացը լրացնելու գործով:
     Պետք է նաև նկատի ունենալ, որ խոսքը ոչ թե լավ կամ վատ կադրային նշանակման, այլ, ըստ էության, իշխանության մասին էր: Իշխանության լծակները իմ ձեռքում պահելու ցանկությունը պայմա­նավորված չէր միայն այն հանգամանքով, որ ըստ օրենքի, պատաս­խանատվությունը դրված էր ինձ վրա« պայմանավորված չէր նաև նրանով, որ իշխանության լծակները ձեռքում պահելը «քաղցր» պար­տականություն է: Վերջ ի վերջո էականը այն է, թե ինչի համար են դրանք օգտագործվում և ինչպես: Այս հարցում, ի տարբերություն նախորդ ժամանակաշրջանի, երբ հնարավոր էր լինում միասնական որոշումներ ընդունել, ստեղծվել էր նոր իրավիճակ: Նոր կարգավիճակի պարագայում շատերի մեջ արդեն իրազեկության պակաս էր նկատվում: Ոմանց մեջ իշխանության օղակներում գտնվելը առաջացրել էր գլխապտույտ և անձնական շահի գիտակցում: Ոմանք, միգուցե մեր ժողովրդի լավը ցանկանալով, առաջարկում էին, ըստ իս, ոչ ճիշտ լուծումներ:
     Ինձ ներքուստ վրդովեցնում էր այն հանգամանքը, որ այդ ծանր պայմաններում, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը, քանդվում էր համատեղ տնտեսական համակարգը, տեղի էին ունենում ռազմական գործողություններ, և ես՝ որպես վարչապետ, գտնվում էի ծանր լծի տակ, Լ. Տեր-Պետրոսյանը և ՀՀՇ-ի մյուս քաղաքական ղեկավարները չէին փորձում համախմբել ժողովրդին, ցույց տալ մեր ազգային նպատակները, ոգևորել, որպեսզի մենք միասնության շնորհիվ կարողանայինք անցնել այդ բեկումնային պահը: Ինձ համար բացարձակապես ընդունելի չէր այն անհանդուրժողական ոճը՝ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսով: Ինձ համար ընդունելի չէր այն ոճը, երբ ոմանք ատելության զգացումով էին վերաբերվում և հալածում նրանց, ովքեր խելքով, ինտելեկտով կամ իրենց կյանքի ընթացքում աշխատած գումարներով գերազանցում էին ՀՀՇ-ի ղեկավարության այս կամ այն անդամին: Ինձ համար ընդունելի չէր, որ ժողովրդի շահերի հետապնդումը կատարվի անօրինական ճանա­պարհով, դա հղի էր շատ վատ հետևանքներով ապագայի համար: Ինչ վերաբերում է իշխանությունը պահելու նպատակին, ապա ինձ համար իշխանությունը, Հայաստանի անկախությունը, Հայաստանում ժողո­վրդա­վարական կարգերի հաստատումը, ժամանակակից տնտեսա­վարական համակարգին անցնելը միջոց էին իրատեսական քաղաքա­կանություն վարելու ճանապարհով իրականացնելու համար մեր ազգային դարավոր երազանքը, որը ես ձևակերպեցի «համաշխարհային ազգ» գաղափարով: Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու, այժմ չանդրադառնամ դրան: Այդ գաղափարին Լ.Տեր-Պետրոսյանը հակադրեց «սովորական ժողովուրդ» գաղափարը, որը, ըստ իս, նշանակում էր որևէ պարտավորություն չվերցնել մեր ազգի ապագայի խնդրում, գնալ սովորական ճանապարհով, այն ամենը, ինչ ինքնիրեն կստացվեր, ներկայացնել իբրև օբյեկտիվ անհրաժեշտություն: Ինչպես երևում է, ես լավատես էի, և սովորական ժողովուրդ ասածը այն վիճակն է, որում մենք գտնվում ենք այժմ:
    Այդ «իշխանություն՝ հանուն իշխանության, իշխանություն՝ ամեն գնով» կարգախոսի հետևողական իրականացումը հասցրեց նրան, որ ՀՀՇ-ի ղեկավարությունից դուրս եկա ոչ միայն ես, այլ նաև շարժման շատ ու շատ հին և վաստակ ունեցող անդամներ: Ես ինձ մեղավոր եմ զգում այն տրոհման համար, որը տեղի ունեցավ և օգտակար չէր Հայաստանին, որովհետև մինչ այդ և՛ «Ղարաբաղ» կոմիտեում, և՛ ՀՀՇ-ում մեծ հեղինա-կություն ունեցող ղեկավար էի, շատերի համար ուսուցիչ և ինչքան էլ զբաղված լինեի, ես ավելի զգոն ու համբերատար պետք է լինեի տեղի ունեցող երևույթների նկատմամբ և դեպքերի այդպիսի ընթացք թույլ չտայի: Քաղաքական գործչի այդ հատկությունները միշտ էլ անհրաժեշտ են եղել նախորդ տարիների ընթացքում փրկելու համար «Ղարաբաղ» կոմիտեն ու շարժումը փլուզման վտանգից: Բայց ինչ-որ պահից հետո, երբ աստիճանաբար իմ դեմ սկսեց օգտագործվել ոչ ազնիվ խաղ, դա անհնարին դարձավ: Մի կողմից՝ և՛ Հայաստանի, և՛ արտասահմանյան մամուլում փորձ էր արվում, նենգափոխելով շարժման պատմությունը, բացառիկ դեր վերագրել Լ. Տեր-Պետրոսյանին, որը նա շարժման ժամանակ չուներ, դրանով իսկ նախապատրաստելով ժողովրդի աչքում խարիզմատիկ ղեկավարի կերպար ստեղծելը, մյուս կողմից՝ իրենք սկսեցին աննախադեպ բամբասանքների տարածումը իմ անձի մասին: Մի քանի տարբեր անհաջող փորձերից հետո նրանք կարողացան գտնել պետության գործադիր իշխանության լծակներին տիրանալու լուծումը, այն է՝ անցկացնել ԳԽ-ում նախագահական համակարգի հարցը, և քանի որ ամենահավանական նախագահական թեկնածուն Լևոն Տեր-Պետ­րոսյանն էր, ընտրվելու դեպքում նա, օրինական ձևով շրջանցելով ինձ, տնօրինելու էր մինչև այդ վարչապետի ձեռքում գտնվող կառավարման լծակները: Այդ ծրագրի իրականացման պարագայում շարունակել վարչապետ աշխատելը, նույնիսկ եթե ինձ թողնեին այդ պաշտոնում, ես համարեցի անիմաստ: Եվ ես չէի գտնում, որ իշխանության լծակները անցնում են արժանի մարդկանց խմբին, որոնք կկարողանային և կցանկանային այն ճիշտ օգտագործել: Մնում էր կա՛մ նախագահ դառնալ, կա՛մ հրաժարական տալ:
 
 
ՄԻ՞ԹԵ ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՆՔ ՃԱԿԱՏԱԳՐԻ
ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
 
     Հրաժարում նախագահական ընտրություններից
 
     Նախագահական ընտրությունների շեմին արդեն հասկանալի էր, որ ժողովրդի համար Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի գերադասելի էր, քան ես, և հետևաբար նրա նախագահ ընտրվելու հավանականությունը ակնհայ­տորեն ավելի մեծ էր, քան իմը: Դրա պատճառների բացատրությունը փնտրելիս պետք է նշել, որ տարբեր հանգամանքների հետ կարևոր նշանակություն ուներ նաև, թե ինչ դեր էինք մենք մեր վրա վերցրել նա­խորդ ժամանակաշրջանում: ԽՍՀՄ-ի տնտեսական փլուզման պայման­ներում ես զբաղված էի կառավարության և երկրի բնականոն գործունեու­թյունը ապահովելու անշնորհակալ գործով: Լևոն Տեր-Պետրոսյանը ի պաշտոնե հանդիպումներ էր ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ, իսկ դա, որպես նորույթ, շոյում էր մեր ժողովրդի ինքնասիրությունը՝ մեծացնելով նրա համակրանքը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Բայց պետք է հաշվի առնել, որ ընտրությունները ոչ միայն անհատական պայքար են, այլ նաև թիմային: Հաղթում է ոչ այնքան անհատը, որքան թիմը: Ինչպես ես արդեն նշեցի, իշխանության գալուց հետո ՀՀՇ-ի ղեկավարությունը բաժանվեց երկու խմբի, որոնք տարբերվում էին իրենց մոտեցումներով իշխանությունը իրականացնելու ոճի և նպատակների խնդրում: Արդեն սկսել էին առաջանալ նաև անձնական հարցեր: Այդ պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց, առանց առանձ­նապես ջանք թափելու, իր կողմնակիցների օգնությամբ, կիրառելով հայտնի մեթոդներ, իր անձը պաշտպանող թիմ դարձնել ՀՀՇ-ի մեծա­մասնությանը:
     Իհարկե, թեև կային որոշակի դժվարություններ, կարելի էր փորձել կառավարության լծակները գործադրել իշխանությունը պահելու և նախագահական ընտրություններին հաղթելու համար: Սակայն հայտնի է, որ այդ ձևի կիրառումը սովորաբար հանգեցնում է կեղծիքների, բռնությունների, իրենց իշխանությունը չարաշահող «փոքրիկ իշխա­նիկների» գոյացմանը և գցում է քեզ թակարդի մեջ. դու ունենում ես իշխանություն, բայց երկիրը կամա թե ակամա գնում է մի ուղիով, որը հնարավորություն չի տալիս իրականացնել այն նպատակները, հանուն որոնց դու եկել ես իշխանության: Դա ընդունելի ճանապարհ չէ:
     Գոյություն ուներ ևս մի հնարավորություն. իմ կողմնակիցների թիմը զգալիորեն կուժեղանար, եթե Դաշնակցությունը, որի շարքերը արագորեն համալրվում էին ՀՀՇ-ից հիասթափված շարժման ակտիվ անդամներով, պաշտպաներ իմ թեկնածությունը: Սակայն Դաշնակցությունը առա­ջադրեց Սոս Սարգսյանին: Ստեղծված պայմաններում շարունակել մասնակցությունը նախագահական ընտրություններին, կամա թե ակամա սրելով իրավիճակը Հայաստանում, ես և իմ կողմնակիցները համարեցինք անիմաստ, մանավանդ որ ժողովրդի մեծ մասին դժվար կլիներ այն ժամանակ բացատրել «Վազգեն-Լևոն» պայքարի իմաստը:
     Մնում էր, ստիպված դուրս գալով ակտիվ քաղաքականությունից, ձևավորել գաղափարակիցների թիմ՝ ԱԺՄ-ն, հուսալով, որ ՀՀՇ-ում հաղթած մեծամասնության քաղաքականությունը այնուամենայնիվ չի վտանգի Հայաստանի ապագան:
 
     Պաշտպանության նախարարի պաշտոնի ստանձնումը
 
     Մենք գտնվում էինք ծանր ռազմական իրավիճակում: Շուշիի փայլուն հաղթանակից շատ քիչ ժամանակ անց կորցրել էինք Շահում­յանը, Մարդակերտի մեծ մասը, Արծվաշենը, խուճապ էր տիրում ռազմա­ճա­կատում: Ընդդիմությունը համախմբված էր բավականին ուժեղ դաշինքի մեջ, քաղաքական պայքար էր մղվում, և այդ իրավիճակում, որը թվում էր անելանելի ռազմական տեսակետից, Լ. Տեր-Պետրոսյանը հրավիրեց ինձ և առաջարկեց պաշտպանության պետնախարարի պաշտոնը: Մի կողմ թողնենք, թե ինչը դրդեց Լ. Տեր-Պետրոսյանին անել այդ առաջար­կությունը: Ես պատասխանեցի, որ մենակ այդ հարցը լուծելու իրավունք չունեմ, դա դաշինքով պետք է լուծվի: Դաշինքի նիստում այդ առաջար­կությունը քննարկվեց« և հակադիր առաջար­կություններ արվեցին: Մեկը մենք էինք առաջարկում, այն է՝ ստեղծել պաշտպանության պետկոմիտե, որի մեջ մտնեին տարբեր պետական կառույցների ղեկավարներ և ընդդիմության ներկայացուցիչներ, կոմիտեն իր վրա պարտավորություն վերցներ ռազմական գործողությունների համար, ունենար լիարժեք լիազորություններ և ողջ պատաս­խա­նատվությունը իր վրա վերցներ: Առաջարկվում էր, որ այդ կոմիտեի ղեկավարը լինի ընդդիմությունից: Դաշնակցության կողմից այլ առա­ջարկություն արվեց, որ այդ կոմիտեի նախագահը լինի Լ.Տեր-Պետ­րոսյանը՝ ունենալով, ինչպես կոմիտեի յուրաքանչյուր անդամ, մեկ ձայն, և կոմիտեի կազմում ընդդիմության ներկայացուցիչների թիվը լինի ոչ պակաս, քան պետական կառույցների ներկայացուցիչներինը: Մենք գտնում էինք, որ դա իմաստալից առաջար­կություն չէ: Փաստորեն երկրի ղեկավարը պիտի պատասխանատվություն կրի պարտությունների և հաղթանակների համար, բայց որոշումների մեջ և՛ ինքը ունենա մի ձայն, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Այդպիսի բան աշխարհում չի լի­նում: Մենք դեմ էինք այդ առաջարկությանը, բայց որպեսզի դաշինքը չտրոհվի, համաձայնվեցինք:  Մի քանի այլ կուսակ­ցությունների ներ­կայացուցիչներով հանդիպեցինք Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Նա այն մերժեց՝ որպես անհեթեթ առաջարկություն, և կրկնեց, որ ինձ արված նախորդ առաջարկությունը մնում է ուժի մեջ:
     Դաշինքի նիստին ես այդ հարցը բարձրացրի և ասացի, որ հակված եմ ընդունել այդ առաջարկը, որովհետև այն հնարավորություն է տալիս ռազմական իրավիճակը փոխել: Բայց եթե դաշինքի մեջ որևէ կու­սակ­ցություն դեմ լինի, ապա ես կմերժեմ Լ.Տեր-Պետրոսյանի առա­ջար­կու­թյունը: Դաշինքի բոլոր կուսակցությունները հայտա­րարեցին, որ իրենք դեմ չեն, որպեսզի ես ընդունեմ առաջարկությունը և դառնամ պաշտ­պանության պետնախարար: Ես համաձայնեցի: Այդ պահից ի վեր այն գործողությունները, որ սկսեց անել բանակը, քաղաքական կուրսի փոփոխություն էին և մեծ առճակատում էին առաջացնում քաղաքական և ռազմական ղեկավարների միջև: Հիշեք, թե ինչպես Ղափանի օպերա­ցիայից հետո մեր բանակը մտավ Ադրբեջանի տարածք և վերցրեց որոշ բարձունքներ, որոնք մեծ կարևորություն ունեին Ղափանը պաշտպանելու համար, և միևնույն ժամանակ, հարվածը իր վրա վերցնելով, Հայաստանը հնարավորություն տվեց, որ Ղարաբաղում արագորեն ձևավորվեր Մարդակերտի քանդված ռազմաճակատը: Գերագույն խորհրդում մեծ հարձակումներ սկսվեցին իմ դեմ՝ որպես պաշտպանության նախարարի, և այդ հարձակվողները հիմնականում ՀՀՇ-ի ներկայացուցիչներն էին: Նրանք մեր ժողովրդի վատը չէին ցանկանում, և իմ դեմ պայքարելիս իրենց անձնական շահերը չէին թելադրում: Ուղղակի ՀՀՇ-ի պրագմատիկ (իրատեսական) մտածելակերպի մեջ չէին տեղավորվում այդ ռազմական գործողությունները, նրանք ճիշտ չէին կարողանում հաշվարկել մեր քաղաքական և ռազմական հնարավորությունները: Այնինչ, իմ կարծիքն էր, որ իրատեսական որոշումներ ընդունելու դաշտն ավելի մեծ էր, քան թվում էր իրենց: Կյանքը ցույց տվեց այդ տեսակետի ճշտությունը: Եվ պետք է ասեմ, որ իհարկե մենակ չէի, նույն տեսակետին էին նաև Հայաստանի բանակի ողջ ղեկավարությունը, զինվորականությունը, Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ողջ ժողո­վուրդը:   Հաջողությունները ռազմաճակատում բերեցին քաղաքական կուրսի փոփոխություն: Ռազմական հաղթանակները նպատակ էին հետա­պնդում պաշտպանել մեր ժողովրդին, նաև ապացուցել Ադրբե­ջանին, որ նա չի կարող պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը, դրանով իսկ պարտադրելով նրան գնալ լուրջ քաղաքական բանակ­ցությունների: Քելբաջարի գրավումից հետո, երբ մեր զորքը գտնվում էր արդեն Մարդակերտում, և նախապատրաստվում էին հարավային գոր­ծողու­թյունները, ես անվտանգության խորհրդի նիստում ասացի, որ այս ամենից հետո, երևի մի 6 ամիս անց Ադրբեջանը կփորձի ռազմական ուժեղ գործողություններով հետ վերադարձնել այդ բոլորը: Ես հա­վաստիացրեցի անվտանգության խորհրդի անդամներին, որ իրենք կարող են հանգիստ մնալ, մենք չենք պարտվելու, որից հետո ես ինքս կամովին դուրս կգամ պաշտպանության նախարարությունից, որովհետև իմ անելիքները արդեն այդպիսով ավարտված կլինեն: Կսկսվի խաղա­ղության շրջան: Ինչ-ինչ պատճառներով ինձ ավելի շուտ առաջարկվեց, որ ես դուրս գամ: Ես այդ պատմությանը անդրադառնալ չեմ ուզում:
 
     Վազգեն Մանուկյանի և Լ. Տեր-Պետրոսյանի գաղտնի
     համաձայնության առասպելը
 
     Հետաքրքիր կլիներ իմանալ իմ շահը այդ խաղի մեջ: Անկեղծ ասած, այդ ասեկոսեները նոր չեն: Ինձ դրա մասին բազմիցս ասել են իմ դաշնակցական ընկերները, և պատահական չէ, որ այդպիսի կարծիքները արհեստականորեն տարածվում են քաղաքականացված շրջանակ­ներում, մասնավորապես Դաշնակցության մեջ: Դա նոր պրոբլեմ չէ: Պետք է ասեմ, որ չնայած գաղափարական որոշ հակադրություններին ԱԺՄ-ի և Դաշնակցության միջև, դաշնակցականները բավականին հարգալից վերաբերմունք ունեն և՛ մեր կուսակցության, և՛ անձամբ իմ նկատմամբ, մանավանդ իմ պաշտպանության նախարար եղած ժամա­նակից հետո: Եվ այն ուժերը, որոնք այդ համարում են անցանկալի և կուզենային, որ ՀՅԴ-ի ներսում իմ և ԱԺՄ-ի նկատմամբ համա­պատասխան վերաբերմունք չլիներ, միտումնավոր կերպով ներսում այդ­պիսի բամբասանքներ են տարածում, որպեսզի կուսակցությունը ավելի կառավարելի լինի իրենց համար: Մեծ կուսակցությունը կառավարելու համար երբեմն ներքին բամբասանքները օգտակար են լինում: ՀՅԴ-ն բացառություն չէ: Նույնը վերաբերում է ՀՀՇ-ին: ՀՀՇ-ի մեջ էլ իմ վարչապետ եղած ժամանակ, բացի նրանից, որ անցած ուղու որոշակի նենգափոխություն էր կատարվում, սկսվեց բամբասանքների մի տարափ, որպեսզի ՀՀՇ-ն պաշտպան չլինի ինձ: Ես պետք է ասեմ, որ ՀՀՇ-ում մինչև օրս էլ տարածում են այդ բամբասանքները: Նույնիսկ անհեթե­թության հասնող: Հիշում եմ՝ անցյալ տարի ականջիս հասավ, որ ՀՀՇ-ի այն տղաների մեջ, որոնք շատ սուր հակահամայնավար են, լուրեր են տարածում, որ Մոսկվայում ինձ դիմավորում է Սուրեն Հարությունյանը և այլն, և այլն: Բամբասանքներ՝ կապված Դավիթ Վարդանյանի կամ Արշակ Սադոյանի հետ: Դա բամբասանքների տարածված, բայց մտահոգիչ ձև է, իբր գաղտնի տեղեկությունների միջոցով փորձում են կառավարել այս կամ այն կուսակցությունը: Եթե լիներ միայն կուսակցությունը, դեռ ոչինչ: Բայց այդպիսի փորձեր եղել են և կլինեն կառավարելու համար մեր ողջ ժողովրդին, ընդ որում ոչ միայն ներքին ուժերի կողմից: Դա իսկապես կարևոր պրոբլեմ է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը պաշտպանված չէ ուրիշի կամ ներքին որևէ խմբակ­ցության ձեռքին խաղալիք դառնալու վտանգից: Այդ խնդիրը զարգացած երկրներում լուծվում է ազատ, ամեն ինչի մեջ մուտք ունեցող մամուլի, անկախ դատական համակարգի, պառլամենտական լսումների, զար­գացած ազգային անվտանգության ծառայություն ունենալու միջոցով և վերջապես հասարակական կյանքի հիմքում ընկած և հասարակության, նրա էլիտայի մեջ խորությամբ ներթափանցված գաղափարական, փիլիսոփայական, քաղաքական, բարոյական սկզբունքների գոյության միջոցով, որոնք ապահովում են հասարակական կարծիքի կայունու­թյունը, երևույթները նույնանման գնահատելու հնարավորությունը: Այս խնդիրը ինձ հուզել է վաղուց ի վեր, և XX դարի մեր ժողովրդի պատմության շատ էջերի բացատրությունը փնտրելիս այնպիսի ազգային քաղաքական լուրջ գործիչներ, ինչպիսիք Ռ.Դարբինյանը և մյուսներն էին, ակամայից նշում էին, թե ինչպես են հաճախ մեր ժողովրդի բնական զգացմունքները շահագործվել ի վնաս մեր ժողովրդի: Այդ մտորումների արդյունքն էլ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական պրագմատիզմը:
     Վերադառնալով իմ վարչապետ եղած ժամանակին, ասեմ, որ երբ սկսվեց պայքար իմ և Լ.Տեր-Պետրոսյանի միջև, սկսվեցին հակա­սություններ ՀՀՇ-ի ներսում: Ես պարզ տեսնում էի, որ Հայաստանում կային նաև օտար ուժեր, որոնք յուղ էին լցնում այդ հակասությունների վրա` փորձելով Հայաստանում ունենալ իրենց համար հարմար իրա­վիճակ, հարմար իշխանություններ:
    
     Արտաքին ուժեր
 
     Իհարկե, ԽՍՀՄ փլուզման հիմքում ընկած էին օբյեկտիվ դրդա­պատճառներ, որոնց մասին հրապարակվել են բավականին լուրջ հե­տազոտություններ, հոդվածներ: Հնարավոր էին այդ փլուզման տարբեր ճանապարհներ, ես չեմ կարծում, որ իրականացվեց լավագույնը, նույ­նիսկ կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այդ ժամանա-­կաշրջանում իրականացնում էր բավականին անմիտ քաղաքակա­նություն: Ես չեմ բացառում իհարկե, և նույնիսկ համոզված եմ, որ Արևմտյան պետու­թյունները, ձգտում ունենալով ազատվել այն վտանգից, որ ներկայացնում էր ԽՍՀՄ-ը իրենց և ամբողջ աշխարհի համար, հա­տուկ ծառայություն­ների միջոցով փորձում էին միջամտել այդ պրոցեսին: Բայց պետք է խոստովանել, որ բուն պրոցեսը օբյեկտիվ էր, միջա­մտությունները իհարկե կարող էին նշանակություն ունենալ, բայց փոխել իրավիճակը դրանք չէին կարող:
     Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, ապա այն ուներ իրա­կան ազգային արմատներ, կրում էր համաժողովրդական բնույթ՝ հե­տագայում ներգրավելով իր մեջ մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Իհարկե կային պահեր, որոնք մնացին մութ և անբացատրելի նաև ինձ համար, չնայած ես գրեթե միշտ գտնվում էի «խոհանոցում»: Բայց մեծ հաշվով եթե խոսենք, ապա ոչ թե մեզ օգտագործեցին, այլ մենք, հաս­կանալով՝ ինչ է տեղի ունենում, աշխատեցինք օգտվել առիթից, ընթացող համաշխարհային հոսանքի մեջ տեղադրել մեր ազգային հարցերի այն մասը, որը համահնչյուն էր այդ պրոցեսին և դրա շնորհիվ կարող էին լուծվել: Այժմ արդեն մեր երկրի ներսում լուծվելիք հարցերը մեր ժողովրդի գործն են, և եթե չկարողանանք լուծել, ուրեմն մենք արժանի չենք այն հնարավորություններին, որոնք տվեց ճակատագիրը:
 

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
491446
487535