ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008

Իշխանությունները պետք է հաշվի նստեն հասարակության հետ01.02.2008  


     «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
 
     Ասում է նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը
 
     Նախագահական ընտրություններին ընդառաջ տեսանելի ակտիվություն է նկատվում ՀԿ-ների շրջանում։ Նրանցից շատերն իրենց ընտրության հարցում կողմնորոշվելու համար նախագահի թեկնածուներից «պահանջում» են գոնե իրենց ոլորտի այս կամ այն խնդիրների լուծման ուղիների նախանշում։ Իսկ հասարակության սուբյեկտների նման ակտիվությունը քաղաքացիական հասարակության ձեւավորման մասին է խոսում։
     Ի դեպ, նախագահի թեկնածուներից հատկապես Վազգեն Մանուկյանը հետեւողականությամբ է վերաբերվում ՀԿ-ների բարձրացրած խնդիրներին։
     Եթե օրերս նա անդրադարձավ «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ի բարձրացրած խնդիրներին, ապա այս անգամ հերթը երկրի առաջ ծառացած բնապահպանական խնդիրների լուծման ուղիների քննարկմանն էր։ Առաջարկն արվել էր «Հասարակական էկոլոգիական դաշինք» ՀԿ-ի կողմից, որի կազմում ընդգրկված են 35 ՀԿ-ներ։ Քննարկվող հարցերի շրջանակը լայն էր՝ Թեղուտի հանքավայրի շահագործումից մինչեւ քաղաքաշինություն։

     Թեկնածուն նախ նկատեց, որ ընտրություններից առաջ միշտ էլ բարձրացվում են երբեմն մոռացության մատնված հարցեր։ Վ. Մանուկյանը առկա էկոլոգիական բազում խնդիրների լուծման համար առաջարկեց քաղաքական բանալի. Հայաստանը պետք է դառնա մի պետություն, որտեղ քաղաքացին ազատ է, իսկ հասարակությունը պետք է իշխանությունների վրա ազդեցություն ունենա, հակառակ դեպքում էկոլոգիական վայրագությունները կանխել հնարավոր չի լինի։ «Դու պարտականություններ ունես ոչ միայն քո, այլեւ աշխարհի նկատմամբ»: Այս սկզբունքը կարեւորելով՝ Վ. Մանուկյանը նշեց, որ անցյալից ժառանգություն ստացածը պետք է փոխանցել ապագա։ Թեկնածուն համարում է, որ այս գիտակցությամբ պետք է առաջնորդվեն հատկապես երկրի իշխանությունները։
     Նախագահի թեկնածուն իր նախագահ ընտրվելու դեպքում խոստացավ հրամանագրով ստեղծել մասնագիտական խորհուրդներ, որոնք կզբաղվեն էկոլոգիական խնդիրներով։
     Անդրադառնալով Հայաստանի քաղաքներում չվերահսկվող շինարարությանն առնչվող հարցին՝ Վ. Մանուկյանը մասնավորապես մայրաքաղաքի մասով ասաց, որ քաղաքը պետք է անընդհատ դեմքը փոխի, բայց ոչ այս ձեւերով. «Երեւանի կենտրոնում պետք է լինի մի թաղամաս, որը չպետք է փոփոխման ենթարկվի՝ իբրեւ պատմական մասունք»:
     ՀԿ-ներից մեկի ներկայացուցչին էլ հուզում էր՝ արդյո՞ք նախագահ ընտրվելու դեպքում Վ. Մանուկյանը պատրաստ է գնահատել եւ ընկալել հասարակական ներուժը։ Նախագահի թեկնածուն արձագանքեց, որ թե՛ պաշտպանության նախարար եւ թե՛ վարչապետ եղած ժամանակ նա այդ սկզբունքով է շարժվել։ Դա անձնական հատկություն է, իսկ թեկնածուն ուզում է, որ այն դառնա պետական. «Պետք է դրա համար համակարգ լինի, որ ուզած - չուզած՝ հաշվի նստես հասարակության հետ»: Թեկնածուն խոստացավ նախագահ դառնալու դեպքում ստեղծել համապատասխան համակարգ։
     Ավելացնենք, որ Վ. Մանուկյանն իր նախընտրական ծրագրում ներկա պայմաններում անհրաժեշտ է համարում ուշադրություն դարձնել բնապահպանական աղետների կանխարգելմանն ու վերացմանը, կանաչ գոտիների պահպանմանն ու ընդլայնմանը։ «Պետությունը պետք է հեռանկարային ծրագիր մշակի՝ իր ռեսուրսային պոտենցիալը փուլ առ փուլ արտադրության մեջ ներգրավելու համար, նկատի ունենալով սպառվող պաշարները, մետաղի պահանջարկը եւ շուկայական գները, ներդնելով հանքավայրերի շահագործման էկոլոգիական անվտանգ, ժամանակակից տեխնոլոգիաներ։ Անհրաժեշտ է խորացնել բոլոր օգտակար տարրերի կորզման տեխնոլոգիական արտադրանքը եւ հումքի արտահանման փոխարեն ձգտել վերջնական արտադրանքի ստացմանը»:
 
Ալլա ՍԵՐՈԲՅԱՆ

        
Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481230
477563