ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սիրելի հայրենակիցներ


   Երևանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցավ մեծ ողբերգություն:
 
   Մենք ազգովին սգում ենք կատարվածի համար ու հարգում զոհերի հիշատակը:
 
   Ես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին: Կորուստը բոլորինս  է:
 
   Արդյո՞ք դա անսպասելի էր: Իհարկե ոչ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: Քարոզարշավը դեռ չսկսած` Լ.Տ.Պ-ն հայտարարում էր ավազակապետություն, շահարկում էր հոկտեմբերի 27-ը, ատելություն սերմանում ղարաբաղցիների նկատմամբ (երբ ինքը քաղաքական ասպարեզ էր մտել հենց ղարաբաղյան շարժման շնորհիվ): Սկզբում ժողովրդի ստվար հատվածի արդարացի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերաճեց խորը ատելության: Լ.Տ.Պ-ի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Լ.Տ.Պ-ն փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես “ազգային ազատագրական պայքար”` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը: Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում:
05.03.2008            ավելին >>  
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

     2007 թվականի Ազգային ժողովի ընտրություններից հետո հասարակության համբերության բաժակը լցված էր:
     Կար հնարավորություն համախմբել մեր հասարակությունը, ընդիմադիր դաշտը, համերաշխության մթնոլորտում և ազգային, ժողովրդավարական, օրինականության, արդարության գաղափարների վրա հիմնվելով ձևավորել նոր որակի իշխանություն, նոր որակի Հայաստան:
     Երկիրը պատրաստ էր դրան:
     Բայց այդպես չեղավ:
     Օգտվելով համընդհանուր դժգոհությունից, որը կուտակվել էր հասարակությունում նախորդ 13 տարիների ընթացքում` ատելության ալիքի վրա առաջ մղվեց նախկին նախագահը, ստանալով իր ստեղծած համակարգում մնացած և այդ համակարգից օգտվող մարդկանց որոշակի հատվածի օժանդակությունը: Հրապարակ եկավ նոր բանաձև «ընտրեք չարյաց փոքրագույնին», որից, իրենց կարծիքով, վարպետորեն սկսեցին օգտվել նաեւ իշխանությունները: Այժմ երկու կողմերն էլ ծուղակի մեջ են, ծուղակը գցելով նաև ողջ հասարակությանը:
      Արհեստականորեն առաջ քաշված բանաձևը, որ ոչ թե ընտրվում է երկրի նախագահ, ոչ թե ընտրվում է երկրի ապագան, այլ ընտրվում է «չարյաց փոքրագույնը», «հիմնավորելով», որ միայն չարիքը կարող է կուտակել ուժ` շփոթության մեջ գցեց մեր հասարակությանը: Ժողովրդին հոգեբանորեն պարտադրվեց որոշել, թե ում միջոցով ում չեզոքացնել:
     Այդպիսի մտածողությունը ոչ մի դեպքում չի կարող նպաստել երկրի զարգացմանը, օրինականության և արդարության հաստատմանը: Դա էապես ազդեց այս ընտրությունների արդյունքների վրա: Այդ շփոթվածությունը շարունակվում է մինչ այժմ` բորբոքելով բոլոր այն ազնիվ մարդկանց, որոնք ուզում են տեսնել արդարություն մեր երկրում:
     Այս մթնոլորտում տեղի ունեցան 2008 թ. նախագահական ընտրությունները, և ինչպես մինչ այժմ եղած ընտրությունները, անցան մեզ արդեն ծանոթ բազմաբնույթ, անընդունելի խախտումներով, որոնց երկիրը կործանող շղթան սկսվել է 1995 թվականից և ձգվում է մինչև այսօր:
     Մեր վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ ընտրությունների ընթացքում: Մենք չպահանջեցինք վերահաշվարկել որոշ տեղամասերի արդյունքներ, քանի որ մյուս թեկնածուների կողմից արդեն ներկայացված էր պահանջ 159 տեղամասերի վերաբերյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում ավելին բացել հնարավոր չէր (իրականում 159-ից հասցրեցին կազմակերպել միայն 134-ի ստուգումը):
     Մեր ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ցույց են տալիս թե ինչ անընդունելի խախտումներ են տեղի ունեցել ընտրությունների ընթացքում, բայց դրանք մեզ չեն տալիս բավարար իրավական հիմք` բողոքարկելու ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
     Այժմ հետընտրական պայքարը շարունակվում է:
     Մի կողմից ամեն գնով իշխանությունը պահելու ձգտումը, մյուս կողմից կուրացնող ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու մոլուցքը տանում են մեր հասարակությանը դեպի փակուղի` վտանգելով մեր երկրի և մեր ժողովրդի ապագան: Հասունացել է պահը սթափ գիտակցելու ստեղծված իրավիճակը: Իրական պայքարը հանուն ժողովրդավարական Հայաստանի առջևում է, և ես շնորհակալություն հայտնելով ինձ ընտրողներին և համախոհներին, որոնց թիվը անհամեմատ մեծ է քան պաշտոնապես արձանագրված տվյալները, կոչ եմ անում միասին փնտրել ուղիներ դուրս բերելու մեր երկիրը այս փակուղուց դեպի իրական զարգացում:
                                                                                              Վազգեն Մանուկյան
26.02.2008          
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(մինչեւ ԿԸՀ վերջնական արդյունքների հրապարակումը)


     Ես շնորհակալություն եմ հայտնում իմ ընտրողներին եւ համախոհներին, որոնց թիվը անհամեմատ ավելի է, քան պաշտոնական ներկայացվող տվյալները: Դա մեր հասարակության այն անկաշառ, սկզբունքային եւ մեզ գաղափարակից հատվածն է, այն հուսալի սերուցքը, որի վրա հնարավոր է կառուցել մեր երկրի ապագան: Դուք ինձ ձայն տալով` ձայն եք տվել իրական, արմատական փոփոխությունների օգտին:
     Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա այն հակաժողովրդական համակարգը, որի հիմքը դրվել է 1995 թվականից, հերթական անգամ անցկացրեց ընտրությունները` մեզ արդեն ծանոթ բազմաթիվ խախտումներով (որոնց ծավալը եւ ապացուցելու հնարավորությունը դեռ ուսումնասիրում ենք):
     Այժմ այդ արատավոր համակարգը ստեղծողները անհաշտ պայքար են հայտարարել այդ համակարգից օգտվողների դեմ, որի մեջ ներքաշվում են բազմաթիվ ազնիվ մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, որ դա պայքար է երկրի ապագայի համար: Իրականում, ըստ իս, կազմակերպիչների համար դա պայքար է ատելության ալիքի վրա ամեն գնով իշխանության հասնելու: Այդ պայքարից օգուտ չի ստանա ո՛չ մեր պետությունը, ո՛չ մեր ժողովուրդը:
     Կոչ եմ անում ազատության, արդարության ձգտող բոլոր մարդկանց չհուսահատվել ընտրությունների արդյունքից` կրկին անգամ ականատես լինելով կեղծիքներին: Մեր պայքարը դեռ առջեւում է եւ մենք լի ենք վճռականությամբ` վերափոխելու հասարակության գիտակցությունը դեպի իրական ազգային եւ համամարդկային արժեքներ, որի դեպքում է միայն հնարավոր կառուցել նոր Հայաստան` հիմնված ազգային ժողովրդավարական սկզբունքների վրա:
Վազգեն Մանուկյան
22.02.2008          
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՏԱԲԻ ԿՈՂՄԻՑ
Ի գիտություն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ իրավական մարմինների


Մեր վստահված անձանցից ստացվում են ահազանգեր տարբեր ընտրատարածքներում տեղի ունեցող կոպիտ ընտրախախտումների, մարդկանց ծեծելու, լցոնումների, կրկնակի քվեարկության և այլ խախտումների վերաբերյալ, որոնցից մի քանիսի մասին շտաբը տեղյակ է պահել ԵԱՀԿ դիտորդներին:
Ստորեւ ներկայացնում ենք մի շարք փաստեր`

Վազգեն Մանուկյանի վստահված անձ Ադրինե Ավագյանը տեղեկացնում է, որ թիվ 9/26 տեղամասում ստեղծված սպառնալիքի, ճնշման մթնոլորտի պատճառով ստիպված եղավ ժամը 18:00 լքել տեղամասը:

Թիվ 3/21 տեղամասում Վազգեն Մանուկյանի վստահված անձ Գրիգորյան Սուսաննան արձանագրել է կրկնակի քվեարկության փաստեր:

Թիվ 7/15 տեղամասում (Ա-1թ. 174 դպրոց) Վազգեն Մանուկյանի վստահված անձ Անահիդա Թոփչյանը տեղեկացնում է, որ տեղամաս են մտել մոտ 20 երիտասարդ եւ կատարել լցոնում: Փաստն արձանագրված է:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Էդիկ Դանիելյանի, Արտաշատի թիվ 17/2, 17/3 ընտրատեղամասերում փորձել են լցոնումներ կատարել: Մեր վստահված անձինք միջամտել են. միջադեպերը կանխվել են: 17/2 տեղամասում «Երկիր մեդիան» նկարահանել է միջադեպը:

Արտաշատի թիվ 17/10 տեղամասում ժամը 15-ի սահմաններում հանձնաժողովի անդամներն անձամբ լցոնում էին քվեատուփը: Ընտրող Կարինե Իվանյանը, որը այդ պահին իր քաղաքացիական պարտքն է փորձել կատարել, միջամտել է, փորձելով կանխել լցոնումը, ինչի համար ծեծի է ենթարկվել:

Թիվ 7/20 տեղամաս (Մալաթիա-Սեբաստիա, Շերամի 46, թիվ 266 մանկապարտեզ) մտել են մոտ 20 երիտասարդներ, ներկայացել են որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, շրջապատել են քվեատուփը և սկսել են լցոնել քվեաթերթիկներ: Վազգեն Մանուկյանի վստահված անձ Յուրա Զադոյանը փորձել է միջամտել, որի պատճառով նրան հարվածել են և դուրս հանել տեղամասից:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Գոհար Միքայելյանի թիվ 26/03 տեղամաս  ավտոմեքենաներով (օրինակ-67SU567պետհամարանիշի, ՌԱՖ մակնիշի) բերում են տարիքով մարդկանց (20-30 հոգի) բայց չեն թողնում, որ բերված տարեցները մոտենան  քվեախցիկին, այլ  քվեարկում են նրանց փոխարեն: Ըստ նույն աղբյուրի, 26/03 տեղամասի բակում (թիվ 1 դպրոցի երկրորդ մասնաշենք, Եղվարդ, Չարենցի 56 հասցեում) անծանոթ մարդիկ բացահայտ փող են բաժանում ընտրողներին: Այդ մասին տեղյակ ենք պահվել ԵԱՀԿ դիտորդներին:

Ըստ Վազգեն Մանուկյանի վստահված անձ Յուրա Սերգոյանի եւ Վաղարշակ Բալիշյանի, Աբովյան քաղաքի ընտրատեղամասերում բացահայտ ընտրախախտումներ են` կատարվում են լցոնումներ, եւ թեկնածուների վստահված անձինք այսեւս չեն կարողանում դիմակայել եւ դուրս են գալիս տեղամասերից:

Համաձայն Սիսիանի պատասխանատու Գևորգի տեղեկատվության, Սիսիանի 37/12 տեղամասում ընտրողների որաշ մասը քվեարկում է իրենց գրպաններում գտնվող գրիչներով, իսկ հանձնաժողովի նախագահը պարզաբանում է, որ իրավական հիմքեր չկա արգելելու:

19.02.2008            ավելին >>  
Ի գիտություն`
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 19-ին, ժամը 10:00-ին, իր քվեարկությունն իրականացնելու է Գրողների միությունում տեղակայված 9/22 տեղամասում:


18.02.2008          
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ

     Ես իմ դիրքորոշումը իշխանությունների նկատմամբ այս տարիների ընթաքում անընդհատ ասել եմ, բազմիցս մասնակցել եմ իշխանությունների դեմ պայքարի բոլոր ձեւերին: 2008 թվականին տպավորություն էր ստեղծել, որ հասարակության համբերության բաժակը լցվել է, եւ այս անգամ հնարավորություն կլինի համախմբել ամբողջ հասարակությանը, ինչպես նաեւ համերաշխության պայմաններում համախմբել մեր ընդդիմադիր դաշտը եւ, վերջիվերջո, ազատվել այս իշխանություններից: Ձեզ ասեմ, որ եւ այս իշխանությունները, եւ նախորդ իշխանությունները ինձ համար բացարձակապես նույնն են: Խնդիրն այս է` ազատվել այս տիպի իշխանություններից եւ նոր որակի իշխանություն ստեղծել Հայաստանում: Եվ իշխանությունները դրանից սարսափում էին, եւ իրենք իրենց փրկելու համար ընտրեցին հետեւյալ քայլը` առաջ բրթել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
     Դուք հիշեք 1988 թվականի այն միասնական շարժումը, որը կոտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը` թույնի մթնոլորտով հասարակությանը պառակտելով եւ մարդկանց իրար դեմ դուրս հանելով: Եվ նույնը տեղի է ունենում այժմ:
     Ինչո՞վ Լեւոն Տեր-Պետրոսայանը մտավ քաղաքական դաշտ` թույնով, ստով, ատելությամբ: Ոչ մի ստեղծագործական միտք: Թույնի այս մթնոլորտում կարող է այլեւս հնարավոր չլինել հինը փոխելով նոր բանի գալ: Ցավոք սրտի:
     Եվ հարցն այսօր այսպես է դրվում է` եկեք ընտրենք չարյաց փոքրագույնը: Բայց ինչու՞ չարիքների միջեւ պետք է ընտրենք, ինչու՞ պետք է չարիքներից ընտրություն անենք: Երկուսն էլ նույն չարիքն են ինձ համար: Եվ ես ուզում եմ ներողություն խնդրել մեր ժողովրդից, որ աջակցել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին այն ժամանակ, երբ ինքը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ` հետագայում այսպիսի չարիք բերելով մեր պետությանն ու հասարակությանը:
     Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը կանգնած բոլորին դավաճան է անվանում: Տեր-Պետրոսյանը ապացուցեց, որ ինքը ազգային գործիչ չէ, որ ինքը պետական գործիչ չէ, որ ինքը ազատական շարժման ներկայացուցիչ չէ, որովհետեւ մի մարդ, որը նրանց, ովքեր չեն միանում իրեն, անվանում է դավաճան` պառակտելով ամբողջ քաղաքական դաշտը, ազատականության մասին խոսք անգամ լինել չի կարող: Ֆաշիզմ` առանց գաղափարախոսության: Ուրիշ ոչինչ:
     Եվ այս պայմաններում կա նաեւ այն մարդկանց մեղավորությունն, ովքեր անընդհատ կեղծում են պատմությունը: Երեկ ես լսում էի Ռոբերտ Քոչարյանին: Նա խոսում էր Քելբաջարի օպերացիայի մասին, եւ իբր թե մոռացել է, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը ոչ թե Վազգեն Սարգսյանն էր, այլ Վազգեն Մանուկյանը: Սա միտումնավոր է արվում:
     Նույն ձեւով կեղծվում է 1996 թվականի ընտրությունների պատմությունը: Այո, 1996 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը կրեց խայտառակ պարտություն, հայտնի դեպքեր տեղի ունեցան կենտրոնական հանձնաժողովի մոտ, որը համընկնում էր Ազգային ժողովի շենքի հետ: Հաջորդ օրը` ժամը 12-ին, նշանակված էր հանրահավաք, բայց Տեր-Պետրոսյանը տանկերը մտցրեց քաղաք` վարկաբեկելով նաեւ մեր այն բանակը, որը ինքը չէր ստեղծել, եւ որը հաղթանակներ էր բերում ռազմաճակատից: Եվ այդ ժամանակ առաջացավ այս նախադասությունը, որ 100 տոկոսով էլ ձայն ստանան, չենք թողնի: Այսինքն` դրանով փակվեց քաղաքական պայքարը, դրանով փակվեց միտումը, որ ընտրությունների միջոցով այս երկրում ինչ-որ բան կարելի է փոխել: Եվ դրանից հետո ի՞նչ ձեւեր մնացին` մնաց հեղաշրջում, մնաց տեռոր: Հեղաշրջում եղավ 1998 թվականին, տեռոր եղավ հոկտեմբերի 27-ին:
     Այդ նախադասությունից հետո, որ 100 տոկոս էլ ձայն հավաքեն, միեւնույն է, մենք ձեզ իշխանություն չենք տա, 1998 թվականին Տեր-Պետրոսյանի կողքիններն իր դեմ դուրս եկան, եւ նա վախեցավ ու դուրս եկավ իշխանությունից: Հետո եղավ հոկտեմբերի 27-ը:
      Հիմա նա նորից իր թույնով եկել է քաղաքական դաշտ` պառակտիչ գործունեություն ծավալելու: Ես դրա համար կոչ եմ անում բոլոր թղթակիցներին` պատմության ճշմարտության բոլոր հատիկները պետք է պահպանել, որպեսզի նոր սերնդին չխաբեն, չտանեն իրենց հետեւից` խաբեության ու բլեֆի վրա: Եվ ի վերջո, բոլորիդ եմ դիմում` հերիք եղավ բոլ եղավ. մենք կարո՞ղ ենք հանդուրժել այս որակի պետություն, երբ ամբողջ աշխարհը առաջ է գնում, երբ մեր դեմ այսպիսի բազմաթիվ մարտահրավերներ կան:
     Ես կոչ եմ անում ժողովրդին, սթափվել, մի օր ազատ ժամանակ կա, մտածեք, քվեարկեք ըստ ձեր սրտի պահանջի, ըստ ձեր հոգու պահանջի, այն մարդկանց համար ում միջոցով տեսնում եք պետության կառուցումը, մի մտածեք մեկին մյուսով գցելու մասին, երբեք այսպիսի ձեւերով մեր պետությունը ոչ մի բանի չի հասնի:
17.02.2008            ավելին >>  
Վաղը` փետրվարի 17-ին, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը մեկնելու է Օշական:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
16.02.2008          
Փետրվարի 16-ին, ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Վանեվան» համալսարանի դահլիճում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպելու է Մարտունու ուսանողության հետ:

     Մեկնումը առավոտյան ժամը 9:30-ին ԱԺՄ գրասենյակից:
     Լրագրողների տեղափոխումն ապահովում է թեկնածուի ընտրական շտաբը:   
 
ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
14.02.2008          
ՀԱՄԱԺՈՂՈՎ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ

     Փետրվարի 15-ին, ժամը 18:00-ին Կառավարության նիստերի դալիճում (Մելիք-Ադամյան 2) տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը «Համաժողով հաղթանակից առաջ» խորագրի ներքո:
 
ՀՀնախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
ընտրական շտաբի լրատվական ծառայություն
13.02.2008          
Փետրվարի 13-ին, ժամը 14:30-ին Փարպիում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպումը փարպեցիների հետ:

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի
կենտրոնական շտաբի լրատվական ծառայություն
12.02.2008          

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
511571
502488