ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԱԺՄ քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը
1996թ. Պատմության չփակված էջ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   1996թ. Պատմության չփակված էջ

88-Ի ՄԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ԷՐ, ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ Է

     Սեպտեմբերի 25-ին ասաց ցուցարարներից մեկը
 
     Այն բանից հետո, երբ Ազգային ժողովի տարածքից ու Բաղրամյան պողոտայից այդ հատվածներից ցուցարարներին ջրամղիչներով, կրակոցներով, հայհոյանքներով ետ մղեցին, նրանք հավաքվեցին Բաղրամյան պողոտայի այն մասում, որտեղ գտնվում է Ամերիկյան դեսպանատունը: Դեսպանատան ճաղաշարի ներքեւի սահմանը այն եզրագիծն էր, որ ցուցարարներին բաժանում էր Ազգային ժողովի տարածքից: Ստեպ-ստեպ կրակոցները շարունակվում էին, որին ցուցարարները սուլոցներով էին պատասխանում: 20:30 րոպեին այդ տեղում ելույթ ունեցավ Վազգեն Մանուկյանը` դրանով իսկ փարատելով բոլոր այն խոսակցությունները, թե նա պատանդված է: Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ Ռուբեն Հակոբյանը եւ այլք շարունակում են բանակցությունները, իսկ այժմ հարկավոր է ուղղվել Ազատության հրապարակ ու այնտեղ որոշել անելիքը: Հանրահավաքը, շրջապատելով Վազգեն Մանուկյանին, նրան ուղեկցեց դեպի ազատության հրապարակ` ճանապարհին վանկարկելով «Վազգեն նախագահ»: Վանկարկումները երբեմն-երբեմն ընդհատվում էին, եւ ցուցարարները սուլոցներով արձագանքում էին Ազգային ժողովի տարածքից դեպի օդ արձակվող կրակահերթերին:
            ավելին >>  
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԾԵԾԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈւՄ

     Քաշքշուկ եղել էր, բայց այդօրինակ ծեծ այսքան ժամանակ Հայաստանի ժորհրդարանի նիստերի դահլիճում չէր եղել: Նախադեպը արձանագրվեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 26-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում: Սահմանադրական կարգով իրեն վերապահված ԱԺ նիստ գումարելու նախաձեռնությունից օգտված կառավարությունն ինքը եւս նիստին ներկա էր, սակայն ամենեւին էլ կարեւոր դերակատարություն չուներ ծավալվող իրադարձություններում: Ինչպես եւ սովորաբար` գործունեության հիմնական դաշտում նորից պատգամավորական կորպուսն էր: Որ մթնոլորտը ահավոր լարված է, նկատվեց առաջին իսկ շարժերից, երբ Մերուժան Տեր-Գուլանյանը մոտեցավ նախագահությանը: Մի բղավոց, որ հրամայական տոնով նրան տեղում նստելու պատվեր տվեց, անմիջապես վերածվեց գործի:
     Խորհրդարանը 145 կողմ, 2 դեմ, 0 ձեռնապահ ձայնով արդեն հավանություն էր տվել ԱԺ պատգամավոր Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի պետ Սեյրան Ավագյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջին, երբ վերջինս եւ ՀՅԴ ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանը, զինվորների ուղեկցությամբ, բերման ենթարկվեցին դահլիճ: Պատգամավորները` մի կողմ թողնելով քվեարկության գործը, սկսեցին բղավել: Նրանցից ոմանք մոտեցան, որպեսզի հարվածեն ներս բերված պատգամավորներին, սակայն առաջին փորձը զինվորների դիմադրությամբ կարծես թե խափանվեց: Հարկ է նկատել, որ առավել ակտիվություն էին ցուցաբերում հատկապես այն պատգամավորները, որոնց լրագրողները չէին ճանաչում: Այնուամենայնիվ, նրանք հաջողեցին առանձին-առանձին մոտենալով մեկ-երկու հարված հասցնել ինչպես Սեյրան Ավագյանի, այնպես էլ Ռուբեն Հակոբյանի գլխին: Պետք է ասել, որ ըստ էության խորհրդարանը ողջունում էր ամեն մի նմանօրինակ դրսեւորում` այդ ամենն ուղեկցելով ձերբակալվածներին ուղղված անկանոն բացականչություններով: Այդ գործում, ինչպես կարելի է ենթադրել, իրեն հատկապես լավ դրսեւորեց Հնչակյան առաջնորդ Եղիա Նաճարյանը: Նա էր առաջինը տեղից վեր թռչողը, բայց ոչ վրա տվողը: Ընթացքում տեղի էին ունենում նաեւ քվեարկություններ, եւ խորհրդարանը գրեթե միաձայնությամբ համաձայնություն է տալիս գլխավոր դատախազ Ա. Գեւվորգյանի պահանջներին: Քվեարկությունները տեղի էին ունենում փակ հիմունքով, եւ այս առումով դժգոհության ալիք բարձրացավ նաեւ հատուկենտ դեմ քվեարկողների հանդեպ: Տեղերից ձայներ հնչեցին հրապարակել այդպես քվեարկողների անունները: Աքացիների ու բռնցքահարվածների արժանացավ նաեւ Պարույր Հայրիկյանը: Սակայն դահլիճում նրան պաշտպանողներ նույնպես գտնվեցին: Ազատ Արշակյանն ու «Հանրապետական» կուսակցությունից մի քանիսը վեճի բռնվեցին կատաղած պատգամավորների հետ: Ինչեւիցէ դա Պարույր Հայրիկյանչին չփրկեց եւս մի քանի հարված ստանալուց: Իսկ երբ վերջինս հայտարարեց, որ դատապարտում է ԱԺ վրա կազմակերպված գրոհը, պարզապես բարձրաձայն քմծիծաղների արժանացավ: Հայրիկյանի ծեծվելուց հետո դահլիճը լքեցին հայկոմկուսի պատգամավորական խմբակցության ներկայացուցիչները ու նաեւ մի քանի այնպիսի պատգամավորներ, որոնք մինչ այդ լրագրողական շրջանակներում ունեին ազնիվ մարդու նկարագիր: Այստեղ նրանք, որ զանգվածային ծեծի ժամանակ բաժանարար առաքելությամբ հիմնականում հանդես էին գալիս սոցապ նախարար Ռաֆայել Բագոյանը, որը աչալրջորեն զսպում էր Սամվել Գեւորգյանի կրքերը, Խոսրով Հարությունյանը, Վահագն Խաչատրյանը եւ Շահեն պետրոսյանը: Իսկ Էդուարդ Եգորյանն այդ ամբողջ հարայհրոցի ժամանակ ընդհանրապես չբարձրացավ տեղից: Հարկ է նկատել, որ հայկոմկուսն այնուամենայնիվ, ասելիք ուներ եւ մինչեւ Հայրիկյանի խորհրդարան ներկայանալն արդեն խոսափողին էր մոտեցել ՀԿԿ պատգամավորական խմբի անդամ Խորեն Սարգսյանը:
     Միջանկյալ նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Գեւորգյանը, մի քանի անգամ կրկնելով հանդերձ, այդպես էլ չվարժվեց ԱԻՄ-ից ընտրված պատգամավոր Ներսես Զեյնալվանդյանի ազգանվան ճիշտ արտասանությանը, ինչը գոհունակ ծիծաղ էր առաջացնում պատգամավորական շարքերում: Երբ ԱԺՄ ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանը ներկայացավ խորհրդարան, պատգամավորական կորպուսն իր նյարդային լիցքերն արդեն բավականին պարպել էր եւ նրան «դիմավորեց» բավականին զուսպ: Սակայն երբ նա արդեն խոսում էր ամբիոնից, նրան անմիջապես այնտեղից իջեցնելու նախաձեռնություն ցուցաբերեցին Դավիթ Զադոյնն ու Սամվել Գեւորգյանը: Շավարշ Քոչարյանի գլխին բաժին հասած հարվածներն իրենց քանակով գերազանցեցին մինչ այդ մյուսներին «տրվածները» միասին վերցրած: Նրան եւս դրանից անմիջապես հետո զինվորների ուղեկցությամբ հեռացրեցին դահլիճից: Ի զարմանս լրագրողների, Պ. Հայրիկյանին այդպես էլ դուրս հրավիրելու կոչեր չեղան, թեեւ հարկ է նշել, երբ Կարապետ Ռուբինյանը նրան խոսք տրամադրեց, ԱԺ աշխատակազմի ղեկավար Աշոտ Անտինյանը ԱԻՄ-ի առաջնորդին արգելում էր բարձրանալ ամբիոն: Հավարտ ասենք, որ նիստի մի պահից դահլիճը լքեց նաեւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը, որի հետագա ներկայությունը նիստին բժիշկները նպատակահարմար չէին համարել:
 
Արմեն Զաքարյան
«Երեւան»լրատվական կենտրոն
          
ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱՆԳԻՍՏ Է

     Այժմ Երեւանում, ի մասնավոր` Ազատության հրապարակի եւ օպերայի շենքի մերձակայքում, իրավիճակը հանգիստ է, թեեւ շուրջբոլորը քայլող մարդկանց մեջ որոշակի լարվածություն զգացվում է: Փողոցի եզրագծերով կանգնած են զինվորներն ու ոստիկանները, որոնք արեւէ մեկին չեն թողնում անցնել օպերայի տարածք: Կարապի լճում, ի տարբերություն վերջին ամիսների, նորից կարապներ են հայտնվել:
     Ոչ ժողովուրդի ու ոչ էլ զորքերի կողմից բախումնային տրամադրություններ նկատելի չեն: Անգամ զինվորները կարողանում են կողմ դնել վահանները եւ հանգիստ նստել նրանց կողքին: ԱԺՄ գրասենյակն այժմ կողպված ու կնքված է: ՍԱհմանադրական իրավունք միության գրասենյակի դռները նույնպես կողպված են: Իսկ ԱԻՄ-ում, ցերեկվա ժամը 2-ի դրությամբ, զինվորներ էին: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում ժամը 12-ի մոտ հնչել է մեկ կրակոց, որը որեւէ հետեւանք չի ունեցել:
«Երեւան» տեղեկատվական կենտրոն
26 սեպտեմբերի, 2996թ.
          
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ ՀԵՏ

     -Պարոն Արշակյան, թե ինչպես ձեզ ձերբակալեցին, արդեն գիտենք: Կցանկանայինք իմանալ որտեղի՞ց, ե՞րբ եւ ինչպե՞ս են ձեզ ազատ արձակել
     -ԱԱՆ մեկուսարանից` հոկտեմբերի 3-ի գիշերը:
     Կար կալանման սանկցիա եւ այսօր կա խափանման միջոց – կալանքը փոխելու դատախազի որոշում: Հիմք` Աղասի Արշակյանին ջարդեր եւ ավերվածություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալելուց հետո անհրաժեշտ փաստեր չեն հայտնաբերվել, ինչպես նաեւ նա ազատության մեջ գտնվելով չի խուսափի պատասխանատվությունից եւ չի խոչընդոտի քննության ընթացքին:
     Ես հիմա, փաստորեն, հարաբերական ազատության մեջ եմ: Ընդհանրապես, եթե հիմք չկար, ինձ պիտի եռօրյա ժամկետում բաց թողնեին, բայց քանի որ ուշացրին, ուշացած էլ` հիմնավորելու համար սանկցիա տվեցին, ուստի դրա տակից ինչ-որ կերպ դուրս գալու եւ վաղն իմ կողմից համապատասխան հայցեր չընդունելու կամ չբավարարելու համար (եթե ինձ արդարացնեին, ես պիտի պատասխանատվության կանչեի ապօրինի կալանավորներին, պիտի ինձ պատճառած վնասի հատուցում պահանջեի եւ այլն) դիմեցին ոստիկանադատախազական հին միջոցի` անորոշ ձեւակերպմամբ փոխեցին խափանման միջոցը:
     Բայց ես, որ լավ հասկանում եմ այդ հնարքների իմաստը, վաղվանից կլծվեմ ապօրինի կալանվածների ազատության գործին: Իսկ սեպտեմբերի 7-ն, ժամը 11-ին Սախարովի ֆոնդում կայանալիք իմ ասուլիսում ավելի մանրամասն կներկայացնեմ իմ վերլուծությունները անցած իրադարձությունների կապակցությամբ:
     -Պարոն Արշակյան ձեր հանդեպ բռնություն, ծեծ կրառվե՞լ է:
     -Ես այդ հարցին չեմ պատասխանի մի պատճառով` խոսք եմ տվել գործով քննիչին: Բայց բոլոր կալանվածների նկատմամբ եղել են դաժան եւ անմարդկային բռնություններ, ավելին` եղել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: Կրկնակի ցավ է, որ այս ամենը այնպիսի մարդիկ են կատարել, որոնք որեւէ առնչություն չունեն այս իրադարձությունների հետ: Ասենք` եթե հանցագործություն կատարած մարդու նկատմամբ բռնարարք է թույլ տալիս կոնկրետ բռնողը կամ քննություն վարողը, դարձյալ անընդունելի համարելով` ինչ-որ տեղ կարելի է հասկանալ: Սակայն այստեղ ներգրավված էին մարդիկ, որոնք մեր հասարակության մեջ հայտնի են իբրեւ նորօրյա դահիճներ. նրանք հասարակության տականքն են, որ մեկեն իշխանություն են ստացել եւ վերջինս ի չարն են գործադրում:
     Ես իմ մասով չեմ խոսում, որովհետեւ հակառակ կողմից սպասում եմ իմ ներողամտությունը հայցող քայլերի, այսինքն` ուզում եմ նրանց տեղ թողնել` իրենց մարդ զգալու, դեպի մարդը վերադառնալու: Ես չեմ ուզում զրկել նրանց ներողություն խնդրելու հնարավորությունից: Բայց եթե մինչեւ երկուշաբթի նրանք լռեն, կասվի նաեւ այն, ինչ եղել է ինձ հետ:
     -Ասացեք` խնդրեմ, ովքե՞ր կային ձեզ հետ ԱԱՆ մեկուսարանում եւ ի՞նչ տեղեկություններ ունեք մնացյալների մասին:
     Մեզ պահում էին խիստ մեկուսացված պայմաններում, ուստի ես ստույգ ոչինչ ասել չեմ կարող: Քանի դեռ ինձ չէին ծանոթացրել իմ իրավունքներին եւ պարտականություններին, ես անարգել խախտում էի դրանք, եւ զբոսանքի ժամանակ հնարավորություն ունեցա ճշտել, որ Ֆիլարետ Բերիկյանը, Սամվել Շահինյանը եւ Արմեն Զաքարյանը («Դրո»-ի գործով) այնտեղ էին: Էլի շատ ուրիշներ: Հետո իմացա, որ Սամվել Շահինյանը պահվում է քրդական ազատագրական մարտիկների հետ, որովհետեւ երբ զբոսանքի ժամանակ ես սուլում էի «Իմ հայրենիք, թշվառ անտերը», նա ճանաչեց ձայնս, եվ մենք մի քանի խոսք փոխանակեցինք: Իսկ նրա հետ նույն խցում պահվող քրդերը սկսեցին քրդական ազատագրական երգեր երգել: Մի պահ տպավորություն ստեղծվեց, թե մենք գտնվում ենք թուրքական բանտում:
     Իսկ սպասարկող անձնակազմի գործունեությունից ես ուրախալիորեն զարմացած եւ գոհ եմ: Նրանք կարեկցանքով ու ափսոսանքով էին համակված կոնկրետ իմ նկատմամբ եւ ամոթի զգացումով այն իշխանությունների հանդեպ, որոնց շահերն իրենք կոչված էին պաշտպանելու:
Զրույցը վարեց Ա.Եսայան
«Երեւան» տեղեկատվական կենտրոն
          
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

     Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Քաղբանտարկյալների պաշտպանության հասարակական խորհրդի հերթական նիստը, որտեղ զեկուցումով հանդես եկավ փաստաբան Տիգրան Ջանոյանը: Նա տեղեկացրեց, որ իբրեվ պաշտպան, անձնական տեսակցություններ է ունեցել իր պաշտպանյալներ Շավարշ Քոչարյանի եւ Ռուբեն Հակոբյանի հետ: Բացի իրենից, փաստաբան Ռուբեն Սահակյանը Հանդիպել է Կիմ Բալայանին, Հովհաննես Ասրյանը` Դավիթ Վարդանյանին ու Աղասի Արշակյանին (վերջինս արդեն ազատության մեջ է), Մարինե Հալաբյանը` Սեյրան Ավագյանին եւ Գագիկ Մկրտչյանին (վերջինիս երկու անգամ):

          
ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

     Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Քաղբանտարկյալների պաշտպանության հասարակական խորհրդի հերթական նիստը, որտեղ զեկուցումով հանդես եկավ փաստաբան Տիգրան Ջանոյանը: Նա տեղեկացրեց, որ իբրեւ պաշտպան, անձնական տեսակցություններ է ունեցել իր պաշտպանյալներ Շավարշ Քոչարյանի եւ Ռուբեն Հակոբյանի հետ: Բացի իրենից, փաստաբան Ռուբեն Սահակյանը հանդիպել է Կիմ Բալայանին, Հովհաննես Ասրյանը` Դավիթ Վարդանյանին ու Աղասի Արշակյանին (վերջինս արդեն ազատության մեջ է), Մարինե Հալաբյանը` Սեյրան Ավագյանին եւ Գագիկ Մկրտչյանին (վերջինիս երկու անգամ):
     Փաստաբան Ջանոյանը տեղեկություններ հաղորդեց իր պաշտպանյալների ներկա վիճակի մասին: Ռուբեն Հակոբյանը այժմ ֆիզիկապես եւ առողջապես այնպիսի վիճակում է, որ հնարավոր չէ նրան որեւէ քննչական գործողության մասնակից դարձնել: Նա վնասվածքներ ունի դեմքի ու գլխի վրա, ինչպես նաեւ մարմնի տարբեր մասերում, որոնք արտահայտվում են սալջարդերով: Ռուբեն Հակոբյանը ֆիզիկական ներգործության է ենթարկվել պաշտպանության նախարարության վեց ներկայացուցիչների կողմից, ԱԺ շենքում, որից հետո կորցրել է գիտակցութունը: Նա այդ վիճակում մնացել է ամբողջ գիշեր:
     Շավարշ Քոչարյանի նկատմամբ Ազգային ժողովի նիստում կիրառված ֆիզիկական բռնությանը ականատես եղավ ամբողջ հանրապետությունը, որից հետո պատգամավորը ուղեկցվել է ԱԱՆ մեկուսարան: Այնտեղ, Տ. Ջանոյանի վկայությամբ, Շավարշ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը հարգալից է, նորմալ էթիկետի սահմաններում:
     Փաստաբանն ընդգծեց, որ բռնության դեպքերը տեղի են ունեցել պատգամավորներին մինչեւ մեկուսարան տանելը: ԱԱՆ-ում Ռուբեն Հակոբյանին, Տ. Ջանոյանի խոսքերով, չեն զլանում բուժօգնություն ցույց տալ, սակայն դա որեւէ տեղ չի արձանագրվում եւ դեռեւս պարզ չէ, նա այժմ ընդունակ է մասնակցել քննչական գործողություններին, թե ստացիոնար բուժման կարիք է զգում: Այս հարցով Ռ. Հակոբյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, պարզելու համար իր պաշտպանյալի ֆիզիկական վիճակը, նրա մասնակցության հնարավորությունը նախաքննության ընթացքին, ինչպես նաեւ արտաքինից չերեւացող ներքին վնասվածքների առկայությունը: Ջանոյանը հնարավոր համարեց, որ կարող են նաեւ ներքին կենսական հանգույցներ վնասված լինել: ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած միջնորդության մեջ կարեւորվել է նաեւ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Եթե գլխավոր դատախազը կանգնած է օրենքի առաջ բոլորի հավասարության պաշտպանության սկզբունքի դիրքերում, ապա պետք է պատասխանատվության կանչվեն պատգամավորներին ֆիզիկական բռնության ենթարկողները:
     Տ. Ջանոյանը խոսեց նաեւ Գագիկ Մկրտչյանի վիճակի մասին: Նա ձերբակալվել է սեպտեմբերի 26-ին, տարվել է ՆԳՆ 6-րդ վարչություն, ուր ծեծի է ենթարկվել: Գագիկ Մկրտչյանին հարցրել են նրա անուն ազգանունը, ճշտելով, որ նա է սուր հոդվածներով հանդես եկող հեղինակը, ֆիզիկական բռնություն են գործադրել: Այստեղից Տ. Ջանոյանը եզրակացրեց, որ Գագիկ ՄԿրտչյանը ծեծի է ենթարկվել զուտ իր մասնագիտական պարտքը կատարելու եւ սուր միտք ու սուր գրիչ ունենալու համար: Նա դեպքերի հորձանուտում է գտնվել իբրեւ լրագրող եւ մասնագիտության բերումով այլ տեղ գտնվել չէր կարող, մինչդեռ նրան մեղադրում են տեղի ունեցած դեպքերի ակտիվ մասնակիցը լինելու մեջ: Փաստաբանների ջանքերով ապացուցվել է, որ Գագիկ Մկրտչյանը հանրապետությունում հայտնի լրագրողներից է, եւ դրա փաստարկմամբ էլ Տ. Ջանոյանը հույս հայտնեց, որ կփոխվի վերաբերմունքը նրա նկատմամբ: Փաստաբանը նպատակահարմար համարեց, որ Գ. Մկրտչյանի պաշտպանությամբ հանդես գան նաեւ հանրապետությունում գործող տարբեր լրագրողական կազմակերպությունները:
     Ծեծի է ենթարկվել նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Դավիթ Վարդանյանը: Նրան ծեծել են ՆԳՆ 6-րդ վարչությունում, իսկ ծեծողները վարչության պետեր են եղել:
 5 հոկտեմբեր, 1996թ.
          
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՉԷ ԸՆՏՐՎԱԾ

     Ամբողջատիրական բոլոր իշխանութիւններն ալ, ժողովրդայի կամքի արտահայտութեան դիմաց, կը պատռեն իրենց ժողովրդավարութիւն կապկող դիմակները եւ ցոյց կու տան իրենց իսկական դէմքը:
     ՀՀ նախագահական ընտրություններուն այդպիսի դիմակազերծումի ենթրկուեցան ՀՀՇ-ական իշխանութիւնները: Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխաւորած վարչախումբը յստակօրէն ցոյց տուաւ, թե պատրաստ չէ ենթարկուելու ժողովուրդի կամքին եւ թե որոշած է ամէն գնով պահել իշխանութիւնը: ՀՀՇ-ական իշխանութիւնը անգամ մը եւս հաստատեց, թե ո՛չ ներքին կայունութիւնը, ո՛չ Հայաստանի պետականութեան գոյութիւնը, ո՛չ Արցախի գոյամարտը, ո՛չ ալ հարազատ ժողովուրդի ճակատագիրը զինք կը մտահոգեն. ՀՀՇ-ական իշխանութեան միակ մտահոգութիւնը եւ նպատակը իշխանութիւը իր ձեռքը պահելն է:
     ՀՀՇ-ական իշխանութեան դիմակազերծումը իր լրումին հասաւ ՀՀ նախագահական ընտրութիւններու արդիւնքներու բացայայտ զեղծումով: Կեդրոնական ընտրական յանձնաժողովի յայտարարած վերջնական արդիւնքները, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանի ստացած քուէները 51.75% կը ճշդէին, բացայայտ կեղծիք են: Միջազգային դիտորդներու իսկ վկայութեամբ, յստակ է թէ այդ օրինախախտումները դիւրութեամբ կկազմեն քուէներու այն 1.7%-ը, որու շնորհիւ Լեւոն Տեր-Պետրոսյան «ընտրուած» կը յայտարարուիԱյս մասին արդէն կ’արտայայտուին միջազգային դիտորդներ, Երեւանի մէջ հաւատարմագրուած օտար դիւանագէտներ եւ միջազգային լրատու գործակալութիւններ:
     Տրամադրելի տեղեկութեանց համաձայ` ոչ ոք ընտրուեցաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահական ընտրութիւններուն: Ընտրութեանց ընթացքին եւ քուէների հաշումի առաջին ժամերուն, ընդդիմութիւնը կրցած է լրիւ հակակշիռ պահել քուէատուփերու շուրջ եօթանասունհինգ տոկոսին վրայ: Զանազան պատճառներով ընդդիմութեան կողմէ չվերահսկուած մնացեալ շուրջ քսանհինգ տոկոսին համար ՀՀՇ-ական իշխանութեան կողմէ տրամադրուած (եւ վստահաբար` խարդախուած) քուէները աւելցնելով վերահսկուած եօթանասունհինգ տոկոսին վրայ` Լեւոն Տեր-Պետրոսյան կը ստանայ քուէներու շուրջ 45 տոկոսը, ինչ որ կը նշանակէ, թե ան նախագահ չէ ընտրուած: Այդ տուեալներուն համաձայն եւ օրէնքով շարժելու պարագային, անհրաժեշտ էր, որ տեղի ունենար ընտրութեան երկրորդ փուլ: Հետեւաբար, Լեւոն Տեր-Պետրոսեանի նախագահ ընտրուած ըլլալու մասին յայտարարութիւնները (նախ` իր իսկ կողմէ կատարուած, եւ ապա` Կեդրոնական ընտրական յանձնաժողովին կողմէ) հակաօրինական են:
     Կարգ մը պետութեանց ղեկավարներու, թէ մեր` հայութեան ազգային-կրօնական դէմքերու շնորհաւորանքները Լեւոն Տեր-Պետրոսեանին, անոր չընտրուած ըլլալու փաստէն ոչինչ կը փոխեն: չընտրուած թեկնածուն որպէս ընտրուած նախագահ շնորհաւորելու փութկոտութիւնը կ’ենթադրէ, թէ անոնք կա՛մ լրիւ կտրուած են հայաստանեան իրականութիւնէն (ոմանց պարագային` Հայաստան բնակելով հանդերձ) եւ կամ ալ` Լեւոն Տեր-Պետրոսեանը կ’ընդունին որպէս բռնատէր, որուն առջեւ հարկ է գլուխ խոնարհել, եւ… ո՛վ որ շուտ եւ շատ խոնարհի, ան կրնայ արժանանալ բռնատէրին գնահատանքին:
     Հայ իրականութենէն ներս` բոլոր անոնք, որոնք առանց մաս կազմելու Լեւոն Տեր-Պետրոսեանի ընտրական խումբին, իրենց հանգամանքը օգտագործեցին ի նպաստ անոր ընտրութեան եւ բոլոր անոնք, որոնք շուտիկութիւնը ցուցաբերեցին շնորհաւորելու անոր կեղծ ընտրութիւնը. հաշուետու են նախ իրենց խղճին առջեւ եւ ապա` մեր ժողովուրդին պատմութեան առջեւ:
Չընտրուած նախագահ մը ունենալու պատճառով Հայաստան նաեւ սուղ, շատ սուղ պիտի վճարէ արտաքին ճակատի վրայ: Արտաքին ուժերու համար շատ դիւրին է ստիպել մեր ժողովուրդի կամքը այսպէս լկտիօրէն ոտնահարող ինքնակոչ նախագահի մը, որ այդ նոյն ժողովուրդի շահերուն հակառակ քայլէր առնէ, բոլո՛ր բնագաւառներուն մէջ:
Մինչեւ իր լիազօրութիւններու աւարտը` 13 նոյեմբեր, գործող նախագահ Լեւոն Տեր-Պետրոսեան եւ իր վարչախումբը ունին հնարաւորութիւնը առաջքը առնելու իրենց այս քայլով մեր Հայրենիքին սպառնացող ներկայի եւ ապագայի վերիվայրումներուն: Կը մնայ, որ Լեւոն Տեր-Պետրոսեան ինքը եւ կամ իրեն կամակատար խորհրդարանը որոշեն ենթարկուիլ Հայաստանի օրէնքին, եւ նախագահի ընտրութեան երկրորդ փուլ կազմակերպեն: Թեեւ գրեթէ անհաւանական է, որ ՀՀՇ-ականները յանկարծ ուզեն ենթարկուիլ ժողովուրդի կամքին, սակայն, տակաւին քանի մը շաբթուան համար այդ միջոցը տակաւին տրամադրելի է: Իր լիազօրութիւններու աւարտին, նախագահական աթոռը գրաւած պահելու պարագային, Լեւոն Տեր-Պետրոսեան այլեւս անառարկելիօրէն պիտի դառնայ Հայաստանի բռնատերը: Ութ-ինը տարուան ընթացքին Լեւոն Տեր-Պետրոսեան մատենադարանի գիտաշխատողէն համազգային շարժումի ղեկավար գործիչի եւ ապա բռնատերի այս կերպարանափոխութեան մէջ պատասխանատուութեան մեծ բաժին ունին բոլոր անոնք, որոնք ամէն անգամ գլուխ խոնարհեցին անոր առջեւ, երբ ան յարատեւ կերպով կո՛տնակոխէր ազգային ամէն սկզբունք, արժեք եւ հասկացողութիւն: Այդպիսիները այսօր կրկնակի պատասխանատւութիւն ունին, իրենց իսկ աճեցուցած պատուհասին առաջքը առնելու: 
 
«ՀՈՐԻԶՈՆ» շաբաթաթերթի խմբագրական

Կանադա, 3 հոկտեմբեր, 1996թ.

          
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՄԲԵՐՈՒՄ Է, ԲԱՅՑ` ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՏԺՈՒՄ

     Քաղաքականության մեջ ժողովրդավարության եւ ժողովրդի ազատ կամքի բռնաբարումը հատուկ է բոլոր նրանց, որոնք իշխանատենչության անհագուրդ ախորժակի ստրուկն են:
     Այս իմաստով` բոլոր ժամանակների բոլոր բռնատերերը իրականում ստրկացյալ հոգի ունեցող վախկոտ արարածներ են, որոնք բիրտ ուժին ապավինած` բռնարարքներով արժեւորում են իրենց եւ ամրապնդում իրենց դիրքերը:
Նրանք սարսափում են իրենց դիրքերը կորցնելու հավանականությունից եւ այդ սարսափը նրանց մղում է ամեն տեսակ դավի ու բռնություն գործադրելու:
     Սարսափում են, որովհետեւ արժեն միայն այն, ինչ որ ունեն` «աթոռ ու դիրք»:
     Աթոռն ու դիրքը կորցնելու դեպքում ի՞նչ գին կունենան նրանք: Սա՛ է նրանց վախը:
     Հաճախ է պատահում նաեւ, որ մինչեւ ինքնության բացահայտումը, բռնաբարիչը կարողանում է հասարակության մեջ իրեն ներկայացնել իբրեւ պարկեշտ նկարագրի տեր, ազնվաբար հասարկական դիրք ու պատիվ վաստակած անձ ու վայելում է շրջապատի հարգանքը:
     Դրա ապացույցը եղան Հայաստանի նախագահական ընտրություններին նախորդած երեւույթներն ու հաջորդող բռնությունները: Ընտրությունների նախօրյակին, ընտրարշավի քարոզչության համար Հայֆիլհարմոնիայի սրահում կազմակերպված միտինգ-հավաքույթում` Ամենայն Հայոց Կաթողիկոսի, պետական ավագանու, պաշտոնական հյուրերի եւ իրեն նեցուկ կանգնող կազմակերպությունների անդամների ներկայությամբ, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, պատասխանելով իրեն տրված հարցերին,   ունկնդիրներին վստահեցնում էր, թե «Հայաստանը ոստիկանական պետություն չէ եւ չպիտի դառնա երբեք», ինչպես նաեւ չընտրվելու դեպքում` «Պիտի վերադառնամ Մատենադարանի իմ նախկին պաշտոնիս` սիրով ու մեծ կարոտով»:
     Ահավասիկ քաղաքական պարկեշտ գործչի սքանչելի դիմապատկեր, որը կարող է համեստության օրինակ ծառայել նույնիսկ ամենաժողովրդավար ղեկավարներին: Բայց մի քանի օր հետո Հայաստանում փաստորեն հաստատվեց ռազմական դրություն, Երեւանի զանազան մասերում պարեկում են զրահապատները, եղան ընդդիմադիր գործիչների ձերբակալություններ, հալածանք, նույիսկ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների բանտարկություն եւ… «Հայաստանը ոստիկանական պետություն չէ եւ չպիտի դառնա երբեք»:
     Լեւոն Տեր-Պետրոսյանն իր կարոտած Մատենադարանը վերադառնալու փոխարեն, ինչպես խոստացել էր, եւ ինչպես որ իրեն թելադրել էր սեփական ժողովուրդը քվեների արդյունքով, դիմեց բռնության` բացահայտելով իրեն ու իր ներքին մղումների իսկությունը:
     Բռնաբարվեց ժողովրդավարությունը եւ ժողովրդի ազատ կամքը:
     Անցյալ տարվա հուլիս 5-ի Սահմանադրության հանրաքվեի եւ ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների ընթացքում կատարված խարդախությունները որակվեցին իբրեւ «ազատ, բայց ոչ արդար», եւ ժողովուրդը դրանք դիմավորեց կրավորականությամբ:
    1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների եւ հաջորդող օրերի դեպքերը մեկ որակում ունեն` ժողովրդի կամքի բռնաբարում:
    Եվ եղավ բռնաբարվող ժողովրդի դիմադրության ընդվզում եւ հակադարձ պոռթկում:
    Բայց նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը մոռանում է, որ մեծ տարբերություն կա անհատական եւ քաղաքական բռնաբարման միջեւ:
     Անհատական բռնաբարման ենթակա զոհը անզոր է եւ զուրկ բռնաբարչին պատժելու ուժից: Մինչդեռ քաղաքական բռնաբարման ենթակա ժողովուրդը անսպառ ուժ ունի եւ պատժելու յուրահատուկ ձեւ:
     Ժողովուրդը համբերում է, բայց անպայման` պատժում:
 
Մ. ՀԱՅԿԱԶՈՒՆ
«Ազատ օր» օրաթերթ, Աթենք
2 հոկտեմբեր, 1996թ.
          
ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԺՎԱՐ ԵՐԿՈՒՆՔԸ

     Մեր նորագույն պատմության մեջ եղել են պահեր, երբ թվացել է, թե մենք կանգնած ենք բռնության ու անարդարության անհաղթահարելի պատնեշի առաջ, եւ ճակատագրի հետ հաշտվելուց, իրադարձությունների ետեւից գնալուց եւ համակերպվելուց զատ այլ ելք չկա: Այդ ժամանակներում դաժան քննություն է բռնել մեր ժողովրդի անկոտրելի կամքը` դարերով կուտակված հախուռն ու անկառավարելի այն իռացիոնալ նախասկիզբը, որը վճռական պահին մեզ նոր ուժեր է հաղորդել` ապահովելով այնպիսի հաղթանակներ, որոնց քչերն էին հավատում:
     Ղարաբաղյան շարժումը մեր ազգային առողջ բնազդի դրսեւորումն էր, մեր կամքի անխորտակելիության վերջին ապացույցը: Անկախության նվաճումով եւ Ղարաբաղի ազատագրումով մենք միայն նախադրյալներ ստեղծեցինք ինքնուրույն զարգացման եւ առաջադիմության համար, բայց նոր ամբողջատիրության համահարթեցնող մամլիչը մեզ պարտադրեց կեղծ կայունության խորհրդանիշներով քողարկված ինքնագոհ լճացման կենսակերպը` սովորական ազգերին բնորոշ ստամոքսի փիլիսոփայությունը:
     Թվում էր, թե մոտ ժամանակներում մենք այլեւս ընդունակ չենք հաղթահարել նոր գաղութատիրության այս ամենակուլ փիլիսոփայությունը, բայց վրա հասավ 1996-ը, եւ նախագահական ընտրապայքարի բովում մեր ժողովուրդը նորից արթնացավ, նորից փայլեցին նրա հոգնատանջ աչքերը, նորից ծնվեց հավատն ապագայի հանդեպ, նորից հիշեցինք, որ մենք մի ազգ ենք, որի համար անձնական բարեկեցության ու զարգացման խնդիրները սոսկ միջոց են` հասնելու ավելի բարձր ու վեհ նպատակների: Նորից արթնացավ պայքարի ու մաքառման ոգին, նորից ոտքի կանգնեց ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, որ համար այսօր անկախության արտաքին-ձեւական խորհրդանիշները ինքնագովության առիթ չեն, այլ նրա ներքին բովանդակությունն ու ազգային քաղաքական ուղղվածությունը ապահովելու միջոց: Այս ամենի համար մենք, առաջին հերթին պարտական ենք հայ ժողովրդի կամքին, պարտական ենք այն մարդկանց, որոնք այսօր կարող էին հանգիստ ճեմել ինքնագոհ ու հղփացած իշխանավորների կողքին, զբաղեցնել բարձր պաշտոններ եւ սեփական ժողովրդին խաբել դանդաղ առաջընթացի մասին հեքիաթներով, կենսաթոշակների ու նպաստների բարձրացման խոստումներով, կեղծ անկախական դեմագոգիայով, բայց այդ մարդիկ կարողացան վեր կանգնել դեպի նյութապաշտություն ու լճացում ձգտող միջավայրի էգոիստական պահանջմունքներից եւ որդեգրեցին հասունացող խնդիրները բարձրացնելու, Հայաստանը զարգացման որակական նոր մակարդակի հասցնելու գործելակերպ:
     Սեպտեմբերի 22-ին նախորդած մեկ ամիսը նախագահության համար լարված ու անզիջում ընտրապայքար չէր պարզապես, այլ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ նոր զարթոնքը: Ուստի ընտրությունների ավարտը եւ որոշակի ուժերի կողմից աջակցություն ստացող նախագահի` նոր կեղծիքներով ամրապնդված վերաթագավորումը չի կարող ցրտահար անել այն առողջ ու կենսունակ ծիլերը, որոնք նորից վերընձյուղեցին մեր չորացող ու մոլախոտերով պատվող անդաստանում: Ոտքի է կանգնել գաղափարապաշտ ու մարտնչող Հայաստանը, արթնացել է ազգային համաձայնության ու ազգային միասնության խորհրդով առաջնորդվող մեր պայքարի ոգին, որին ոչ ոք այլեւս չի կարող պարտադրել կեղծիքի ու երեսպաշտության վարչակարգ: Զավթելով միայն ու միայն ժողովրդին պատկանող իշխանությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի կարող կառավարել այն ժողովրդին, որի մտքերին ու զգացմունքներին անդառնալիորեն տիրացել է Վազգեն Մանուկյանը: Գաղափարը հաղթելու է տձեւ ու անդիմագիծ նյութին, ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ արդեն ունի իր նախագահը: Վազգեն Մանուկյանը նվաճել է ժողովրդի ճնշող մեծամասնության սիրտը, որտեղից ոչ մի ուժ նրան չի կարող դուրս մղել:

ՍԱՐԳԻՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ

          
ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ՔՎԵՆԵՐԻ ՏԵՐՆ Է

     Սեպտեմբերի 25-26-ի իրադարձությունները նախագահական ընտրությունների կապակցությամբ հայաստանի իշխանությունների կողմից խաղարկված ձախողված ներկայացման օրինաչափ հետեւանքներն են: Վստահ լինելով իրենց ուժերի վրա` իշխանությունները փորձեցին 1996-ի նախագահական ընտրություններն անցկացնել ժողովրդավարական բոլոր նորմերի պահպանումով: Այդ պատճառով ընդդիմությունը նորից ասպարեզ հրավիրվեց, նրան տրվեցին քարոզչության հնարավորություններ, անխտիր ձեւով գրանցվեցին նախագահության բոլոր թեկնածուները, հրավիրվեցին միջազգայն դիտորդներ: Խաղի կանոնները սահմանված էին, եւ ընդդիմությունն անցավ գործի, իսկ իշխանություններն իրենց ծույլ եւ ինքնահավան քարոզչությամբ սկսեցին աստիճանաբար զիջել դիրքերը: Երկրի ծանր սոցիալական կացությունը չէր համապատասխանում ժողովրդավարության այն կեղծ ցուցանակին, որն ընտրված էր սոսկ արտաքին օգտագործման համար: 
     Բնական է, որ անհամապատասխանությունը շատ արագ զգացնել տվեց իրեն, եւ ընդդիմությունը ձնագնդի պտույտների արագությամբ սկսեց բարձրացնել իր վարկանիշը: Դրությունը փրկելու հուսահատ փորձերը միայն հակառակ ազդեցություն ունեցան: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ արդեն պարզ էր, որ վարչախումբը կարող է ապահովել նախագահի հաղթանակը միայն բռնության ու կեղծիքների ճանապարհով: Այս պայմաններում որդեգրվեց ժողովրդավարության ցուցանակը` հնարավորին չափ քիչ վնասելով, ավելի քողարկված կեղծիքների միջոցով նախագահին վերընտրելու մարտավարություն: Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն անց էր կացվելու ցանկացած դեպքում, բայց անհրաժեշտ էր համարվում հնարավորին չափ պահպանել լեգիտիմության ցուցանակը:
     Սակայն իշխանությունը կորցնելու վտանգի գիտակցումը այնքան սուր էր, որ վերջին պահին անգամ նախագահի ընտրական շտաբի ղեկավար Բաբկեն Արարքցյանը զրկվեց իր պարտականությունները կատարելու իրավունքից, եւ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ժիրայր Լիպարիտյան, Վանո Սիրադեղյան եռյակը տնօրինեց երկրի ճակատագիրը:
     Ընդդիմությանը միավորելով, համաժողովրդական վստահության արժանացած Վազգեն Մանուկյանը խլել էր նախաձեռնությունը, եւ չնայած բազմաթիվ կեղծիքներին` ընտրությունների օրվա երկրորդ կեսին արդեն պարզ էր, որ նա հաղթում է: Դրությունը կրիտիկական էր եւ եռյակը որդեգրեց պահեստային տարբերակը` սկսվեցին կեղծիքներն ու անօրինականությունները, բայց չնայած դրան` Երեւանում այլեւս հնարավոր չէր փրկել իրավիճակը: Մնում էին շրջանները, ուր կատարվեցին բոլոր անհրաժեշտ կեղծիքները` նախապես կտրելով հեռախոսային կապը եւ ապահովելով հլու-հնազանդ գյուղապետների, ոստիկանության, պաշտոնյաների ու երկրապահների աջակցությունը: Բայց ի հակառակ այդ ամենին եւ այն հանգամանքին, որ տեղամասերի մոտ 30 տոկոսը դուրս էր մնացել ընդդիմության ռեալ վերահսկողությունից, Վազգեն Մանուկյանն ավելի շատ քվեներ ստացավ: Մնում էր միայն տեղամասային եւ համայնքային հանձնաժողովների որոշումներով ու արձանագրություններով ժողովրդի կամքը բռնաբարելու մարտավարությունը: Փոխվեցին բազմաթիվ արձանագրություններ, իջեցվեցին Վ. Մանուկյանի օգտին տրված քվեները: Դրա հետեւանքով ստեղծվեց աղաղակող հակասություն, ընդդիմությն մոտ առկա տվյալների եւ մարզային ու համայնքային հանձնաժողովներին ներկայացրած թվերի միջեւ: Այդ ճանապարհով սարքված թվերով նախագահը տոնեց իր «հաղթանակը» եւ բաժակը ձեռքին, ծաղրելով մի ողջ ժողովրդի, շնորհավորեց իր թիմին ընդամենը 56-57 տոկոս հավաքելու համար, որին ավելի հավաստի տեսք տալու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ի վերջո կանգ առավ 52,09 տոկոսի վրա:
Լկտիությամբ ցեխի մեջ էր տրորվել մի ողջ ժողովրդի արտահայտած կամքը, վարչախմբի հարբած պաշտոնյաները հեռուստացույցով շնորհավորում էին միմյանց, իսկ ժողովուրդը տասնյակ հազարներով լցվում էր Ազատության հրապարակ եւ պահանջում էր Վազգեն Մանուկյանից ու նրա կողմնակիցներից տեր կանգնել իր քվեներին:
     Սակայն չնայած այդ ամենին, ընդդիմությունը որդեգրեց օրինական ճանապարհով տեղի ունեցած խախտումները բացահայտելու մարտավարություն: Այս պայմաններում պատռվեց ԿԸՀ-ի օրինապահ կեղծ շղարշը` նա հրաժարվեց տեղամասերից, համայնքներից ու մարզերից եկած տվյալները ստուգելուց` լավ իմանալով, որ դրանք կեղծված են: Ժողովրդի բողոքն ու ցասումը գնալով ավելի ահագնացավ:
     Հանրահավաքներն ու միտինգները հասան 1988-ի մակարդակին: Ընդդիմության ղեկավարները գիտակցում էին իրենց պատասխանատվությունը, իսկ գերագույն իշխանության կրողը հանդիսացող հարյուր հազարավոր ժողովուրդը վճռականորեն պահանջում էր վերականգնել արդարությունը: Ընդդիմությունը հասկանում էր, որ խոսքերով ու խոստումներով հնարավոր չէ խաբել վիրավորված ժողովրդին, որը մի քանի տարվա նիրհից հետո արթնացել է քնից: Նորից կոտրվելու, նորից հուսախաբվելու վտանգավոր հետեւանքը` հուսալքությունն ու նոր արտագաղթն էին լինելու, իսկ վճռականություն դրսեւորելու հետեւանքը` ընդդիմության ղեկավարների ձերբակալությունն ու հալածանքները: Քաղաքացիական պարտքի գիտակցությունը պահանջում էր ընտրել երկրորդ ճանապարհը` զոհել իրենց` արդարության նկատմամբ ժողովրդի հավատը պահպանելու համար: Այս քայլով ընդդիմությունն ապացուցեց, որ եթե ժողովուրդը տեր է իր քվեներին, ապա ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, տեր է ժողովրդին: Տեղի ունեցած բռնությունը` ժողովրդի կամքի բռնաբարումը անխուսափելիորեն ծնելու էր ու ծնեց այն հակահարվածը, որն իր արտաքին պարզունակ տեսքի մեջ ներքին խոր իմաստ ու բովանդակություն ունի: Ժողովուրդը ծեծի ենթարկեց ոչ թե Բաբկեն Արարքցյանին, այլ անօրինականության վրա հիմնված պետության բարձրագույն օրենսդիր իշխանության ղեկավարին: Ժողովուրդը տեր կանգնեց իր քվեներին, նրա առաջնորդները` ժողովրդին, իսկ վարչախումբը հանեց իր դիմակը եւ լիովին վարկաբեկվեց: Հայաստանում այսօր չկա ոչ մի օրենք. ոչ մի հաստատություն չի հիմնված օրինականության սկզբունքների վրա, ո՛չ նախագահը, ո՛չ խորհրդարանը չեն հանդիսանում լեգիտիմ իշխանության կրողը, եւ հայ ժողովուրդը կանգնած է օրինականությունն ու արդարությունը վերականգնելու պարտադրնքի առաջ:
 ՄՈՎՍԵՍ ԳԵՎՈՐԳՅԱՆ
          
ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՁԵՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

     Լ. Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 30-ի ուղերձը հարցեր է ծնում:
     Պատկանում եմ Ձեր մրցակիցների օգտին քվեարկած այն շուրջ 600 հազար ՀՀ քաղաքացիների թվին, որոնց Ձեր վերջին ուղերձով Դուք անկեղծ երախտագիտություն եք հայտնում, սեպտեմբերի 22-ին ձայնս տալով Վազգեն Մանուկյանին` կատարել եմ իմ քաղաքացիական պարտքս, խորապես համոզված եմ, որ հայ ժողովուրդը վերջին ընտրություններում հենց նրան է տվել իր վստահության քվեն, սակայն, ծանոթանալով Ձեր ուղերձին, որպես հայ մարդ` փորձում եմ մի պահ մոռանալ այն թշնամանքի ու անվստահության տրամադրությունները, որոնք առկա են այսօր ոչ միայն իշխանությունների եւ ընդդիմության, այլեւ իշխանությունների եւ մեր ժողովրդի մեծամասնության միջեւ, ուստի, գնահատելով ստեղծված իրավիճակը եւ Ձեր ուղերձի մեջ առկա դառն խոստովանությունները, փորձում եմ մինչեւ վերջ հասկանալ, թե գալիք հինգ տարիների կտրվածքով ո՞րն է Ձեր` որպես նախագահի raison d’etre-ն:
     Ձեր փաստարկների օգնությամբ փորձեմ համոզել ինքս ինձ եւ իմ միջոցով նաեւ մեր ժողովրդին, գուցե նա հաշտվի՞ տեղի ունեցածի հետ եւ Ձեզ նորից ճանաչի որպես Հայաստանի Հանրապետության նախագահ: Սակայն, քանի որ հեռուստացույցի առջեւ Ձեր անվճռական ու անհամոզիչ պահվածքը եւ, մանավանդ Ձեր կողմից առաջադրվող փաստարկները խորացնում են իմ կասկածները եւ ստիպում են ինձ կատարել մի քանի անհրաժեշտ հաստատումներ, ապա դրանց հիման վրա, որպես հայաստանի հանրապետության քաղաքացի, ցանկանում եմ իմ հարցերն ուղղել ձեզ:
  1. Դուք մասամբ իրավացի եք, երբ գտնում եք, որ իշխանությունների նկատմամբ դժգոհության պատճառները թաքնված են տնտեսական բարեփոխումների ցավագին հետեւանքների, կադրային քաղաքականության, վարչամեքենայի անօրինակությունների, կաշառակերության տարածված դրսեւորման եւ, մանավանդ բնակչության չափազանց ծանր սոցիալական վիճակի մեջ: Բայց այդ դեպքում չե՞ք կարծում, որ միանգամից երեք անպատասխան հարցեր են առաջանում.
նախ`
     ինձ համար անհասկանալի է, որ եթե Դուք հաստատում եք նման աղաղակող փաստերի գոյությունը, որոնց գոնե մի մասը չի վերացվել Ձեր կառավարման հինգ տարիների ընթացքում, ապա բարոյական ո՞ր իրավունքով եք հավակնում եւս հինգ տարի ստանձնելու նույն դերակատարությունը,
երկրորդ`
     նշված գործոնների առկայության դեպքում կարո՞ղ եք ասել, թե որ երկրում է իսկական ընդդիմությունը աչք փակում այդ ճչացող փաստերի առաջ եւ չի փորձում հասնել առավելագույն արդյունքին` ընտրությունների միջոցով փոխելու հնարավորությունից զրկված ընդդիմությունը համարվում ծայրահեղական եւ արկածախնդիր:
  1. Եթե Դուք ձեր ուղերձի մեջ խոստովանում եք, որ պետության բոլոր կադրերը չեն, որ գտնվել են իրենց պաշտոնի բարձրությն վրա, եւ «անօրինականություններն ու կաշառակերության դրսեւորումները հասել են հասարակական չարիքի աստիճանի», ապա ժողովուրդը, որն ապրում է այդ չարիքի պայմաններում, իրավունք ունի՞ արդյոք հիշյալ երեւույթները հանդուրժող իշխանություններին եւս համարել, ինչպես Դուք եք ասում` հասարակական չարիք:
  2. Դուք խոստովանում եք, որ «չափազանց ծանր ու անմարդավայել է մեր ժողովրդի սոցիալական վիճակը. շուրջ մեկ միլիոն մարդ ապրում է չքավորության սահմանից ցածր պայմաններում»: Ճիշտ եք խոստովանում: Այդ դեպքում ես ուզում եմ հարց տալ Ձեզ: Ինչու են այս իրավիճակում պետության ղեկավար կառույցների աշխատակիցները եւ Ձեր շրջապատը բոլորին ցուցադրում իրենց շքեղ ու ցոփ կյանքը եւ որտեղից են նրանք հայթայթել այդ միջոցները, եթե նույնիսկ Ձեր` հանրապետության նախագահի աշխատավարձը չի անցել 200 դոլարի սահմանագիծը: Եվ եթե Դուք, որպես հանրապետության նախագահ, հանդուրժել եք նման կացությունը, ապա այդ ինչպես է ստացվել, որ չքավորության սահմանից ներքեւ գտնվող Ձեր հիշատակած մեկ միլիոն մարդկանցից միայն կեսն է դեմ քվեարկել Ձեզ եւ իր ձայնը տվել այն թեկնածուին, որը խոստանում է մեզ դուրս բերել այս վիճակից:
  3. Եթե Դուք անցած հինգ տարիների ընթացքում մեր երկրի ճակատագրի համար գլխավոր պատասխանատուն, մատնանշում եք Ձեր նախորդ` հնգամյա գործունեության մեջ առկա ահավոր թերությունները, որոնք, ինչպես գիտեք, ընդդիմության նախընտրական քարոզչության մասն են կազմել, ապա Ձեր կարծիքով ու՞մ էր վստահելու հայ ժողովուրդը – նրա՞ն, ով հինգ տարի սխալներ է գործել եւ ժողովրդից խնդրում է եւս հինգ տարի` դրանք վերացնելու համար, թե՞ նա, ով պահանջում է, որպեսզի ժողովրդի վստահությունից զրկված ղեկավարը հեռանա ասպարեզից:
  4. Եթե ձեր մատնանշած ահավոր թերությունները գոյություն ունեն եւ պարարտ հող են ստեղծում ընդդիմության քարոզչության համար, եւ ընդդիմությունն էլ իր հերթին, ինչպես Դուք եք ասում` չափազանցված խոստումներ է տվել ժողովրդին, ապա Ձեզ ինչպե՞ս հաջողվեց ստանալ այն ժողովրդի վստահության քվեն, որը, ինչպես Դուք եք գտնում` «բավարար մտահոգություն չի տեսել» Ձեր ծրագրերում:
  5. Եթե Դուք պատասխանատու եք մատնանշված թերությունների, դրանց համար ու պարտավորվում եք դրանք անպայման վերացնել, ապա ինչու՞ նա՛խ Ձեզ պատասխանատվության կանչելու փոխարեն, պատժում եք ստեղծված կացության դեմ իրավացիորեն բողոքող ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք նաեւ գտնում են, որ Դուք անօրինական ճանապարհով եք դարձել նախագահ:
  6. Եւ, վերջապես` եթե գտնում եք, որ ընդդիմությունը կեղծիքներով է զբաղվում, եւ Դուք եւս հինգ տարվա համար իսկապես ստացել եք ընտրողների մեծամասնության վստահության քվեն, իսկ ընդդիմությունը, համոզված եմ` ոչ առանց լուրջ հիմքերի, պնդելու է հակառակը, չե՞ք կարծում, արդյոք, որ հանուն Ձե՛ր հեղինակության ու լեգիտիմության, անհրաժեշտ է մի քանի ամսից հետո հանրաքվեի դնել ժողովրդի կողմից Ձեզ վստահություն հայտնելու հարցը եւ վերականգնել Ձե՛ր հեղինակությունը:
          
Ելքը ո՞րն է. Վազգեն Մանուկյան

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - Պարո´ն Մանուկյան, երկու շաբաթից ավելի «Սասնա ծռեր» խմբի կողմից գրավված էր ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքը, փողոցում էլ ցույցեր էին ընթանում ի պաշտպանություն զինյալների: Ինչպե՞ս եք գնահատում առկա իրավիճակը և ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում: - Մեր երիտասարդությանը թվում է, թե տեղի ունեցողը, երբ զինված մի ջոկատ փորձում է ազդել քաղաքականության վրա, բացառիկ երևույթ է մեր պատմության մեջ: Բայց այդպես չէ: Սա նախապատմություն ունի և առաջին դեպքը չէ: Ղարաբաղյան շարժման ժամանակ և Սումգայիթից հետո «Ղարաբաղ» կոմիտեն սկսեց զինված ջոկատներ ստեղծել: Առաջինը եղել է աֆղանական ջոկատը, որն ինձ էր ենթարկվում՝ որպես «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող ղեկավարի: Այդպես էր կոչվում, քանի որ անդամները ԽՄ բանակում մասնակցել էին Աֆղանստանի պատերազմին և ռազմական փորձ ունեին: Հետագայում առաջացան բազմաթիվ այդպիսի ջոկատներ, որոնց մի մասը ենթարկվում էր «Ղարաբաղ» կոմիտեին, մյուս մասն ինքնուրույն էր գործում, եղան նաև դեպքեր, երբ առիթից օգտվելով՝ ստեղծվեցին ջոկատներ, որոնք հիմնականում հետապնդում էին տնտեսական շահեր: Քանի որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներս ուսյալ մարդիկ էինք ու լավ գիտեինք պատմությունը, զգուշանում էինք, որ հանկարծ առաջին հանրապետության պես «մաուզերիստների» շարժումներ չսկսվեն, երբ ջոկատներն իրենք էին մտնում քաղաքականության մեջ ու որոշում, թե ինչն էր ճիշտ ու ինչը՝ սխալ: Դա կործանարար էր առաջին հանրապետության համար, և թույլ չէինք տա, որ կրկնվեր: Եվ դրա համար 1990 թվականին իշխանության գալուց հետո խնդիր դրվեց հայրենասիրությամբ առաջնորդվող ջոկատները միավորել ու բանակի պես մի բան ստեղծել: Քանի որ դեռևս անկախ չէինք, ԽՍՀՄ կազմում էինք, իսկական բանակ ստեղծել չէինք կարող: Ոստիկանության ներքին զորքեր կային, երիտասարդներին կոչ արեցինք մտնել այդտեղ, իսկ ով չի մտնի, պիտի զինաթափվի: Եղան բազմաթիվ ջոկատներ, որոնք մտան, բայց նաև եղան ջոկատներ, որոնք ինքնուրույն քաղաքականություն սկսեցին վարել: Օրինակ՝ Սարի թաղի Վրեժի ջոկատը, որը սահման էր գնում ու ինքնուրույն գործողություններ իրականացնում՝ առանց պետությանը ենթարկվելու. փորձ կատարեց գրավելու հեռուստատեսության ստուդիան, նույնը ՀԱԲ-ն էր և այլն: Եվ պետությունն իր առջև խնդիր դրեց այդ ջոկատները զինաթափել: Մեծ դժվարությամբ զինաթափեցինք Սարի թաղի Վրեժի խումբը: Ես՝ որպես վարչապետ, կարգադրեցի զինաթափել ՀԱԲ-ը: Գիշերը ոստիկանության կողմից հարձակում կատարվեց ՀԱԲ-ի շտաբի վրա, երկու զոհ ունեցանք: Մի պահ եղավ, որ ջոկատներն այլևս ինքնուրույն քաղաքական դերակատարություն չունեին: Դա կարևոր էր, որովհետև քաոսային վիճակով պետությունն առաջ տանել հնարավոր չէր: Հիշում եմ՝ այն ժամանակ Մամեդովն էր Ադրբեջանի վարչապետը, երբեմն-երբեմն հեռախոսով խոսում էինք: Երկուսս էլ ասում էինք` ի՞նչ անենք, ջոկատներն են սահմանի վրա հարձակում իրականացնում: Մի օր էլ զանգեցի ու ասացի` եթե այսուհետ կրակեն ձեզ վրա, իմացեք՝ ես եմ հրամայել, մեր ջոկատները լրիվ վերահսկողության տակ են, դուք էլ հասեք դրան, այդ դեպքում միայն իմաստ կլինի սահմանային դեպքերի վերաբերյալ բանակցել: Այդ հարցում մենք առաջ ընկանք Ադրբեջանից ու Վրաստանից: Մաուզերիստների շարժում երրորդ հանրապետությունում չեղավ: Դրանից հետո, իհարկե, պոռթկումներ եղան: Առաջինը հոկտեմբերի 27-ն էր: Այն տղաները, որոնք Ազգային ժողով մտան ու այդ արյունալի ողբերգությունն իրականացրեցին, իրենց ներքին մղումներում որոշակի հայրենասիրական արդարացում ունեին. նրանք կարծում էին, որ պետությունը վատ ղեկավարներ ունի, և եթե Վազգեն Սարգսյանը չլինի, ամեն ինչ կկարգավորվի: Այդ դեպքը, բացի վնասից, ոչ մի օգուտ չբերեց Հայաստանին, այսինքն՝ մի անգամ էլ ապացուցվեց, որ ահաբեկչական գործողություններով պետության, հասարակության առջև դրված խնդիրները չեն լուծվում: Բացարձակապես անընդունելի է, որ զինված մի փոքր ջոկատ վերցնում է այդ ֆունկցիան իր վրա, այն, ինչ տեսանք այս դեպքում: Լավ բաներ են ասում, հայրենասիրական մղումներ ունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, բոլոր այսպիսի գործողությունների հետևում կանգնած են բարի նպատակներ, բայց արդյունքը լինում է ողբերգական պետության համար: Իհարկե, կա ընդհանուր դժգոհություն իշխանություններից: Մեր երկրում մեծ տեղ ունեն կոռուպցիան, անարդարությունները, դատական համակարգը չի համապատասխանում այն խնդիրներին, որոնք դրված են պետության առջև, շատ հարցերում տանուլ ենք տալիս, մեր տնտեսությունը այն ձևով չի զարգանում, ինչպես մենք կուզենայինք: Բացի մնացած բացասական երևույթներից, ստեղծվեց մի պետություն, որտեղ այն անհատները, որոնք իրենց ուսերի վրա տարան հեղափոխության և պատերազմի ծանր բեռը, հիմնականում հայտնվեցին ծանր սոցիալական վիճակում, պետության ուշադրությունից դուրս: Մյուս կողմից՝ հարստացան անհատներ, որոնց մի զգալի մասը, ունենալով ձեռներեցության շնորհք, ազնիվ ձևով կազմակերպեց իր գործը, բայց դրա հետ մեկտեղ հսկայական կարողություն ձեռք բերեցին ոչ օրինական ճանապարհով, ոչ մի օգտակար ընդունակություններով չօժտված պատահական մարդիկ, միայն շնորհիվ նրա, որ հնարավորություն ունեին օգտագործելու իշխանության լծակները: Այդ ամենը տարիների ընթացքում ավելացնում էր դժգոհությունը: Բայց այդ հարցերը լուծվում են այլ ճանապարհով, ոչ թե զինված ուժի միջոցով: Մի կողմ թողնենք, որ այդ գործողություններն օրինական չեն, մի կողմ թողնենք, որ այդպիսի դեպքերի ընթացքում արյուն է թափվում: Պետական տեսանկյունից ավելի կարևոր է, որ այդպիսի գործընթացն արդյունավետ չէ, խարխլում ու թուլացնում է պետությունը, հնարավորություն է տալիս դրսի ուժերին միջամտելու մեր ներքին պետական կյանքին, և դա հասարակության մեջ առաջացնում է ճեղքեր, որոնք մնում են շատ երկար ժամանակ: Ֆրանսիայի նախագահ (1974-81 թթ.) Ժիսկար դ’ Էստենը, վերլուծելով Ֆրանսիայի ժողովրդի ներկա խնդիրները, նշում է, որ 1789 թ. Ֆրանսիայի հեղափոխության ճեղքերը չեն վերացել նույնիսկ մինչև այսօր: Արդյունավետ չէ, որովհետև պատմական փորձը ցույց է տալիս, որ այսպիսի գործընթացը համարյա երբեք չի բերում հաղթանակ, իսկ այն բացառիկ դեպքերում (օր.՝ Ֆիդել Կաստրոյի զինված ապստամբությունը), երբ հաջողվում է այդ ճանապարհով փոխել իշխանությունը, ոչ մի խնդիր չի լուծվում: Ստեղծվում է նոր՝ հեղափոխական իշխանություն («հերոսների իշխանություն»), որն ավելի անարդար ու դաժան է լինում, քան նախորդը, և նորից հասարակությանը պետք է լինում լուծել այն խնդիրները, որոնք պատճառ են դարձել ապստամբության: - Բայց ինչո՞ւ ոչ առաջ կամ ոչ հետո, այլ հենց այս պահին, և նաև ասվում է, որ այս քայլին դիմել են, որովհետև այլընտրանք չեն տեսնում, որ փոփոխության հասնելու բոլոր եղանակները սպառվել են: Ձեր կարծիքով արդյոք սպառվե՞լ են Հայաստանում փոփոխություն իրականացնելու մյուս բոլոր ճանապարհները: - Արդեն գոյություն ունեցող դժգոհության վրա ավելացան և մեծ նշանակություն ունեցան քառօրյա պատերազմը և դրա արդյունքները, առաջացած հիասթափությունը, տպավորությունը, որ իշխանությունները ոչ մի դաս չքաղեցին այդ քառօրյա պատերազմից: Չեմ բացառում, որ քառոօրյա պատերազմի այլ արդյունքների դեպքում նման երևույթներ կարող էին տեղի ունենալ Բաքվում: Երկրորդ` այդ ֆոնի վրա առաջացան խոսակցություններ, որ Հայաստանին պարտադրում են միակողմանի զիջումներ Ղարաբաղի հարցում, և Հայաստանի ղեկավարությունը համաձայնում է պարտադրանքին: Եթե համոզվածություն կա, որ հասարակության ճնշումները չեն ազդում իշխանության քաղաքականության վրա, ապա իշխանության փոփոխությունը պետք է փորձել կատարել ընտրությունների միջոցով: Այս պայմաններում կարող էր ձևավորվել հզոր ընդդիմադիր ուժ, որը գալիք ընտրութէյուններին գնար հաղթանակի՝ իր ձեռքը վերցնելով մեր պետության առջև կանգնած խնդիրների լուծման պատասխանատվությունը: Բայց շատերը նշում էին, որ այդ ճանապարհով, սկսած 1995 թ., ոչ մի արդյունքի հնարավոր չի եղել հասնել: Ընտրությունների արդյունքները կեղծվում են: Իշխանությունը միշտ ինքն իրեն վերարտադրում է: Բայց եթե ընտրությունների մեխանիզմը չաշխատի, ինչ-որ հեղափոխական ուժ իշխանությունը վերցնի, միևնույն է, պրոբլեմը նույնն է մնալու: Եթե չի գործելու ընտրությունների մեխանիզմը, մենք երբեք ոչ մի բանի չենք հասնի: Միացյալ Նահանգներում 30-ական թվականներին լրիվ կոռումպացված ընտրություններ էին: Դիքենսը XIX դարի Անգլիայի ընտրությունները նկարագրում է որպես կոռուպցիայի ու ստի վրա հիմնված ընտրություններ: Կարող եք կարդալ, թե Շոտլանդիայում ոնց են ընտրություններ եղել: Բայց բոլոր այդ պետությունները կարողացել են առանց մեծ ցնցումների այդ մեխանիզմն աշխատեցնել: Կարծում եմ, որ Հայաստանում էլ դա հնարավոր է, առջևում ընտրություններ են, բավականին մեծ աշխատանք ու գումարներ են պահանջվելու միասնական և ուժեղ ընդդիմություն ունենալու համար, որի ղեկավարները պետք է լինեն ազնիվ, նվիրված, բարձր մակարդակ ունեցող մարդիկ: Կազմակերպվելով, աշխատելով կարելի է այդ մեխանիզմն աշխատեցնել: Դրա հետ միասին պետք է լինի որոշակի գաղափարախոսություն, պատկերացում մեր պետության, հասարակության, կառուցվածքի և խնդիրների վերաբերյալ (Թուրքիայում այժմ տեղի ունեցող պայքարի մեջ, բացի ամեն ինչից, երկու գաղափարախոսթյան որոշակի պայքար կա): Ազնվությունը, արդարությունը, օրենքների պահպանումը, կոռուպցիայի վերացումը գաղափարախոսություն չեն, այդ դրույթները պետք է լինեն ցանկացած գաղափարախոսության մեջ: Այս հարցին կանդրադառնանք, երբ խոսենք Ղարաբաղի հարցի մասին: Փոփոխությունների միակ ճանապարհը ընտրություններն են: Մինչև այդ մեխանիզմը չսարքենք, քանի ջոկատ ուր էլ մտնի, ոչինչ չի փոխվի:
01.08.2016            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
510272
501414