ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը մեկուկեսմիլիոնանոց ծերանոց դարձնելու տեսլականը

Հայաստանում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակում 2014 թ. հունվարի 1-ից գործելու է պարտադիր կուտակային բաղադրիչը, որին պարտադիր մասնակցելու են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Պարտադիր կուտակային բաղադրիչը նախատեսում է, որ աշխատակիցների կողմից աշխատավարձային եկամուտների 5-10%-ը պետք է փոխանցվի անձնական կենսաթոշակային (կուտակային) հաշիվներին, իսկ պետությունն աջակցելու է 5%-ով, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: Հանրության մի զգալի հատված վրդովված է կատարվող բարեփոխումից և չի ցանկանում իր աշխատավարձից որևէ մաս հանձնել օտարերկրյա մասնավոր հիմնադրամների: Նախ դա իրենց սոցիալական վիճակի վրա բացասաբար կարող է ազդել, բացի այդ, վստահ չեն, որ 20-30 տարի հետո իրենց ներդրած գումարները անփորձանք կվերադառնան իրենց. ոչ վաղ անցյալի դառը փորձը դեռ չի մոռացվել: Արծվիկ Մինասյան. «Այս համակարգն ամրագրում է մեկուկեսմիլիոնանոց Հայաստան ունենալու մոտեցումը» մինասյան արծվիկՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը երեք հիմնական խնդիր պետք է լուծի: Առաջին խնդիրը Հայաստանում բեռնվածության գործակցի չափազանց անհամաչափությունն է՝ մեկ աշխատող մեկ թոշակառուի դիմաց, մինչդեռ կենսունակ է երեքը մեկի դիմաց տարբերակը: Այս խնդիրը, ըստ պատգամավորի, պարտադիր կուտակային նոր համակարգի ներդրմամբ չի լուծվում. «Ռեֆորմի մեջ թիրախ չկա նշված: Նպատակն աշխատատեղերի ստեղծումը չէ, վճարողների թիվը մեծացնելը չէ, ֆոնդը մեծացնելը չէ»,- թվարկում է նա: Երկրորդ խնդիրը փոխհատուցման գործակիցն է: Երբ մարդն անցնում է թոշակի, նրան իր աշխատածի առնվազն 40%-ով պետք է փոխհատուցեն: Դա նվազագույն շեմն է, որն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, սակայն Հայաստանում փոխհատուցման գործակիցը կազմում է 23%: «Առաջին արդյունքը պետք է քսաներեք տարի հետո լինի, սակայն քանի որ այդ ամենը ենթարկվում է ֆինանսական, տնտեսական ռիսկի, ապա որևէ մեկն այսօր վստահաբար չի կարող ասել, որ այդ 40%-ը կապահովվի»: Երրորդ խնդիրն արդարության սկզբունքն է. յուրաքանչյուրը պետք է ստանա այնքան թոշակ, որքան ժամանակին վճարել է կենսաթոշակային ֆոնդին: Սակայն մեզ մոտ բոլորի դեպքում գործում է հավասարության սկզբունքը` անկախ այն հանգամանքից` վճարել ես հազա՞ր դրամ, թե՞ հարյուր: Թոշակային վճարների վերադարձը որոշվում է հիմնական սոցիալական վճարով, աշխատանքային ստաժով և քաղաքական որոշմամբ հաստատված արժեքով: «Այս սկզբունքը պահպանվում է այնքանով, որ քո ակտիվների տերը դու ես, կարող են քո վճարածին համապատասխան աճել, կարող են նվազել, դու ես որոշում` ինչպես անել: Իսկ լավ կառավարելը կախված է նրանից, թե որ ֆոնդի որ պորտֆելում ես գումարը ներդնում: Երեք հիմնական պորտֆելներ կան` ռիսկային, ցածր և միջին: Մի խոսքով, գործում է խաղատան սկզբունքը»: Ըստ պատգամավորի` բոլոր վերլուծությունները հանգեցնում են նրան, որ մոդելը ճիշտ չի ընտրվել: Ասում է, որ ժամանակին այս մոդելով շատ երկրներ են ոգևորվել, նաև` եվրոպական երկրները, սակայն աստիճանաբար սկսել են հրաժարվել, որովհետև հասկացել են, որ սոցիալալան ոլորտի փոփոխությունները չպետք է ենթարկվեն ֆինանսական ոլորտի ռիսկերին: Մինասյանը բերում է Արգենտինայի օրինակը, որը մեծածավալ ֆոնդեր ուներ, սակայն 2009 թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, երբ հիմքում դրված ակտիվները թողարկող կազմակերպությունները սնանկացան, ֆոնդերը զրոյական արժեք ունեցան: Արգենտինան հետ կանչեց այդ համակարգը` անցնելով պայմանական կուտակայինի գաղափարին: Պայմանական կուտակային կենսաթոշակային համակարգը, ըստ պատգամավորի, այդ խնդիրները լուծելու այլընտրանքն է, որը գործում է շատ երկրներում, այդ թվում և եվրոպական, բայց, ցավոք, մեր իշխանությունների կողմից անտեսվում է: Ո՞րն է պայմանականի էությունը: Հավաքված գումարների պատասխանատուն պետությունն է, որը դրանք ներդնում է ազգային տնտեսության մեջ` ստեղծելով աշխատատեղեր, մեծացնելով հարկ վճարողների բազան և զարգացնելով իր սոցիալական պաշտպանության քաղաքականությունը: Այս մոդելով ապահովվում է նաև արդարության սկզբունքը: ԱՄՆ-ում, օրինակ, կա պարտադիր կուտակայինի գաղափարը, բայց կա նաև պետական ֆոնդեր ընտրելու հնարավորություն, որի դեպքում պետությունը երաշխավորում է 100%-ով վերադարձ` ցածր տոկոսադրույքով: Հարց է առաջանում` ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել ամենախոցելի տարբերակը: Մինասյանը հիշում է օրենքի ներդրման նախապատմությունը. բարեփոխումները տասը տարի առաջ սկսեցին քննարկվել: 2003 թ. պետական կենսաթոշակների մասին օրենքում ամրագրվեց մի դրույթ, ըստ որի` կուտակային պարտադիր բաղադրիչի մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ չորս պայման բավարարվի՝ աշխատավարձերի անընդհատ աճ, ՀՆԱ-ի աճ ոչ պակաս, քան 2%, պետական բյուջեի դեֆիցիտ ոչ ավելի, քան 1% և անձնավորված հաշվառման համակարգի լիարժեք գործադրում: 2010 թ., երբ խորհրդարան բերվեց օրենքների փաթեթը, այս պայմաններից որևէ մեկը բավարարված չէր: «Ի՞նչ արեց մեր հարգարժան կառավարությունն ու իշխող քաղաքական մեծամասնությունը,- հիշում է Արծվիկ Մինասյանը,- այդ պայմանները ուժը կորցրած համարեց, ասաց, որ մենք կարող ենք հենց հիմա էլ ներդնել այդ համակարգը»: Արծվիկ Մինասյանը ներկայացնում է համակարգի ներդրման իրական պատճառը. «Ընկերությունը ցանկություն է հայտնել գնել Հայաստանի ֆոնդային բորսան և դեպոզիտարիան: Բայց քանի որ էս երկրի կապիտալի շուկայի հերն անիծվել էր, չկար կորպորատիվ կառավարման համակարգ, կապիտալի շուկա, ապա ընկերությունն առաջարկել է իրեն շահագրգռելու համար իրականացնել կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ և հաշիվների ողջ համակարգը հանձնել իրեն: Փաստորեն, այս բարեփոխման արդյունքում մասնավորեցվում է Հայաստանի կենսաթոշակային ողջ համակարգը»: Բայց եթե անգամ այդ գումարները տնօրինի ոչ թե օտար մասնավոր ընկերությունը, այլ պետությունը, կա՞ արդյոք երաշխիք, որ այդ միջոցները չեն թալանվելու և ծառայելու են երկրի տնտեսության զարգացմանը: «Սա արդեն քաղաքական որոշման խնդիր է,- ասում է Մինասյանը` նշելով, որ այնուամենայնիվ ավելի լավ է այդ պատասխանատվությունը իշխանությունը կրի, քան մասնավոր օտար ընկերությունը:
28.11.2013            ավելին >>  
Վազգեն Մանուկյան. «ժողովրդի մեջ կա դժգոհություն իշխանություններից, բայց և չկա վստահություն ընդդիմության նկատմամբ»

Nyut.am-ի զրուցակիցն է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: 1980-ականներից քաղաքականության մեջ ակտիվ գործունեություն ծավալած մարդու հետ խոսեցինք արտաքին ու ներքին խնդիրներից, երկրում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտից: -Պարոն Մանուկյան, մոտենում է վիլնյուսյան գագաթնաժողովը, ի վերջո, մենք որևէ կարևոր փաստաթուղթ կունենա՞նք Վիլնյուսում: -Ճիշտն ասած, դժվարանում եմ ասել: Կարծում եմ, այն սկզբունքը, որ որդեգրեց Հայաստանը, այսինքն` կառուցվածքային բարեփոխումների տեսակետից գնում ենք նույն եվրոպական ճանապարհով, որով գնացել ենք մինչև այժմ, բայց դաշինք ենք կազմում Մաքսային միության հետ, իմաստալի մոտեցում է, բայց եվրոպացիները դա կընդունեն, թե չէ` դժվար է ասել: Այնուամենայնիվ, Հայաստանը կարևոր երկիր է, և ոչ մեկը չի ուզի մեզ կորցնել: Միգուցե, այս պահին ինչ-որ մի բան չստորագրվի, բայց խզում տեղի չի ունենա: Այս տարածաշրջանում Հայաստանն, իր փոքրության հետ միասին, կայունության երաշխավորն է: -Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցման հայտարարությունից հետո բոլորը խոսում են անվտանգության մասին: Ինչ է` Մաքսային միությունը տնտեսական առումով այդքան անհեռանկարայի՞ն է, որ շեշտն անընդհատ դրվում է անվտանգության վրա: - Ռուսաստանի հետ Հայաստանի անվտանգության խնդիրը կապելը նոր երևույթ չէ: Դեռ 90-ականներից Հայաստանն իր անվտանգության հարցերն այս կամ այն ձևով կապել է Ռուսաստանի հետ: Սա նորություն չէ, բայց ինչու՞ են այս հարցն այդքան ընդգծում: Ընդգծում են, որովհետև անբնական է, երբ դու ռազմական դաշինք ունես մի պետության հետ և տնտեսական դաշինք ես ուզում ստեղծել մեկ այլ բլոկի հետ, այն դեպքում, երբ այդ երկու բլոկերն իրար հանդեպ թշնամական են տրամադրած: Մենք բավականին երկար ժամանակ կարողանում էինք երկուսի հետ էլ հաշտ ապրել, որովհետև այս երկուսի հարաբերություններն այսքան սրված չէին: Այստեղ միայն Ռուսաստանի հարցը չէ . Եվրամիությունից, կարծեմ, Լեհաստանի նախագահն էր, որ ասաց` կամ Ռուսաստանի հետ եք, կամ` մեր: Ի սկզբանե, այս սպառնալիքը Եվրոպայից հնչեց, դե Ռուսաստան էլ շատ հեշտ է թասիբի ընկնում: Մյուս կողմից` այն ժամանակ Մաքսայինի հարցը Հայստանում լուրջ չէր քննարկվում, ոչ էլ Ռուսաստանում էր քննարկվում Հայաստանի Մաքսային միությունում լինելը, քանի որ ընդհանուր սահման էլ չունենք: Պարադոքսալ է, բայց ոչ ոք մինչև վերջ չի հաշվել տնտեսական օգուտներն ու վնասները: Եթե հաշվենք` ոչ առանձնապես մեծ օգուտ ու շահ ունենք Ասոցացման համաձայնագրից, որովհետև իրենց շուկա մտնելը մեզ համար բարդ է, ոչ էլ առանձնապես հաշված է, թե ինչ օգուտներ ու վնասներ ունենք Մաքսային միությունից: Որոշ տնտեսագետների կարծիքով, երբ ՄՄ-ն լրիվ կայացած լինի, և մաքսեր իրար մեջ չլինեն, Հայաստանի բյուջեն էապես կտուժի, որովհետև մենք ավելի շատ ստանում ենք, քան ուղարկում, և այդ ստացած ապրանքներից մաքս է գալիս մեր բյուջե: Տնտեսական հարցն, իսկապես, կարծես դարձել է երկրորդական` և՛ Եվրամիության համար, և՛ Ռուսաստանի: Ավելի շատ երկու ճակատում էլ քննարկվում են քաղաքական, ռազմական հարցեր` Ղարաբաղի հարցը ասենք, քան տնտեասկան հարցեր: -Իսկ Արցախի խնդրի կարգավորման հարցում ի՞նչ կտա մեզ Մաքսային միությունը` հաշվի առնելով ՄՄ անդամ երկրների ոչ հայանպաստ դիրքորոշումը: -Բավականին երկար ժամանակ Եվրամիությունում քննարկվում էր Արցախի հարցը, նրանք հստակ կողմնորոշում ունեն այս հարցում: Մի կողմից տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից էլ` ազգերի ինքնորոշումը` ուղղակի զգացվում է, որ արևմուտքը դժվար թե համաձայնի, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինի առանց Ադրբեջանի համաձայնության, բայց չգիտի`ոնց դա անի: Այդ տեսակետից Ռուսաստանը մի քիչ ավելի խոստումնալից հայտարարություններ է արել: Բայց այլ է Ղազախստանի դիրքորոշումը: Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի հետ բավականին խորը ապագա են կառուցում, ինչքանով ենթակա կլինի Ռուսաստանի քաղաքականությանը` դժվար է ասել: Բայց, այստեղ գոնե ինչ-որ շանսեր կան, այն մյուս կողմում այդ շանսերը չեն երևում: Հարցը այսպես է դրվում` ու՞մ հետ է քիչ վտանգավոր թշնամանալը: Եվրամիության հետ թշնամությունը դժվար թե բերի մեծ կոնֆլիկտների մեր տարածաշրջանում: Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում` կայունություն պահելու համար, այնքան մեծ է, որ նրա հետ հարաբերությունների լարումը մեծ վտանգներ է պարունակում: Կոպիտ ասած` ավելի լավ է մեզանից մի քիչ Եվրոպան խռոված լինի, քան Ռուսաստանը: -Ղարաբաղի հարցից խոսեցինք, ուզում եմ հարցնել` ի՞նչ եք կարծում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը որևէ ճեղք կմտցնի Արցախի հարցում: -Ես չեմ տեսնում նախադրյալներ այդ ճեղքի բացման համար, որովհետև հիմնական հարցը չի լուծվում` ոչ Հայաստանը, ոչ էլ Ղարաբաղը երբեք չեն ստորագրի մի փաստաթուղթ, որով Ղարաբաղը կմտնի Ադրբեջանի կազմի մեջ: Եթե ստորագրեն, շատ անբնական կլինի, առաջին դեպքը կլինի համաշխարհային պատմության մեջ, երբ փաստացի անկախություն ձեռք բերած պետությունը, ով հաղթել է պարտադրված պատերազմը, տասնամյակներ անց, իր կամքից դուրս ստորագրում է փաստաթուղթ ու մտնում մի ուրիշ պետության կազմի մեջ: Մյուս կողմից էլ, Ադրբեջանի ղեկավարությունը բացարձակապես պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի, Ղարաբաղն իր կազմի մեջ չպիտի լինի: Այս կետն անլուծելի է, մնացածը բանակցելու խնդիր է: Եվրոպան ու աշխարհն էլ են հասկանում, որ հաղթած երկրին չեն կարող պարտադրել ստորագրել այդպիսի փաստաթուղթ, դա միայն ռազմական ճանապարհով կարող են անել: Պատահական չէ, որ Ադրբեջանն անընդհատ ռազմատենչ հայտարարություններ է անում, որովհետև ինքը միայն այդ ճանապարհով է տեսնում լուծումը: -Նախագահի սեպտեմբերի 3-ի հայտարարությունը տարբեր քննարկումների, տարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դուք, որ տասնամյակներ շարունակ հայկական քաղաքական էլիտայի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք կարծում, ինչու՞ նախագահն այդպես շրջադարձային որոշում ընդունեց: Արդյոք ճի՞շտ են ճնշումների մասին խոսակցությունները: -Հարցը բավականին երկար ժամանակ զուգահեռ քննարկումների է ենթարկվել` մեկը Եվրամիության, մյուսը` Ռուսաստանի հետ, բայց մեկը եղել է բացահայտ, բոլորն իմացել են, մյուսը` ոչ: Ռուսաստանի հետ բանակցությունները գաղտնի չէին, բայց ինչ-որ չափով քողարկված էին: Դրա համար արդյունքը շատերի համար ապշեցուցիչ էր: Այնպես չեղավ, որ մի օր Ռուսաստանը ճնշեց ու Հայաստանը հանձնվեց, սա բանակցությունների արդյունք էր: Ուղղակի, ես կարծում եմ, որ հասարակությանը պետք էր մի քիչ տեղյակ պահել այս ամենի մասին: Ճիշտ է` նախագահի լիազորությունների մեջ է մտնում արտաքին քաղաքականությունը, բայց արտաքին քաղաքականությունը վերաբերում է մեր ամբողջ պետությանն ու ժողովրդին: Ես մտածում եմ, որ իշխանությունները մի քիչ ավելի բաց պետք է գործեին: Դիտողություների մի մասի հետ ես համաձայն եմ:
22.11.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդը դեմ է «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդմանը. որոշումը կուղարկվի կառավարություն

Հանրային խորհրդում այսօր հանգուցալուծվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ երկարատև քննարկումները: ՀԽ լիագումար նիստին ներկա խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնությունը կողմ արտահայտվեց ՀԽ որոշման նախագծին, երկուսը` դեմ: Որոշման նախագծում նշված է, որ Հանրային խորհուրդը դիմելու է կառավարություն` չհամաձայնելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, ինչպես նաև զարգացման այլընտրանքային ծրագրերի տարբերակներ համեմատության և վերջնական որոշում կայացնելու համար, Կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքով` Հանրային խորհուրդը չի ստացել «Զվարթնոց»-ի կլոր շենքի քանդման խիստ անհրաժեշտությունը հիմնավորող հաշվարկներ պարունակող փաստաթուղթ, չեն ներկայացվել նաև այլընտրանքային ծրագրեր` համեմատելու այդ հաշվարկները: Մինչդեռ կառույցը հանդիսանում է ԽՍՀՄ մոդեռնիստական ճարտարապետության նմուշներից մեկը, և այլ երկրներում նման շենքերն առնված են պաշտպանության տակ: Նշվեց, որ ՀԽ չորս ենթահանձնաժողովներում և հանձնաժողովներից մեկի կոլեգիալ նիստում դեմ են արտահայտվել կառույցի քանդմանը, ներկայացվել են շենքի հետագա օգտագործման բազմաթիվ առաջարկներ: Հանրային խորհուրդը նաև գտնում է, որ պետք է անցկացվի անկախ փորձաքննություն հին ուղևորային համալիրի տեխնիկական վիճակը պարզելու համար:
14.11.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդը ոչ միայն Էդիկ Գրիգորյանի հոր դիմումին է ընթացք տվել, այլև ուրիշ դատապարտյալների

Երեկ 168.am կայքը տեղեկություն էր տարածել, որ Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում ավարտվել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված Էդիկ Գրիգորյանի սրտի վիրահատությունը: Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ո՛չ առողջապահության և ո՛չ էլ արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում կալանավորի դիմումներին՝ նրա բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում: Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է, և այդ որոշման կայացման գործին, ըստ թերթի, նպաստել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հանրային խորհրդի գրասենյակի պատասխանատու Հակոբ Բարխուդարյանն «Անկախ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ս.թ. հոկտեմբերի 24-ին Հանրային խորհուրդը դիմում է ստացել ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի հոր՝ Գարեգին Գրիգորյանից կողմից, որով վերջինս հայտնել է, որ որդին ունի առողջական խնդիրներ և պետք է շտապ վիրահատվի՝ խնդրելով Հանրային խորհրդին աջակցել խնդրի լուծմանը: Գրիգորյանը դիմումին կցել է նաև Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի տեղեկանքը, ըստ որի հիվանդն ունի անհապաղ վիրահատության կարիք: Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին օրենքով սահմանված կարգով ապահովելու բուժօգնության տրամադրումը ցմահ դատապարտյալին: ՀԽ գրասենյակի պատասխանատուն հավելեց, որ Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից ՀՀ քաղաքացիներից առողջական խնդիրների լուծմանն առնչվող բազմաթիվ դիմումներ է ստացել, որոնց մի մասը եղել են դատապարտյալների կողմից: «ՀԽ լիազորությունների սահմաններում բոլոր դիմումներն ուսումնասիրվել են, տրվել համապատասխան ընթացք և որոշ դեպքերում՝ դրական լուծումներ: Օրինակ, Հանրային խորհրդի միջնորդությամբ 2010 թվականին պատիժը կրելու ժամանակ կուրացած դատապարտյալ Հայկ Վարդանյանն օրենքով սահմանված կարգով ազատ է արձակվել»,-ասաց նա:
01.11.2013            ավելին >>  
Արտյոմ Մովսեսյանը հորդորել է զերծ մնալ կարծրատիպային մտածողությունից, Վազգեն Մանուկյանը հակադարձել է

Հոկտեմբերի 31-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ, որի օրակարգային գլխավոր հարցը հերթական անգամ եղել է «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի (կլոր շենք) հետագա ճակատագիրը: Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, նիստը վարել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հարցի քննարկմանը մասնակցել են ոչ միայն խորհրդի անդամներն ու այն ենթահանձնաժողովների նախագահները, որտեղ հարցը դրվել է քննարկման, այլև ՀԽ հրավերով` նաև «Զվարթնոց» օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն, օդանավակայանի ենթակառուցվածքների տնօրեն Լուկաս Մոնսալոն, ՀՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը, օդանավակայանի այլ ներկայացուցիչներ: Վազգեն Մանուկյանը նախ հիշեցրել է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը օգոստոս ամսին դիմել էր Հանրային խորհուրդ` առաջարկելով հարցը քննարկել, որպեսզի մինչ վերջնական որոշում կայացնելը առավել հասկանալի լինեն հանրության և ոլորտի այլ մասնագետների տեսակետները: Հարցը քննարկման էր դրվել ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովներում (քաղաքաշինության և ճարտարապետության, օդային տրանսպորտի քաղաքականության, մշակույթի, ազգային արժեքների), տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում, և կառույցը քանդելու վերաբերյալ բացասական որոշումներ էին կայացվել, միաժամանակ ներկայացվել էին առաջարկներ դրա պահպանման, հետագա օգտագործման և այլ հարցերի վերաբերյալ: Հետագա առավել խորքային ու համակողմանի քննարկումների համար անհրաժեշտություն էր առաջացել օդանավակայանի ղեկավարության կողմից ստանալ և ուսումնասիրել որոշակի փաստաթղթեր` մասնավորապես ընկերության մաստեր-պլանը, որից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել լսել քաղավիացիայի գլխավոր վարչության և օդանավակայանի ղեկավարության տեսակետը, որի նպատակով էլ գումարվել էր ՀԽ փոքր խորհրդի նիստ:
01.11.2013            ավելին >>  
«Շարժում 1988/25». իրականության բազմադեմ արտացոլանքը

«Շարժում 1988/25». «Մեդիամաքս» ընկերության այս նախագիծը նվիրված է Ղարաբաղյան շարժման 25-ամյակին և ներկայացնում է շարժումը հայտնի մասնակիցների աչքերով: «Այն, ինչ ունենք Հայաստանում այսօր, սկիզբ է առել 1988 թվականին՝ և՛ լավը, և՛ վատը: Բոլոր նրանք, ովքեր երբևէ ուզում են այս երկրում իշխանության գալ, լավ կանեն ուսումնասիրեն նորագույն պատմությունը»,- գրքի առաջաբանում գրել է գրքի նախաձեռնող, «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադևոսյանը, որ նման գիրք ստեղծելու անհրաժեշտությունը զգացել է հատկապես այն ժամանակ, երբ հասկացել է, որ իր երիտասարդ գործընկերներից շատերն անտեղյակ են պատմությանը: «Իմ ընտրած ուղին իդեալիզմի գերագույն աստիճանն էր»,- ասում է «Ղարաբաղ» շարժման գլխավոր դերակատարներից մեկը՝ Վազգեն Մանուկյանը: Նա խոստովանում է, որ կյանքի ամենամեծ հոգեկան վերելքն ապրել է, երբ հանրահավաքում իր առաջին ելույթի ժամանակ հարյուրհազարավոր աչքեր է տեսել. «Չնայած ասում էի բաներ, որոնք իրենց համար այնքան էլ ընդունելի չէին: Բոլորը համոզված էին, որ մենք ունենք մշտական թշնամի` ի դեմս Թուրքիայի, և մշտական բարեկամ` ի դեմս Ռուսաստանի: Իսկ ես ասացի, որ մենք ո՛չ մշտական բարեկամ ունենք, ո՛չ էլ մշտական թշնամի»: Միաժամանակ որքան էլ ժողովրդի ընդվզումը ոգևորիչ էր, նույնքան էլ անհանգստացնող էր, քանի որ առաջնորդներից պահանջում էր մտածված քայլեր. «Պետք էր կառավարել մարդկային էմոցիաները, դրանք տանել անհրաժեշտ ուղղությամբ, իսկ դա երբեմն դժվար է»,- ասում է նա: Մանուկյանի խոսքով՝ շարժմանը պետք էին մարդիկ, ովքեր կկարողանային «մաթեմատիկական հաշվարկներ» կատարել և գիտակցել, թե ինչ է կատարվում աշխարհում: «Երբ հուզական շարժման մեջ ներգրավվում են ռոմանտիկները, ապա ծայրահեղ հայրենասիրությունը կարող է նաև կործանարար լինել: Միաժամանակ, եթե չկա իդեալիզմ, պրագմատիզմը քաղաքականության մեջ շատ արագ վերածվում է ցինիզմի»: Հետ նայելով` նա նաև իր անձնական սխալներն է տեսնում, որոնք ինչ-որ կերպ ազդել են այս կամ այն դեպքերի վրա: Բայց չի կարծում, որ ազգային-պետական տեսանկյունից սխալ որոշումներ են կայացրել: «Իհարկե, սա չի վերաբերում տնտեսական քաղաքականությանը, քանի որ հանցագործության հասնող սխալ որոշումներ են կայացվել այս ոլորտում: Այս հարցում ինձ քիչ եմ մեղադրում, քանի որ կարճ ժամանակ եմ եղել կառավարության ղեկավար: Իմ օրոք իրականացվել է միայն հողի սեփականաշնորհում, որը պետք է շարունակություն ունենար: Շատ սխալ է ընթացել արդյունաբերության սեփականաշնորհումը. ի սկզբանե դեմ էի վաուչերներին: Կարծում եմ, եթե չլինեին այդ սխալները, երկիրն այսօր ավելի լավ վիճակում կլիներ»:
14.10.2013            ավելին >>  
«Եթե շարժման դրական էներգիան ճիշտ օգտագործվեր, մենք հիմա ավելի մեծ արդյունքների հասած կլինեինք». Վազգեն Մանուկյան

Այսօր տեղի ունեցավ «Շարժում 1988/25» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև գրքի հերոսներից մեկը` «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ Վազգեն Մանուկյանը: Գրքում զետեղված է 20-ից ավելի հարցազրույց այն մարդկանց հետ, որոնք կանգնած են շարժման ակունքներում և կարևոր դերակատարում են ունեցել դրանում: «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը նկատեց, որ ներկայումս Հայաստանում մեծանում է մի սերունդ, որը շատ քիչ բան գիտի 1988թ.-ի շարժման մասին, իսկ գքում ի մի են բերված այն փաստերը, որոնք ներկայացվել են շարժման մասնակիցների կողմից` նրանց խոսքերով: Վազգեն Մանուկյանը, խոսելով ոչ հեռու անցյալի մասին, նույնպես նշեց, որ ժամանակը շատ բան մոռացության է տվել, իսկ որ ամենացավալին է` 25 տարվա պատմությունը ոչ միշտ է ներկայացվում ճիշտ: Խոսելով շարժման մասին` Վազգեն Մանուկյանը նշեց, թե որոնք էին այն ազդակները, որոնք հանգեցրին զանգվածային ցույցերի: Նրա խոսքով` ղարաբաղյան շարժումը օրինակ ծառայեց մյուս ժողովուրդների համար: Մանուկյանն ընդգծեց, որ նման միասնություն ու համախմբվածություն երբևէ չէր եղել, և եթե այն դրական էներգիան, որն այդ ժամանակ կար, ճիշտ օգտագործվեր, ապա Հայաստանը հիմա շատ ավելի մեծ արդյունքների հասած կլիներ.
04.10.2013            ավելին >>  
«Եվրաինտեգրման գործընթացը կարող է մի քիչ դանդաղել, բայց անշեղորեն առաջ կգնա». Վազգեն Մանուկյան

Մոսկվա կատարած այցից հետո մամուլում և սոցիալական ցանցերում քննարկվող թիվ մեկ հարցի` Մաքսային միությանը միանալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետը հայտնեց ԱԺՄ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից, փոխելով 3 նախագահ, 5-6 խորհրդարան ու 6-7 վարչապետ, տարվել է միևնույն արտաքին քաղաքականությունն իր հիմնական գծերով` ստրատեգիական գործընկերությունը և կապվածությունը Ռուսաստանի հետ, որտեղ հիմնականում դրված են եղել ոչ միայն տնտեսական, այլև պաշտպանության և անվտանգության հարցեր»,-ասաց նա: Սակայն, Մանուկյանի դիտարկմամբ, դրա հետ միասին քայլ առ քայլ Հայաստանը գնացել է դեպի Եվրամիություն` վերցնելով եվրոպական արժեքները, եվրոպական ռեֆորմները տեղափոխելով մեր հողի վրա և մեծ արդյունքներ է գրանցել (ինչը նաև Եվրոպայի գնահատականն է)` ի տարբերություն հետխորհրդային շատ այլ հանրապետությունների: Մանուկյանը նաև հիշեցնում է, որ Հայաստանը կապված է ՆԱՏՕ-ին, մասնակցել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, և դա որևէ հակասություն չի առաջացրել:
07.09.2013            ավելին >>  
«Երբեք չմտածեք, որ եթե բանակցում եք որևէ մեկի հետ, ուրեմն կեղտոտվում եք» Վազգեն Մանուկյանը` երիտասարդ ակտիվիստներին

Ավարտվեց Հանրային խորհդի նախագահ Վազգեն Մանուկյանի և տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարող երիտասարդների հանդիպումը: Հիշեցնենք, որ ՀԽ նախագահը քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներին առաջարկել էր այսօր Հանրային խորհրդում հանդիպել` ներկայացնելու ոլորտի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները: Ակտիվիստներն իրենց հերթին առաջարկել էին քննարկումը տեղափոխել Մաշտոցի պուրակ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա մասնակցել: Երիտասարդների հրավերն ընդունվել էր, որի վերաբերյալ Մանուկյանը հայտարարություն էր տարածել: Բարձր գնահատելով ուղեվարձի թանկացման դեմ պայքարում երիտասարդների դերակատարումը՝ հանրության տարբեր շերտերի աջակցությամբ, նա նշել էր, որ այդ պայքարն արդարացված էր և հաղթանակը` ողջունելի: «Այժմ ժամանակն է մտածելու, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի տրանսպորտը, որպեսզի հասանելի լինի և բավարարի մեր քաղաքացիների պահանջներին: Հանրային խորհուրդն այդ ուղղությամբ շարունակելու է աշխատանքներ իրականացնել՝ հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա: Այդ նպատակով մենք դիմեցինք նաև ձեզ՝ մասնակցելու մեր աշխատանքներին, ինչ համար այսօր հրավիրեցինք Հանրային խորհուրդ»: Ընդգծելով, որ ինչ որ բանի դեմ լինելով` քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել, նա բնական էր համարել, որ խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին. «Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում կմշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»: Այնուհանդերձ, Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունել էր հանդիպումը Մաշտոցի պուրակում անցկացնելու երիտասարդների հրավերը, որի ընթացքում առաջարկել էր քննարկել նաև նրանց կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և Հանրային խորհրդի հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները: Նախաձեռնության անդամների հետ հանդիպելու էր գնացել ոչ միայն Վազգեն Մանուկյանը, այլև Հանրային խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանն ու Վազգեն Սաֆարյանը:
31.07.2013            ավելին >>  
«Արտագաղթի պատճառ է նաև բարոյահոգեբանական մթնոլորտը». Վազգեն Մանուկյանը` ՀՀ նախագահի հետ հանդիպմանը բարձրացված հարցերի մասին

Ինչպես գիտենք, հուլիսի 6-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի հերթական հանդիպումը Հանրապետության ղեկավարի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ քննարկման է ներկայացվել ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչև Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրները և հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկությունները: Հանրային խորհրդի կայքէջում տեղադրված օրակարգից, սակայն, տեղեկանում ենք, որ քննարկվել են նաև արտագաղթի, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Եվրոպական գրասենյակի և այլ տարածաշրջանային գրասենյակների Ստամբուլ տեղափոխման, Ծածկած շուկայի, Հանրապետության հրապարակի վերակառուցման, ՀՀ Սահմանադրության մեջ և ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նպատակահարմարության վերաբերյալ հարցեր: «Անկախը» Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ զրույցում որոշ մանրամասներ պարզեց այդ հարցերի վերաբերյալ: ՀՀ նախագահի հետ հանդիպման ընթացքում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արտագաղթի խնդրին` նշելով, որ այն բազմաթիվ գործոնների հանրագումարի հետևանք է: «Ընդ որում, այդ գործոններից պետք է անջատել բնական գործոնը, որը բնորոշ է բոլոր երկրներին,- ասաց Մանուկյանը,- ես օրինակ բերեցի, որ Ֆրանսիայից վերջին 5 տարվա ընթացքում տասնյակհազարավոր բարձր որակի մասնագետներ են գնացել ԱՄՆ: Այսինքն` գլոբալացման պայմաններում ողջ աշխարհում արտագաղթի մի ընդհանուր ֆոն կա, բայց եթե մի երկրում արտագաղթն այդ ֆոնից ավելին է, նշանակում է` այդ երկրի ներսում կան խնդիրներ, որոնց մասին պետք է խոսել»: Մանուկյանը որպես արտագաղթը խթանող ներքին խնդիր նշել է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրավիճակը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտը` վաղվա օրվա անորոշությունը, թվացյալ կամ իրական հեռանկարի բացակայությունը, այն, որ չեն ներկայացվում հստակ տեսլականներ և չի ապացուցվում դրանց կենսունակությունը: Արտագաղթը կանխելու գործում նա կարևորում է նաև հայրենասիրությունը` նշելով, որ այն չի քարոզվում, ավելին` հակաքարոզչության դեմ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում: Իսկ հայրենասիրություն սերմանելու գործը նախ և առաջ դպրոցինն է, ապա հեռուստատեսությանն ու մամուլինը: «Օրինակ` հեռուստատեսությամբ շատ եմ նկատել, որ ցուցադրում ենք, ասենք, հայ արվեստագետներին, որոնք Հայաստանից ԱՄՆ են տեղափոխվել և մեծ հաջողությունների են հասել: Բայց չենք ցուցադրում այն հարյուրհազարավոր մարդկանց, որոնք գնացել են նույն Միացյալ Նահանգներ և ճիշտ է` սննդի հարցը լուծել են, բայց նրանց կյանքի որակը հավասարվել է զրոյի: Ամբողջ օրը անգործ նստած` նարդի են խաղում, բամբասում են և Հայաստանից, և Ամերիկայից: Ես խիստ կասկածում եմ, որ նրանք երջանկություն են գտել»: Ինչ վերաբերում է հեռուստաեթերի խնդրին, որը բազմիցս քննարկվել է Հանրային խորհրդում և բարձրացվել նաև նախագահի մոտ, այդ հարցի քննարկումները շարունակվելու են Հանրային խորհրդում: «Հ1-ի ղեկավարությունը փոխվել է, և դա ենթադրել է տալիս, որ քաղաքականությունը նույնպես պետք է փոխվի: Տեսնենք, որոշ ժամանակ կսպասենք»,- ասաց նա: Հանրային խորհուրդն առաջարկել է, որ կառավարությունն իր գործունեության տարեկան հաշվետվության մեջ, որը ներկայացնում է Ազգային ժողով, հատուկ անդրադառնա այն հարցին, թե տարվա ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել արտագաղթը կանխելու ուղղությամբ և ինչ արդյունքներ են գրանցել: Երկրի ղեկավարը կիսել է արտագաղթի վերաբերյալ մտահոգությունները` ընդունելով, որ այն միայն սոցիալական խնդիրների հետևանք չէ, և արտագաղթի պատճառները հատուկ ուսումնասիրության կարիք ունեն:
11.07.2013            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
481216
477549