ՄԵՐ ՄԱՍԻՆ
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՆՑԱԾ ՃԱՆԱՊԱՐՀ
ԳՐԱԴԱՐԱՆ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԳՐԱՆՑՎԵԼ ԿԱՅՔԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԿԱՊԸ ՄԵԶ ՀԵՏ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2008
   ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են». Վազգեն Մանուկյանը` ԲՈՀ-ի նախագահին հայտարարաված խիստ նկատողության մասին

Հունիսի 20-ին Հանրային խորհրդում տեղի էր ունեցել փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվել էր նաև ԲՈՀ-ի նախագահ Արտուշ Ղուկասյանին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից խիստ նկատողություն հայտնելու հարցը: ՀԽ անդամները համարել էին, որ նախարարի խիստ նկատողությունը հիմնավորված չէ: Մեզ հայտնի դարձավ, որ Հանրային խորհուրդը պատրաստվում է այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն ու տեսակետները նամակով հայտնել հանրապետության նախագահին և առաջարկել քննարկման դնել հարցը՝ ներգրավելով նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ նախարար Արմեն Աշոտյանը, արձագանքելով ՀԽ դիրքորոշմանը, “Առավոտ”-ին հայտնել էր, թե որքանո՞վ է այս խնդիրը Հանրային խորհրդի քննարկման առարկա: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հարցերը Հանրային խորհրդի քննարկման առարկա են, մանավանդ որ խորհրդում ներգրավված են բարձր որակավորում ունեցող գիտնականներ, և հարցը հանրային հնչեղություն ունի: Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև այն տարածված տեսակետին, թե ԲՈՀ-ն արհեստածին մարմին է, որն ավելորդ խոչընդոտներ է ստեղծում հայցորդների համար և առավել նպատակահարմար կլինի այն լուծարել: «Խորհրդային տարիներին այդ կառույցն ի վերջո իրեն արդարացրել է: Խորհրդային Միության դոկտորները` հատկապես բնական գիտությունների ոլորտում, շատ բարձր մակարդակի գիտնականներ էին և բարձր էին գնահատվում ողջ աշխարհում:
05.07.2013            ավելին >>  
Հանրային խորհրդի նախագահը «Խտրականության դեմ» օրենքի, միասեռականության և կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հանրության շրջանում տարակարծությունների և մտահոգության տեղիք է տվել: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախագծի հեղինակների, կապված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման, ինչպես նաև խտրականության դեմ առավել արդյունավետ պայքարի, հակազդման և կանխարգելման հստակ միջոցների սահմանման հետ: «Այս օրենքով լայն հնարավորություն է ստեղծվում բոլոր մարդկանց օրենքի առջև հավասարության սահմանադրական սկզբունքը կյանքի կոչելու համար՝ անկախ անձի սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից և կամ անձնական կամ սոցիալական բնույթից և այլ հանգամանքներից»,- ասվում է նախագծի նկարագրության մեջ: Նշենք, որ նախագծի վերաբերյալ հայտարարության տեսքով իր մտահոգությունն է հայտնել նաև Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովը, որում մասնավորապես նշված է. «Օրինագծով հիմք է դրվում Հայաստանի Հանրապետությունում անբարոյության և այլասերվածության օրինականացմանը: Օրենքի ուժ ստանալու դեպքում հիշյալ օրինագիծն անթաքույց կերպով օրինականացնելու է մեր հայրենիքում սեռական փոքրամասնությունների արմատացումն ու նրանց կենսակերպի քարոզչության տարածումը: Փաստում ենք և ահազանգում, որ վտանգված են ոչ միայն ընտանիքի ինստիտուտը և քրիստոնեական արժեհամակարգի մյուս բաղկացուցիչները, այլ հենց յուրաքանչյուրիս ընտանիքում մեծացող երեխաների ու մեր հայրենիքի ապագան»: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն«Անկախի» հետ զրույցում նախ անդրադարձավ նախագծի վերաբերյալ իր դիրքորոշմանը, ապա ՀԽ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը: Նա ասաց, որ պաշտպանի աշխատակազմի նախագծին ամբողջությամբ ծանոթ չէ, ընդհանուր է թերթել, բայց կարծում է, որ նման անվանումով օրենքի անհրաժեշտություն այս պահին Հայաստանում գոյություն չունի: «Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որտեղ շատ հստակ են գրված նաև փոքր խմբերի շահերը, ավելին՝ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը հստակ ներկայացնում է, որ որևիցե խտրականություն պետք է բացառվի, իսկ դա նշանակում է, որ ցանկացած օրենք մինչև ընդունվելը պետք է անցնի Մարդու իրավունքների հռչակագրի և Սահմանադրության պրիզմայով: Այնպես որ հատուկ օրենք հնարելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- ասաց նա: Մանուկյանը չի տեսնում նաև, որ հասարակության կողմից նման խնդիրների վերաբերյալ ահազանգ կա: Նա կարծում է, որ գոնե վերջին 20 տարիների ընթացքում մարդկանց հանդուրժողականությունը տարբեր փոքրամասնությունների, խմբերի նկատմամբ ավելացել է, և արհեստական օրենքներ հնարելը որևէ կերպ գործին չի նպաստի: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի կրոնի ենթահանձնաժողովի հայտարարությանը, ապա Հանրային խորհրդի նախագահը նախ հիշեցնում է, որ խորհրդում կա 70 ենթահանձնաժողով, որտեղ էլ՝ հազարավոր մարդիկ, և ցանկացած մարդ կամ խումբ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը. «Այդ առումով Հանրային խորհրդում լիակատար ազատություն է,- ասաց նա,- ճիշտ է, անձամբ ես կարծում եմ, որ կրոնի ենթահանձնաժողովի հայտարարության մեջ եղած ձևակերպումներն ու մտքերը չեն համապատասխանում XXI դարին, բայց ես լրիվ հասկանում եմ նրանց մտահոգությունը: Եթե մենք խոսենք ոչ թե հայտարարության տեքստի մասին, այլ մտահոգության, ապա իրոք իրականություն կա»: Մանուկյանը, անդրադառնալով միասեռականության խնդրին, որի վերաբերյալ էր ենթահանձնաժողովն իր մտահոգությունը հայտնել, հիշեցնում է, որ ի տարբերություն Եվրոպայի, մենք այդ փորձն ունենք: 1920-ական թվականներին Խորհրդային Միությունը որդեգրել էր սեռական լիակատար ազատության սկզբունքը՝ անգամ հայտարարելով, որ ընտանիքը բուրժուական գաղափար է. «20-30-ականների այդ ազատությունը աշխարհը դեռ չի տեսել,- ասում է Մանուկյանը,- ազատություն տրվեց ազատ սեռական հարաբերություններին, միասեռականությանը, ինչն առաջ բերեց մի շարք խնդիրներ, նոր հիվանդություններ: Դրան հետևեց մյուս ծայրահեղությունը. բոլշևիկները միասեռականությունը համարեցին քրեական հանցագործություն»: Խորհրդային Միության փլուզման հետ միասին քրեական հետապնդումը միասեռականների նկատմամբ վերացավ, ինչը նա ճիշտ քայլ է համարում, բայց միաժամանակ նկատում է, որ հիմա կարծես թե հակառակն է տեղի ունենում. միասեռականությունը քարոզվում է. «Նորից մի ծայրահեղությունից մյուսն ենք ընկնում: Եթե կոպիտ ասենք՝ խտրականություն է առաջանում մեծամասնության նկատմամբ,- ասում է նա:- Ընդհանրապես այն, որ եվրոպական մի շարք երկրներում օրինականացնում են միասեռ ամուսնությունները, ինձ համար անհասկանալի է, այն, որ օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել, ինձ համար անընդունելի է, իսկ որ հայր ու մայր հասկացությունները փոխարինվում ծնող մեկ, ծնող երկուսով, իմ կարծիքով՝ դա արդեն խտրականություն է մեծամասնություն կազմող ավանդական ընտանիքների նկատմամբ»: Ինչ վերաբերում է «Խտրականության դեմ» օրինագծին, ապա Հանրային խորհրդի նախագահը հայտնեց, որ այն առաջիկայում քննարկվելու է Հանրային խորհրդի մի քանի հանձնաժողովներում, որից հետո միայն Հանրային խորհուրդն իր կարծիքը կհայտնի:
15.06.2013            ավելին >>  
Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը

Մայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է "Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում" համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները:Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վազգեն Սաֆարյանը և Կորյուն Առաքելյանը:Նշենք, որ Հայաստանը 2010-ից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր:Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ասոցիացիայի նախագահող երկիր: Ընտրությունը կատարվում է ոչ թե անդամ երկրների, այլ մայրցամաքների քվեարկության արդյունքներով: Երկու տարի առաջ ընտրության իրավունքը տրվել է աֆրիկյան երկրներին, որոնք որպես նախագահող երկիր ընտրել են Ալժիրը: Այս անգամ սեպտեմբեր ամսին Ալժիրում կանցկացվի հերթական ընտրությունը, որին կմասնակցեն միայն ասիական երկրները, այդ թվում` Հայաստանը:Այս համաժողովում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև նախագահող երկրի ընտրության հարցը:Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նախագահող երկրի հիմնական հավակնորդներն են եղել Ռուսաստանն ու Հարավային Կորեան: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի թեկնածությունն առաջարկելու հարցի շուրջ:
29.05.2013            ավելին >>  
Ինչ հարցեր է բարձրացնելու Հանրային խորհուրդը ՀՀ Նախագահի հետ հանդիպմանը

Մայիսի 16-ին տեղի ունեցավ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ, որի ժամանակ հստակեցվեց հունիս ամսին ՀՀ Նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որոնք վերաբերում են`գազի սակագնի բարձրացմանը,Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հեռանկարներին,Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում ընթացող անօրինական շինարարությանը,արտագաղթի իրական պատճառներին ու քարոզչությանը,կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելուն և հակակարկտային ծառայության կազմակերպմանը,ՄԱԿ-ի գրասենյակները մի մասը Ստամբուլ տեղափոխմանը,Հայաստանի արոտավայրերի արդյունավետ օգտագործմանը,զինանշանագիտության հարցերով հասարակական խորհրդի ստեղծմանը,հեռահաղորդակցման ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններին,սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև ընտրական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը,Հայաստանում դեղագիտության խնդիրներին,Հայաստանում խոշոր և մանր եղջերավոր անասունների մորթի կազմակերպմանը, առաջացած կաշվի վերամշակման, արտահանման և կաշվե իրերի արտադրության զարգացմանը,Վանաձոր-Ֆիոլետովո երկաթգծի կառուցմանը:Առաջին հարցի քննարկման ժամանակ Հանրային խորհրդի անդամները խիստ մտահոգություն հայտնեցին գազի սակագնի բարձրացման վերաբերյալ՝ նշելով, որ դա իր հետ կբերի նաև այլ թանկացումներ՝ բացասաբար անդրադառնալով Հայաստանի տնտեսության և բնակչության կենսամակարդակի վրա, դառնալով արտագաղթի խթանման նոր պատճառ: ՀԽ անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնեց, որ հանձնաժողովում հարցն առաջիկայում դրվելու է քննարկման: Նա նաև տեղեկացրեց, որ իրենք դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` պարզաբանումներ ստանալու առաջարկվող սակագանի վերաբերյալ:Հաջորդ հարցը` Հայաստանի քաղավիացիայի խնդիրների վերաբերյալ, նույնպես կներկայացվի հանրապետության ղեկավարին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը ևս մեկ անգամ կարևորեց խնդիրը փուլային տարբերակով լուծելու անհրաժեշտությունը և ընդգծեց, որ Հայաստանն առայժմ պետք է զերծ մնա բաց երկնքի քաղաքականությունից՝ ազգային անվտանգության խնդիրներից ելնելով:Հիշեցնենք, որ Հանրային խորհրդում քաղավիացիայի հեռանկարների վերաբերյալ տեղի են ունեցել համակողմանի քննարկումներ, որոնց հիման վրա Հանրային խորհուրդը հանդես է եկել հստակ առաջարկներով: Որոշման նախագիծն` այստեղ:Երևանի Կենտրոնական ծածկած շուկայում նախորդ տարվա հունվար ամսին սկսված և մինչ այժմ ընթացող շինարարությունը, որն ուղեկցվում է անօրինական գործողություններով, ևս կներկայացվի ՀՀ Նախագահին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ: ՀԽ անդամ, մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը Վազգեն Մանուկյանի հանձնարարությամբ նամակներ է հղել Երևանի քաղաքապետարան և Մշակույթի նախարարություն` պարզաբանումներ ստանալու վերջին օրերին ծավալված անօրինական շինարարության վերաբերյալ այդ կառույցերի կողմից իրականացվող քայլերի մասին:: Առաջիկայում հարցը ևս մեկ անգամ կդրվի քննարկման Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում:Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդն անցյալ տարվա հունիսին նույն խնդրի վերաբերյալ կազմակերպել էր հանրային լայն քննարկում, որի ընթացքում բարձրացվել էր ոչ միայն Ծածկած շուկայի հարցը, այլև պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված մյուս հուշարձաններին առնչվող բազմաթիվ խնդիրներ: Հանրային խորհուրդը որոշում էր կայացրել և ներկայացրել ՀՀ կառավարություն և ՀՀ Նախագահին: Որոշման նախագիծն` այստեղ:ՀԽ անդամները միակարծիք եղան ՀՀ Նախագահին ներկայացվող հարցերի մեջ արտագաղթի հիմնախնդիրը ընդգրկելու հարցում: Որպես արտագաղթի խթանման հիմնական պատճառներ` նշվեցին սոցիալական ծանր վիճակը, արդարության նկատմամբ հավատի բացակայությունը, ապագայի նկատմամբ անորոշությունը և այլն: Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ իրական պատճառների կողքին կա նաև այլ` հոգեբանական գործոն. նրա համոզմամբ այսօր Հայաստանից հեռանալու քարոզչություն է տարվում, որին զուգահեռ հակաքարոզչություն գոյություն չունի: ՀԽ նախագահը կարևորեց նաև այդ քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:Քննարկվեց նաև կարկուտից տուժած գյուղացիական տնտեսություններին փոխհատուցում տրամադրելու և հակակարկտային ծառայության կազմակերպման խնդիրները ՀՀ Նախագահին ներկայացնելու հարցը: ՀԽ անդամ, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը ներկայացրեց հակակարկտային ծառայության ոլորտում առկա խնդիրները: Որոշվեց Հանրային խորհրդում այդ խնդիրների վերաբերյալ կազմակերպել քննարկում՝ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:ՄԱԿ-ի գրասենյակները մի մասը Ստամբուլ տեղափոխման հարցը նույնպես կներկայացվի Հանրապետության ղեկավարին: Նշենք, որ Թուրքիան հետևողական գործընթաց է իրականացնում ՄԱԿ-ի գրասենյակները Թուրքիա տեղափոխելու և Ստամբուլը միջազգային կառույցների կենտրոն դարձնելու ուղղությամբ, ինչը հակասում է ոչ միայն Հայաստանի շահերին, այլև ՄԱԿ-ի սկզբունքներին: Հիշեցնենք, որ այս հարցի վերաբերյալ նույնպես Հանրային խորհրդում մի շարք քննարկումներ են իրականացել, որի ընթացքում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովի, ՄԱԿ-ի հետ աշխատող ՀԿ-ների, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ` քայլեր իրականացնելու այդ գործընթացի դեմ:
17.05.2013            ավելին >>  
«Առանց երազանքի ժողովուրդը մեծ բաների չի հասնի». Վազգեն Մանուկյան

Հարցազրույց ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: - 1992-93 թթ. Դուք պաշտպանության նախարար էիք, հենց այդ ժամանակ էր, որ կանոնավոր բանակի հիմքը դրվեց, իսկ պատերազմական գործողություններում` հաղթանակների շղթայի սկիզբը: Այնուամենայնիվ, բանակի հիմնադրումը միշտ չէ, որ Ձեր անվան հետ է կապվում:- Բանակը մի օրում չի կառուցվում, այլ էտապներով: Երբ 1991թ. Շարժումը եկավ իշխանության, մենք դեռ Խորհրդային Միության կազմում էինք, բայց արդեն սկսվել էին Հայաստան-Ադրբեջան զինված բախումները, ստեղծվել էին ֆիդայական ջոկատներ: Եվ մենք առաջին հերթին մտածեցինք այդ ջոկատները վերացնել և կանոնավոր տեսք տալ դրանց: Ես` որպես վարչապետ, առաջին հրամանը տվեցի, որ բոլոր ջոկատները լուծարվում են, բայց նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել հայրենիքի պաշտպանությանը, պետք է մտնեն ՄՀՕՋ (Միլիցիայի հատուկ օպերատիվ ջոկատ):Դա առաջին քայլն էր. հետո՝ 1991 թ., կրկին կառավարության հրամանով պաշտպանության կոմիտե ստեղծվեց, քանի որ դեռ Խորհրդային Միությունում էինք և չէինք կարող նախարարություն ստեղծել: Հետագայում, երբ անկախացանք, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, կոմիտեն վերածվեց նախարարության:Երբ պաշտպանության նախարար դարձա, կարևոր հարցերից մեկն այն էր, թե ինչպիսին պետք է լինի բանակը: Երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք հիմնվել սովետական, ոչ թե ՆԱՏՕ-ի տիպի բանակի մոդելի վրա: Քանի որ մինչ այդ մեր տղամարդիկ ծառայել էին սովետական բանակում, այնտեղ էին փորձառություն ձեռք բերել մեր պրոֆեսիոնալ սպաները, իմաստ չուներ անտեսել այդ փորձը և զրոյից նոր բան սկսել: Ստեղծեցինք այդպիսի բանակ` որոշելով հետագայում բարեփոխումների միջոցով այն համապատասխանեցնել ժամանակակից պահանջներին:Մեր երկրորդ որոշումն այն էր, որ զինակոչով բանակը նվազագույն չափով օգտագործվի ռազմական գործողությունների ժամանակ, և այդ գործողությունների համար փորձառու, հասուն տղամարդիկ պատասխանատվություն կրեն: Դրանք նախկին ֆիդայիներն էին, նախկինում Աֆղանստանում և սովետական բանակում ծառայածները, հիմնականում երեսունն անց տղամարդիկ: Մենք նրանցով պրոֆեսիոնալ բանակ ստեղծեցինք, այսինքն՝ նրանք արդեն իսկ կամավոր կռվում էին, պարզապես բանակային պարտավորություններ ստորագրեցին, պետությունն էլ իր հերթին թիկունքում գտնվող նրանց ընտանիքներին աշխատավարձ սահմանեց:Նրանց հետ հինգ տարվա պայմանագրեր էինք կնքում, այսինքն՝ զինակոչով բանակին զուգահեռ ստեղծվում էր նաև պրոֆեսիոնալ բանակ: Նրանց կորուստերը շատ քիչ էին լինում. փորձ ունեին, լավ գիտեին, թե երբ հարձակվել, երբ խուսանավել, իսկ 18 տարեկան տղաներն ուրիշ էին: Հիշում եմ, մի անգամ Լաչինում, երբ մեծ հարձակում սկսվեց, մերոնք փախան, 18 տարեկան տղա էր մենակ մնացել… Դա այն բացառիկ դեպքերից էր, որ 18 տարեկան տղան ընկել էր ռազմաճակատ ու գնդացրով 2 ժամ պահել էր թշնամուն, մինչև մերոնք կարողացել էին ուժերը հավաքել: Բայց նա զոհվեց: Սա 18 տարեկանի մտածողություն է՝ հերոսություն, իսկ երբ պրոֆեսիոնալների հետ էինք գործ ունենում, մեր կորուստները չնչին էին:Հաջորդ կարևոր քայլը: Մենք փորձառու ֆիդայի տղաներ ունեինք, որոնք պատերազմում էին, բայց պատերազմը գրքերում կարդացածից շատ արագ վերափոխվեց ժամանակակիցի. պետք էր տիրապետել էլեկտրոնիկային, հակաօդային պաշտպանությանը, պետք էր տիրապետել տեխնիկային, որն ունեինք:Կարևորեցինք պրոֆեսիոնալ սպաների դերը: Երբ դիմեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, պարզվեց, որ մոտ 4400 հայ սպաներ են ծառայում ռուսական բանակում: Մենք կոչ արեցինք նրանց հայրենիք վերադառնալ: Եվ եկան: Հայրենիքին ծառայելու անձնական պարտքը բերեց նրանց: Ամենակարևորը` բանակում հաջողվեց իրականացնել նախկին ֆիդայիների և սովետական բանակից եկած պրոֆեսիոնալների համատեղ գործունեությունը, որ հաղթանակի երաշխիքներից մեկն էր:Կանոնավոր բանակի կառուցման գործում մեծ էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դերը: Ռազմական գործողությունների ծրագրման, օպերացիաների մշակման գործում մեծ դեր ունեին նաև այլ զինվորականներ` գեներալ Դարիբալթայանը Քելբաջարի օպերացիայի ժամանակ (Հայաստանի կողմից), Յուրի Խաչատուրովը՝ Կապանի օպերացիայի ժամանակ և շատ ուրիշներ: Ինչքան էլ այժմ շատ անուններ նշեմ, միևնույն է, բոլորին չեմ կարող նշել, և դա անարդար կլինի շատերի հանդեպ, որոնք անձնազոհաբար պայքարել են մեր հաղթանակի համար: Հետագայում երևի հարկ կլինի այդ ամենի մասին խոսել ավելի մանրամասն` նշելով յուրաքանչյուրի դերը:Այդ ժամանակ Հայաստանի և Ղարաբաղի բանակները միասնական էին: Ես` որպես պաշտպանության նախարար, սերտ համագործակցում էի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Սամվել Բաբայանի հետ: Շատ բաներ Ղարաբաղում էին ծրագրվում, շատ բաներ՝ մեզ մոտ, բայց միասին էինք կատարում: Ղարաբաղում այդ ժամանակ մոբիլիզացիա էր, այսինքն՝ յուրաքանչյուր տղամարդ համապատասխան տարիքում պարտավոր էր բանակում լինել: Իմ դուրս գալուց հետո էլ բանակի ձևավորումը շարունակվում էր, մինչ օրս էլ բանակը ձևավորվում է և, իհարկե, հիմա շատ ավելի կարգավորված է, քան այն ժամանակ: Պատերազմի օրերին բանակում գտնվող մարդիկ միմյանց հանդեպ շատ ավելի անձնազոհ և նվիրված էին, քան խաղաղ պայմաններում, և դա բնական է:Հիշում եմ, Քելբաջարի օպերացիայից հետո ռազմական գործողությունների որոշ դադար եղավ: Հրամանատարներ կային, որ գալիս ասում էին` արագացնենք ռազմական օպերացիաները, որովհետև խաղաղ պայմաններում բանակը փտում է: Երբ խաղաղ պայմաններ էին, հարաբերությունների մեջ ճաքեր էին առաջանում, իսկ երբ պատերազմ էր՝ բոլորը միասին էին:Ռազմական առաջին հաղթական գործողությունները եղան այն ժամանակ, երբ մենք դեռ բանակ չունեինք, այն նոր էր ձևավորվում: Այդ ժամանակ պաշտպանության նախարարը Վազգեն Սարգսյանն էր, ռազմական գործողությունների հիմնական կազմակերպիչները ղարաբաղցիներն էին և Հայաստանից գնացած կամավորական ջոկատները:Այն ժամանակ շատ կարևոր օպերացիա կատարվեց ջոկատների միջոցով՝ Շուշիի գրավումն ու Լաչինի ազատագրումը, բայց դրանից հետո մենք սկսեցինք պարտություններ կրել: Չնայած արդեն սկսվել էր բանակի ձևավորումը, բայց մեր բանակը հին ձևով էր պայքարում՝ ավելի շատ ջոկատներով, ոչ թե ստրուկտուրաներով: Պատերազմը մտնում էր նոր փուլ, պահանջվում էր նոր մտածողություն, նոր` ժամանակակից բանակ: Այդ ժամանակ էր, որ ես նշանակվեցի պաշտպանության նախարար: Եվ իրար հաջորդեցին հաղթանակները, որոնք ես ինձ չեմ վերագրում: Դրանք մեծ կոլեկտիվի աշխատանք էին: Ուզում եմ ընդգծել, որ հաղթանակները ոչ միայն ճիշտ որոշումներ ընդունելու արդյունք էին, այլև` տասնյակ հազարավոր երիտասարդների անձնազոհության ու Ղարաբաղի հետ սերտ համագործակցության: Սա էր ամբողջ գաղտնիքը:Իսկ անունս ինչու չեն ասում… Այնուամենայնիվ, հաշվի առեք, որ պաշտպանության նախարարությունից դուրս գալուց հետո` մի քանի ամիս անց, ես, լինելով ԱԺՄ-ի նախագահ, ընդդիմության ղեկավարներից մեկը դարձա, իսկ 1996 թվականի նախագահական ընտրություններում միասնական թեկնածու էի: Եվ իշխանությունն աշխատում էր թուլացնել իմ ազդեցությունը բանակի վրա: Սկսեցին անջատել ինձ բանակից, հեղինակությանս հետ խաղալ, դա հատուկ կուրս էր: Բացի այդ, ամեն ոք ուզում է լավ բաներն իրեն վերագրել: Հետո էական դեր խաղաց հայաստանցի-ղարաբաղցի պայքարը, ամեն մեկն իր անունն էր առաջ տանում: Մի պահ ամենամեծ պետական գաղտնիքն այն էր, որ Վազգեն Մանուկյանը եղել է պաշտպանության նախարար, և նրա օրոք մենք սկսել ենք պարտություններից անցնել հաղթանակների և նորմալ բանակ ունենալ: Դա կարծես պետական գաղտնիք լիներ և մինչև այժմ էլ իներցիայով շարունակվում է:
17.05.2013            ավելին >>  
«Պատերազմի հաղթանակը երբեք Լևոն Տեր-Պետրոսյանին չի վերագրվել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:- Պարոն Մանուկյան, Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ի և 1996թ. սեպտեմբերի 26-ի իրադարձությունների որևէ նմանություն տեսնո՞ւմ եք:- Համեմատելու բաներ չկան: Այն ժամանակ շատ մեծ ընդհարումներ տեղի ունեցան, այստեղ առանձնապես մեծ բան չի էլ եղել:- Հարցը ոչ միայն ընդհարումներին է վերաբերում, այլև երևույթին՝ հետընտրական զարգացումներին ու ժողովրդի դժգոհություններին:- Եկեք ամեն ինչ իրար չնմանացնենք: Այս անգամ մի բան է եղել, այն ժամանակ՝ մեկ այլ բան: Իսկ համեմատությունը ձեզ ի՞նչ է տալու:- Նորանկախ Հայաստանում Դուք իշխանության դեմ պայքարող առաջին ընդդիմադիր գործիչն եք եղել և կարողացել եք համախմբել որոշ ուժերի:- Մեր պայքարի հոգեբանությունը մի փոքր այլ էր, ես չեմ ուզում մտնել դրա մեջ: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարածը մեկ այլ ճանապարհ էր: Եվ այդ դեպքը որ եղավ, ավելի շուտ նման է պատահականության, քան թե կազմակերպված ինչ-որ մի բանի: Իսկ մենք գիտեինք ինչ է, բայց ես չեմ ուզում անընդհատ դրա մասին խոսել: Հայաստանում տեղի են ունեցել ընտրություններ, ընդդիմությունը պաշտոնապես ստացել է երկրորդ տեղը և հայտարարում է, որ առաջին տեղն է ստացել: Ցույցեր են եղել, և երբ ուզեցել են գնալ ու նախագահականի կողքով անցնել, բնական է, որ ցանկացած ժամանակ էլ իշխանությունները կզգուշանան ու կփորձեն պահել: Սովորական երևույթներ են: Ինչն է, որ դուք ուզում եք կապել մեծ բաների հետ:
05.05.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդը քաղավիացիայի վերաբերյալ որոշում կայացրեց

Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստի հետաքրքրաշարժ ու խնդրահարույց հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի քաղավիացիային:Նիստի ընթացքում նշվեց, որ քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է և հետևանք մի շարք հանգամանքների` «Արմավիայի» մենաշնորհային դիրքը, ընկերության ոչ ճիշտ ֆինանսատնտեսական, կառավարման և մարկետինգային քաղաքականությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի և «Արմավիայի» միջև մշտապես առկա հակասությունները, պետության կողմից ՀՀ քաղավիացիայի զարգացման վերաբերյալ հստակ հեռանկարի, գործող օրենքում լիազոր մարմնի իրավունքների և լիազորությունների ամբողջական սահմանման ու պատասխանատվության բացակայությունը և այլն:ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ Հանրային խորհուրդը քաղավիացիայի և «Արմավիայի» հետ կապված խնդիրների մասին բազմիցս է հանդես եկել առաջարկներով` ՀԽ համապատասխան ենթահանձնաժողովում կազմակերպելով քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Եվ այսօր ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս առիթ է դարձել այդ քննարկումները շարունակելու և ձևավորելու մի փաստաթուղ, որը հստակ առաջարկներ է ներկայացնում ոլորտը կարգավորելու ուղղությամբ:Եվ այսպես, Հանրային խորհուրդը խիստ անհրաժեշտ է համարում տեղական ավիափոխադրողներ ունենալը` նպաստելով նրանց միջև հավասար մրցակցային պայմանների ստեղծմանը: ՀԽ-ն նաև գտնում է, որ հարկավոր է ապահովել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը, ինչը պայմանավորված է համաշխարհային քաղավիացիայի ոլորտում առկա միտումներով:Հաշվի առնելով այդ ամենը` Հանրային խորհուրդը որոշեց.
25.04.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդը քննարկեց Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու հարցը

Այսօր Հանրային խորհրդի լիագումար նիստում քննարկվեց Հայաստանի արոտավայրերի օգտագործման հարցը: ՀԽ անդամ, ՀԽ գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը մասնավորապես անդրադարձավ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված “համաձայնագրին”` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ իրանցի հովիվներին հանձնելու վերաբերյալ:Նա նշեց, որ այդ “համաձայնագիրը” չունի որևէ իրավական ուժ, քանի դեռ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն պայմանագրեր չեն կնքվել և գրանցում չեն ստացել:Հանրային խորհուրդը անընդունելի համարեց նմանատիպ ծրագրերի իրականացումը` անկախ իրավական ձևակերպումներից, քանի որ դրանք հակասում են Հայաստանի տնտեսական և անվտանգության շահերին:Ներկաները բարձրացրին օրենսդրության թերի լինելու հարցը: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հարց բարձրացրեց. եթե լրատվամիջոցների աղմուկը չլիներ, այդ հովիվները կգա՞յին Հայաստան: Ներկաները ենթադրեցին, որ այո:
25.04.2013            ավելին >>  
Հանրային խորհուրդը ծաղկեպսակ դրեց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահակոթողին

Այսօր` ապրիլի 24-ին, Հանրային խորհրդի անդամները, հանձնաժողովների ու ենթահանձնաժողովի նախագահներն ու անդամները ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հանրային խորհրդի կողմից ծաղկեպսակ դրվեց հուշակոթողին:
25.04.2013            ավելին >>  
Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին

Մարտի 28-ին ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է ««Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանին, խորհրդի նախագահի տեղակալ Գյուրջիս Քոչոյանին, մարզերի գծով տեղակալ Սաբրի Բաքոյանին և կազմակերպության պաշտոնաթերթի՝ «Շանգալ»-ի խմբագիր Զինա Խատիևային: Ամո Շարոյանը նախ բարձր է գնահատել հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ապա ներկայացրել իրենց կազմակերպության հիմնական նպատակը. այն է՝ մարդու իրավունքների՝ մասնավորապես ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Այնուհետև Շարոյանը բարձրացրել է Հայաստանի պետական կառույցներում եզդիների ներգրավվածության հարցը՝ կարևորելով ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման մարմիններում եզդի ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:
29.03.2013            ավելին >>  

Home page Web mail Map
EnglishRussian


1996


www.ajk.am

  www.armenia.li
www.armenia.li
492074
488152