՛՛Հրապարակ”․Հայաստանում հիմա մարազմատիկ վիճակ է.Վազգեն Մանուկյան

0
309

Մոտ մեկ տարի է` Վազգեն Մանուկյանի գլխավորած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի մասին որեւէ տեղեկություն չկա: Ակումբը ստեղծվել է 2 տարի առաջ, անդամները ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչներ են, որոնցից շատերն առանձին հարթակներում, մասնավորապես՝ սոցցանցերում բավականին ակտիվ են։ Թե ինչու չի գործում «Վերնատուն» ակումբը, հնարավո՞ր է, որ այն լուծարվել է, փորձեցինք պարզել հենց ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանից:

Մենք մի անգամ այդ հարցը տվել էինք պարոն Մանուկյանին՝ փետրվարի սկզբին։ Հարցրել էինք, թե՝ ինչո՞ւ է Վերնատան գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում պասիվացել, Մանուկյանը նշել էր, որ ակումբի անդամները հանդիպել են մոտ 2 ամիս առաջ, սակայն չէր մանրամասնել, թե ինչ են քննարկել:

«Երբ գրասենյակի հարցը լուծվի, Ձեզ անպայման տեղյակ կպահենք, հիմա ակտիվ վիճակում չի ակումբը», – նշել էր քաղաքական գործիչը:

Այս զրույցից ավելի քան մեկ ամիս անց մենք կրկին կապվեցինք Վազգեն Մանուկյանի հետ` հասկանալու համար «սայլը» տեղից շարժվե՞լ է, «Վերնատունը» գործո՞ւմ է այժմ, եթե ոչ, ապա ինչո՞ւ չի լուծարվում: Վազգեն Մանուկյանը նշեց, որ դեռևս ոչ մի փոփխություն չկա, «Վերնատունը» չի գործում:

«Այն, ինչ ասել եմ մեկ ամիս առաջ, նույնը կարող եմ հիմա ասել: Եթե այդքան մեծ ցանկություն ունեք, որ ակտիվացնենք «Վերնատան» գործունեությունն, ապա կակտիվացնենք»:

– Մեր ցանկությունները մի կողմ թողնենք, պարոն Մանուկյան, Դուք չունե՞ք այն ակտիվացնելու ցանկություն:

– Ես առանձնապես ոչ մի ցանկություն էլ չունեմ: Այն ժամանակ կակտիվանան «Վերնատան» գործողությունները, երբ պետք լինեն:

– Հիմա լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնել: Կարծում եք կարիք չկա՞, որպեսզի ակտիվացնեք Ձեր գործողությունները:

– Հայաստանում հիմա մարազմատիկ վիճակ է:

– Ի՞նչ առումով:

– Բոլոր առումներով: Բոլոր քաղաքական առումներով:

– Այսինքն, ընդդիմությունից և՞ս հիասթափված եք:

– Ինձանից ավել խոսք մի քաշեք: Ես ասացի այն, ինչ ասացի: «Վերնատունն» ունի իր տեղը քաղաքական դաշտում և հարկ եղած դեպքում կակտիվանա:

– Հիմա հարկ չկա՞, կարծում եք:

– Լավ, հետո խոսենք: