Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Փաշինյանը Հայաստանը տանում է կործանարար պատերազմի, նրան հեռացնել հնարավոր է միայն փողոցով․ Վազգեն Մանուկյան

0
263

Այս իշխանությունը մեր ժողովրդի համար խորթ, թշնամի իշխանություն է, Հայաստանի համար որևէ օգտակար բան անել չի կարող։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ցանկություններն անընդհատ մեծանում են։ Տեսնում են, որ դիմացը պետության կամք և ուժ չունեցող ղեկավարություն է կանգնած,նրանք անընդհատ շարունակելու են»,- մանրամասնեց նա։

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ սահմանների վերաբերյալ նախորդ տարի շարժման ժամանակ իր տված գնահատակաները վտանգների առումով մնում են նույնը։ Ըստ նրա՝ Հայաստանը հիմա ճակատագրական իրավիճակում է։

«Այս իրավիճակը, որը տիրում է Հարավային Կովկասում և մեր սահմաններին, կայուն չէ։ Ուշ թե շուտ դա բերելու է պատերազմի։ Անընդհատ խոսելով խաղաղության մասին` Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի կործանարար պատերազմի»,-ասաց նա։

Նախկին վարչապետը ողջունեց նաև ձևավորված «Ազատագրական շարժումը», իսկ ինչ վերաբերում է միավորվելուն, ապա ասաց․ «Մարդիկ կարողանում են միավորվել, շարժում ստեղծել, երբ որոշակի խնդիր է դրված, կա ծրագիր և հեռանկար է ներկայացվում, թե ինչ պիտի անել, առայժմ դա չկա, բայց ես կարծում եմ՝ կամաց-կամաց կձևավորվի», -ասաց նա։

Ըստ նրա՝ դեռ նախորդ տարի պետք էր, որ Հայրենիքի փրկության շարժման կոմիտեն շարունակեր իր գործունեությունը, կարելի էր ձևաչափը փոխել, անունը փոխել, առաջնորդներին փոխել, բայց պետք չէր գնալ ընտրությունների։

«Ցավոք սրտի, գնացինք ընտրությունների, ստացանք նոր իրավիճակ, այս իրավիճակը դեռ պետք է մարսվի և պատահական չէ, որ ես երկար ժամանակ չէի խոսում, որովհետև անմիջապես ընտրություններից հետո սկսել մի բան անհնարին է։ Հիմա ժամանակը հասունացել է և միավորում, իհարկե, պետք է, բայց նորից կրկնում եմ՝ պետք է հստակ դնել խնդիրը, ունենալ ծրագիր, թե խնդիրն իրականացնելով՝ ՀՀ-ն ինչ հեռանկար կունենա և պետք է լինի ղեկավար մարմին, թե չէ քաոսային շարժում կլինի»,- շեշտեց նախկին վարչապետը։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ առանց փողոցի Ազգային ժողովը որևէ հարց լուծել չի կարող։ «ԱԺ-ն կարող է հարցը ներկայացնել միջազգային հանրությանը, որովհետև լեգիտիմ մարմին է, երբ որ փողոցը բերի դե ֆակտո իշխանության, ԱԺ-ն կարող է ձևակերպել կարևոր գործիք, բայց ԱԺ բանավեճերից մեծ հաշվով օգուտ չկա, հարցը լուծելու է փողոցը»,-ասաց նա։

Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նաև Փաշինյան-Ալիև այսօր նախատեսված հանդիպմանը և ասաց, թե չի կարծում, որ այն որևէ բան է փոխելու, ինչպես նաև չի կարծում, որ որևէ բան է ստորագրվելու։

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին որևէ բան խոսելն ուղղակի անիմաստ է, դիմացը գտնվում է թշնամի, որն ասում է, թե Երևանն էլ է ուզում։ Ու իր հետ խոսում ես սահմանների մասին, նույնիսկ խաղաղ պայմաններում գտնվող պետությունները տասնյակ տարիներով զբաղված են այդ հարցերով։ Կեղծ խնդիր է, եթե ուզում էիք սահմանները ճշտել, մնայիք այն տեղերում՝ Կուբաթլուում, Զանգելանում ու սկսեիք բանակցել, ինչո՞ւ նահանջեցիք ու րոպեն մեկ նահանջում եք»,-ասաց նա։