Ես իմ 33 տարվա ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, այդ թվում և այդ խոսքերից, բայց ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իմ ասածները

0
280
Վազգեն Մանուկյան

Հարգելի դատարան, ես 1988 թվականից՝ արդեն 33 տարի, քաղաքականության մեջ եմ ու քաղաքականության մեջ եմ թե որպես իշխանություն, թե որպես ընդդիմություն։ Ես բազմաթիվ հայտարարություններ եմ արել այս ընթացքում, հոդվածներ գրել, բայց դուք հիմա իմ ելույթից ինչ-որ հատված վերցրել եք ու ասում եք, թե դա քրեորեն պատժելի հայտարարություննե՞ր են։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստին հայտարարեց ինքը՝ Մանուկյանը։

«Այո, ես իմ 33 տարվա ոչ մի խոսքից չեմ հրաժարվում, այդ թվում և այդ խոսքերից, բայց ես նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իմ ասածները։ Դե հիմա թող երկու կողմի իրավաբանները միմյանց հետ վիճեն, տեսնեմ՝ ոնց են համոզում, որ սա քրեական պատժելի գործ է։ Ես առայժմ միայն կդիտեմ այդ բանավեճը։ Ես մեղադրանքը չեմ ընդունում, բայց իմ ասածը համարում եմ արդիական ու ոչ մի խոսքից չեմ հրաժարվում։ Իսկ իրավական գնահատականը, ինչպես արդեն ասացի, թող տան իրավաբանները»,-ասաց Մանուկյանը։

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Ըստ Քննչական կոմիտեի, Հայաստանի նախկին վարչապետը նման կոչեր է հնչեցրել փետրվարի 12-ին և 20-ին կայացած ընդդիմադիրների հանրահավաքների ընթացքում: Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին, օրինակ, հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը: