Իհարկե, սեփականաշնորհողը շատ «լավ ըրավ…»

0
479

Տարիներ շարունակ ուշադիր և մեծ հետաքրքրությամբ հետևում եմ ոչ միայն այդ երկու բանիմաց մարդկանց առանձին գրություններին, այլև նրանց զրույցներին։ Խոսքս Եվսեբիոսի և ՅԻՊԷ-ի մասին է։ Եվ բնավ մտքովս չէր անցնում, թե երբևէ հավակնություն եմ ունենալու ընդմիջելու նրանց։ Մեր այս նյարդային, անհանգիստ, նաև երբեմն հուսահատական ժամանակներին երևի թե անհրաժեշտ են ճշտումները հատկապես անաչառ մարդկանց խոսք ու զրույցի ընթացքին։ Ես ընդգծում եմ նաև ճշմարիտի նկատմամբ նրանց հավատարմության հանգամանքը. ինչն էլ, իհարկե, ընթերցողին մղում է ուշադիր լինել և պահում է շարունակական հետաքրքրություն դրսևորելու բացառիկ կարողության մեջ։

Հավանաբար շատերն են նկատել, որ հայաստանյան ընդհանուր անցուդարձի և մասնավորապես վերջին իրադարձությունների շուրջ ծնվող լրատվությունները   վստահություն  չեն   ներշնչում   ոչ  միայն   իրենց   հակասական բնույթի հետևանքով, այլև շատ հաճախ այն բացահայտ կեղծիքի պատճառով, որպիսին ծնվում է անշնորհք լրագրողների «հնարամտության» շնորհիվ։

Ապատեղեկատվությունները, որ ինձ հասնում էին հակառակ կողմերից, բնավ էլ դժվար չէ բացահայտել… Բայց դյուրին է ո՞ւմ համար։ Բոլոր նրանց, ովքեր փորձառություն ունեն և, հիրավի, մտահոգ են Երկրի մեջ տեղի ունեցող ցնցումների առիթով։ Այդպիսի փորձառուները հազարավորներ են մեր հայ հասարակության մեջ։ Բայց, ցավոք, նրանք չէ, որ ներկայացնում էին հասարակությունը։ Հայ «հասարակություն» են այսօր փորձում ներկայացնել Երկրի ճակատագրի նկատմամբ անտարբեր, ամեն արժեք շահատակող, այսպես հորջորջվող «հայրենասեր», բայց իրենց հայրենիքը վաղուց ի վեր օտար նվաճողի տերության հետ նույնացրած, մտածելու անընդունակ, ճահճաջրի մեջ իրենց անդորրը գտած մարդկանց բազմությունը։

…Երկխոսության ընթացքին ՅԻՊԷ-ի այն հարցին, թե ի՞նչ եղան 16 տարիների անկախության պտուղները, Եվսեբիոսը կատարում է մի «հայտնագործություն», որ սակայն ոչ թե իրենն է, այլ սոսկ թափառող միթոս։ Ըստ այդ միթոսի` սովետական շրջանին «ձեռք ձգված» են եղել ինչ-ինչ առավելություններ, որոնք մոռացնել է տվել երեկվա ազգային ոգեկոչված հանրահավաքները այսօր կրկնակող փարիսեցի  խեղկատակը։

Ըստ քրոնիկագրի, այդ առավելություններից է եղել ռուսական ճորտատիրական կարգերը շարունակող սովետական իշխանության բռնադատությունը։ «Հողը՝ գյուղացուն, գործարանը՝ բանվորին» բոլշևիկյան հեղաշրջումի կարգախոսը բնավ իրականություն չդարձավ։ Ռուսաստանը հողը և գործարանները պետականացրեց իր «սահմանադրությամբ»։

Պետականացվեց ոչ միայն հողը, ջուրը, արտադրությունն ընդհանրապես, այլև լեզուն, բարոյականությունը, ընտանիքը (ապահարզանը նախ քննության էր առնվում կուսակցական ժողովում, հետո՝ կոլեկտիվի ժողովում և ապա միայն գործը հասնում էր դատարանին), պետական էր սերունդը (մանուկը պարտավոր էր լինել պիոներական կազմակերպության, իսկ պատանին՝ կոմունիստական երիտասարդական միության անդամ), պետական էր մշակույթը, պետական էին ստեղծագործական միությունները, որոնք իրականի մեջ մինիստրություններ են։ Վերջապես, պետական էր մարդու կյանքը։ Եվ յոթնանասուն տարիների ընթացքին գաղութային բռնատիրության մեջ գտնվող «պետականացված հայությունը» ավելի քան ՄԵԿ ՄԻԼԻՈՆ զոհ տվեց։

Ես    չեմ    ուզում    «առավելություններ»    որոնել    այնտեղ,    որտեղ    միայն մարդկային ու հասարակական ողբերգություններ են եղել։ Թե չէ կարելի է նաև կոմունիստական բռնակալության առավելությունը համարել ազգաբնակչության բնական աճը։ Որքան էլ անհեթեթ լինի, այսպիսի առավելություն ժամանակին նշել է արտերկրի «առաջադիմական» թերթերից մեկի խմբագիրը՝ ձայնակցելով սովետական Հայաստանի կոմունիստ գաղափարաբաններին։

1828-ին հայ գյուղացին հայտնվեց ռուսական ճորտատիրական իրականության մեջ։ Եվ ճորտատիրական «առավելությունը» լիուլի վայելեց իր իսկ ազգակից իշխան Բեհբութովի վայրագություններով, ճիշտ այնպես, ինչպես «անկախացումից» հետո հայը վայելում է նորընծա «իշխանների», զանազան մանվելների, գռզոների, գագոների և սրանց նման մի բուռ հղփացածների «ազգանվեր ու բարեգործ» հովանու տակ։ 1920-ից, այսինքն երկամյա ընդմիջումից հետո, Հայաստանում վերահաստատվեցին ճորտատիրական կարգերը։ Իբրև թշնամի դասակարգ հողի մշակը ենթարկվեց  ֆիզիկական ջարդի։ Ի դեպ, Ռուսաստանի souverain հռչակված դեմոկրատիայի պայմաններում հողն առ այսօր պետական սեփականություն է. ավելի ստույգ՝ հողի տերը դեռևս հողի մշակը, գյուղացին չէ։

Հողն իր մշակողին հանձնելն իբրև բացասական գործողություն վերագրվում է նախկին նախագահ Տեր-Պետրոսյանին։ Երանի չէ՞ր որ նա այդքան խելացի լիներ… կամ գոնե ժողովրդի ճակատագրով մտահոգվելու կարողություն ունենար։ Նրա էությանն իսկ օտար է այդպիսի քայլը, որ կարող էր անցած 16 տարիների [հիմա արդեն 20] ընթացքին գոնե հարուստ գյուղատնտեսություն ստեղծել Հայաստանի մեջ և ժողովրդին զերծ պահեր հարավային երկրներից ներմուծվող կասկածելի սննդամթերքից։

Ճշմարտությունն այն է որ հողն իր տիրոջը հանձնելու ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցրեց վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Եվ տեղի ունեցավ ամենից զարմանալին… Սովետական իշխանության իրականության մեջ վերացան կոմունիստների փայփայած կոլխոզ-սովխոզները։ Բնական է, որ վարչապետի այդ քայլը սկսեցին քննադատել Հայաստանի Գերագույն սովետի կոմունիստ դեպուտատները, իսկ վերջին կոմկուսակցապետը, որ իրեն համարում էր գյուղատնտեսության գիտակ, ամեն կերպ փորձում էր խափանել ճորտատիրական կարգերը վերացնելը, և նրան դաշնակցում էր ՀՀՇ-ական արդեն իսկ այլասերված դեպուտատների խումբը։

Վազգեն    Մանուկյանի     վճռականության    շնորհիվ    էր,    որ գջլոտների ձեռնարկած առավ-փախավի  ընթացքին  Հայաստանի  մեջ,  այնուամենայնիվ, սով չսկսվեց։

Վարչապետի այս և նույնքան համարձակ գործողությունները վախեցնում էին բոլոր նրանց, ովքեր համոզված էին, թե իրենց ձեռքն է անցել ոչ թե Ազգային Ապագայի պատասխանատվությունը, այլ մի հերթական անգամ «գողանալ գողացվածը» լենինյան պատգամը իրականացնելու հնարավորություն։ Ուստի նրան հրաժարեցնելու առաջին փորձը կատարեցին 1991-ի մայիսին և ձախողեցին։ Երկրորդ փորձը կատարվեց սեպտեմբերին։ Եվ Հայաստանը վերջնականապես անցավ լյումպեն-հեղափոխականների ձեռքը։

Քանի որ առիթը եկավ, ուրեմն կատարենք ևս մեկ-երկու ճշտում։

Կոմունիստական Պոլիտբյուրոյից եկած սովորություն է, երբ յուրաքանչյուր նորընծա Գլխավոր քարտուղարին վերագրում են նույնիսկ այնպիսի արժանիքներ, որպիսիք նրա հետ որևէ կապ չունեն… Օրինա՞կ… Բանից պարզվեց, որ Բրեժնևը, լինելով Ուկրաինական 4-րդ ռազմաճակատի քաղաքական վարչության պետը, հենց ինքն է եղել կոմունիստական երկրի հաղթանակը ապահովող անձը։ Եվ նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ավելի քան երեք տասնամյակ հետո պարգևատրվեց «Հաղթանակ» շքանշանով։ Այդ ադամանդահուռ շքանշանը նրանից առաջ ստացել էին Երկրորդ աշխարհամարտի երևելի զորավարներ Գ. ժուկովը, Ռ. Մալինովսկին ևն, ինչպես նաև Դ. էյզենհաուերը, Բ. Մոնթգոմերին, Ռումինիայի թագավոր Միխայն ու ևս մի քանի հոգի։ Իհարկե, մահից չորս տարի անց Բրեժնևի պարգևատրությունը լուծարվեց, թեև այս վերջին հանգամանքը երևույթը բնորոշելու համար որևէ նշանակություն չունի։

Բայց խոսքս չշեղեմ։ Ես ուզում եմ պարզապես փաստել, որ հայկական բանակ ստեղծելը, այդ բանակի հաղթանակները վերագրվում են յուրաքանչյուրին, ով իր ձեռքն է հավաքում իշխանության սանձը կամ սանձերը։ Դրանցից մեկն էլ հանգուցյալ Վազգեն Աարգսյանն էր։ Չեմ հասկանում, թե ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ նա դարձավ հանրապետության հերոս… Եվ հատկապես Դեմիրճյանի հետ այդ խնդրում զույգ կազմելն ինձ մղում է շատ տխուր եզրակացությունների։ Այդ երկուսի ողբերգական մահն ինձ համոզեց, որ հանրապետության հերոս դառնալու համար անհրաժեշտ է միայն ոճրագործության զոհ դառնալ խորհրդարանում, այն էլ ոչ թե սրահի մեջ, այլ անպայման նախագահության սեղանի առաջ նստած լինելու պայմանով։ Եվ մոռացումի այն համատարած անտարբերության մեջ, երբ ոչ ոք նույնիսկ չփորձեց կասկածել, թե որքանով կարող են «ազգային հերոս» լինել մի ապազգային և մյուսն՝ էլ ազգադավ վիժումներ։

Հայաստանի բանակն ստեղծողը և Քելբաջարի հաղթանակը

1990 թ. օգոստոս 4-ի լույս 5-ի գիշերը տեղի ունեցած մի կտրական հայտարարությունից հետո, առավոտյան քվեարկությամբ Սովետական Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահ դարձավ Ղարաբաղ կոմիտեի անդամ Տեր-Պետրոսյանը, որ իր մյուս 7 համախոհների հետ հավաքագրվել էր ԿԳԲ-ի կողմից և Մոսկվայի դրածոն էր [տե՛սhttp://www.shirakcentre.org/index.php/hy/karenasimoneangrakanerkerhraparakaxosutyun/533-shirak-centre-ngo.html  և  http://jamanakimitq.wordpress.com/ ]։

Գերագույն սովետը Վազգեն Մանուկյանին նշանակեց Սովետական Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ (նախարարապետ, վարչապետ)։

Ի դեպ, այս դերակատարումների բաժանումն ուներ իր տրամաբանությունը։ Նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի ընդհանրապես կրավորական բնույթը, ինչը շրջապատի վրա թողնում էր «հանգիստ մարդու» տպավորություն, Գերագույն սովետն իր նախագահության նախագահով զբաղվելու էր հանրապետության օրենքներ սրբագրելով, իսկ Մինիստրների սովետի նախագահը, առանց կոմկուսի ղեկավարող ցուցամատի,  իր  համարձակ, աշխույժ խառնվածքով և, իհարկե, ճկուն մտածողությամբ ու քաղաքական գործչին բնորոշ կամքով իրականացնելու էր գործադիր իշխանության ոլորտի աշխատանքը։

Այսպիսով տեղի ունեցավ հիրավի պատմական մի երևույթ։ Հայաստանը դեռևս իր կոմունիստական փաթեթավորումի մեջ դարձավ միակ ԱԶԱՏ հանրապետությունը։ Վազգեն Մանուկյանի վճռական գործողությունների շնորհիվ նա ԱԶԱՏՎԵՑ կոմունիստական դիկտատուրայից.

1918 թվականի պառլամենտական մեր հանրապետությունը վերահաստատելու առաջին քայլը կատարված էր։

Մեծ ջանքեր էին անհրաժեշտ կառավարության դահլիճ կազմելու համար։ Վարչապետի ներկայացրած յուրաքանչյուր թեկնածու դիմադրության էր արժանանում ոչ միայն կոմունիստ դեպուտատների, այլև ՀՀՇ-ի մեջ իրենց մեղրոտ մատը լիզել շտապողների կողմից։ Եվ ինչպես հետագա դեպքերը բացահայտեցին, այդ մեղրոտ մատը լիզելու անհամբերներից էր և նրանց գլխավորում էր Սովետական Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահը։

Իսկապես, ամուր նյարդեր էին հարկավոր նախարարի յուրաքանչյուր թեկնածուին Գերագույն սովետի «թրի տակով» անցնելու համար։

Հազիվ մեկ տարի տևեց Վազգեն Մանուկյանի կառավարական դահլիճի գոյությունը։ Բայց այդ տարին էլ բավական էր, որ հիրավի, յուրաքանչյուր վճռական քայլով մեր դիմաց բացահայտվի իր իսկ ծնունդով ազգային-քաղաքական գործիչը…

Վազգեն Մանուկյանի գործունեությունը ծավալվում էր Սովետական Հայաստանի իրականության մեջ, երբ Մոսկվան ուներ իր անվերապահ իրավունքները հարավային այդ գաղութի նկատմամբ։ Մոսկվան քաղաքական ոստիկանության և իր նկատմամբ ծառայամիտ կոմունիստների օգնությամբ  Հայաստանում կազմակերպեց զինված ջոկատներ։ Դրանք համարվում էին անկառավարելի, քանի որ զինվածները կիսաքրեական կամ կատարյալ քրեական երիտասարդներ էին։ Նման խմբավորումներ ստեղծելու գործում տասնամյակների փորձ ուներ քաղաքական ոստիկանությունը։

Այդ «անկառավարելի» ջոկատների դիմաց անհրաժեշտ էր որոշակի պաշտպանական ուժ։ Հատկապես որ արդեն նրանք գործողությունների էին անցել։ Եվ առաջին զոհերից մեկն էր իմ երբեմնի և սիրելի հայոց լեզվի ուսուցչի ավագ որդին` Արես Անդրեասյանը։ Շրջանային միլիցիայի բաժանմունքի պետ նշանակվելուն պես նրան նույն գիշեր գնդակահարեցին։

Նախարարապետի իր պաշտոնական պարտականություններին անցնելուն անմիջապես հաջորդեցին Վազգեն Մանուկյանի ստորագրած օգոստոսի և ապա սեպտեմբերի որոշումները Սովետական Հայաստանում զինվորական հատուկ գունդ ստեղծելու մասին, որ կարճ ժամանակ անց դարձավ Հայ բանակի միջուկն ու հիմքը։

Վազգեն Մանուկյանի ողջույնի խոսքը գնդի ռազմիկներին լույս տեսավ «Հայք» շաբաթաթերթի հոկտեմբերին։

Ահավասիկ վարչապետի ողջույնի խոսքից մի քանի կտոր.

«Մենք ճանաչում են միմյանց։ Շատերիդ հետ ենք հանդիպել և Կոռնիձորում, և Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ։ Փոխվել են ժամանակները։ Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին։ Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը։ Այն դեռ լրիվ անկախ չէ։ Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ։ Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ. և կը հասնե՛նք քաղաքական անկախության, տնտեսական անկախության,- և իր ողջույնի խոսքն այսպես ավարտեց:- Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ։ Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը»։

Սա շատ հստակ ծրագիր էր, բայց մեր երկիրը արագորեն անցավ գողաբարոյ ապիկարների ձեռքը, և ցավոք, անկատար մնաց։

Մայիսի այն օրերին, երբ Գերագույն սովետն իր նախագահի գլխավորությամբ մտմտում էր ընդունել Վազգեն Մանուկյանի հրաժարականը, նա ստեղծեց Մինիստրների սովետին առընթեր Պաշտպանության կոմիտեն։ Այսպիսով, Վազգենը կատարեց ազգային անկախության իր ծրագրի հաջորդ քայլը։

ՀՀՇ-ի հացկատակների խումբը որոշեց սահմանափակել Վազգեն Մանուկյանի լիազորությունները` իբրև կառավարական դահլիճի նախագահի։ Այդ որոշումը Վազգենը հայտարարեց «ազգադավ»։ Եվ այդ ազգադավների խումբը գլխավորում էին Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը, Վ. Աարգսյանը…

Հեռատեսլային զրույցի ընթացքին Վազգեն Մանուկյանը բացատրեց և բացահայտեց այն հեռանկարները, դեպի ուր կը տանեն նկարագիր չունեցող մարդիկ, և կրկնեց նույն միտքը, թե այնուհանդերձ հարկ է, որ ստեղծվի մեր անկախ տերությունը. հարկ է, որ գիտակցենք մեր համաշխարհային ազգ լինելու հանգամանքը. հարկ է գիտակցել, որ առաքելություն ունենք իբրև այդպիսին և հարկ է արժանի լինել այդ առաքելության…

1991-ի սեպտեմբերյան հանրաքվեից անմիջապես հետո Վազգենը հրաժարական տվեց։

Բայց մարդկանց հիշողությունը դեռ թարմ էր, և նա շարունակում էր մեծ հեղինակություն վայելել ժողովրդի մեջ։ Այս հանգամանքը հասկանալի անհանգստություն էր պատճառում բոլոր նրանց, ովքեր ասպարեզ էին եկել բնավ էլ ո՛չ հանուն ազգային գերագույն շահի։ Եվ առաջին հայացքից անակնկալ էր, երբ Վազգեն Մանուկյանին Տեր-Պետրոսյանն առաջարկեց պաշտպանության նախարարի պաշտոնը։

Այդ առաջարկն անպայման ուներ նենգաբարո նպատակ։ Ես այդ արձանագրում եմ` շատ լավ ծանոթ լինելով նախկին նախագահի ոչ միայն մտավոր, այլև բարոյական թերարժեքությանը։ Նրա բնածին փարիսեցիությանը…

Հաշվարկը իմ համոզմամբ հետևյալն էր։

Առաջին տարբերակ. Վազգենը չի ընդունում այդ առաջարկը։ Հետևաբար նա հայտարարվում է առնվազն դասալիք կամ դավաճան, քանի որ Շուշիի հաղթանակից հետո ստեղծվել էր տագնապալի մի վիճակ։ Մեր կողմը խուճապային դրության մեջ էր։ Գիտենալով հանդերձ, թե որպիսի ծանր վիճակի մեջ է ռազմաճակատը, Վազգեն Մանուկյանը հրաժարվում է… Ուրեմն, ի՞նչ է, միայն վարչապետի «հանգիստ» աթո՞ռն է հարմար գտնում իրեն… Եվ այլն… Հասկանում եք, անշուշտ…

Երկրորդ տարբերակ. Վազգենը համաձայնում է։ Եվ նախագահի հաստատ համոզմամբ անշուշտ չի կարողանում բանակը և ռազմաճակատը դուրս բերել ճգնաժամային դրությունից։  Տեր-Պետրոսյանն այդ առաջարկությունն անում է Վազգեն Մանուկյանին ընդհանրապես հաշվից հանելու նպատակով։ Ոչինչ… Թող տապալվի բանակը, թող քանդվի ռազմաճակատը, թող պարտվի Ղարաբաղը… Փոխարենը նենգամիտ նախագահը մեկ գնդակով երկու թռչուն է զարկում… Կվերանա Ղարաբաղի խնդիրն ընդհանրապես, և քաղաքական դիակ կդառնա Վազգեն Մանուկյանը… Նրա անունը ընդմիշտ կկապվի ամոթալի պարտության հետ ի շահ «իմաստուն» և թանձրամիտ նախագահի։

Սահմանափակ մտահորիզոն, սոսկ նենգաբարո հարաբերությունների մեջ հմուտ և նարցիսիզմով տառապող Տերժ-Պետրոսյանը չէր էլ կարող պատկերացնել, թե Վազգենը կարող է ունենալ երրորդ տարբերակը։ Վճռական, նվիրված, բանիմաց, պարկեշտ և ազգային գերագույն շահի նկատմամբ իր պատասխանատվությունն ունեցող գործչի տարբերակը։

Յաղթանակի տարբերակը։

Որ էլ եղավ Քելբաջարը։

Քելբաջարից հետո Տեր-Պետրոսյանին և նրա շուրջը գտնվող հացկատակներին մնում էր նախ խանգարել հայ բանակի յաղթարշավը ընդհանրապես և օր առաջ ազատվել հմուտ զորավարից :

Այս անգամ Վազգեն Մանուկյանը պարզապես հեռացվեց պաշտպանության նախարարի պաշտոնից։

Ինչպե՞ս հաջողացրեցին… Չէ՞ որ բանակը նրա թիկունքին էր։ Հաղթանակած բանակը թույլ չէր տա  որևէ ոտնձգություն իր զորավարի նկատմամբ։

Ես պատկերացնում եմ, թե որքան թեթևացած շնչեցին ՀՀՇ-ական խլյակները, երբ Վազգենը հեռացվեց իր պաշտոնից։ Ընդամենը մի հրամանագրով և առանց որևէ դիմադրության։

Բայց եթե գոնե այս դեպքում նա որոշեր դիմադրել Տեր-Պետրոսյան -Սիրադեղյան-Վ. Սարգսյան եռապետությանը, միևնույն է, անհնար էր։ Նախագահը նրան հեռացրեց պաշտպանության նախարարի պաշտոնից այն ժամանակ, երբ Վազգենը պառկած էր Փարիզի հիվանդանոցներից մեկի սրտաբանական բաժնում։ Այսպիսի նենգությունը բնորոշ է իշխանություն նվաճած և իր անարժան վիճակից սարսափող ու ստորին մարդուն։

Վազգենից ընդհանրապես վախենում էին և, անշուշտ, վատ էին ճանաչում նրան։ Ավելի ճիշտ նրան չափում էին իրենց արշինով։ Ինչպես հետագա անցուդարձը բացահայտեց, նրանք եռապետություն էին ստեղծել ոհմակային սկզբունքով և առաջին իսկ առիթով բռնելու էին իրար կոկորդներ։

Իսկ Վազգեն Մանուկյանը սովմինի նախագահի պաշտոնից հեռացավ, նա հանրապետության նախագահ ընտրվելու մեր հորդորները մերժեց, նա երբեք ուժ կիրառելու հանցագործ միջոցին չդիմեց, քանի որ ունի այն աստվածատուր շնորհը, որից զուրկ են արդարազանց իշխանության մեջ վխտացող բոլոր տեսանելի մարդիկ։ Այդ շնորհը նրա ժողովրդավարության նկատմամբ ունեցած բնածին մոտեցումն է։ Նա իր էությամբ է զգում, տեսնում ու ապրում այն հեռանկարը, թե որպիսի զարգացում կարող է ունենալ մի իշխանություն, որ հաստատվել է բռնությամբ։

Վազգենը իրավացի է։ Եթե նա փորձեր զանց առնել ճշմարիտ ազգային-քաղաքական գործչի պարկեշտությունը, ապա հանձին նրա կունենայինք իշխանության սանձերը նվաճած բոլոր նրանցից մեկին, որոնց ճանաչում ենք։

Մնաց, որ հայ բանակի ստեղծումը, նրան բարոյա-հոգեբանական ճգնաժամից դուրս բերելը և Քելբաջարի հաղթանակը Տեր-Պետրոսյանը տարիներ անց վերագրի Վազգեն Սարգսյանին։ Մի մարդու, որ 1996 թվականի նախագահական ընտրության արդյունքն արհամարհելով հայտարարեց, թե Մանուկյանը ոչ միայն ձայների գերակշռող, այլև հարյուրից հարյուր ձայնն էլ ստացած լիներ, միևնույն է, իշխանությունը չէին տալու։ Մի՞թե անհրաժեշտ չէ պեղել այս մարդու գործունեությունը, նկատի ունենալով նաև 1999 թվականի վարչապետական նրա որոշումը երկրում 60 ռուսական դպրոց բանալու մասին, որոնց դասագրքերը և զրենական պիտույքները ապահովվում են Մոսկվայի կողմից։

Պետությանն առաջին բացայայտ հարվածը հասցրեցին 1996 թվականին Տեր Պետրոսյան-Սիրադեղյան-Վ. Սարգսյան հրոսակային խումբը։ ժողովուրդը և հասարակությունը սեղմեցին իրենց ատամները, իսկ մտավորականները վերջնականապես նետվեցին «ուժեղ տղերքի» կողմը։

Հետևանքը եղավ վերջին շրջանի խեղկատակությունը և մարտ 1-ի ոճրագործությունը, որ Զվարթնոց օդակայանի 1988  հուլիս 5-ի ողբերգության տրամաբանական շարունակությունն էր։

Եվ   տարիներ   անց   իրեն   բնորոշ   ցինիզմով   Տեր- Պետրոսյանը   Վազգեն Մանուկյանին հայտարարեց իբրև «սովետական ժամանակի վարչապետ»` փորձելով դարձյալ վարկաբեկել նրան։ Թեև «սովետական ժամանակի վարչապետի» հրաժարականից հետո շարունակ խորանում է այն վիհը, որ գոյություն ունի Վազգենի և նրանից հետո եկած վարչապետների և ընդհանրապես իրենց քաղաքական գործիչ կարծողների միջև։

Ժողովրդի ունեցվածքը փրկելու համար դարձյալ «լավ ըրավ…»

1991 թվականը սկսվեց այն գուժով, թե Մոսկվան որոշել է 50 և 100 ռուբլիանոց դրամանիշերը փոխել. փոխանակության համար ժամկետը սահմանված էր 15 օր։

Մեր ավագներն արդեն ապրել էին նման մի աղետ 1947-ին։ Իսկ մեր սերունդը՝ 1961-ին։ Երկու դեպքում էլ մեկ գիշերվա ընթացքին ժողովուրդը կորցրել էր իր խղճուկ խնայողությունները։ Եվ հիմա նույն վիճակի մեջ ընկնելու էր երրորդ անգամ։

Պետք էր փրկել ոչ միայն մաքուր, այլև նույնիսկ աղտոտ ձեռքերի մեջ կուտակված դրամը։ Աղտոտ ձեռքերից հնարավոր էր այն հետ բերել ու ծառայեցնել մեր հոգսերին։ Բայց հնարավոր էր մեկ ճամփով միայն։ Անհրաժեշտ էր մասնավորեցնել պետական ունեցվածքը, որ առանց այն էլ անմաքուր ձեռքերի կողոպուտի դաշտն էր։ Այդ ունեցվածքն իր իսկական գներով մասնավորացնելու դեպքում մեր առայժմ ԱԶԱՏ հանրապետությունը հնարավորություն կունենար հոգալ ընկերային այն վիթխարի և անլուծելի թվացող խնդիրները, որոնք կուտակվել էին կոմունիստների իշխանության տասնամյակների ընթացքին։

Վազգեն Մանուկյանը խելացի և վճռական քայլ կատարեց։ Բացահայտորեն, նախ հեռատեսիլի հարցազրույցի ընթացքին և ապա «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթով ազգաբնակչությանն առաջարկեց միավորվել և օգնել իրար  դրամանիշերը փոխելու գործում։

Այս սոսկալի հարվածը, որ Մոսկվան ձեռնարկել էր անհանգիստ ժողովրդին «խելքի բերելու» և ազատություն ու անկախություն ստանալու փոխարեն իր «դարդը լացելու» նպատակով, հակահարված ստացավ միայն Հայաստանի մեջ և շնորհիվ իսկապես մեր միասնության, որ գլխավորեց Վազգենը։

Տնտեսական,  հետևաբար  նաև քաղաքական  նպատակներ  հետապնդող այս փոթորիկից  հետո պարզվեց, որ ժողովրդավարական դիմակ դրած տոտալիտար երկրի բնակիչները, իսկապես, ընկրկել են անսպասելի ու կործանարար հարվածի տակ։ Միութենական մամուլի մեջ հոդվածներ լույս տեսան այն մասին, որ հեռավոր նավարկությունների ելած ծովայիններն ընդհանրապես չեն կարողացել փրկել իրենց ճակատի քրտինքով վաստակածն ու խնայողությունները։

Հիրավի. Վազգեն Մանուկյանի կառավարությունը պատրաստվում էր մասնավորեցումների։ Ինձ վստահված ասպարեզի արժեքները աչքի լույսի պես պահպանվեցին, քանի որ առաջին իսկ օրից ոչ միայն բացեիբաց տեղեկացրել էի, որ արտադրական միջոցները, տարածքներն ու այլ արժեքներ գնելու են այդ ամենը տնօրինողները, այլև ամեն կերպ լծակներ էի ստեղծում երկրով մեկ ծավալված հերթական կողոպուտի վարակը դիմագրավելու համար։

Այս ծրագրերը գաղտնիք չէին և իրականացվելու էին։

Բայց ահա, յատկապես 1991-ի օգոստոսյան պետական հարվածից հետո, երբ կոմկուսը դադարեցրեց իր սահմանադրական ղեկավարող դերը, Մոսկվան պահանջեց, որ հանրապետություններն ունենան իրենց նախագահները։ Ամենուրեք Գերագույն սովետների նախագահության նախագահները կոչվեցին պարզապես նախագահներ։ ճիշտ այնպես, ինչպես 1990-ի մարտ 14-ի քվեարկությամբ Սովետական Միության նախագահ դարձավ կոմկուսի գլխավոր քարտուղար Մ. Գորբաչովը։

Ի դեպ, 1989-ի հունիս 7-ից անցել էի ընդդիմության հարյուր վաթսուն ութ հոգիանոց դեպուտատական խմբի մեջ, որ ըստ էության ֆրակցիա էր և միայն Մ. Գորբաչովի ահաբեկված խնդրանքից հետո պայմանականորեն որոշեցինք խումբ կոչվել։ Դրանից ընդդիմության էությունը չէր փոխվում։

Ահավասիկ, հենց այդ ընդդիմության հերթական ժողովին որոշուեց չընդունել Մ. Գորբաչովին Սովետական Միության նախագահ նշանակվելու առաջարկը։ Բայց հնազանդ մեծամասնությունը, իհարկե, պաշտպանեց այդ հերթական դիմակավորումը։ Արդեն իր հայտնի ելքով «ընտրության նախօրյակին» ֆրակցիան էլեկտրոնիկ համակարգով հաստատեց իր ներկայությունը և ոչ թե թեր, դեմ կամ ձեռնպահ քվեարկեց, այլ ընդհանրապես չքվեարկեց։ Մեր սկզբունքային անհամաձայնությունը կարողացանք այդ կերպ միայն արտահայտել։

Հայաստանյան մեր շրջանակի մեջ հայտնի էին այն հետևանքները, որպիսիք լինելու էին նախագահական հանրապետության մեջ։ Հետևաբար, գործնական ու խելացի միջոցը մնում էր արդեն իրեն լավագույնս դրսևորած նախարարապետին նախագահի թեկնածու առաջադրելը։ Մենք սկսեցինք աշխուժորեն աշխատել այդ ուղղությամբ, բայց Վազգենը, ելնելով ժողովրդավարության դարձյալ իր օրինակելի ըմբռնումներից, հրաժարվեց նման ծրագրից։

Սովետական Հայաստանի Գերագույն սովետի նախագահության նախագահ Տեր-Պետրոսյանը Մ. Գորբաչովի օրինակով և օրհնանքով դարձավ Հայաստանի նախագահ։ Մեր հանրապետությունը, որ Սովետական Միության փլուզումից հետո իր նվաճած ազատությունից բացի ստանալու էր նաև անկախություն, մնաց ոչ թե իր ընտրած ճանապարհի կեսին, այլ արագորեն գահավիժեց։

Նախագահական իշխանությունն ու նախագահական կառավարությունը Հայաստանի ճակատագիրն առան իրենց ձեռքը։ Այժմ այդ ճակատագիրը, ինչպես արդեն հաչս համոզվել ենք, հայտնվեց բախտախնդիրների ու գջլոտների տնօրինության ներքո։ Մեծ թափով սկսվեց «սեփականաշնորհումը», որ իրականի մեջ սեփականայուրացում դարձավ։ Ազգային արժեքները թափոնների գներով տրվեցին նախագահների մերձավորներին ու հավատարիմներին։ Ազգային ունեցվածքը ծախու հանեցին հորինված պարտքի դիմաց, որ Մոսկվան պահանջեց դարավոր ու վստահելի, հավատակից և ռուսասեր Հայաստանի ձախավեր իշխանություններից։ Այդ հացկատակների մեջ չգտնվեց մեկը, որ հաշիվ պահանջեր, թե այդ ի՞նչ և ո՞ր պարտքի դիմաց է Մոսկվան սեփականացնում ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական մեր հզոր միջոցները։

Տեր-Պետրոսյանից մինչև Քոչարյան [և սերժիկ Սարգսյան] գիտե՞ն արդյոք, թե այն դեպքում, երբ Նաիրիտ գործարանը Երևանի ազգաբնակչությանը թունավորելու գնով Մոսկվային տարեկան տալիս էր 15 միլիարդի շահույթ, ապա Սովետական Հայաստանի տարեկան գանձարկղը ստանում էր ընդամենը երեք ու կես միլիարդ ռուբլի։ Միայն Նաիրիտը… Իսկ Քաջարա՞նը, իսկ Զո՞դը, իսկ Ալավերդի՞ն, իսկ Կիրովականի քիմիական գործարա՞նը… Իմ այս թվարկումը էջեր կը լրացնի…

Իբրև գաղութարար կայսրություն՝ Մոսկվան կողոպտել է Հայաստանի ընդերքի հարստությունները, խափանել է Հայաստանի բնության հավասարակշռությունը, իրականացրել է ժողովրդին բնաջնջելու ռուսական վաղեմի քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, ոչ միայն բարոյական, այլև հոգևոր առումով։

Եվ այսքանից հետո դեռ պա՞րտք ենք մնացել…

Թե՞ «պարտքը» ժողովրդի հաշվին վճարում են մեղրոտ մատները ախորժակով լիզելը թաքցնելու համար…

«Հերիք ինչքան քովեն դիտեցինք»

Նախագահական հանրապետություն դառնալով՝ Հայաստանը դադարեց լինել ազատ և անկախ։

Մոսկվայի դրածոները սկսեցին անհագուրդ կողոպուտ։ Իշխանությունը դադարեց ազգային նյութական ու հոգևոր արժեքները պահպանել։ Նրա համար ազգային գերագույն շահը կորցրեց իր իմաստը իբրև ազգային ինքնագիտակցության բաղադրիչ։

Հոգևոր-մշակութային արժեքների մեջ հիմնական կորուստը եղավ հայերենի մասին Սահմանադրական լիակատար օրենք չունենալը։ Եվ սա այն պարագային, երբ 1990-91 թվականների դեռևս սովետական իրականության պայմանների մեջ, երբ հնարավոր էր շրջանցել Մոսկվայի տնտեսական հարվածները, երբ հնարավոր էր ստեղծել զինվորական հատուկ գունդ և Պաշտպանության կոմիտե, և երբ անարգել լույս էր տեսնում Ռաֆայել Իշխանյանի «Լուսավորիչ» պարբերականը Սահակ-Մեսրոպյան ուղղագրությամբ, երբ նույն մեր ոգուն և լեզվին հարազատ ուղղագրությամբ հրատարակվող գրքերը վաճառվում էին բացառիկ արագությամբ և ոչ ոք չէր տրտնջում «անհասկանալի» կամ «դժվար» լինելուց, երբ փակվում էին ոչ թե լեզու սովորեցնող, այլ մեր զավակներին ուղղակի ռուսացնող դպրոցները… Քաղաքական ասպարեզում Վազգեն Մանուկյանին կորցնելու հետ մենք կորցրեցինք նաև մեր ոգեղենության, մեր էության, մեր ինքնության միակ գրավականը՝  հայոց լեզվի, հայերենի ուղղագրության և այբուբենի պաշտպանության ու վերականգնման հնարավորությունը։

Չմոռանանք նաև, որ նախագահն էր հայտարարողը, թե լեզվի խնդիրներից շատ ավելի հրատապ հարցեր կան։ Եվ եթե իրեն մտավորական համարող և «համաշխարհային համբավ ունեցող գիտնական» կարծող մեկն էր հայերենի հարցը թերագնահատում, այլևս ի՞նչ կարող էինք սպասել կոմկուսակցան զանազան թերուս և ընդհանրապես որևէ լեզվի ՉՏԻՐԱՊԵՏՈՂ (որովհետև կոմկուսակցական կարգախոսներով բացատրվելը դեռ հեռու է լեզվին տիրապետել համարվելուց) մի Խոսրով Հարությունյանից, մի Դեմիրճյանից [մի Սարգսյան պրիմից] և նրանց նման մյուսներից, որոնց համար հայոց լեզուն բացարձակապես արժեք չի ներկայացնում։ Եվ ինչո՞ւ միայն նրանց… այլև լեզվաբանների մի ստվար բանակի, գրողների մի բազմության ու նաև առանձին «ամենայն հայոց»ների համար, որոնք բավական չէ, համարձակվում են այդպիսի տիտղոսը յուրացնել, այլև հայտարարել, թե «ուղղագրությունը վերականգնողները քյալլագյոզներ են» (Ս. Կապուտիկյան)։

Օգտագործելով ինձ հոգեհարազատ համախոհներիս՝ Եվսեբիոսի և ՅԻՊԷ-ի բարեբաստիկ վրիպումը, այս ամենը շարագրեցի ոչ թե սոսկ պատմության համար, այլ մի վստահությամբ, թե ոչ հեռու անցյալին ուղղված սևեռուն հայացքն ու իրադարձությունները իբրև վկայող պեղելը հնարվորություն կտա վերանայելու շատերիս կրավորական կեցվածքը։

Քանի ժամանակը դեռ կարող է աշխատել ազգային ու հասարակական մեր կյանքի մեջ բարեփոխություններ իրականացնելու օգտին, գուցե փորձենք ձեռքից բաց չթողնել պատմական բացառիկ հնարավորությունը։

Ի վերջո, պետք է գիտակցենք, որ մեր հասարակությունը տգետ, հացկատակ, թերուս ամբոխը չէ։ Եվ մեր հասարակության առողջ ընտրանին ընդունակ է ոչ միայն ասպարեզից քշել այդ ամբոխը, որ իրեն նաև ժողովուրդ կարծեց, այլև անմիջական մասնակցություն ունենալ մեր երկրի ճակատագրին, հետևաբար լինել ոչ թե քովից դիտող, այլ ներգործող ուժ՝ ըմբռնելով այն ճշմարտությունը, որ նորին մեծություն ժամանակն այնքան էլ առատաձեռն չէ  հատկապես ազգային քաղաքական գործիչներ ծնելու խնդրում։

Մարտ, 2008

Կարեն Ա.ՍԻՄՈՆՅԱՆ

Լույս է տեսել Լ.-Ա.-ի ՆՈՐ ԿՅԱՆՔ շաբաթաթերթում  2008-ի ապրիլին

Յ.Գ.  Իմ այս հոդվածը գրել եմ 2008-ի մարտին և կարճ ժամանակ անց հրապարակել եմ։ Այսօր` երեք տարի անց, անհրաժեշտ համարեցի նորից անդրադառնալ ոմանց համար արդեն սիրով մոռացության տված ժամանակներին, քանի որ պրն. Լ. Տեր-Պետրոսյանի խուժանարարությունը դեռևս շարունակվում է, և նրան հետևող տարբեր գույնի հացկատակներ՝ ատամները սրած, ձգտում են Հայաստանի արնածոր մարմնից մի պատառ էլ իրենք փախցնել։

Ինձ համար ահագնացող վտանգավորություն են ներկայացնում է այն գործողությունները, որ դրսևորում են հայաստանյան հացկատակները և սփյուռքի էմիսարները՝ շարունակ ներշնչելով, թե երեք ոճրագործներից զատ ուրիշ մեկը չկա, որին Հայաստանի առողջ հասարակության խոշոր խավը տեսնի երկրի նախագահ։ Այս քարացած ու բազմաթիվ ողբերգությունների պատճառ դարձած մտածողությունն ունեցողներին ես չեմ մեղադրում։ Այդ զանգվածն է, որ փսլնքոտ իրենց շրթունքներով դեռևս ազգային արժեքներ են համարում բոլոր կարմիր կոմունիստներին՝ Կասյանից մինչև Խանջյան, և սրանից էլ մինչև Դեմիրճյան։

Չեն ուզում ըմբռնել, որ երեք ոճրագործներից  ում էլ Մոսկվան նստեցնի նախագահական աթոռին, միևնույն է, հայ ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունը շարունակվելու է և շարունակվելու է Հայաստանի գաղութային նվաճումը։