Ղարաբաղի հարցը ոչ Արայիկից, ոչ Ալիեւից եւ ոչ էլ Պուտինից կախված չէ․ Վազգեն Մանուկյան

0
157

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը լայն քննարկումների առիթ է դարձել: Փաշինյանի վերջին ասուլիսի թերևս ամենակարևոր մասն այն է, որ թշնամի Ադրբեջանը կարող է ռազմական էսկալացիա սկսել մեր դեմ: Վարչապետն ակնարկեց, որ եթե մինչև 2023-ի ավարտը Հայաստանը չբավարարի թշնամի պետության պահանջները՝ չկնքի Խաղաղության պայմանագիրը, պատերազմական գործողություններ են սկսվելու: Սակայն կարծիք կա, որ սրանով վարչապետը փորձում է մեզանում վախի մթնոլորտ ձևավորել, որ ցանկացած նոր կապիտուլյացիայի ստորագրում հանգիստ անցնի: Իսկ ընդդիմությունը բացի մի քանի ֆեյսբուքյան գրառումից ու հարցազրույցներից, ոչինչ չի ձեռնարկում: Կարծիք կա, որ ընդդիմադիրները համակերպվել են Հայաստանի կործանման հետ ու չեն ցանկանում պայքարել:

«Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ընդդիմության մասին խոսել չի ցանկանում, սակայն մենք նրանք հարցեր ուղղեցինք Արցախի ճակատագրի և հնարավոր պատերազմի մասին:

– Այդ քննարկումների մեջ չեմ ցանկանում շատ խորը մտնել, սակայն պատերազմի վտանգ միշտ էլ կա, ոչ մի նորություն չկար այդտեղ: Նամանավանդ, որ Հայաստանը ոչ մի ջանք չի թափում բանակը վերակառուցելու, արդիականացնելու, կրկին մարտունակ դարձնելու համար: Վտանգ միշտ էլ կա:

– Նիկոլ Փաշինյանն ակնարկեց, որ մինչև 2023-ի ավարտը պետք է Ադրբեջանի պահանջները բավարարվեն….

– Հասկանալի է…. երկու կողմով էլ կանգնած են կարմիր գծի վրա: Պատերազմը միշտ էլ հավանական է:

– Արցախի նախագահը բացառում է, որ Արցախը կարող է գնալ Ադրբեջանի պահանջած ինտեգրացիայի ճանապարհով:

– Իհարկե, ինտեգրացիա չի կարող լինել: Ղարաբաղի հարցը ոչ Արայիկից, ոչ Ալիևից և ոչ էլ Պուտինից կախված չէ: Այն արդեն միջազգային հարց է, որը դեռ երկար է մնալու:

– Իսկ ումի՞ց է կախված Ղարաբաղի հարցը:

– Դա կախված է շատ պետությունների շահագրգռվածություններից: Այն մի հանգույց է, որը որպես Ղարաբաղի հարց միջազգային հարթակում մնալու է: