ՄԵՆՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԶԳ ԵՆՔ

Ես գիտեմ, որ այսօր  ՝ՙ ձեզ, և՝ինձ, և՝ բոլորին բազմաթիվ հարցեր են հուզում․ պարենային, կադրային հարցերը, հողի մասին օրենքի, մասնավոր սեփականության անցնելու, շրջաններում արտակարգ լիազորներ նշանակելու խնդիրները: Եվ դրանք իրոք հրատապ են: Ես շատ կարևոր եմ համարում նաև իրավիճակը Արցախում: Բայց այսօր կուզենայի խոսքս սկսել մի ուրիշ հարցից:

Այժմ կառավարությունը քննարկում է թ ՝ՙ տնտեսական, թե՝կադրային հարցեր, բայց, ի վերջո, ամեն ինչ հանգում է շատ կարևոր հարցին՝ ո՞րն է մեր քաղաքական ուղղությունը:

Պարզվում է, որ եթե մենք չհստակեցնենք, թե ինչ քաղաքական ուղի ենք ընտրելու, ինչ ճանապարհով ենք գնալու, շատ հարցերի պատասխաններ այսօր ուղղակի հնարավոր չի լինի գտնել: Նույնիսկ կադրային հարցում մեծ նշանակություն ունի, թե ինչ ճանապարհով ենք գնալու: Մենք ընդունել ենք Հռչակագիր անկախության մասին, հռչակել ենք, որ մեր հանրապետությունը քայլ առ քայլ գնում է դեպի անկախ պետություն: Հարց է առաջանում,ինչպե՞ս, ի՞նչ քայլեր անելով:

Այսօր գրեթե բոլոր հանրապետություններն էլ հայտարարել են, որ իրենք փորձում են դառնալ անկախ պետություն: Լիտվան հռչակեց, որ ինքն անկախ է: Ոչ մեկը չընդունեց նրա անկախությունը, և նա անկախ չէ: Բնական է, որովհետև անկախությունը էապես պայմանավորված է նաև ուրիշների կողմից այն ճանաչելով: Փորձեր կատարվեցին  անկախ տնտեսություն կառուցելու: Այդ փորձերը ևս անհաջող էին: Նույն ձախողումներն ունենք և մենք: Փորձենք պատկերացնել, թե ինչ է նշանակում անկախ տնտեսություն: Իհարկե, աշխարհում բացարձակ անկախ պետություն գոյություն չունի: Բոլոր երկրներն էլ տնտեսապես կապված են միմյանց հետ: Մինչև այժմ միակողմանի կապերով կապված էինք Խորհրդային Միության հետ, և տնտեսական անկախությունը մենք պատկերացնում ենք հետևյալ կերպ. ոչ թե կտրել այդ կապերը, այլ որոշ դեպքերում խորացնել դրանք: Մենք պետք է կարողանայինք ստեղծել նաև նոր կապեր ուրիշ երկրների հետ, և այդ տնտեսական կապերի ցանցը պիտի ստեղծեր հավասարակշռություն, միակողմանի կախվածություն չէինք ունենա: Մենք կարո՞ղ ենք ուրիշ երկրների հետ կապեր ունենալ, թե ոչ:

Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք: Ամեն օր արտասահմանյան տարբեր ֆիրմաների ներկայացուցիչներ, սփյուռքահայեր մոտենում են տարբեր առաջարկներով (որոնց մի մասը ցնդաբանություն է, մի մասը՝ շատ արժեքավոր), բայց պետք է խոստովանենք, որ մեր արտաքին հարաբերությունները լիովին գտնվում են Կենտրոնի վերահսկողության տակ: Իհարկե, այդ արգելքները շրջանցելու բազմաթիվ ձևեր կան, և որոշ խելոք մարդիկ էլ այդ ձևերն առաջարկում են, բայց շրջանցելով մենք անկախություն չենք ստանա: Որքան էլ խորամանկ լինենք, մեր դեմ կանգնած է կայսերական դարավոր փորձ ունեցող մի պետություն, որը մեզնից խորամանկ է, լծակներն էլ իր ձեռքում են: Արտաքին կապերից զատ, կա նաև ներքին տնտեսություն: Օրինակ՝ Խորհրդային Միությունն ընդունել է փոքր ձեռնարկությունների մասին օրենք: Մենք քննարկում ենք, թե ինչպես տեղայնացնենք այդ օրենքը, որովհետև դա շատ կարևոր է: Ամբողջ աշխարհում փոքր ձեռնարկությունները տնտեսության զարգացման խթան են: Բայց տնտեսության մեր մոտեցումը հիմնովին տարբեր է: Եթե մենք ուզում ենք անցնել մասնավոր սեփականության և փոքր ձեռնարկությունները պատկերացնում ենք որպես մասնավոր սեփականություն, ապա Խորհրդային Միությունն ուզում է ստեղծել շուկայական մեխանիզմներ՝ պահելով պետական սեփականությունը:

Հետագայում կունենանք հզոր գիշատիչներ, որոնք մեծ դեր կկատարեն: Բայց դա ժամանակի խնդիր է: Եվ մինչ մենք դա իրականացնենք, նրանց պետական փոքր ձեռնարկությունները մեծ ուժ կունենան Հայաստանում: Մենք անընդհատ հակասությունների մեջ ենք Խորհրդային Միության հետ: Եվ գտնում եմ, որ ճողոպրելու այս ճանապարհով անկախություն չենք ստանա: Վերջին ժամանակներս Խորհրդային Միությունում մեկ ուրիշ գործընթաց է նկատվում: Բոլորը կարծես կրկին հավաքվում են Կենտրոնի շուրջը: Ես վախենում եմ, որ մենք կարող ենք պահը կորցնել: Կամ կկորցնենք պահը, և այս պետությունն ինչ-որ ձևով կկարողանա միասնական գնալ, կամ այն կսկսի քանդվել, մենք էլ նրա հետ, փլատակների տակ կմնանք: Մի ձև կա, որ ես առաջարկել եմ թե՝ իմ «Գնացքից թռչելու ժամանակը» հոդվածում, և թե՝Գերագույն խորհրդի իմ ելույթներից մեկում:

Մենք ունենք մի առավելություն, որը հանրապետություններից և ոչ մեկը չունի: Դա միատարր բնակչությունն է: Այն, ինչ որ մենք կարող ենք անել, ուրիշ ոչ մի հանրապետություն անել  չի կարող:

Առաջինը․ հանրաքվեն է: Առաջին հայացքից այն ծիծաղելի է թվում: Ես համոզված եմ, որ հանրաքվեի արդյունքները դրական կլինեն, ժողովրդի 70-80 տոկոսն անկախության կողմ կքվեարկի: Եվ եթե մեզ հաջողվի ստանալ դրական արդյունք, ապա այդ փաստաթուղթը միջազգային մեծ կշիռ կստանա: Խորհրդային Միությունը դա շրջանցել չի կարող: Եթե հիշում եք, Գորբաչովն էլ էր ասում, որ ԽՍՀՄ-ից դուրս գալու մի ձև կա՝ հանրաքվե, որ խորհրդարանի որոշումը դեռևս ամբողջ ժողովրդի կարծիքը չէ: Ինչու՞ է նա այսպես մտածում: Նա համոզված է, որ հանրաքվեն լիովին համապատասխանում է  ԽՍՀՄ սահմանադրությանը: Հաշվի առեք, որ Արևմուտքը երբեք չի ընդունի որևէ հանրապետության անկախությունը, եթե այն չի ընդունվել Խորհրդային Միության կողմից: Մեր անկախությունը նախ հարկավոր է պարտադրել Կենտրոնին: Հանրաքվեի արդյունքներով կարող ենք արժանապատվությամբ, առանց զգացմունքների, բանակցությունների գնալ Մոսկվա: Նշել մեր անկախության փուլերը, նշել, թե այդ փուլերում ինչ պարտավորություններ ունենք մենք, ինչ պարտավորություններ՛ դիմացինը, և այդպես շարունակ: Իսկ հիմա, եթե մեր ձեռնարկություններից որևէ մեկը կապ է հաստատում արտասահմանի հետ, վալյուտա է աշխատում, ապա դրա 40 տոկոսը գնում է ԽՍՀՄ-ին՝ պարտքերը մարելու համար: Ես կարծում եմ, որ առաջին փուլում Հայաստանի պարտքերը հենց ԽՍՀՄ-ի արտաքին պարտքի այն մասն են, 400-500 միլիոն դոլար, որ մենք վերցրել ենք մեզ վրա: Այդ պարտքերը մարելը դժվար չէ: Գուցե շատերին դուր չգա, բայց միայն կաուչուկ արտադրելով՝2-3 տարում պարտքերը կարող ենք մարել: Եվ կարելի է գծագրել, թե փուլ առ փուլ ինչպես ենք գնալու անկախության:

Կարող եք հարցնել, իսկ եթե Կենտրոնը չհամաձայնվի՞: Չհամաձայնվի, մեր ընտրած ճանապարհը կա ու կա: Այս վիճակում չափազանց դժվար է անկախ տնտեսական ծրագրեր իրականացնել: Եթե անկախություն չունենանք, տնտեսական ծրագրերի մի մեծ մասը պարզապես անհնար կլինի իրականացնել:

Հիմա ընդունում ենք հողի մասին օրենքները: Ստեղծում ենք մի խավ, որն էապես շահագրգռված կլինի անկախությամբ, բայց մյուս կողմից՝ իրոք, գյուղացին ինքն էլ երաշխիքներ պետք է ունենա, որ հողն իր ձեռքից չեն վերցնի: Իսկ ո՞րն է երաշխիքը. միայն անկախությունը: Ես ուզում եմ մի ուրիշ հարցի անդրադառնալ: Անկախության նպատակը միայն լավ ապրելը չէ: Անկախությունը միջանկյալ և կարևոր քայլ է: Բայց ունենք մեր գերխնդիրը: Ազգային հարցերում իմ մոտեցումը միշտ եղել է հանուն այդ գերխնդրի լուծման: 1915 թվից հետո հայությունը սփռվել է աշխարհով մեկ: Այն տպավորությունն է ստեղծվել 1915 թվի պատճառով է, որ մենք սփյուռքահայություն ունենք: Դա ինքնախաբեություն է: Մենք դարեր շարունակ սփռված ենք եղել աշխարհում, պետք է բաց աչքով նայենք ճշմարտությանը: Ճակատագրով սփռված ենք աշխարհով մեկ, և եթե նույնիսկ ունենանք մեր անկախ պետությունը, միևնույն է, բոլոր հայերով այստեղ չենք կարող հավաքվել:

Մենք համաշխարհային ազգ ենք, ու մեր խնդիրներն էլ համաշխարհային են: Դարերի ընթացքում հայերս միշտ փորձել ենք կազմակերպվել, ստեղծել որոշակի կառուցվածքներ, ազդել ամբողջ աշխարհի քաղաքականության վրա և մեր տեղը գտնել աշխարհում: Չի հաջողվել, որովհետև չի եղել կորիզը: Այդ կորիզը կարող է լինել միայն անկախ պետությունը: Անկախ պետությունն ինձ համար ոչ միայն մեր բարեկեցությունն է, այլև այն կորիզը, որի շուրջ պետք է համախմբվի ամբողջ հայությունը: Սփյուռքահայությունն այսօր, այո, պետք է օգնի հայրենիքի անկախացմանը, իսկ վաղը մենք կօգնենք դրսի հայությանը: Մենք համաշխարհային կառույցներ պիտի ունենանք:

Այս ուղղությամբ հարկ է մտածել ու գործել: Աշխարհի ամեն ծայրում ապրող հայը պիտի գիտակցի, որ պարտք ունի հայրենիքի, իր ազգի նկատմամբ: Եթե ճակատագիրը նրան ուրիշ տեղ է տարել, դրանում խորհրդավոր բան կա: Մեր ազգը մի քիչ տարբեր է ուրիշ ազգերից: Մենք պարտք ունենք կատարելու, մենք առաքելություն ունենք, որը իրականացնելու համար անկախ պետություն պետք է ունենանք:

Ես ուզում եմ, որ ներքին ըմբռնում լինի, թե մենք ինչ ճանապարհով ենք ուզում գնալ: Իհարկե, այդ ճանապարհը պետք է քննարկել: Դուք կարող եք ինձ հետ չհամաձայնվել, բայց պետք է համաձայն լինեք քննարկմանը: Այսպես անորոշ մնալ չի կարելի: Մենք ասում ենք․զրկանքների մեջ ենք, սնունդ չկա, որովհետև գնում ենք դեպի անկախություն: Սուտ է: Ողջ Խորհրդային Միությունում է այդպես: Դրա պատճառներն ուրիշ են: Մենք զրկանքների մեջ ենք՝ առանց նպատակի: Ավելի  լավ է  զրկանքները մի քիչ շատ լինեն, բայց նպատակը հստակ լինի: Եվ այս տեսակետից շատ մեծ նշանակություն ունի մեր ազգի ներքին բարոյականությունը: Միայն տնտեսական խնդիրներով մենք որևէ բանի հասնել չենք կարող: Մենք պետք է լուծենք մեր ազգային բարոյական խնդիրները: Այդ տեսակետից շատ վտանգավոր է մտավորականության ընդհատակ անցնելը: Ես կողմնակից եմ, որ մտավորականությունը լինի քննադատի դերում: Իհարկե, կարելի է ընդհատակ անցնելու պատճառները գտնել, կարելի է այս կամ այն մարդուն մեղադրել, բայց դա չէ կարևորը: Կարևորն այն է, որ մեր մտավորականությունը (չեմ ասում միայն տիտղոսավորները) ազգի միջնաբերդը դառնա, որի շուրջ հավաքվի ազգը և կարողանա լուծել իր հարցերը:

Վարչապետ Վ.Մանուկյանի ելույթը 1990 թ. դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում «Հայաստանի Հանրապետություն», 1990 թ., 16 դեկտեմբերի