Մոսկվան լավ գիտի, որ հայերից իրեն ոչ մի վտանգ չի սպառնում

0
290

Արդեն ութ ամիս է, ինչ մեր ժողովուրդն անընդմեջ, փուլերի բաժանված պայքար է մղում: Նախ գնահատենք վերջին փուլի՝ անցած մեկուկես-երկու ամսվա արդյունքները:

Եթե սկսենք մանրամասն գնահատել այն ամենը, ինչ եղավ այդ ընթացքում՛ գործադուլներ, նստացույցեր, դասադուլներ, հացադուլներ, ընտրություններ, շատ կխճճվենք, թեև դրանց մանրամասն վերլուծությունը մի օր կանենք: Ուստի վարվենք հետևյալ կերպ. տեսնենք, թե մեկուկես-երկու ամիս առաջ ինչպես էինք պայքարում, ինչ ծրագրերով, ինչ վիճակում էինք:

Ղարաբաղի հարցը: Կային պայքարի և այլ ոլորտներ, դրանց ես այսօր չեմ անդրադառնա: Մեկուկես ամիս առաջ հայտնի էր, որ Մոսկվայում ազգությունների խորհրդի հանձնաժողովը քննարկելու է Ղարաբաղի ստատուսի հարցը: Ի՜նչ մտադրություններ կային: Լրջորեն քննարկվում էր միայն մեկ հարց՛ Ղարաբաղի Ինքնավար Մարզը դարձնել ինքնավար հանրապետություն՝ թողնելով Ադրբեջանի կազմի մեջ: Դրան համաձայն էին շատերը: Անգամ Ղարաբաղի պայքարի առաջին գծում գտնվող այն տնօրենները, որոնց նպատակն էր Ղարաբաղը վերամիավորել Հայաստանին, այնուամենայնիվ մտածում էին, որ տվյալ պահին, պայքարի տվյալ փուլում միակ բանը, որին կարելի է հասնել, մարզը հանրապետություն դարձնելն է: Նույն կարիծիքի էին նաև ազգությունների խորհդրի հանձնաժողովի Հայաստանի ներկայացուցիչները: Այդպիսով մենք մտանք պայքարի այսօր քննարկվող փուլը:

Ինչո՞վ դուրս եկանք: Այժմ արդեն, ինչպես հայտնի է, Մոսկվայում լրջորեն քննարկվում է նաև Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու հարցը: Բոլոր տնօրենները Ստեփանակերտում վճռականորեն պնդում են, որ միակ ընդունելի քայլն անջատումն է: Նույն եզրակացությանն են հանգել նաև Հայաստանի ներկայացուցիչները, կառավարության անդամները, որոնք մասնակցելու են խորհրդակցությանը: Ուրեմն ընդհանուր հանրագումարով պայքարի այս փուլի արդյունքները պետք է դրական գնահատել: Բայց անհրաժեշտ է մի բան հաշվի առնել. եթե քննարկվում է անջատման հարցը, դա դեռ չի նշանակում, թե իրոք անջատվելու է, դրանից չի բխում նույնիսկ, թե մարզը հանրապետություն կդարձնեն: Քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում, և ընդունելի որոշումների բնույթն էլ կարող է շատ արագ փոխվել: Ամեն ինչ կախված է մեր պայքարից:

Ես կցանկանայի անդրադառնալ նաև մեր պայքարի նախորդ փուլերին: Ինչպես գիտենք, Ղարաբաղի հարցը շատ վաղուց էր արծարծված, դեռ տասնյակ տարիներ առաջ փորձեր էին արվում՛ այդ հարցը լուծելու: Գրվում և Մոսկվա էին ուղարկվում հազարավոր նամակներ, դիմումներ, կոչեր, ստորագրություններ, որոնց հիմքում ընկած էր հետևյալը. չեղյալ հայտարարել 1921թ. որոշումը և Ղարաբաղը վերամիավորել Հայաստանին:

Հայտնվեցին տեսաբաններ, որոնց տեսակետը պարզ էր. համոզել Մոսկվային, թե Ղարաբաղը Հայաստանին տալը ձեռնտու է իրեն: Ինչպե՞ս: Նախ, Մոսկվային համոզել, թե մահմեդականությունը, իբրև այդպիսին, պոտենցիալ վտանգ է Ռուսաստանի համար: Նրանց կարծիքով, եթե մենք անընդհատ համոզենք Մոսկվային, շարունակ ապացուցենք, որ Ղարաբաղը մերն է, և ասենք, որ մենք էլ դեմ ենք մահմեդականությանը, ապա ռուսները Ղարաբաղը կմիավորեն Հայաստանին: Եթե քննենք այս տեսակետը, կտեսնենք, որ այն շատ թերի կողմեր ունի: Նախ, ճշմարիտ չէ բուն գաղափարը, ըստ որի ռուսներին մենք կարող ենք ցույց տալ իրենց շահերը: Մենք,հայերս, որ հարյուրավոր տարիների ընթացքում կորցրել ենք մեր ժողովրդի հատվածները և մեր տարածքները, մի ժողովրդի, որը շարունակ ձեռք է բերել տարածքներ և մարդկային զանգվածներ (ձուլելով), բացատրում ենք, թե որն է նրա շահը: Սա աբսուրդ է:

Փետրվարյան օրերին զուգահեռ առաջ քաշվեց և սկսեց զորանալ մի նոր տեսակետ: Երբ հասկանալի դարձավ, որ Ղարաբաղը Հայաստանին միացնելը ձեռնտու չէ Մոսկվային, որ այդ միացումը հակասում է նրա շահերին, որ Մոսկվան վտանգավոր է համարում Ղարաբաղը Հայաստանին միացնելը, ոմանք մտածեցին, թե պետք է ընտրել պայքարի նոր ճանապարհ, այնպիսի վտանգ ստեղծել Մոսկվայի համար, որ նա ընկնի երկընտրանքի մեջ, և Ղարաբաղը Հայաստանին տալը ավելի քիչ վտանգավոր թվա նրան, քան չտալը: Այս տեսակետն էլ անհիմն է:

Մոսկվան լավ գիտի, որ հայերից իրեն ոչ մի վտանգ չի սպառնում: Այդ մեր հին ազգային քաղաքականությունն է, որ մենք ինչպես մեզ և ամբողջ աշխարհին, այնպես էլ Ռուսաստանին համոզել ենք, թե մենք շրջապատված ենք մահմեդականներով, որոնք մեր ոխերիմ ու գենետիկ թշնամիներն են, որ մենք ոչ մի ելք չունենք, որ այդ թշնամիները մեզանից տասնյակ անգամ ավելի են, ուստի մեր միակ միջոցը գոնե մի հավատարիմ բարեկամ ունենալն է: Այդ սխալ գաղափարը մենք ներարկել ենք ևՙ մեր, ևՙ Մոսկվայի մեջ, և նա մեզանից ոչ մի վտանգ չի սպասում, մտածում է.«Մեկ է, այդ ժողովուրդը առանց ինձ դիմանալ չի կարող»: Ահա այս գաղափարը անընդհատ կցվել է մեր ազգին, կցվել է տարբեր կողմերից, կցվել կազմակերպված ձևով:

Մի 3-4 անգամ ինձ հրավիրել են ՊԱԿ, տարբեր պատճառներով՛ կապված մեր այս շարժման հետ: Ու ի զարմանս պարզվեց, որ այնտեղ հավաքված են ամենահայրենասեր մարդիկ: Նրանք քարոզում էին․ չէ՞ որ դուք գիտեք, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող, թուրքերը մեզ կուտեն: Այսպես միալար քարոզվում է այդ միտքը: Մի բան, որ մեր ժողովրդին դարձնում է անկամ, անդեմ, զրկում պայքարի հնարավորությունից: Երբ խոսում ես մեր մտավորականության ներկայացուցիչների հետ, որոնք հասկանում են այս ամենը, ասում են. «Հա, այդ ամենը պարզ է, բայց ժողովրդին պետք չէ ասել»: Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, Ռուսաստանը 300 հազար հայերի կոչ արեց հայկական կամավորական ջոկատներ ստեղծել, որոնք պիտի օգնեին ռուսական բանակին՛ գրավելու Թուրքիան: Դրանից հետո էլ խոստացավ ինքնավարություն Թուրքիայից գրավված հողերում: Ազգային գործիչներից շատերը, հատկապես դաշնակցական կուսակցության մի շարք անդամներ գիտակցում էին, որ շատ վտանգավոր կլինի հայության համար, եթե ստեղծվեն այդպիսի ջոկատներ, քանի որ այդ վեց հազար հոգին չէ, որ պիտի գրավեին Թուրքիան, բայց ծայրաստիճան կգրգռեին Թուրքիայի ղեկավարներին:

Ուրեմն մեր ազգային գործիչները գիտակցում էին, որ այդ ճանապարհը հղի է վտանգներով, որ դա կարող է հայ ժողովրդին կործանել: Բայց քանի որ նրանք տարիներ շարունակ ատելություն էին ներշնչել Թուրքիայի նկատմամբ, քարոզել էին, որ միակ հնարավորությունը Ռուսաստանի օգնությամբ հայկական հողերը գրավելն է, գործիչների մեծ մասը լծվեց կամավորական ջոկատներ կազմակերպելու գործին: Հենց որ ազգային գործիչների մի մասը դեմ կանգնեց կամավորական ջոկատներ ստեղծելուն, ժողովուրդն ըմբոստացավ, քանի որ դաստիարակվել էր այն ոգով, որ իր միակ թշնամին Թուրքիան է, որ պետք է զինվել և կռվել նրա դեմ, և դրա շնորհիվ Արևմտահայաստանի ինքավարություն կստանա: Եվ հայ ազգային այն գործիչները, որոնք դեմ էին կամավորական ջոկատներ կազմելուն, ստիպված հենց իրենք ղեկավարեցին այդ շարժումը, որպեսզի ձեռքից բաց չթողնեն ժողովրդի վրա իրենց ազդեցությունը:

Ինչու՞ եմ սա հիշում: Ցույց տալու համար, որ երբ մի ժողովուրդ ատելությամբ է լցվում մի այլ ժողովրդի նկատմամբ, դա զրկում է նրան մանևրելու հնարավորությունից: Դա շատ սարսափելի բան է: Քաղաքական իրավիճակը փոխվում է,քաղաքական գործիչները հասկանում են, ջանում են ուղղություն տալ շարժմանը, բայց հնարավոր չի լինում, քանի որ ժողովուրդը տասնյակ տարիների դաստիարակության իներցիայով շարունակում է գնալ սխալ ուղղությամբ, և քաղաքական գործիչները հարկադրված համակերպվում են: Փետրվար ամսին բազմաթիվ ելույթներում, բազմազան փաստերով ապացուցում էինք, որ այն տեսակետը, թե մենք իբր ունենք մի հավերժական թշնամի ու մի հավերժական բարեկամ, սխալ է: Այն, որ մենք կամաց-կամաց սկսեցինք հրաժարվել այդ վնասակար տեսակետից, դուր չեկավ որոշ շրջանների, և սկսեցին հայ-ադրբեջանական ընդհարումներ հրահրելու փորձեր անել: Նրանց համար միակ փրկությունը ազգամիջյան կոտորածն էր, որը մոռացության էր մատնում այն քաղաքական, իրական փաստերը, որոնք դրված էին սեղանին: Սակայն ժողովուրդը գնաց այլ ճանապարհով, սկսեց կամաց-կամաց գիտակցել ճշմարտությունը և շարունակում է էլ ավելի խորը գիտակցել: Հենց դրանով սկսեցինք վտանգ ներկայացնել Մոսկվայի համար: Ուրեմն, եթե հայերը գիտակցեն այս նոր քաղաքականությունը, մանևրելու հնարավորություն ստեղծեն, կարողանան համակերպվել քաղաքական իրավիճակին և դառնան մեկ բռունցք, մեկ կազմակերպություն, դա արդեն բավականին վտանգավոր կլինի Մոսկվայի համար, և նա կմտածի․ թողնել, որ հայերը շարունակեն համախմբվե՞լ, թե՞ Ղարաբաղը տալ Հայաստանին: Բայց կարող է և այնպես լինել, որ հայության համախմբումը, մի բռունցք դառնալը, քաղաքական իրավիճակը գիտակցելը, այնուամենայնիվ, համարժեք լինի այն վտանգին, որը կապված է Ղարաբաղը Հայաստանին տալու հետ: Ղարաբաղը Հայաստանին տալը վտանգավոր է: Հայերը, երբ համախմբվում են, սկսում են գիտակցել նոր քաղաքականությունը, դա էլ է վտանգավոր դառնում Մոսկվայի համար, ուրեմն Մոսկվան չպետք է թողնի, որ հայերը համախմբվեն, գիտակցեն, և պետք է աշխատի Ղարաբաղը տալ…. Անհրաժեշտ էր, որ մի քանի միլիոն հայեր դառնան տասնյակ միլիոններ, և դա հաջողվեց:

Հիմա բացատրեմ: Մեր գործադուլները, քաղաքական պայքարը, բացի ներքին հարցերը լուծելուց, նաև օրինակ ծառայեցին սոցիալիստական երկրներում ապրող փոքրաթիվ ժողովուրդների համար: Պատահական չէ, որ մեր գործադուլներից հետո անմիջապես գործադուլներ արվեցին Լեհաստանում, շարժումներ սկսվեցին Մերձբալթիկայում: Այսինքն, մենք կարողացանք ստեղծել ավելի մեծ վտանգ,քան կարող էին ստեղծել 4-5 միլիոնը:Մենք սկսում ենք շրջել նավակը և դա կշարունակենք: Բայց չէ՞ որ միանգամից հարց է առաջանում․ մենք ընթանում ենք Մոսկվայի համար վտանգավոր ճանապարհով: Մոսկվան ունի երկու հնարավորություն. կամ պիտի Ղարաբաղը տա մեզ, որպեսզի մենք չշարունակենք այդ ճանապարհով գնալ, կամ պիտի ճնշի մեզ և դիմի ահաբեկչության: Արգավանդի, Խոջալուի և դրանց հաջորդող մյուս դեպքերը ցույց տվեցին կառավարությանը,որ 100-120 մարդ ոչնչացնելով շարժումը չի մարի, ավելի կբորբոքվի: Մենք ապացուցեցինք, որ կարող ենք կանգնել և պայքարել: Ուրեմն, պետք է դիմեին լայնածավալ ահաբեկչության: Բայց նրանք չեն կարող այդ անել, որովհետև Խորհրդային Միությունն այժմ շատ ծանր վիճակում է: Տնտեսությունը լիովին քայքայված է, իսկ դա հանգեցնում է ռազմական ուժի թուլացման, մինչդեռ այդ ուժն այն է, ինչի վրա հիմնված է այս պետությունը: Կորցնելով ռազմական ուժը, նա կորցնում է ամեն ինչ: Ուստի Խորհրդային Միությունը սկսեց նոր քաղաքականություն՝ դեմոկրատացման քաղաքականությունը: Ես ուզում եմ ընդգծել, որ դա Գորբաչովի քմահաճույքը չէ, դա քաղաքական անհրաժեշտություն է: Եթե Գորբաչովի տեղը մեկ ուրիշը լիներ, նա նույնպես ստիպված կլիներ գնալ այդ նույն ճանապարհով. իհարկե, երանգները տարբեր կլինեին՛ կապված անձի հետ: Նոր քաղաքականության իմաստը ո՞րն է. արդեն հասկանալի դարձավ, որ հին ձևերով ղեկավարել մեծ տնտեսությունը հնարավոր չէ, այն կքայքայվի: Մյուս կողմից, քանի որ պետությունը դեմոկրատական է համարվում,անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենք այնքան էլ վտանգավոր չեն, իրենց հետ կարելի է բանակցել: Իրենց պետք է դրամ տալ, նոր տեխնոլոգիաներ, և դրանց շնորհիվ պետությունը ոտքի կկանգնի ևՙ տնտեսապես, ևՙ ռազմականորեն: Եթե նա Հայաստանում լայնածավալ ահաբեկչության դիմի, ստիպված կլինի հրաժարվել այդ նոր ճանապարհից, արդեն իսկ ստացված պտուղներից: Մի այլ հարց ևս. մենք կարող ենք ի վերջո մի այնպիսի ծանր վիճակի մեջ դնել պետությանը, որ նրա համար գերադասելի լինի դիմել ահաբեկչության՝ հրաժարվելով նոր քաղաքականությունից: Մենք պետք է այդ հանգամանքը միշտ հաշվի առնենք: Այսինքն, միշտ գնանք անդունդի եզրով, բայց չսայթաքենք: Ոմանք անվտանգության համար առաջարկում են անդունդի եզրից նահանջել: Սակայն համաշխարհային պատմության մեջ դեռ ոչ մի շարժում չի հաղթել, եթե չի գնացել եզրով: Եթե մենք անվտանգության համար անդունդի եզրից այս կողմ քաշվենք, շատ կնահանջենք և ոչ մի բան չենք շահի: Պետք է միշտ մոտ լինենք եզրին: Երբ ընդհուպ մոտենում ենք սահմանագծին, դա անմիջապես զգում ենք. ամբողջ գիշեր ոռնում են ինքնաթիռները, զորք է լցվում Հայաստան, հասկանում ենք, որ անդունդի եզրին ենք, հարկավոր է զգույշ քայլեր անել: Մենք կշարունակենք մեր պայքարը: Ժողովրդին պատմության օրինակներով ցույց կտանք, որ այն տեսակետը, ըստ որի մենք մի բարեկամ և մի թշնամի ունենք, սխալ է: Մենք ցույց կտանք, որ այսօր այն առավել ևս սխալ է: Օրինակ կծառայենք սոցիալիստական երկրների բոլոր ճնշված ժողովուրդների համար, ալիքային շարժում կառաջացնենք: Կկարողանանք համախմբել բոլոր ճնշված ազգերին՛ ստեղծելով հզոր ուժ:

Եվ ես հայտարարում եմ. եթե Մոսկվան իմանար, թե ինչ վիճակում կլինի այս շարժումը սեպտեմբերին, ապա փետրվարին կգերադասեր Ղարաբաղը տալ Հայաստանին, եթե Մոսկվան իմանա, թե ինչ վիճակում կլինի շարժումը մեկ տարի հետո, հիմա Ղարաբաղը կմիացնի Հայաստանին։

Վ. Մանուկյանի ելույթը Ազատության հրապարակում, 1988 թ. հոկտեմբերի 14