«Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը Հայաստանին տանում է դեպի վերջնական կործանում»․ Վազգեն Մանուկյան

0
45

«Իհարկե ափսոսում եմ։ Այն ժամանակ մենք պիտի կարողանայինք փոխել իշխանությունը, և չէր լինի արտահերթ ընտրությունների գնալու այդ խեղկատակությունը»,-այսօր լրագորղների հետ ճեպազրույցում ասաց Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք չի փոշմանել այն ամենի համար, ինչի միջով անցավ՝ որպես Հայրենիքի փրկության շարժման վաչապետի թեկնածու, որի դեմ այժմ քրեական հետապնդում է իրականացվում։

Մանուկյանը նշեց, որ ի սկզբանե դեմ է եղել արտահերթ ընտրությունների և հայտարարել է, որ դա սխալ ճանապարհ է ու կարող է կործանարար լինել Հայաստանի համար։

«Եվ իսկապես Հայաստանը շատ մեծ հարված ստացավ այդ ընտրություններից»,-նշեց նա։

Ո՞վ էր մեղավոր, որ տեղի ունեցան արտահերթ ընտրություններ։

«Ով էր մեղավոր՝ չեմ կարող նշել, բայց վիճակն այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարում, որ եթե համաձայնության չգա խորհրդարանի ընդդիմության հետ, ապա չի գնա ընտրությունների։ Այսինքն ինչ-որ իմաստով դա երկուստեք ցանկություն էր»։

Կա՞ հույս Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։

«Ես տեխնոլոգիաներ չեմ կարող նկարագրել, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալը Հայաստանին տանում է դեպի վերջնական կործանում»,-նշեց Մանուկյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից իրականացվող քայլերին ու գործողություններին՝ Մանուկյանն ասաց, որ այս պահին որևէ գորոծղություն չի տեսնում որպեսզի որևէ գնահատական տա։

«Եղան մի շարք հանրահավաքներ՝ բավականին մարդաշատ, ոգևորիչ, որը չբերեց արդյունքի, բայց ի սկզբանե էլ հայտնի էր, որ թե նույնիսկ 50 հազար, 100 հազար մարդ էլ հավաքվի, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալու»։

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքների ընդունումով նախկին իշխանություններն արդեն համաձայն էին Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում, Վազգեն Մանուկյանն արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանի ասածների մեջ այնքան անհեթեթություններ կան, Մադրիդյանի վերաբերյալ՝ առավել ևս, նա մեր ժողովրդին հիմարի տեղ է դրել և մտածում է, որ երևի մի մասը կխաբվի։ Բայց ինչքան գնում է, ավելի քիչ մարդ է խաբվում»։

Արդյո՞ք մտածում է, որ ընդդիմությունը ստվերային համագործակցության մեջ է իշխանության հետ։

«Ես այդպիսի ենթադրություններ չունեմ։ Ժողովուրդն ամեն ինչ ուզում է բացատրել դավադրություններով։ Բայց ես Նապոլեոնի խոսքերը մեջբերեմ․ «Եթե մի բան կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ»։