Ռուսական շովինիզմի զարթոնքը թանկ շատ կնստի մյուս ժողովուրդների վրա

0
314

1986-ին Միխայիլ Գորբաչովը հրապարակավ հայտարարեց, որ ի տարբերություն աշխարհի այլ երկրների, ԽՍՀՄում ազգային հարցը գրեթե լիովին լուծված է։ Սակայն Լեռնային Ղարաբաղ անունով Անդրկովկասի մի ինքնավար մարզ շուտով պետք է հերքեր այս պնդումը։ Այնտեղ ծավալված դեպքերը ծնունդ տվեցին գորբաչովյան դարաշրջանի առաջին անկախ քաղաքական շարժմանը՝ «Ղարաբաղ» կոմիտեին, որն ստեղծվեց մինչ այդ բոլորովին անծանոթ մի խումբ մտավորականների կողմից։ Մաթեմատիկոս Վազգեն Մանուկյանը նրանցից մեկն է։ Մեկը այն «ծայրահեղականներից» (Գորբաչովի որակումով), որոնք համարձակվեցին մարտահրավեր նետել նիրհող հսկային։ Ոչ պաշտոնական մամուլում հրապարակված մի հոդվածում նա մատնանշում է Սումգայիթի (1988թ. փետրվար) դեպքերում Մոսկվայի խաղացած դերը և կոչ անում երկու հարևան ժողովուրդներին՝ հայերին և ադրբեջանցիներին մեկտեղ լուծել բոլոր ծագած հարցերը։ Կոմիտեի մյուս անդամների հետ նա բանտից դուրս եկավ ժողովրդական հուժկու ճնշման շնորհիվ։ Քանի որ Վազգեն Մանուկյանը Մոսկվայի քաղաքականության գիտակ է, նրա համար Կրեմլը գաղտնիքներ չունի։ Ստորև վարչապետն իր յուրահատուկ մոտեցումն է դրսևորում Ռուսաստանում կատարվող վերափոխումների նկատմամբ։

 –Դուք հետաքրքրվու՞մ եք Ռուսաստանի Հանրապետության քաղաքական իրավիճակով։

-Շատ։ Մեր քաղաքականությունը սերտորեն կապված է ՌԽՖՍՀ-ի ներկա գործընթացներին։ ԽՍՀՄ-ի բոլոր ժողովուրդների նման մեր ապագան ևս մեծապես պայմանավորված է նրանով, թե զարգացման ինչ ուղի կընտրի Ռուսաստանը։ Նա կարող է ընտրել կայսրությունը՝ այն դարձնելով իր հզորության գործիքը և կամ՛ զարգացնել սեփական տնտեսական, գիտական և մշակութային պոտենցիալը։ Պետք է խոստովանել, որ անցյալում նա միշտ նախապատվությունը տվել է առաջին ուղուն։

Մի՞շտ։

-Գրեթե։ Բացառությամբ, երևի, 1917թ. փետրվարյան հեղափոխությանը հաջորդած կարճատև շրջանի։ Սակայն հետագայում բոլշևիզմը, գիտակցաբար, թե ոչ, ընտրեց կայսրությունը։ Այսօր առկա է նույն պայմանական այլընտրանքը, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանն ընտրել է զարգացման ուղին։

 –Այսինքն  այն, ինչ Արևմուտքում գորբաչովականությու՞ն է կոչվում։

-Ուղին, որ այսօր ընտրում է ԽՍՀՄ-ը, Գորբաչովի բարի կամեցողության արգասիքը չէ, այն բխում է անհրաժեշտությունից, քանի որ ԽՍՀՄ-ն այսօր հետ է մնում բոլոր բնագավառներում, այդ թվում նաև՝ (որ ամենակարևորն է) ռազմական։ Պետք է նշել, որ այս հարցում վճռորոշ դեր խաղաց Արևմուտքի, մասնավորապես Ռեյգանի հետևողական քաղաքականությունը։

Ի՞նչ եք կարծում, Գորբաչովը մտածու՞մ էր արդյոք երկրի ապագաղութացման մասին, երբ ընտրում էր զարգացման ուղին։

-Բնավ ոչ։ Գորբաչովը սխալ գործեց, կարծելով, թե հնարավոր է կայսրությունը պահպանելով միաժամանակ հասնել տնտեսական զարգացման։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ այս երկու միտումները հակասում են իրար։ Այդպես նա կորցրեց Արևելյան Եվրոպան։

Արևմուտքում կարծում են, թե դա կատարվեց Գորբաչովի կամքով

-Նա պարզապես ընտրության հնարավորություն չուներ։ Ըստ իս, նա հիմա արդեն հասկացել է, որ այդ երկու նպատակները միասին չի կարելի իրագործել և համակերպվել է  տանուլ տալու մտքին։

Բայց, իհարկե, նվազագույն կորուստներով։ Նա փորձում է առավելագույն արդյունքի հասնել նվազագույն գնով։ Ինձ թվում է, թե Գորբաչովի նպատակը ԱՄՆ-ի նման պետություն ստեղծելն է, որքան էլ այս երկու երկրները տարբերվեն միմյանցից։ Երևի կարծում է, թե հանրապետություններին նահանգի կարգավիճակ տալով, ներկա Ռուսաստանում մի շարք այդպիսի նահանգներ ստեղծելով, այս ամենը զարգացնելով ու կենսամակարդակը բարձրացնելով՛ կկարողանա անջատողական միտումները խարխլել։

Դա իրագործելի՞ է ԽՍՀՄում։

-Գուցե։ Համենայն դեպս դրա համար անհրաժեշտ է տնտեսության կտրուկ զարգացում։ Իսկ դա չափազանց դժվար է, քանի որ ենթադրում է շուկայական տնտեսակարգ և մասնավոր սեփականություն։ Մինչդեռ հոգևարքի մեջ գտնվող մեր տնտեսությանը դա կարող է բուժելու փոխարեն տեղնուտեղը սպանել՝առաջ բերելով դրամի խիստ արժեզրկում և սարսափելի գործազրկություն։ Գորբաչովն անելանելի վիճակում է. ոչ կարող է վերադառնալ նախկին դրությանը, ոչ էլ գնալ արմատական փոփոխությունների։ Ինչ վերաբերում է մեզ, ապա Խորհրդային Միության շրջանակներում մենք ոչ մի ելք չենք տեսնում մեր տնտեսության համար։ Եվ սա վերաբերում է ԽՍՀՄ-ի բոլոր հանրապետություններին, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն ավելի հեշտությամբ կկարողանա վիճակը կարգավորել։

 –Իսկ Ռուսաստա՞նը։ Նա նու՞յնպես շահագրգռված է դուրս գալու ԽՍՀՄից։

-Այդ գաղափարը ես լուրջ չեմ ընդունում։ Ռուսները միշտ համոզված են եղել, որ կատարում են ինչ-որ միստիկական առաքելություն, որ երջանկություն ու քաղաքակրթություն են բերում իրենց ենթարկած «հետամնաց» ժողովուրդներին։ Այսօր նրանք խիստ վիրավորված են, երբ իրենց մեղադրում են, անվանելով զավթիչներ ու ստրկատերեր։ Նույնիսկ սկսում են մտածել, որ եթե իրենց բոլոր ջանքերը նվիրեին միմիայն իրենց, ապա այսօր շատ ավելի հարուստ կլինեին։ Կարծում եմ, չպետք է անտեսել Գորբաչովի դերը այս մտայնության տարածման գործում։

Միթե՞Գորբաչովի։

-Անշուշտ, դա նրա քաղաքականության հիմնական դրույթներից մեկն է։ Նա միշտ արհեստականորեն առաջ է բերում որևէ շարժում, հետո այն ճնշում է։ Այդ անում է, նախ, որպեսզի ալիբի ունենա շարժման թշնամիների աչքում և ապա, որովհետև ցանկացած շարժում ԽՍՀՄ-ում միտում ունի՛ անկառավարելի չափեր ընդունելու։ Օրինակ, ես համոզված եմ, որ նա բազմակուսակցությունն առաջ քաշեց ոչ միայն այն պատճառով, որ ստիպված էր, այլ որովհետև դա համապատասխանում էր նրա քաղաքական գծին։ Նա սկսեց սուր ճոճել նոր կուսակցություններ ստեղծելու գաղափարի դեմ, երբ դեռ ոչ ոք այդ մասին չէր էլ խոսել։ Մի բան, որ հանգեցրեց 6-րդ հոդվածի վերացմանը։ Նույնը վերաբերում է Լենինին։ Ըստ ունեցած տվյալների, նա է «տակից» թույլ տվել, որ սկսվի քննադատությունը, իսկ հրապարակավ հանդես է եկել պաշտպանի դերում։ Սակայն գործընթացն արդեն սկսված է…

Այս ամենում ո՞րն է Ելցինի դերը։

-Ես դա դեռևս հստակ չեմ պատկերացնում։ Մի բան պարզ է. ճարպկորեն հարվածի տակ դնելով նոմենկլատուրան, նա դրա շնորհիվ կարողացավ քաղաքական կշիռ ստանալ։ Բայց երբ պետության հոգսն ամբողջապես ընկնի նրա ուսերին, ինչպե՞ս կդրսևորի իրեն, չեմ կարող ասել։

Գորբաչովի մեջ շատ բաներ չեմ ընդունում, նրա քաղաքականությունը աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի, Ղարաբաղի համար, բայց որպես քաղաքական գործիչ, իր ունեցած կշռով, նրան չի կարելի համեմատել Ելցինի հետ։ Նա վիթխարի դեր է խաղում իր ժողովրդի պատմության մեջ,անկախ այն բանից, թե դա ինչպես կարող է անդրադառնալ իմ ժողովրդի վրա։

 –Ի՞նչ եք կարծում, իրո՞ք Գորբաչովը դեմոկրատ է։

-Կարծում եմ, նա ձգտում է ԽՍՀՄ-ի զարգացմանը։ Դրան հասնելու համար հարկավոր է հրաժարվել թեՙ միակուսակցությունից, թեՙ  մենիշխանությունից և թեՙ սոցիալիստական տնտեսակարգից։ Համոզված եմ, որ Գորբաչովը խորապես գիտակցում է համակարգի արմատական փոփոխման անհրաժեշտությունը։ Բայց և գիտի, որ ժողովուրդը դեռ դրան պատրաստ չէ։ Այստեղից էլ բոլոր հակասությունները, խուսանավումները…

Բայց նա նախանշված ուղուց չի շեղվում։

Իսկ գուցե նրա միակ նպատակը իշխանությունը պահե՞լն է։

-Իր սեփական իշխանությու՞նը։ Չեմ կարծում։ Ընդհակառակը։ Նա իշխանությունն օգտագործում է որոշակի նպատակով։ Նա շատ ավելի պարզ միջոց ուներ սեփական իշխանությունը պահելու համար։ Նա կարող էր իշխել որպես մի Կաստրո, հեշտ ու հանգիստ կյանք վարել … Որքան էլ ճգնաժամային լիներ երկրի վիճակը, 10-15 տարի դեռ կարելի էր այդպես ձգել։

 –Ինձ թվում է, շատ գորբաչովապաշտ եք արտահայտվում։

-Բայց նա հասկացավ, որ ԽՍՀՄ-ի վիճակն անտանելի է, և ի՞նչ պիտի ձեռնարկեր, եթե ոչ տնտեսությունը վերականգնել։ Այս ուղին էլ նա ընտրեց։ Նրան, անշուշտ, թվաց, թե մի քանի քայլն այս ուղղությամբ բավական կլինի տնտեսությունն առողջացնելու համար։ Իրականում ոչ թե մի քանի, այլ մի քանի տասնյակ անգամ հարյուրավոր քայլեր էին պետք։ Գորբաչովն, ըստ էության, պատրաստ էր այդ ուղիով մինչև վերջ ընթանալ։

Իսկ ռազմական հեղաշրջման վտանգ կա՞։

-Այո, բայց ինչու՞ ռազմական։ Կարծում եմ, Գորբաչովն ինքն էլ ընդունակ է  այդպիսի հեղաշրջում կատարելու։

Չեմ հասկանում, Դուք Գորբաչովին որակում եք որպես նորացման վճռական կողմնակից, միաժամանակ գտնում եք, որ նա ընդունակ է պետական հեղաշրջման։

-Գորբաչովն ունի մեկ նպատակ, գերիշխող և ժամանակակից Ռուսաստան։ Եթե նա զգա, որ երկիրը դեպի կործանում է գնում, կտրուկ շրջադարձ կանի, առանց սպասելու, որ նախախնամությունը թատերաբեմ բերի մեկ ուրիշին։ Նրա համար ամենակարևորը երկրի ճակատագիրն է։ Անշուշտ, ես ի վիճակի չեմ նրա մտքերը կարդալ, բայց կարծում եմ, որ իրեն ամրապնդելու համար նա ամեն ինչ կանի, որպեսզի ժողովրդավարական պետություն հաստատվի։

Եթե վճռական լինի այս ուղղությամբ, ապա ստիպված կլինի զոհաբերել որոշ տարածքներ։ Եվ նա կարծում է, որ դրանից  հետո ընդհանուր վիճակն այնքան կբարելավվի, որ հնարավոր կլինի խուսափել պայթյունի վտանգից։ Այնուամենայնիվ, քանի որ վախենում է իր միջամտության անցանկալի հետևանքներից, ապա մշտապես անկայուն վիճակում է հայտնվում՝ երկու հակադիր ուղղությունների արանքում։

Գուցե վերջիվերջո նա երկու մասի  բաժանվի։ Արևմուտքն էլ է դժվար վիճակում, կարծում է, թե Գորբաչովի միջոցով կկարողանա իր նպատակներին հասնել։

 –Կարծում եք, Արևմուտքը սխալվու՞մ է։

-Այսօր Արևմուտքը պրոգորբաչովյան է, ինչպես անցյալում կուրորեն պրոհիտլերյան էր։ Իմ գորբաչովամետությունն այն է, որ ես նրան մշտապես պիտի հիշեցնեմ այն արմատական փոփոխությունների մասին, որոնք ինքն է ի սկզբանե կատարել, բայց որոնք ամեն վայրկյան փորձում է ոտնահարել։

 –Արևմուտքը շատ է վախենում խժդժություններից

-Խժդժություններ կլինեն։ Վաղ թե ուշ Ռուսաստանը կընտրի զարգացած երկրների ուղին, որը, սակայն, լի է վտանգներով։ Արևմուտքի քաղաքական գործիչները դա լավ գիտեն։ Եթե մի կարճ պահ նրանք նպաստավոր դիրքորոշում ունեցան ԽՍՀՄ-ը խարխլող ազգային շարժումների նկատմամբ, ապա այսօր նրանք ավելի շատ հակված են Գորբաչովի «Միացյալ  Նահանգների» տարբերակի կողմը։ Նրանց կարելի է հասկանալ. նրանք նախընտրում են գործ ունենալ ոչ ռազմատենչ ժողովրդավարական մի մեծ տերության հետ, որը տնտեսական համագործակցության վիթխարի հնարավորություններ կընձեռի, և ոչ թե բազմաթիվ թերզարգացած փոքրիկ պետությունների հետ, որոնք միմյանց հետ մշտական պատերազմական հարաբերությունների մեջ են գտնվում։

Սակայն Արևմուտքը պետք է վերջի վերջո ըմբռնի, որ որոշ հանրապետություններ, միևնույն է, դուրս կգան ԽՍՀՄ-ից, ասենք, բալթյան երկրները։ Իսկ եթե ներկա իրավիճակը շարունակվի, ապա կովկասյան երեք հանրապետությունները ևս կհետևեն նրանց օրինակին։ Մարտավարական տեսանկյունից Ռուսաստանն Անդրկովկասից ավելի դժկամությամբ կհրաժարվի, քան բալթյան երկրներից։

Ինչու՞։

-Երբ Ռուսաստանը ժողովրդավարական դառնա, միևնույնն է, կհարի ընդհանուր շուկային։ Նա կարող է այսօր հաշտվել Արևելյան Եվրոպայի, նույնիսկ բալթյան հանրապետությունների «կորստյան» հետ, քանի որ ապագայում նրանց կվերագտնի մի հանրության մեջ, որտեղ կկարողանա որոշակի վերահսկողություն սահմանել իր նախկին վասալների նկատմամբ։ Մինչդեռ Կովկասում ոչ ոք չի կարող կանխորոշել, թե ինչպիսի դաշինքներ կկնքեն երեք հանրապետությունները ապագայում։ Բայց սրանք էլ վերջիվերջո կարող են պահպանվել ռուսական ազդեցության ոլորտներում։ Խնդիրը միանգամայն այլ է Միջին Ասիայում։ Նրա ազատագրումը անխուսափելիորեն կհանգեցնի կապերի խզման և նոր դաշինքների հաստատման այն քաղաքական հանրության հետ, որին այս հանրապետությունները կապված են լեզվամշակութային և կրոնական ընդհանրություններով։ Այս կորուստը Ռուսաստանի համար անդառնալի կլինի, հետևաբար ամենից քիչ սա կհանդուրժի։ Ուրեմն սպասենք նոր ազգամիջյան ընդհարումների տարածաշրջանում…

Հնարավո՞ր է, որ Սիբիրն անջատվի Ռուսաստանից։

-Դրան չեմ հավատում, չնայած 1918-ից ի վեր նման շարժում չկա։ Տնտեսական տեսանկյունից Սիբիրի, ինչպես և մեզ բոլորիս համար չափազանց շահավետ կլիներ անջատվել Ռուսաստանից, ասենք, մոսկվաբնակներից։ Ես ուսանել եմ Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքում և շատ եմ սիրում սիբիրցիներին։ Գուցե սա սուբյեկտիվ վերաբերմունք է, բայց Սիբիրում չունես քաոսի, խառնաշփոթության այն զգացողությունը, որ կա Մոսկվայում։ Մարդիկ այստեղ շատ ավելի խաղաղ են, սիրալիր, ազնիվ, քաղաքավարի, պարկեշտ ու մեծահոգի։ Եվ շատ ավելի աշխատասեր։

Չե՞ն խմում։

-Դե, Սիբիրում ինչպե՞ս չխմես։ Բայց, անտարակույս, նրանք շատ ավելի նախաձեռնող ու հնարամիտ են և շատ կուզենային սեփական տնտեսություն ստեղծել, բայց, ըստ իս, այդպիսի անջատման համար անհրաժեշտ պայմաններ չկան։

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է Ռուսաստանի ժողովրդավարական շարժման ապագան։

-Այն նպաստավոր պայմաններում է։ Սակայն այդ շարժումը ևս երկընտրանքի առջև է։ Եթե իշխանությունը արագ վերցվի, այն նույնքան արագ էլ կարող է կորսվել։ Լեհաստանում «Համերաշխությունը» մեծ վստահություն է վայելում, որը նրան գործելու ազատություն է տալիս։ Ռուսաստանում այդպես չէ։ Առաջին իսկ անհրաժեշտության դեպքում (իսկ այդպիսիք անպատճառ կլինեն) հասարակական կարծիքը կհրաժարվի նրանցից։

Դուք շատ լավատես չեք։

-Ոչ։ Չեմ ասում, թե ժողովրդավարների ձախողումը անիրազեկության հետևանք կլինի։ Բայց տնտեսությունը քայքայված է, և որպեսզի այն բարելավվի, նախ անհրաժեշտ է հիմնովին քանդել։ Այդ դեպքում դրան հաջորդող կենսամակարդակի կտրուկ անկման համար ժողովուրդը անպատճառ կմեղադրի ժողովրդավարներին։ Բոլոր դեպքերում միտումն անդունդը գլորվելն է։ Այսօր ավելի ձեռնտու է լինել ընդդիմադիր ուժ, քան իշխանություն ունենալ։ Նույն բանն է նաև Հայաստանում. մեծ զոհաբերություն է իշխանությունն այսօր վերցնելը։ Դրանով մենք մեզ ատելի ենք դարձնում ժողովրդի աչքում 2-3 տարի։ Միակ մխիթարությունն այն է, որ մի քանի տարի անց ազգային հերոս կդիտվենք։ Միշտ էլ եղել են մարդիկ, որոնք սևագործ են եղել, և եղել են այնպիսիք, ովքեր ուրիշի ձեռքով շագանակ են հանել կրակից։ Ինչևէ, ո՞վ գիտե, գուցե ժողովրդավարներն այնքան ճարպիկ գտնվեն, որ տնտեսության փլուզման պահին կարողանան ցատկել անդունդի վրայից…

Դուք հույս չե՞ք դնում արտասահմանի օգնության վրա։

-Դեռ ոչ մի տեղ բարեգործության շնորհիվ քայքայված տնտեսությունը ոտքի չի կանգնել։ Արևմուտքի միջոցները երբեք չեն հերիքի վիճակը կարգավորելու համար։ Արևմուտքը կարող է օգնել, բայց հիմնական աշխատանքը ժողովուրդը պիտի անի։ Իսկ դա պահանջում է կոլեկտիվ հոգեբանության և ներքին կառուցվածքների կերպափոխում։

Ի՞նչ կասեիք Մարշալի ծրագրերի մասին։

-Ինչքան էլ ավերիչ էր Երկրորդ համաշխարհային պատերազմը, այն չէր կարող դարերով արմատացած կառուցվածքները հիմնովին ավերել։ Մինչդեռ ԽՍՀՄ-ում այսօր վերականգնելու բան չկա։ Ի՞նչ գոյություն ուներ։ Քիչ բան։ Ի՞նչ ավերվեց։ Ամեն ինչ, ներառյալ մարդկանց հոգեբանությունը, նրանց հավատը։ Այսօր գյուղացուն հող են առաջարկում, նա հրաժարվում է, քանզի վախենում է, որ հազիվ տված՝ նորից ձեռքից կխլեն։ Մասնավոր սեկտորում մարդիկ այսօր այնպիսի գործեր են ձեռնարկում, որոնք կարճ ժամանակում մեծ եկամուտ կբերեն։ Ոչ ոք ռիսկ չի անում երկարաժամկետ ներդրումներ կատարել։

Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանի ժողովրդավարները ձախողվեն։

-Անտարակույս կուժեղանա շովինիստական հոսանքը։ Այն բաղկացած է երկու ենթախմբից. ա) բոլշևիկ շովինիստներ, որոնց գաղափարախոսությունը նպաստեց կայսրության պահպանմանը, բ) միապետականներ, որոնք կողմնակից են ցարական կայսերապետության հին ու բարի մեթոդների վերադարձին։

Ինչպիսի՞ն կլինեն հետևանքները մյուս ժողովուրդների համար։

-Ռուսական շովինիզմի զարթոնքը շատ ծանր կնստի ժողովուրդների վրա։ Հետևաբար պետք է օգտվել դրա ժամանակավոր մեղմացումից և նախապատրաստվել անկախությանը։ Այժմ ևեթ պետք է ջանալ դուրս գալ Միության կազմից։ Համոզված եմ, որ միայն ԽՍՀՄ-ից անջատվելու սահմանադրական օրենքին հետևելը կօգնի Հայաստանին, բայց պետք է արագ գործել, որովհետև կշեռքի նժարը շուտով կթեքվի դեպի խստացում։ Կայսերապետական գաղափարն այնքան խորն է նստած ռուսական հոգեբանության մեջ, որ «ինքնամեկուսանալու» այս միտումները երկար չեն տևի։ Բավական է տնտեսականի թեթև բարելավում, որպեսզի ռուսների աչքում վերականգնվի կայսրության ողջ հմայքը։ Այդ ժամանակ տնտեսությունը կքայքայվի, թե կվերականգնվի, միևնույն է, մեր ճանապարհները դեպի անկախություն վերստին կփակվեն։

Ձեր կարծիքով, Ռուսաստանի տնտեսական վիճակը կբարելավվի՞։

-Իհարկե։ Մի՞թե Ռուսաստանը կարող է վերջնականապես ավերվել։ Մեծաքանակ ժողովուրդ, որն ունի անսահման տարածքներ, հարուստ պաշարներ, նշանակալի մարդկային պոտենցիալ … Վաղ թե ուշ պետությունը կվերակառուցվի։ Հարցը միայն այն է, թե ներկա տարածքի ո՞ր մասի վրա։ Թվում է, թե ապրում ենք բացառիկ մի ժամանակաշրջանում, որը գուցե այլևս չկրկնվի, երբ ժողովուրդները կարող են անջատվել Ռուսաստանից, առանց խոշոր բախումների։

 –Ինչպիսի՞ն է ծայրամասային հանրապետություններում ապրող ռուսների վերաբերմունքը։

-Ինչպես բոլոր ոչ բնիկ ազգությունների ներկայացուցիչները, ռուսները ևս սկսել են վերադառնալ հայրենիք։ Այս արտահոսքը հատկապես զգալի դարձավ ԽՍՀՄ-ից դուրս գալու օրենքի ընդունումից հետո։ Ըստ այդ օրենքի, անկախությունը ձեռք է բերվում հանրաքվեի միջոցով, բայց այն շրջանները, որոնք կքվեարկեն դրա դեմ, կմնան ԽՍՀՄ-ի կազմում,որպես կղզյակներ նորաստեղծ պետությունների մեջ, որն էլ, անշուշտ, կստիպի հանրապետություններին  դիմելու հայրենիքը այլազգիներից «մաքրելու» քաղաքականությանը։ Մասնավորապես Միջին Ասիան արագ տեմպով լքում են ռուսները, հրեաները, հայերը։ Չնայած մենք դեռ չենք կարողանում տեղավորել Ադրբեջանից բռնագաղթված մեր 300 հազար հայրենակիցներին։

 –Հայաստանում հակառուսական տրամադրություններ կա՞ն։  

-Ոչ, ռուսասիրությունը մեզ մոտ նույնիսկ շատ ուժեղ է։ Հայոց համազգային շարժումը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի տարբեր ժողովրդավարական կուսակցությունների հետ։ Նրանք մեր դաշնակիցներն են, քանի որ իրենց ծրագրային դրույթներում նախատեսել են ժողովուրդների ազատագրումը։ Իհարկե, այդ դրույթը Սախարովի նման մարդկանց համար զուտ մարդասիրությունից է բխում, մյուսների մոտ ավելի սառը դատողության արգասիք է։ Վերջինները ներկայումս Ռուսաստանում ամենամեծ հեղինակությունն են վայելում։ Այդ են ապացուցում ընտրությունները։ Չգիտեմ,ո՞ր ուղղությամբ կընթանան հետագայում այս ժողովրդավարները։ Եթե Ռուսաստանն ընտրի կայսերապետական ուղին, կդառնա մեր թշնամին։ Եթե ժողովրդավար դառնա, մեր բնական դաշնակիցը կլինի։ Եվ այն քենը, որ ոմանք ունեն մեզ իշխողների նկատմամբ, շուտով մոռացության կմատնվի։ Բայց պիտի ասեմ, որ կան ժողովուրդներ, որոնք «բարեկամական» նույնպիսի զգացումներ չեն տածում ռուսների նկատմամբ։

Օրինակ, Միջին Ասիայի ժողովուրդները։

-Այդքան հեռու չգնանք։ Ես ապշած էի, թե որոշ ուկրաինացի ղեկավարներ ինչ թշնամանք ունեն ռուսների նկատմամբ։ Ամենայն հավանականությամբ Արևմտյան Ուկրաինայի խիստ սուր անջատողական միտումը խաղաղ ելք չի կարող ունենալ։

 –Մոսկվան ի՞նչ կարող է անել, որպեսզի արգելի Ուկրաինայի անջատումը, քանի որ դա աղետալի կլինի ողջ Միության համար։

-Ռուս որոշ պատգամավորներ առաջ են քաշում «Ռուսաստան-Ուկրաինա-Բելոռուսիա համադաշնակցության» գաղափարը, այսինքն, իբրև դաշինքի ամենաթույլ, ազատ տեսակ։ Բայց փարիսեցիությունն ինձ համար ակնհայտ է, քանի որ պատմությունն ապացուցում է, որ ի վերջո բոլոր համադաշնակցային հիմունքներով ստեղծված երկրները վերածվում են ունիտար պետության։ Ասենք, Միացյալ Նահանգները, Շվեյցարիան, Գերմանիան։ Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա դեռ որոշակի ծրագիր գոյություն չունի, բայց միջռեգիոնալ պատգամավորական խմբի որոշ անդամները առաջարկում են մի մոդել, որը ոչ դաշնակցային է, ոչ համադաշնակցային, որտեղ յուրաքանչյուր հանրապետություն կունենա յուրահատուկ կարգավիճակ և իրավունքներ։ Ես բավականին թերահավատ եմ նման հիբրիդ կառուցվածքի նկատմամբ։

Շատ են խոսում ռուսական ազգային զգացումների զարթոնքի մասին։ Դուք ի՞նչ կասեիք։

-Դա շատ բնական է։ Բոլշևիզմը կարողացավ պահպանել կայսրությունը, որպես պետություն, բայց այդ պետությունը ոչ ազգային էր, ոչ էլ ռուսական։ Ինչպես մյուս ազգերը, ռուսները ևս կտրվեցին իրենց արմատներից։ Եվ բնական է, որ նոր պայմաններում ռուսներն էլ իրենց իրավունքները պահանջեն։ Անշուշտ, դա կարող է ծնել նաև մեզ համար խիստ վտանգավոր ծայրահեղական դրսևորումներ։

Այդ դեպքում պարադոքսալ է թվում մամուլում վերջերս անընդհատ կրկնվող այն միտքը, թե ռուսների ազգային հպարտության զգացումը անկում է ապրում։ Ռուսների տասից  մեկն է հպարտանում իր երկրով։ Ինչպե՞ս եք դա բացատրում։

-Իրական անցյալի մասին լրատվության հեղեղը շատ հանկարծակի թափվեց ռուսների գլխին։ Այն, ինչ Մոսկվայում ուսանելու տարիներին ես և իմ ռուս ընկերները վաղուց գիտեինք, քանի որ արգելված գրքեր էինք կարդում, տասնյակ միլիոնավոր մարդիկ անհաղորդ էին։ Նրանք ցնցված էին այդ բացահայտումներից, ամաչում էին, շփոթված էին։ Բայց վաղ թե ուշ ռուսները կվերագտնեն իրենց  հպարտությունը, քանի որ առանց դրա  ոչ մի ազգ չի կարող գոյատևել։ Իմ կարծիքով, դա անցողիկ երևույթ է։ Ինձ թվում է, այսօր ռուսներին ամենից շատ մտահոգում է կենսամակարդակի անկումը, շատ ավելի, քան, ասենք, հայերին։ Այս պահին մենք շատ ավելի ծանր պայմաններում ենք, քան ռուսները. երկրաշարժ, շրջափակում, 300 հազար բռնագաղթվածներ և այլն։ Բայց Ղարաբաղի հիմնահարցը, պատերազմի վտանգը, նոր գծագրվող հեռանկարները թույլ չեն տալիս մեր ուշադրությունը սևեռել կենսամակարդակի վրա։ Ռուսաստանում մտավորականներ կան, որոնք մտահոգված են ազգի ապագայով, բայց մեծամասնությունն այսպես է խորհում. «Մենք շատ երկար պայքարել ենք, տառապել, զոհողություններ արել, իսկ այսօր ուտելու բան չունենք»։ Այդ պատճառով էլ այսօր ամենից շատ ժողովրդայնություն է վայելում նա, ով խոստանում է մարդկանց կերակրել։

Իսկ ու՞ր մնացին «միասնական» առաքելությունները։

-Դրանց ակունքները պետք է փնտրել ռուս գյուղացիական համայնք հասկացողության մեջ։ Ռուսների հոգեբանությունը համայնքային է։ Հայերն ավելի անհատապաշտ են, այդ պատճառով էլ անհամբերությամբ են սպասում մասնավոր սեփականությանը անցնելուն, որպեսզի իրենց սեփական գործը հիմնեն։ Եթե հայի հարևանը հարուստ է, նա ձգտում է նրանից ավելի հարուստ դառնալ։ Մինչդեռ, եթե ռուսը հարստանում է, մյուսները ձգտում են, որ նա աղքատանա և վերադառնա իրենց շարքերը։ Իմ համեմատությունը կոպիտ է, բայց վիրավորական շեշտադրում չունի ռուս ժողովրդի հանդեպ։ Նրանց հոգեբանությունն է այդպիսին։

Գուցե դա կոմունիզմի՞ արդյունքն է։

-Ավելի շուտ  հակառակը։ Կոմունիզմի ուղու ընտրությունը գուցե հենց այդ համայնքային հոգեբանությունից է բխում։ Ռուսներն ու հայերը գրեթե նույն ժամանակահատվածում են կրել կոմունիստական գաղափարախոսության լուծը, մինչդեռ մասնավոր սեփականության ձգտումը հայերի մեջ շատ ավելի ուժեղ է։ Այստեղ կարևոր է հաշվի առնել, այսպես ասած, «ազգային հանճարի» գործոնը։ Պատմության տարբեր շրջաններում տարբեր «առևտրական ժողովուրդներ» են եղել ՝ փյունիկեցիներ, հույներ, հրեաներ։ Հայերը դրանց թվում են։ Նրանք այդ բնագավառում շատ արդյունավետ են գործել։ Մասնավոր սեփականության, առևտրի ավանդույթները, տված խոսքի նկատմամբ հարգանքը դարերով ամրապնդված է նրանց մեջ։ Անշուշտ, դա իր հետքն է թողնում ընդհանուր հոգեբանության վրա։ Հայերը պատրաստ են, նրանք շատ ավելի դյուրությամբ կհարմարվեն նոր պայմաններին, քան ռուսները։

Ե՞րբ եք նախատեսում անցնել նոր տնտեսակարգին։

-Հայաստանի նորընտիր խորհրդարանի հենց առաջին նստաշրջանի ընթացքում։ Իհարկե, մենք չենք մոռանում նաև Ղարաբաղի խնդիրը՝ միաժամանակ գիտակցելով, որ այդ հարցում մենք ոչ մեկի վրա հույս չենք կարող դնել։ Բայց լավ կլիներ, որ Արևմուտքը մի քիչ ավելի հետաքրքրվեր այդ հարցով, դա մի հիանալի բարոմետր է ամբողջ ԽՍՀՄ-ի քաղաքական զարգացման միտումները բացահայտելու համար։

Ինչու ՞։

-Ղարաբաղի հարցը մի յուրահատուկ լաբորատորիա է, որտեղ փորձարկվում են ժողովրդավարական և հետադիմական ուժերը։ Այն ամենը, ինչ կատարվում է ԽՍՀՄ-ում, նախ իր փորձաշրջանն է անցնում այնտեղ. վերակառուցման շրջանի առաջին խոշոր գործադուլները, բանակի օգտագործումը որպես միջամտող ուժ, առաջին կոտորածը (Սումգայիթ), որն անմիջապես չդատապարտվեց և հետագայում կրկնվեց Ֆերգանայում, Բաքվում, այժմ էլ Կիրգիզիայում, առաջին իսկապես ժողովրդավարական ընտրությունները (երկու նախարար՛ ներքին և արտաքին գործոց, «Ղարաբաղ» կոմիտեի երկու թեկնածուների հետ ընտրապայքարում պարտվեցին 1988թ. հոկտեմբերի մեծամասնական ընտրությունների ժամանակ), ժողովրդի վրա բանակի բացած առաջին կրակը («Զվարթնոց» օդանավակայան, 1988թ. հուլիս), որը նույն սցենարով կրկնվեց Թիֆլիսում, շրջափակումը, որը մեզ մոտ կատարելության հասցվելուց հետո տեղափոխվեց Լիտվա։ Կարելի է ասել, որ ամեն մի նոր միջոցառում նախ փորձաշրջան է անցնում Ղարաբաղում, հետո ստանում ավելի լայնամասշտաբ կիրառություն։ Արևմուտքի գործն է, թող մտածի, որ չարժե Ղարաբաղի համար նեղը գցել Գորբաչովին։ Բայց թող նա գիտակցի, որ Ղարաբաղում կիրառված մեթոդներն իրենց նպատակին են հասնում այսօր, իսկ վաղը կամ Գորբաչովը, կամ բանակը, կամ էլ մի երրորդ անձ այդ նույն մեթոդները կկիրառի, բայց արդեն այլուր և այն էլ հազարապատիկ հզորությամբ։

Հարցազրույցը՛ Ուրսուլա Գոթիեի «Նուվել Օբսերվատոր» (Փարիզ),1990 թ., նոյեմբեր Հարցազրույցը տեղի է ունեցել 1990 թ. մայիսին, Երևանում