Վազգեն Մանուկյանի ելույթը AICESIS-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին

0
410

Հարգելի պարոն նախագահ, գլխավոր քարտուղար, հարգելի գործընկերներ,

 

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ ՀՀ Հանրային խորհուրդը հրավեր ստացավ մասնակցելու AICESIS-ի Գլխավոր Ասամբլեայի նիստերին: Այս բարձր ամբիոնից ես ներկայացնում եմ իմ երկիրը` Հայաստանի Հանրապետությունը, որի Հանրային խորհուրդը դիմել է AICESIS-ին անդամակցելու խնդրանքով:

 

Հայաստանն իր անկախությունը, ինչպես եւ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները, ստացավ խորհրդային կայսրության փլուզումից հետո` 1992թ: Բայց Հայաստանը աjն բացառիկ հանրապետություններից էր, որտեղ ժողովրդավարական շարժումը եւ անկախության շարժումը սկսվեցին դեռ 1988թ.` մշտապես մի քայլ առաջ լինելով Խորհրդային Միության մյուս հանրապետություններում տեղի ունեցող գործընթացներից, էապես ազդելով այդ պրոցեսների բովանդակության, ուղղվածության եւ արագության վրա: Հայաստանում 1988 թ. տեղի ուենցավ առաջին համազգային գործադուլը, որը անհնարին էր թվում Խորհրդային Միության պայմաններում: 1990թ., դեռ Խորհրդային Միության կազմում, Հայաստանում տեղի ունեցան առաջին այլընտրանքային խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ժողովրդավարական շարժումը ձեւավորեց խորհրդարան, կառավարություն եւ Հայաստանն, այսպիսով, առաջինն էր, որտեղ կոմկուսը 1990 թ. կորցրեց իր բոլոր իշխանական լծակները:

Թվում էր, որ այս պայմաններում անկախություն ստանալուց հետո Հայաստանը առաջինը պետք է արագ քայլերով ձևավորեր քաղաքացիական հասարակություն, զարգացող ժողովրդավարական ինստիտուտներ:

 

Բայց այդ նույն ժամանակ մեր տարածաշրջանում մի ոչ ավելի պակաս կարեւոր գործընթաց կար` Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումը սահմանադրական ճանապարհով` հիմնվելով Խորհրդային Միության օրենսդրության և իրավական ակտերի վրա: Եվ այդ շարժումը, որը կատարվում էր խիստ իրավական ճանապարհով, նույնպես դետոնատոր հանդիսացավ ԽՍՀՄ փլուզման համար, օրինակ ծառայելով մյուս ժողովուրդների համար, ոտքի բարձրացնելով մերձբալթյան հանրապետությունները:

1988թ. փետրվարի 20-ին Ղարաբաղի Ինքնավար մարզը իր խորհրդարանի միջոցով հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալը, որը հետագայում հաստատվեց միջազգային չափանիշներով անցկացված հանրաքվեի միջոցով (10 դեկտեմբերի, 1991թ.):

 

Քանի որ Ղարաբաղի բնակչությունը 80%-ով բաղկացած էր բնիկ հայերից, որոնք ապրում էին իրենց պատմական հայրենիքում, Հայաստանը չէր կարող անտարբեր մնալ այդ տարածաշրջանի գործընթացների նկատմամբ: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ բոլոր հանրապետությունները անկախություն ստացան` (Ղարաբաղը արդեն Ադրբեջանի կազմի մեջ չէր), Ադրբեջանը պատերազմ հայտարարեց Ղարաբաղին` ցանկանալով ռազմական ճանապարհով նորից գրավել այդ տարածքը: Նրան դա չհաջողվեց: Մենք ակամա ներքաշվեցինք պատերազմական գործողությունների մեջ: Հայաստանը հայտնվեց շրջափակման մեջ. փակվեցին Ադրբեջանի միջով անցնող բոլոր ճանապարհները, Թուրքիան միակողմանի փակեց բոլոր ճանապարհները Հայաստանի հետ, եւ դրանք փակ են միչեւ հիմա: Վրաստանի ճանապարհները գրեթե փակվեցին նրա ներքին անկայուն ռազմական վիճակի պատճառով (Աբխազիա, Հյուսիսային Օսեթիա), մնաց միայն լեռնային մի նեղ ավտոմեքենային ճանապարհ, որը միացնում էր Հայաստանը Իրանի հետ: Մենք հայտնվեցինք շրջափակման մեջ:

Բնական է, որ այդ ամենը` պատերազմը, շրջափակումը, ստեղծելով սոցիալական լարվածություն, չէր կարող չազդել Հայաստանի ներսում ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորման գործընթացների վրա:

 

2008թ., ցանկանալով նպաստել ներքաղաքական համերաշխությանը, քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, հաշվի առնելով ժողովրդի տարբեր շերտերի ցանկությունները, հանրապետության նախագահը նախաձեռնեց Հանրային խորհրդի ստեղծումը:

 

Հանրային խորհրդի նպատակներն են` ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում, պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ծառացած խնդիրների վերհանումը, քննարկումը, առաջարկությունների ներկայացումը թե’ պետական մարմիններին և թե’ հասարակությանը, քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող ավանդույթների ձևավորումը, ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացման աջակցումը:

ՀՀ Հանրային խորհուրդը իրավասու է իրականացնել ՀՀ օրենքների և այլ նորմատիվ ակտերի փորձաքննություններ, հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների վերաբերյալ անցկացնել խորհրդակցություններ և լսումներ` ներգավելով քաղաքացիներին, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

 

Կարևորելով ՀԽ-ի դերը երկրի հանրային կյանքում` կատարվում են փոփոխություններ ՀՀ Ազգային ժողովի և կառավարության կանոնակարգերում` հնարավորություն տալով Հանրային խորհրդին մասնակցել այդ մարմինների աշխատանքներին եւ ներկայացնել իր դիրքորոշումը:

 

Լինելով ապաքաղաքանացված մարմին` Հանրային խորհուրդը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:

 

ՀՀ Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից և 12 ոլորտային հանձնաժողովներից: Այդ 36-ից` 12 անդամները նշանակվել էին ՀՀ նախագահի հրամանգրով եւ ձեռնամուխ եղել 12 ոլորտային հանձնաժողովների ձևավորմանը: 960 հասարակական կազմակերպություններ այդ հանձնաժողովներ գործուղեցին իրենց շուրջ 2000 ներկայացուցիչների: Հանձնաժողովների նիստերում ընտրվեցին նախագահներ, որոնք և դարձան ՀԽ-ի մյուս 12 անդամները: Եվս 12 անդամներ ընտրվել են արդեն ՀԽ-ի 24 անդամների կողմից:

Արձագանքելով հասարակությանը հուզող խնդիրներին` յուրաքանչյուր հանձնաժողով ակտիվորեն աշխատում է, կազմակերպում նիստեր, ձևավորում աշխատանքային խմբեր` տվյալ ոլորտին առնչվող հարցերը քննարկելու նպատակով: Մեզ մոտ հասարակական հիմունքներով աշխատում են 130 ակադեմիկոսներ, դոկտորներ և պրոֆեսորներ, 310 գիտությունների թեկնածուներ, 22%-ը ներկայացնում են մարզերը: Նշեմ նաև, որ հանձնաժողովների անդամների 25%-ը կանայք են:

 

Այժմ կուզենայի անդրադառնալ մի քանի կարևորագույն խնդիրների, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հայտնվել են Հանրային խորհրդի ուշադրության կենտրոնում:

 

2009 թվականի հունիս ամսին, անդրադառնալով հասարակության լայն շրջանակներում և զանգվածային լրատվության միջոցներում քննարկվող համաներման հարցին, Հանրային Խորհուրդը կազմակերպել է այդ հարցի վերաբերյալ լայն քննակումներ, որոնց արդյունքում մշակվեցին առաջարկություններ, մատնանշվեցին այն խմբերը, որոնց վրա պետք է տարածվի համաներումը: Այդ առաջարկությունները ներկայացվեցին ՀՀ նախագահին, և դրանց մեծ մասը ներառվեց ՀՀ Ազգային ժողով նրա կողմից համաներում հայտարարելու մասին առաջակության մեջ:

 

Հաջորդ կարևորագույն հարցը, որի քննարկումներին ՀՀ Հանրային խորհուրդը ակտիվորեն մասնակցեց, հայ-թուրքակական հարաբերությունների կարգավորումն էր: Բոլորին հայտնի է, որ 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացվեց հայ ժողովրդի ցեղասպանություն, որի հետեւանքով զոհվեց 1,5 միլիոն հայ, և մեր պատմական հայրենիքից տեղահանվեցին հարյուր հազարավորներ հայրենակիցներ: Բացի այդ, ցանկանում եմ հիշեցնել, որ 1993 թվականից ի վեր Թուրքիայի կողմից իրականացվում է Հայաստանի միակողմանի շրջափակումը` պայմանավորված Արցախյան ազատագրական շարժման հանդեպ Թուրքիայի միակողմանի դիքորոշումով: Եվ այս պայմաններում փորձ արվեց գտնել շփման եզրեր երկու պետությունների միջև: Քննարկումները թե’ ՀԽ-ի հանձնաժողովներում և թե’ ՀԽ-ի շրջանակներից դուրս ցույց տվեցին որոշակի դիմադրություն մեր հասարակության և Սփյուռքի կողմից այդ հարցի առնչությամբ: Եվ այս պայմաններում Հայաստանի իշխանությունները ցուցաբերեցին խիզախություն` հարցը դրական ընթացք տալու համար: Սակայն, չնայած Հայսաստանի բարի կամքին, Թուրքիան չկատարեց իր կողմից ստանձնած պարտավորությունները և տապալեց կարգավորման գործընթացը:

 

Հայաստանը, ինչպես և շատ ուրիշ նորանկախ երկրներ, բազմաթիվ խնդիրներ ունի գյուղատնտեսության ոլորտում: Հանրային խորհուրդը` քննարկելով այդ ոլորտի հարցերը, եկավ այն եզրակացության, որ այդ հիմնահարցերի լուծման տարբերակներից լավագույնը գյուղական կոոպերացիայի զարգացումն է Հայաստանում: Հաշվի առնելով նաև համաշխարհային փորձը, Հանրային խորհուրդը ձեռնամուխ եղավ կոոպերացիայի շարժմանը և կհետևի, որ այդ շարժումը ունենա իր զարգացումը Հայաստանում: Խորհրդի կողմից մշակված առաջարկությունների փաթեթը ստացավ ՀՀ կառավարության հավանությունը ներառվեց կառավարության կողմից մշակված գյուղատնտեսության ռազմավարական ծրագրի մեջ:

 

Մեկ ուրիշ հիմնախնդիր, որը հուզում էր մեր հասարակությանը, հայկական հեռուստաեթերի բովանդակության հարցն էր: Բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, անհատ քաղաքացիներ իրենց դժգոհություն էին հայտնում հեռուստաեթերի ներկա որակից: ՀԽ-ն ստեղծեց աշխատանքային խումբ` ներգրավելով այդ ոլորտին առնչվող մասնագետներ, որը, առաջնորդվելով խոսքի ազատության սկզբունքներով, մշակեց ՀՀ-ում հեռուստառադիոհեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքների խարտիան, ինչը և ստորագրվեց համարյա բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Ներկայումս այդ խարտիայի շրջանակներում հեռուստաընկերությունների ներկայացուցիչների կողմից ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը ավելի կհստակեցնի խարտիայում ամրագրված նորմերի կիրառությունը:

 

Հանրային խորհուրդը սերտորեն համագործակցում է Հայաստանում գործող բազմաթիվ արհմիությունների հետ` փորձելով Ազգային ժողովի միջոցով անցկացնել օրինագծեր, որոնք կպաշտպանեն աշխատավորների իրավունքները և բարենպաստ պայմաններ կստեղծեն արհմիությունների զարգացման համար:

 

Ինչպես AICESIS-ում անդամակցած բազմաթիվ երկրների տնտեսական և սոցիալական խորհուրդների, այնպես էլ ՀՀ Հանրային խորհուրդի հիմնական նպատակն է միջնորդ հանդիսանալ և սատարել իշխանություն-հասարակություն հարաբերություններին, դառնալ այն կապող օղակը, որը հնարավորություն կտա հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Ժամանակակից աշխարհում, երբ երկրներում տեղի ունեցող գործընթացները շաղկապված են, շատ խնդիրներ ընդհանրական են, որոնք հնարավոր չէ լուծել միայնակ, տարբեր ճգնաժամեր հաղթահարելու եւ զարգանալու գլխավոր երաշխիքը սերտ համագործակցությունն է:

Հուսով եմ, որ ՀՀ Հանրային խորհրդի անդամակացությունը այս միջազգային կառույցին կդառնա մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացմանն ու զարգացմանն ուղղված քայլերի նոր խթան: AICESIS-ում անդամակցած կազմակերպությունների շփումը բազմաթիվ սեմինարների և հանդիպումների շրջանակներում հնարավորություն կտա բարենպաստ մթնոլորտ ստեղծել փորձի փոխանակման և համատեղ քննարկումների համար մեր երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցում: