Վազգեն Մանուկյանի հայտարարությունը 2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո

0
309

Սիրելի հայրենակիցներ,

Երևանում մարտի 1-ից 2-ը տեղի ունեցավ մեծ ողբերգություն: Մենք ազգովին սգում ենք կատարվածի համար ու հարգում զոհերի հիշատակը: Ես հայտնում եմ իմ խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին: Կորուստը բոլորինս է:

Արդյո՞ք դա անսպասելի էր: Իհարկե ոչ: Շատերն էին հասկանում, թե ուր են տանում իրադարձությունները: Քարոզարշավը դեռ չսկսած` Լ.Տ.Պ-ն հայտարարում էր ավազակապետություն, շահարկում էր հոկտեմբերի 27-ը, ատելություն սերմանում ղարաբաղցիների նկատմամբ (երբ ինքը քաղաքական ասպարեզ էր մտել հենց ղարաբաղյան շարժման շնորհիվ):

Սկզբում ժողովրդի ստվար հատվածի արդարացի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերաճեց խորը ատելության: Լ.Տ.Պ-ի ստեղծած կլանային համակարգը` անցնելով ղարաբաղյան ծագում ունեցող մարդկանց ձեռքը, նպաստում էր, որ ժողովրդի դժգոհությունը իշխանությունների նկատմամբ վերածվի դժգոհության ղարաբաղցիների դեմ: Լ.Տ.Պ-ն փորձ արեց այդ դժգոհությունը դարձնել ատելություն ղարաբաղցիների նկատմամբ եւ իշխանությունների դեմ պայքարը ձեւակերպվեց որպես “ազգային ազատագրական պայքար”` հանելով ժողովրդի մի հատվածը մյուսի դեմ: Հետո սերմանվեց ատելություն` իրեն չմիացած թեկնածուների, քաղաքական կուսակցությունների, հասարակության ներկայացուցիչների նկատմամբ, նրանց որակելով դավաճաններ ու տականքներ: Մյուս կողմից` հասարակության համբերության բաժակը արդեն լցված էր երկրում տիրող անարդարություններից, անօրինականություններից: Ավելացան ընտրությունները` իրենց անընդունելի խախտումներով, ընտրակաշառքներով: Ստացանք շատերի կողմից կանխագուշակվող բախումը:

Իսկ մի՞թե իշխանությունները չէին կարող կանխագուշել այն` կանխավ չթողնելով լարվածության այդպիսի կուտակում: Խեղճ երիտասարդներ, որոնք զոհ դարձան, իրենք էլ չհասկանալով թե ինչ են ուզում: Ազատության հրապարակում իրենց քարոզում էին, որ դա համաժողովրդական պայքար է արդարության համար: Բացատրելի չէ, թե ինչպես էին հանրահավաքների մասնակիցները համարում իրենց արդարության համար պայքարողներ, երբ բեմից Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի հայտարարում էր, որ ստացել է 65 տոկոս և հրապարակից պետք է գնա նախագահական նստավայր` ամեն գնով: Դա էր “շարժման” նպատակը: Ասում էին պայքար արդարության, ազատության համար, բայց շանտաժի ենթարկում ու վախեցնում իրենց կարծիքը ազատ արտահայտողներին, ողջունում Ջհանգիրյանին, որը 1995 թ. ընտրակեղծիքների հիմնական իրականացնողն էր, գեներալ Մանվելին, որը Էջմիածնում հաստատել էր ռազմաֆեոդալական համակարգ:

Այս ամենը ավելի նման էր հեղաշրջման և ոչ թե պայքարի` հանուն արդարության: Զարմանալի է, որ դրանով խաբվեցին ոչ միայն անփորձ երիտասարդները, այլ նաև իրենց լուրջ համարող մարդիկ: Ամոթ է: Դե հիմա հարց եմ տալիս. մի՞թե մարտի 1-ի դեպքերը անսպասելի էին: Այս անհանդուրժողականությունը տարավ ոչ միայն անմեղ 8 հոգու կյանք, նաև առաջին անգամ 1920 թ. մայիսյան ապստամբությունից հետո պառակտեց մեր հասարակությունը` էապես թուլացնելով պետությունը:  Այդ թույնը, անընդհատ հնարովի ստերը, ատելությունը էապես վտանգեցին և շարունակում են վտանգել մեր պետության անվտանգությունը: Դրան պետք է վերջ դնել:

Նախորդ 10 տարիների ընթացքում էլ այդ թույնը տարածվում էր փոքր դոզաներով իրեն ենթակա թերթերի միջոցով, որոնք սերմանում էին անհանդուրժողականություն ոչ միայն արդեն չսիրված իշխանությունների, պետական ինստիտուտների նկատմամբ, այլ նաև վարկաբեկում ընդդիմադիր բոլոր գործիչներին` տեղ բացելով ԼՏՊ-ի վերադարձի համար:

Ի՞նչ պետք է անել:

Իհարկե օրենքի առջև պետք է պատասխան տան մարտի 1-ի և 2-ի դեպքերի բոլոր մեղավորները` բացառելով ցանկացած բռնություն եւ հաշվեհարդար նրանց նկատմամբ:

Պետք է չեզոքացնել հասարակությունը թունավորող բևեռները, ապահովելով նաև իրական ազատ ու պատասխանատու լրատվամիջոցների գոյությունը:

Ստեղծելով հասարակության համաձայնություն` ազդել իշխանությունների վրա, որ նրանք դրսևորեն բարի կամք, իրականացնելու համար լայն համակարգային բարեփոխումներ` ճիշտ ճանապարհով առաջ տանելով երկիրը:

Իշխանություններն էլ դասեր պետք է քաղեն այս ողբերգությունից, որի պատասխանատվությունը կրում են նաև իրենք` իրենց վարած ներքին քաղաքականությամբ, քանի որ անարդարությունները, արդարացի դժգոհության կուտակումը միշտ այս կամ այն ձևով բերում է պայթյունի:

Միայն ուժի վրա հենվելով` իշխանություն պահել անհնար է մեր ժամանակ: Անհրաժեշտ է իշխանության նոր որակ, հասարակական համերաշխություն, գաղափարների ազատ մրցակցություն, օրինականություն: Միայն այդ դեպքում մենք կունենանք ժամանակակից պետություն, որը կապահովի յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը և պաշտպանվածությունը: Դրա համար պետք են նոր, գրագետ, ազնիվ ու հայրենասեր երիտասարդներ` համախմբված ազատության, ազգային արժեքների և համամարդկային գաղափարների շուրջ, որոնք կստեղծեն ժողովրդավարական համակարգ:

Վազգեն Մանուկյան