՛՛Հրապարակ”․ Վազգեն Մանուկյանը իր գործը քննող դատավորի մասին

0
18

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 4-ին հրապարակեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին իր որոշումը՝ դատավորի լիազորությունները դադարեցվեցին։

ԲԴԽ նախագահը հայտարարել է, որ խորհրդում գործի քննությանը մասնակցած 9 անդամներն էլ կողմ են քվեարկել այդ որոշման ընդունմանը, չնայած իրավաբանները շեշտում էին, որ դատավորի լիազորությունները դադարեցնելու ոչ մի հիմք չկա, եւ դա քաղաքական որոշման արդյունք է։

Հայտնի դարձավ, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է դատախազության հաղորդման հիման վրա՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դատավարական ժամկետները խախտելու պատճառաբանությամբ։ Նշենք՝ Վահե Միսակյանը քննել է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործը` դիզվառելիքի տենդերի հայտնի գործով, եւ արդարացրել Սերժ Սարգսյանին, ինչն էլ, ըստ մասնագետների, դատավորի լիազորությունները դադարեցնելու իրական պատճառն է:

Բոլոր այն դատավորները, որոնք չեն ենթարկվում իշխանությունների հրամաններին, որոնք Նիկոլ Փաշինյանի չսիրած անձանց արդարացնում են կամ բաց թողնում, արժանանում են նույն ճակատագրին: Դատական համակարգում վստահ են, որ Միսակյանի լիազորությունների դադարեցման պատճառը դա է:

Մեզ հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն ասաց, որ չի կարծում, թե ԲԴԽ-ն այդքան մտահոգված է իր գործով, իսկ դատավորի մասին ասաց, որ թեպետ անձամբ նրա հետ շփումներ չի ունեցել, սակայն հասցրել է նրա մասին դրական կարծիք ձեւավորել։ «Դատավոր Վահե Միսակյանի հետ ես, իհարկե, չեմ շփվել դատավարության ժամանակ, բայց նա ինձ վրա թողել է շատ կիրթ, պարկեշտ մարդու տպավորություն, այլ բան չեմ կարող նրա մասին ասել: Ի դեպ, ես չեմ կարծում, թե իշխանություններին շատ մտահոգում է իմ գործը երկարելու հանգամանքը, ուրեմն այստեղ ուրիշ պատճառ պետք է լինի»: