Ազատագրելը հեշտ է, պահել այդ հաղթանակը` առավել դժվար. Վազգեն Մանուկյան

0
282
Վազգեն Մանուկյան

1988թ.-ի փետրվարին, միաժամանակ դրվեց և հանուն Արցախի պայքարի, և անկախ պետականության վերականգնման, և Ազգային բանակի ստեղծման սկիզբը : Հունվարի 28-ին Հայաստանի երրորդ հանրապետության բանակը կդառնա 20 տարեկան : Չափահասության սահմանը հատած մեր բանակն իր կայացման ճանապարհին, մի քանի դժվարագույն և առանցքային փուլ է հաղթահարել: Մասնագետները բանակի անցած ուղին բաժանում են երեք փուլի` առաջին. 1988-ի փետրվարից 1992 թվականի մայիս, երկրորդ. 1992 թ.-ի հունիսից 1994 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանը և երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ այժմ: Իհարկե, որոշ փորձագետներ գտնում են, որ թևակոխել ենք արդեն 4-րդ փուլ:HayNews.am –ը բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ սկսում է բանակաշինության գործին անմիջական մասնակցություն ունեցած ռազմական գործիչների և պաշտպանական գերատեսչության նախկին և ներկա ղեկավարների հետ հարցազրույցների շարք` փորձելով հուշել պատմության դասերը և հասկանալու որքանո ՞ վ ենք սրբագրել ու շտկել թույլ տված սխալները և ի զորու պահպանել ունեցած մեծագույն հաղթանակները : Մեր առաջին բացառիկ հարցազրույցը Վազգեն Մանուկյանի հետ է, ով 1992-93 թթ-երը եղել է պաշտպանության նախարար:

-Դուք պաշտպանության նախարար նշանակվեցիք թե բանակաշինության, և թե պատերազմական գործողությունների դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում, այդ ընթացքում ճակատագրական ի՞նչ լավ ու վատ որոշումներ են կայացվել, ինչու չէ նաև, նախքան ձեր պաշտպանության նախարար դառնալը:

-Նախ չմոռանանք, որ ազգային բանակի կայացման սկիզբը դրվեց, Սումգայիթի դեպքերից հետո, երբ այն հույսերը, որ կապել էինք խորհրդային բանակի հետ, չարդարացան: Պետք էր ունենալ պաշտպանական սեփական միջոցներ և սկսեցին ձևավորվել առաջին ջոկատները, դրանց հիմնական կառավարողը «Ղարաբաղ» կոմիտեն էր, հետո արդեն, ՀԱԲ-ը և այլ ջոկատներ: Ի՞նչ ունեցանք . անկանոն, իրար հետ միավորվել չցանկացող ջոկատներ և 1918 թվականի խմբապետերի մասին վատ հիշողություններ: Այդ պատկերն ինձ համար, որպես վարչապետի, լուրջ հիմք էր անկանոնից կանոնավոր ջոկատների անցման համար. առաջին հրամանը կառավարության եղավ 1990 թվականի սեպտեմբերին, ՄՀՕՋ-ի կազմում ստեղծել բանակատիպ մի ստորաբաժանում, բանակ կոչել այն չէինք կարող, քանի որ դեռ Խորհրդային միությունում էինք : Կոչ եղավ `հավաքագրել մարդկանց և պահանջ` զինաթափել նրանց, ով չէր ընդգրկվի այս ստոաբաժանման կազմում, անկեղծ ասած, մի քիչ շտապել էի, քանի որ, պոտենցիալ անդամներն այդ պահին դրսում էին: Արդեն 1991 թ.- մայիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: Ես առաջարկեցի, որ այն, Վազգեն Սարգսյանը ղեկավարի, ընդ որում, վարչապետ դառնալուց հետո, «Ղարաբաղ» կոմիտեի ջոկատների կառավարման լիազորություններս հանձնել էի Վազգենին, բայց նա հակառակվեց, քանի որ այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը զինվորականների հետ խոսելու պետական կարգավիճակ էր տալիս, իսկ կոմիտեն, թեև ստեղծվել էր կառավարության կողմից, բայց ԽՍՀՄ օրենքների տրամաբանության շրջանակում համարվում էր անօրինական, և ես այդ պաշտոնն առաջարկեցի Վահան Շիրխանյանին: Երբ արդեն 1992-ին, պառլամենտականից անցանք նախագահական իշխանության, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, սակայն դեռ կանոնավոր բանակ չունեինք. Շուշիի ազատագրմանը միայն ջոկատներ են մասնակցել, Շուշիի հաղթանակից հետո, ըստ էության, ունեցանք կանոնավոր զինուժ. որոշվեց ստեղծել միաժամանակ 2 կանոնավոր բանակ` ռազմական փորձ ունեցող տղամարդկանց բրիգադաների կազմավորմամբ, ընդ որում` պրոֆեսիոնալ բանակին զինվորագրվածները աշխատավարձ էին ստանում, վերջ ի վերջո, տարիներ շարունակ կամավոր լինելով և հայրենասիրությամբ ընտանիք պահել չես կարող, ավելին ասեմ, մենք Ռուսաստանի համեմատությամբ, 1,5 անգամ բարձրացրեցինք, այսպես ասած` աստղի դիմաց տրվող գումարը, որովհետև ՌԴ-ում 400 կադրային զինվորական ունեինք, որոնք պատրաստ էին գալ Հայաստան և մասնակցել բանակաշինության գործին, եթե ընտանիքը պահելու խնդիր չլիներ, արդյունքում`շատերը եկան, բայց հիմա էլ այլ խնդրի առջև կանգնեցինք. կադրային զինվորականների և ֆիդայիների միջև «հակամարտություն» սկսվեց, սրա մեջ շատ չեմ խորանա, բայց մեզ հաջողվեց հարթել տարաձայնությունը: Փաստորեն, պատերազմական դժվարին իրավիճակում, մեզ միաժամանակ հաջողվեց ունենալ և ապագայի բանակ,և ազատագրական պայքար մղող կանոնավոր զինուժ, ի դեպ, 18 տարեկան զինվորները մարտի չէին ուղարկվում, միայն ծայրահեղ դեպքերում, հիմնական ողջ ծանրությունը պրոֆեսիոնալների ուսերին էր: Ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման ընթացքում` պատերազմի դաշտում, մեր ունեցած հաղթանակներին, ապա պիտի ասեմ, որ ճակատագրական լուրջ հաջողություններ ենք ունեցել. Կապանի օպերացիան, որի արդյունքում, մեզ հաջողվեց առաջ գալ և 140 կմ-ով լայնացնել տարածքը` լեզվակը վերցրեցինք, Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրումը, Մարտակերտի հետգրավումը, եթե չլիներ Քելբաջարի հաղթանակը, մենք չէինք կարող պահել Մարտակերտը, Քելբաջարի ազատագրումը, ոչ միայն հնարավորություն տվեց պաշտպանել Մարտակերտը, այլև` կրճատել ռազմաճակատի գիծը . մի ամբողջ տարածքի փոխարեն, մենք վերևում մի փոքր տարածք էինք պաշտպանում, սա նաև կոտրեց ադրբեջանական բանակի ողնաշարը. նրանք բարոյալքված էին և մենք ինչքան ուզես, կարող էինք առաջ գնալ: Այս հաղթանակը կերտեցինք Արցախի ջոկատների հետ միասին, ես երբեք չեմ տարանջատել Հայաստանի և Արցախի ջոկատները: Սա բոլորիս հաղթանակն էր:

-Պարոն Մանուկյան, իսկ ի՞նչ կասեք կորուստների մասին, որ ունեցանք Շուշիի, Լաչինի (Քաշաթաղ) հաղթանակներից հետո և ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներից ոմանք պնդում են.«Մեր մեղքով»:

-Այո’, Շուշիի, Լաչինի փայլուն ու անհավանական հաղթանակներից հետո կորցրեցինք Շահումյան, Մարտակերտ. թշնամին առաջ էր գալիս, Վազգենը մահապարտների ջոկատ հավաքելու կոչ արեց, հուսահատված պահի կոչ, այն, իհարկե, դեր խաղաց. մի քանի օր հնարավոր եղավ պահել հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը: Արծվաշենը, որի կորստի համար, հետո Վազգեն Սարգսյանին էին մեղադրում, մենք, իրոք, պաշտպանելու հնարավորություն չունեինք, այլ հարց էր, որ պետք էր լինել առավել ազնիվ և արծվաշենցիներին ասել.«Մենք ձեզ չենք կարող պաշտպանել» և ժողովրդին տարհանեին, որպեսզի մարդկային և նյութական կորուստներ չունենայինք: Արծվաշենը հետո կարող էինք վերցնել, բայց պահել` ոչ, դրա համար մենք ստիպված պիտի լինեինք առաջ գնայինք, մտնեինք, հակառակորդի կողմից էլի որոշ տարածքներ վերցնեինք, ահնար էր: Առհասարակ, ազատագրելը հեշտ է, պահելն այդ հաղթանակը` առավել դժվար, ուստի ազատագրման ժամանակ, սա է հաշվի առնվում : Օրինակ` Մարտունին, որտեղ հրամանատարը Մոնթեն էր, դաշտավայր էր, կարող էինք առաջ գնալ, բայց պաշտպանել դա` ոչ: Հիշում եմ, Մոնթեն միշտ իր տղաների առջից էր գնում, ես ասում էի. «Մոնթե՛, առջևից մի գնա, գիտենք, որ խիզախ ես», իսկ նա պատասխանում էր.

«Ամեն վայրկյան պիտի ապացուցես խիզախությունդ, թե չէ, ինչպես պիտի լինի, ինչպես պիտի ոգևորես զինվորիդ»:

Ես դա ասում էի, որովհետև գիտեի, որ Մոնթեն զոհվի, ամեն հաջողություն կորցնելու ենք և այդպես էլ եղավ. մենք մի քանի կմ առաջ էինք գնացել և բարձրունքի վրա պաշտպանական գիծ կառուցել, Մոնթեն խփվեց և մենք րոպեների ընթացքում կորցրեցինք այդ առավելությունը: Իսկ Գետաշենը կորցնելու ժամանակ ես վարչապետ էի, իսկ երկիրը` ԽՍՀՄ-ի տիրապետության տակ, Գետաշենին հարվածեց ոչ թե Ադրբեջանը, այլ` խորհրդային բանակը, իսկ նրանց դեմ զինված պայքարն անհեթեթ կլիներ: Գետաշենի կորուստը ռազմական հարց չէր, այլ` քաղաքական:

-Խոսեցինք կորուստներից, երբեմն կարծիքներ ենք լսում, որ ՀՀ առաջին նախագահի մեղքով, մենք տարածքներ կորցրեցինք, թե որոշ տարածքներ էլ Լևոն Տեր Պետրոսյանից գաղտնի են ազատագրվել, ի՞ նչ կասեք այս մասին:

-Ես հիմա, չեմ ուզում ասել, գնահատականներ տալ այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, բայց մի բան կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանը ներքին համոզմունք ուներ, որ ադրբեջանցիներին չենք կարող հաղթել. խորհրդային բանակից Հայաստանում մնացել էր 500 վագոն զենք, Ադրբեջանում` 10.000 և սա հիմք էր տալիս Լևոն Տեր Պետրոսյանին մտածելու, որ մենք պարտվելու ենք, իր շրջապատի մարդիկ սրան հավատում էին, ես` հակառակում էի համոզված: Ընդհանրապես, բանակի ուժը չափվում է 2 գործոնով`1. ազգային եկամուտ, ռազմական բյուջե, զինամթերքի և բնակչության քանակ, 2. բնակչության համախմբվածություն, վստահություն դեպի հաղթանակը, հոգեբանական պատրաստվածությունն ու տրամադրվածությունը: Առաջին նախագահը, հիմք էր վերցնում առաջին գործոնը, ես` երկրորդ և պարզվեց չէի սխալվում: Ի՞նչ էր առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը. «Դադարեցնել պայքարը, բանակցությունների միջոցով լուծել հարցը», սա ճիշտ չէր, որովհետև հակառակորդը մեզ հանգիստ չէր թողնելու. հիշենք Ալիևի հայտարարությունը, թե կնոջ հետ գալու է ու Սևանում լողանա: Խաղ կա, որ չարժի խաղալ, բայց եթե մտել ես խաղի մեջ, չպետք է հետ քաշվել, մինչև չհաղթես, եթե մենք կես ճանապարհից հետ գնայինք, մենք ՀՀ տարածքներ էինք կորցնելու:

-Պարոն Մանուկյան, նորից անդրադառնանք բանակաշինությանը, այսօր շատ է խոսվում, թե պետք է հրաժարվենք ռուսական բանակի «կնիքից», որ մեր բանակը ազգային մենթալիտետին համահունչ չէ և որ , ի սկզբանե, պետք էր ազգային բանակ ստեղծվեր: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Մենք քննարկումներ արեցինք. ստեղծել ՆԱՏՕ-ական, թե՞ ռուսական բանակ: Որոշվեց երկրորդ տարբերակը, և հակառակը հնարավոր էլ չէր, ի վերջո մեր սպաները խորհրդային բանակի փորձն ու գիտելիքն ունեին, և մենք ստեղծեցինք ռուսական կամ խորհրդային բանակի կառուցվածքով ազգային բանակ, պատերազմի ժամանակ ու երբ դու ինքդ չես պատրաստում «ազգային սպաներ», խոսել այլ համակարգային տարբերակի մասին անիմաստ էր: Չեմ կարող ասել, որ ռուսական դպրոցն անցած սպաները պակաս հայրենասեր էին, Արցախի պատերազմն անցած ֆիդայիներից՝ սովետական մտածողություն ունեին, բայց քարոզչություն տարվում էր: Պիտի ասեմ, որ մենք մեծ իմաստով չենք տուժել, ընդօրինակելով ռուսական բանակի կառուցվածքային սխեման: Հիշում եմ , ըստ այդ սխեմայի, պիտի ունենայինք խողոկաշար անցկացնող բատալիոն, սկզբում մտածում էինք, ինչներիս է պետք, բայց հետո, այդ ստորաբաժանումն օգնեց նավթ տեղափոխել: Ինչ վերաբերում է, թե խորհրդային բանակից ժառանգել ենք չգրված օրենքներ` կաշառակերություն, «դեդավշինա», համաձայն չեմ, այդ երևույթները բոլոր բանակներում էլ կան, սա անհատի ներքին համոզմունքների, դաստիարակության հարց է, դրա դեմ իհարկե պետք է պայքարել: Ավելին ասեմ` ես միշտ կողմ եմ եղել և հիմա էլ պնդում եմ, որ 18 տարեկանը լրանալուց հետո, բոլորը զորակոչվեն, ծառայեն 1,5 տարի, բանակում նրանց լավ կրթեն, ծառայությունից հետո, նրանց համար պիտի ապահովվի բարձրագույն անվճար կրթություն, այլապես այսօր, կրթական համակարգը վնասում է բանակին. պետպատվերի տեղերը կրճատում են, «փողի», ոչ թե մտքի ընտրյալները անվճար ԲՈՒՀ են ընդունվում, իսկ ապագա գիտնականները դուրս են մնում, որոշ բացառություն կարող է լինել երաժիշտների, մաթեմատիկոսների և ֆիզիկոսների համար, այն էլ, եթե ինչ-որ գյուտի ստեղծմամբ է զբաղված:

-Կուզեի ձեր կարծիքն իմանալ նաև վերջին 2 տարում հնչեղություն ստացած բանակային միջադեպերի վերաբերյալ , իրականում դեպքերը ավելացել ե՞ն , ի՞նչպես եք գնահատում քաղաքացիական նախաձեռնությունների պայքարը և պաշտպանական գերատեսչության քայլերը նման դեպքերը կանխելու ուղղությամբ:

-Միջադեպերն, իհարկե, նախորդ տարիների համեմատությամբ նվազել են, բայց լավ է, որ այդ հնչողությունն ու պոռթկումը եղավ, ես շատ եմ հարգում Սեյրան Օհանյանին, բայց քննադատությունները բանակի ղեկավարության հասցեին ճիշտ եմ համարում, պիտի խոսվի, պիտի բարձրաձայնվի:

-Այսինքն, դուք չեք կիսում, Վլադիմիր Գասպարյանի ավելի վաղ արտահայտած կարծիքը և շատ ուրիշների, որ քաղաքացիական նախաձեռնությունների մեջ կան նաև վիշտը առուծախի վերածողներ:

-Ընդդիմություն պիտի լինի, բայց և այս, և այլ հարթությունում, հաճախ նկատում եմ, որ ընդդիմությունն այնպիսի վրեժխնդրությամբ է լցված իշխանությունների հանդեպ, որ երբեմն վատ բանի վրա ուրախանում են կամ վատ բաներ ծնում, թեմայի հետ օրինակս գուցե առնչությոեւն չունի, բայց, երբ Սիրուշոն էր Եվրատեսիլին մասնակցում, միայն այն փաստի համար, որ նա Քոչարյանի հարսն է, ընդդիմությունը հակաքարոզչություն էր անում:

-Չշեղվելով թեմայից և ամփոփելով, փաստորեն , ստացվում է, ունենք «ռուսական բանակ», որտեղ թելադրող են ֆիդայի – գեներալները:

-Ընդունված չի խոսել այս թեմայով, բայց ես կասեմ` Վազգենը հակում ուներ, պատերազմի միջով անցած իր ընկերների հաշվին կադրային խնդիրներ լուծելու, դա ճիշտ մոտեցում չէր, մենք հասել էինք մի պահի, որ կարող էինք այդ հարցին այլ կերպ նայել, այլ բանակ ունենալ, բայց այդկերպ փորձ էր արվում հերոսական կերպարներ ստեղծել, բարդ խոսակցություն սկսեցինք: Միայն Արցախի պատերազմում ունեցած ներդրումը հաշվի առնելով չի կարելի պաշտոններ վստահել, ես միշտ դեմ եմ եղել միֆերին:

-Լավ, Վազգեն Սարգսյանը ֆիդայի ընկեներին բարձրաստիճան զինվորականներ դարձրեց, Սպարապետից հետո, ինչն է պատճառը, որ այս «ավանդույթը» չի քանդվում:

-Դուք հիմա խոսակցությունն ավելի եք բարդացնում , սրա մասին իհարկե, պիտի խոսվի, ես մի օր կխոսեմ, հիմա եկեք ավարտենք:

Մարիամ Պետրոսյան