Արտավազդ Սահակյանի այս հուշ-ցրույցը արվել է «Նրանց ժամանակը» գրքի համար (Բուժաշխատողները Արցախյան պատերազմում՝ 1991-1994 թթ.): Պատմական դրվագներն ու սպիացած անձնական հուշերը առաջին Արցախյանի պանծալի էջերի մասին են, որի ակունքներում կանգնած էր ԱՐՏԱՎԱԶԴ ՍԱՀԱԿՅԱՆԸ՝ բժիշկն ու զինվորը, մարդն ու քաղաքացին:
———————————-
Արցախյան պատերազմը տարավ ընկերներիս, բայց տվեց սեփական ուժերի, նաև հայ ազգի կամքի ուժի նկատմամբ հավատ ու վստահություն։ Դրանք հավատի ու լավատեսության տարիներ էին։ Մենք կայացանք որպես պետություն, որը, դժբախտաբար, այս օրերին խաթարված ու վտանգված է։
———————————————–
Արցախյան պատերազմին նախորդած առաջին թեժ մարտերը
——————————————————
1987 թվականին ղարաբաղյան շարժումն արդեն սաղմնավորվում էր։ Մտերիմ էի Վանո Սիրադեղյանի, Աշոտ Մանուչարյանի հետ, «Ղարաբաղ կոմիտեին» ամենամոտ կանգնած բժիշկն էի։ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ավագ գիտաշխատող էի, ղեկավարում էի պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության կենտրոնը, որն այն ժամանակ միակն էր Հայաստանում։ 1988-ին ոչ թե ճակատային բժիշկ էի, այլ կենտրոնի ղեկավար և զբաղված էի ոչ միայն բուժմամբ, այլև կազմակերպչական հարցերով, ղեկավար աշխատանքով։ Իրականացնում էի նաև վիրվորների տարհանումն ու տեղափոխումը։
Իհարկե, մենք ամենավտանգավոր տեղերում էինք լինում ՝ Մեղրի, Նյուվադի (Նռնաձոր), Նոյեմբերյան։ 1989-ի աշնանն էր, հիշում եմ մարտական գործողություների առաջին վիրավորներին, մեկը Արմեն Սարգսյանն էր՝ Կյաժը ( Վազգեն Սարգսյանի զարմիկն էր), մյուսը՝ Սմբատ Հակոբյանը։ Արմենին ու Սմբատին Վազգեն Մանուկյանն էր բերել։ Զիված գործողություններն այդ ժամանակ ավելի շատ համակարգում էին Վազգեն Մանուկյանն ու Վանո Սիրադեղյանը։ Երասխի դեպքերն էլ են տպավորվել, բավականին վիրավորներ ունեցանք։
——————————————-
Փախուստ՝ թշնամու քթի տակ
—————————————-
Հիշարժան, կարելի է ասել զավեշտալի մի դեպք էլ եղավ։ 1990 թ․ հունվարն էր։ Գիշեր էր, շատ վատ եղանակ։ Կանչեցին ՀՀՇ-ի շտաբ, որն այն ժամանակ Բաղրամյան փողոցում էր գտնվում։ Ասացին, որ պետք է շտապ մեկնեմ Նոյեմբերյան։ Ինձ հետ մի քանի բժիշկների էլ վերցրի։ «Նիվա» ավտոմեքենայով գիշերվա կեսին, բուքուբորանին մեկնեցինք Նոյեմբերյան։Ճանապարհն անցնում էր Ոսկեպարով, հետո՝ Ասկիպարով ու Այրումով։ Այդ երկուսը Ոսկեպարի հարևանությամբ ադրբեջանական գյուղեր էին, որ գտնվում էին Ադրբեջանի ենթակայության տակ։ Մեքենան վարում էր Խաչիկ Ստամբոլցյանի վարորդը։ Ես ասացի. «Դուք հասկանո՞ւմ եք, որ մենք հենց հիմա Ղազախի շրջանում ենք։ Գոնե զենք ունե՞ք»։ Ոչինչ էլ չունեին, երևանցի տղաներ էին։ Մենք ստիպված հարվածեցինք արգելափակոցին, արագ ճեղքեցինք, անցանք գյուղն ու հասանք Նոյեմբերյան։ Մարտական գործողություններ էին եղել, մի քանի զոհ ու վիրավորներ ունեինք։ Ամենածանր վիճակում Սամվել Սիրադեղյանն էր՝ Վանո Սիրադեղյանի եղբոր տղան, որի կյանքն ու դեմքը հետո կարողացանք փրկել՝ շատ ծանր ու բարդ վիրահատություններ կատարելով։ Երևանում կարողացանք դեմքի կեսն ուղղակի հավաքել, որպեսզի հնարավոր լիներ այտոսկրերը, օրբիտայի ստորին եզրերը և մաշկը վերականգնել, զստոսկորը տեղափոխեցինք։ Բացառիկ բարդ վիրահատություն էր։ Հիշում եմ՝ վիրահատության ժամանակ էլեկտրաէներգիան անջատվեց, մոտ մեկուկես ժամ վիրահատեցինք մոմի լույսի տակ։
———————————–
Հաջորդ ուղղությունը՝ Մեղրի
————————————-
Հետո Նյուվադիի դեպքերը եղան։ Վազգեն Մանուկյանի, Վանո Սիրադեղյանի ու 7-8 ազատամրտիկների հետ՝ ականանետերով, գնդացիրներով, ուղղաթիռով թռանք Մեղրի։ Մեղրիից մեզ հաղորդեցին, որ ռուսական զինուժի պատժիչ ջոկատները մտել են Մեղրիի օդանավակայան։ Ազատամրտիկներին մեզ հետ տանելը վտանգավոր էր։ Ստիպված վայրէջք կատարեցինք Սիսիանում։ Տղաները սկսեցին զենքերը տեղափոխել ու ճանապարհը շարունակեցին «Վիլիսներով», ձիերով։ Մենք՝ բժիշկներս, «Ղարաբաղ կոմիտեի» երկու անդամների հետ հասանք Մեղրի։ Վիրավորների մի մասը Մեղրիի հիվանդանոցում էր, մյուսներին մեզ հետ բերեցինք Երևան։ Ռուսները չխառնվեցին, չմիջամտեցին։
——————————————
Դեպի Արցախ՝ սփյուռքահայ բժիշկների հետ
—————————————————–
1989 թվականից մտերիմ էի ֆրանսահայ վիրաբույժ Արամ Ղազարյանի հետ, որն առաջին պրակտիկան էր անցնում իմ ղեկավարությամբ։ Նա հետագայում դարձավ վաստակաշատ, լուրջ մասնագետ, որն զբաղվում էր դիակային վերջույթների տեղափոխությամբ։ Ներկայում նա Լիոնի համալսարանի պրոֆեսոր է և պարբերաբար այցելում է Հայաստան։ Մտերիմ էի նաև Գևորգ Քեփենեկյանի հետ, որը ուռոլոգ էր։ Հետագայում դարձավ Լիոնի քաղաքապետ։
Ես նրանց անընդհատ հորդորում էի օգնել ոչ միայն Հայաստանին, այլև Արցախին, որովհետև այնտեղ իրավիճակը ճգնաժամային էր։ Կարճ ժամանակ անց՝ Մեղրիի, Նոյեմբերյանի, Երասխի դեպքերից հետո, Ֆրանսիայից բժիշկների խումբ ժամանեց, նրանց մեջ էին Արամ Ղազարյանը, Գևորգ Քեփենեկյանը, Վերոնիկա Ագուջյանը ու անեսթեզիոլոգ Հովհաննես Էգերյանը։ Նրանք ինձ ասացին՝ այդքան ասում էիր՝ Ղարաբա՜ղ, Ղարաբա՜ղ, դե հիմա մենք թռչում ենք այնտեղ։ Հովհաննեսը, որին Ֆրանսիայում Ժոն Միշել էին ասում, դեղագործ էր, Արամը նոր էր ավարտել Բժշկական համալսարանը, երիտասարդ, բայց կայացած վնասվածքաբան էր։
Միայն հասցրեցի Միքայելյանի անվան ինստիտուտից գործուղման ուղեգիր վերցնել, և բոլորս միասին թռանք Արցախ։ Առանց երջանկահիշատակ Վլադիմիր Մովսիսյանի օգնության, մենք չէինք կարող Արցախ մեկնել։ Էրեբունիում ԿԳԲ-ի գործակալներ կային, որոնք փորձում էին խոչընդոտել։ 1990 թվականի մարտն էր։ Մենք, իհարկե, տեղեկացրել էինք Ստեփանակերտի քաղաքապետին, որ մեզ այնտեղ դիմավորեն։
—————————————————————–
Ձերբակալություն Ստեփանակերտի օդանավակայանում
———————————————————————–
Օդանավակայանում իջանք, մեզ անմիջապես մեկուսացրին ու ձերբակալեցին։ Սկսեցին ահաբեկել։ Մեզ հետ վերցրել էինք 4 արկղ խիստ անհրաժեշտ դեղորայք։ Ֆրանսիայից եկած բժիշկները նաև տարադրամ էին վերցրել, ուզում էին բաժանել ազատամարտիկներին, որպեսզի նրանք զենք գնեն։ Ստեփանակերտում մեզ դիմավորելու էին եկել Վալերի Մարությանը, Բորիս Դանիելյանը, որն իմ ուսանողական ընկերն էր, Ժաննա Գալստյանը, որը հետո դարձավ Արցախի հերոս։ Նա այն ժամանակ Ադամյանի անվան թատրոնի դերասանուհի էր։ Եկել էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Մաքսիմ Միրզոյանը։ Նրանք փորձում էին մեզ ազատել ռուսների ճիրաններից։ Ղարաբաղի արտակարգ զոնան ղեկավարում էր գեներալ Սաֆոնովը։ Մեր բախտից նա այդ օրերին քաղաքում չէր։ Դերժինսկու անվան պատժիչ դիվիզիայի փոխգնդապետ, օդնավակայանի պարետն էր այնտեղ՝ Անատոլի անունով։ Իսկական ֆաշիստ էր։ Բոլոր զինվորները Կենտրոնական Ասիայից էին՝ նեղաչք մոնղոլոիդներ, ոչ ռուսերն էին հասկանում, ոչ որևէ այլ լեզու։ Ընդամենը հրաման կատարողներ էին։
Սկսեցինք բանակցել։ Ես ներկայացա, թե ով եմ, ինչ եմ։ Իրենք ասում էին. «Սպիտակգվարդիականների թոռների ես բերել, դու էլ ես իմպերիալիզմի լրտես։ Եկել եք, որ մեր հայրնեիքը քանդեք։ Այս դեղերը մեզ թողեք ու վերադարձեք»։ Նրանց բացատրում էի, որ մենք հումանիտար օգնություն ցույց տալու համար ենք եկել և ոչ մի կապ չունենք քաղաքականության հետ, պետք է անպայման այցելենք Ստեփանակետի հիվանդանոց, դեղորայքը փոխանցենք։
———————————————-
Պատանդ՝ հայատյաց ռուսների ձեռքում
————————————————-
Մի նեղ, փոքր սենյակում մեզ 5-6 ժամ պահեցին։ Փաստացի պատանդ էինք, անգամ ջուր չէին տալիս։ Կարճահասակ Անատոլին սպառնաց՝ կամ հետ եք դառնում, կամ ձեզ գնդակահարելու ենք ու հենց այստեղ վառենք։ Արամը հոգով պինդ, կամքի ուժով տղա էր, նաև արկածախնդիր։ Ասաց՝ թող կրակեն։ Մեզ շարքով կանգնեցրին պատի մոտ։ Մերոնց թարգամնեցի, որ մեզ գնադակահարում են ու գնացի, շարքի մեջ կանգնեցի։ Արամը շատ գոտեպնդված ու քաջալերված հայտարարեց. «Միջազգային սկանդալ կլինի, մենք Ֆրանսիայի քաղաքացիներ ենք»։ Կանգնել ենք շարքով։ Ասացի՝ դե կրակեք։ Կարճահասակ Անատոլին իրոք հրաման տվեց, որ զենքերը պատրաստ պահեն։ Հետո մի քանի վայրկյան անց ռուսերեն հայհոյեց մեզ. «Գողի ծոցը գնացեք։ Շա՜տ պետքս է՝ ձեռքերս արյունոտեմ»։ Այդ ժամանակ մեզ հրմշտում էին, հրացանի խզակոթը գլխներիս հասցնում։ Զանգեցին Սաֆոնովին, բայց նա տեղում չէր։ Արտակարգ զոնայի ղեկավարին՝ ԿԳԲ-ի գնդապետ Օվչիննիկովին կանչեցին, որն ի տարբերություն Անատոլիի՝ դիվանագիտությունից բան էր հասկանում ու մարդկային լեզու գիտեր։ Նա կադրային անվտանգության սպա էր։
—————————————————–
Բանակցությունների վերջնական հանգրվանը
——————————————————
Բանակցությունները հիմա էլ շարունակվեցին Օվչիննիկովի հետ։ Բայց էլի ջուր չէին տալիս, որ խմեինք։ Ես ներկայացա որպես Համամիութենական վիրաբուժության կենտրոնի ոչ թե Երևանի, այլ Մոսկվայի մասնաճյուղի ներկայացուցիչ։ Հարցրի. «Դուք Լենինգրադից եք, չէ՞։ Ես Բելաուսովի ընկերն եմ»։ Իսկ Բելաուսովը գեներալ էր, միկրովիրաբույժ, ու իսկապես իմ ընկերն էր։ Ասացի, որ Հայաստանի միկրովիրաբուժության ոլորտի ղեկավարն եմ, ավելացրի, որ այն, ինչ կատարվում է, ուղղակի խայտառակություն է, մենք ոչ բանդիտ ենք, որ տեռորիստ։ Գնդապետը, ինձ հետ երկար զրուցելուց հետո, բանակի բուժծառայության ղեկավարին բերեց, որը դարձյալ գնդապետ էր, անունն էլի Անատոլի։ Որոշեցինք, որ մենք գնում ենք Ստեփանակերտի մարզային հիվանդանոց, հանձնում ենք դեղերը և վերադառնում Երևան։
————————————–
Բժշկական «դավադրություն»
————————————-
Ապրիլի 1-ը կամ 2-ն էր՝ երեկոյան 6-7-ը։ Զինվորականների ուղեկցությամբ մենք այցելեցինք Ստեփանակերտի մարզային հիվանդանոց, որտեղ մեզ դիմավորեց գլխավոր բժիշկ Լյուդմիլա Օվչարենկոն։ Նախօրոք ծրագրել էինք, թե ինչ ենք անելու։ Երկու հիվանդի էինք պառկեցրել, որ իբր անհապաղ պետք է վիրահատենք։ Պառկեցրել էինք։ Յակ-40 ինքնաթիռով պետք է վերադառնայինք Երևան։ Հենց մթներ, էլ թռչել չէինք կարողանա։ Դիտավորյալ ձգձգում էինք գործը, որ օրը մթնի, մենք մնանք Ստեփանակերտում։ Մնացինք։ Ռուսներն անընդհատ գալիս ու համոզում էին՝ վերջապես թռեք, գնացեք, վերադարձեք։ Այդ ընթացքում արցախցիները ժանգյալով հաց էին բերել։ Ես էլ իմ պայուսակում 5 շիշ «Ախթամար», «Նաիրի», «Դվին» կոնյակներ ունեի։ Վիրահատությունը վերջացրինք, ես Ժաննային ասացի՝ սրանց խմացրու։ Երկու կապիտան, 20 զինվոր էին՝ ավտոմատներով։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մեր ֆիդայիներն էին վիրավոր պառկած։ Նրանցից մեկի թոքերն էին վնասված։ Հենց առողջանար, պիտի գնդակահարեին կամ Բաքու տանեին։ Ժաննայի հետ սկսեցինք բանակի բուժծառայության պետին խմացնել։ 3-րդ բաժակից հետո սա սկսեց հուզվել ու անկեղծանալ. «Տո Գորբաչովի մերն էլ, հերն էլ։ Ես բժիշկ եմ, իսկ ինձ ոստիկանի տեղ են դրել»։
Բուժծառայության պետը 2 կապիտաններին, զինվորների կեսին հետ ուղարկեց, մնաց 10 զինվոր, որ պիտի վերահսկողություն իրականացնեին հոսպիտալում։ Արդեն շատ ուշ էր, ինքնաթիռով հետ գնալ հնարավոր չէր։ Ռուսները մեզ ասացին՝ եկեք, օդանացակայանում գիշերեք։ Ասացինք՝ չենք կարող, վիրահատություն կա, պիտի անենք։ Սրանց լավ խմացրինք։ Բուժքույր Գյուլին կլոֆելին կամ նման մի բան լցրեց զինվորների բաժակները։ 3 վիրավոր ազատամարտիկներին Գյուլին հիվանդանոցի 3-րդ հարկի պատուհանից փայտե սանդուղքով իջեցրեց ու փախցրեց, որ ռուսների ձեռքը չընկնեն։
———————————————————
Նորից պատանդ՝ Բաքու տանելու սպառնալիքով
————————————————————
Առավոտյան աղմուկ բարձրացավ, ազատամրտիկները չկան։ Իսկ մենք այլ վիրահատություններ սկեսեցինք անել։ Մեզ հետ բերած դեղորայքի կեսը ստիպված տվեցինք ռուսական բանակին։ Անատոլին գալիս-ասում էր՝ դե լավ, Արտո, թռեք, վերադարձեք։ Բայց մենք ասում էինք՝ չէ, պիտի մնանք, գործ ունենք։ Այդպես ձգձգեցինք մինչև ուրբաթ օրը, այսինքն՝ մնացինք մեկ շաբաթ։ Ուրբաթ ասացին՝ եթե հենց հիմա չթռչեք, ձեզ Բաքու ենք տանելու։ Նրանք մեզ ֆիզիկական տանջանքների էին ենթարկում։ Ինձ մի նկուղ էին գցել։
Պատասխանեցի՝ թիմիս հետ խորհրդակցեմ, կասեմ։ Եթե շաբաթ օրը չվերադառնայինք, ինձ հաստատ Բաքու կտանեին։ Գնացինք օդանավակայան։ Օդաչուներից մեկը ռուսերեն ասաց, որ էլի խումբ է եկել, ու էլի ռուսները բռնել են նրանց։ Մի բելգիացի բժիշկ էր ու ֆրանսուհի բուժքույր։ Արամը գնաց պարետի սենյակ, ոտքով խփեց-բացեց դուռն ու ֆրանսերեն ասաց՝ չվախենաք, սրանք ձեզ չեն սպանի, մինչև վերջ պայքարեք, սա դժոխք է։ Պարետ Անատոլին անմիջապես հարձակվեց, հրացանի խզակոթով այնպես խփեց Արամին, որ նա ընկավ, բայց հասցրեց մի հատ էլ ինքը հարվածի Անատոլիին։ Տուրուդմբոցն սկսվեց։ Մեզ կիսամեռ բերեցին-գցեցին ЯК-40-ի մեջ ու սպառնացին՝ էլ չերևաք այստեղ։ Դա Երևան-Ստեփանակերտ վերջին թռիչքն էր։
—————————–
Պատմական անցքեր
—————————-
Վազգեն Մանուկյանը շատ խելացի մարդ էր, նա պատերազմ հաղթած նախարար էր։ 1992 թվականի խուճապային իրավիճակում, երբ Արցախի 50 տոկոսը, նաև Արծվաշենը ադրբեջանցիների ձեռքում էր, նա նշանակվեց Պաշտպանության նախարարար։ Վազգեն Մանուկյանն անընդհատ ասում էր՝ թուրքին գոնե մի տեղից պիտի խփենք։
Ես այն եզակի բժիշկներից եմ, որ կամ ամեն օր, կամ շաբաթը երկու-երեք անգամ նախագահի, Պաշտպանության նախարարի հետ եմ եղել ու բոլոր անցքերին քաջատեղյակ եմ։ Վազգեն Մանուկյանն ասում էր՝ թուրքի աչքը պետք է վախեցնել։ Ու սկսվեց Կապանի ադրբեջանաբնակ գյուղերի զինաթափումը։
—————————————
Եվ նորից պատերազմ, զոհեր, վիրավորներ, պայքար
—————————————————————–
Ամենածանր օրերն, իհարկե, պատերազմի ժամանակներն էին։ Ես պարբերաբար Արցախ էի գնում-գալիս։ 1992-ի հունիսն էր, ժամը մեկ 90, երբեմն՝ 100 վիրավորի էին բերում։ 1992-ին Ստեփանակերտի դիագնոստիկայի շենքի նկուղում էինք։ Ամենասոսկալի օրեն էին՝ հունիսի 10-13-ը։ Ասկերանի վրա մոտ 100 տանկ հարձակվեց։ Թվում էր՝ թուրքերն ամեն պահի կարող են հայտնվել Ստեփանակերտում։ Բժիշկների ամբողջ թիմը՝ Վալերի Մարությանը, Սամվել Գևորգյանը, Կարեն Պողոսովը, Բորիս Դանիելյանը, Արշակ Գասպարյանը, Կարեն Բալասանյանը, Վովա Մուսայելյանը, շուրջօրյա աշխատում էր։ Բոլորը պատերազմի իմ ընկերներն են։ Թող ներեն նրանք, որոնց անունները չնշեցի։ Բուժքույրերը ևս ահռելի գործ էին անում։
Հասմիկը… նրան բոլորն էին սիրահարված։ Հասմիկը զոհվեց։ Թշնամին Ստեփանակերտը ռմբակոծում էր, մի ռումբ էլ Հասմիկենց շենքի վրա էր ընկել։ Երջանկահիշատակ Վալերի Մարությանի հետ մի տղայի էինք վիրահատում։ Անունը չէր ասում. կոկորդը պատռված էր։ Ասում էինք՝ գոնե անունդ գրի։ Չէր գրում։ Տեղային անզգայացումով շնչափողից բեկոր հանեցինք։ Հարցրինք՝ ինչո՞ւ անունդ չէիր ասում։ Պատասխանեց՝ եթե մեռնեի, չէի ուզենա, որ մայրս իմանար, հիմա որ գիտեմ՝ կյանքս փրկել եք, ապրելու եմ, կասեմ անունս։
———————————
Երբ պատերազմն անձամբ քեզ է հարվածում
———————————————————
Ուղղաթիռները Տատիկ-պապիկի արձանի մոտից էին թռչում։ Տղաները գնում էին Սրխավենդն ազատագրելու։ Ես էլ պիտի ուղղաթիռ նստեի, բայց նրանք հրաժարվեցին ինձ էլ վերցնել։ Ես օդաչուների հետ վիճեցի, անգամ կոպիտ խոսքեր ասացի։ Օդաչուն հարցրեց՝ դու Արտոն ես, չէ՞։ Պատասխանեցի՝ այո։ Շարունակեց՝ ինձ հրամայված է, որ քեզ չվտանգենք։ Նրանք թռան ու զոհվեցին։ 1992 թվականի հունիսի 12-ն էր։ Թշնամին աչքիս առաջ խփեց նաև առաջին ռուսական ինքնաթիռը։ Ես հեռադիտակով պարզ տեսնում էի այդ ամենը։ 1993-ին Շահումյանի տղերքը եկան։ Ես այն ժամանակ Միքայելյանի անվան ինստիտուտում էի։ Ասացին՝ Արտակ Խաչատրյանը Եղնիկներում զոհվել է։ Ես չէի հավատում։ Արտակը քրոջս որդին է։ Շահեն Մեղրյանի հետ նույն ուղղաթիռում էին, ուղղաթիռը խփել էին, նա ևս զոհվել էր։ Արտակը Շահումյանի Վերինշենի բժիշկն էր։
————————————-
Կողք կողքի՝ մի բռունցք դարձած
——————————————-
Նոյեմբերյանից մինչև Հորադիզ, կռվող տղերքի հետ պայքարել են նաև բժիշկները՝ միշտ նրանց կողքին կանգնելով, ծանր վիրահատություններ կատարելով։ 1993-ին հաղթանակի նժարն արդեն մեր կողմ էր թեքվել։
Հաճախ էի Արցախ գնում՝ նաև օգնություն, գումար, դեղորայք հասցնելու։ Այդ ժամանակահատվածում Ֆրանսիա էի գնում՝ աշխատելու։ Աշխատածս գումարը բերում էի, տալիս Վազգեն Սարգսյանին, որ զենք առնի։ Մեր տանը դրա մասին չգիտեին։ Արցախյան պատերազմը տարավ զարմիկիս՝ բժիշկ Արտակ Խաչատրյանին, բազմաթիվ ընկերներիս, բայց տվեց սեփական ուժերի, նաև հայ ազգի կամքի ուժի նկատմամբ հավատ ու վստահություն։ Դրանք հավատի ու լավատեսության տարիներ էին։ Մենք կայացանք որպես պետություն, որը, դժբախտաբար, այս օրերին խաթարված ու վտանգված է։
#ՆրանցԺամանակը #արտավազդսահակյան #հուշ_զրույց






