Ոչ մի ազգ, ոչ մի պետություն չի կարող իր տնտեսական և քաղաքական ծրագրերը կազմելիս ելնել միայն իր ցանկություններից, ներքին իրականությունից: Անհրաժեշտ է ոչ միայն գնահատել հարևանների և ողջ աշխարհի իրավիճակը, այլև կանխատեսել, թե ինչ ուղղությամբ է շարժվելու աշխարհը, ըստ այդմ կառուցել ազգային ծրագրերը, որոշել խնդիրների լուծման հերթականությունը: Ճշգրիտ հաշվարկել դեպքերի զարգացման ուղղությունը, իհարկե, հնարավոր չէ, պետք է ուղղակի քննարկել հավանական տարբերակները և գործողությունների ընթացքում, հարմար առիթի դեպքում ինչ-որ չափով գնալ նաև խելամիտ ռիսկի, առանց որի հնարավոր չէ ոչ մի խնդրի իրականացում: Եթե հաշվարկներ, կանխատեսումներ չկան, ապա սովորաբար ընտրում են երկու հնարովի պահվածքներից մեկը. կամ կծկված տրվում են հոսանքին՝ սպասելով, թե ինչ կլինի (սովորաբար ինքնիրեն ոչ մի լավ բան չի լինում), կամ նյարդերը չեն դիմանում անորոշ լարվածությանը, և հիստերիկ ոգևորությամբ դիմում են ՙմահ կամ ազատություն՚ կարգախոսին, որը եթե ընդունելի է անհատի համար, ապա անընդունելի է, երբ վերաբերում է ողջ ազգին: Այդ երկու պահվածքների դրսևորումն էլ վառ արտահայտված է այժմյան իրականության մեջ:
Մեր ազգը ապրում է այժմ իր համար մի բախտորոշ ժամանակաշրջանում, երբ կամաց-կամաց բոլորիս մեջ հասունանում է այն համոզմունքը, որ դեպքերի զարգացումը կարող է հնարավոր դարձնել մեր ազգի դարավոր երազանքի իրականացումը՝ անկախ պետականության վերականգնումը, առանց որի անլուծելի կմնան մնացած համարյա բոլոր ազգային խնդիրները: Շատերին վախեցնում են ինքնուրույն գործելու այն հնարավորությունները, որոնք բացվել են մեր առջև: Առհասարակ ամենածանր բեռը ինքնուրույն որոշումներ ընդունելու պատասխանատվությունն է, ստրկությունը՛՛քաղցր՛՛ է նրանով, որ վերացնում է մարդու վրայից այդ ծանր բեռը՝ ազատելով նրան պատասխանատվության զգացումից: Ստրկությանը սովոր մարդը վախենում է ազատությունից, պատասխանատվությունից: Պատահական չէ, որ այժմ, երբ մեր առջև բացվել են ազգի ապագայի վերաբերյալ ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հնարավորություններ,կան մարդիկ, որոնք հուսահատված խոսում են ինչ-որ փակուղու մասին: Ոչ, փակուղի չկա, կա մի դժվարին ճանապարհ, որով անցել են շատ ազգեր, և որը տանում է դեպի երջանկություն: Պետք են միայն համագործակցություն, միասնություն, խելացի հաշվարկ և վճռականություն: Փորձենք այժմ կռահել, թե ինչ ուղղությամբ է շարժվում ԽՍՀՄ-ը, որոնք են այդ շարժման դրդապատճառները, և, ըստ դրա, տեսնենք, թե ինչ է հնարավոր անել և ինչպես: Այս հարցերի շուրջ ամենատարածված տեսակետը, որը սկզբում քարոզում էր ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեն, հետագայում քարոզում էին նաև բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ, հետևյալն է: Խորհրդային Միությունը, գտնվելով տնտեսական և քաղաքական խորը ճգնաժամի մեջ, ստիպված դիմեց վերափոխումների՝ փորձելով ստեղծել դեմոկրատական հասարակություն, ազատ տնտեսություն: Օգտվելով այդ հանգամանքից, մենք պետք է ձգտենք տնտեսական անկախության, ինքնիշխանության և հարմար պահին պատրաստ լինենք հռչակելու անկախություն:
Այնուամենայնիվ անկախությունը շատերին վախեցնում է Թուրքիայի հարևանության պատճառով (հետաքրքիր է, որ այդ նույն մարդիկ անհասկանալի խիզախությամբ անընդհատ խոսում են Թուրքիայից հողերը հետ վերցնելու մասին), և այդ պատճառով առկա է նաև հետևյալ մտայնությունը. ձգտել կոնֆեդերացիայի և բավարարվել դրանով, չէ որ եվրոպական երկրներն էլ, զիջելով իրենց անկախության որոշակի մի մասնիկ, ստեղծում են նոր տիպի դաշինք, հետևաբար դա է զարգացման ուղին: Նախ նկատենք, որ մի բան զիջելու համար պետք է առաջին հերթին որոշես՝ ում և երբ զիջես, հանուն ինչի զիջես, ինչ ստանաս դրա փոխարեն, և երկրորդ՝ դարից դար փոխվում է անկախության բովանդակությունը, դրա իրավաբանական ստատուսը: Եվրոպայում այժմ տեղի են ունենում գործընթացներ, որոնց այս կամ այն ձևով մասնակից կդառնան աշխարհի գրեթե բոլոր երկրները՝ ստեղծելով սկզբում պետությունների փնջեր, որոնք հետագայում կձուլվեն մեկ համաշխարհային միասնության մեջ, և դրա արդյունքում կձևակերպվի, թե ինչ է նշանակում անկախությունը 21-րդ դարում: Նկատենք նաև, որ պետության կազմավորման կոնֆեդերատիվ ձևը անկայուն է, և պատմությանը հայտնի գրեթե բոլոր կոնֆեդերացիաները (Շվեյցարական, ԱՄՆ-ի, գերմանական և այլն) անցել են նույն ուղին՝ կոնֆեդերացիա, հետո ֆեդերացիա, ի վերջո դարձել են միասնական ունիտար պետություն:
Մենք առայժմ խոսենք Խորհրդային Միությունում տեղի ունեցող գործընթացների մասին և տեսնենք՝ ճի՞շտ է արդյոք վերոհիշյալ տեսակետը, ըստ որի հնարավոր է ձեռք բերել անկախություն՝ հանդարտ գնալով դեպի ինքնիշխանություն: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում այժմ ԽՍՀՄ-ում, ինչ ուղղությամբ է նա շարժվելու, և որոնք են այդ շարժման դրդապատճառները, կատարենք մի փոքր պատմական էքսկուրս:
Ռուսաստանում դարերի ընթացքում փոխվում էին կառավարման ձևերը, բայց անփոփոխ էր մնում քաղաքականությունը՝ ծավալապաշտությունը: Իր ծավալվելու ընթացքում նա հասավ մեզ, գրավեց մեր հողերի մի մասը: Պետք է լավ գիտակցել, որ Ռուսաստանի այստեղ գալը ոչ մի ձևով կապված չէր մեր դիմումների կամ կողմնորոշման հետ: Ռուսաստանը կատարում էր իր առաքելությունը՝ ծավալապաշտությունը (հետաքրքիր է նկատել, որ նվաճված ժողովուրդների մի մասը Ռուսաստանում ապրում էր ավելի լավ պայմաններում, քան բուն ռուսները. այդ երևույթը ունի խորը արմատներ, բայց դա առանձին խոսակցության նյութ է): Զավթողական քաղաքականության ներքին տրամաբանությունը պարտադրում էր Ռուսաստանին չհանդուրժել իր ճանապարհին անկախ պետությունների ստեղծումը, անել ամեն ինչ, որպեսզի նվաճված ազգերը հնարավորություն չունենան ստեղծելու իրենց անկախ պետությունները: Այդ նպատակով իրագործվում էր նվաճված ազգերի ռուսականացման քաղաքականությունը, ռուսականացում լեզվով, մշակույթով, խառը ամուսնությունների միջոցով և այլն: Այն դեպքերում, երբ դա չէր հաջողվում, արվում էր ամեն ինչ, որպեսզի տվյալ ազգը մեծամասնություն չկազմի իր պատմական տարածքում: Դրան էին ծառայում տեղահանությունները, ջարդերը, նվաճված տարածքները ռուսներով վերաբնակեցնելու քաղաքականությունը: Այդ պատճառով օբյեկտիվորեն մեր դարավոր իղձի իրականացումը՝ միացյալ անկախ Հայաստանի ստեղծումը, հակասում էր Ռուսաստանի շահերին:
Եվ այդ է նաև պատճառներից կարևորագույնը, որ մեզ չհաջողվեց ապահովել մեր հայրենակիցների մի զգալի մասի ֆիզիկական գոյությունը XIX դարի վերջում ու XX դարի սկզբում (Թուրքիայի շահագրգռվածությունն ու դերը այս հարցում հայտնի է, մենք այժմ խոսում ենք Ռուսաստանի մասին), խնդիր, որը մեզ հաջողվում էր իրականացնել դարերի ընթացքում՝ ապրելով ծանր պայմաններում՝ թուրքական և պարսկական կայսրությունների տիրապետության տակ: Այս առիթով նկատենք, որ եթե ծավալապաշտական քաղաքականություն իրագործող Ռուսաստանը մեր ազգային իղձերի իրականացման բնական թշնամին է, ապա Ռուսաստանի հրաժարումը այդ քաղաքականությունից հնարավորություն է ստեղծում վերականգնել մեր պետականությունը, և մեր անկախ պետության բնական դաշնակիցը կարող է լինել նոր ժողովրդավարական Ռուսաստանը: Ծավալապաշտական Ռուսաստանը օբյեկտիվորեն մեր թշնամին է: Ոմանց կարծիքով, եթե իր ծավալապաշտության մեջ նա հասած լիներ գոնե մինչև Վան, հետո քանդվեր, միգուցե մենք այժմ ավելի շահած լինեինք. բայց, նախ, եթե նա այդ տարածքները գրաված լիներ, ապա մեկ է, այդտեղ այժմ հայեր չէին բնակվի (հավանաբար այդ տարածքներում կստեղծվեին թուրքական և քրդական հանրապետություններ), ապացույց՝ Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը, Նախիջևանը և այլն:
Երկրորդ՝ տեսանելի ապագայում այդպիսի բան չի սպասվում, ծավալապաշտական քաղաքականությունն այժմ հակասում է մարդկության զարգացման ուղուն, Ռուսաստանի հնարավորություններին, և եթե մենք, չունենալով պետականություն, անորոշ սպասենք մարդկության զարգացման այն փուլին (եթե այդպիսի փուլ գա), որը նորից հնարավոր դարձնի Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականությունը, նույն անիմաստ հույսերը կապելով դրա հետ, ապա մինչ այդ մենք կդադարենք գոյություն ունենալ որպես ազգ: Դեմոկրատական Ռուսաստանը մեր բնական դաշնակիցը կարող է լինել, հիշենք միայն, որ անկախ պետություն ունենալու դեպքում է միայն հնարավոր իրական դաշնակիցներ ունենալ: Պատմության, քաղաքականության ոլորտներում գործում են օրենքներ, որոնք կախված չեն այս կամ այն անհատի ցանկությունից: Այդ օրենքներից նշենք պարզ, բայց մեր դիտարկման համար կարևոր մի կանոն: Ամեն մի պատմական ժամանակաշրջանում գոյություն ունի մարդկության ընդհանուր զարգացման ուղի, և եթե մի որևիցե պետության արտաքին և ներքին քաղաքականության ուղղվածությունը չի համընկնում զարգացման ընդհանուր ուղուն, ապա այդ պետության ներսում առաջանում են պետությունը քանդող ուժեր, և ինչքան մեծ է շեղումը մարդկության ընդհանուր զարգացման սլաքի և տվյալ պետության կառուցվածքի ու քաղաքականության ուղղվածության սլաքների միջև, այնքան մեծ է քանդող ուժերի զորությունը, այն ուժերի, որոնց նպատակը՝ իրենց իսկ կողմից խորը չգիտակցված, շատ հաճախ նույնիսկ երկրի շարժման ուղղությունը հնարավորինս մարդկության զարգացման ուղղությանը համապատասխանեցնելն է: Մեծ եռանդ, ուժ կիրառելով՝ իշխողները կարող են միառժամանակ այդ երևույթների դեմն առնել, կծկվել՝ երկիրը դատապարտելով տնտեսական, քաղաքական, ռազմական, գիտական, մշակութային և բարոյական լճացման: Ինչքան երկար տևի այդ լճացումը, այնքան մեծ կլինի պայթյունը: Օրինակ կարող են ծառայել իրադարձությունները Ռումինիայում: Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով որոշ կայսրություններ քանդվելով վերափոխվեցին նոր պետությունների, որոնց ընթացքի ուղղության սլաքները շատ թե քիչ համապատասխանեցին մարդկության զարգացման ուղղության սլաքին, օրինակ՝ Թուրքիան, Ավստրո-Հունգարիան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ճանապարհով գնացին Անգլիան, Իսպանիան, Պորտուգալիան և այլք: Եվ այժմ մնացել է վերջին խոշոր դինոզավրը՝ Ռուսաստանը:
Մարդկության զարգացման այժմյան ուղղության՝ պետությունների հզորացման, գիտության և տեխնիկայի, տնտեսության և մշակույթի զարգացման հիմքում ընկած է մի կախարդական բառ՝ ազատություն: Դա է մարդկության զարգացման ուղին, և այդ հոսանքին հակառակ գնալու բոլոր փորձերը, ինչքան էլ հզոր և վեհ գաղափարներով պատճառաբանված լինեն, դատապարտված են անհաջողության:
Օրինակ կարող են ծառայել կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսությունները և դրանց քաղաքականության իրականացման փորձի տապալումը: Այժմ հերթը հասել է Ռուսաստանին: Ինչպես արդեն նշել ենք, դարերի ընթացքում անշեղորեն իրագործելով ծավալապաշտական քաղաքականություն՝ Ռուսաստանը ժամանակի ընթացքում փոխել է իր կառավարման ձևերը: Կառավարման վերջին ձևը բոլշևիզմն է: Ծավալապաշտական քաղաքականության վերջին փորձը՝ Աֆղանստանի նվաճումը, տապալվեց: Կառավարման վերջին ձևը երկիրը բոլոր ասպարեզներում կանգնեցրեց խորը ճգնաժամի առջև: Ավելին, կայսրությանը թույլ կպած կտորները՝ Լեհաստանը, Հունգարիան, սկսեցին կամաց-կամաց պոկվել: Կայսրությունն արդեն ուժ չուներ՝ պահելու նրանց: Ամբողջ մարդկությունը սարսափով նայում էր քայքայվող հսկային, որի բեկորների տակ կարող էր թաղվել ողջ աշխարհը: Աշխարհը զինվում էր՝ պատրաստվելով պաշտպանել իրեն հավանական արհավիրքից և լարված ուշադրությամբ հետևում էր կայսրության հոգևարքին:
Պայթյունից խուսափելու մի միջոց կար. արագ փոփոխություններ կատարել երկրի արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում՝ աշխատելով փոփոխությունների ընթացքը պահել հսկողության տակ: Խնդիր դրվեց նվազագույն տարածքային կորուստներով, նվազագույն փոփոխություններով փոխել կառավարման ձևը, երկիրը հարմարեցնել աշխարհի զարգացման ուղղությանը՝ ապահովելով գիտության, տեխնիկայի, տնտեսության և ռազմական արդյունաբերության առաջընթացը նոր պայմաններում: Ռուսաստանում հայտնվեց մի մարդ, որն իր վրա վերցրեց այդ բարդ խնդրի իրականացումը. այդ մարդը Գորբաչովն է: Եթե սկզբում թվում էր, որ վերափոխման գործը կարելի է առաջ տանել փոքր ձևափոխությունների միջոցով, ապա ընթացքում պարզվեց, որ փոփոխությունները և կորուստները մեծ են լինելու, և ամենասարսափելին այն է, որ դրանց ընթացքը և արագությունը հնարավոր չէ պահել լիակատար հսկողության տակ: Չարժե ինքնախաբեությամբ զբաղվել, երկրի ղեկավարման հին ձևը, կոմունիստական կուսակցության ղեկավար դերը ոչնչացնում է ինքը՝ Գորբաչովը՝ վարպետորեն առաջ մղելով ժողովրդին: Այդ խնդիրը դեռ վերջնականապես լուծված չէ, բայց արդեն հասկանալի է, որ իշխանության կոմունիստական ձևը դատապարտված է: Բնական պատճառներով երկրի տարբեր հատվածներում այդ իշխանության վերացումը կատարվում է տարբեր արագությամբ: Ինքը՝ Գորբաչովը, նպատակ ունենալով հնարավորինս պահպանել կայսրության ամբողջականությունը, շահագրգռված է, որ ծայրամասերում այդ երևույթն առավել դանդաղ ընթանա: Ավելին, շատ վարպետորեն փորձ է արվում Ռուսաստանի կողմից նվաճված ժողովուրդների ազգային-ազատագրական պայքարը, որը բնականորեն պետք է ուղղված լիներ կայսերապաշտական քաղաքականության դեմ, ուղղել կայսրությունը ղեկավարելու ձևի դեմ, ազգային-ազատագրական պայքարը, որի բնական նպատակն է անկախությունը, փոխարինել հակակոմունիստական պայքարով:
Օգտվելով իրենց բնորոշ յուրահատուկ պայմաններից՝ որոշ հանրապետությունների, օրինակ, Լիտվային, հաջողվեց ընտրել պայքարի ճիշտ ուղղություն՝ զանազանելով կայսերական քաղաքականությունը նրա իրագործման ձևից և վարպետորեն հավասարակշռություն պահելով պայքարի այդ երկու ուղղությունների միջև: Ես չեմ խոսում ի պաշտպանություն կոմունիստական կուսակցության, դա մարդկության և մեր ազգի հանդեպ հանցագործ կազմակերպություն է, որը պետք է իջնի քաղաքական թատերաբեմից, ես ուղղակի կոչ եմ անում սառը կշռադատել մեր քաղաքական պայքարի ուղղությունը: Ստիպված լինելով քանդել հին ղեկավարման ձևը, տալով արդեն տարածքային կորուստներ Արևելյան Եվրոպայում, Մերձբալթիկայում՝ Գորբաչովը ձգտում է վերափոխումներից հետո պահպանված տարածքների վրա ստեղծել մի միասնական դեմոկրատական պետություն, որի տնտեսությունը ղեկավարվում է ազատ շուկայի մեխանիզմով, ստեղծել մի կայուն միասնական երկիր, որն արդեն ենթակա չէ քանդվելու, և որի զարգացման ուղղությունը հնարավորին չափ համապատասխանում է մարդկության զարգացման ուղղությանը: Կհաջողվի՞ արդյոք Գորբաչովին լուծել այս խնդիրը, և ի՞նչ է սպասում մեզ այդ ճանապարհին: Ինչպես նշեցինք, ԽՍՀՄ-ի բռնած ճանապարհի անհամապատասխանությունը մարդկության ընդհանուր զարգացման ուղու հետ երկրի ներսում առաջացրեց այնպիսի երևույթներ, որոնք սկսեցին քանդել կայսրությունը:
Տնտեսությունը կամաց-կամաց դառնում էր անկառավարելի, կենտրոնում ընդունված որոշումները հնարավոր չէր լինում իրագործել: Պաշտոնական գաղափարախոսությունը, որը կարևոր դեր էր խաղում երկիրը ղեկավարելու գործում, աստիճանաբար կորցնում էր իր ազդեցությունը: Տնտեսության քայքայումը, նավթի գների իջեցումը միջազգային շուկային հնարավորություն չէին տալիս տարբեր ներարկումների միջոցով իրեն ամուր կապված պահել սոցիալիստական երկրները: Լեհաստանում սկսվեց ազգային-ազատագրական պայքար, անհաջողություններ՝ Աֆղանստանում: ԽՍՀՄ-ը հետզհետե ավելի ու ավելի էր հետ մնում աշխարհի երկրների մեծ մասից տնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների մշակման գործում: Դա չէր կարող չազդել ԽՍՀՄ-ի ամենակարևոր հատկանիշի՝ ռազմական արդյունաբերության, ռազմական ուժերի վրա: Կար վտանգ, որ այն փաստի գիտակցումը, թե ժամանակը աշխատում է իր դեմ, կարող է դրդել երկրի ղեկավարությանը դիմել արկածախնդրության, սկսել իրականացնել իր ռազմական հնարավորությունները՝ չթողնելով, որ մնացյալ աշխարհն իրենից առաջ անցնի: Բայց երկիրը ղեկավարող ՙծերակույտը՚ չունեցավ այնքան վճռականություն, կամ, ավելի ստույգ, ունեցավ խոհեմություն և չդիմեց այդ քաղաքականությանը, որը կարող էր կործանարար լինել ամբողջ մարդկության համար:
Այդ տեսակետից չափազանց մեծ էր ԱՄՆ-ի և նրա այն ժամանակվա պրեզիդենտ Ռ.Ռեյգանի ցուցաբերած վճռականությունը, շանտաժի չենթարկվելը և ռազմական արդյունաբերության մեջ նորագույն տեխնոլոգիայի օգտագործման ծրագրի իրականացումը: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը դիմեց ՙոտքերը վերմակի չափով մեկնելու՚ քաղաքականությանը և փորձեց վերափոխումների միջոցով հասնել մնացյալ աշխարհին: Սկզբում այդ քաղաքականության մեջ կար բլեֆի ինչ-որ տարր, փոքր վերափոխումներով խնդիրը լուծելու ցանկություն: Բայց իրադարձությունների ներքին տրամաբանությունը ցույց տվեց, որ փոփոխությունները պետք է լինեն շատ խորը, իսկ նախորդ ժամանակաշրջանում կայսրության նվաճած տարածքների կորուստները՝ բավական մեծ: Սկսվեց իրադարձությունների մի շղթա, որոնց ուղղությունը և արագությունը կենտրոնը չկարողացավ իր հսկողության տակ պահել, զորքի և ՊԱԿ-ի օգտագործումն այդ նպատակով զգալի արդյունքներ չի տալիս: Տնտեսությունը վարչահրամայական եղանակով ղեկավարելու մեթոդներից հրաժարումն արագացրեց տնտեսության քայքայումը, որը կարող է հանգեցնել և՛ տնտեսական, և՛ քաղաքական քաոսի: Մյուս կողմից՝ անընդհատ հետաձգվում են մասնավոր բարեփոխումները, որոնց իրագործման առաջին փուլը բնորոշվելու է հսկայական արժեզրկումով ու գործազրկությամբ, որոնք այս բազմազգ կայսրությունում կհանգեցնեն անկանխատեսելի քաղաքական հետևանքների: Հասկանալի է նաև, որ տնտեսական բարեփոխումների իրականացման դեպքում տնտեսությունը երկրի ղեկավարության համար ամբողջովին կդառնա անկառավարելի՝ բերելով իր հետ նաև քաղաքական գործընթացի անկառավարելիություն: Այս պայմաններում ոչ միայն մենք, այլ նաև երկրի ղեկավարությունը, որը մեզանից անհամեմատ շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ազդելու տեղի ունեցող գործընթացների վրա, չի կարող հաշվարկել կամ կռահել, թե ինչ ճանապարհով կընթանա երկիրը, ինչ է նրան սպասում այս կամ այն որոշումը ընդունելիս: Կարելի է միայն նշել դեպքերի զարգացման մի քանի հնարավոր տարբերակներ: Բայց մինչ այդ տարբերակների քննարկմանն անցնելը խոսենք ցանկությունների մասին: Մ.Գորբաչովի վարած քաղաքականությունից կարելի է կռահել, որ նրա ցանկությունն է ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում կառուցել մի միասնական պետություն, որը հարմարեցված լինելով մարդկության զարգացման ուղղությանը՝ իր կառուցվածքով նման լինի ԱՄՆ-ին: Երկիրը բաժանված լինի մասերի (հանրապետություններ, ինքնավար միավորումներ, Ռուսաստանի երկրամասեր), որոնցից յուրաքանչյուրը ունենա մոտավորապես այնպիսի ազատություն և իրավունքներ, որպիսիք ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր նահանգ: Դատելով ըստ Արևմուտքի քաղաքական գործիչների հայտարարությունների և նրանց կողմից վարվող քաղաքականության՝ Արևմուտքը շահագրգռված է, որ Գորբաչովի այս ծրագիրը իրականանա: Այդ շահագրգռվածության արմատները պարզ են, ագրեսիվ, մեծ ռազմական ուժ ունեցող, բայց փակ և չզարգացող տնտեսության տեր կայսրության կամ նրա քայքայումից հետո առաջացած փոքր, տնտեսապես թույլ, ազգամոլությամբ տառապող և իրար դեմ պատերազմող պետությունների փոխարեն Արևմուտքը կցանկանար ունենալ մի հարևան, որի դեմոկրատական կառուցվածքը և բաց տնտեսական համակարգը երաշխավորեին Արևմուտքի ռազմական ապահովությունը՝ միաժամանակ բացելով նրա առջև հսկայական շուկա: Այնպես որ Արևմուտքը իր պրագմատիկ նպատակներից ելնելով՝ տվյալ ժամանակաշրջանում, ի տարբերություն նախորդ փուլի, չի խրախուսում ԽՍՀՄ-ի կազմում գտնվող որոշ հանրապետությունների անջատողական քաղաքականությունը: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ հաշվի առնելով համաշխարհային հասարակական կարծիքը, Արևմուտքն ստիպված անում է որոշակի հայտարարություններ, նույնիսկ որոշ քայլեր՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են ազատությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և այլն: Արևմուտքի քաղաքականության մեջ շատ մեծ դեր է խաղում նաև այն մտավախությունը, որ հանրապետությունների կենտրոնախույս շարժումը կարող է հանգեցնել քաոսի՝ անկանխատեսելի վտանգավոր հետևանքներով ոչ միայն կայսրության, այլև իր իսկ Արևմուտքի համար: Մտավախություն կա նաև, որ այդ շարժումը կարող է ստիպել ԽՍՀՄ-ին վերադառնալ իր նախորդ վիճակին:
Այսպիսով, Մ.Գորբաչովի և Արևմուտքի ցանկությունները այս հարցերում համընկնում են: Բայց միևնույն է, այդ ցանկությունները լրիվ իրագործվել չեն կարող: Կայսրությունը ստիպված է կրել տարածքային կորուստներ: Օրինակ կարող է ծառայել մերձբալթյան հանրապետությունների անխուսափելի անջատումը կայսրությունից: Այդ մտքի հետ արդեն ստիպված հաշտվել է համարյա ամբողջ Ռուսաստանը: Գոյություն ունի երկու կարևոր հանգամանք, որոնք թույլ չեն տա ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքում ստեղծել ԱՄՆ-ի նման մի պետություն:
Առաջին՝ ի տարբերություն ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի կազմում գտնվող շատ ժողովուրդներ ներառվել են կայսրության կազմի մեջ իրենց պատմական հայրենիքով, և շատ մեծ է վերստին սեփական պատմության ուղին կերտելու նրանց ցանկությունը:
Երկրորդ՝ այն տնտեսական վերափոխումները, որոնք անխուսափելիորեն պետք է իրագործվեն ԽՍՀՄ-ում, և որոնք գոնե սկզբնական շրջանում կուղեկցվեն ժողովրդի կենսամակարդակի կտրուկ իջեցումով, կնպաստեն կենտրոնախույս ուժերի հզորացմանը: Յուրաքանչյուր հանրապետություն, բնականորեն ելնելով իր շահերից, կաշխատի իր տնտեսության զարգացումը իրականացնել ուրիշների հաշվին, հարուստը չի ցանկանա կիսվել աղքատի հետ: Օրինաչափ է նաև, որ տնտեսական վերափոխումները տարբեր ձևերով և տարբեր արագություններով ավելի հեշտ է իրագործել կայսրության առանձին մասերում, քան մեծածավալ կայսրության ամբողջ տարածքում միաժամանակ և միևնույն եղանակով: Այս հանգամանքը ևս կնպաստի կենտրոնախույս ուժերի հզորացմանը: Այժմ տեսնենք մենք ինչ ենք ուզում: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի վերանա աշխարհի երեսից, և վաղ թե ուշ կայսրությունից մնացած ամենամեծ բեկորի վրա կկառուցվի միասնական Ռուսաստան: Մի կողմ թողնենք, թե քանի փուլում կիրականացվեն այդ խնդիրները, ինչ զոհեր կպահանջվեն, ինչ արհավիրքներ կհանդիպեն ճանապարհին:
Ենթադրենք (համարյա ֆանտաստիկ մի բան) մեզ հաջողվում է անցնել բոլոր արհավիրքների միջով և ստեղծվելիք միասնական դեմոկրատական Ռուսաստանի մասը կազմել: Արդյոք դա մեզ ձե՞ռք է տալիս, թե՞ ոչ: Ըստ իս, ոչ: Եթե այդ գրեթե անհավանական տարբերակը իրագործվի, և մենք մասը կազմենք միասնական դեմոկրատական Ռուսաստանի, ապա դրանով կվերջանա հայ ժողովրդի հազարամյակների պատմությունը, ինչպես որ, օրինակ, վերջացած է Շոտլանդիայի և Ուելսի ազգային պատմությունը. երկրներ, որոնցում կան, իհարկե, անկախության ձգտող կուսակցություններ, բայց այդ ժողովուրդների համատարած անգլիացումը, Մեծ Բրիտանիայում տիրող իրավահավասարությունը, բարձր կենսամակարդակը հանգեցրել են այն բանին, որ շոտլանդացիների ու վալիացիների ճնշող մեծամասնությունը սոսկ էկզոտիկ մի բան է դարձել: Այդպիսով այդ ժողովուրդները դուրս են մղվել մարդկության պատմության թատերաբեմից, և ինչպես այժմ չկան շումերներ, արամեացիներ, դակեր, գարգարացիներ, ինչ-որ ժամանակից հետո չեն լինի նաև շոտլանդացիներ, վալիացիներ: Մի՞թե մենք ուզում ենք նույն բախտին արժանանալ: Մենք՝ հայերս, տեսել ենք ինչպես են կառուցվում եգիպտական բուրգերը, պատերազմել ենք Ասորեստանի և Հին Հռոմի դեմ, Տիգրան Մեծի ժամանակ տարածվել ենք մինչև Կարմիր ծով, ականատես և մասնակից ենք եղել համաշխարհային կրոնների՝ քրիստոնեության ու մահմեդականության առաջացմանն ու տարածմանը, մեր աչքերի առջև ստեղծվել և քանդվել են հզորագույն կայսրություններ, շատ բան ենք տվել աշխարհին ու շատ բան վերցրել՝ անցնելով փորձություններով լի ճանապարհ, բայց իմ խորին համոզմամբ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ չենք կատարել այն առաքելությունը, որի համար ստեղծել է մեզ Աստված, և սրբապղծություն կլինի Աստծո, մարդկության և մեր նախնիների հանդեպ, եթե մենք հրաժարվենք կրել մեր խաչը, չիրագործենք անկախ պետականությունը վերականգնելու մեր հնարավորությունը առաջին իսկ հարմար պահին:
Հետևաբար դեպքերի զարգացման այն ֆանտաստիկ տարբերակը, որի իրականացման դեպքում մենք, հրաշքով անցնելով քանդվող կայսրությանը սպասող բոլոր արհավիրքների միջով, մասը կկազմենք միասնական Ռուսաստանի, մեզ ձեռք չի տալիս: Մենք պետք է ձգտենք վերականգնել մեր անկախ պետականությունը: Ցանկություններից և ֆանտաստիկ վարկածներից նորից գանք մեր օրերին: ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման ժամանակաշրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնութագրական չէ պետության կայուն վիճակին: Հետևաբար անկախ պետականության վերականգնման մեր ցանկությունը պետք է իրագործենք հենց այս անցման ժամանակաշրջանում, որի տևողությունը մեզ դեռ հայտնի չէ: Դիտարկենք դեպքերի զարգացման հնարավոր տարբերակները:
1. Անգլիական տարբերակ
Սա մեզ համար ամենացանկալի, բայց և ամենաանհավանական տարբերակն է, որն իրականանալու դեպքում ԽՍՀՄ-ում կկատարվի նույնը, ինչ կատարվեց Մեծ Բրիտանիայի կայսրությունում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այսինքն՝ բոլոր նվաճված ժողովուրդները գրեթե առանց պայքարի հետզհետե կստեղծեն իրենց անկախ պետությունները: Դեպքերի այսպիսի զարգացումն ամենաբարենպաստն է մեզ համար, որովհետև հնարավորություն է տալիս չշտապել, քայլ առ քայլ բարելավել տնտեսությունը, հանրապետությունում ստեղծել առողջ բարոյական մթնոլորտ, ազատվել յոթանասուն տարիների ընթացքում մեզ պարտադրված բարքերից, վերադառնալ ազգային արմատներին, զարգացնել ժողովրդավարության սաղմերը, այս կամ այն ձևով վերջնականապես լուծել Ղարաբաղի հարցը և հետո, առանց մեծ պայքարի, հարմար պահին դուրս գալ ԽՍՀՄ-ի կազմից: Դեպքերի այսպիսի բարենպաստ զարգացումը ես գրեթե անհավանական եմ համարում հետևյալ պատճառներով: Դրանցից մեկը արդեն նշեցի՝ ԽՍՀՄ-ի տնտեսական անկայուն վիճակն է, որից հանդարտ դուրս գալու ճանապարհը չի երևում: Երկրորդ. Անգլիան իր կայսրությունը ստեղծելիս հիմնականում առաջնորդվում էր անգլոսաքսերին բնորոշ պրագմատիկ նպատակներով՝ հետապնդելով նյութական շահ, և երբ փոխվեց համաշխարհային տնտեսական համակարգը, երբ տեղի ունեցավ գիտատեխնիկական հեղափոխությունը, որը զարգացման նոր հեռանկարներ բացեց, և արդեն գաղութներ ունենալով չէր պայմանավորված երկրի տնտեսության զարգացումը, Անգլիան առանց մեծ պայքարի ազատություն տվեց իր նվաճած ժողովուրդներին: Ռուսաստանի դեպքում քիչ այլ է պարագան: Այս երկրի զավթողական քաղաքականությունն ուներ մի կարևոր յուրահատկություն. Ռուսաստանն, իհարկե, տնտեսապես օգտվում էր իր նվաճած երկրների բնական հարստություններից, բայց դա չէր նրան առաջ մղող հիմնական պատճառը:
Ռուս ժողովրդի մեջ շատ խորն է մտած այն գաղափարը, որ նվաճողական քաղաքականություն վարելով և տարածվելով՝ կատարում է Աստծուց թելադրված առաքելություն, երջանկացնում է այն ժողովուրդներին, որոնց նվաճում է իր տարածվելու ճանապարհին ու ռուսացնում: Ռուսաստանի համար հեշտ չի լինի հրաժարվել այդ գրեթե միստիկ բնույթ կրող ազգային փիլիսոփայությունից: Կա նաև մի այլ հանգամանք. նույնիսկ Անգլիան հեշտությամբ չհրաժարվեց իր նվաճած այն տարածքներից, որոնք կազմում էին իր ազգային տարածքի անմիջական շարունակությունը: Շատ մեծ դժվարությամբ նա ազատություն տվեց Հարավային Իռլանդիային, իսկ Հյուսիսայինը դեռ պայքարի մեջ է, բացի դրանից, չազատագրվեցին Շոտլանդիան և Ուելսը: Իսկ Ռուսաստանի նվաճած բոլոր տարածքները իր տարածքի անմիջական շարունակությունն են կազմում, և պարզ է, որ այդ տարածքներին նա հեշտությամբ ազատություն չի տա:
Անգլիական տարբերակը քննարկելիս հարկ եմ համարում նշել նաև, որ նույնիսկ Անգլիայից հեշտությամբ ազատագրված գաղութները, որպես կանոն, նախապես հռչակում էին անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակը, ապա բանակցություններ վարում Անգլիայի կառավարության հետ, ընդ որում, նշվում էր անցման շրջանի ժամկետը, որի ընթացքում միայն հնարավոր էր լինում քայլ առ քայլ գնալ դեպի ինքնուրույնություն:
Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե դեպքերը զարգանան այս գրեթե անհավանական տարբերակով, անհրաժեշտ կլինի վճռականություն ցուցաբերել և պաշտոնապես հայտարարել անկախ պետականություն վերականգնելու մեր նպատակի մասին, որից հետո՝ կենտրոնի հետ վարվելիք բանակցությունների դրական արդյունքի դեպքում, հնարավոր կլինի զարգացնել անկախ տնտեսություն:
2. Կանգառների տարբերակ
Դիտարկենք դեպքերի զարգացման առավել հավանական այս տարբերակը: Ամենայն հավանականությամբ Ռուսաստանի՝ միասնական դեմոկրատական պետության ստեղծման ճանապարհը մի քանի հանգրվան կունենա: Եթե ԽՍՀՄ-ին հաջողվի ինչ-որ չափով դուրս գալ ներկայիս ծանր ճգնաժամից, մի քիչ իր զարգացումը հարմարեցնի համաշխարհային զարգացման ուղղությանը, բարձրացնի ժողովրդի կենսամակարդակը, հնարավորություն ունենա մոտենալու ժամանակակից տեխնոլոգիաներին, ապա կառաջանան ուժեր (ամենայն հավանականությամբ հենց ինքը՝ Գորբաչովը), որոնք շահագրգռված կլինեն չշարունակել ընթացքը վերափոխումների ուղղությամբ և բավարարվել ձեռք բերածով: Նորից դռները կփակվեն այն ժողովուրդների առջև, որոնք մինչ այդ անջատված չեն լինի կայսրությունից, և կստեղծվի կիսադեմոկրատական մի պետություն, որն այդ վիճակում կմնա մինչև իր հաջորդ հարմարեցումը համաշխարհային զարգացման հոսանքին: Եվ այսպես փուլ առ փուլ, յուրաքանչյուր փուլն՝ իր անկանխատեսելի արհավիրքներով, իսկ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցներում՝ մեզ սպասող ազգային ուծացում: Պայթյուն պայթյունի ետևից, որոնցից յուրաքանչյուրը կարող է մեր ազգի գոյատևման վերջակետը դնել: Այս պայմաններում անկախ պետականության վերականգնումը ոչ միայն հետապնդում է ազգային վեհ նպատակներ, ոչ միայն ազատագրում ստրկությունից, բարեկեցիկ կյանքի հնարավորություն ընձեռում, այլև դառնում է մեր ժողովրդի գոյատևման միակ պայմանը:
3. Քանդվելու տարբերակ
Ինչպես արդեն նշեցինք ԽՍՀՄ-ի այժմյան վիճակը նկարագրելիս, երկրի տնտեսությունը անելանելի վիճակում է, ընդլայնվել են կենտրոնախույս ուժերը, տեղի են ունենում անկառավարելի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել կայսրության փլուզման: Եթե փորձ արվի կոպիտ միջամտությամբ կանգնեցնել երկրում տեղի ունեցող գործընթացը, ապա կարճատև դադարից հետո դա անխուսափելիորեն կհանգեցնի քաոսի, պայթյունի, և կայսրությունը կսկսի քանդվել ավելի մեծ արագությամբ: Այդ դեպքում մեզ սպառնում է կայսրության փլատակների տակ մնալու վտանգը: Ցանկալի է ոչ թե պայթյունի շնորհիվ ձեռք բերել մեր անկախությունը, այլ այդ քայքայումը դիմավորել որպես արդեն անկախ պետություն՝ ճանաչված աշխարհի այլ պետությունների կողմից:
Բացի մնացած ակնհայտ առավելություններից, նշենք նաև հետևյալը. չնայած մեր հարևան Թուրքիան ջանքեր է թափում՝ գնալու աշխարհի ընդհանուր զարգացման ուղղությամբ, արտաքին նվաճողական քաղաքականությունից անցնելով ներքին զարգացման քաղաքականության, դառնալով զարգացած (և պետք է խոստովանել, որ բավականին առաջադիմել է այդ ճանապարհին), բայց ԽՍՀՄ-ի անղեկավարելի քայքայման դեպքում շատ հավանական է, որ Թուրքիայում գլուխ բարձրացնեն առայժմ քաղաքական մեծ կշիռ չունեցող ուժերը, և այդ երկիրը մի պահ շեղվի իր ընտրած վերոհիշյալ ճանապարհից, կլանի ԽՍՀՄ-ի առավել հեշտությամբ մարսվող բեկորները ու հետո նորից գնա իր ճանապարհով: Դեպքերի նշված զարգացման պարագայում նման վտանգ կարող են ներկայացնել ԽՍՀՄ-ի մյուս հարևանները՝ ջանալով կլանել քայքայվող կայսրության ուրիշ հատվածներ:
Հասկանալի է, որ եթե մինչ այդ մենք անկախացած լինենք, կունենանք մեծ առավելություններ ինչպես Հայաստանի պաշտպանության, այնպես էլ մեր որոշ ազգային հարցերի լուծման գործում: Այսպիսի զարգացումը հնարավոր կլինի այն դեպքում, եթե, չնայած ԽՍՀՄ-ի ղեկավարության ջանքերին և Արևմուտքի ցանկությանը, հնարավոր չլինի ազդել անղեկավարելի գործընթացների վրա և կանխել երկրի՝ պայթյունով ու քաոսով քանդվելու հեռանկարը: Այդ գործում շատ մեծ նշանակություն ունի ԽՍՀՄ-ում գործող ուժերի զսպվածությունը, հանուն ընդհանուր շահի՝ հրաժարումը եսամոլական ձգտումներից: Ասածս լուսաբանելու համար բերեմ Մերձբալթյան հանրապետությունների օրինակը. օգտվելով հարմար առիթից, իմ կարծիքով, ճիշտ հաշվարկ անելով, նրանք կատարեցին վճռական քայլ՝ միմյանցից տարբեր ձևերով հռչակելով անկախություն: Եվ չնայած նրանք անկախություն դեռևս չեն ստացել և այդ գործընթացը կարող է տևել տարիներ, գլխավորն արված է, նրանք ապահովել են իրենց մի կողմ քաշվելը ԽՍՀՄ-ի փլուզման դեպքում, իրագործել են իրենց ժողովուրդների փափագը, ստացել ինքնուրույն զարգացման հնարավորություն: Թեև այդ գործողություններով նրանք դժվարին կացության մեջ դրեցին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներին, ավելացրին լարվածության աստիճանը երկրում, պոկեցին մի կարևոր օղակ ազատագրվող ժողովուրդների շղթայից, ժողովուրդներ, որոնք ջանում էին ուս ուսի տված, քայլ առ քայլ ազատագրվել կայսրությունից: Կարելի՞ է արդյոք մեղադրել մերձբալթյան հանրապետություններին եսամոլության մեջ: Կարելի է մեղադրել, կարելի է և չմեղադրել, դա չէ էականը, այլ այն, որ քաղաքական պարզագույն օրենքը ասում է՝ եթե ունես ազգային որևէ ծրագիր իրականացնելու հնարավորություն, ապա պարտավոր ես այն անմիջապես օգտագործել, չզոհաբերել ազգային շահը հանուն ուրիշ-ների: Հետո կարող է ուշ լինել: Ով չի օգտվում իրեն ընձեռված այսպիսի հնարավորությունից, պատմությունը նրան չի ներում: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և կամա թե ակամա մենք էլ պետք է ենթարկվենք այդ օրենքներին: Այս տարբերակի քննությունը ցույց է տալիս, որ մեր ազգային ծրագրի իրականանալու հնարավորությունը շատ հավանական է:
Նախորդ մասում նշեցինք մի կարևոր իրողություն. ԽՍՀՄ-ը, լուրջ հանգամանքներից դրդված, մինչ այդ եղած մի կայուն վիճակից անցնում է մի այլ կայուն վիճակի: Մենք այժմ գտնվում ենք այդ անցման շրջանում: Կարևոր է նկատել, որ անջատվել հնարավոր է միայն անցման շրջանում, անջատվելու հնարավորությունը երբեք բնորոշ չէ պետության կայուն վիճակին: Այդ տեսանկյունից ելնելով՝ մենք քննեցինք դեպքերի զարգացման տեսականորեն հնարավոր երեք տարբերակ: Բացի առաջին տարբերակից, որի իրականանալու հնարավորությունը չնչին է, մյուս տարբերակների քննությունը ցույց է տալիս, որ պետք է անջատվել հնարավորին չափ շուտ. դանդաղելը կարող է վտանգավոր լինել ազգի գոյության համար: Շտապելն անհրաժեշտ է նաև այլ պատճառով:
Բանն այն է, որ այն մտայնությունը, թե մնալով ԽՍՀՄ-ի կազմի մեջ՝ հնարավոր է զարգացնել մեր տնտեսությունը և հետո նոր դուրս գալ, անհիմն է: Դա այն խայծերից մեկն է, որով աշխատում են մեզ պահել կայսրության մեջ, մինչև իրենք կկարգավորեն իրենց հարցերը, այսինքն՝ անցման շրջանի խայծ: Իրականությունն այն է, որ մեզ տալիս են ինչ-որ քանակությամբ մթերք ու հումք, որոնց դիմաց պահանջելու են ավելի ու ավելի մեծ վճար, մյուս կողմից՝ բազմաթիվ օրենքների միջոցով մեզ արգելում են ինքնուրույն զարգացնել մեր տնտեսությունը: Իհարկե, մեծ պայքար ծավալելով՝ կկարողանանք շրջանցել առաջացած խոչընդոտների մի մասը, բայց միշտ կառաջանան նորերը, և մեր գերագույն խորհրդի հիմնական աշխա-տանքը դարձյալ կլինի բողոքի նոտաներ կազմելը, կենտրոնի հետ անընդհատ առճակատման մեջ մտնելը և միշտ չնչին արդյունքներով: Ոչ մի բան այնքան չնպաստեց մերձբալթյան հանրապետություններին շտապ անկախության ճանապարհն ընտրել, որքան վերջին շրջանի իրենց փորձից եկած այն համոզմունքը, որ հնարավոր չէ զարգացնել տնտեսությունը՝ շարունակելով մնալ ԽՍՀՄ-ի կազմի մեջ: ԽՍՀՄ-ի տնտեսությունը դեռ երկար ժամանակ շարունակելու է գահավիժել՝ իր հետ քաշելով նաև մեզ, չտալով զարգացման ոչ մի հեռանկար: Մենակ մնալով՝ մենք սկզբում, հնարավոր է, ավելի մեծ արագությամբ ընկնենք տնտեսական անդունդը, բայց և կապված չլինելով հսկայական երկրի քայքայված տնտեսությանը՝ անհամեմատ ավելի արագ դուրս կգանք անդունդից: Այս հարցում մեծ նշանակություն կունենան մեր ինքնուրույն լինելը, հայ ազգին բնորոշ ձեռներեցությունը և սփյուռքի գոյությունը: Այսպիսով պետք է շտապել անկախանալ: Բայց առաջանում է նպատակը իրականացնելու հնարավորության հարցը: Ճիշտ է, ԽՍՀՄ-ի կազմի մեջ մնալը մեզ ոչ մի հեռանկար չի խոստանում, ճիշտ է, դանդաղելը կարող է վտանգավոր լինել մեզ համար, բայց ճիշտ է նաև, որ նույնչափ վտանգավոր կարող են լինել չմտածված հապճեպ քայլերը: Մենք դառը փորձ ունենք, գիտենք, թե ինչքան վտանգավոր է կտրուկ շարժումներ անելը քայքայվող կայսրության մեջ: Այդ տեսակետից այժմ քննենք տիրող իրավիճակը ԽՍՀՄ-ում: Վերը նշեցինք, որ ռուս ժողովրդի համար շատ դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ կարող է կորցնել նվաճած տարածքների մի մասը (դա ինչ-որ չափով բնորոշ է բոլոր նվաճողներին): Այս հարցում մեծ նշանակություն ունի ինչպես ռուս ժողովրդին հատուկ հոգեբանությունը, որը նրա մեջ արմատացել է դարերի ընթացքում, այնպես էլ նրա ցանկությունը՝ շարունակել ռազմական., քաղաքական նպատակներով օգտվել նվաճված տարածքներից: Բայց այժմ մի զարմանալի հոգեբանական վիճակ է ստեղծվել ռուս ժողովրդի մեջ, որը նպաստավոր է մեր նպատակներին հասնելու համար: Բանն այն է, որ Ռուսաստանի խճճվածությունը սեփական գործերի մեջ մի պահ մոռացնել է տվել նրա կայսերական բնազդն ու ձգտումները: Երկրի անմխիթար տնտեսական վիճակի համար մեղավորներ փնտրելը և այդ վիճակից դուրս գալու ձգտումը ռուսներին բերել են այն համոզման, որ իրենք մինչ այժմ ծառայում էին նվաճված ժողովուրդներին ՛՛երջանկացնելուն” ու սկսում են հետապնդել իրենց տնտեսական շահերը՝ մի քիչ նեղացած “անշնորհակալ” ժողովուրդներից և ասելով՝ գնացեք, ինքներդ պահեք ձեր գլուխը: Բացի դրանից, վերջին երկու տարվա իրադարձությունները, հրապարակումները ռուսների մի մասի մեջ առաջացրել են նվաճված ժողովուրդների հանդեպ մեղքի զգացում, և նրանք ձգտում են ապացուցել, որ հրաժարվում են իրենց նախորդ քաղաքականությունից, համաձայն են ազատություն տալ այդ ժողովուրդներին (նույն մեղքի զգացումն էր առաջացել գերմանացիների մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որն այժմ մեծ արագությամբ չքանում է իրենց հզորանալուն զուգընթաց):
Այս ամենը անցողիկ է և կարճատև. ճիշտ է նկատել Մ.Գորբաչովը իր ելույթներից մեկում, որ կայսերապաշտությունը նստած է իրենց գեների մեջ: Ավելին, ես կասկածում եմ, որ այս ամենի մեջ օբյեկտիվ պատճառների հետ միասին խառն է նաև Մ.Գորբաչովի մատը: Շարունակությունը ՝այստեղ:
Վազգեն Մանուկյան, Ղարաբաղյան շարժման հայաստանյան կոմիտեի համակարգող ՛՛Հայք՛՛մայիսի 19, 27, հունիսի 10,17, 1990, թիվ 15, 16, 18, 19