Ես դիտավորյալ չեմ արագացնում անդամակցության հարցը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ սա չի պատկանում ինձ, կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ այս հարթակը պատկանում է բոլորին․Վազգեն Մանուկյան

0
433
Վերնատուն,համաժողով

Հայաստանում վաղուց ի վեր անհրաժեշտություն էր զգացվում մի հարթակի ստեղծման, որտեղ տարբեր քաղաքական կազմակերպություններ, կուսակցություններ, անհատներ, մասնագետներ, հեղինակություն ունեցող մտավորականներ կարողանան իրար հետ հանդիպել և հանգիստ մթնոլորտում քննարկել այնպիսի հարցեր, որոնք կանգնած են Հայաստանի առջև:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ակումբի հիմնադիր-նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Ակումբի մասնակիցներից ամեն մեկն իհարկե մնում է իր գաղափարներին, իր սկզբունքներին, իր կուսակցական պատկանելիությանը, բայց այդպիսի շփումները շատ կարևոր են և նոր մտքեր գեներացնելու համար, և նաև որոշակի համերաշխություն ապահովելու համար երկրի ներսում»: Մանուկյանն իր ելույթում նշեց, որ ակումբի քննարկումներին պետք է մասնակցեն և ընդիմադիր կուսակցություններից ներկայացուցիչներ, և իշխանական կուսակցություններից: «Այսպիսի հարթակի անհրաժեշտությունը կար, և ես խորհրդակցեցի իմ գործընկերների, քաղաքական որոշ գործիչների հետ և նախաձեռնեցի այս ակումբի հիմնադրումը:

Ակումբը դեռ ձևավորման շրջանում է, մենք անցկացրել ենք մի քանի քննարկումներ՝ կապված Արցախի հարցի, կապված անվտանգության հարցերի, տնտեսության հարցերի հետ, ներքին իրավիճակի հետ և այլն: Այդ քննարկումների ժամանակ առաջացել են մշտական մասնակիցներ, և հիմա էլ ակումբը գտնվում է ձևավորման փուլում, դեռ հստակ ակումբի անդամներ չկան: Ես դիտավորյալ չեմ արագացնում անդամակցության հարցը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը հասկանան, որ սա չի պատկանում ինձ, կամ ինչ-որ քաղաքական ուժի, այլ այս հարթակը պատկանում է բոլորին, և այսօրվա մեր քննարկումներից հետո կարծում եմ բազմաթիվ մարդիկ կդառնան մեր մշտական մասնակիցները հետագա քննարկումների ժամանակ»,-նշեց Մանուկյանը: