«Ես համոզված էի, որ մենք կհաղթենք». Վ. Մանուկյան

0
435

Անկախության 20-ամյակի առթիվ «Անկախի» հարցերին պատասխանում է Ղարաբաղյան շարժման առաջնորդ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար, Ազգային ժողովրդավարական միության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

– Դուք անկախության մասին երազում և դրան ձգտում էիք դեռևս երիտասարդ տարիներից: Ինչպիսի՞ն էին անկախության վերաբերյալ Ձեր այդ տարիների պատկերացումներն ու գործունեությունը:

– Երբ Խորհրդային Միության կարգերը մտան Հայաստան, կամաց-կամաց անկախ մտածող և անկախության մասին մտածող մարդիկ վերացան: Մեր սերնդին արթնացրեց 65 թիվը, երբ նշվեց ցեղասպանության 50-ամյակը, ինչը հանգեցրեց առաջին ցույցերին: Դա թուրքերի դեմ զայրույթի, ինչպես նաև հողային պահանջի առաջին արտահայտությունն էր: Դրա հիման վրա առաջացան տարբեր գաղտնի կազմակերպություններ, որոնց մի մասը կարծում էր, որ միայն անկախ վիճակով կարող ենք հետ վերցնել մեր հողերը, կամ անկախությունն այն արժեքն է, որը մենք կորցրել ենք ցեղասպանության պատճառով և այլն: Ես շատ բարձր եմ գնահատում այդ ճանապարհը, քանի որ դա հերոսական ճանապարհ էր, բայց այն մարդիկ, որոնք ընտրեցին այդ ուղին, երկար ժամանակ անցկացրին բանտերում: Ինքս հեռանկար չէի տեսնում այդ կազմակերպությունների գործունեության մեջ, ուստի գնացի մյուս ճանապարհով` լեգալացման: Ճիշտ է, լեգալացնել անկախության գաղափարախոսությունը հնարավոր չէր, բայց կարելի էր լեգալացնել մի այլ բան, որի տակ քողարկված լիներ անկախության գաղափարը: Այդպիսով, մենք ստեղծեցինք հայ մշակույթի ակումբ և մշակույթի անվան տակ առաջ քաշեցինք տարբեր գաղափարներ: Նախ` գործում էինք Մոսկվայում, ապա վերադարձանք Երևան և պաշտոնական ակումբ ստեղծեցինք համալսարանում: Քարոզում էինք ազգային գաղափարներ, արշավներ էինք կազմակերպում, սեմինարներ և այլն: Ինձ համար մեր ընտրած ճանապարհն ավելի արդյունավետ էր:

– Մինչև շարժումն ինչպիսի՞ն էին անկախության վերաբերյալ հասարակության պատկերացումները, և որքանո՞վ էին մարդիկ պատրաստ դրան:

– Հասարակության մեջ հրատապ չէր անկախության գաղափարը: Երկու շատ կարևոր գաղափարներ խոչընդոտում էին դրան: Առաջին` ցեղասպանության հարցն այնքան էր շրջանառվում, որ մարդկանց մեջ կարծես համոզմունք էր առաջանում, թե մենք մենակ չենք կարող թուրքերի դեմ պայքարել, նրանք մեզ կոչնչացնեն: Երկրորդ խոչընդոտող գաղափարն այն էր, որ մենք մեր հողերը միայնակ վերցնել չենք կարող, և միակ երկիրը, որի միջոցով կարող ենք անել դա, Սովետական Միությունն է` Ռուսաստանը: Բացի այդ, ավելի պրագմատիկ մտածող մադկանց մի մասը հասկանում էր, որ Խորհրդային Միությունն այնպիսի մի գազան է, որին դեմ գնալ նշանակում էր նրանից անջատվել, իսկ անջատվել այդ ժամանակ պարզապես հնարավոր չէր: Սակայն Գորբաչովի իշխանության գալուց հետո սկսվեց նոր` Սովետական Միության վերափոխման ժամանակաշրջան: Գորբաչովը գնաց ռեֆորմների և առաջ քաշեց մարդկանց ազատության, ժողովրդավարության, տնտեսության զարգացման հարցերը: Նա ազատ արձակեց նաև քաղբանտարկյալներին: Այսինքն, երբ շարժումը սկսվեց, կային բանտերից վերադարձած անկախականներ, որոնք սկսեցին ակտիվ գործունեություն ծավալել, և կային անկախության մասին մտածողներ, որոնք լեգալ ճանապարհով էին աշխատում: Բայց հասարակությունը դեռևս պատրաստ չէր անկախությանը: Մարդիկ կարծում էին, թե Խորհրդային Միության շրջանակներում կարելի է միայն Ղարաբաղի հարցը լուծել, և Խորհրդային Միության հետ թշնամանալ նշանակում է դեմ գնալ ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Ժողովուրդը դեռ պետք է անցներ բոլոր աստիճանները, որպեսզի հասկանար` մինչև անկախություն չունենանք, Ղարաբաղի հարցը լուծվել չի կարող:

– Ե՞րբ և ինչպե՞ս հասարակությունը վերջնականապես գիտակցեց անկախության կարևորությունը և գնաց դրան:

– Աստիճանաբար առաջ քաշվեց այն միտքը, որ մենք կարող ենք անկախության գնալ, կարող ենք թուրքերի հետ էլ լեզու գտնել, մեր մյուս հարցերն էլ ինքնուրույն լուծել: Անգամ Թուրքիայի հետ որոշ հարաբերություններ ստեղծելու փորձ արվեց ` չմոռանալով, իհարկե, ցեղասպանության հարցը: Սակայն ղարաբաղյան շարժումը` որպես տանող ուժ, դարձավ մարդկանց գիտակցության կարևորագույն մասնիկը անկախության գնալու ճանապարհին: Եթե Ղարաբաղի հարցն առաջին պահին լուծվեր Խորհրդային Միությունում, դժվարանում եմ ասել, թե ինչ արագությամբ մարդկանց մեջ կարթնանար անկախության ձգտումը: Միգուցե երախտագիտության զգացումը, որ Խորհրդային Միության միջոցով այդ հարցը լուծեցինք և կարող ենք նաև ցեղասպանության հարցը լուծել, կարող էր խոչընդոտել: Բայց քանի որ ղարաբաղյան հարցը չլուծվեց, ամեն մի հաջորդ քայլը, ամեն մի հաջորդ անհաջողությունը ղարաբաղյան հարցում մարդկանց մի աստիճան բարձրացրեց դեպի անկախության գաղափարը:

– Պաշտպանության նախարար նշանակվելու Ձեր ժամանակաշրջանը շրջադարձային եղավ պատերազմում տարած մեր հաղթանակի համար: Ի՞նչ քայլերի շնորհիվ դա եղավ:

– Այն ժամանակ կային հազարավոր զինվորականներ, որոնք համոզված էին հաղթանակի մեջ և իրենց կյանքը կտային դրա համար, բայց մյուս կողմից` կար իշխանավորների մի զգուշավոր կարծիք, որ Ադրբեջանը մեզանից տնտեսապես ավելի հզոր է, բանակում մարդկանց քանակն ավելի մեծ է, այնպիսի գործընկերներ ունի, որպիսիք մենք չունենք, իսկ զենք ու զինամթերքը, որ մեզ մնացել էր խորհրդային բանակից, Հայաստանի դեպքում, պայմանականորեն, 500 վագոն էր, Ադրբեջանի դեպքում` 10 000, քանի որ սովետի ժամանակ առաջին պաշտպանության գիծ էր համարվում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Ինչ-որ չափով բնական էր, որ այդ պայմաններում իշխանավորների մի մասը կողմ էր արագ-արագ Ադրբեջանի հետ փոխզիջման գնալուն: Երբ նշանակվեցի պաշտպանության նախարար, համոզված էի, որ մենք պատերազմում կհաղթենք, և այլընտրանք ուղղակի չէի տեսնում: Ընդհանրապես, երբ գնահատում են բանակի վիճակը, վերցնում են երկու փակագծի արտադրյալ: Մի փակագծի մեջ դնում են մարդկանց քանակը, համախառն ներքին արդյունքը, երկրի բյուջեում բանակի հատկացումների մասնաբաժինը և այլն: Մյուս փակագծում դնում են, թե այդ երկրի ժողովուրդը որքանով է հավատարիմ իր երկրի արժեքներին, ինչ զոհաբերությունների է պատրաստ հանուն իր գաղափարների, ինչքանով է համոզված, որ արդար գործ է անում, և այլն: Եթե առաջին փակագիծը մեզ մոտ փոքր էր, ապա երկրորդը շատ մեծ էր, մինչդեռ Ադրբեջանում երկրորդ փակագիծը գրեթե հավասար էր զրոյի: Ուստի համոզված էի, որ մենք կհաղթենք: Ինչ վերաբերում է քայլերին, պետք է նշել, որ այդ ժամանակ բանակն ավելի մեծ դեր ուներ և ռազմական շատ որոշումներ հենց բանակն էր կայացնում` համագործակցելով Ղարաբաղի բանակի ղեկավարության հետ և երբեմն անակնկալներ մատուցելով Հայաստանի ղեկավարությանը: Ես ու Ռոբերտ Քոչարյանը Քելբաջարը գրավելու հարցը մտցրինք անվտանգության խորհրդի նիստ: Թե ինչպես անցավ այդ նիստը, թույլ տվեք` չասեմ, քանի որ անվտանգության խորհրդի նիստերի մասին ասվում է այն, ինչն ասվում է: Ասեմ միայն, որ երբ Քելբաջարը գրավեցինք, Հայաստանի վրա միջազգային ճնշումը շատ մեծացավ, հնչեցին ագրեսիայի մեղադրանքներ, և Հայաստանի ղեկավարությունը Քելբաջարը հանձնելու հարց էր բարձրացնում: Ես դրան դեմ էի, դրան կտրականապես դեմ կանգնեցին նաև ղարաբաղցիները, քանի որ Քելբաջարը Ղարաբաղի թիկունքն էր, և եթե այն չլիներ, Ղարաբաղը պաշտպանել չէինք կարող: Մի շատ կարևոր օպերացիա կար, որ չհասցրի իրականացնել և որն այդպես էլ չիրականացվեց. Շահումյանի շրջանը վերցնելն ու պահելը: Ճիշտ է, բարդ օպերացիա էր, բայց հնարավոր էր:- Այսօր ինչպե՞ս եք գնահատում այդ անկախությունը: Որո՞նք էին անկախության ձեռքբերումներն ու կորուստները:- Այսօր հասարակությունը բաժանված է երկու շերտի: Մի մասի համար, որի երիտասարդությունն անցել է խորհրդային շրջանում, անկախությունը ոչ մի արժեք չունի (երիտասարդ տարիներին կերած պերաշկին ավելի համեղ է, քան մեծ տարիքում կերած ընտիր ուտելիքները): Սակայն դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ: Այն ժամանակ մարդիկ ավելի պաշտպանված էին, ապագան ավելի կանխատեսելի էր, բարության և հանդուրժողականության մթնոլորտ կար, և այլն: Իսկ հասարակության մյուս շերտը` երիտասարդությունը, դժգոհ լինի, թե գոհ, անկախությունից դուրս ուրիշ բան չի էլ պատկերացնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ստացանք և ինչ կորցրեցինք, ապա որպես ժողովուրդ` ինքներս մեր ճակատագիրը կերտելու հնարավորություն ստացանք և լավ կամ վատ լինելու համար մեզ պետք է մեղադրենք, ոչ թե ուրիշների վրա մեղքը գցենք: Կորստի տեսանկյունից, օրինակ, միջին դարերի մարդը իրեն վատ չէր զգում, որ սառնարան չունի, քանի որ չկար նման բան, և նա չէր էլ մտածում այդ մասին: Սովետական Միության մարդը ցավ չէր զգում, որ Փարիզ չի կարող գնալ կամ ինչ որ ապրանք չի կարող գնել, քանի որ դա համատարած էր: Իսկ այժմ այդ ապրանքը կա, ոմանք ունեն, ոմանք` ոչ, և առաջանում է նախանձի զգացումը: Այդ իմաստով մեր կյանքի լարվածությունն ավելացավ:

– Արդյոք Հայաստանն այսօր կանգնա՞ծ է ժողովրդավարական երկիր դառնալու ճանապարհին:

– Պետք է նշել, որ և՛ մամուլի ազատությունը, և՛ բազմակուսակցականությունը, և՛ ընտրությունները մենք ստացանք Գորբաչովի ժամանակաշրջանից, և ոչ մի բան մեզ չէր խանգարում, որ 90-ականներին շարունակեինք այդ ճանապարհը: Հիմա մենք կլինեինք բավական զարգացած պետություն, բայց չգնացինք այդ ճանապարհով, փոխարենը կատարեցինք լուրջ սխալներ, որոնք այնքան կարծրացան, որ հիմա դրանց դեմ պայքարելն ավելի դժվար է: Սակայն կան ոլորտներ, որոնցում առաջ ենք գնում: Օրինակ` խոսքի ազատությունը: Եթե հեռուստատեսությունը չհաշվենք, մամուլում բացարձակապես խոսքի սահմանափակում չեմ տեսնում: Ով ինչ ուզում է, գրում է: Ընդհակառակը, կարծում եմ, որ դա պետք է կարգավորել, քանի որ պատիժ չկա սուտ գրելու համար: Կամ, օրինակ, եթե նախկինում հասարակությունը չգիտեր, թե ինչ է նշանակում ազատ ձեռներեցություն կամ դեմոկրատիա, ապա հիմա բավականին պատրաստված մարդիկ ունենք այդ ոլորտներում: Ցավոք, մի ժամանակ ընտրությունների մաքուր մեխանիզմները խափանվեցին և մինչ օրս էլ էդպես մնում են:- Ըստ Ձեզ, առաջին հերթին ի՞նչ է պետք, որ Հայաստանը զարգանա, դառնա մրցունակ ու ժողովրդավարական երկիր:- Երկու բան եմ կարևոր համարում. առաջինը` տնտեսության հիմքը, երկրորդ` պետաիրավական համակարգը: Ցավոք, երկուսում էլ կործանարար բան եմ տեսնում. դատարանների նկատմամբ այսօր վստահություն չկա և օբյեկտիվ է, որ չկա: Իսկ եթե չկա արդար դատարան, չի կարող լինել զարգացում, որովհետև ազատ հասարակությունը հակասող շահերի դաշտ է, որտեղ մարդիկ դատարանների միջոցով պետք է լուծեն իրենց հարցերը: Իսկ տնտեսության բնագավառում վերցրել ենք մի հիվանդություն, որը խորացրել ենք և որից ազատվելը շատ դժվար է` մոնոպոլիան: Ամեն ինչ օլիգարխների ձեռքում է, ինչն էլ խափանում է ազատ տնտեսության զարգացումը: Իսկ եթե չկա ազատ մրցակցային տնտեսություն, չի կարող լինել նաև ազատ հասարակություն: Եվ եթե դատական համակարգում որոշ դրական փոփոխություններ նկատում եմ, ապա այդ օլիգարխիկ համակարգը ոնց կար, այդպես էլ մնացել է: Ի դեպ, ես այդ օլիգարխներին չեմ էլ մեղադրում, քանի որ ցանկացած երկրում էլ, եթե հնարավոր լինի անօրինական ձևով փող աշխատել և դրա համար պատիժ չստանալ, բոլորն էլ դրանով կզբաղվեն: Առաջին հերթին իշխանությունն է մեղավոր, ոչ թե օլիգարխները: Դրա դեմ պետք է պայքարեն երկրի նախագահը, կառավարությունը, Ազգային ժողովը:

Զրուցեց Անի Գասպարյանը