Ինչպե՞ս սկսվեց․ զրույցներ մոտիկ անցյալի մասին, որից սկսվեց մեր այսօրը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյան

0
1076

Վազգեն Մանուկյան, պաշտոնավարել է 1990թ. օգոստոսից 1991 հոկտեմբեր

-Երբ մենք երեսունհինգ տարվա վերևից ենք նայում իրադարձություններին, որոնց ընթացքում կայացել է Հայաստանի Հանրապետությունը, տեսնում ենք, որ այն նույնպես սկիզբ ունի, և ինձ համար դա հասնում է մինչև վաթսունհինգ թիվը, իհարկե այդ թիվն էլ իր սկիզբն ունի, սակայն այդ սկիզբն էլ վաթսունհինգի ձևավորման սկիզբն է: Բոլորիս արդեն հայտնի այդ ժամանակներից սկսած եք ձեր եռանդով, նախաձեռնություններով մասնակցությունն սկսում ազգային հարցերին: Մարդիկ, ովքեր մասնակցել են ձեր հավաքներին, վկայում են այն մասին, որ ձեր հավաքների ժամանակ նույնիսկ քննարկվում էր, թե ինչ կլինի այն դեպքում, եթե հնարավորություն լինի անկախ Հայաստան ունենալու: Դուք գիտնական էիք, մաթեմատիկոս, ձեր ճանապարհը դեպի գիտությունն էր, այդ հայրենասիրական մղումը, ոգևորությունը որտեղի՞ց ձեզ:

-Եղեռնի 50-ամյա տարելիցը նշելու նախապատրաստական աշխատանքներ արդեն ընթանում էին նախորդող մի քանի տարիներին, բայց Հայաստանում ապրող մեր ժողովուրդը մինչև այդ իրադարձությունները շատ բան չգիտեր եղեռնի մասին, դարասկզբի ողբերգությունը գրեթե չէր շոշափվում և կարծես մոռացւթյան էր տրվում: Ինչ որ առումով գուցե թե դա լավ էր, որովհետև մենք այդ մեծ ցավից կարողացանք ազատ մեծանալ, մի քանի տասնամյակ ազատ ապրել այդ բարդույթներից, մեր ժամանակը նվիրվեց երկրի զարգացմանը: Նույնը սփյուռքում էր․ չնայած որ ամեն տարի Ցեղասպանության տարելիցը սփյուռքում նշվում էր, այնուամենայիվ մեծ հնչեղությունն սկսվեց 1965 թվականից՝ Ցեղասպանության 50-ամյակից հետո։ 1965-ին և՛ սփյուռքը, և՛ Հայաստանի ժողովուրդն արդեն պատրաստ էին քննարկելու իրենց երկրի ապագան: Բնական է, որ ամենամեծ եռանդը, ոգևորությունը հիմնականում երիտասարդների մոտ էր, սակայն կային նաև բազմաթիվ մեծահասակներ, որոնք ամեն ինչից տեղեկացված էին։ Այդպիսիք կային նաև համալսարանում, մեր դասախոսների մեջ, որոնք մեզ ուղղություն էին տալիս:
Սովետական պետությունն էլ էր ջանում մոռացնել տալ Թուրքիայի կատարած ոճրագործությունը, սակայն մեր կողքին ապրում էին եղեռնից փրկվածներ, որոնք իրենց սերունդներին էին փոխանցել այդ աղետի պատմությունը, հրատարակված գրքեր կային արդեն, ու երիտասարդությունը վերջապես իմացավ, թե ինչ է կատարվել իր ժողովրդի հետ, և Ցեղասպանության 50-ամյակի առթիվ այդ հիշողությունը պոռթկաց:
Սակայն 60-ականներին միայն ցեղասպանության հարցը չէր բարձրացվում։ Այդ ժամանակ մենք նորից սկսեցինք մեզ ուժեղ զգալ։ Խորհրդային Միության տարիներին, չնայած զանգվածային աքսորներին ու բռնաճնշումներին, 50-ականների վերջից սկսեց ավելի պարզ երևալ, թե ինչպես է զարգացել Հայաստանը բոլոր առումներով: Հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ մենք ունեինք զարգացած գիտություն, կրթություն, արդյունաբերություն, հարյուրավոր գործարաններ,այդ թվում և ռազմական, որ մրցունակ արտադրանք էին տալիս: Բնակչության թիվն էլ էր ավելացել, ուսյալ նոր սերունդ էր ձևավորվել՝ հզոր անհատներով, զարգացել էր գիտությունը, բնագիտական ուղղությունը, Գիտությունների ակադեմիա էինք հիմնել՝ նշանավոր գիտնականներով, բոլոր ասպարեզներում լավագույններն ունեինք: Վերջին հարյուրամյակների ընթացքում նման վերելք առաջին անգամ էր տեղի ունենում։
Եվ ահա այդ միջավայրում տարբեր գաղտնի կազմակերպություններ հիմնվեցին։ Օրինակ, 1964-ին գաղտնի մի կազմակերպության անդամների ձերբակալեցին, որի մասին իմացանք միայն հաջորդ տարի, երբ այդ տարվա երթերի ժամանակ տեսանք պաստառներ՝ «Ազատություն 7 հայրենասերներին» գրառումներով: Նրանցից մի քանիսի հետ անձամբ ծանոթացա շատ ավելի ուշ: Ինքս տարբեր կազմակերպությունների մեջ էի, ուզում էի հասկանալ, թե ինչ հարցեր են այնտեղ քննարկվում: Օրինակ՝ քննարկում էին, թե անկախ Հայաստանը կապիտալիստակա՞ն պետք է լինի, թե՞ սոցիալիստական, ու հաճախ տարաձայնությունների պատճառով այդ կազմակերպությունները քանդվում էին: Կամ քննարկում էին էներգետիկ հարցեր․ Հայաստանն էներգիա ներմուծող երկիր էր, արդյո՞ք կարող էր գոյատևել ինքնիշխանության պայմաններում: Հասկանալի էր դառնում, որ անհրաժեշտ է ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել, սովորել, և երբ ես գնացել էի Նովոսիբիրսկ ասպիրանտուրայում սովորելու (սովորում էի ակադեմիկոս Կանտարովիչի մոտ, որը հետագայում Նոբելյան մրցանակ ստացավ), նպատակային ընտրել էի մաթեմատիկական մեթոդների կիրառումը տնտեսության մեջ, ձեռք էի բերել համապատասխան բազմաթիվ գրքեր և սկսել էի մաթեմատիկական մոդելավորմամբ մոտենալ սպասվող խնդիրներին:
Մինչև այդ՝ 1966-ին, ես Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետից տեղափոխվեցի Մոսկվայի պետական համալսարան: Երևանյան իրադարձությունների ոգևորությունը հասել էր նաև այնտեղ, և Մոսկվայի համալսարանը բացառություն չէր։
Որոշեցինք Մոսկվայում գաղտնի կազմակերպություն ստեղծել և Մոսկվայի հայությանը համախմբել ազգային խնդիրների շուրջ։ Մինչ մենք քննարկում էինք այդ հարցը, ուզբեկները ստեղծեցին նմանատիպ իրենց կազմակերպությունը որը նույնիսկ կնիք ուներ, ինչի պատճառով էլ բռնվեցին: Մենք այլ ճանապարհով գնացինք․ հասկացանք, որ պետք է օգտվել Խորհրդային Միության օրենքներից և ոչ թե քաղաքական անօրինական կազմակերպություն հիմնել, որը շատ շուտ կբացահայտվեր ու կփակվեր։ Ստեղծեցինք կազմակերպություն, որը չուներ կնիք, կանոնադրություն։ Որպես ուղղություն ընտրեցինք մշակույթը։ Հետո ես կարդացի, որ շատ երկրներում ազգային կազմակերպությունները հենց մշակույթի անվան տակ էին ստեղծվում։ Այդպես ստեղծեցինք «Հայ մշակույթի ակումբը», որի անվան տակ թաքնված էր նաև քաղաքական բաղադրիչ։ Դա էր ճիշտ տարբերակը: Ի դեպ, այդ ակումբի աշխատանքներում գաղափարական մեծ ազդեցություն ուներ մաթեմատիկոս Կարեն Թախտաջյանը, որի հայրն անվանի ակադեմիկոս էր Լենինգրադում։
Ակումբի շրջանակներում մենք սկսեցինք հանդիպել տեղի հայության հետ: Ամենակարևոր հանդիպումը մեզ համար եղավ Մոսկվայում ծանոթությունը Համո Ակիմի Հարությունյանի (Համազասպ Հարությունյան) հետ: Նա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր էր, եղել էր Խորհրդային Միության դեսպանը Կանադայում, իսկ այդ ժամանակ Արտաքին գործերի նախարարության արտաքին հարաբերությունների պլանավորման բաժնի պետն էր և շատ հայտնի ու հարգված մարդ էր: Ի դեպ, երբ Ստալինը պատվիրակություն է կազմել Պոտսդամի կոնֆերանսին մասնակցելու համար, Համո Ակիմիչին իր հետ տարել է։ Ակիմիչը շատ մտերիմ էր նաև Միկոյանի հետ:
Երբ 1967 թ․ ապրիլի 24-ին ուզում էինք Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպել, տեղի հայ տղաները զգուշացրին, որ դա կարող է վտանգավոր լինել հայերի ու Հայաստանի համար, և խորհուրդ տվեցին գնալ Համո Ակիմիչի մոտ, խորհրդակցել նրա հետ:
Հասցեն իմացանք և չորս տղաներով գնացինք տունը գտանք։ Դռան զանգը տվեցինք, ինքը բացեց: Միանգամից հարցրեց՝ հա՞յ եք, ասացինք, որ հայ ուսանողներ ենք: Ներս հրավիրեց, տիկնոջն ասաց, որ սեղան գցի (կինը՝ տիկին Անահիտը, Հովհաննես Թումանյանի թոռն էր)։ Հետո հայկական կոնյակ բացեց, մեզ հետ սեղան նստեց ու նոր միայն հարցրեց, թե ինչ խնդիր ունենք: Ասացինք, որ ցույց ենք ուզում անել թուրքական դեսպանատան առջև, բայց վախենում ենք, որ դա կարող է վնասել Հայաստանի Հանրապետությանը: Միանգամից չպատասխանեց։ Հնարավոր է՝ մտածում էր, որ գուցե ԿԳԲ-ի ուղարկած պրովոկատորներ ենք: Ուզում էր հասկանալ՝ պրովոկատո՞ր ենք, թե՞ պարզապես չենք պատկերացնում, թե ինչ ենք ասում: Երբ խոսակցության ընթացքում պարզեց, որ պրովոկատոր չենք, ջերմությամբ լցվեց ու ասաց՝ անպայման կազմակերպե՛ք, դա շատ կարևոր է մեր ժողովրդի համար, բայց իմացեք, որ ԿԳԲ-ն ձեզ բռնելու է:
Ոգևորված նրա աջակցությունից՝ կազմակերպեցինք ցույցը, բայց ԿԳԲ-ն մեզ չբռնեց։ Նախ սցենար մշակեցինք, թե ինչպես պետք է մոտենանք Թուրքիայի դեսպանատանը, ուսումնասիրեցիք շրջակայքը, լուսանկարեցինք, որից հետո մի քանի հոգով մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի բուհերում ու հանրակացարաններում մոտ 3000 հայ ուսանողների հետ հանդիպեցինք: Քանի որ նախորդ տարիների՝ դեսպանատան առջև բողոքի ցույց կազմակերպելու փորձը չէր հաջողվել, մի խորամանկ քայլ արեցինք․ բոլորին ասացինք, որ առավոտյան ժամը 10:00-ին պետք է հավաքվեն Վերնադսկու արձանի մոտ, որը մոտ էր Թուրքիայի դեսպանատանը, և այնտեղից շարժվենք դեպի դեսպանատուն: Իրականում մենք այդ 3000 հոգուց ընտրել էինք 71 ամենավստահելի մարդկանց, որոնք, տասնյակներ կազմած, խումբ-խումբ տարբեր փողոցներից պետք է մոտենային դեսպանատանը և ոչ թե ժամը 10:00-ին, այլ 9:30-ին: Այդպես բոլորս պետք է գայինք ու միանայինք իրար։
Երբ հավաքվեցինք դեսպանատան առջև և ձեռք ձեռքի տված սկսեցինք երգել «Զարթնիր լաո», ոստիկանները մոտեցան, փորձեցին քաշքշելով ցույցը ցրել։ Նույնիսկ հիշում եմ՝ ուսանողներից մեկին նստեցրել էին Վոլգան, որ տանեն, մենք մյուս կողմից դուռը բացեցինք ու նրան դուրս քաշելով՝ հանեցինք:
Ցույցը կայացավ։ Հետո իմացանք, որ ժամը 10-ից 15 պակաս ԿԳՆ-ն բեռնատար ավտոմեքենաներով Վերնադսկու արձանի մոտ կազմ և պատրաստ սպասել է, որ բոլորին բռնի: Փաստորեն մեր սխեման աշխատել էր, և առաջին անգամ հաջողվեց Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպել։ Շատ կարևոր էր նաև, որ փաստորեն այդ 71 հոգին այնքան վստահելի էին, որ նրանցից ինֆորմացիան դուրս չէր եկել։
Ցույցից հետո համալսարանի կոմերիտմիության երկրորդ քարտուղար Ռուսլան Խազբուլատովը, որը հետագայում դարձավ Ռուսաստանի Դումայի նախագահ, մեզ՝ կազմակերպիչներիս, կանչեց իր մոտ և ուղղակի հորդորեց վերադառնալ Հայաստան:
Մենք վերադարձանք՝ մեծ փորձ, գիտելիքներ ու կապեր ձեռք բերած։
Իսկապես Համազասպ Հարությունյանն ասես Մոսկվայում հայ շրջանակի կենտրոնը լիներ։ Նա մեզ շատ օգնեց, շատ բան սովորեցրեց, ծանոթացրեց շատ արժեքավոր մարդկանց հետ։ Նա մտերիմ էր նաև մարշալ Բաղրամյանի հետ, մի քանի անգամ իր տանը հանդիպել ենք Բաղրամյանին։ Նրա շնորհիվ ծանոթացանք նաև մարշալ Բաբաջանյանի հետ, որն ավելի անմիջական բնավորություն ուներ, քան Բաղրամյանը, որը, լինելով շատ ազգային և խորը մարդ, ավելի զգուշավոր էր: Բաբաջանյանը կատակով ասում էր՝ երբ Հայաստանն անկախ դառնա, ինձ կդարձնե՞ք Հայաստանի պաշտպանության նախարար:
1967-ին ծանոթացանք նաև Զարուբյանի հետ, որը 1965-ին ՀՀ Կենտկոմի առաքին քարտուղարն էր եղել, իսկ այդ ժամանակ ԽՍՀՄ Էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության փոխնախարարն էր։
Հետաքրքիր է՝ Զարուբյանի հասցեն գտանք, որ գնանք նրա մոտ։ Ապրում էր կառավարության անդամների շենքում, որի անվտանգությունը հսկվում էր։ Դժվար էր ներս մտնել, բայց մենք մտանք։ Բնակարանի համարը չգիտեինք, ներքևից հերթով զանգում էինք, ներսից հարցնում էին՝ ո՞ւմ եք ուզում, ասում էինք անունը, պատասխանում էին, որ իրենց մոտ նման մարդ չի ապրում։ Այդպես ոչ ոք դուռը չբացեց, մինչև որ վերջապես մի դռան զանգ տալուց հետո դուռը բացվեց, ու երևաց շապիկով, սպորտային հագուստով մի տղամարդ։ Զարուբյանն էր։ Հարցրեց՝ հա՞յ եք ու ներս հրավիրեց:
Պաշտոնավոր հայերի հետ հանդիպումներին ժամանակ մենք խոսում էինք նաև Մոսկվայում հայկական դպրոց բացելու անհրաժեշտության մասին։ Մոսկվայում շատ հայեր կային, իսկ դպրոց չկար: Բաղրամյանն ասաց, որ վերևների հետ կխոսի այդ հարցի մասին, հետո ասաց, որ չեն համաձայնել:
Մենք որոշեցինք հայկական դպրոցը գաղտնի ստեղծել, մեր ուժերով դասագրքեր հայթայթեցինք, կազմակերպեցինք դպրոցը։ Մեր նախաձռենությունից, օրինակ, շատ էր ոգևորվել Տիգրան Պետրոսյանը։ Նրա երեխային նույնպես ընդգրկեցինք դպրոցում:
Երբ Թուրքիայի դեսպանատան առջև ցույց կազմակերպելու համար մեզ հեռացրեցին համալսարանից, վերադարձանք Երևան, ես մի գաղտնի կազմակերպություն մտա, որպեսզի տեսնեմ, թե ինչ են անում։ Բայց ինձ համար անհետաքրքիր էր: Հետո ընկերներով որոշեցինք ստեղծել մեր կազմակերպությունը՝ Մոսկվայի մեր կազմակերպության սկզբունքով, կրկին հայ մշակույթի ակումբ։ Այդ ակումբի աշատանքներում շատ մեծ դերակատարում ունեցավ Վրեժ Համբարձումյանը (Անկախությունից հետո դպրոցը, որտեղ նա սովորել էր, անվանակոչվեց իր անունով)։ Մեր ակումբը փակվեց, և որոշ անդամների հեռացրեցին համալսարանից, երբ 1971թ․ ապրիլի 24-ին կազմակերպվեց ջահերթ դեպի Ծիծեռնակաբերդ, որի ընթացքում ընդհարումներ տեղի ունեցան ոստիկանության հետ։
Այդ ժամանակ Հայաստանի անկախության մասին խոսք լինել չէր կարող։ Հուզական պահանջներ էին հնչում՝ վերամիավորել հողերը, թուրքերին պատասխանատվության կանչել և այլն: Ավելի ուշ կազմակերպվեցին նաև այնպիսի գաղտնի կազմակերպություններ, որոնք նաև անկախության խնդիր էին քննարկում և անկախության կոչեր հնչեցնում։ Իրականում դրանք հակասովետական շարժումներ էին, որովհետև անկախությունը սովետին դեմ էր։ Դրվում էին նաև ժողովրդավարության պահանջներ:
Հայաստանյան շարժումները, սակայն, դիսիդենտական չէին։ Մեզ մոտ հակասովետիզմը բխում էր ազգայինից և ոչ հակառակը: Դիսիդենտական շարժումները մյուս հանրապետություններում էին հակասովետական, իսկ Հայաստանում ազգայինն էր հիմքը:
Երբ Գորբաչյովը 1987-ին քաղբանտարկյալներին ազատ արձակեց, նրանց թվում էր նաև Պարույր Հայրիկյանը: Ահա այս մարդիկ և՛ հակասովետ էին, և՛ անկախական էին, բայց նրանք հատուկենտ էին: Օրինակ, 88-ին Հայրիկյանը անկախականների էր հավաքում ու մի անգամ ինձ խոստովանեց, որ քառասուն հոգուց ավել չի կարողանում հավաքել:
Անկախության հարցը շատ հարգի չէր մեր ազգաբնակչության շրջանում: Մեր մտավորականության այն մասը, որ, անշուշտ, հայրենասեր էր, բայց նաև կենտկոմի հետ էր մտերիմ, լավ գիտեր պատմությունը, բայց նրանց վերին շերտը հակասովետ չէր, անկախական չէր, ո՛չ թե որ ազգային հարցերը նրանց համար կարևոր չէին, այլ ուղղակի նրանք գտնում էին, որ մենք չենք կարող լինել անկախ, քանի որ շրջապատված ենք ոխերիմ թշնամիներով և առանց սովետի, առանց Ռուսաստանի մեր հողերը վերադարձնել և մեր անվտանգությունն ապահովել չենք կարող:
«Թարգմանչաց տոներ»70-ականներին մենք ստեղծեցինք մի նոր կազմակերպություն, որտեղ ընդգրկված էին Դավիթ Վարդանյանը, Բաբկեն Արարքցյանը, Լյուդվիգ Խաչատրյանը, Հայկ Ղազարյանը, Եսայի Ստեփանյանը, Վարդան Հայկազյանը։ Այդ խմբի հետագա աշխատանքներին ակտիվ մասնակցում էր նաև բեյրութահայ Մովսես Հերկելյանը (նա կարևոր դերակատար էր նաև սփյուռքի տարբեր շրջանակների հետ փոխհարաբերություններում), մասնակցում էին որոշ մեր ընկերներ, օրինակ՝ Գևորգ Վարդանյանը և այլն։ Մենք նպատակ դրեցինք համախմբել մտավորականությանը: Սկսեցինք հավաքներ կազմակերպել Ծաղկաձորի Մերգելյան ինստիտուտի պանսիոնատում, որոնց մասնակցում էին անվանի գրողներ, գիտնականներ, դերասաններ, ճարտարապետներ, երաժիշտներ, աշխատում էինք հնարավորինս բոլորին ներառել: Այդ հավաքներին մասնակցում էին Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Սոս Սարգսյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լուսինե Զաքարյանը, Գրիգորի սրբազանը (նա ներկայացնում էր Վազգեն Վեհափառին), Մերգելյանը, Չեքիջյանը, Հենրիկ Իգիթյանը, Ռազմիկ Դավոյանը և շատ այլ անվանի մարդիկ։
Հավաքվում էինք Ծաղկաձորում, մի քանի օր մնում այնտեղ, ազգային տարբեր թեմաներ քննարկում, և այդ թեմաների մեջ նաև անկախության հարցն էր շոշափվում:
Երբ Արցախյան շարժումն սկսվեց, բոլորս արդեն այնքան էինք մտերմացել, որ պատրաստի թիմ էր ձևավորվել։
1988-ին, վերցնելով Ղարաբաղյան շարժման դրոշը, մենք նույնպես անկախության հարց չէինք դնում, խորհրդային օրենքներին համապատասխան քայլեր էինք անում, որոնք մերժվում էին Մոսկվայի կողմից: Եվ երբ կազմավորվեց Ղարաբաղ կոմիտեն, մենք հասկացանք, որ պայքարը պետք է օրինական ճանապարհով տանել, հանրությանը պետք է պատրաստել, հոդվածներ գրել, ճշմարտությունը պատմել, աշխատել ժողովրդի հետ և պայքարը բնականորեն հասունացնել, որպեսզի իրադարձությունների ինչ որ պահից սկսած ժողովուրդն արդեն պատրաստ լինի անկախության գաղափարին:
Քանի որ Գորբաչյովն սկսել էր ազատություն տալ, տարբեր շարժումներ ակտիվացել էին նաև մերձբալթյան երկրներում, սակայն նրանք ընդամենը փոքր խմբերով պիկետներ էին անում, պահանջում էին Մոլոտով-Ռիբենտրոպ պայմանագիրը չեղյալ հայտարարել: Երբ մեր շարժումն սկսվեց, մի պահ եղավ, որ հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան հրապարակ, և Գորբաչյովը երկընտրանքի առաջ կանգնեց՝ կա՛մ ջարդել շարժումը, կա՛մ զիջումների գնալ, ինչը նոր խնդիրներ էր առաջացնելու: Օրինակ, Չինաստանում Դեն Սյաոպինը ջարդեց հանրահավաքները և հասկացրեց, որ ազատությունը սահմաններ ունի:
Գորբաչյովը տանկեր մտցրեց Երևան, բայց ժողովուրդը չվախեցավ, փակեց փողոցները, և Գորբաչյովը չհամարձակվեց ուժ կիրառել։ Մերձբալթիկայում հետևում էին մեր երկրի իրադարձություններին, և նրանք ոգևորվեցին այդ բանից, որ մեր դեմ բռնություն չկիրառվեց, ինչն ավելի ակտիվացրեց իրենց շարժումը։ Մենք այս իմաստով իրենց ուսուցիչը դարձանք:
Մենք ունեինք զարգացած պետություն, վստահություն էինք ձեռք բերել մեր ուժերի նկատմամբ և մտածում էինք, որ անկախ լինելով՝ կարող ենք ունենալ ավելին: Ունեցանք անկախություն, բայց, ցավոք, անկախությունից սպասվող պտուղները չստացանք։ Շատ հարցերում գլորվեցինք հետ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց իհարկե դրանից անկախության կարևորությունը չի կորչում։ Անկախությունը չէր մեղավոր, որ մենք, ստանալով այդ կարևոր գործիքը, չկարողացանք ճիշտ օգտագործել այն։

-Ասում են, որ ժողովուրդը պատրաստ չէր անկախության: Ինչպե՞ս եղավ, որ մեկ շաբաթում այդքան մարդ հավաքվեց հրապարակում: Այլ բան, որ ժողովուրդը պատրաստ լինի, այլ բան, որ առաջնորդները: Ձեր դիտարկմամբ՝ առաջնորդները պատրա՞ստ էին:

-Անկախության զգացողությունը ժամանակ է պահանջում: Ստանալու տեսակետից մենք պատրաստ էինք, խորհրդային պետության հանդեպ կարողանում էինք պահել կարմիր գիծը, գրեթե մնալ օրինականության սահմաններում: Եվ, եթե երկրում կար պատրաստ խումբ, դա մենք էինք: Սակայն հետագա քայլերի համար, իհարկե, ուրիշ պատրաստություն էր պետք, մանավանդ առաջացած ծայրահեղ դժվար իրավիճակում: Օրինակ, երբ մենք եկանք իշխանության, և որոշվեց շուկայական տնտեսության անցնել, մեր խմբում ինձանից լավ որևէ մեկը չէր պատկերացնում, թե դա ինչ է, որովհետև ես այն խորությամբ ուսումնասիրել էի: Շուկան ընդամենը օգտակար մեխանիզմ է, կարևորն այն է, թե ինչպես այն կիրառել: Պետական միջամտությունը մեզանում լրիվ բացառում էին, բայց պետական դոտացիան գյուղատնտեսությանը խիստ անհրաժեշտ է, պետության շատ խառնվելը փչացնում է տնտեսությունը, բայց պետության չխառնվելը ոչնչացնում է այն:
Երբ ես առաջարկում էի պետական միջամտության մեխանիզմներ կիրառել, հակադարձում էին, թե շուկան ինքնակարգավորվող է, պետությունը կխանգարի դրան: Մինչդեռ շատ կայացած երկրներում անհրաժեշտության դեպքում պետության միջամտության վրա է լինում հույսը, այդպես է հատկապես գյուղատնտեսության ոլորտի համար: Մեր պետությունը մինչ հիմա էլ դեռևս այն վիճակում չէ, որ պետության միջամտությամբ խնդիրներ կարգավորելու կարիք չլինի: Բայց դա շատ նուրբ պետք է արվի և լինի օրենքներով ամրապնդված, հակառակ դեպքում կարող է վնասել տնտեսության զարգացմանը։ Եվ դա անկախության առաջին տարիների տնտեսական քաղաքականությունից եկող բացթողումներից մեկն է։

-Խորհրդային պետությունը բոլորից լավ գիտեր իր թույլ տեղերը, իրենք գիտեին, թե ինչ կարող էր լինել, եթե բռնապետություն չլիներ: Կշարունակե՞ր իր գոյությունը Խորհրդային Միությունը, եթե ռեժիմը չթուլացնեին ու մտածեին վերափոխումների մասին:

-Կարծում եմ, որ Խորհրդային Միությունը չէր սպառել իրեն, ազատությունը պետք է հիմնված լիներ տնտեսական ազատության վրա, պետք էր ազատությունը տալ փոքր բաժիններով, սովորեցնել, վարժեցնել հանրությանը: «Կոլցո» օպերացիայի ժամանակ ես մեկժամյա հանդիպում եմ ունեցել Գորբաչյովի հետ։ Նրան ասացի, որ եթե ձեր այդ քայլերով առաջ գնաք, չեք կարող իմանալ, թե ինչ կլինի, ասենք, երեք ամիս կամ մեկ տարի հետո: Գորբաչյովը պատասխանեց, որ դա իրեն հիմա չի հետաքրքրում,իր համար ավելի կարևոր է,որ հինգ տարի հետո երկիրը նման լինի ԱՄՆ-ին, Խորհրդային Միության մարզերն ու հանրապետություններն իրենց ինքնուրույնությամբ դառնան ԱՄՆ նահանգների պես՝ ունենալով ազատ տնտեսություն և դեմոկրատիա։
Ի դեպ, մի անգամ այդ հարցի շուրջ զրուցել ենք նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Բեյքերի հետ։ 1991 թ․, երբ ես վարչապետ էի, Բեյքերը Մսկվայում էր, և Մոսկվայում ԱՄՆ դեսպանը մեզ հրավիրել էր ճաշկերույթի։ Այնտեղ էին նաև ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսին, Սոբչակը, Պոպովը, Գամսախուրդիան, վարչապետ Սիգուան, Ուզբեկստանի վարչապետը: Բեյքերն ասաց, որ իրենք իսկապես ուզում էին, որպեսզի Խորհրդային Միությունը թուլանա, բայց ընտրի արևմտյան երկրների զարգացման ուղղությունը, բայց հիմա վախենում ԽՍՀՄ փուզումից և անհանգիստ են, քանի որ որոշ հանրապետություններում միջուկային զենք կա, բոլորը միմյանց հետ պրոբլեմ ունեն, և պատերազմներ կարող են սկսվել։ Բեյքերն ասաց՝ ո՞նց անենք, որ ԽՍՀՄ-ը չփլուզվի։ Ասացի, որ ժամանակն արդեն կորցրել եք․ բացի այն, որ հանրապետությունները տարաձայնություններ ունեն իրար հետ, Խորհրդային պետության մեջ կան հանրապետություններ, որոնք հազարամյակների պատմություն ունեն, և մի օր անպայման պետք է անկախության խնդիր դնեն: Ասացի՝ եթե դուք սեղմեք, այն մի օր պայթելու է, հետևաբար անհրաժեշտ է կամաց-կամաց, դանդաղ ընթացքի մեջ կառավարելի պահել այդ գործընթացը: Մարդիկ կային, որ միանգամից պայթելու կողմնակից էին: Հետաքրքիր է, որ ճաշկերույթից դուրս գալուց հետո Ալեքսին հավանություն տվեց իմ կարծիքին, մինչդեռ ես մտածում էի, որ իմ ասածը նրան դուր չէր գա։ Փաստորեն ինքն էլ էր գտնում, որ այդ վիճակով արդեն Խորհրդային Միությունը պահել հնարավոր չէ:
Միությունը պահել չստացվեց, բայց քիչ է լինում, որ նման մեծ կայսրությունների փլուզումն առանց արյան ու մեծ արհավիրքների է տեղի ունենում: Մեծ կայսրությունները փլուզվելիս շատ ավելի մեծ ավերածություններ են առաջացնում:

-Գորբաչյովն ինչի՞ց էր վախենում, որ Խորհրդային Միության օրենքների սահմաններում Արցախի հարցը չլուծեց, կա՞ր տարբերակ, որ միացնեն Ռուսաստանին:

-Ոչ, բայց այդ հարցի շուրջ Զորի Բալայանի ու Սիլվա Կապուտիկյանի հետ էին զրուցել: ԽՍՀՄ-ում բազմաթիվ համանման խնդիրներ կային, և եթե նախադեպը լիներ, տասնյակ «ղարաբաղյան» պրոբլեմներ կառաջանային։
Մոսկվայից ահազանգ բերեցին, որ մեր ելույթները սղագրված ներկայացվում են Մոսկվա։ Ես ելույթ ունեցա, որ հատուկ նրանց էր ուղղված: Ասացի, որ դուք ասում եք, թե նման դեպքերը շատ են, ու Խորհրդային Միության համար վտանգավոր է դրանց անդրադառնալը, բայց եթե չլուծեք Ղարաբաղի հարցը, մենք կշարունակենք այնպես ճոճել նավակը, որ դա ավելի վտանգավոր կարող է դառնալ ԽՍՀՄ-ի համար։

-Տպավորություն կար, թե 88-ին բնապահպանական շարժումը ներմուծված էր հանրահավաքներում, որպեսզի Ղարաբաղյան շարժումը թուլացվի:

– Ոչ, սխալվում եք, այդ շարժումն ավելի շուտ էր սկսվել, քան Ղարաբաղյանը: Դրանք հետո վերափոխվեցին Ղարաբաղյանի: Ես անձամբ ճանաչում եմ բնապահպաններին, նրանք ազնվորեն մտահոգ էին ստեղծված իրավիճակով և հանդես էին գալիս հոդվածներով, մեր մտավորականներն էլ մտահոգիչ հրապարակումներ էին ունեցել, օրինակ, «Գարուն» ամսագրում: Նրանք բոլորն անկեղծ մտածում էին խնդրի լրջության շուրջ: Բնապահպանությունը համընկնում էր խորհրդային գաղափարներին: Մեր բնապահպանների վրա ոչ մի կասկած չունեմ, այլ բան է, որ բնապահպանությունն աշխարհում օգտագործվում է երկրների ներսում խլրտումներ հրահրելու համար, ամբողջ աշխարհում շատ հեշտ է բնապահպանական շարժման տակ թաքցնել քաղաքական նպատակները։ Բնապահպանությունն, այո, հիմա էլ իր կարևորագույն խնդիրների հետ միասին գործիք է դառնում հատուկ ծառայությունների ձեռքին՝ տարբեր խնդիրներ լուծելու համար:

-Գուցե Ռուսաստանի՞ կողմից օգտագործվեց իրենց չենթարկվող մեր պետությունը թուլացնելու և բոլոր կարևորագույն ձեռնարկություններից մեզ զրկելու նպատակով:

-Խորհրդային Միությունը նման նուրբ բաներով չէր զբաղվում, նրանք նման շարժումների ձևով չեն աշխատում, իմ տպավորությունն այն էր, որ նրանք դեռ սովոր էին կացնով աշխատել, նման նուրբ աշխատանքներ Արևմուտքն է կարողանում անել, մարդկանց հոգեբանությունն ուսումնասիրել և հոգեբանության վրա կառուցել իրենց ձեռնտու քաղաքական պայքար։ ԽՍՀՄ-ում էլ թվացյալ պարզունակ բաներ էին անում․ օրինակ՝ Հայաստանից տարածքներ էին տվել Ադրբեջանին՝ ոչ մի հակափաստարկ չընդունելով։ Այսինքն, ժողովուրդներին լարում էին իրար դեմ, որպեսզի որևէ մեկը Միությունից դուրս աջակցության հնարավորություն չունենա:

-Արդյոք մենք կարողացանք հասնել այն իրողությանը, որ հանրության մեջ արդեն պետականության զգացողությունն ամուր ձևավորված է: Տարիներ առաջ մենք հետազոտություն ենք արել, երկու հազար մարդկանց հարց ենք ուղղել, թե ի՞նչն են համարում գերագույն արժեք Հայաստանի համար, և ո՞վ է Հայը: Ընդամենը մեկ հոգի, մի տասնհինգամյա պատանի պատասխանեց՝ ես, մի սփյուռքահայ երիտասարդ էլ գերագույն արժեք համարեց պետությունը: Բոլոր մնացածները հուզական պատասխաններ տվեցին՝ մարդկային լավագույն բնութագրումները ներկայացնելով երկու դեպքում էլ: Նոր սերնդի մոտ կա՞ պետականության արժեքի գիտակցումը:

-Պետականության զգացողությունը պետք է առաջանա, երբ տասնամյակներ, հարյուրամյակներ, սերնդեսերունդ ապրում եք նույն պետականության մեջ, և այդ զգացողությունը սերունդները մեկը մյուսին են փոխանցում: Կարելի էր ենթադրել, որ մեզանից հետո եկող սերունդը պետք է ավելի պետականորեն մտածեր, քան մենք, բայց դա տեղի չունեցավ: Ավելին, մեզանում հակառակը տեղի ունեցավ։ Ինչո՞ւ: Ոչ այն պատճառով, որ վատն է երիտասարդությունը։ Անկախության տարիներին ձևավորված այս երկրորդ սերունդն ավելի քիչ է պետականորեն մտածում, քան առաջինը, որովհետև առաջինի նման տասնյակ տարիներ չի պայքարել այն ունենալու համար: Երբ դու այն ունես, արդեն այլ վերաբերմունք է դրսևորվում։ Նրանց համար անկախությունն այդքան կարևոր չէր, որովհետև ունեին այն: Ձկան համար ջուրը կարևոր չէ, որովհետև ջրի մեջ է:
Բացի դա, ամբողջ աշխարհում գնում էր գլոբալիզմի քարոզչություն, թե պետությունները կամաց-կամաց վերանալու են, ազգայինը կարևոր չէ, և այդ քարոզչությունը շատ գայթակղիչ էր: Քարոզում էին, թե պետությունն ու պետականությունն էլ կարևոր չեն, և նպատակը պետք է լինի վայելել կյանքը, հասնել առավելագույն հաճույքի, քանի որ կյանքը մի անգամ է տրված, ինչո՞ւ պետք է ուրիշների մասին մտածել, կամ հասկանալի չէր, թե ինչու պետք է մարդ զոհաբերի իր կյանքը պետության համար, մանավանդ, որ կարող ես ցանկացած մեկ այլ պետության քաղաքացի դառնալ, հանգիստ ապրել՝ հեռու քո երկրի խնդիրներից ու քո քաղաքացիական պարտականություններից:
Հիմա պիտի մտածենք երրորդ սերնդի մասին: Ես համոզված եմ, այդ սերունդը վերադառնալու է մեր արժեքային համակարգին, հասկանալու է, որ պետությունը կարևոր գործոն է: Գլոբալիզմն այսօր նահանջ է ապրում, այն չարդարացրեց իրեն և իր ձախողմամբ օգնում է վերադառնալու ազգային արժեհամակարգերին: Գեղեցիկ հեքիաթը, թե մենք հեքիաթային վիճակում ենք ապրում, և մոլորակը միասնության մեջ պետք է ներդաշնակ համակեցություն ապահովի,վերջացավ, որովհետև նաև տեսանելի դարձավ, որ այդ գաղափարների քարոզիչներն այդ քարոզն օգտագործում են՝ հետապնդելով իրենց շահերը։
Ներկայում կրթության որակն ու դրանք բարեփոխելու միտումները վտանգներ են պարունակում: Սերնդափոխություն է տեղի ունեցել, և կրթության առջև դրված խնդիրները նույնպես արմատական փոփոխությունների կարիքն ունեն։ Այդ բարեփոխումները պետք է իրականացվեն, բայց ո՛չ երկրորդ սերնդի կողմից: Այո, աշխարհը մտնում է երրորդ սերնդի մտածողության մեջ, իսկ մեր այժմյան ղեկավարները երկրորդ սերնդի մտածողության մեջ են։
Կրթությանն ամենայն զգուշությամբ պետք է մոտենալ։ Կրթությունն ու ճիշտ կրթելը հայրենիք պահելու պես գերկարևոր խնդիր է: Մեր դիմաց երրորդ սերունդն է, որը մեր երկրի ապագան ու հույսն է:

«ԷԿՈնոմիկա» պարբերական
Զրուցեց՝ ԼՈՒՍՅԱ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ
Զրույցը տեղի է ունեցել 17-11-2022-ին