Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել Տավուշի բարձունքները, չանե՛ք, այլապես դուք կդավաճանեք ժողովրդին, կկործանեք պետությունը. Վազգեն Մանուկյան

0
439

Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել Տավուշի բարձունքները, չանե՛ք, այլապես դուք կդավաճանեք ժողովրդին, կկործանեք պետությունը. Վազգեն Մանուկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանն է։

 

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

 

  • Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Հայաստանը երբևիցե ոտքի կանգնի, որովհետև Ադրբեջանը Հայաստանից վախենում է։ Իրենք գիտեն՝ հայերի հետ գլուխ դնելը դժվար է, դրա համար հիմա ուզում են քոքահան անել։ Ադրբեջանը գիտի՝ պատահականությունների հանրագումարն էր, որ նա հաղթեց 44-օրյա պատերազմում։
  • Նախորդ 20 տարվա ընթացքում Ադրբեջանը լավ զինվեց, բայց 2016թ․ Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց ու դադարեցվեց հենց Ադրբեջանի խնդրանքով։ Այսինքն՝ իրենք նույնիսկ այդ պայմաններում չկարողացան հաղթել հայերին։ Ադրբեջանի համար 44-օրյա պատերազմը հաղթելու համար հարմար, նպաստավոր պայման եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
  • Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, որովհետև դեռ այնքա՜ն բան ունի ստանալու։
  • Հայաստանը գտնվում է մի աշխարհագրական դիրքում, որը բոլորին է հետաքրքիր, անգամ մեզնից շատ ու շատ հեռու գտնվող Չինաստանին։
  • Մի մարդ, որն իրեն իրավունք է վերապահում ասել՝ բայց սրանք ի՞նչ հողեր են, որ… նշանակում է, որ նա ունակ չէ պետություն ղեկավարել։ Ամեն թիզ հողը սուրբ է։ Հսկայական Ռուսաստանն ու Ճապոնիան մինչև հիմա խաղաղության պայմանագիր չեն կնքում, որովհետև փոքր կղզիների վերաբերյալ հողային վեճ ունեն։
  • Հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու բարձունքները վերցնեն, ավելի հեշտ կլինի։ Դրանով պատերազմը կմոտենա Երևանին։ Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։ Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն։
  • 44-օրյա պատերազմում մենք կարող էինք չպարտվել։ Ադրբեջանում ապշած էին հայերի ցույց տված դիմադրությունից։ Ադրբեջանը շատ զոհ տվեց նաև Ջերմուկում ու Արցախյան վերջին ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիները զինվոր չեն, հայերը զինվոր են։ Ադրբեջանում զոհերի որոշակի քանակից հետո պայթյուն է լինում։ Հիմա էլ եթե կռվենք, դիմադրենք, Ադրբեջանը կպայթի։

  • Ախր էդ տղան հեչ իր տեղում չէ։ Ես լսել եմ՝ մարդն ասում է՝ եթե ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա, բայց ես չեմ լսել, որ մեկն ասի՝ եթե ես գլխավոր բալերինկան չլինեմ, Օպերայի և բալետի թատրոնը չի լինի։ Եթե մենք Եվրոպայի կենտրոնում գտնվող փոքր պետություն լինեինք, կարող էր պատահական մարդ լիներ, բայց մեր պարագայում այդ մարդը բացարձակապես իր տեղում չէ, պետք է կամ ինքը թողնի ու հեռանա, կամ պետք է հեռացնենք նրան։ 
  • Հիմա Փաշինյանն այլևս շատ քիչ ազդեցություն ունի ժողովրդի ուղեղների վրա։ Դա նրա գլխավոր զենքն էր։ 
  • Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանեք դա, այլապես դուք դավաճանելու եք ժողովրդին ու կործանելու եք պետությունը։ Ամուր կանգնե՛ք ձեր տեղում, ու այդ ժամանակ նա կկորցնի իր ազդեցությունը նաև բանակի վրա։ 
  • Մարդկային տեսակի հարց է, ոչ թե փորձառության։ Այդ տեսակի մարդը չի կարող պետություն ղեկավարել։
  • Ադրբեջանն արդեն իսկ որոշ չափով մտել է Երևան․ նա ներկա է կառավարական շենքերում։
  • Երբ 1990թ․ մենք եկանք իշխանության, Խորհրդային Հայաստանից ստացանք մշակված, փորձառու մարդկանցով համալրված պետական համակարգ։ 1918թ․ այդպես չի եղել, և ես պատկերացնում եմ՝ ինչքան դժվար է եղել այն ժամանակ պետություն կառուցելը։
  • Մեր այսօրվա իրավիճակում միայն հատուկ ձևի մարդիկ կարող են պետություն ղեկավարել։
  • Փաշինյանը համ ինքնուրույն է, համ գործիք է։ Մի մարդ է, ով «աբիժնիկ» լինելով՝ եկել է իշխանության։ Փողն ու իշխանությունը նրա կոմպլեքսներն են։ Երբ ոչ ճիշտ մարդն այստեղից-այնտեղից վերցնում է գաղափարներ, այդ գաղափարները դառնում են կարիկատուրաներ։ Ինքը շատ հարմար էր օգտագործելու համար։ Իրեն օգտագործում են և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան։ Հայերն օգտագործման բոլոր այդ ձևերում տուժող են։ 
  • Դու չպիտի անցնես մեկի կամ մյուսի կողմը, դու պիտի խաղաս հզորների հետ, բայց դրա համար պիտի լինես վստահելի, քո սեփական պետության ու նրա շահերի համար պայքարող։ 
  • Ոչ մի պետություն նպատակ չունի Հայաստանը փրկելու կամ հզորացնելու՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Արևմուտքը։ Բոլորը ուզում են քեզ օգտագործել։ Նրանք միայն հանուն Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելու՝ կարող են քեզ օգնել, բայց այդ պրոբլեմն այստեղ չի լուծվելու, այլ Ուկրաինայում։
  • Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցությունը, և ուզես թե չուզես՝ դու նրա հետ պիտի հաշվի նստես։
  • Հիմա մենք նոր իրավիճակում ենք, միջազգային օրենքները սկսում են չաշխատել։ Հիմա թուղթը չի որոշում սահմանները։ Դրա համար դու պիտի ուժեղ լինես։ Նոր իշխանությունը որ գա, նրան չեն ասելու՝ քո նախորդը սա է ստորագրել։ Կարևորագույնը բանակի ուժեղացումն է, ապա՝ դիվանագիտական աշխատանքը, Սփյուռքի հզորացումը, տնտեսությունն ու կրթական համակարգի հարցերը։
  • Ցնցումային ժամանակաշրջանում կտրուկ շարժումներ անելը միշտ վտանգավոր է։
  • Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ռուսաստանը մեզ բարյացակամ էր վերաբերվում, բայց ոչ ավելին։ Շատ քիչ քանակությամբ զենք էինք ստանում, բայց կարծում եմ՝ այդ քանակությամբ նաև Ադրբեջանն էր ստանում։ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետություններում մնացած զենքերն այնտեղ էլ մնացին, բայց Հայաստանը ԽՍՀՄ-ի համար առաջին պաշտպանական գիծ չէր, այստեղ շատ զենք չկար։ Այդ ժամանակ Ադրբեջանը մեզնից 10 անգամ շատ զենք ուներ, բայց պատերազմը մենք ենք հաղթել։ Ոչ մեկը մեզ կողմ չի եղել, որ հաղթենք։ Այդ ժամանակ ոչ մի պետություն ցանկություն չուներ, որ մենք հաղթենք։ 
  • Այն ժամանակ մեր մոտեցումն այն էր, որ Ռուսաստանի հետ պետք է լավ լինել, բայց Թուրքիայի հետ էլ պետք է հարաբերություններ հաստատել, ինչը շատ լավ հաջողվում էր։ Ճիշտ է, այդ ժամանակ Ադրբեջանն ու Թուրքիան առանձնապես մտերիմ չէին։ 
  • Հայաստանի իշխանությունները հիմա շատ ժուլիկաբար, անբնական, բոլորին գցելով է խաղում, բայց այդ խաղն ուղղված չէ ի օգուտ Հայաստանի․ դա արվում է սեփական իշխանությունը պահելու համար։ 
  • Ռուսաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում ոչ իր օգտին քաղաքականություն է վարում, բայց այդ հարաբերությունները վաղ թե ուշ քանդվելու են։
  • Հարավային Կովկասի համար Ռուսաստանի և Թուրքիայի պայքարը շարունակվում է։ Ռուսաստանը դուրս չի գա Հարավային Կովկասից, դա նրա համար մահացու է։ Եթե գնա էլ, վերադառնալու է, բայց մենք մեր առաջ չպետք է նրան այստեղից հանելու խնդիր դնենք, որովհետև երբ Ռուսաստանը դուրս է գալիս, հետո զենքով է մտնում։ Այդպես եղավ մի անգամ, երբ Ռուսաստանը դուրս եկավ Հարավային Կովկասից, բայց հետո 11-րդ բանակը վերադարձավ զենքով։ 
  • Արցախցիների հետ վերադառնալն Արցախ՝ ցանկացած կարգավիճակով, հիմա շատ կարևոր է։ Եթե արցախցիները երկար ժամանակ չվերադառնան, այնտեղ հայեր չապրեն, ապա մենք կունենանք այն իրավիճակը, ինչ հիմա Վանի պարագայում։ Կասենք՝ մերն է, բայց մերը չի լինի։ 
  • ՆԱՏՕ-ն մեր անվտանգությունն ապահովելո՞ւ է։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը դառնան ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան էլ անդամ է, այս երեքի կոնֆլիկտի մեջ ՆԱՏՕ-ն չի խառնվելու։ ՆԱՏՕ-ն կխառնվի, եթե Սինգապուրը հարձակվի մեզ վրա, որովհետև ՆԱՏՕ-ն չի խառնվում իր անդամ երկրների հակամարտության մեջ, ինչպես չխառնվեց Թուրքիա-Հունաստան կոնֆլիկտին Կիպրոսի հարցով։
  • Կարևոր է եվրոպական պետությունների ղեկավարների խոսքը, եվրոչինովնիկների՝ Շառլ Միշելի, Ստոլտենբերգի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Բորելի և նման այլ չինովնիկների խոսքը կարևոր չէ։ Նրանք ընտրված չեն ժողովրդի կողմից։ Բանի տեղ մի դրեք Ստոլտենբերգի ասածներին։ 
  • Արևմուտքի և Ռուսաստանի գոյության հարցն է դրված սեղանին, և հիմա Արևմուտքի համար դա շատ ավելի կարևոր հարց է, քան Աշոտյանի կամ մյուս քաղբանտարկյալների նստել-չնստելը։ Տուրբուլենտության նոր ժամանակաշրջան ենք մտնում։ Երկրներ կարող են քանդվել, դրա համար Հայաստանի վրա դեմոկրատական արժեքների համար գործադրվող ճնշումը թուլացել է։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում եթե մեր երկրի ղեկավարը լիներ այլ մարդ, մենք լրիվ այլ վիճակում կլինեինք։
  • Հաճախ ասում են՝ այս կամ այն պետությունը մեզ դավաճանեց… Նախ, պետությունների հարաբերություններում նման բաներ չեն լինում, և, ամենակարևորը, եթե քեզ անընդհատ այլ պետություններ դավաճանում են, դու քեզ նայիր, ուրեմն սխալը դու ես, հետևություններ արա։
  • Այս պայմաններում 5-6 հոգի մարդ կա, ով կարող է երկիրը ղեկավարել, դառնալ վարչապետ։ Ինչ էլ լինի, այդ 5-6 հոգին պետք է լինեն իշխանության մեջ։ Մեզ հիմա, որպես երկրի ղեկավար՝ գեղեցիկ դերասան կամ համակրելի մտավորական պետք չէ։ Մեզ պետք են մարդիկ, ովքեր կկարողանան կառավարել, մարդիկ, ովքեր երկիրը կկարողանան հանել այս վիճակից, անգամ, եթե նրանց չենք սիրում։
  • Մանրամասները՝ տեսանյութում