Հայաստանը կրկին արդյունաբերական երկիր

0
322
Վազգեն Մանուկյան

Շատ խառնաշփոթ ժամանակաշրջանում է մեզ վիճակվել ապրել: Մի կողմից`իրականացել են այն նպատակները, որոնք փայփայում էին հարյուրամյակների ընթացքում մեր նախնիները: Մենք ունեցանք անկախ պետություն, ռազմական հաղթանակներ, որոնք ոչ միայն պաշտպանեցին մեր ժողովրդի շահերը և անվտանգությունը, այլև մեզ պարտադրված պատերազմում ստիպեցին հակառակորդին քաղաքական բանակցությունների ճանապարհը բռնել՝ դրանով իսկ բերելով խաղաղություն երկրին ու ժողովրդին: Մյուս կողմից՝ մենք ականատես ենք ժողովրդին ճնշող մեծամասնության չքավորությանը, ապագայի նկատմամբ հավատի կորստին, հսկայական չափերի հասնող արտագաղթին, գործազրկությանը, երբեմնի անխափան աշխատող կրթական համակարգի փլուզմանը, ժողովրդի ոչ միայն սոցիալական,այլ նաև իրավական պաշտպանվածության բացակայությանը, հասարակության մեջ հետզհետե գլուխ բարձրացնող զոռբայությանը և ստորաքարշությանը: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ մեր հասարակությունը հայտնվել է շփոթահար վիճակում, չի կարողանում ճիշտ գնահատել ներկա դրությունը, չի դնում իր առջև խնդիրներ և ավելի շուտ կազմալուծվում է, քան կազմակերպվում: Եվ այդ ամենը հանգեցնում է նրան, որ ժողովրդի մեջ պտտվում են իրարամերժ կարծիքներ: Խոսում են, թե ներկա տնտեսական ծանր իրավիճակը օբյեկտիվ է, և ԽՍՀՄ-ի փլուզումն ու Հայաստանի անկախացումը բնականոն կերպով հասցրել են մեզ այս վիճակին: Ոմանք ասում են, որ Հայաստանը ապագա չունի և արդեն երբեք չի լինի գոնե այն, ինչ մենք ունեինք ԽՍՀՄ-ի օրոք, ոմանք էլ՝ որ Հայաստանը կամաց-կամաց դուրս է գալիս այս կացությունից, որ դրական տեղաշարժեր կան համեմատած 92-93թթ. ծանր օրերի հետ: Մերթ ասում են, որ մինչև ներկա իշխանությունները չփոխվեն, Հայաստանում որևէ դրական փոփոխություն լինել չի կարող, մերթ էլ՝ «ով էլ գա, նույնն է լինելու, սրանք գոնե արդեն կշտացել են և կսկսեն մտածել ժողովրդի մասին, իսկ եթե նորերը գան, կմտածեն կշտանալու մասին՝ վերստին թալանելով ժողովրդին»: Կարծիքները բազմազան են և իրարամերժ, հասարակությունը, տրոհված և իր առջև որոշակի խնդիրներ չդնելով, չի կարողանում կազմակերպվել ու փոխել ներկա իրավիճակը, կամ գոնե ընդունել ներկա իրավիճակի օրինաչափությունը:

Իրականում այս բոլոր կարծիքների մեջ ճիշտն ու սուտը իրար են խառնվել:

Վերցնենք արդյունաբերության հարցը: Ես կարևորում եմ այն, որովհետև և՛ արտագաղթի, և՛ գործազրկության, և՛ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման համար անհրաժեշտ ֆինանսների հայթայթման, և՛ մյուս ժողովուդրների ու պետությունների հետ համընթաց քայլելու հարցերը էապես պայմանավորված են նրանով՝ մեզ կրկին կհաջողվի՞ դառնալ արդյունաբերական երկիր, թե՞ մենք դատապարտված ենք լինելու գավառական, մանր արհեստավորների և առևտրականների երկիր: Արդյունաբերության աշխատանքների խափանման մեջ իհարկե շատ մեծ դեր խաղաց ԽՍՀՄ-ի տնտեսական փլուզման օբյեկտիվ իրողությունը: Երկաթյա վարագույրը բացվեց, ԽՍՀՄ-ի նախորդ տնտեսական տարածքը դարձավ բաց տարածք, և մեր թեթև արդյունաբերությունը բախվեց կատաղի մրցակցությանը իտալական, չինական որակյալ և էժան ապրանքների հետ, միևնույն ժամանակ Հայաստանի տարածքում գործող հարյուրավոր գործարաններ, որոնց արտադրանքը օգտագործվում էր ԽՍՀՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի համար, կտրուկ կորցնելով պատվիրատուին և չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, որպեսզի կոնվերտացիա կատարեր, այսինքն՝ սպառվող նոր արտադրանքի արտադրություն կազմակերպեր, մատնվեցին անգործության՝ ավելացնելով  գործազուրկների թիվը:

Բայց ի՞նչ կապ ունի օբյեկտիվ պատճառների հետ այն հանգամանքը, որ 1993-ի այդ ծանր պայմաններում, այնուամենայնիվ, իրենց աշխատանքը կազմակերպող ձեռնարկությունները, փոխանակ օգտվեին պետության օժանդակությունից, ենթարկվեցին պետական ռեկետի, որից հետո նրանց մի մասը դադարեցրեց աշխատանքը, մյուս մասը նույնիսկ իրենց հաստոցները վերցրին տարան Ռուսաստան և շարունակեցին աշխատել այնտեղ:
Օբյեկտիվ ի՞նչ պատճառով էր պայմանավորված, որ գործարանի մասնագետ տնօրենը հանվում էր աշխատանքից և ձեռնարկությունը ղեկավարվում էր նախկին բանվորի կողմից:

Ինչո՞վ բացատրել, որ փլուզվում է ադամանդների վերամշակման գործարանը, որը մեծ եկամուտներ է ապահովում, մանավանդ որ փոքր ծավալների շնորհիվ շրջափակումը նրան չէր վնասում: Իսկ այստեղից վտարված գործարանների տնօրենները իրենց բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ այժմ համապատասխան ճյուղերի ղեկավար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանում: Օրինակները կարելի է անվերջ թվարկել:

Ինչու նույնիսկ այն գործարանները, որոնք ի վիճակի են աշխատել, կամ աշխատում են անլեգալ, որպեսզի դրա մասին չիմանան իշխանությունները, կամ էլ արհեստականորեն կանգնեցնում են իրենց աշխատանքը՝ սպասելով լավ օրերի, խուսափելով և՛ պետական ռեկետից, և՛ սեփականաշնորհման այն օրենքից, որի դեպքում ինչքան լավ աշխատի գործարանը, այնքան դժվար կլինի գործարանի աշխատողների համար սեփականացնել այն:

 Ի՞նչ օբյեկտիվ պատճառով է, որ եթե մի ինչ-որ ձեռնարկություն եկամտաբեր է, ապա այդ գործարանի տերերին պարտադրում են մի անբան մարդու՝ որպես բաժնետիրոջ, որպեսզի նա օգտվի եկամուտներից՝ ոչինչ չանելով, այլ ապահովի միայն պաշտպանվածությունը պետական մարմիններից:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառով է, որ անընդհատ, առանց դատարանի որոշման, խախտվում է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, և դրա հետևանքով Հայաստանի ձեռներեցության շրջանակներից դուրս են մղվում հարյուրավոր մարդիկ:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառով է, որ գործող օրենքները, հարկերի դրույքաչափերը ստեղծում են այնպիսի իրավիճակ, որ ավելի ձեռնտու է ապրանք բերել Հայաստան, քան արտադրել այն:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառով է, որ Հայաստանում չկա ազատ տնտեսական մրցակցություն, որտեղ պետք է հաղթի ավելի շնորհալին, իսկ որոշ մարդիկ Հայաստանում իրենց հարստությամբ և տնտեսական հզորությամբ զբաղեցրել են ոչ արժանի բարձր տեղեր՝ պետական մեքենայի գործադրման միրջոցով իրենցից ավելի արժանավոր մրցակիցներին դուրս մղելով ասպարեզից:

Այս ոչ օբյեկտիվ և Հայաստանի տնտեսական աշխատանքը խաթարող պատճառների շարքը կարելի է անընդհատ շարունակել՝ հիշելով և՛ արդյունաբերության խայտառակ սեփականաշնորհումը, որը ոչ ավելացրեց մեր բյուջեն, որպեսզի նրա միջոցով հնարավոր լիներ լուծել ժողովրդի սոցիալական խնդիրները, մարել խնայբանկերում սառեցված քաղաքացիների գումարները, ոչ իրագործեց իր հիմնական նպատակը՝ ապահովել սեփականաշնորհված ձեռնարկությունների ավելի արդյունավետ աշխատանք:

Դրանցից մի մասը թալանվեց և դադարեցրեց իր աշխատանքը: Այս ամենը ցույց է տալիս, որ եթե արդյունաբերության, տնտեսության փլուզման պրոցեսների մեջ կային բավականին օբյեկտիվ պատճառներ, ապա ներկա տնտեսական քաղաքականությունը ոչ միայն խորացնում է այդ օբյեկտիվ պատճառները, այլև զրկում է մեզ ապագայից՝ չթողնելով, որպեսզի մենք երբևէ հավակնություն ունենանք կրկին վերադառնալու արդյունաբերական երկրների շարքը:

Չդառնալով արդյունաբերական երկիր՝ անիմաստ է խոսել կրթական համակարգի պահպանման և զարգացման մասին: Եթե մենք, ապրելով ԽՍՀՄ-ում, շատ հարցերում զիջում էինք Արևմուտքին, ապա մեզանում գործող կրթական համակարգը աշխարհում լավագույններից էր, և մի քանի կեղծ դասագրքերից ազատվելուց հետո մեզ մնում էր միայն պահպանել համակարգը, և եթե կարելի է օբյեկտիվ համարել այն ֆինանսական դժվարությունները, որոնք առաջանում էին այդ համակարգը պահելու համար, ապա

ի՞նչ օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված տասնյակ նոր անորակ դասագրքերի հրատարակումը (ծնողներից գումարներ հավաքելով) և բացարձակ անուշադրության մատնելը մեր ժողովրդի համար այդ կարևորագույն ասպարեզը:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառ կար այս նեղ պայմաններում քանդել Երևանի Հանրապետության հրապարակի պատվանդանը, որը ոչ միայն գեղարվեստական արժեք ուներ, այլև մեզ՝ երևանցիներիս համար հիշատակ էր, որ մնացել էր այս մեր աստիճանաբար անծանոթ դարձող Երևանում: Եվ եթե անհրաժեշտություն էր հանելը, ապա պետք է որոշեինք մենք՝ երևանցիներս, այլ ոչ թե մի ինչ-որ պաշտոնյա իր գրասենյակում:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառ կար Երևանի պատմության թանգարանի շենքը մասնավոր վաճառքի հանելու,

ի՞նչ օբյեկտիվ պատճառ կար, որ շրջանների մեծամասնությունում ժողովուրդը վախեցած լիներ իր գլխին կանգնած ամեն մի փոքր ու մեծ իշխանիկից ՝ փորձով համոզվելով, գիտակցելով և՛ իր, և՛ ուրիշների լիակատար անպաշտպանվածությունը նրանց կամայականություններից:

Ի՞նչ օբյեկտիվ պատճառ կա, որ հողը գյուղացուն տալուց հետո պետությունը մի կողմ քաշվի և գյուղատնտեսությունը զարգացնելու փոխարեն, ինչը արվում է աշխարհի բոլոր երկրներում, իր գյուղացիներին վերաբերվի գրեթե որպես թշնամու, որից ինչ էլ պոկես՝ լավ է, այդպիսով լրացնելով բյուջեի միայն մի շատ չնչին մասը: Կարելի է առանձին խոսել և՛ բանակի, և՛ առողջապահական համակարգի, և՛ բանտերում գտնվող ազատամարտիկների, և՛ պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակի մասին: Բայց կարելի է արդեն այս օրինակների հիման վրա եզրակացնել, որ տնտեսական, սոցիալական, ծանր իրավիճակի մեջ ընկնելիս, եթե նախորդ ժամանակաշրջանում մեծ էին օբյեկտիվ պատճառները, ապա այս անդունդից դուրս գալու և առաջ գնալու համար էական նշանակություն պետք է ունենա մեր ներքին քաղաքականությունը, որը այժմ բացարձակապես չի նպաստում դրան: Իհարկե, վերջին 2 տարիների ընթացքում կա կյանքի որոշ աշխուժացում՝ համեմատած 1992-1993 թթ. ծանր օրերի հետ, բայց չպետք է խաբվել դրանով: Հայերը սովոր են ցանկացած պայմաններում ինքնուրույն քիչ թե շատ բարելավել իրենց վիճակը, բայց, ցավոք, տվյալ պարագայում դրա հնարավորությունը ունի ժողովրդի չնչին մասը միայն:

Աֆրիկյան, ասիական ցանկացած հետամնաց երկրի փողոցներում վխտում են «Մերսեդեսները», կան բարձր կարգի ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ, լավ ճանապարհներ, իշխանավորների հոյակապ դղյակներ, բայց դրանք այդ երկրների զարգացման ցուցանիշ չեն, այլ կայուն ճահճացման արդյունք:

Իսկ կա՞ ճանապարհ դուրս գալու համար այս վիճակից: Իհարկե, կա: Բայց միայն իշխանությունը փոխելը բավական չէ: Մեր ժողովուրդը, մեր հասարակությունը, մտավորականությունը դիտորդի ու քննադատի դերը պետք է փոխարինի թելադրողի, հասարակության, պետության առջև խնդիրներ դնողի դերով և պարտադրի իշխանություններին մեր նպատակները, կարողանա ըստ նպատակների գնահատել արածները, բավարարված չլինելու պայմաններում կրկին փոխի իշխանավորներին:

Ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք իր առջև պետք է դնի մեր պետությունը, մեր  հասարակությունը, կրկնում եմ, որ դրանցից կարևորագույնն ու առաջնահերթը արդյունաբերության վերականգնումն է:

Հայաստանը աստիճանաբար դարձնել հիմնականում մասնավոր սեփականության վրա հիմնված արդյունաբերական երկիր՝ նպաստելով արդյունաբերության՝ առավելապես բարձր տեխնոլոգիական ճյուղերի զարգացմանը: Այդ նպատակին հասնելու համար պահանջվում է իրականացնել նոր տնտեսական քաղաքականություն՝ ապահովելով արդյունաբերության որոշակի ճյուղերի համար նպաստավոր հարկային, վարկային, ինվեստիցիոն պայմաններ, ներքին շուկայի պաշտպանվածություն, արտոնյալ պայմաններ արդյունաբերական արտադրանքի արտահանման համար: Դրա հետ միասին լուծել շուկայի ընդլայնման խնդիրը՝ կտրուկ խորացնելով տնտեսական ինտեգրացիոն համագործակցության) պրոցեսները

Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների հետ: Այդ ճանապարհով՝ ստեղծելով բարձրաշխատավարձով նոր աշխատատեղեր և հնարավորություն տալով մեր քաղաքացիներինմարդավայել ապրել, աշխատել իրենց մասնագիտությամբ, կարելի է ոչ միայն դադարեցնելարտագաղթը, այլև ապահովել ներգաղթը:

Կրկին արդյունաբերական երկիր դառնալու հիմքի վրա ապահովել մեր գիտական,կրթական համակարգերի պահպանումը և զարգացումը:

Հայաստանի տնտեսական զարգացման գործում արտասահմանյան ֆինանսական աղբյուրների օգտագործման հետ միասին հետևողականորեն ապահովել սեփական բանկային համակարգի զարգացումը:

Հետագա հանդիպումների ընթացքում մենք կքննարկենք նաև մյուս ծրագրային դրույթները, որոնք թույլ կտան Հայաստանին դուրս գալ այս ծանր վիճակից: Բայց մի հարց պետք է կարևորել: Ինչպիսի ծրագրեր էլ առաջարկվեն, եթե մենք մեր պետության մեջ չապրենք բարոյականության ու արդարության չափանիշներով առաջնորդվող հասարակությունում, եթե մեր հասարակական կյանքը հիմնված չլինի ազգային և համամարդկային արժեքների վրա, մեր ազգային մշակույթի և դրանից բխող բարոյականության վրա, որը կարգավորում է հասարակության կյանքը, մենք որևիցե արդյունքի չենք հասնի:

Վ. Մանուկյանի հեռուստատեսային ելույթը

1996թ. օգոստոսի 12

«Այժմ», 1996, 14-20 օգոստոս