«Հայաստանը պետք է ունենա ազգային փոխադրող». Վազգեն Մանուկյան

0
334

«Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա ազգային փոխադրող, որը գրանցված լինի Հայաստանում, կադրերի մեծ մասը լինեն հայեր, ունենա որոշ արտոնություններ, ինչպես տարբեր երկրներում է: Դա կլինի Բաղդասարով Միշան, թե մեկ ուրիշը, մեզ բացարձակապես չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է, որ դա լինի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Նրան մտահոգում է հատկապես այն, որ Հայաստանը դեռևս պատերազմական մթնոլորտում է, և այդ պարագայում ազգային փոխադրող ունենալը ռազմավարական նշանակություն ունի. «Եթե պատերազմական իրավիճակ լինի, և մենք չունենանք ազգային փոխադրող, կարող են դրսից արգելել թռիչքները, և մենք լրիվ կմնանք շրջափակման մեջ»:

Լուծումներ կան, բայց ըստ Մանուկյանի` բարդ են: Նա մատնանշեց լուծման մի տարբերակ, որն ընդունված է արտասահմանյան շատ երկրներում` ընկերությունը մասնավոր է, բայց բաժնետոմսերի 30-51 տոկոսը պատկանում է պետությանը. «Որքան էլ, որ ավիատեղափոխումները եկամտաբեր լինեն, միևնույնն է` առանց պետության դժվար է դիմանալ, նույնն էլ գյուղատնտեսության մեջ է. եթե դոտացիաներ չլինեն, գյուղատնտեսությունը դժվար թե դիմանա»:

Մանուկյանը տեղեկացրեց, որ Հանրային խորհրդում քաղավիացիայի շուրջ նեղ քննարկում եղել է, որին մասնակցել են շահագրգիռ կողմերը` այդ թվում նաև Միքայել Բաղդասարովը:  Հանրային խորհրդի կողմից առաջարկներ եղել են, սակայն նա առայժմ չցանկացավ դրանք բարձրաձայնել: