«Հայաստանին միջանցք պետք չէ, մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չէ»․ Վազգեն Մանուկյան,տեսանյութ

0
452
Վազգեն Մանուկյան

«Լազարյան ակումբի» «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով այսօրվա նիստին, բացելով նիստը, Վազգեն Մանուկյանը հակիրճ ելույթ է ունեցել․

«Մինչև վերջերս Հայաստանի արտաքին հարաբերություններն ունեին հստակ ճարտարապետություն, կային դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և դա մեզ ոչ մի կերպ չէր խանգարում բարեկամական հարաբերություններ ունենալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ։

Իննսունականների սկզբին Հայաստանը բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ ճանապարհները բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և այլ հարցերի ուղղությամբ։ Հիմա ամեն ինչ փոխվել է, փոխվել է ոչ միայն Հայաստանի պատճառով, տեղի է ունեցել երեք խոշոր փոփոխություն՝ մենք անտաղանդ ձևով տանուլ ենք տվել պատերազմը, սկսվել են Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի մերձեցումն ու խոշոր դիմակայությունը Ռուսաստանի ու Եվրոպայի միջև։

Սա մեր առջև նոր խնդիրներ է դնում։ Բայց որպեսզի խոսենք դաշնակիցների հետ, պետք է ինքներս մեր առջև հստակ խնդիրներ դնենք։

Հայաստանի առջեւ այսօր դրված են հետևյալ խնդիրները՝ Արցախի հարցը, անվտանգության հարցը (ընդ որում` անվտանգությունը հիմնականում պետք է ապահովենք սեփական ուժերով), այսինքն մեր բանակի վերականգնման հարցը։

Խաղաղության պայմանագիրն ատրճանակի փողի ներքո ստորագրել պարզապես իմաստ չունի։

Կա նաև տարածքների հարցը։ Անկլավների հարցն առհասարակ դիտարկելը հիմարություն է, քանի որ խորհրդային ժամանակ մտածել էին այդպիսի մեխանիզմներ, որպեսզի մի ազգին պահեն մյուսի դեմ։

Կա նաեւ Սյունիքի հարցը, միջանցքի հարցը։

Ես ոչ միայն դեմ եմ միջանցքին, այլև դեմ եմ Նախիջեւանից Ադրբեջան Հայաստանով ճանապարհի բացմանը։ Հայաստանը լրիվ շրջափակման մեջ է, և բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, ընդ որում՝ յուրաքանչյուր ճանապարհ պետք է լինի այն պետության ինքնիշխան ճանապարհը, որով անցնում է։

Եթե մենք ունենանք խնդրի հստակ առաջադրում, թե ինչ ենք ուզում մենք, այդ դեպքում կարելի է նաև հասկանալ, թե ինչով կարող են մեզ օգնել մեր ռուս բարեկամները, և որն է դիրքորոշումների միջև տարբերությունը։

***

Նախքան նիստը սկսվելը Վազգեն Մանուկյանը ճեպազրույց է ունեցել նաև լրագրողների հետ։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նախօրեին Արցախի հարցի վերաբերյալ արված հայտարարություններին՝ Վազգեն Մանուկյանն ասել է, որ այն, ինչ հնչեց, նորություն չէր։

«Բոլոր բանակցությունների ժամանակ գնում էր «տարածքներ Արցախի անկախության ճանաչման դիմաց» սկզբունքը: Պուտինի անդրադարձը նաև այն էր նշանակում, որ համաձայնագրի ռուսական ծրագրում նշվում է՝ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետո: Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն չի հրաժարվում հետագայում այդ հարցի քննարկումից, որը ես համարում եմ դրական»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Ռուսաստանն առաջարկի Վաշինգտոնյան փաստաթղթից տարբերվող այլ փաստաթուղթ՝ Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Ես ենթադրություններ չեմ անում: Դիրքորոշումները պարզ են. եթե դուք խորանաք ԱՄՆ-ի շահերի եև Ռուսաստանի շահերի մեջ, այդ շահերը ճանաչելով՝ պետք է որ Ռուսաստանը չհամաձայնի վաշինգտոնյան տարբերակին»:

Խոսելով Հայաստանում սկիզբ առած հակառուսական տրամադրությունների մասին՝ Վազգեն Մանուկյանն ասել է․

«Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետևյալն է. ասում են՝ Ռուսաստանը մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին ու Թուրքիային թշնամի ես համարում: Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է: Եվ դրանից հետո անտրամաբանական հետևություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Ասում են՝ չէ, այդ դեպքում Արեւմուտքը կգա, այդ տեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն կերպ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահերն առաջ տանելու մեջ»։

Վազգեն Մանուկյանի խոսքով՝ Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի և Արևմուտքի արանքում. «Բայց վերջիվերջո իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստանի՞, թե՞ Արեւմուտքի: Ռուսաստանի հետ, որովհետեւ այն ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ: Նա ուզում է Թուրանական մեծ պետություն կառուցել և իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը։ Ուշ թե շուտ բախում է լինելու Ռուսաստանի հետ: Իսկ Արեւմուտքին այս տարծաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ: Դա ակնհայտ է: Եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում»:

Անդրադառնալով «միջանցքի» խնդրին՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Այն, որ Սյունիքը շատ կարեւոր է Թուրքիայի եւ թուրքախոս ժողովուրդների համար, նոր բան չէ, 100 տարի առաջ էլ էր այդպես: Ամենայուղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սյունիքն է։ Թուրքիան որոշ դեպքերում կարող է բավարարվել միջանցքով՝ մտածելով, որ ուշ թե շուտ ամբողջ Սյունիքը կվերցնի: Թուրքիայի շահագրգռվածությունն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զորքն ունենալ նաև Սյունիքում: Խոսակցություններն այնպիսին են, որ Ռուսաստանն իր վրա է վերցնում այդ միջանցքի վերահսկողությունը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է:

Վազգեն Մանուկյանի համոզմամբ՝ Հայաստանին միջանցք պետք չէ. «Մեզ նույնիսկ այդ ճանապարհը բացել պետք չէ: Ես լինեի՝ այդ ճանապարհը չէի բացի: Հայաստանն ամբողջությամբ շրջափակված է, ու ամբողջ վեճը գնում է այն մասին, որ Ադրբեջանը Սյունիքով միանա Նախիջևանին: Ո՛չ, բոլոր ճանապարհները միաժամանակ պետք է բացվեն և պետք է լինեն այն պետությունների սուվերեն իրավունքների տակ, որոնց տարածքով անցնում են»: