Ես կարծում եմ, որ խիստ չափազանցված է վերջերս մեր հասարակության մեջ
տարածված այն կարծիքը, թե մասոնությունը կամ ինչ-որ մի X կազմակերպություն է վճռում աշխարհի բոլոր հարցերը: Դա ինձ հիշեցնում է ժամանակին Արևմուտքում տարածված հեքիաթը «Մոսկվայի ձեռքի մասին»: Ինչու վերջերս մեզանում սկսեցին լրջորեն խոսել մասոնների մասին: Իմ կարծիքով, երկու պատճառ կա: Առաջին. երբ մարդը դժվար է կողմնորոշվում քաղաքականության ու տնտեսության մեջ, ձգտում է մի ունիվերսալ բացատրություն գտնել ամեն ինչի համար: Եվ երկրորդ. շատ հեշտ է համարել, որ քեզանից ոչինչ կախված չէ: Այն, որ բազմաթիվ հատուկ ծառայություններ կան, որոնք ձգտում են շատ բաների վրա ազդել, անշուշտ, բոլորին է հայտնի: Բայց համարել, թե դրանք վճռորոշ դեր են խաղում պատմական իրադարձություններում, պարզապես ծիծաղելի է:
Որքանո՞վ էր ԽՍՀՄ փլուզումը պայմանավորված ներքին պատճառներով, և որքանով էր
դա արտաքին ուժերի գործունեության արգասիք: Այս հարցը հուզում է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև նախկին Միության ողջ բնակչությանը: Այդ մասին բազմաթիվ հոդվածներ են հրապարակվել, բազմաթիվ վարկածներ, քիչ չեն նաև ճիշտ դատողությունները: Ելնելով պատմական օրինաչափություններից, կարելի է վստահաբար ասել, որ ԽՍՀՄ-ի նման կայսրությունը,բնակեցված բազմաթիվ ժողովուրդներով, յուրաքանչյուրն՝ իր հայրենիքով, իր բնակության տարածքով, որոնցից շատերը ժամանակին իրենց պետականությունն են ունեցել, վաղ թե ուշ պիտի փլուզվեր:
Պատմությունը վկայում է, որ այդպիսի կայսրությունները սովորաբար
փլուզվում են զինված կոնֆլիկտների ժամանակ: ԽՍՀՄ-ի փլուզումն այդ տեսակետից բացառություն է, քանի որ այն տեղի ունեցավ խաղաղ ժամանակ և բավական «պատկառելի» ձևով՝ առանց արյունահեղությունների և խոշոր ցնցումների: Այսպես թե այնպես պատմական տեսակետից ամեն ինչ տրամաբանական է:
Այս ամենում մեծ դեր խաղաց տնտեսությունը: 70-ականներին սոցիալիստական
երկրներում կենսամակարդակի բարձրացման ընդհանուր հիմքի վրա՝ պայմանավորված նավթի գների բարձրացումով, նրանց տնտեսությունը սկսեց տեղապտույտ անել, և սոցիալիստական ճամբարի շատ երկրներ բարեփոխումներ արեցին:
Այն ժամանակ քննարկելով այս հարցը նեղ շրջաններում՝ մենք գալիս էինք այն եզրակացության, որ բարեփոխումներն անհրաժեշտ են, թեև հղի են ազգային մեծ բռնկումներով:
Փոփոխությունները այսպես թե այնպես մեծ ազատություն կբերեին, որը վաղ թե ուշ ջրի երես կհաներ ազգային հարցերը, որոնք ԽՍՀՄ-ում խորքերն էին քշված:
Եթե հետևենք փուլերին, ապա Ստալինի ժամանակ զուգահեռաբար ուժեղ տոտալիտար վարչակարգի հետ կար նաև գաղափարախոսություն, որը զսպում էր տասնյակ միլիոնավոր մարդկանց: Խրուշչովը մասամբ հրաժարվեց տոտալիտարիզմից, ավելի շատ ազատություն տվեց, բայց դարձյալ գաղափարախոսական խնդիրներ առաջ քաշեց, նպատակներ առաջադրեց հասարակությանը:
Բրեժնևի օրոք կենսամակարդակը բարձրացավ, բայց սկսվեց դիրեկտորների և փոքրիկ «խաների» ցինիկ կառավարումը: Արդյունքում այն որոշումները, ցուցումները, որ գալիս էին վերևից, չէին հասնում ներքևներին, յուրաքանչյուր «խան» իր ուզածն էր անում: Մեքենան սկսեց տեղապտույտ անել: Անդրոպովը փորձեց պետությունը նորից «ունիտար» դարձնել՝ խստացնելով կարգապահությունը, բայց չկարողացավ առաջադրել հասարակության համար ընդունելի գաղափարախոսության խնդիրներ:
Գորբաչովը, հրաժարվելով այդ ամենից, բռնեց բարեփոխումների ուղին: Ըստ իս, դա
անհրաժեշտության թելադրանքով էր, բայց ուղին սխալ էր հաշվարկված, այն բազմաթիվ խոցելի կողմեր ուներ: Այսուհանդերձ բարեփոխումներն սկսվեցին:
Գրեթե միաժամանակ Հայաստանում սկսվեց շարժումը՝ կապված Ղարաբաղի՝ մեր
ժողովրդին ամենից շատ հուզող հարցերից մեկի հետ: Այդ հարցի երևան գալը ես օրինաչափ եմ համարում, թեպետ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե սկզբնական շրջանում Մոսկվան էր խրախուսում: Թե դա ինչով էր պայմանավորված, ինձ համար մինչև օրս անհասկանալի է, բայց առաջին երեք պատվիրակությունները Մոսկվայից վերադարձան հուսադրված: Ղարաբաղի ժողովուրդը ոգեշնչվեց, մարդկանց թվաց, թե այդ նոր պայմաններում կարելի է խնդիրը լուծել:
Որքան էլ հիմա արտաքին սկզբնաղբյուրներ փնտրելու լինենք, բոլոր դեպքերում ղարաբաղյան հարցը ներսից էր և օրինաչափ բնույթ ուներ:
Հարկ է հիշատակել, որ ղարաբաղյան շարժման հետ, կամ նույնիսկ ավելի վաղ,
Հայաստանում մի այլ շարժում էր սկսվել՝ բնապահպանական: Ընդ որում, սկզբնական
շրջանում երկուսն էլ հավասարապես ձգում էին ժողովրդին, համենայն դեպս
բնապահպանական հանրահավաքները պակաս զանգվածային չէին: Բայց ղարաբաղյան շարժումը «հաղթեց»:
Ոմանք համարում են, թե դա ՊԱԿ-ն էր «դեմ տվել»: Չեմ ուզում խորանալ այնտեղ, ուր
ոչինչ հստակ հնարավոր չէ իմանալ, բայց, ըստ իս, դա բնական էր, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի մտածելակերպը: Նա մի երազանք է ունեցել, որի շնորհիվ, դարեր շարունակ չունենալով պետականություն, պահպանվել է որպես ազգ և գործել թե՛ հայրենիքում, թե՛ բնօրրանից դուրս:
Այդ երազանքը կոչվում է Հայ դատ, որը ես և՛ նեղ իմաստով եմ հասկանում,
և՛ համընդհանուր: Նեղ ըմբռնումը կապված է Օսմանյան կայսրությունում հայերի
ցեղասպանության հետ, երբ մեր նախապապերին վտարեցին իրենց տարածքներից, շատերին պարզապես բնաջնջեցին, իսկ մյուսները ցրվեցին աշխարհով մեկ: Բնական է, ժողովրդի մեջ պատմական արդարության պահանջ, կորցրածը վերադարձնելու և անգամ վրիժառության անհրաժեշտություն առաջացավ: Այդ զգացմունքները, ինչպես բաց վերք, մշտապես ապրում էին ժողովրդի հոգում: Միաժամանկ հայերի մեջ միշտ եղել է պետականության և Հայրենիքի երբեմնի հզորության վերականգնման, իբրև համաշխարհային ուժեղ ազգ պատմական թատերաբեմ վերադառնալու երազանքը: Հենց այդպես եմ ես ընկալում Հայ դատի համընդհանուր իմաստը, որը ավելի լավ է՝ անվանենք «հայկական երազանք»:
Վերադարձը պատմական ասպարեզ միշտ կապվել է անկախ պետություն ստեղծելու,
ինչպես նաև կորցրած հողերը վերադարձնելու հետ: Սակայն եթե անցյալ դարերում
համաշխարհային ազգի լինելությունը, հզորությունը հիմնականում պայմանավորված էին տարածքների մեծությամբ և ռազմական ուժով, ապա XXդ. վերջում, պետությունների ու ժողովուրդների մրցակցությամբ, չնվազեցնելով այդ գործոնների նշանակությունը, սկսեցին ավելի շատ կարևորվել նոր գործոններ: Մրցակցությունը տնտեսության, գիտության, նոր տեխնոլոգիաների, մշակույթի, նոր գաղափարների, բնապահպանության ոլորտներում, և այդ ամենի հիման վրա ռազմական մրցակցությանը եկավ փոխարինելու քաղաքական ազդեցության ընդլայնումը աշխարհում: Եվ առաջին դիրքեր մղվելու խնդրում որոշիչ դեր է խաղում պետության ողջ բնակչության, ժողովրդի ներգրավման աստիճանը այդ գործընթացում, ոչ թե անդադար զոհաբերությունների պահանջը մարդկանցից, այլ ընդհակառակը, առաջխաղացման ամեն մի քայլով ժողովրդի բարգավաճմանը նպաստել: Կարևոր է նաև, թե որքանով է արդար կառուցված այդ հասարակությունը, որքանով է այն ազատ,որքանով են մրցակցության պտուղները արդար բաշխվում հասարակությունում՝ չնվազեցնելով շուկայական, մրցակցային տնտեսության արդյունավետությունը:
Ի դեպ, դա նույնպես խորհրդային կայսրության փլուզման հիմնական պատճառներից մեկն էր և երաշխիքն այն բանի, որ եթե Ռուսաստանն ուզում է համաշխարհային պետություն լինել, ապա այն քաղաքական ուժերը, որոնք մարտնչում են կայսրության վերականգնման համար, դատապարտված են ձախողման:
Եթե վերադառնանք մեր խոսակցության թեմային, ապա Ղարաբաղի հարցը հստակ
արտահայտում էր և՛ պատմական արդարության վերականգնման, և՛ հայկական երազանքն իրականացնելու, և՛ Ղարաբաղի ժողովրդի ազատության հարցերը:
Ղարաբաղյան շարժումը բնավ ԽՍՀՄ-ը փլուզելու նպատակ չէր հետապնդել, թեև նման
գործընթացների հնարավորությունը, անգամ անխուսափելիությունը հաշվի էր առնվում:
Արտաքուստ շարժման գործիչները զգացմունքային մարդիկ էին թվում, որոնք գործադուլներ էին կազմակերպում, զինվում էին, մասնակցում ինչ-որ ընդհարումների. թվում էր, թե ամեն ինչ քաոսային է, առանց ներքին պլանավորման: Իրականում «Ղարաբաղ» կոմիտեի գործողությունները բավականին պրագմատիկ էին, և ամբողջ շարժումը՝ քաղաքական առումով, մինչև իշխանության անցնելը կարելի է պայմանականորեն չորս փուլի բաժանել:
Առաջինը բավականին կարճատև էր, երբ ղարաբաղյան խնդիրը բնականոն ու լուծելի էր համարվում, քանզի լինելով ազատության և արդարության հարց, թեկուզև ձևականորեն, տեղավորվում էր Գորբաչովի հռչակած հասարակության վերակառուցման շրջանակներում:
Միաժամանակ հարցը բարձրացրած մարդիկ փորձում էին բացատրել Մոսկվային, որ դրա լուծումը ձեռնտու է ռուսաստանյան շահերի տեսակետից, քանի որ Հայաստանը՝ որպես քրիստոնեական երկիր, Ռուսաստանի հետ վաղեմի պատմական կապեր ու տարածաշրջանում ընդհանուր հետաքրքրություններ ունենալով, նրա հենարանն է Անդրկովկասում: Բայց այն ժամանակ ունիտար պետությունում դա «չէր գործում» և չէր էլ կարող գործել:
Երբ պարզ դարձավ, որ Մոսկվան մտադիր չէ լուծելու ղարաբաղյան հարցը, սկսվեց
երկրորդ փուլը: Պահանջներ առաջադրվեցին և փորձեր արվեցին, կենտրոնի վրա ճնշում գործադրելով, հարկադրել խնդիրը լուծել: Ձգտում կար Գորբաչովին ընտրության առջև կանգնեցնել` կամ ուժ գործադրել և այդպիսով կորցնել Արևմուտքում շահած բարենորոգչի ու ժողովրդավարի միավորները, կամ լուծել խնդիրը: Սակայն այդ փուլում պարզ դարձավ, որ Մոսկվան չի ցանկանում նախադեպ ստեղծել, որից ծայր կառնի համանման խնդիրների մի ամբողջ շղթա:
Երրորդ փուլը պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ Մոսկվան վախենում է
նախադեպ ստեղծել: Հարկ էր ցույց տալ նրան, որ ղարաբաղյան խնդրի լուծումը ձգձգվելու դեպքում մենք այնպիսի կուրս կվարենք, որն ավելի մեծ վտանգ կներկայացնի Կենտրոնի համար, քան խնդրի դրական լուծմամ դեպքում ստեղծված նախադեպի վտանգն է: Մենք բռնեցինք Հայաստանի անկախության ուղին, սկսեցինք «ճոճել նավակը»՝ օրինակ ծառայելով այլ ազգային շարժումների, մասնավորապես բալթյան երկրների համար, կապեր հաստատեցինք այդ շարժումների հետ՝ խթանելով կենտրոնախույս միտումները: Կենտրոնը պետք է որոշեր՝ այդ երկու սպառնալիքներից որն է ավելի վտանգավոր:Ես կարծում եմ, որ նրանք չկարողացան ժամանակին գնահատել երկրորդ վտանգը: Երրորդ փուլն ավարտվեց Երևան զորքեր մտցնելով և «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ձերբակալությամբ:
Չորրորդ փուլը դաշնակիցների որոնումը դարձավ: Այդպիսիք մեզ համար կարող էին
լինել ժողովրդավարական շարժումները սոցիալիստական ճամբարում և ազատական ժողովրդավարական ուժերը Արևմուտքում: Այն, ինչ արվում էր ժողովրդավարացման և ազատականացման ուղղությամբ, ինքնին կարևոր խնդիր էր, բայց դաշնակիցների որոնումն անհրաժեշտ էր և ոչ պակաս կարևոր:
Ցավոք, կոմիտեի որոշ անդամներ, ինչպես և Լևոն Տեր-Պետրոսյանը, այդպես էլ մնացին չորրորդ փուլում՝ մոռանալով վերջնական նպատակը՝ հայկական երազանքի իրականացումը:
Դա շահավետ էր. խրախուսվելով որոշակի ուժերի կողմից՝ դու հայտնի ես դառնում
աշխարհում, համարվում ես ընդդեմ կայսրության, հանուն ժողովրդավարության պայքարի մարտիկ:
Այս չորս փուլերի նկարագրությունն, անշուշտ, ներկայացվեց խիստ ընդհանուր գծերով և բնավ չի կարող ղարաբաղյան շարժման պատմություն լինել. այն բացառիկ խոր էր,
զարմանալիորեն հարուստ իրադարձություններով ու հարյուր հազարավոր մարդկանց
ստեղծագործությամբ: Տեսադաշտից, մասնավորապես, դուրս մնացին ռազմական ընդհարումների, զինված ջոկատների ստեղծման հիմնարար հարցերը: Ուզում եմ նշել միայն, որ դեռ 1988թ., երբ կանխատեսվում էր, որ հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանը կարող է հասնել խոշոր ռազմական գործողությունների, ես հանձնարարեցի փորձագետներին վերլուծել զինված հակամարտության իրավիճակը և հնարավոր արդյունքները:
Եզրակացությունները մխիթարական չէին: Ուստի շուտափույթ ինքնապաշտպանության ջոկատներ ստեղծելով՝ մենք միաժամանակ անում էինք ամեն ինչ, որպեսզի խուսափենք ռազմական գործողություններից, հարցը լուծենք քաղաքական ճանապարհով: Բայց դեպքերի տրամաբանությունը, ինչպես և պետք էր սպասել, հանգեցրին նրան, որ պատերազմը մեզ պարտադրվեց, և ինչպես միշտ, պարզվեց, որ փորձագետները սխալվում են՝ թերագնահատելով մեր ժողովրդին: Մենք հաղթեցինք:
Այդ փուլերից ո՞րն ինձ համար բեկումնային դարձավ ղարաբաղյանից առավել գլոբալ հարցերի անցնելու տեսակետից:
Սկսած 20 տարեկանից, երբ սկսել եմ քաղաքականությամբ զբաղվել, ինձ համար որոշիչ գործոն է եղել Հայ դատի գլոբալ նշանակությունը, մասնավորապես անկախ
ժողովրդավարական պետության ստեղծումը, Ղարաբաղի հարցի լուծումը: Բացի դրանից, ես երբեք խնդիր չեմ դրել աշխարհի բոլոր հայերին հավաքել Հայաստանում, ընդհակառակը, համոզված եմ, որ նրանք պետք է լինեն աշխարհի տարբեր կառույցներում և այլ ազգերի հետ մրցակցելով՝ դուրս գան առաջավոր դիրքեր:
Ուստի ինձ համար երբեք մեկից մյուսին անցնելու խնդիր չի եղել. այդ բոլոր խնդիրները ես ընկալել եմ ընդհանուր համալիրով:
Երբ մենք սկսեցինք «նավակը ճոճել»` սպառնացող վտանգ ստեղծելով իշխանությունների համար, կտրուկ առաջ եկավ անկախության հարցը: Մի կողմ թողնենք այն, որ ես դա համարում էի ազգային գլխավոր նպատակներից մեկը: Կենտրոնում այն կարծիքին չէին, որ մեր շարժումը անկախ պետություն ստեղծելու լուրջ մտադրություններ ունի, դա համարում էին դատարկ սպառնալիք: Այնտեղ որոշակի գիտեին մեր ժողովրդի մեծ մասի կարծիքը, թե մեր շրջապատով ԽՍՀՄ կազմում լինելը մեզ պարզապես ֆիզիկական անվտանգություն է ապահովում: Որպեսզի ուժեղացնեինք ճնշումը Մոսկվայի վրա, հարկ էր ցույց տալ, որ մենք կգնանք դրան: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարց առաջացավ: Բայց ժողովրդի մեծ մասի համար դա անհասկանալի էր, քանի որ մտածելակերպի հետ մեկտեղ կար նաև վախի զգացում: Շարժման թեքումը դեպի անկախություն և մանավանդ Թուրքիայի հետ կապերի միտումը որոշակի ներքին տարաձայնություններ առաջացրին կոմիտեի և մտավորականության մի հատվածի միջև, որոնք և հետա-գայում զգացնել տվեցին: Այն ժամանակ դա պրագմատիկ մոտեցում էր, բայց համազգային տեսանկյունից ոչ այնքան հասկանալի:
Դա հայկական երազանքի իրականացման որոշակի փուլի և Հայ դատի հակասության շրջան էր: Ես այնքան էլ համաձայն չեմ, որ Հայաստանում երբևէ լուրջ հակառուսական
տրամադրություններ են եղել: Մյուս հանրապետությունների գործընթացների հետ
համեմատությունը ցույց է տալիս, որ հակառուսական տրամադրությունները մեզանում նվազագույնն էին, համեմատեք Մերձբալթիկայի կամ Վրաստանի հետ: Եվ եթե ասում ենք, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, որ հայ երեխաները պետք է հայկական դպրոցում սովորեն, ապա դա միանգամայն բնական ու օրնաչափ է: Ես հիմա էլ եմ այդպես մտածում, սակայն դրա մեջ ոչ մի հակառուսական բան չկա, ինչպես որ հակառուսական ոչինչ չկա անկախ պետություն ստեղծելու ձգտման մեջ: Թեև չի կարելի չխոստովանել, որ ռուսատյացության որոշ տարրեր Հայաստանում այնուամենայնիվ եղել են, սակայն շարժումն ինքնին երբեք հակառուսական ուղղվածություն չի ունեցել, այլ հարց է, որ այն ուղղված է եղել Կենտրոնի դեմ: Չի կարելի դրանք շփոթել:
Կարելի է հիշել «Գնացքից թռչելու ժամանակն է» հայտնի հոդվածաշարը, որը որոշակի մի փուլում ծրագրային էր շարժման համար: Ցավոք, շատերը միայն վերնագրով են դատում՝ չխորանալով բովանդակության մեջ: Հոդվածում իրադարձությունների հնարավոր տարբերակների վերլուծությունը հանգեցրել է այն եզրակացության, որ անկախ և ժողովրդավարական Հայաստանի ու Ռուսաստանի լինելության անխուսափելիությունը կարող է հանգեցնել շահերի համընկմանը ընդհուպ մինչև ռուսական ռազմական բազաների տեղադրումը Հայաստանի տարածքում:
Ինչ վերաբերում է շարժման որոշակի հակակոմունիստական ուղղվածությանը, ապա
բնական է, շարժման նպատակները հակասում էին կոմունիստական գաղափարախոսությանը:
Սակայն այն շրջանում, երբ Կենտրոնը զանգվածային հարձակում սկսեց շարժման դեմ, և հասկանալի էր, որ կոմունիզմը՝ որպես գաղափարախոսություն և ինքը՝ կուսակցությունը, հեռանում են պատմության ասպարեզից. ես կողմնակից չէի հակակոմունիզմի ճանապարհով հասարակությունում առճակատման խորացմանը: Ընդհակառակը, ազգային խնդիրների լուծումը ազգային միասնություն էր պահանջում, և կոմունիզմի դեմ պայքարը՝ որպես գաղափարախոսություն և հասարակությունը կազմակերպող ուժ, չէր կարելի վերածել պայքարի այն մարդկանց դեմ, ովքեր կոմկուսի անդամ էին, որոնց մեծ մասը, ի դեպ, չէր կրում այն գաղափարախոսությունը, որը բռնի պարտադրված էր մեր ժողովրդին դրսից: Հատկապես հասարակության արհեստական պառակտումից խուսափելու ձգտումը, ինչպես նաև տնտեսական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը հանգեցրին հայտնի և միարժեք չընկալվող այն հայտարարությանը, թե «մենք կուլակաթափությամբ չենք զբաղվելու»: Դա բոլոր մեղքերի թողության գիր չէր, ավելի շուտ՝ ապագան անցյալին չզոհաբերելու ցանկություն: Իսկ մեղքերով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ իրավապահ կառույցները: Հարցի մյուս կողմն էլ կա: «Ղարաբաղ» կոմիտեի ազդեցությունը ժողովրդի վրա, անշուշտ, մեծ էր: Բայց թերևս ավելի մեծ էր Կենտրոնական հեռուստատեսության ազդեցությունը, որն այն ժամանակ հակակոմունիզմ էր քարոզում, կոսմոպոլիտական ժողովրդավարություն և ազատականություն:
Հիշենք այն ժամանակվա տրամադրությունները հատկապես լյումպենացված զանգվածներում. պայքարել կոմունիստների դեմ, բնաջնջել նրանց, բռնագրավել ունեցվածքը և այլն: Ինձ մասամբ հաջողվեց մեղմել այդ հարվածը, բայց վերջին հաշվով «հեղափոխական» տրամադրությունները հաղթեցին, իմ դուրս գալուց հետո տնտեսական բարեփոխումները արգելակվեցին, մենք թանկագին ժամանակ կորցրինք, իսկ հիմա փորձում ենք վերստին կենդանացնել այդ գործընթացը, բայց ավելի անբարենպաստ պայմաններում:
Ոմանք պնդում են, որ հատկապես իմ վարչապետ եղած ժամանակ սկսեցին ձևավորվել մաֆիոզ կառույցները: Ես կտրականապես մերժում եմ այդ պնդումը:
Հասարակությունը միշտ էլ «հեղափոխություններից» արագ և շոշափելի արդյունքներ է սպասում՝ հաշվի չառնելով, որ մարդիկ և կառույցները սկզբնական շրջանում նույնն են մնում:
Կոռուպցիան և մաֆիոզ կառույցները գոյություն են ունեցել և 70-80-ական թթ.: Երբ մենք իշխանության եկանք, անհապաղ մասնավոր սեփականության անցնելու խնդիր առաջացավ:
Ես հանձնարարել էի Հր. Բագրատյանին (այն ժամանակ էկոնոմիկայի նախարարն էր) երեք ցուցակ կազմել:
Առաջին՝ այն ձեռնարկությունները, որոնք ռազմավարական նշանակություն ունեն
Հայաստանի համար, ենթակա չեն սեփականաշնորհման և կառավարվում են պետության կողմից, ընդ որում՝ բավականին խիստ մեթոդներով: Երկրորդ ցուցակում այն խոշոր գործարաններն էին, որոնք առանձին նշանակություն և հետաքրքրություն չէին ներկայացնում:
Հարկ էր դրանք մասնատել մի շարք մանր ձեռնարկությունների և յուրաքանչյուրը
սեփականաշնորհել: Երրորդում մանր ձեռնարկություններն էին, որոնք սկզբից ևեթ պետք է սեփականաշնորհվեին:
Կոռուպցիայի դեմ պայքարը հաջողությամբ է պսակվում այն դեպքում, երբ պետությունը որքան հնարավոր է անմիջականորեն քիչ գործառույթներ է ունենում տնտեսության կառավարման մեջ, թեև դա էլ բավարար չէ, եթե հասարակությունն իր առջև բարոյական վեհ նպատակներ չի դնում, որոնց հիման վրա էլ կատարվում է արժեքների գնահատում հասարակության շրջանում: Բայց ինչու՞ այն ժամանակ չիրականացվեց սեփականաշնորհումը: Պատասխանն ինքնըստինքյան պարզ է. դրանից կօգտվեր նախ ամբողջ ժողովուրդը, երկրորդ՝ վերակառուցման ժամանակ առաջացած կոոպերատորների դասը, և երրորդ՝ կոմունիստական նոմենկլատուրան, որը միջոցներ ուներ: Այս դասերը հետագայում ջախջախվեցին, կուլակաթափվեցին, նրանց փոխարեն նոր շերտ ստեղծվեց, որն այսօր արդեն հարստացել է ժողովրդի հաշվին: Այ, հիմա նրանք արդեն կարող են սեփականաշնորհում անցկացնել՝ սեփականությունը տալ այդ նոր դասին:
Սեփականաշնորհումը հնարավորինս արագ կատարելու իմ ցանկության պատճառներից մեկը Միության բաժանման ժամանակ Հայաստանի համար «յուղոտ պատառներ» ձեռք գցելու հնարավորությունն էր, քանի որ արդեն ունեինք պատրաստի մասնավոր կառույցներ, որոնց թիկունքում կանգնած էր պետությունը: Ցավոք սրտի, ես այն ժամանակ չհասցրեցի այդ անել:
Արագ սեփականաշնորհման անհրաժեշտության երկրորդ պատճառը հետևյալն էր:
Տնտեսական բարեփոխումներն անհրաժեշտ էր անցկացնել այն ժամանակ, երբ ժողովուրդը համեմատաբար բարվոք սոցիալական վիճակում էր: Բայց ակնհայտ էր, որ ժամանակի ընթացքում Միության և ընդհանուր տնտեսության միաժամանակյա փլուզման հետ տեղի կունենա նաև ժողովրդի լայն զանգվածների աղքատացում:
Կարող է հարց առաջանալ, թե մեր ինչին են պետք սեփականաշնորհումը,
ազատականացումը, անցումը շուկային: Ապրում էինք էլի: Դա, ինչպես և այդ ծրագրերի իրականացման ուղիները, առանձին խոսակցության նյութ են: Ասեմ միայն, որ շուկայական, ավելի ճիշտ, մրցակցային տնտեսությունը ավելի արդյունավետ է, քան պլանայինը:
Ընդգծում եմ՝ շուկայական տնտեսության արդյունավետությունը մրցակցության մեջ է: Իսկ Հայաստանում այսօր պարադոքսալ մոդել է ստեղծվում՝ շուկա առանց մրցակցության: Ուզում եմ նշել, որ տնտեսության ազատականացման այն մոդելը, որ առաջարկում են մեզ Արևմուտքի որոշ շրջանակներ, հնարավոր է՝ բարի մտադրություններով, հաշվի չեն առնում ո՛չ տեխնիկապես զարգացած ձեռնարկությունների գոյության փաստը երկրում, ո՛չ բարձր որակավորում ունեցող հարյուր հազարավոր մասնագետներին, ո՛չ մեր ժողովրդի մտածելակերպը, ո՛չ էլ նրա բնական հավակնությունները: Այդ նախագծերի իրականացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում 1,5 մլն մարդ կմնա, որոնք հիմնականում կզբաղվեն մանր առևտրով, արհեստներով, լոլիկ աճեցնելով ու կոշիկ կարելով:
Ի դեպ, երբ ես վարչապետ էի, կողմնակից էի արագ տնտեսական բարեփոխումների, բայց Միությունից՝ դանդաղ դուրս գալուն: Որքան երկարեին այդ գործընթացները, այնքան Հայաստանը կշահեր: Միությունից Հայաստանի դուրս գալու լավագույն տարբերակի մասին ավելի հանգամանալից կարելի է կարդալ վերոհիշյալ «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածաշարում: Բայց, ինչպես ասում են, մարդը ծրագրում է, Աստված՝ որոշում: Միության փլուզման խնդրում վերջնական, վճռական դեր խաղաց, իհարկե, պուտչը: Որպեսզի գնահատենք և՛ շարժումը, և՛ նրա արդյունքները, արժե վերլուծել նաև շարժման մասնակիցների դրդապատճառները: Ոմանց համար դա պայքար էր Ղարաբաղի համար, պայքար հայկական երազանքի համար: Այդ մարդկանց մեծ մասն ընդգրկվել էր ֆիդայական ջոկատներում, այնուհետև տեղափոխվել բանակի կառույցները: Նրանցից շատերը զոհվեցին ռազմաճակատում, ողջ մնացածերը աստիճանաբար հեռանում են իշխանություններից՝ հիասթափվելով այն ամենից, ինչ կատարվում է հիմա:
Ոմանց համար դա պայքար էր հանուն արդար, բարգավաճող հասարակության: Նրանք բոլորն արդեն հիասթափվել են, մի կողմ են քաշվել, շատերը հեռացել են հայրենիքից:
Շատերի համար, որոնք կոմունիստական հասարակական կյանքում հաջողության չէին հասել, հիմնականում իրենց անկարողության պատճառով, շարժումը փոխհատուցման հավանականություն էր: Նրանց առաջ էին մղում վրեժի ծարավը նախկին հասարակությունում անձնական հաջողության հասած մարդկանց նկատմամբ և նորում ինչ-որ բանի հասնելու իղձը: Նրանց մեծ մասը հիմա վատթար վիճակում է, քան նախորդ հասարակությունում, շատ քչերն են հաջողության հասել: Ոմանց թույլ է տրվել օգտվելու կերակրամանից, և նրանք, լինելով այսօրվա վարչակարգի թվացյալ հենարաններից մեկը, կկրծեն յուրաքանչյուրի կոկորդը, ով հետամուտ է փոփոխությունների, հետամուտ արդարության:
Ոմանց համար շարժումը ասպարեզ էր անձնական պատվախնդրությանը հագուրդ տալու, անձնական հաջողությունների հասնելու համար՝ երբեմն նույնիսկ ռիսկի ենթարկելով այն ամենը, ինչ արդեն ունեին հասարակությունում: Նրանք հաղթեցին, և նրանց միացան մարդիկ, որոնք ընդհանուր ոչինչ չունեին շարժման հետ, մարդիկ, որոնք յուրաքանչյուր հասարակությունում կձգտեն միայն անձնական շահի և կիպ կկպչեն յուրաքանչյուր իշխանության: Եվ նրանք հիմա այժմյան վարչակարգի հիմնական հենարանն են:
Երբ մենք իշխանության եկանք, ես մնացի մեն-մենակ մի կողմից՝ ոչ ռեալ, արագ, արդար փոփոխություններ պահանջող հասարակության հետ, մյուս կողմից՝ բոլոր լծակները ձեռքն առնելու տենչանքով լի և բոլոր սողանցքները մտնելու ձգտող «տղերքի» թավալվող ալիքի հետ:
Ես փորձում էի հակազդել դրան: Տեր-Պետրոսյանը, Արարքցյանը և Սիրադեղյանը հմտորեն օգտվում էին դրանից և ալիքը փոխարկեցին վիթխարի բաբանի՝ ուղղելով իմ դեմ, վարպետորեն օգտագործելով քարոզչական հնարքները, սուտն ու ճիշտը իրար խառնելով, իմ դեմ տրամադրելով շարժման մասնակիցներին:
Թեև սկզբունքորեն դեմ չէին ինձ պահպանելուն. այն աշխատանքը, որ ես էի անում, նրանք երբեք չէին անի: Բայց ես չէի ուզում մնալ և օգնել այն կուրսի անցկացմանը, որը, ըստ իս, չէր նպաստելու հայկական երազանքի իրականացմանը, առավել ևս, որ ի հակակշիռ դրան մեջտեղ բերվեց «սովորական» ժողովրդի դրույթը, որը նպատակազրկելով հասարակությանը՝ հնարավորություն չի տալիս գնահատելու կատարվածը՝ արդարացնելով ամեն անգործունեություն, ամեն չարաշահում (ամեն տեղ էլ այդպես է): Դրա համար էլ հեռացա:
Իսկ լռում էի, որովհետև անիմաստ էր որևէ բան բացատրել. ժողովուրդն ինքը պիտի ամեն բանում համոզվեր: Իմ խոսքերը կարող էին ընկալվել իբրև վիրավորված ինքնասիրության պտուղներ կամ չբավարարված հավակնությունների վրեժ:
Ի՞նչ ասել է «Տեր-Պետրոսյանը անցկացնում է Մանուկյանի կուրսը»: Կոմիտեի մի
նշանակալի հատվածը ձևավորված քաղաքական հայացքներ չուներ: Այո, նրանք շատ
սովորեցին ինձանից, շատ բան սովորեցինք՝ փորձով: Տեր-Պետրոսյանն, անշուշտ, բավական խելոք է, բայց ես չեմ տեսել, որ նա իր գործունեության մեջ ստեղծագործական ձիրք դրսևորեր, այն դեպքում, երբ շարժումը դինամիկ էր, այն զարգանում էր և շարունակ պահանջում էր ստեղծագործել: Եվ հիմա ասել, թե Տեր-Պետրոսյանը անում է այն, ինչ ես գուցե ասել եմ ինչ-որ փուլի ժամանակ, անհեթեթություն է:
Պատասխանատվություն զգու՞մ եմ ես կատարվածի համար: Այո: Բայց ինձ մեղավոր չեմ զգում: Դա չի նշանակում, որ ես սխալներ չեմ արել: Ինչպես ամեն մարդ, ես էլ սխալներ ունեցել եմ, բայց դրանք սկզբունքային կամ չարամիտ բնույթ չունեին, ուղղելի էին, և դրանց պատճառով չէ, որ հայտնվեցինք այս դեգրադացված հասարակության մեջ: Ինչ վերաբերում է մեղքի և պատասխանատվության տարբերությանը, ապա մի պարզ օրինակ բերեմ:
Ենթադրենք` ես ընկերներիս հետ որս եմ կազմակերպում, որի ժամանակ մեկը սպանում է մյուսին: Ես՝ որպես կազմակերպիչ, զգում եմ իմ պատասխանատվությունը, բայց ես ինձ մեղավոր չեմ համարում, քանի որ ինքս չեմ կրակել և չեմ նպաստել դրան:
Հիմա սովորույթ է դարձել ներկայիս բոլոր ձախորդությունների համար մեղադրել
«Ղարաբաղ» կոմիտեին: Պիտի նշեմ, որ այն բոլոր նպատակները, որ դրել էր իր առջև
շարժումը, հիմնարար բնույթ ունեին, համապատասխանում էին հայկական երազանքին, մեր ժողովրդի մտածելակերպին, համընկնում էին համաշխարհային քաղաքակրթության զարգացման ընդհանուր ուղղությանը, և շարժմանը մասնակցում էր ամբողջ ժողովուրդը: Ինչ վերաբերում է «Ղարաբաղ» կոմիտեի գործողություններին, իհարկե, սխալներ եղել են, բայց ես գտնում եմ, որ ժամանակին դա միակ քաղաքականապես գրագետ կազմակերպությունն էր հայկական իրականության մեջ, որի գործունեությունը ես՝ որպես կոմիտեի համակարգող,
աշխատել եմ խարսխել քաղաքական չորս կանխադրույթների վրա:
1. Հայկական երազանքը կարելի է իրականացնել՝ լինելով աշխարհում ընթացող
գործընթացների հունի մեջ:
2. Հարկավոր է ոչ թե արդարություն աղերսել այս աշխարհի հզորներից՝ խաղալիք
դառնալով նրանց ձեռքին, այլ պայքարել՝ հենվելով ժողովրդի ուժերի վրա: Դաշնակիցներ այդ պայքարում միշտ կարելի է գտնել, եթե լինենք աշխարհի գործընթացների հունի մեջ:
3. Երազանքն իրականացնելու համար պետք է վարել ոչ թե ռոմանտիկ, այլ պրագմատիկ քաղաքականություն՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհի իրողությունները:
4. Պրագմատիզմը պահանջում է գործել հնարավորի սահմաններում, բայց սահմանները մեծ մասամբ ոչ ոքի հայտնի չեն, ենթակա չեն հաշվարկման, և եթե բարդ խնդիր է լուծվում, մեծ մասամբ հարկադրաբար, ապա փորձի հիման վրա պետք է համարձակվել հասնելու այդ սահմանին: Հաճախ պարզվում է, որ ենթադրվող սահմանը կարելի է հեռացնել՝ այդպիսով ընդլայնելով հնարավորի տիրույթը (այդպես, քայլ առ քայլ մենք Ղարաբաղում ռազմական հաղթանակի հասանք): Բայց այդպիսի ճանապարհը՝ ենթադրվող հնարավորի սահմանները տեղաշարժող, քաղաքական գործիչներից մեծ վարպետություն և ինտուիցիա է պահանջում, ինչպես նաև վճռականություն, հավատ և փորձառություն: Հաշվարկված հնարավորին կարող է
հասնել ամեն մեկը:
Իշխանության գալով՝ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների մի մասը կորցրեց հոգու
երազանքը (եթե, իհարկե, ուներ), պրագմատիզմը ինքնանպատակ դարձավ և արտաքին քաղաքականությունից անցնելով ներքինին՝ շատ արագ վերածվեց կործանարար ցինիզմի, որը նեղացնելով հնարավորի տիրույթը և ավերելով շարժմանը արժանի երբեմնի մասնակիցների հոգիները, որոնք հայտնվել էին իշխանական կառույցներում, կարող է ի չիք դարձնել նույնիսկ այն նվաճումները, որոնց հասավ մեր ժողովուրդը: Քամահրական վերաբերմունք ու անվստահություն առաջացավ այն ժողովրդի ուժի հանդեպ, որը, փաստորեն, տարավ ամբողջ պայքարը նախորդ փուլում: Եվ միայն հայկական երազանքն իրականացնելու բաղձանքը չէ, այլ հատկապես պատասխանատվության զգացումն է ստիպում ինձ մնալ քաղաքական ասպարեզում, մտնել այն գործընթացների մեջ, որոնք թերևս այնքան էլ իմ սրտով չեն: Ես ուրախ կլինեի, եթե նոր մարդիկ հայտնվեին, բայց նրանք այդպես էլ չեկան: Հայաստանում գաղափարների պայքար չկա, գաղափարական միտքը չի զարգանում, չկան նոր գաղափարներ, և մեր ազգի առաքելության ու ապագայի վերլուծություններ չեն մշակվում, ինչպես դա կատարվում է, ասենք, Ռուսաստանում: Այնտեղ շատերն են զբաղված ոչ միայն իշխանության համար պայքարով, այլև նոր գաղափարների ձևավորմամբ համաշխարհային քաղաքակրթության ապագայի և դրանում Ռուսաստանի տեղի համար: Դա իմ մեջ նախանձի զգացում է առաջացնում, որովհետև Հայաստանում, ցավոք, ես դա չեմ տեսնում:
Իսկ աշխարհը փոխվում է, փոխվում արագորեն, և եթե մենք հրաժարվենք
ստեղծագործական մոտեցումից քաղաքականության և տնտեսության ոլորտներում, ապա նույնիսկ այն դեպքում, եթե փորձենք իբրև ուշիմ աշակերտ ըմբռնել այն, ինչ գրված է եվրոպական դպրոցական դասագրքերում, մենք, միևնույնն է, դարձյալ հետ ենք մնալու՝ կորցնելով մեր ապագան:
Կարելի՞ է արդյոք շտկել իրավիճակը, ստեղծել Հայաստանում քիչ թե շատ տանելի
սոցիալական և իրավական պայմաններ նրա բնակչության համար: Իհարկե, կարելի է: Հիշում եմ, երբ կորցրեցինք Շահումյանն ու Մարդակերտը, մեր նախագահն առաջարկեց գնալ նվաստացնող և Ղարաբաղի ժողովրդի շահերը անտեսող ցանկացած խաղաղության, քանի որ Ադրբեջանին հաղթել հնարավոր չէ, և դրան սրտի խորքում շատերն էին համաձայն: Մի կողմ թողնենք, որ դրանից նույնիսկ պրագմատիզմի հոտ չէր գալիս, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանի համար բանակցությունները պարզապես վարագույր էին, նա համոզված էր իր
անառարկելի ռազմական հաղթանակի հարցում: Բայց հաղթեցինք մենք: Այժմ պնդում են, թե ժողովրդի ներկայիս անօրինական վիճակը միմիայն օբյեկտիվ պատճառների հետևանք են:
Սուտ է: Այստեղ ևս կարելի է հաղթանակի հասնել, և դրա համար ինչ-որ «տնտեսական կախարդական պլանների» հարկ չկա: Մի քիչ խելք, պարկեշտություն և անձնուրաց նվիրում ժողովրդին: Հրաշք չի լինի, միանգամից բարգավաճող երկիր չենք դառնա, բայց եթե կենսամակարդակը բարձրանա, մարդկանց մեջ հավատ առաջանա վաղվա օրվա հանդեպ, վստահություն, որ արդար հասարակություն է կառուցվում, այդ դեպքում միայն հնարավոր կլինի խոսել առավել բարդ խնդիրների մասին, որոնց լուծման համար անհրաժեշտ է հարյուր հազարավոր մարդկանց ստեղծագործական հետաքրքրություն: Բայց դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մարդիկ համոզվեն, որ ջանքերը կնպաստեն իրենց և դրանով իսկ պետության բարգավաճմանը: Մի բանում ես համոզված եմ. համընդհանուր ազնիվ նպատակներ, համընդհանուր հավակնություններ չունեցող հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ մտահոգված է միայն իր սեփական իրավունքներով, իր սեփական
շահով, լինի դա սոցիալիստական թե իրավական ժողովրդավարական պետության
պայմաններում՝ շուկայական տնտեսությամբ, դատապարտված է գորշ, անիմաստ, թերևս տանելի, սակայն և ոչ վայելուչ ապրելակերպի՝ զուրկ երջանկության զգացումից: Զարգացող քաղաքակրթության մեջ միշտ առկա է, գուցե և թույլ, բայց հավատի ու ոգեշնչման մշտական ֆոնը, որը կտրուկ խտանում է պատմության բեկման պահերին, դրան ավելանում է նաև ի վերուստ թելադրված ինչ-որ մի միսիա կատարելու զգացումը: Այդ զգացումը բնորոշ է ստեղծագործող ամեն մի անհատի և ուժ է տալիս նրան անհնարինը հնարավոր դարձնելու:
Այդ ֆոնի կորստյան հետ սկսվում է հասարակության աստիճանական դեգրադացիա:
Բայց մենք մեծ բարձունքներ կհաղթահարենք, եթե հայկական երազանքը բուն դնի մեր ժողովրդի հոգու խորքում, դառնա մեր գոյության նպատակը: Եվ այդ դեպքում, ես համոզված եմ, որ մենք կրկին կվերականգնենք մեր հայրենիքի երբեմնի հզորությունը, կվերադառնանք պատմության ասպարեզ որպես համաշխարհային ազգ, կհամախմբենք ու կկազմակերպենք Սփյուռքը հանուն հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման՝ նպաստելով նրա հզորացմանն ու բարգավաճմանը, յուրաքանչյուր երկրի սփյուռքահայ համայնքին հնարավորություն ընձեռելով զբաղվելու այն խնդիրներով, որոնք բխում են տվյալ երկրի յուրահատուկ պայմաններից: Սփյուռքի խնդիրները յուրաքանչյուր երկրում կարող են տարբեր լինել, երբեմն հակասական, բայց բոլորը միասին պետք է լինեն Հայ դատի համընդհանուր ընթացքի մեջ:
Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ ղարաբաղյան հարցի դրական լուծումը ապագայի բանալին է: Մեր ժողովուրդը պետք է իր առջև խնդիր դնի առաջավոր դիրքեր գրավել ժողովուրդների ու պետությունների այն մրցակցությունում, որը տեղի է ունենում միջազգային ասպարեզում տնտեսության զարգացման, գիտության ու նոր տեխնոլոգիաների ստեղծման, մշակույթի ու բնության պահպանության, թույլ զարգացած երկրների օգնության ոլորտներում՝ ավելի ընդլայնելով իր քաղաքական ազդեցությունը աշխարհում և իր լուման ներդնելով համաշխարհային քաղաքակրթության զարգացման բնագավառում:
Այդ նպատակներին հասնելու համար պետք է ոչ թե հպարտ միայնության մեջ մնալ, այլ գործուն կերպով համագործակցել մյուս ազգերի ու պետությունների հետ՝ խմբեր
կազմակերպել ու մտնել դրանց մեջ: Մենք շատ հնարավորություններ ունենք, շատ
դաշնակիցներ այդ խնդիրները լուծելու համար:
Այդ ամենը իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է անկախ ժողովրդավարական,
իրավական պետություն՝ համաշխահային տնտեսության մեջ ներգրավվելու ունակ
մրցակցային տնտեսությամբ: Պետությունը պետք է սահմանափակի ուժեղների կամայականությունները, օգնի թույլերին, հավասար պայմաններ ստեղծի յուրաքանչյուրի բարգավաճման համար: Պետությունը չպետք թույլ տա մենիշխան, մաֆիոզ խմբավորումների ստեղծումը, որոնք սահմանափակում են շուկայական մեխանիզմների գործունեությունը, միաժամանակ նպաստի հարկադրաբար Հայաստանի տարածքում մենիշխան մնացած արտադրությունների մրցունակությանը՝ իր վրա վերցնելով բարձր տեխնիկական արտադրությունների ստեղծման հոգսը, եթե անգամ դրանք սկզբնական շրջանում շահութաբեր չեն, բայց անհրաժեշտ են ազգային նպատակների համար: Ոչ թե շուկան, այլ կառավարության նպատակաուղղված գործողությունները միայն կարող են մեր երկրի տնտեսությունը շահութաբեր հավասարակշռության ցածր կետից բարձրացնել շահութաբեր հավասարակշռության ավելի բարձր կետի:
Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մեր պետության յուրաքանչյուր բնակիչ ապրի
ազատ, հպարտ իր ազատությամբ, իր պատմությամբ, իր ազգային պատկանելությամբ, ապրի բարգավաճող, ազգային սովորություններով, ազգային ոգով ու բարոյականությամբ տոգորված հասարակությունում՝ հակազդելով ցինիկ պրագմատիզմի հզոր հոսանքին, այն «մշակույթի» հոսանքին, որի հիմքում մարդկային ամենցածր բնազդներն են ընկած, այն հոսանքին, որ ողողում է այսօր ամբողջ աշխարհը, որ հզոր է, բայց ձախողման դատապարտված:
Եվ ապրելով այդպիսի հասարակության մեջ՝ մարդ հպարտ կլինի ու երջանիկ՝ մեծ
գործերին մասնակից լինելու համար:
Սա ուտոպիա չէ, այլ մեր ջանքերին արժանի ու իրականանալի միակ ճանապարհը, մյուս բոլոր ճանապարհները տանում են գոյատևման փակուղի:
Վ. Մանուկյան
«Գոլոս Արմենիի», 1994, N145-147.