ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ

0
507

Պատմական ներկա ժամանակաշրջանում հայ ժողովուրդը անդամն է ժողովուրդների մի դաշնակցության, որը հռչակվել է որպես սուվերեն հանրապետությունների կամավոր միություն` հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Միության կենտրոնական իշխանությունը պարտավորված է իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ արտահայտել և պաշտպանել բազմազգ պետության բոլոր ազգերի և հանրապետությունների իրավունքները:

Ղարաբաղյան շարժումը, որն ունի իր նախապատմությունը և որին 1988-ի փետրվարից մասնակցում է ողջ հայ ժողովուրդը, գոյացել է Արցախի հայության ինքնորոշման բնական և արդար իրավունքի իրագործման նպատակով, իրավունք, որը ոտնահարվել է 1921 թվականին:

Նպատակ ունենալով Արցախի և Հայաստանի վերամիավորումը` Ղարաբաղյան շարժումը բնական եղանակով իր մեջ ընդգրկեց հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված բոլոր գլխավոր հարցերը, որոնք գուցե և առաջին հայացքից անմիջականորեն առնչված չթվան արցախյան խնդրին: Որևէ առանձին կենսական հարց լուծելու անհրաժեշտ պայմանը ժողովրդի զարթոնքն է, նրա ուժերի լիակատար համախմբումը: Ամեն խնդիր չէ, որ կարող է արթնացնել ժողովրդին, ազգը միավորել մի այնպիսի միասնական գաղափարի շուրջ, ինչպիսին հանդիսացավ Արցախի վերամիավորման հարցը: Զարթոնք ապրող ազգն արդեն սկսում է ավելի սուր զգալ նաև իր մյուս չլուծված խնդիրների ցավը, հասկանալ, որ այդ բոլոր խնդիրները կազմում են մեկ շղթա, և դրանցից յուրաքանչյուրի լուծումը պայման է ստեղծում առաջխաղացում կատարելու մյուս խնդիրների լուծման ուղղությամբ:

Շարժման ընթացքում առաջ քաշված խնդիրներից յուրաքանչյուրը սերտորեն կապված է մեր ժողովրդի գոյատևման հետ: Դրանց մի մասը առաջադրվել է դեռևս մինչև փետրվարյան օրերը, իսկ երբ շարժումն ստացավ հսկայական ծավալ և խորություն, այդ խնդիրները բնականորեն միահյուսվեցին Ղարաբաղյան շարժմանը: Վերջինս, աճելով, դուրս եկավ իր առջև դրված խնդրի լուծման շրջանակներից, բայց միշտ անշեղորեն պահպանեց հիմնական ուղղությունը` Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ, դառնալով իսկական համազգային շարժում` ինչպես ներգրավված մասնակիցների քանակով, այնպես էլ առաջ քաշված խնդիրների բազմազանությամբ:
Շարժման շրջանակների լայնացումը, նրանում նորանոր խնդիրների ընդգրկումը, ինչպես և բազմաթիվ մարդկանց գործուն մասնակցություն ունենալու պատրաստակամությունը մեզ բերել են այն համոզման, որ անհրաժեշտ է շարժմանը տալ կազմակերպական ավելի հստակ ձև: Այդ նպատակով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ձեռնարկում է Հայոց համազգային շարժում կազմակերպության ստևծմանը, զուգահեռաբար, մինչև Հայաստանի և Արցախի վերամիավորումը, պահպանելով նախկին` Ղարաբաղյան շարժում անունը:
Մինչ կառուցվածքային հարցերին անդրադառնալը, ձևակերպենք մեր շարժման սկզբունքները, որոնք բխում են հայ ժողովրդի պատմական փորձից և առավել խորությամբ գիտակցվեցին վերջին վեց ամիսների իրադարձությունների ընթացքում: ներկայացնենք նաև Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) նպատակները և դրանց իրականացման համար առաջարկվող գործելակերպը:

Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները

1.Անժխտելի է, որ հայերը, ինչպես և ամեն մի ազգ, լավագույն ձևով կարող են դրսևորել իրենց ընդունակությունները և նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը` ապրելով ազատ ժողովրդավարության պայմաններում.,առանց արտաքին ճնշման, ինքնուրույն որոշելով իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բնույթը:
Ակնհայտ է նաև,որ միայն այդպիսի պայմաններում է հնարավոր պահպանել յուրաքանչյուր անհատի ի ծնե տրված իրավունքները, որոնցից կարևորագույններն են`կյանքի ապահովությունը,անձնական ազատությունը և երջանկության ձգտումը:

2.Պետական կազմավորման Գերագույն իշխանությյունը ժողովրդի կամքն է`արտահայտված համաժողովրդական հանրաքվեներով կամ ազատ ընտրություններով ստեղծված ներկայացուցչական խորհրդարանի վճիռներով:Ժողովրդի կամքի նկատմամբ գործադրված ցանկացած բռնություն միջազգային նորմերով սահմանված նրա ինքնորոշման իրավունքի խախտում է:

3.Մեր ազգի գոյատևման կարևորագույն երաշխիքը հայոց լեզուն է.այն հաղորդակցման միջոց լինելուց բացի, մտածելակերպ է,մշակույթ և քաղաքականություն:

4. Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին:Ստրկամտության արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի` ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի:

5. Մենք մերժում են անբարոյական և մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը մի կողմից, իբրև «դիվանագիտություն», ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ և համաժողովրդական քծնանք այլ ժողովրդի նկատմամբ, մյուս կողմից` պահանջում է թշնամություն քարոզել մյուս ժողովուրդների կամ կրոնների դեմ:

6.Մեր շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ:Մեր սկբունքն է`խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ:Բայց մենք համոզված ենք,որ խաղաղությունը և համերաշխությունը ամուր են լինում միայն այն դեպքում,երբ հիմնվում են արդարության վրա,երբ չեն ոտնահարվում որևէ ժողովրդի իրավունքները:

7.Ներկայումս ժողովուրդների փոխհարաբերություններում ազգային և պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում,քան կրոնական ընդհանրություններն ու
տարբերությունները:Սրբազան պատերազմների ժամանակաշրջանը վաղուց անցել է:
Կորցրել են իրենց քաղաքական ուժը նաև այն գաղափարախոսությունները,որոնց նպատակն է մեկ պետության մեջ միավորել միևնույն ծագումն ունեցող ժողովուրդներին (պանթուրքիզմ,արաբական միասնություն,պանիսլամիզմ և այլն),քանի որ այժմ միջպետական հարաբերություններում նկատելի է ոչ թե էթնիկական կամ կրոնական ընդհանրությունների, այլ տնտեսական,գաղափարախոսական և ռազմական շահերի գիտակցումը:

8.Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն, անշուշտ, կարևոր դեր են խաղում, բայց վտանգավոր է,երբ ժողովուրդն իր հաջողությունների և անհաջողությունների պատճառը միայն իրենցից դուրս է որոնում: Դա կազմալուծում է նրան և տանում ազգային ինքնավերացման:Անբարենպաստ պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող են ստիպել դիմելու նահանջի,բայց այն ազգերը, որոնք իրեց մեջ ապագայի նկատմամբ հավատ,բարոյական ու հոգեկան ուժ են պահպանում և դրանք դրսևորում վճռական պահերին,ոչ միայն ապահովում են իրենց ազգային գոյությունը,այլև հասնում են իրենց իղձերի իրականացմանը:

9.Մենք համերաշխ ենք բոլոր այն շարժումների հետ,որոնք հիմնված են ինքնորոշման,ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքների վրա:Մենք մերժում ենք ազգային խտրականության և ազգայնամոլության բոլոր դրսևորումները:

Հայոց համազգային շարժման մոտակա նպատակները

Մեր շարժման առաջնահերթ նպատակը եղել և մնում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը,որի իրականացումը սերտորեն կապված է հայ ժողովրդի մյուս չլուծված կենսական խնդիրների հետ:Այդ պատճառով Հայոց համազգային շարժումը, որպես մոտակա ծրագիր,հրատապ է համարում նաև հետևյալ նպատակների իրագործումը,որոնցից ամեն մեկն առանձին վերցրած կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի գոյատևման և նրա դարավոր իղձերի իրականացման համար:

1. Ընդլայնել մեր հանրապետության սուվերենությունը, իրականացնելով հետևյալ անհրաժշետ միջոցառումները.
– Տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման միջոցով ապահովել հանրապետության տնտեսական ինքնուրույնությունը.
– վերականգնել հայկական ազգային զորամիավորումները.
– Հիմնվելով ՍՍՀՄ Սահմանադրության 30-րդ հոդվածի վրա,դիվանագիտական կապեր հաստատել և հյուպատոսություններ փոխանակել այն երկրների հետ,որտեղ կան սփյուռքահայության խոշոր կենտրոններ:

2.Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանն ու խորացմանը մեր երկրում`ելնելով ժողովրդի շահերից և գիտակցելով,որ միայն ժողովրդավարության պայմաններում է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք դրված են Հայոց համազգային շարժման առջև:

3. Խստորեն կիրառել Հայկական ՍՍՀ Սահմանադրության` հանրապետության պետական լեզվին վերաբերող 72-րդ հոդվածը:Այդ նպատակով մշակել և ընդունել հայոց լեզվի պաշտպանությանն ուղղված օրենսդրական ակտերի համակարգ:

4. Հասնել այն բանին, որ Հայկական ՍՍՀ-ում բոլոր հայ երեխաները կրթություն ստանան մայրենի լեզվով, ձգտելով այդ հնարավորությունն ստեղծել նաև հանրապետությունից դուրս բնակվող հայության համար:

5. Անհաշտ պայքար ծավալել Հայաստանի բնության պահպանության և կենսոլորտի մաքրության ապահովման ուղղությամբ, գիտակցելով, որ հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ծանր վիճակը ոչ միայն սպառնում է ներկա սերնդի առողջությանը, այլև կարող է հանգեցնել հաջորդ սերունդների մտավոր և ֆիզիկական անլիարժեքության: Առաջնահերթ խնդիր դարձնել մանավանդ հայկական ատոմակայանի և «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակումը:

6. Հասնել այն բանին, որ Հայկական ՍՍՀ և ՍՍՀՄ Գերագույն սովետներն ընդունեն 1915թ. հայերի ցեղասպանության փաստը և դիմեն Միացյալ ազգերի կազմակերպությանը`այդ փաստը ճանաչելու պահանջով:

7. Ապրիլի 24-ը Հայաստանում հայտարարել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր, այն համարելով ոչ աշխատանքային:

8.Մշտապես առաջ քաշել պատմականորեն Հայաստանի մաս կազմող,ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Հայկական ճանաչված տարածքների վերամիավորման պահանջը, գիտակցելով,որ այդ պահանջի իրականացումը հնարավոր է միայն այնպիսի ազգային քաղաքականության կիրառման շնորհիվ,որը հիմնված է մեր շարժման գաղափարական սկզբունքների վրա:

9. Վերանայել անցյալի հայ ազգային շարժումների և գործիչների քաղաքական գնահատականը:

10. Մայիսի 28-ը հայտարարել հայոց պետականության վերականգնման համազգային տոն, Հայկական Հանրապետության եռագույն դրոշն ընդունել որպես ազգային խորհրդանիշ:

11.Հայոց համազգային շարժման մեջ ընդգրկել համայն հայությանը:

12.Ապահովել հայոց եկեղեցու ազատ գործունեությունը, հավատացյալների պահանջով բացել նոր եկեղեցիներ, վերականգնել հայ ազգային-կրոնական տոներն ու սովորույթները:

13.Պայքար ծավալել Հայկական ՍՍՀ բնակավայրերի պատմական անվանումների վերականգնման ուղղությամբ:

Թվարկված նպատակները կարող են լրացվել շարժման մասնակիցների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա:

Հայոց համազգային շարժման գործելակերպը

Հայաստանի և Արցախի վերամիավորման համար հայ ժողոովուրդը հենց սկզբից ընտրեց պայքարի սահմանադրական ուղին:Հայոց համազգային շարժումը,ծնվելով Ղարաբաղյան շարժումից,բնականորեն պետք է որդեգրի պայքարի նույն սահմանադրական ուղին,որը մենք հասկանում ենք հետևյալ կերպ.

1.Լիովին օգտվել գործող սահմանադրությամբ քաղաքացիներին տրված իրավունքներից,այն է`ակտիվորեն մասնակցել պետական և հասարակական մարմինների բոլոր կարգի ընտրություններին,հասնելով այն բանին, որ այդ ընտրություններում արտահայտվի ժողովրդի իրական կամքը,հետ կանչել այդ կամքը չարտահայտող կամ արհամարհող դեպուտատներին, անհրաժեշտության դեպքում ժողովրդի ձայնը լսելի դարձնել միտինգների,ցույցերի և գործադուլների միջոցով:

2.Հասնել գործող սահմանադրության այն հոդվածների վերանայմանը,որոնք կաշկանդում են ժողովրդավարությունը և մտցնել նոր հոդվածներ,որոնք համապատասխանում են ժողովրդավարության սկզբունքներին:

3.Գործել օրինականության սահմաններում,դրա հետ մեկտեղ պայքար մղելով սահմանադրության ոգուն և ժողովրդի շահերին հակասող օրենքների և հրահանգների վերանայման ուղղությամբ:

4.Ազգային խնդիրների լուծմանը հասնելու նպատակով Հայոց համազգային շարժումը անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել ուրիշ ազգերի այն կազմակերպությունների հետ,որոնց գործելակերպը, քաղաքական սկզբունքները և նպատակները չեն հակասում մերին:

5.Ազգային ժողովրդավարական պայքարի ճանապարհին շարժումը պատրաստ է համագործակցել հանրապետության իշխանությունների հետ բոլոր այն դեպքերում,երբ վերջիններիս գործունեությունը համապատասխանի հայ ժողովրդի ազգային շահերին:

6. Բացի ցույցերից ու միտինգներից,ժողովրդական լայն զանգվածների հետ հաղորդակցվելու համար Հայոց Համազգային Շարժումը պետք է ունենա նաև իր գրավոր տեղեկատվական միջոցները`պարբերական հանդեսներ,փաստաթղթերի ժողովածուներ և այլն:

Հայոց համազգային շարժման կազմակերպչական ձևերը

Մենք կարծում ենք,որ ճիշտ չէ ժողովրդական շարժումը դնել մեկընդմիշտ որոշված կոշտ կաղապարի մեջ:Իր կառուցվածքով մեր կազմակերպությունը պետք է լինի մի կենդանի մարմին, որը կզարգանա և կփոփոխվի իր գործունեության ընթացքում`առաջադրվող խնդիրների լուծման տրամաբանությամբ: Դա յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա լիովին դրսևորել մեր ժողովրդին բնորոշ ձեռներեցություն և հնարագիտություն:
Ընդունելով շարժման սկզբունքները,նպատակները, գործելակերպը և դառնալով նրա անդամ,յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գործունեությանը իր մասնակցության կերպն ու չափը: Նշենք շարժման կառուցվածքի ստեղծման հիմնական ուղիները, դրան գործուն կերպով մասնակցելու հնարավոր ձևերը.

1.Հիմնարկ-ձեռնարկության աշխատակիցների ժողովում քննարկվում են Հայոց համազգային շարժման սկզբունքները,նպատակներն ու գործելակերպը,և դրանք ընդունող աշխատակիցները կազմում են մի խումբ`իրենց հայտարարելով շարժման խմբային անդամ:Այնուհետև ընտրում են խորհուրդ,որն այդ մասին տեղյակ է պահում կոմիտեի լիազոր ներկայացուցչին: Անհրաժեշտության կամ նպատակահարմարության դեպքում շարժման մասնակից հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, կոմիտեի գիտությամբ կարող են կազմել տարածքային կամ ճյուղային-մասնագիտական միություններ:

2.Արդեն գոյություն ունեցող կամ ստեղծվելիք հասարակական կազմակերպությունները,որոնք ընդունում են ՀՀՇ-ի ծրագիրը և ցանկանում են մասնակցել շարժմանը,որոշում են ընդունում այդ մասին և կապ հաստատում լիազորի հետ:

3.Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ շարժման մասնակից, ընդգրկվելով վերոհիշյալ կազմակերպության մեջ:

4.Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում,ինչպես նաև հանրապետությունից դուրս գտնվող հայաբնակ վայրերում նույն ձևով կարող են կազմավորվել ՀՀՇ խմբային անդամություններ և կազմակերպություններ,որոնք ստեղծում են իրենց խորհուրդները:Շրջանային կոմիտեների և կազմակերպությունների ներկայացուցիչներից,կոմիտեի մասնակցությամբ և օգնությամբ, կկազմվի առաջին համազգային խորհուրդը, որն ավելի մանրամասն կմշակի կազմակերպության ծրագիրն ու կառուցվածքը և կղեկավարի շարժումը:Մինչև համազգային խորհրդի ստեղծումը,կազմակերպության գործունեությունը կղեկավարի Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն:

Վազգեն Մանուկյան
Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե
«Ազատության» հրապարակ 1988 թ., օգոստոսի 19, Երևան

Հայոց համազգային շարժման ծրագիրը, որի հեղինակը Վազգեն Մանուկյանն է, առաջին անգամ հրապարակվեց 1988թ. օգոստոսի 19-ի հանրահավաքում: