Հանրահավաքներում ի՞նչ հրապարակային կոչեր է արել Վազգեն Մանուկյանը

0
352

Քննարկվող հոդվածը խորհրդային ժամանակներից է գալիս և հակասում է ժողովրդավարական սկզբունքներին

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Մինչ այդ կոմիտեն հայտարարել էր, որ Վազգեն Մանուկյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ս.թ. փետրվարի 12-ին, փետրվարի 20-ին եւ մարտի 9-ին Երեւան քաղաքում հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար (քրօր 301 հոդված):

Փորձենք դիտարկել այդ հանցագործության քրեաիրավական էությունը: Հանցագործության օբյեկտը համարվում է ՀՀ անվտանգությունը, սահմանադրական կառուցվածքը, քաղաքական համակարգը, տարածքային ամբողջականությունը, կարգավորվող հասարակական հարաբերությունները:

Հանցագործության օբյեկտիվ կողմը բնորոշվում է բռնությամբ, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը, քաղաքական համակարգը տապալելուն, տարածքային ամբողջականությունը փոփոխելուն, երկրի անվտանգությունը քայքայելուն, ինչպես նաեւ այդ նպատակով, զինված խմբավորումներ ստեղծելուն, զանգվածային անկարգություններ կազմակերպելուն, եւ այլն ուղղված կոչերը:

Հրապարակային կոչեր (քրօր 301 հոդված). Պետք է հասկանալ, բանավոր կամ գրավոր ձեւով, կամ տեխնիկական միջոցների, ընդհանուր հաղորդակցական, հեռուստահաղորդումների, ինտերնետային կապի, միջոցների օգտագործմամբ այլ արտահայտությունները, որն ուղղված է այլ անձանց եւ նպատակ է հետապնդում ազդելու նրանց գիտակցության վրա, եւ հակելու, որպեսզի կատարեն պետական իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը տապալելու եւ այլ արարքներ:

Կոչի պարտադիր պայմանը նրա հրապարակային բնույթն է, ինչն ուղղված է լինում մարդկանց, խմբին, եւ սովորաբար, դրանք արտահայտվում են հանրահավաքներում, եթերում, ցույցերում, եւ այլ հասարակական վայրերում: Հանցագործությունը համարվում է ավարտված՝ կոչը հրապարակելու պահից, իսկ եթե այն ուղեկցվում է զանգվածային անկարգություններ կատարելու, եւ այլն, ապա մեղավոր անձի արարքը որակվում է համակցությամբ՝ հրապարակային կոչեր եւ անկարգություններ:

Իսկ երբ հիշյալ հանցագործությունը կատարվում է օտարերկրյա պետության, օտարերկրյա կազմակերպության կամ նրանց ներկայացուցիչների հանձնարարությամբ, ապա արարքը որակվում է պետական դավաճանություն, օտարերկրյա պետությանն այլ օգնություն ցույց տալու ձեւով:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը կատարվում է միայն ուղղակի դիտավորության ձեւով, անձը գիտակցում է կոչի հրապարակայնությունը, եւ ուղղվածության բնույթը, երբ ցանկանում է գործելու այդ ձեւով: Հանցագործության սուբյեկտ կարող են լինել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, եւ արտերկրի քաղաքացիները, որոնց 16 տարին լրացել է: Ըստ դատական պրակտիկայի, ղեկավար պարզաբանումների, հիշյալ հանցագործությունների վերաբերյալ, քրեական գործեր քննելիս, պարտադիր ապացուցման ենթակա է, թե ինչու է կատարվել արարքը, այսինքն՝ շարժառիթը:

Բացի այդ, պահանջվում է քննությամբ հաշվի առնել մի կողմից հրապարակային շահերը (պետության անվտանգություն, սահմանադրական կարգի հիմքեր), մյուս կողմից՝ պաշտպանել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, խոսքի ազատությունը, կարծիքի արտահայտումը, կրոնի ազատությունը, խաղաղ, առանց զենքի հավաքներ, երթեր, ցույցեր, շրջափակումներ եւ այլ իրավունքները: Հանրահավաքներում ի՞նչ հրապարակային կոչեր է արել Վազգեն Մանուկյանը:

Քննչական կոմիտեն դեռեւս չի հրապարակել, թե ո՞ր կոչերն են մեղադրանքի հիմքերը: Սակայն տեղեկատվության միջոցների հրապարակումներից հայտնի է, որ փետրվարի 12-ին, փետրվարի 20-ին եւ մարտի 9-ին ինչ է ասել Վ. Մանուկյանը:

Օրինակ, «Հեղափոխությունները նախապատրաստվում են, իսկ ապստամբությունները՝ դժգոհ ժողովուրդը ինքն է ապստամբում: Ես իմ կողմից միշտ էլ կխրախուսեմ ապստամբություն ցանկացած միջոցով, որը ֆիզիկական միջոցների չի դիմում մարդկանց նկատմամբ, բայց նպաստում է, որ իշխանությունները հեռանան:

Ես կողմնակից եմ» (փետրվարի 12-ի կոչ): «2,5-3 տարի հետո մենք ունեցանք ողբերգություն, կորցրեցինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց եւ ռազմական բոլոր հաղթանակերը ոչնչացան: Պետությունն անկախ չէ, մեր անկախությունը պաշտպանում է Ռուսաստանը: Նիկոլն ինքնակամ հրաժարական տվողը չէ, պետք է իշխանությունը վերցնել: Դրա համար առաջարկվում է պլան Ա եւ պլան Բ: Պետք է ջարդել Նիկոլի հենարանները, ոստիկանությանը եւ ԱԱԾ-ի պետին համոզել, որ մեր կողմն անցնեն: Պետք է հավաքներ, երթեր, ցույցեր անել, ավտոմեքենաներով շրջել հանրապետության քաղաքներում, կազմել խմբեր բոլոր մարզերում, շրջափակել շենքեր, կոշտ լինել պատգամավորների նկատմամբ եւ համոզել նրանց:

Պլան Բ-ն էլ ասել է, որ այսօր, վաղը կամ տասն օր հետո պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբել եւ վերցնել իշխանությունը» (փետրվարի 20-ի կոչ): «Մենք ունենք ԱԺ-ն, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Այս տարվա մեջ ինչ որոշում ընդունվել է՝ հօգուտ մեր ժողովրդի եւ պետության շահերից չէ: Մենք շրջափակելու ենք ԱԺ-ն: Այն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար որոշում ընդունելու ժամանակը» (մարտի 9-ի կոչ):

ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածի հանցագործության կազմ առաջացնող վերը շարադրված հատկանիշները համադրենք հանրահավաքներում Վ. Մանուկյանի կոչերին: Հանրահավաքներում Վ. Մանուկյանի արտաբերած հրապարակային կոչերը՝ պետք է կայծակնային արագությամբ իշխանությունը վերցնել, շենքեր շրջափակել, ԱԺ-ի մուտքերը փակել եւ պարալիզացնել աշխատանքը, Նիկոլին դուրս շպրտել եւ այլն, առանձին վերցրած իրենց արտահայտման ձեւով եւ բնույթով նման են Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հանցագործության կազմին` օբյեկտիվ կողմի հատկանիշներին:

Սակայն, երբ դրանք դիտարկում ենք նաեւ տվյալ հանցագործության համար պարտադիր պայմաններ հանդիսացող հանցագործության շարժառիթի եւ նպատակի հետ, ապա նկատվում է, որ Վ. Մանուկյանի հրապարակային կոչերը ուղղված են եղել ոչ թե պետական իշխանությունը զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու նպատակով, այլեւ՝ պետական շահերից ելնելով պետության ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, պետության եւ ժողովրդի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ ժողովրդին ստորացուցիչ պարտության հասցրած եւ պետության կառավարումը ձախողած անգործունյա վարչապետին եւ կառավարությանը հեռացնելու, երկիրը նոր վտանգներից փրկելու համար:

Այսպիսով, Վ. Մանուկյանի արարքում բացակայում է քրօրի 301 հոդվածի հանցագործության կազմի սուբյեկտիվ կողմը: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ հավաքներ, ցույցեր, երթեր անցկացնելուն, շենքերը շրջափակելուն, կամ պարալիզացնելուն եւայլն, հրապարակային կոչերին, ապա դրանք երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ:

Վ. Մանուկյանի արարքում բացակայում է 301 հոդվածի հանցագործության կազմը: Նաեւ նկատենք, որ քննարկվող հոդվածը խորհրդային ժամանակներից է գալիս, եւ հակասում է ժողովրդավարական սկզբունքներին:

Օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում այդ նորմը ուժը կորցրած է ճանաչվել: Եվ 25 հուլիսի 2008թ. ՌԴ օրենքով, նոր խմբագրմամբ կոչվում է «Ծայրահեղական գործողություն կատարելու հրապարակային կոչեր»: Այդ հանցագործության օբյեկտներ են համարվում ահաբեկչություն եւ այլ ահաբեկչական գործողությունները, հրապարակային արդարացնելու կոչերը եւայլն:

Կարծում եմ՝ Վ. Մանուկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որը իմքայլականները սկսել են վաղօրոք: Օրինակ, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «անկախ դատախազի» կարգավիճակով զրույց-հարցաքննություն կազմակերպեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչ եւ ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի հետ, հայտարարեց, որ «Մանուկյանը Հունանյանին խորհուրդներ է տվել եւ հակել նրան»:

Հայտարարվածը համընկնում է ահաբեկչության դրդելը հանցագործության հատկանիշներին: Այդ սուտ հայտարարությանը պատկան մարմինները չանդրադարձան, իսկ ԱԺ-ն նրա վարքագիծը չքննարկեց: Չափն անցած պատգամավորը վերջերս էլ հայտարարեց, որ ՀՀ ինքնիշխանության դեմ որեւէ ոտնձգություն պետք է խեղդել օրորոցում…

Վազգեն Մանուկյանը մեր պետության եւ բանակի հիմնադիրներից մեկն է, նաեւ փառավոր հաղթանակներ կերտած եւ թուրքին ծնկի բերողն է, մինչդեռ նրա արժանապատվությունը նսեմացնողները պետության համար պարտությունից բացի, ոչ մի բան չեն արել:

Սերգեյ Աբովյան, իրավաբան

«Առավոտ» օրաթերթ