Հզորության համար մեծ նշանակություն ունի կազմակերպվածությունը, միասնությունը․Վազգեն Մանուկյան,

0
371

1988 թվականին Հայաստանում միաժամանակ առաջացան երեք շարժում։ Առաջինը՝ խոշոր բնապահպանական, երկրորդը, փոքրաթիվ էր և հիմնականում կազմակերպված էր 1987 թվականին բանտից դուրս եկած դիսիդենտների կողմից։ Ամենամեծ թափը հավաքեց երրորդ շարժումը, որի նպատակն էր ԼՂԻՄ Հայաստանին միավորելը։ 1988 թվականին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն, որի ակունքներում կանգնած էր Վազգեն Մանուկյանը։ Նա նախ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր (1988 թվականի փետրվարից), ապա կոմիտեի համակարգողը (1988 թվականի հունիսից)։ 1988 թվականի փետրվարյան ցույցերի ժամանակ Վազգեն Մանուկյանն իր հրապարակային ելույթում առաջին անգամ համազգային գործադուլի կոչ է անում ժողովրդին։ 1988 թվականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ Վազգեն Մանուկյանը ձերբակալվել է և 6 ամիս անցկացրել Մոսկվայի «Մատրոսկայա տիշինա» բանտում։ Արցախյան շարժումը ծնվեց որպես ազգային շարժում, որի նպատակները շատ հստակ էին, սակայն շատ արագ՝ 1988 թվականի մայիսից, զուտ ազգային շարժումից այն սկսեց վերածվել ազգային-ժողովրդավարական շարժման։ 1988 թվականի մայիսին շարժման առաջնորդների միջև քաղաքական, գաղափարական տարաձայնություններ ի հայտ եկան։ Ոմանք գտնում էին, որ կա միայն Ղարաբաղի հարցը, և որևէ այլ խնդիրներ պետք չէ առաջ քաշել։ Մյուս մոտեցումն այն էր, որ այնքան խնդիրներ գոյություն ունեն, որ անհնար է Ղարաբաղի խնդիրն առաջ տանել և հաջողության հասնել առանց դրանք բարձրաձայնելու։ Վազգեն Մանուկյանը վստահ էր, որ ճիշտ ճանապարհը անկախ պետության կերտումն է։ Եվ փուլ առ փուլ պայքարը տեղափոխվեց Անկախության դաշտ։