Ղարաբաղեան Շարժումի 30-ամեակի Առիթով. Արցախեան Շարժումի Նախապատրաստական Շարժումը «Թարգմանչաց Տօներ»

0
411
Վազգեն Մանուկյան,Մովսես Հերկելյան

Պատմենք Թարգմանչաց նորօրեայ տօնի մասին, որն առաջին անգամ, 1974 թուականին, կազմակերպեց Վազգէն Մանուկեանը իր մի քանի համախոհների հետ: Այս տօնախմբութիւններին մասնակիցը լինելու պատեհութիւնն եմ ունեցել նաեւ ես իմ զաւակների հետ միասին: Թւում է, թէ ղարաբաղեան շարժման եւ Թարգմանչաց տօնին միջեւ որեւէ ընդհանրութիւն չկայ: Բայց դա այդպէս չէ:

… Հայ գրերի գիւտից յետոյ սկզբնաւորուեց մի շարժում, որի խնդիրն էր հայալեզու գրականութիւն ստեղծելով` նպաստել Հայաստանի քաղաքական, կրօնական, մշակութային անկախութեանը: Շարժումն ստացաւ Թարգմանչաց անունը:

Առաջին Թարգմանչաց դպրոցի հիմնադիրներ Մերսոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի ծրագիրը ընդգրկում էր քրիստոնէական գրականութեան բոլոր բաժինները: Հայաստանի համազգային եկեղեցու եւ գրական լեզուի վերածնման գործում անչափ կարեւոր դեր խաղացին Աստուածաշնչի, եկեղեցական եւ աստուածաբանական գրականութիւնների թարգմանութիւնը: Թարգմանական այս գրականութիւնը խթանեց ինքնատիպ ազգային քրիստոնեայ-մեկնողական գրականութեան ստեղծումը:

Թարգմանչաց շարժման երկրորդ շրջանը ընդգրկում էր հին փիլիսոփաներ Արիստոտելի, Պղատոնի, Դիոնիսիոս Թրակացու, Փիլիոն Ալեքսանդրացու, Պորփիւրի եւ ժամանակների մտածողութեան աւանդոյթները շարունակող քրիստոնեայ հեղինակների երկիրը:

Թարգմանչաց շարժման աւանդոյթները շարունակեցին եւ զարգացման հետագայ բոլոր դարերում եւս: Թարգմանչաց շարժումը սկզբնաւորման պահից ի վեր նպաստել է լուսաւորութեան, կրթութեան, գիտութեան, լեզուաշինութեան, զարգացմանը: Շնորհիւ Թարգմանչաց շարժման` համաշխարհային մշակոյթի ժամանակների եւ միջնադարեան մտածողների բազմաթիւ ստեղծագործութիւններ պահպանուել են միայն հայերին:

Հայ առաքելական եկեղեցին ելնելով ժողովրդի նուիրական զգացումներից` եկեղեցու սուրբ հայրերի շարքն է դասել հոգեւոր, մշակութային, լուսաւորութեան գործի վաստակաւորներին եւ տարին երկու անգամ նշում է նրանց յիշատակը: Յունիսի վերջին Մեսրոպ Մաշտոցի եւ Սահակ Պարթեւի տօնն է, հոկտեմբերին` Մեսրոպ Մաշտոցի եւ նրա սաների` ազգանուէր թարգմանիչների տօնն է, հայ դպրութեան ու մշակոյթի սքանչելագոյն տօնը: Եկեղեցին, ինչպէս հարկն է, մշտապէս նշում է թարգմանիչներին նուիրուած տօները, սակայն որպէս համաժողովրդական համազգային պետական տօն` մոռացուած էր խորհրդային ժամանակների ներսում: Եւ ահա, առաջին անգամ, որպէս սրբազան մի տօն նշուեց Վազգէն Մանուկեանի եւ իր մի քանի համախոհների կողմից:

Ինչպէ՞ս: Ինչո՞ւ:

Գիտենք արդէն, որ 1960-ականներին Հայաստանում սկիզբ էր առնում մի շարժում, որի ներքոյ ստեղծուել էին գաղտնի ազգային կազմակերպութիւններ, ուր բարձրացւում էին Հայոց ցեղասպանութեան եւ ազգային այլ հարցեր:

Ձախէն աջ՝ Սերգէյ Մերկելեան, Մովսէս Հերկելեան, Գիտնական մը (Եոսէֆ,) Վերա-Յակոբեան, Յասմիկ (Ռազմիկի կինը), Ռազմիկ Դաւոյեան, Յակոբ-Յակոբեան եւ անծանօթներ 1979

Գիտենք նաեւ, որ 1965 թուականի ապրիլի 24-ին առաջին անգամ նշուեց Ցեղասպանութեան 50-ամեակը` աննախադէպ մեծ ցոյցերով, դրանց յաջորդող ձերբակալութիւններով, բայց դա առիթ դարձաւ, որ ստեղծուեն երիտասարդական մի շարք գաղտնի կազմակերպութիւններ, որոնք իրենց առջեւ խնդիր էին դրել Ցեղասպանութեան ճանաչման, հողերի վերադարձի, նաեւ` անկախութեան հարցի լուծումը: 1967 թուականին, երբ Վազգէն Մանուկեանը սովորում էր Մոսկուայի պետական համալսարանում, մի խումբ հայ ուսանողներով նրան յաջողուեց Թուրքիայի դեսպանատան դարպասների առջեւ ապրիլ 24-ին նուիրուած ցոյց կազմակերպել: Դա պատճառ դարձաւ, որ նրան համալսարանից հեռացնեն: Այդ օրերի մասին Վազգէն Մանուկեանը յիշում է. «Մենք հասկցանք, որ զուտ գաղտնի կազմակերպութիւններով գործն առաջ չի գնայ, քանի որ շատ արագ ձերբակալւում ես: Իսկ մշակոյթի անուան տակ կարելի էր առաջ տանել մեր գաղափարները: Երբ վերադարձանք Երեւան, պետական համալսարանում ստեղծեցինք Հայ մշակոյթի ակումբ, որ պաշտօնապէս գրանցուեց` որպէս երիտասարդական կազմակերպութիւն: Յայտարարութիւններ տարածեցինք, որ ցանկացողները կարող են դառնալ ակումբի անդամ: 1971 թուականի ապրիլի 24-ին ջահերով երթ տեղի ունեցաւ դէպի Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որի ժամանակ ընդհարում տեղի ունեցաւ ոստիկանութեան հետ, իսկ ակումբը փակուեց»:

1974 թուականին Վազգէն Մանուկեանը մի շարք համախոհների հետ «Թարգմանչաց տօներ» անուան տակ իրականացրեց մի նախաձեռնութիւն, որին մասնակից դարձաւ հայաստանեան ողջ մտաւորականութիւնը:

Տարիներ շարունակ այդ գործընթացների մէջ լինելով` նրանք մեծ կապեր էին ձեռք բերել թէ՛ Հայաստանում, թէ՛ Հայաստանից դուրս: «Մենք Հայաստանում ունենք մեծ մտաւորականութիւն, բայց տարբեր ոլորտներում գտնուելով` մտաւորականներն համախմբելով` ստեղծել մի ազգային ակումբ, որը հնարաւորութիւն կը տայ մարդկանց ծանօթանալու, շփուելու, ոչ ֆորմալ մթնոլորտում հարցեր քննարկելու, ինչը հետագայում կարող է Հայաստանի համար մեծ նշանակութիւն ունենալ:

Նստած ձախէն աջ` Ճիմ Թորոսեանի կինը, Ճիմ Թորոսեան, Մետաքսիա Սիմոնեան, Սիլվա Կապուտիկեան, Սերգէյ Մերկելեան, անծանօթ, Վերա Յակոբեան, անծանօթ: Ոտքի ձախէն աջ` առաջինը Արթիւր Թարխանեան, Գրիգոր Խանջեան, Արա Շիրազ, իսկ կիներէն վերջինը Վարդուհի Վարդերեսեան, իսկ վերջընթերը Բաբգէն Արաքսեանի առաջին կինը: Ոտքի ետեւի շարքը` Հայկ Ղազարեան, Բաբգէն Արաքսեան, Եսայի Ստեփանեան, Մովսէս Հերկելեան, Լութֆիկ Խաչատրեան, Վազգէն Մանուկեան եւ Դաւիթ Վարդանեան:

Այդ ժամանակ շատերս դասախօսներ էինք եւ աշակերտներ ունէինք, որոնց հետ առանձին պարապում էինք: Որոշեցինք իւրաքանչիւրի մէկ աշակերտի գումարը ներդնել այդ գործին եւ հաւաքուած գումարով կազմակերպել մտաւորականների առաջին հաւաքը: Ընտրեցինք Մերգելեան հիմնարկի Ծաղկաձորում գտնուող հանգստեան տունը եւ մտաւորականներին, իրենց ընտանիքներով հանդերձ, հրաւիրեցինք առաջին հաւաքին: Նախաձեռնութիւնը յաջողուած էր: Թարգմանչաց տօները դարձան աւանդական, եւ գրեթէ 7-8 տարի շարունակ ամէն հոկտեմբեր ամսին Թարգմանչաց տօները նշելու անուան տակ մտաւորականներս հաւաքւում էինք նոյն վայրում եւ երեք օր անցկացնում թէժ բանավէճերի, քննարկումների, ինչպէս նաեւ հետաքրքիր ու հաճելի ժամանցի մթնոլորտում:

Թարգմանչաց տոներ

Նրանց մէջ էին, օրինակ, բանաստեղծներ Սիլվա Կապուտիկեանը, Ռազմիկ Դաւոյեանը, նկարիչ Յակոբ Յակոբեանը, ճարտարապետ Արթուր Թարխանեանը, արուեստաբան Հենրիկ Իգիթեանը, ակադեմիկոս Սերգէյ Մերգելեանը, որը մեծ աւանդ ունի Հայաստանում մաթեմատիկական գիտութիւնների, հաշուողական տեխնիկայի եւ կիբեռնետիկայի հիմնադրման ու զարգացման գործում: Նաեւ ակադեմիկոս, խոշոր ելեկտրամեքանիկ Անդրանիկ Իսոյիֆեանը, որի գլխաւորութեամբ են ստեղծուել ԽՍՀՄ ելեկտրամեքանիկայի համամիութենական գիտահետազօտական հիմնարկը, եւ որը Մոսկուայից յատուկ գալիս էր մասնակցելու Թարգմանչաց տօնի հաւաքներին: Ներկայ էին լինում բանասիրական գիտութիւնների դոկտոր Ռաֆայէլ իշխանեանը իր տիկնոջ` թարգմանչուհի Բիւրակն Չերազի հետ, տիրիժէոր Յովհաննէս Չեքիջեանը, որն, ի միջի այլոց, շատ լաւ ֆոքուսներ էր անում խաղաքարտերով, երգչուհի Լուսինէ Զաքարեանն ու ամուսինը` Խորէն Պալեանը, Սօս Սարգսեանը, դերասանուհի եւ գրող Աննա Պետրոսեանը, ասմունքող Վերա Յակոբեանը, երգեհոնահար Ստամբոլցեանը եւ այլ նշանաւոր մարդիկ: Փաստօրէն այդ հաւաքներին մասնակցում էին Հայաստանի  ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մեծ կշիռ ունէին:

Նպատակ չէր դրւում հարցեր բարձրացնելու եւ հէնց այդ պահին լուծելու: Նպատակն այդ հարցերը քննարկելով` համախորհներ, կողմնակիցներ ձեռք բերելն էր, որպէսզի մտաւորականութեան մեծ ազդեցութիւն ունեցող շերտը համախմբուէր նոյն գաղափարների շուրջ: Հաւաքի առաջին օրը երեկոյեան մեծ ընթրիք էինք կազմակերպում: Սկզբում անորոշութիւն էր լինում, քանի որ օրակարգ, որպէս այդպիսին, չկար: Բնականաբար նախ հայրենասիրական կենացներ էին հնչում, յետոյ սկսւում էին բանավէճերը` սկսած հայկական եւ ռուսական դպրոցների հարցից մինչեւ ազգային շատ այլ հարցեր` անկախութիւն, Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններ եւ այլն:

Յիշում եմ` մի անգամ սեղանի շուրջ Սիլվա Կապուտիկեանը մի ճառ ասաց` յօգուտ ռուս ժողովրդի: Մենք, ճիշդ է, դէմ չէինք ռուսերէնին, բայց քանի որ մեր ակումբը մի քիչ անկախական էր, դա այնքան էլ չընկալուեց: Այդ ժամանակ Խորէն Պալեանը սկսեց երգել «Ձախորդ օրերը»` որպէս պատասխան Սիլվա Կապուտիկեանի բաժակաճառին:

Վիճայարոյց հարց էր յատկապէս դպրոցի հարցը, որը բուռն քննարկման առարկայ էր դառնում` հայկական դպրոց, ոչ հայկական դպրոց: Մտաւորականներն այդ հարցում տարակարծիք էին, մանաւանդ կար մտաւորականութեան մի հատուած, որն ինքն էլ էր ռուսախօս, եւ նրանց համար զարմանալի էր, թէ ինչո՛ւ հայրենասիրութիւնը պիտի չափուի դրանով: Սակայն մտաւորականութեան մի զգալի մաս էլ վտանգ էր տեսնում ռուսական դպրոցների մէջ, քանի որ այդ ժամանակ, եթէ չեմ սխալւում, գոնէ Երեւանում երեխաների 40 տոկոսը յաճախում էր ռուսական դպրոց:

Քննարկւում էր նաեւ Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների հարցն ու մեր վերաբերմունքը ռուսների հանդէպ, այսինքն` Ռուսաստանը մեր դաշնակի՞ցն է, թէ՞ այն է, առանց որի` մենք ապրել չենք կարող: Մենք գտնում էինք, որ դաշնակից է, բայց չէինք գտնում, որ առանց Ռուսաստանի ապրել չենք կարող: Յատկապէս երբ քննարկում էինք Ցեղասպանութեան հետ կապուած հարցեր, որոշակի պատասխանատուութիւն դնում էինք նաեւ Ռուսաստանի կայսրութեան վրայ, որը, հասկանալով, թէ ի՛նչ է սպասւում հայերին, այնուամենայնիւ իր շահերն առաջ տարաւ:

Ազատութեան, անկախութեան, կոմունիստական վարչակարգից ազատուելու հարցերն առաւել հազուադէպ էին քննարկւում, դրանք բաւականին բարդ թեմաներ էին: Բայց ամենակարեւորն այն է, որ այդ հարցերը քննարկւում էին ջերմ, ընկերական մթնոլորտում, երբեմն` երեկոյեան մոմի լոյսի տակ, քոնեակ խմելով, երբ ինչ որ մէկն էլ դաշնամուր էր նուագում… Գնում էինք նաեւ Կեչառիսի փլուած գմբէթով եկեղեցին, որտեղ Խորէն Պալեանը եւ Լուսինէ Զաքարեանը պատարագից հատուածներ եւ շարականներ էին կատարում:

Ի՞նչ տուեցին այդ հանդիպումներն ու քննարկումները:

Մտաւորականներն իրար չէին ճանաչում: Քոմփոզիթէօրներ, գրողներ, մաթեմատիկոսներ, դերասաններ, ֆիզիքոսներ, բոլորը յայտնի, ազդեցիկ մարդիկ էին, բայց իրար անձամբ ծանօթ չէին, եւ այդ հաւաքները, յատկապէս որ ընտանեկան էին, մարդկանց մտերմացնում էին: Մենք կամաց-կամաց գալիս էինք նոյն մտածողութեանը` ազգային, մշակութային հարցերի շուրջ»:

Վազգէն Մանուկեանի կազմակերպչական տաղանդը, մտաւորականութեան հոգեբանութիւն բացայայտելու, նրանց մտածումները ընկալելու եւ իր, ապա նաեւ իր գաղափարակից ընկերների հայրենապաշտ ձգտումները հեռահար, որոշակի գործողութիւնների առիթ էին դառնալու:

Իսկ երբ 88-ի շարժումը սկսուեց, մենք բոլորս հասկացանք, թէ այդ հաւաքները որքան կարեւոր էին եւ ինչ մեծ նշանակութիւն ունեցան: Մտաւորականութիւնը միագամից համախմբուեց: Նրանք նոյն կերպ էին հարցերին մօտենում, նոյն գաղափարներն էին կիսում: Դա էր Թարգմանչաց տօների ամենամեծ ձեռքբերումը, Վազգէն Մանուկեանի եւ իր ընկերների կատարած մեծ աշխատանքի արդիւնքը:

Ո՞վ Է Վազգէն Մանուկեանը

Ծնուել է 1946 թուականին, Մեծ եղեռնի ժամանակ Մոկսից Երեւան գաղթած Մանուկեանների ընտանիքնում: Հայրը` Միքայէլ Մանուկեանը, ֆիզմաթ գիտութիւնների դոկտոր էր, Երեւանի պետական համալսարանի փրոֆեսէօր:

Վազգէն Մանուկեանն աւարտել էր Երեւանի պետական համալսարանը, ֆիզմաթ գիտութիւնների թեկնածու է: Քաղաքական գործունէութիւնն սկսել է ուսանողական տարիներից: 1967 թուականի ապրիլի 24-ին Մոսկուայում` Թուրքիայի դեսպանատան առջեւ ցոյց կազմակերպելու պատճառով ստիպուած է եղել թողնել Մոսկուայի համալսարանը, ուր այդ ժամանակ սովորում էր, եւ վերադառնալ Երեւան: Մինչեւ 1988 թուականը եղել է տարբեր  քաղաքական կազմակերպութիւնների անդամ եւ կազմակերպիչ, 1988 թուականի փետրուարից «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, իսկ յունիսից` կոմիտէի համակարգող:

1988 թուականի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալուել է եւ վեց ամիս անկացրել Մոսկուայի «Մատրոսկայա տիշինա» բանտում:

Վազգէն Մանուկեանը ՀՀՇ վարչութեան առաջին նախագահն է: 1990 թուականի մայիսին Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախարարների խորհրդի նախագահ: Մէկ տարի անց` 1991 թուականի սեպտեմբերի 26-ին Վազգէն Մանուկեանը հրաժարական է տուել վարչապետի պաշտօնից եւ Գերագոյն խորհրդում Ազգային ժողովրդավարների խմբակցութեան ձեւաւորումից յետոյ` նախաձեռնել է ԱԺՄ կուսակցութեան հիմնադրումը:

1992 թուականի սեպտեմբերին նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան պետնախարարի, այնուհետեւ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար` միաժամանակ ղեկավարելով ՀՀ ռազմարդիւնաբերական համալիրը: Ահա այդ ժամանակաշրջանում վերջնականօրէն ձեւաւորուեց Հայաստանի Հանրապետութեան կանոնաւոր բանակը: 1993 թուականի օգոստոսին ազատուել է պաշտպանութեան նախարարի պաշտօնից, ընտրուել Ազգային ժողովի պատգամաւոր:

Հայոց հասարակական բուռն ընդվզումը տուեց անձինք, որոնք իրենց ուսերին կրեցին այդ օրերի դժուարութիւնները: Ահա այդպէս` նաեւ Վազգէն Մանուկեանը: Նրանք դրեցին ազգային անկախ պետականութեան հիմքերը, ընդունել տուեցին Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնը:

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ