Ղարաբաղը Հայաստանի նոր սերնդի համար մի կողմ դրված խնդիր է դառնալու. Մարկեդոնով

0
284

Վերջերս Հայաստանում էր ռուս քաղաքագետ, միջազգայնագետ, МГИМО-ի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը, մասնակցում էր «Կովկասը XXI դարում» գիտաժողովին: Նրա զեկույցի առանցքային գաղափարներից մեկն այն էր, որ Հայաստանում տեղի է ունեցել ազգային նախագծի փոխակերպում, Արցախն այլևս հայկական ազգային նախագծի առանցքը չէ, Արցախի նշանակությունը նվազել է և շարունակում է նվազել:

Պատճառները, ըստ նրա, մի քանիսն են, և դրանցից մեկն էլ սերնդափոխությունն է: Նրա տպավորությամբ՝ այսօրվա երիտասարդությունն անտեղյակ է անցյալից: Մեծացել է մի սերունդ, որի համար թե՛ երկրի նախկին առաջնորդների, թե՛ հերոսների անունները ոչինչ չեն ասում: Եվ ուշագրավ է, որ թե՛ խորհրդաժողովի քննարկման ժամանակ, թե՛ հեռուստաեթերով հարցազրույց տալիս որպես ցայտուն օրինակ բերեց այն փաստը, որ երիտասարդները չեն ճանաչում Վազգեն Մանուկյանին: Ասում է՝ գործի բերումով հաճախ է զրուցել երիտասարդ հայերի հետ, և զարմացած է, որ նրանք չեն ճանաչում նույնիսկ ղարաբաղյան շարժման առաջնորդին, Հայաստանի կառավարության առաջին ղեկավարին ԽՍՀՄ- ից անկախանալուց հետո և լեգենդար պաշտպանության նախարարին առաջին արցախյան պատերազմի ժամանակներում:

«Երիտասարդները պատկերացում չունեն, թե ով է Վազգեն Մանուկյանը, ասում են՝ էդ ո՞վ է, ի՞նչ է, ինչ-որ ծերուկ, որը մի ժամանակ պայքարել է ինչ-որ բանի համար: Չեն հիշում մյուս հերոսներին: Իմ սիրած ստեղծագործություններից է Ալեքսեյ Տոլստոյի «Տառապանքի ուղիներով»-ը («Хождение по мукам»), որում մի զրույց կա ռուս սպաների միջև: Նրանցից մեկն ասում է՝ ահա ես կարդացել եմ Ռուսաստանի պատմությունը և հպարտանում եմ դրանով, բայց միլիոնավոր զինվորները՝ մոխրագույն շինելներով, չեն կարդացել և չեն հպարտանում, չգիտեն, չեն կարող հպարտանալ: Իսկ բազմաթիվ երիտասարդ հայեր չգիտեն, թե ով է Մանուկյանը և ինչ էր «Ղարաբաղ» կոմիտեն: Դա ո՛չ լավ է, ո՛չ վատ, ես պարզապես փաստն եմ արձանագրում: Ուզում եմ ասել, որ հիմա ուրիշ սերունդ է և ուրիշ առաջնահերթություններ են»,- ասաց նա խորհրդաժողովի ժամանակ:

Քաղաքագետի կարծիքով՝ ներկայումս Հայաստանում խոր, որակյալ սոցիոլոգիական հետազոտության կարիք կա՝ պարզելու համար, թե ինչ չափով և երբ է տեղի ունեցել այս արժեքների փոփոխությունը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որպեսզի պարզ դառնա, թե ինչ կանխատեսումներ կարելի է անել Հայաստանի ապագայի մասին XXI  դարում: