Մի՞թե մենք արժանի չենք ճակատագրի ընձեռած հնարավորություններին

0
378

Հրաժարում նախագահական ընտրություններից

Նախագահական ընտրությունների շեմին արդեն հասկանալի էր, որ ժողովրդի համար Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի գերադասելի էր, քան ես, և հետևաբար նրա նախագահ ընտրվելու հավանականությունը ակնհայտորեն ավելի մեծ էր, քան իմը: Դրա պատճառների բացատրությունը փնտրելիս պետք է նշել, որ տարբեր հանգամանքների հետ կարևոր նշանակություն ուներ նաև, թե ինչ դեր էինք մենք մեր վրա վերցրել նախորդ ժամանակաշրջանում: ԽՍՀՄ-ի տնտեսական փլուզման պայմաններում ես զբաղված էի կառավարության և երկրի բնականոն գործունեությունը ապահովելու անշնորհակալ գործով:

Լևոն Տեր-Պետրոսյանը ի պաշտոնե հանդիպումներ էր ունենում տարբեր երկրների ղեկավարների հետ, իսկ դա, որպես նորույթ, շոյում էր մեր ժողովրդի ինքնասիրությունը՝ մեծացնելով նրա համակրանքը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Բայց պետք է հաշվի առնել, որ ընտրությունները ոչ միայն անհատական պայքար են, այլ նաև թիմային: Հաղթում է ոչ այնքան անհատը, որքան թիմը: Ինչպես ես արդեն նշեցի, իշխանության գալուց հետո ՀՀՇի ղեկավարությունը բաժանվեց երկու խմբի, որոնք տարբերվում էին իրենց մոտեցումներով իշխանությունը իրականացնելու ոճի և նպատակների խնդրում: Արդեն սկսել էին առաջանալ նաև անձնական հարցեր: Այդ պայմաններում Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց, առանց առանձնապես ջանք թափելու, իր կողմնակիցների օգնությամբ, կիրառելով հայտնի մեթոդներ, իր անձը պաշտպանող թիմ դարձնել ՀՀՇ-ի մեծամասնությանը:

Իհարկե, թեև կային որոշակի դժվարություններ, կարելի էր փորձել կառավարության լծակները գործադրել իշխանությունը պահելու և նախագահական ընտրություններին հաղթելու համար: Սակայն հայտնի է, որ այդ ձևի կիրառումը սովորաբար հանգեցնում է կեղծիքների, բռնությունների, իրենց իշխանությունը չարաշահող «փոքրիկ իշխանիկների» գոյացմանը և գցում է քեզ թակարդի մեջ. դու ունենում ես իշխանություն, բայց երկիրը կամա թե ակամա գնում է մի ուղիով, որը հնարավորություն չի տալիս իրականացնել այն նպատակները, հանուն որոնց դու եկել ես իշխանության: Դա ընդունելի ճանապարհ չէ:

Գոյություն ուներ ևս մի հնարավորություն. իմ կողմնակիցների թիմը զգալիորեն կուժեղանար, եթե Դաշնակցությունը, որի շարքերը արագորեն համալրվում էին ՀՀՇ-ից հիասթափված շարժման ակտիվ անդամներով, պաշտպաներ իմ թեկնածությունը: Սակայն Դաշնակցությունը առաջադրեց Սոս Սարգսյանին: Ստեղծված պայմաններում շարունակել մասնակցությունը նախագահական ընտրություններին, կամա թե ակամա սրելով իրավիճակը Հայաստանում, ես և իմ կողմնակիցները համարեցինք անիմաստ, մանավանդ որ ժողովրդի մեծ մասին դժվար կլիներ այն ժամանակ բացատրել «Վազգեն-Լևոն» պայքարի իմաստը:

Մնում էր, ստիպված դուրս գալով ակտիվ քաղաքականությունից, ձևավորել գաղափարակիցների թիմ՝ ԱԺՄ-ն, հուսալով, որ ՀՀՇ-ում հաղթած մեծամասնության քաղաքականությունը այնուամենայնիվ չի վտանգի Հայաստանի ապագան:

Պաշտպանության նախարարի պաշտոնի ստանձնումը Մենք գտնվում էինք ծանր ռազմական իրավիճակում: Շուշիի փայլուն հաղթանակից շատ քիչ ժամանակ անց կորցրել էինք Շահումյանը, Մարդակերտի մեծ մասը, Արծվաշենը, խուճապ էր տիրում ռազմաճակատում: Ընդդիմությունը համախմբված էր բավականին ուժեղ դաշինքի մեջ, քաղաքական պայքար էր մղվում, և այդ իրավիճակում, որը թվում էր անելանելի ռազմական տեսակետից, Լ. Տեր-Պետրոսյանը հրավիրեց ինձ և առաջարկեց պաշտպանության պետնախարարի պաշտոնը: Մի կողմ թողնենք, թե ինչը դրդեց Լ. ՏերՊետրոսյանին անել այդ առաջարկությունը: Ես պատասխանեցի, որ մենակ այդ հարցը լուծելու իրավունք չունեմ, դա դաշինքով պետք է լուծվի: Դաշինքի նիստում այդ առաջարկությունը քննարկվեց, և հակադիր առաջարկություններ արվեցին: Մեկը մենք էինք առաջարկում, այն է՝ ստեղծել պաշտպանության պետկոմիտե, որի մեջ մտնեին տարբեր պետական կառույցների ղեկավարներ և ընդդիմության ներկայացուցիչներ, կոմիտեն իր վրա պարտավորություն վերցներ ռազմական գործողությունների համար, ունենար լիարժեք լիազորություններ և ողջ պատասխանատվությունը իր վրա վերցներ: Առաջարկվում էր, որ այդ կոմիտեի ղեկավարը լինի ընդդիմությունից: Դաշնակցության կողմից այլ առաջարկություն արվեց, որ այդ կոմիտեի նախագահը լինի Լ.Տեր-Պետրոսյանը՝ ունենալով, ինչպես կոմիտեի յուրաքանչյուր անդամ, մեկ ձայն, և կոմիտեի կազմում ընդդիմության ներկայացուցիչների թիվը լինի ոչ պակաս, քան պետական կառույցների ներկայացուցիչներինը: Մենք գտնում էինք, որ դա իմաստալից առաջարկություն չէ: Փաստորեն երկրի ղեկավարը պիտի պատասխանատվություն կրի պարտությունների և հաղթանակների համար, բայց որոշումների մեջ և՛ ինքը ունենա մի ձայն, և՛ ընդդիմության ներկայացուցիչները: Այդպիսի բան աշխարհում չի լինում: Մենք դեմ էինք այդ առաջարկությանը, բայց որպեսզի դաշինքը չտրոհվի, համաձայնվեցինք: Մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներով հանդիպեցինք Լ.Տեր-Պետրոսյանի հետ: Նա այն մերժեց՝ որպես անհեթեթ առաջարկություն, և կրկնեց, որ ինձ արված նախորդ առաջարկությունը մնում է ուժի մեջ:

Դաշինքի նիստին ես այդ հարցը բարձրացրի և ասացի, որ հակված եմ ընդունել այդ առաջարկը, որովհետև այն հնարավորություն է տալիս ռազմական իրավիճակը փոխել: Բայց եթե դաշինքի մեջ որևէ կուսակցություն դեմ լինի, ապա ես կմերժեմ Լ.Տեր-Պետրոսյանի առաջարկությունը: Դաշինքի բոլոր կուսակցությունները հայտարարեցին, որ իրենք դեմ չեն,որպեսզի ես ընդունեմ առաջարկությունը և դառնամ պաշտպանության պետնախարար: Ես համաձայնեցի: Այդ պահից ի վեր այն գործողությունները, որ սկսեց անել բանակը, քաղաքական կուրսի փոփոխություն էին և մեծ առճակատում էին առաջացնում քաղաքական և ռազմական ղեկավարների միջև: Հիշեք, թե ինչպես Ղափանի օպերացիայից հետո մեր բանակը մտավ Ադրբեջանի տարածք և վերցրեց որոշ բարձունքներ, որոնք մեծ կարևորություն ունեին Ղափանը պաշտպանելու համար, և միևնույն ժամանակ, հարվածը իր վրա վերցնելով, Հայաստանը հնարավորություն տվեց, որ Ղարաբաղում արագորեն ձևավորվեր Մարդակերտի քանդված ռազմաճակատը: Գերագույն խորհրդում մեծ հարձակումներ սկսվեցին իմ դեմ՝ որպես պաշտպանության նախարարի, և այդ հարձակվողները հիմնականում ՀՀՇ-ի ներկայացուցիչներն էին: Նրանք մեր ժողովրդի վատը չէին ցանկանում, և իմ դեմ պայքարելիս իրենց անձնական շահերը չէին թելադրում: Ուղղակի ՀՀՇ-ի պրագմատիկ (իրատեսական) մտածելակերպի մեջ չէին տեղավորվում այդ ռազմական գործողությունները, նրանք ճիշտ չէին կարողանում հաշվարկել մեր քաղաքական և ռազմական հնարավորությունները: Այնինչ, իմ կարծիքն էր, որ իրատեսական որոշումներ ընդունելու դաշտն ավելի մեծ էր, քան թվում էր իրենց: Կյանքը ցույց տվեց այդ տեսակետի ճշտությունը: Եվ պետք է ասեմ, որ իհարկե մենակ չէի, նույն տեսակետին էին նաև Հայաստանի բանակի ողջ ղեկավարությունը,զինվորականությունը, Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարությունը, ողջ ժողովուրդը: Հաջողությունները ռազմաճակատում բերեցին քաղաքական կուրսի փոփոխություն:

Ռազմական հաղթանակները նպատակ էին հետապնդում պաշտպանել մեր ժողովրդին, նաև ապացուցել Ադրբեջանին, որ նա չի կարող պատերազմի միջոցով լուծել Ղարաբաղի հարցը, դրանով իսկ պարտադրելով նրան գնալ լուրջ քաղաքական բանակցությունների: Քելբաջարի գրավումից հետո, երբ մեր զորքը գտնվում էր արդեն Մարդակերտում, և նախապատրաստվում էին հարավային գործողությունները, ես անվտանգության խորհրդի նիստում ասացի, որ այս ամենից հետո, երևի մի 6 ամիս անց Ադրբեջանը կփորձի ռազմական ուժեղ գործողություններով հետ վերադարձնել այդ բոլորը: Ես հավաստիացրեցի անվտանգության խորհրդի անդամներին, որ իրենք կարող են հանգիստ մնալ, մենք չենք պարտվելու, որից հետո ես ինքս կամովին դուրս կգամ պաշտպանության նախարարությունից, որովհետև իմ անելիքները արդեն այդպիսով ավարտված կլինեն:

Կսկսվի խաղաղության շրջան: Ինչ-ինչ պատճառներով ինձ ավելի շուտ առաջարկվեց, որ ես դուրս գամ: Ես այդ պատմությանը անդրադառնալ չեմ ուզում:

Վազգեն Մանուկյանի և Լ. Տեր-Պետրոսյանի գաղտնի համաձայնության առասպելը

Հետաքրքիր կլիներ իմանալ իմ շահը այդ խաղի մեջ: Անկեղծ ասած, այդ ասեկոսեներընոր չեն: Ինձ դրա մասին բազմիցս ասել են իմ դաշնակցական ընկերները, և պատահական չէ, որ այդպիսի կարծիքները արհեստականորեն տարածվում են քաղաքականացված շրջանակներում, մասնավորապես  դաշնակցության մեջ: Դա նոր պրոբլեմ չէ: Պետք է ասեմ, որ չնայած գաղափարական որոշ հակադրություններին ԱԺՄ-ի և Դաշնակցության միջև, դաշնակցականները բավականին հարգալից վերաբերմունք ունեն և՛ մեր կուսակցության, և՛ անձամբ իմ նկատմամբ, մանավանդ իմ պաշտպանության նախարար եղած ժամանակից հետո: Եվ այն ուժերը, որոնք այդ համարում են անցանկալի և կուզենային, որ ՀՅԴ-ի ներսում իմ և ԱԺՄ-ի նկատմամբ համապատասխան վերաբերմունք չլիներ, միտումնավոր կերպով ներսում այդպիսի բամբասանքներ են տարածում, որպեսզի կուսակցությունը ավելի կառավարելի լինի իրենց համար: Մեծ կուսակցությունը կառավարելու համար երբեմն ներքին բամբասանքները օգտակար են լինում: ՀՅԴ-ն բացառություն չէ: Նույնը վերաբերում է ՀՀՇ-ին:

ՀՀՇ-ի մեջ էլ իմ վարչապետ եղած ժամանակ, բացի նրանից, որ անցած ուղու որոշակի նենգափոխություն էր կատարվում, սկսվեց բամբասանքների մի տարափ, որպեսզի ՀՀՇ-ն պաշտպան չլինի ինձ: Ես պետք է ասեմ, որ ՀՀՇ-ում մինչև օրս էլ տարածում են այդ բամբասանքները: Նույնիսկ անհեթեթության հասնող: Հիշում եմ՝ անցյալ տարի ականջիս հասավ, որ ՀՀՇ-ի այն տղաների մեջ, որոնք շատ սուր հակահամայնավար են, լուրեր են տարածում, որ Մոսկվայում ինձ դիմավորում է Սուրեն Հարությունյանը և այլն, և այլն:

Բամբասանքներ՝ կապված Դավիթ Վարդանյանի կամ Արշակ Սադոյանի հետ: Դա բամբասանքների տարածված, բայց մտահոգիչ ձև է, իբր գաղտնի տեղեկությունների միջոցով փորձում են կառավարել այս կամ այն կուսակցությունը: Եթե լիներ միայն կուսակցությունը, դեռ ոչինչ: Բայց այդպիսի փորձեր եղել են և կլինեն կառավարելու համար մեր ողջ ժողովրդին, ընդ որում ոչ միայն ներքին ուժերի կողմից: Դա իսկապես կարևոր պրոբլեմ է, և մեր ժողովուրդը, մեր հասարակությունը պաշտպանված չէ ուրիշի կամ ներքին որևէ խմբակցության ձեռքին խաղալիք դառնալու վտանգից: Այդ խնդիրը զարգացած երկրներում լուծվում է ազատ, ամեն ինչի մեջ մուտք ունեցող մամուլի, անկախ դատական համակարգի,  պառլամենտական լսումների, զարգացած ազգային անվտանգության ծառայություն ունենալու միջոցով և վերջապես հասարակական կյանքի հիմքում ընկած և հասարակության, նրա էլիտայի մեջ խորությամբ ներթափանցված գաղափարական, փիլիսոփայական, քաղաքական, բարոյական սկզբունքների գոյության միջոցով, որոնք ապահովում են հասարակական կարծիքի կայունությունը, երևույթները նույնանման գնահատելու հնարավորությունը: Այս խնդիրը ինձ հուզել է վաղուց ի վեր, և XX դարի մեր ժողովրդի պատմության շատ էջերի բացատրությունը փնտրելիս այնպիսի ազգային քաղաքական լուրջ գործիչներ, ինչպիսիք Ռ.Դարբինյանը և մյուսներն էին, ակամայից նշում էին, թե ինչպես են հաճախ մեր ժողովրդի բնական զգացմունքները շահագործվել ի վնաս մեր ժողովրդի: Այդ մտորումների արդյունքն էլ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի քաղաքական պրագմատիզմը:

Վերադառնալով իմ վարչապետ եղած ժամանակին, ասեմ, որ երբ սկսվեց պայքար իմ և Լ.Տեր-Պետրոսյանի միջև, սկսվեցին հակասություններ ՀՀՇ-ի ներսում: Ես պարզ տեսնում էի, որ Հայաստանում կային նաև օտար ուժեր, որոնք յուղ էին լցնում այդ հակասությունների վրա` փորձելով Հայաստանում ունենալ իրենց համար հարմար իրավիճակ, հարմար իշխանություններ:

Արտաքին ուժեր

Իհարկե, ԽՍՀՄ փլուզման հիմքում ընկած էին օբյեկտիվ դրդապատճառներ, որոնց մասինհրապարակվել են բավականին լուրջ հետազոտություններ, հոդվածներ: Հնարավոր էին այդ փլուզման տարբեր ճանապարհներ, ես չեմ կարծում, որ իրականացվեց լավագույնը, նույնիսկ կարելի է ասել, որ ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այդ ժամանա-կաշրջանում իրականացնում էր բավականին անմիտ քաղաքականություն: Ես չեմ բացառում իհարկե, և նույնիսկ համոզված եմ, որ Արևմտյան պետությունները, ձգտում ունենալով ազատվել այն վտանգից, որ ներկայացնում էր ԽՍՀՄ-ը իրենց և ամբողջ աշխարհի համար, հատուկ ծառայությունների միջոցով փորձում էին միջամտել այդ պրոցեսին: Բայց պետք է խոստովանել, որ բուն պրոցեսը օբյեկտիվ էր, միջամտությունները իհարկե կարող էին նշանակություն ունենալ, բայց փոխել իրավիճակը դրանք չէին կարող:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան շարժմանը, ապա այն ուներ իրական ազգային արմատներ, կրում էր համաժողովրդական բնույթ՝ հետագայում ներգրավելով իր մեջ մեր ժողովրդին հուզող բոլոր հարցերը: Իհարկե կային պահեր, որոնք մնացին մութ և անբացատրելի նաև ինձ համար, չնայած ես գրեթե միշտ գտնվում էի «խոհանոցում»: Բայց մեծ հաշվով եթե խոսենք, ապա ոչ թե մեզ օգտագործեցին, այլ մենք, հասկանալով՝ ինչ է տեղի ունենում, աշխատեցինք օգտվել առիթից, ընթացող համաշխարհային հոսանքի մեջ տեղադրել մեր ազգային հարցերի այն մասը, որը համահնչյուն էր այդ պրոցեսին և դրա շնորհիվ կարող էին լուծվել: Այժմ արդեն մեր երկրի ներսում լուծվելիք հարցերը մեր ժողովրդի գործն են, և եթե չկարողանանք լուծել, ուրեմն մենք արժանի չենք այն հնարավորություններին, որոնք տվեց ճակատագիրը:

Վ. Մանուկյան

«Այժմ», 1996, 31 հուլիսի-6 օգոստոսի